Վրաստանյան իրադարձությունների համառոտ ժամանակագրություն

7 ր.   |  2021-11-15
Մաս 2․ Վրաստանի խորհրդայնացումը և ընդգրկումը ԽՍՀՄ կազմում

(Մաս 1)

1917 մարտ 12, (հին տոմարով՝ փետրվարի 27) — Ռուսաստանում տեղի ունեցավ Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, որի արդյունքում գահընկեց արվեց Նիկոլայ II-ը։

1917 հունիս 6-9 — Ջավա ավանում Հարավային Օսիայի Ազգային Խորհուրդը ազգային հարցի վերաբերյալ կոչ արեց հարավային օսերին տրամադրել «ազատ ինքնորոշման իրավունք»։

1917 նոյեմբերի 7 (հին տոմարով՝ հոկտեմբերի 25) — Ռուսաստանում տեղի ունեցավ Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխությունը։

1918 մայիս 26 — Հռչակվեց Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությանը։

1920 մայիս 7 — Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան՝ Վրաստանի կազմում։

1920 մայիս 28 — Հարավային Օսիան Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտե ուղարկեց «Աշխատավորական Հարավային Օսիայի հուշագիրը»՝ Խորհրդային Ռուսաստանի կազմում ընդգրկվելու ցանկության մասին։

1920 հունիս 17 — վրացական զորքը ներխուժեց Հարավային Օսիա և վերացրեց բոլշևիկյան իշխանությունը։

1921 փետրվար 25 — Վրաստանում հաստատվեց Խորհրդային իշխանություն։

1921 մարտ 4 — Աբխազիայում հաստատվեց խորհրդային իշխանություն։

1921 մարտ 28 — Ռուսաստանի Կոմունիստական Կուսակցության Կովկասյան բյուրոյի, Վրաստանի և Աբխազիայի ներկայացուցիչների խորհրդակցությունում Աբխազիան ճանաչվեց որպես անկախ խորհրդային սոցիալիստական հանրապետություն։

1921 ապրիլ 20 — Վրաստանի կազմում կազմավորվեց Հարավ-Օսական ինքնավար մարզը։

1921 մայիս — Վրաստանի հեղկոմը հրապարակեց դեկրետ Աբխազիայի խորհրդային սոցիալիստական հանրապետության անկախության մասին։

1921 դեկտեմբեր 16 — Վրաստանի և Աբխազիայի ԽՍՀ-ների միջև միութենական պայմանագրով Աբխազիան ընդգրկվեց Վրացական ԽՍՀ կազմում։

1922 մարտ 12 — Վրաստանը՝ Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության կազմում ընդգրկվեց ԽՍՀՄ կազմում։

1922 ապրիլ 20 — կազմավորվեց Հարավային Օսիայի Ինքնավար մարզը։ Կազմավորվել է Համավրացական կենտրոնական գործադիր կոմիտեի դեկրետով՝ Ռուսաստանի Կոմունիստական (բոլշևիկյան) Կուսակցության Կենտկոմի Կովկասյան բյուրոյի 1921թ. հոկտեմբերի 31-ի որոշման հիման վրա։ Օսերի ինքնանվանումը՝ «իրոն», Օսիայի ինքնանվանումը՝ «Իրիստոն»:

1922թ. Աբխազիան Վրացական ԽՍՀ կազմում ընդգրկվեց Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության, իսկ հետո՝ ԽՍՀՄ կազմում։

1925 ապրիլ — ընդունվեց Աբխազիայի Սահմանադրությունը (Նեստոր Լակոբայի օրոք) համաձայն որի. «Աբխազիա ԽՍՀ-ն հատուկ պայմանագրով միավորվելով Վրաստանի հետ, նրա (Վրաստանի) միջոցով ընդգրկվում է Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության կազմում, և դրա կազմում ընդգրկվում է ԽՍՀՄ կազմի մեջ»։ Սահմանադրության 5-րդ հոդվածով. «Աբխազիա ԽՍՀ-ն սուվերեն պետություն է, իր տարածքում պետական իշխանությունն իրականացնում է ինքնուրույն և անկախ որևէ այլ իշխանությունից»։ Համաձայն այդ Սահմանադրության, Աբխազիան իրավունք ունի ազատորեն դուրս գալու ինչպես Անդրկովկասյան Ֆեդերացիայի, այնպես էլ՝ ԽՍՀՄ կազմից։[1]

1931 փետրվար 19Աբխազիան վերակազմավորվեց որպես ինքնավար հանրապետություն՝ Վրաստանի կազմում։ Եթե դրանից առաջ այն Վրաստանի հետ «հավասար» հանրապետություն էր, ապա 1931 թ.-ից հետո նրա կարգավիճակն իջավ։

1931 հոկտեմբեր 31 — Տնտեսական զարգացման պլանների շրջանակներում Աբխազիայում մասնագետների սուր կարիք էր զգացվում, որն առաջացրեց վրացիների մեծ միգրացիոն ներհոսք Աբխազիա, ինչը լարվածություն առաջացրեց Վրաստանի և Աբխազիայի ղեկավարությունների միջև։ Հանրակրթական դպրոցներում աբխազերենը փոխարինվեց վրացերենի պարտադիր ուսուցմամբ (աբխազերենի դասավանդումը վերականգնվեց 1950 թ.), ներդրվեց վրացական այբուբենը, որը 1954 թ. փոխարինվեց ռուսական այբուբենով։

1936 դեկտեմբեր 5 — Վրաստանի ԽՍՀ-ն հայտարարվեց ԽՍՀՄ կազմում ինքնուրույն միութենական հանրապետություն։

1956 մարտի 4-10 — Թբիլիսիում ճնշվեց Ստալինