Վրաստանյան իրադարձությունների համառոտ ժամանակագրություն

20 ր.   |  2021-12-24
Մաս 3․ ԽՍՀՄ փլուզման և Գամսախուրդիայի ժամանակաշրջան 

Մաս 1, Մաս 2

1985 ապրիլ 23 — Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Գլխավոր Քարտուղար Մ. Գորբաչովը հայտարարեց ԽՍՀՄ-ում համակարգի արագացված բարեփոխումների անհրաժեշտության մասին։

Ռ եֆորմների շրջանակում միաժամանակ սկսվեցին քաղաքական-հասարակական կյանքի, իսկ հետո տնտեսական համակարգի ազատականացումը։ Հասարակական-քաղաքական կյանքի ազատականացումը հանգեցրեց խորհրդային հասարակությունում առկա բոլոր թաքնված հակասությունների, այդ թվում՝ ազգամիջյան հարաբերություններում, բացահայտ դրսևորմանը և շատ արագ սրմանը։ 

Հասարակական-քաղաքական հարաբերությունների սրման քողի տակ քաղաքական և տնտեսական վերնախավում սկսվեցին ԽՍՀՄ ազգային հարստության սեփականաշնորհման լատենտ նախապատրաստական աշխատանքները և ստվերային կապիտալների կենտրոնացումը։

Վրաստանում սկսվեց պետական անկախության վերականգնման նպատակով հասարակական-քաղաքական միավորումների ձևավորումը։ Միաժամանակ, Վրաստանի ազգային ինքնավարություններում նորից դրսևորվեցին Վրաստանից անկախանալու ազգային շարժումները։ 

Վրաստանում դա արտահայտվեց նախ և առաջ վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտություններում, ինչպես նաև Աջարիայում և Մեծ Կովկասի հարավային լանջերին բնակվող վրաց էթնոմշակութային լեռնական հատվածներում։ Լարվեցին նաև ազգամիջյան հարաբերությունները Վրաստանի հայաբնակ և ադրբեջանաբնակ տարածքներում։

1989 — Ջ. Իոսելիանին հիմնադրվեց ռազմականացված ազգայնական «Մխեդրիոնի» կազմակերպությունը։ 

Մխեդրիոնիի անդամներն իրենց համարում էին միջնադարյան Վրաստանի զինյալ ջոկատների ժառանգորդներ, ովքեր պայքարում էին թուրքական և պարսկական օկուպացիայի դեմ։ Այդուհանդերձ, Վրաստանի հասարակությունում գերիշխող էր այն կարծիքը, որ նրանց շարքերում կան մարդիկ, ովքեր զբաղվում են կողոպուտով, շորթումներով, մարդկանց առևանգումներով, թմրամիջոցների առևտրով։ Մխեդրիոնիի ջոկատները տեղաբաշխված էին Վրաստանի տարբեր հատվածներում։

Հետագայում, Վրաստանում ռազմական հեղաշրջման ընթացքում և դրանից հետո Մխեդրիոնիի զինյալները պարբերաբար ուղարկվում էր Արևմտյան Վրաստան՝ ճնշելու համար Զ. Գամսախուրդիայի  կողմնակիցներին՝ զուգահեռաբար թալանելով տեղի բնակչությանը։ Այն հանգուցային նշանակություն է ունեցել Գամսախուրդիայի պաշտոնանկության և Շևարդնաձեի իշխանության գալու հարցում։ Ակտիվորեն մասնակցել է վրաց-աբխազական պատերազմին։ 

1988 օգոստոս 30 — Գիա Չանտուրիան հիմնադրեց Վրաստանի ազգային դեմոկրատական կուսակցությունը։

1988 նոյեմբերի 1 — Վրաստանի ազգային դեմոկրատական կուսակցությունն իր հիմնադիր համագումարում հայտարարեց իր նպատակը՝ Վրաստանի անկախության վերականգնումը։

Կուսակցության քաղաքական պայքարի մեթոդներ հռչակվեցին՝ ազգային անհնազանդության քարոզը և իրականացումը։ Կուսակցության հիմնական սկզբունքների շարքում էր՝ ոչ մի փոխզիջում իշխանությունների հետ։ ՊԱԿ-ի բնութագրմամբ Գ․ Չանտուրիան Վրաստանում բոլոր հակահասարակական իրադարձությունների ակտիվ նախաձեռնողներից և իրականացնողներից էր։ 

1988 նոյեմբեր 12 — Թբիլիսիի ձիարշավարանում տեղի ունեցավ 30,000-ոց հանրահավաք, որը պահանջում էր չեղարկել հանրահավաքների մասին ԽՍՀՄ օրենքը, թույլ տալ, որպեսզի վրացի զինակոչիկները ծառայեն Վրաստանում և կազմավորել Վրացական բանակը։

1989 մարտ — Իրակլի Ծերեթելին հիմնադրեց Վրաստանի ազգային անկախության կուսակցությունը։

Նա Գ. Չանտուրիայի համախոհն էր, սակայն նրանք գժտվեցին և Չանտուրիան հիմնադրեց իր կուսակցությունը։ 

Կուսակցության նպատակներն էին՝ Վրաստանում Խորհրդային կարգերի տապալումը, Վրաստանի ելքը ԽՍՀՄ կազմից, Կոմունիստական կուսակցության լուծարումը, Վրաստանում ՄԱԿ-ի զորքերի տեղակայումը, Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին, Անկախ Վրաստանի կառավարության կազմավորումը։ 

1989 մարտի 18 — Աբխազիայի Լիխնի գյուղում, որը նախկինում եղել է Աբխազիայի իշխանանիստ ավանը, տեղի ունեցած 30,000-անոց հանրահավաքն առաջարկեց դուրս բերել Աբխազիան Վրաստանի կազմից և վերականգնել նրա միութենական հանրապետության կարգավիճակը: Այդ կարգավիճակը Աբխազիան ստացել էր 1921 թ. մարտի 28-ին՝ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի, Վրաստանի և Աբխազիայի ներկայացուցիչների Բաթումում կայացած խորհրդակցությունում և հռչակվել էր մարտի 31-ին։ Մարտի 18-ի ուղերձը ստորագրեց Աբխազիայի համարյա ամբողջ չափահաս աբխազ բնակչությունը և ուղարկվեց ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտե։ Ի պատասխան՝ Վրաստանում սկսվեցին զանգվածային հանրահավաքներ։ 

1989 մարտի 28-ին Գագրայում (Աբխազիա) տեղի ունեցան ազգամիջյան ընդհարումներ։ 

1989 ապրիլի 4 — Թբիլիսիում հանրահավաք սկսվեց Աբխազիայի, Աջարիայի և Հարավային Օսիայի ինքնավարությունների վերացման պահանջով։

1989 ապրիլի 9 — Վրաստանի իշխանությունների խնդրանքով, ԽՍՀՄ ղեկավարությունը համաձայնեց, որպեսզի Վրաստանի Ներքին գործերի նախարարության և Խորհրդային բանակի համատեղ ուժերով այդ հանրահավաքը ցրվի։ Գործողության ընթացքում զոհվեց 19 և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան հարյուրից ավելի քաղաքացիական անձինք, միլիցիոներնոր և զինվորականներ։ Հանրահավաքի կազմակերպիչների շարքում էր նաև Գամսախուրդիան։

Քաղաքագետ Ս. Մարկեդոնովի խոսքերով. «Այսօր քչերն են հիշում, որ 1989 թ․ ապրիլի 9-ի հանրահավաքի իրական պատճառը ոչ թե ժողովրդավարության հանդեպ Վրաստանի հասարակության զանգվածային սերն էր, այլ աբխազների Լիխնի համաժողովը»։

1989 հուլիսի 15-16 — Սուխումում Թբիլիսիի պետական համալսարանի մասնաճյուղի բացման առիթով տեղի ունեցան վրաց-աբխազական բախումներ. զոհվեց 16 և վիրավորվեց 448 անձ։ Վրաստանի ղեկավարությունը կարողացավ հարթել միջադեպը՝ առանց լուրջ հետևանքների։

1989 օգոստոս — Վրաստանի Գերագույն Խորհուրդը վրացերենը հայտարարեց երկրի պաշտոնական լեզու։ Օսական «Ժողովրդի ձայն» հասարակական կազմակերպությունը բողոքի նամակ հղեց ԽՍՀՄ նախարարների խորհրդին, Գերագույն Խորհրդին, ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտեին՝ խնդրելով միավորել Հարավային և Հյուսիսային Օսիան։

1989 նոյեմբեր 10 — Հարավային Օսիայի ինքնավար մարզի Մարզային խորհուրդը որոշում ընդունեց Հարավային Օսիան վերածել ինքնավար հանրապետության Վրաստանի կազմում։

1989 նոյեմբեր 16 — Վրաստանի Գերագույն Խորհրդի նախագահությունը Հարավային Օսիայի այդ որոշումը որակեց անօրինական։

1989 նոյեմբեր 23 — Արշավ Ցխինվալի վրա: Զ. Գամսախուրդիան և Վրաստանի Կոմունիստական կուսակցության 1-ին քարտուղար Գիվի Գումբաձեն Վրաստանի տարբեր շրջաններից մի քանի հազար մարդ փորձեցին ավտոբուսներով տեղափոխել Ցխինվալ՝ հանրահավաք կազմակերպելու համար։ Քաղաքի մատույցներում օսերը արգելափակեցին շարասյան մուտքը քաղաք։ Տեղի ունեցավ երկօրյա զինված բախում, որտեղ սպանվեց 6, վիրավորվեց 27, հոսպիտալացվեց 140 մարդ։

Գամսախուրդիան այդ մասին գրել է. «Այո, այդ արշավը ես եմ կազմակերպել։ Մենք ցանկանում էինք հպատակեցնել օսերին։ Օսերը վախեցան և դա միանգամայն տրամաբանական է, քանի որ նրանք հանցագործներ են... Օսերն անկիրթ են ու վայրենի։ Խելացի մարդը հեշտությամբ կարող է նրանց կառավարել»։  

Ցխինվալ հասնելուց մեկ օր առաջ Էրեդվիի հանրահավաքում Գամսախուրդիան հայտարարեց. «Շուտով ես՝ իմ 10,000 բազեների հետ կլինեմ Ցխինվալում և կտեսնենք, թե ինչպես նրանց կընդունի Ցխինվալի հասարակայնությունը։ Մենք նրանց վիզը կոլորենք, օսերի նման հակառակորդներին հպատակեցնելը դժվար չի։ Վրաստանի կեսը մեզ հետ կլինի, կտեսնենք՝ ով կհաղթի, ում արյունն ավելի կհոսի»։  

Ըստ քաղաքագետ Մարկեդոնովի Վրաց-Հարավ օսական պատերազմը հրահրել է Ցխինվալի վրա արշավը։  

1990 մարտ 9 — Վրաստանի ԳԽ-ն չեղյալ հայտարարեց 1922 թ.-ի Միութենական պայմանագիրը և 1921 թ.-ին Վրաստանի խորհրդայնացումից հետո ընդունված բոլոր իրավական ակտերը։ Ի պատասխան Հարավային Օսիայում ընդունվեց օրենք, որ իր տարածքում գործում են ԽՍՀՄ սահմանադրությունը և օրենքները։ 

1990 մայիս 11-13-ին հիմնադրվեց «Կլոր սեղան – Ազատ Վրաստան» միությունը։ Միության առաջնորդներից էր Գամսախուրդիան, իսկ անդամները՝ «Վրաստանի հելսինկյան միություն», «Սուրբ Եղիայի ընկերություն», «Մերաբ Կոստավա վրացական ընկերություն», «Վրաստանի տրադիցիոնալիստների միություն», «Վրացական ազգային ճակատ – Արմատական միություն», «Վրաստանի ազգային-լիբերալ միություն», «Վրաստանի ազգային-քրիստոնեական կուսակցություն»։

1990 օգոստոս 25 — Աբխազիայի Գերագույն Խորհուրդը հայտարարեց Աբխազիայի անկախությունը, որը հիմնված էր 1990 թ. ապրիլի 3-ին ԽՍՀՄ ԳԽ ընդունած «Խորհրդային հանրապետության ԽՍՀՄ կազմից դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի» դրույթներին, որը միաժամանակ պարունակում էր նաև ինքնավարությունների ինքնորոշման իրավունք։ Այդ որոշումը թշնամացրեց Աբխազիայի Գերագույն Խորհրդի աբխազ և վրացի պատգամավորներին։

1990 սեպտեմբեր 20 — Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի Գերագույն Խորհուրդը հռչակեց Հարավ Օսական Խորհրդային Հանրապետությունը  (նոյեմբերի 28-ից՝ Հարավ-Օսական Խորհրդային Հանրապետություն) և դիմեց ԽՍՀՄ Կառավարությանը այն ճանաչելու խնդրանքով։

1990 հոկտեմբեր 28 — Վրաստանի Գերագույն Խորհրդի ընտրություններում «Կլոր սեղան – Ազատ Վրաստան» միությունը պառլամենտում դարձավ մեծամասնություն՝ ստանալով ձայների 54.0%-ը։ Վրաստանի կոմունիստական կուսակցությունը ստացավ՝ 29.6%: Ընտրությունների մասնակցությունը՝ 69.9%:

1990 նոյեմբեր 14 — Գամսախուրդիան ընտրվեց Վրաստանի Գերագույն Խորհրդի նախագահ և մնաց այդ պաշտոնում մինչև՝ 1991 ապրիլ 14-ը։ 

Ն ույն օրը Վրաստանի Գերագույն Խորհուրդը հայտարարեց Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության վերականգման անցումային շրջանի սկիզբը և, դրա հետ կապված, Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանեց Վրաստանի Հանրապետություն։

Հոկտեմբերի վերջից Գամսախուրդիան սկսեց ընդդիմադիրների, այդ թվում՝ իր նախկին համախոհների հետապնդումն ու ձերբակալությունները, լրատվամիջոցների փակումը, լրագրողների հետապնդումն ու ահաբեկումը։ Առավել հաճախ կիրառվող մեղադրանքն այն էր, իբր նրանք «ծառայում են Մոսկվային»։ 

Գամսախուրդիայից սկսեցին հեռանալ նրա նախկին դաշնակիցները և կառավարության անդամները։ Մասնավորապես՝ վարչապետ Սիգուան Գամսախուրդիային անվանեց «տոտալիտար դեմագոգ»։

1990 նոյեմբեր — Հարավային Օսիայի Գերագույն Խորհրդի արտակարգ համագումարը հայտարարեց, որ Հարավային Օսիան պետք է դառնա ԽՍՀՄ Միութենական պայմանագրի ինքնուրույն սուբյեկտ։

1990 դեկտեմբեր 7 — Ցխինվալ է մտնում ԽՍՀՄ ներքին զորքերի Թբիլիսյան կայազորի գունդը։

1990 դեկտեմբեր 9 — Ի պատասխան դեկտեմբերի 9-ին Հարավային Օսիայում Գերագույն Խորհրդի ընտրությունների, Վրաստանի ԳԽ-ն որոշում է ընդունում «Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի լուծարման մասին»։ Ցխինվալում հուզումներ են սկսվում։ 

1990 դեկտեմբեր 11 — Ցխինվալում օսերի և վրացիների միջև ընդհարումներում երեք մարդ է սպանվում։ Վրաստանը օսերի կոմպակտ բնակության վայրերում հայտարարում է ռազմական դրություն։ 

1990 դեկտեմբերի 20 — Վրաստանում կազմավորվում է Ազգային Գվարդիա (Վրաստանը գտնվելով ԽՍՀՄ կազմում իրավունք չուներ ունենալ ազգային բանակ)։ Հրամանատար է նշանակվում Թենգիզ Կիտովանին (տես՝ նախորդ հոդվածը)։ Նրա գլխավորությամբ Ազգային Գվարդիան 1991 թ. փետրվար – հունիս ամիսներին մասնակցում է Հարավային Օսիայի դեմ մարտական գործողություններին։ 

1991 հունվար 5-ի լույս 6-ի գիշերը (Վրաց-օսական պատերազմի սկիզբը, որը տևեց մինչև 1992 հունիսի 24-ը) Գամսախուրդիան Ցխինվալ է ուղարկում Ազգային Գվարդիան և միլիցիան։ ԽՍՀՄ Ներքին զորքերի գունդը տեղափոխվում է իր կայանման վայր և  չի միջամտում իրադարձություններին։ Մինչև հունվարի 25-ը Ցխինվալում տեղի են ունենում փոխհրաձգություններ։ 

1991 հունվար 7 — Գորբաչովը հրամանագրով դատապարտեց Հարավային Օսիայի անկախության հռչակագիրը և Վրաստանի գործողությունները։ Վրաստանն այդ հրամանագիրը համարեց կոպիտ միջամտություն իր ներքին գործերին։ 

1991 հունվար 19 — Հարավային Օսիայում անկախության և Ռուսաստանին միավորվելու հանրաքվեում այդ հարցերին կողմ քվեարկեց օս բնակչության 98%-ը։ Օսիայի վրացիները հանրաքվեն բոյկոտեցին։

1991 հունվարի 25 — սկսվում է Ցխինվալի բլոկադան։ Վրաստանը շրջափակում է Հարավային Օսիան, այդ թվում տրանսկովկասյան մայրուղին, որով պարենամթերք էր մատակարարվում Հարավային Օսիային, ինչպես նաև անջատում է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ձմեռային ցրտից Օսիայում երեխաներ և ծերեր են մահանում։

1991 փետրվար 18 — Գամսախուրդիայի խնդրանքով ԽՍՀՄ հատուկ ջոկատայինները օգնեցին նրան զինաթափելու Մխեդրիոնիի ռազմակայանը։

1991 փետրվար 19 — Գորբաչովը հրամանագիր ստորագրեց անօրինական ռազմական կառույցների լուծարման մասին։ Օգտվելով առիթից՝ Գամսախուրդիան խնդրեց Ելիցինին ՌԴ հատուկ ջոկատայինների օգնությամբ լուծարել Մխեդրիոնին։ Անօրինական կերպով ատրճանակ պահելու պատրվակով ձերբակալվեց Ջ. Իոսելիանին։ Նա մոտ մեկ տարով դուրս մնաց քաղաքական պայքարից։

1991 մարտ 17 — Հարավային Օսիայում անցկացվեց ԽՍՀՄ պահպանման վերաբերյալ հանրաքվեն (Վրաստանում հանրաքվեն չանցկացվեց), որին կողմ քվեարկեց բնակչության 70%-ը: Դրա հիման վրա, երբ ապրիլի 9-ին Վրաստանը հռչակեց իր պետական անկախությունը, ապա ԽՍՀՄ «Խորհրդային հանրապետության ԽՍՀՄ կազմից դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգը» օրենքի հիման վրա՝ Օսիան շարունակեց մնալ ԽՍՀՄ կազմում։

1991 մարտ 31 — Վրաստանի անկախության հանրաքվե, կողմ է քվեարկել՝ 98.9%: Մասնակցությունը՝ 90.5%։

1991 ապրիլ 9 — ընդունվեց Վրաստանի անկախության հռչակագիրը՝ մարտի 31-ի հանրաքվեի հիման վրա:

Իրադարձությունը համապատասխանեցվել է խորհրդանիշ հանդիսացող ամսաթվին։

Սակայն մինչև 1991 դեկտեմբերի 26-ը Վրաստանը և ԽՍՀՄ մյուս իրենց անկախությունը հռչակած հանրապետությունները, բացառությամբ մերձբալթյան հանրապետությունների, միջազգայնորեն ճանաչված չեն եղել և ձևականորեն համարվել են ԽՍՀՄ մաս։

1991 ապրիլ 14 — Վրաստանի Գերագույն Խորհրդի արտակարգ նիստում Գամսախուրդիան ընտրվեց Վրաստանի նախագահ։

1991 ապրիլ — Վրաստանը սկսում է պարբերական ռազմական գործողություններ Օսիայի դեմ։ Սկսվում է օսերի զանգվածային արտագաղթը Ռուսաստան։ Վրացական զինված ուժերը գնդակոծում էին օսական բնակավայրերը և հարձակումներ էին կազմակերպում արտագաղթողների վրա։ Օսերը բռնաճնշումների են ենթարկվում նաև բուն Վրաստանում։ 

1991 ապրիլի 29 — Վրաստանի Ռաչա նահանգում տեղի ունեցավ 7.2 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ։ Զոհվեց 270 մարդ, տուժեց 700 գյուղ և ավան, ավերվեց 46,000 բնակարան, բնակարանից զրկվեց 100,000 մարդ։ Վրաց-օսական կոնֆլիկտը խանգարում էր փրկարարական աշխատանքներին՝ սաստկացնելով ազգամիջյան թշնամանքը։ 

1991 մայիս 4 — Հարավային Օսիայի բոլոր մակարդակների ժողովրդական պատգամավորների ժողովը չեղարկեց ինքնահռչակ Հարավային Օսիայի Հանրապետությունը և հայտարարեց Ինքնավար մարզի կարգավիճակին վերադառնալու մասին։

1991 մայիս 26 — Վրաստանում համընդհանուր ընտրությունների արդյունքում Գամսախուրդիան ընտրվեց Վրաստանի նախագահ ստանալով ձայների 87.6%: Մասնակցությունը՝ 82.9%: Ընտրությունները տեղի են ունեցել 1918 թ. Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության հռչակման օրը։ Գամսախուրդիան նախագահի պաշտոնը զբաղեցրեց 1992 հունվար 6-ը։

1991 հուլիս 10 — Գամսախուրդիան Մոսկվայում մասնակցեց Ելցինի երդմնակալությանը։   

1991 օգոստոսի 18-21 — Պետական հեղաշրջման փորձը ՌԴ-ում (Արտակարգ դրության պետական կոմիտե, ГКЧП)։ Գամսախուրդիան իրեն հայտարարեց ГКЧП-ի կողմնակից: Օգոստոսի 23-ին նա լուծարեց Վրաստանի Ազգային Գվարդիան՝ զինյալներին ընդգրկելով ՆԳ Ն կազմում։ Ազգային Գվարդիան չենթարկվեց այդ որոշմանը։ 

ГКЧП-ի պարտությունից հետո Գամսախուրդիան փորձեց արդարացնել իր վարքը և հայտարարեց, որ սատարել է ГКЧП-ի հեղաշրջման փորձը՝ կանխելու համար Մոսկվայի ուժային գործողությունները Վրաստանի դեմ։ Այդ առիթով Գամսախուրդիան արգելեց Վրաստանի Կոմունիստական Կուսակցությունը՝ չնայած կուսակցության 60 անդամ Վրաստանի Պառլամենտի պատգամավոր էին։ 

Ա զգային Գվարդիայի ղեկավարները և ընդդիմադիրները Գամսախուրդիային չներեցին նրա աջակցությունը ԱԴԿՊ-ին։ Սկսվեց Գամսախուրդիայի և ընդդիմության կոշտ հակասությունը, որի պատճառով Ազգային Գվարդիան բաժանվեց երկու մասի՝ Գամսախուրդիայի կողմնակիցների և Կիտովանիի առաջնորդությամբ՝ հակառակորդների։ Կիտովանին իր 15,000 զինվորներով դուրս եկավ Թբիլիսիից և ամրացավ քաղաքից 40 կմ հեռավորության վրա՝ Ռկոնի կիրճում։

Հետագայում Ազգային Գվարդիայի ընդդիմադիր հատվածը 1991 թ. դեկտեմբերի 22-ին միացավ Վրաստանում պետական հեղաշրջմանը։

1991 օգոստոսի 19 — Գամսախուրդիան գլխավորեց Արտաքին գործերի և Արդարադատության նախարարությունները, քանի որ դրանց նախարարները հրաժարական տվեցին Գամսախուրդիայի կառավարման ինքնիշխանական ոճի պատճառով։ 

1991 սեպտեմբերի 1 — Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի Խորհուրդը չեղարկեց մայիսի 4-ի որոշումը՝ որպես իրավաբանական ուժ չունեցող, և վերականգնեց Հարավային Օսիայի Հանրապետությունը։ 

1991 սեպտեմբեր 2 — Սկսվեցին ընդդիմության (27 կուսակցություններ) հանրահավաքները Գամսախուրդիայի պաշտոնանկության պահանջով։ Դրանք ուղեկցվում էին զինված ընդհարումներով, վիրավորներով և զոհերով։ 

1991 սեպտեմբերի 11 — Ընդդիմադիր 27 կուսակցություն պահանջեց Գամսախուրդիայի պաշտոնանկությունը։ Ի պատասխան՝ Գամսախուրդիան սպառնաց ցրել խորհրդարանը և բարիկադավորել Ռուսթավելի պողոտան։ Սկսվում են ընդդիմության ղեկավարների նոր ձերբակալություններ։ 

1991 սեպտեմբեր 22 — Գիշերը Գամսախուրդիայի մոտ 5,000 կողմնակիցներ ներխուժում են Վրաստանի Ազգային Դեմոկրատական Կուսակցության շտաբ։ Տեղի է ունենում նրանց ընդհարումը ԱԴԿ մոտ 800 անդամների հետ։ 

Այդ օրը կառավարության (Գամսախուրդիայի) ուժերը ընդդիմադիրներին դուրս մղեցին Ռուսթավելիի պողոտայից։ Մեգրելները սկսեցին զենք պահանջել՝ Գամսախուրդիային սատարելու համար (Գամսախուրդիան մեգրել էր)։ Դա մեգրելական աշխարհազորայինների կազմավորման սկիզբն էր, որոնց դեմ հետագա մի քանի տարիներին ստիպված էր պայքարել Շևարդնաձեն։

1991 սեպտեմբեր 24 — Գամսախուրդիան արտակարգ իրավիճակ է հայտարարում։ Կիտովանին խոստանում է իր զինյալներով աջակցել ընդդիմությանը։ Գամսախուրդիան շարունակում է բանտարկել ընդդիմադիրների առաջնորդներին։ 

Գամսախուրդիան բարիկադավորվում է խորհրդարանի նկուղային հարկում։

Թբիլիսին տարածականորեն բաժանվում է Գամսախուրդիայի կողմնակիցների, հակառակորդների և «չեզոքների» (հիմնականում մտավորականներով բնակեցված) միջև։ Թբիլիսիի մի հատվածը գրավում են Մխեդրիոնիի զինյալները։ 

Կիտովանին իր զինյալների մի մասի հետ վերադառնում է Թբիլիսի։ Գամսախուրդիայի աշխատակազմը գյուղական բնակավայրերից Թբիլիսի է տեղափոխում Գամսախուրդիայի մի քանի հազար կողմնակիցների։

1991 սեպտեմբեր 25 — Ազգային Անկախություն Կուսակցության առաջնորդ Իրակլի Ծերեթելին հայտարարում է Վրաստանում քաղաքացիական պատերազմի սկիզբը։ Նրա անհաշտ կոչն էր. «Կամ՝ մենք կզոհվենք, կամ՝ Գամսախուրդիան»։

1991 սեպտեմբեր 26 — Գամսախուրդիայի կողմնակիցները կարողանում են Թբիլիսիից հեռացնել Կիտովանիի զինյալներին։

1991 հոկտեմբեր 4 — Թբիլիսիում սկսվում ռազմական ընդհարումներ։

1991 հոկտեմբեր — Կիտովանին ժամանակ առ ժամանակ մեկնում է Մոսկվա՝ ենթադրաբար Շևարդնաձեի հետ խորհրդակցությունների։ Ենթադրվում է, որ վրացական քաոսի գլխավոր պատվիրատուն եղել է Շևարդնաձեն, ով Կիտովանիի զինյալներին օգնում էր փողով և զենքով։

1991 նոյեմբերի 1 — Չեչնիան անկախություն հռչակեց և դարձավ Գամսախուրդիայի դաշնակիցը, քանի որ չեչեններին միջանցք էր հարկավոր դեպի Թուրքիա։ 

1991 նոյեմբերի 2 — Հռչակվեց Կովկասյան Լեռնային Ժողովուրդների Կոնֆեդերացիան, որը հետագայում մասնակցեց վրաց-աբխազական պատերազմին։ 

1991 նոյեմբեր 5 — Օգտվելով հարաբերական անդորրից, Գամսախուրդիան արգելում է բոլոր քաղաքական կուսակցությունները։

1991 դեկտեմբեր 19 — Կիտովանին վերջնագիր է ներկայացնում Գամսախուրդիային՝ պահանջելով նրա հրաժարականը։ Գամսախուրդիան վերջնագիրը մերժում է։ 

1991 դեկտեմբեր 20 — Թբիլիսիում Կառավարության տան մոտ հավաքվեց ընդդիմության հանրահավաք, որին մասնակցում էր մոտ 20,000 մարդ։ 

1991 դեկտեմբերի 20 — Կիտովանին վերադառնում է Թբիլիսի և իր զորքերը միավորում Մխեդրիոնիի և «Մերաբ Կոստավայի Ընկերության» զինյալների հետ։ Կիտովանին հայտարարում է. «Մեր արածը ոչ թե ռազմական հեղաշրջում է, այլ դիկտատուրայի տապալում՝ ժողովրդավարության հաստատման համար»։

«Մերաբ Կոստավայի ընկերությունը», որ 1990 թ.-ին կազմավորվել էր որպես քաղաքական շարժում, վերածվել էր ռազմականացված աշխարհազորի։ Այն դեկտեմբերի 20-ին միացավ Ազգային Գվարդիայի ապստամբած հատվածին։

1991 դեկտեմբեր 21 — Հարավային Օսիայի Հանրապետության ԳԽ-ն ընդունեց անկախության հռչակագիր։

1991 դեկտեմբեր 22 – 1992 հունվար 6 — Ռազմական հեղաշրջումը Վրաստանում՝ Ազգային գվարդիայի (ղեկավար՝ Թ. Կիտովանի) և «Մխեդրիոնիի» (ղեկավար Ջ. Իոսելիանի) մասնակցությամբ։ Երկու շաբաթ Թբիլիսիի կենտրոնում պատերազմ էր։ Դեկտեմբերի 28-ին ընդդիմությունը գրավեց նախկին ՊԱԿ-ի բաժանմունքը և ազատեց ընդդիմության մի քանի առաջնորդների, այդ թվում՝ Իոսելիանիին։ Նրանք այրեցին Վրաստանի Ազգային բանկի և ՆԳՆ շենքները, ոչնչացնելով Խորհրդային ժամանակաշրջանի պետական արխիվների 80%-ը՝ մոտ 210,000 փաստաթուղթ։ 

Արևմտյան Վրաստանը մնում էր հավատարիմ Զ. Գամսախուրդիային։ Հեղաշրջումից չորս օր անց ընդվզեց Մեգրելիայի և  Աբխազիայի մեգրել բնակչությունը, Սուխումին, Օչամչիրան, ընդվզումն անցավ Իմերեթիա՝ ցուցարարներին աջակցեցին Սամտրեդիայում, Ընդհարումներ տեղի ունեցան Քութայիսիում և Վանիում։ 

1992 հունվար 2 — Կազմավորվեց Ռազմական խորհուրդը, որը Վրաստանի կառավարման բարձրագույն մարմինն էր՝ 1992 թ. հունվարի 6-ից մինչև մարտի 10-ը։ Կիտովանին և Իոսելիանին իրենց հռչակեցին Ռազմական խորհրդի ղեկավարներ, Թենգիզ Սիգուային առաջադրեցին Վրաստանի վարչապետի պաշտոնում և լուծարեցին Վրաստանի խորհրդարանը։

Հունվարի 3-ին Գամսախուրդիայի կոչով մոտ 4,000 թբիլիսցի դուրս եկան ցույցի՝ ի պաշտպանություն Գամսախուրդիայի։ Իոսելիանիի «Մխեդրիոնիի» զինված խումբը նախ ռետինե, իսկ հետո մարտական փամփուշտներով գնդակոծեց ցուցարարներին։ Զոհվեց չորս անձ։ Իոսելիանին հայտարարեց, որ նոր ցույցերի դեպքում ցուցարարները նորից կգնդակոծվեն։

Հունվարի 4-ին վարչապետ Սիգուան նորից վերջնագիր է ներկայանում Գամսախուրդիային։ Գամսախուրդիան փոխզիջում է առաջարկում՝ գործադիր իշխանության լիազորությունների սահմանափակում, նախագահի պաշտոնի վերացման վերաբերյալ հանրաքվե, Հարավային Օսիայի ինքնավարության վերականգնում, 1940-ականներին Միջին Ասիա արտաքսված մեսխեթցի թուրքերի վերադարձ, քաղաքական ընդդիմության ազատ արձակում, մասնակցություն Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ)։ Ընդդիմությունը մերժում է առաջարկը։ 

Հունվարի 5-ին Սիգուան հայտարարում է, որ Գամսախուրդիային ուղղված իր ամենամեծ քննադատությունը նրա թշնամական դիրքորոշումն է Ռուսաստանի հանդեպ։ Նույն օրը Գամսախուրդիան հեռագիր է ստանում Հայաստանի նախագահից՝ նրան քաղաքական ապաստան տրամադրելու առաջարկով։

Հունվարի 6-ին Գամսախուրդիան և նրա կողմնակիցները լքեցին Կառավարության տան բունկերը։ Ընդդիմադիրները հայտարարեցին, որ Գամսախուրդիան պետական բյուջեից իր հետ տարել է 700 միլիոն ռուբլի։ 

Երեկոյան Իոսելիանին և Սիգուան հայտարարում են «դիկտատուրայի անկման» մասին։ Գամսախուրդիան անցնում է Ադրբեջան, հետո՝ Հայաստան, իսկ 1992 թ. փետրվարի 15-ին՝ Ջոխար Դուդաևի հրավերով և ուղարկած ինքնաթիռով Գրոզնի։ 

Ռազմական Խորհրդի տվյալներով հեղաշրջման ընթացքում զոհվել է մոտ 200 և վիրավորվել մոտ 900 անձ։ Ռազմական ընդհարումների հետևանքով ավերվել է Թբիլիսիի կենտրոնի մոտ 80%-ը։


Նկար 3. Թբիլիսիի կենտրոնը Ռազմական Հեղաշրջումից հետո (Алексей Мухранов. Эпоха Шеварднадзе. http://travelgeorgia.ru/184/ )

1991 դեկտեմբեր 22 - 1993 դեկտեմբերի 31 —1991 թ. դեկտեմբերի 22 – 1992 թ. հունվարի 6-ի ռազմական հեղաշրջումը Վրաստանում քաղաքացիական պատերազմի սկիզբն էր։

1991 հունվար 10 — Ռազմական խորհրդի դեմ ընդվզեցին Սամեգրելոյի և Աբխազիայի մեգրելները՝ Սուխումում և Օչամչիրում։ Ընդհարումներ տեղի ունեցան Քութայիսիում և Վանիում։ 

1991 հունվար 14 — Գամսախուրդիայի դեմ քրեական գործ է հարուցվում ազգամիջյան թշնամանքի, հատկապես խոշոր չափով պետական միջոցների հափշտակման, պաշտոնական դիրքի չարաշահման և պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացման մեղադրանքներով։

Վարչապետի պաշտոնակատար Թ․ Սիգուան հայտարարում է․ «Գամսախուրդիան չի կարող մասնակցել քաղաքական կյանքին, քանի որ նա պետական հանցագործ է, ինչպես նաև` հոգեկան հիվանդ, որի պատճառով նա չի կարող դատվել»։ Առկա են դրա 1950, 1956 և 1977 թթ․ բժշկական եզրակացություններ։ Այդ եզրակացությունները տված վեց բժիշկներից հինգը կենդանի են և պատրաստ են հաստատելու իրենց տված ախտորոշումը»։

1991 հունվար 17-30 — Ռազմական Խորհուրդը հարձակում սկսեց Գամսախուրդիայի կողմնակիցների վրա։ Մխեդրիոնին գրավեց Քութայիսին, հունվարի 18-ին՝ գրավվեցին Սամտրեդիան և Վանին, մարտեր սկսվեցին Մեգրելիայի սահմանին։ Գրավվեցին Աբաշան, Սենակին, հունվարի 27-ին՝ Փոթին, 30-ին՝ Զուգդիդը։ Դրանով զվիադականների ընդվզումը ճնշվեց։ 

1991 փետրվար 1 — Վրաստանում սկսեց էապես վատթարանալ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը՝ թանկացավ հացը, արգելվեցին հանրահավաքները, մի քանի անգամ Իոսելիանիի զինյալները կրակել են հանրահավաքների մասնակիցների վրա։ Խնդիրներ սկսեցին առաջանալ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումներում։

1991 փետրվար 4-8 — Զ. Գամսախուրդիայի կողմնակիցների դեմ պայքարի նպատակով Վրաստանի Ազգային գվարդիան՝ Կարկառաշվիլու գլխավորությամբ մտան Աբխազիա, փետրվարի 6-ին գրավեցին Սուխումը։ Կարկառաշվիլին Սուխումում մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ հարգում է Աբխազիայի սուվերենությունը։ Փետրվարի 8-ին Ռազմական խորհրդի զորքերը հասան աբխազ-ռուսական սահմանին։ Աբխազները դիմադրություն չցուցաբերեցին, քանի որ այդ ժամանակ վատ էին զինված։ 

1991 փետրվարի 15 — Աբխազիայի Գերագույն Խորհրդի և՛ աբխազ, և՛ վրացի պատգամավորների խնդրանքով վրացական զորքը դուրս բերվեց Աբխազիայից։

1991 մարտ 16 — ԽՍՀՄ Բանակը, վերակազմավորվեց ՌԴ բանակի։ Վրաստանում գտնվող խորհրդային զենք-զինամթերքի մի մասը տեղափոխվեց ՌԴ, մի մասը փոխանցվեց Անդրկովկասյան հանրապետությունների իշխանություններին, իսկ մի մասը թալանվեց։ 

Վրաստանում զենք «բաժին հասավ» նաև Աբխազիային և Հարավային Օսիային։ Միայն Աջարիայից դուրս բերվեց ամբողջ զինամթերքը, որի պատճառով վրաց-աջարական պատերազմ չսկսվեց՝ աջարները զենք համարյա չունեին։  

1992 փետրվար 21 — Վրաստանի Ռազմական Խորհուրդը հայտարարեց, որ «Գամսախուրդիայի Վրաստանը»՝ Խորհրդային Վրաստանի իրավահաջորդն էր, որ Ռազմական խորհուրդը տապալել է Գամսախուրդիայի իշխանությունը և Վրաստանը հայտարարում է 1921 թ․ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ և վերականգնում է դրա Սահմանադրությունը։ Այդ Սահմանադրությունում նախատեսված չէին ո՛չ Աբխազիայի, և ո՛չ Աջարիայի գոյությունը։ Դրանք պարզապես տարածքային կազմավորումներ էին, որոնց հետ ճշտված չեն եղել Վրաստանի սահմանները։ 

Հիմնական դրույթներ

Գ որբաչովյան վերակառուցումը, հատկապես՝ հասարակական-քաղաքական կյանքի ազատականացումը, որն անվանվեց ժողովրդավարացում, ԽՍՀՄ-ում հանգեցրեց ազգային հակասությունների սրմանը, այդ թվում՝ նաև Վրաստանում և ազգային ինքնավարություններում։

1988 թ․-ից հասարակության ժողովրդավարացումը սկսեց տալ իր առաջին արդյունքները՝ Վրաստանում կազմավորվեցին և սկսեցին ազատորեն գործել ազգայնական կուսակցություններ, որոնց նպատակներն էին՝ Վրացական բանակի կազմավորումը, Վրաստանի ելքը ԽՍՀՄ կազմից, կոմունիստական կուսակցության լուծարումը, ՄԱԿ-ի զորքերի տեղակայումը Վրաստանում, Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին։

Ազգայնական կուսակցությունների և հասարակական կազմավորումների առաջացումը և դրանց առաջնորդների հոգեկերտվածքի և աշխարհայացքի առանձնահատկությունները, կամա թե ակամա, արթնացրեցին և սրեցին վրացիների ու Վրաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների հետ պատմական և էթնիկ հակասությունները, որոնց հիմնական բովանդակությունն էր՝ ում է պատկանում այն տարածքը, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնությունները։

Միջէթնիկ հակամարտությունների սրումը տեղի էր ունենում նույն սցենարով ինչ ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, որտեղ կային միջէթնիկ հակամարտություններ։ Նախ, օգտվելով ԽՍՀՄ-ում ընդունված հանրահավաքների ազատության մասին օրենքից՝ պատմական փաստերի միակողմանի մեկնաբանությունների կիրառմամբ կատարվում էր հասարակության կարծիքում ազգային նպատակների ձևակերպում, թշնամու մատնանշում և նրա կերպարի ձևավորում։ Դրանից հետո սկսվում էր հանրապետությունների և նրանց կազմում գտնվող ինքնավարությունների միջև «օրենքների պայքար», որոնք զուգորդվում էին փոքր ընդհարումներով։ Տեղի էր ունենում «զոհերով սրբագործված» սիմվոլիկ իրադարձություն, որը վերածվում էր նոր ժամանակաշրջանի հաշվարկի սկզբնակետի։ ԽՍՀՄ կազմալուծմանը զուգընթաց Խորհրդային բանակի զենքի հանրապետական մասի ազգայնացման, զենքի առևտրի և հափշտակությունների միջոցով կազմավորվում էին լավ զինված ռազմական միավորներ։ Տեղի էր ունենում զինված կազմավորումների մասնակցությամբ միջէթնիկ ընդհարումների ընդլայնում՝ ընդհուպ մինչև լիարժեք պատերազմական գործողություններ, որոնք զուգորդվում էին խաղաղ բնակչության կոտորածներով և էթնիկ զտումներով։

Վրաստանում սիմվոլիկ ամսաթվեր դարձան մայիսի 26-ը՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության հռչակման օրը, որպես ազգային ինքնիշխանության խորհրդանիշ և ապրիլի 9-ը՝ որպես Վրաստանի նոր ժամանակների վերածնման և «ռուսական չարիքի» դեմ պայքարի խորհրդանիշ։ Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը հետագա տարիներին անընդհատ մրցակցել են միմյանց հետ այդ խորհրդանշական իրադարձությունների «ժառանգի» տիտղոսը յուրացնելու և լեգիտիմացնելու համար։ 

Թբիլիսիում 1989 թ. ապրիլի 9-ի հանրահավաքը և դրա հետ կապված բռնությունները հանգուցային են Վրաստանի հասարակական գիտակցության վրա ազդեցության տեսակետից։ Հավաքը՝ լինելով վրաց-աբխազական հարաբերությունների պրոցեսի տարր, վերածվեց վրաց – ռուսական հարաբերությունների սրման կիզակետի և Վրաստանի ողջ հետխորհրդային պատմության համար շրջադարձային կետի։ 

Ռուս-վրացական հարաբերությունների փոխակերպման տեսակետից կարևոր է այդ իրադարձության վերամեկնաբանումը, առավել ևս, որ հանրահավաքի ուժային հանգուցալուծմանը խորհրդային բանակի միջամտությունը տեղի է ունեցել Վրաստանի իշխանությունների խնդրանքով։

Վրաց-ռուսական հարաբերությունները պայմանավորող մեկ այլ գործոն է առաջին նախագահ Գամսախուրդիայի կերպարը, մասնավորապես նրա հետ կապված դրական և բացասական իրադարձությունների հանրագումարը։ Գամսախուրդիայի կերպարը և էթնիկ ծագումը (մեգրել) վերականգնեց ներվրացական քաղաքական հարաբերություններում ենթաէթնիկ գործոնի նշանակությունը։ 

Այդ գործոնը նշանակալի ազդեցություն գործեց քաղաքացիական պատերազմում կողմերի ուժերի կառուցվածքի վրա։ Գավառներն աջակցում էին Գամսախուրդիային, իսկ մայրաքաղաքը՝ հեղաշրջման կազմակերպիչներին։  

Հատկանշական է, որ վրացական քաղաքացիական պատերազմի երկու կողմերն էլ միմյանց մեղադրում էին Մոսկվայի հետ կապեր ունենալու մեջ, որը թշնամուն դիվականացնելու հիմնական ինֆորմացիոն-քարոզչական մեթոդն էր և այդպիսին է մնում մինչև օրս։ Եթե Գամսախուրդիան իր բունկերից բողոքում էր, որ Խորհրդային բանակի զորամիավորումները Վրաստանում «չեն պաշտպանում օրինականորեն ընտրված նախագահին, այլ նշանակալի օգնություն են ցուցաբերում ընդդիմադիր ավազակներին», ապա, Իոսելիանին մեղադրում էր Գամսախուրդիային, որ նրա երեք նախարարները՝ արտաքին գործերի նախարար Մուրման Օմանիձեն, ներքին գործերի նախարար Դիլար Խաբուլիանին և տեխնիկական ռեսուրսների նախարար Իգոր Չխեիձեն, ՊԱԿ-ի գործակալներ են։

Մյուս կողմից՝ Վրաստանի իշխանություններն ի դեմս Պաթիաշվիլիի, Գամսախուրդիայի, Շևարդնաձեի, իրենց հակառակորդների դեմ պայքարում պարբերաբար դիմել են ռուսական կողմին և ստացել են աջակցություն։ 

Գամսախուրդիայի և քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում արտահայտվեց վրացական քաղաքական մշակույթի ևս երկու առանձնահատկություն։ Առաջինը՝ դաշնակիցների և ընդդիմադիրների հետ որևէ երկարատև համաձայնության հասնելու անընդունակությունը։ Երկրորդը՝ որը հավանաբար բխում է առաջինից, երկրում առաջին դեմքի արագ սահքը դեմոկրատիայից դեպի ավտորիտար և տոտալիտար իշխանություն։ 

Գամսախուրդիայի իշխանության օրոք վրացական քաղաքական մշակույթում կազմավորվեց քաղաքական խնդիրները բռնությամբ լուծելու տարրը, որը սիստեմատիկ կերպով արտահայտվում ներվրացական քաղաքական պրոցեսներում։ Բռնություն են կիրառում և՛ իշխանությունները և՛ ընդդիմությունը։ Տարբերությունն այն է, որ եթե Գամսախուրդիայի ժամանակ կրակում էին մարտական փամփուշտներով, ապա հետագայում՝ ռետինե։
 


[1] Ջ․ Իոսելիանին օրենքով գող էր և բանասիրական գիտությունների դոկտոր։ Մանրամասն տես՝ նախորդ հոդվածը։

[2] Алексей Зверев, Этнические конфликты на Кавказе, 1988—1994 г., // Cпорные границы на Кавказе (Contested Borders in the Caucasus, by Bruno Coppieters (ed.), 1996, VUB University Press) 

Игорь Родионов: «При Ельцине страной управляли ис Америки», Патриот, 7 (51), сентябрь 2007, ст. 5, 

Подавление митинга в Тбилиси 9 апреля 1989 года. Справка, РИА Новости,   09:04 09.04.2009 (обновлено: 09:07 09.04.2009)

[3] «Крушил колом головы»: впервые опубликованы документы о страшных грузинских событиях, Московский Комсосмолец, 07.02.2018

[4] Маркедонов С. Земля и воля Звиада Гамсахурдиа, ПОЛИКОМ.RU, 04 апреля, 2007 

[5] Маркедонов С. Земля и воля Звиада Гамсахурдиа, ПОЛИКОМ.RU, 04 апреля, 2007 

[6] Маркедонов С. Земля и воля Звиада Гамсахурдиа, ПОЛИКОМ.RU, 04 апреля, 2007 

[7] Ըստ Մարկեդոնովի՝ Զ. Գամսախուրդիայի ծայրահեղ ազգայնական դիրքորոշումներն ու քաղաքականություն են եղել Վրաստանում ազգամիջյան կոնֆլիկտների եթե ոչ հիմքը, ապա հրահրման և բորբոքման կարևորագույն պատճառը։ Մեջբերենք Գամսախուրդիայի հանրային ելույթներից մի քանի հատված։

«Օսերն աղբ են, որը պետք է մաքրել և դուրս շպրտել Ռոկի թունելի միջով։ Մենք կանցնենք Օսիայով, իսկ օսերը կամ պետք է հնազանդվեն և վրացի դառնան, կամ, եթե այդքան սիրում են ռուսներին, թող Վրաստանից հեռանան Ռուսաստան»:

Հարկ է նշել, որ Գամսախուրդիայի ատելությունը տարածվում էր ոչ միայն օսերի վրա։ 1990 թ. ամռանը Կվարելի շրջան այցի ընթացքում (որտեղից 1990-ականների սկզբին արտաքսվել էին ավարները և այլ դաղստանյան էթնոսները), նա հայտարարել էր. «Կախեթիան միշտ եղել է Վրաստանի էթնիկ տեսակետից ամենամաքուր շրջանը, որտեղ միշտ վրացիները մեծամասնություն էին և իշխող։ Այսօր վիճակն այնպիսին է, որ պետք է մտածենք՝ ինչպե՞ս փրկենք Կախեթիան։ Այստեղ թաթարներն (ադրբեջանցիներն) են գլուխ բարձրացնում և հավակնություններ ներկայացնում, այնտեղ՝ լակերը (վրաց ազգայնականներն այդպես էին անվանում ավարներին), հայերը, նույնիսկ օսերը։ Ուր որ է՝ նրանք կուլ կտան Կախեթիան։» Маркедонов С. Земля и воля Звиада Гамсахурдиа 04 04 2007 http://politcom.ru/4379.html

[8] Гражданская война в Тбилиси։ Гамсахурдиа — чужой среди своих?, Журнал "Коммерсантъ Власть" №50 от 30.12.1991, 

[9] Алексей Мухранов․ Эпоха Гамсахурдия․ 

[10] Персоналии: Гамсахурдия Звиад Константинович, Интернет-СМИ "Кавказский узел" https://www.kavkaz-uzel.ru/persontext/person/id/1182545.html

[11] Алексей Мухранов. Эпоха Шеварднадзе. http://travelgeorgia.ru/184/

[12] Алексей Мухранов. Эпоха Шеварднадзе. http://travelgeorgia.ru/184/

[13] Кавказский Узел   

[14] Golyaev, Aleksey. President on Peaceful Solution, TASS (3 January 1992).

[15] Kochetkov, Albert. Leaders Deny Coup, TASS International (4 January 1992).

[16] Ինչպես նշել են Գ. Ալմոնդը և Ս. Վերբան դեռևս 1950-ականներին, այս երևույթը հատկանշական է նոր դեմոկրատիաներին, որոնց քաղաքական մշակույթի տարր է այն, որ հաղթողը ստանում, իսկ պարտվողը կորցնում է ամեն ինչ։ Алмонд Г., Верба С. Гражданская культура. Политические установки и демократия в пяти странах. - М.: Мысль, 2014. — 500 с. — ISBN 978-5-244-01171-5.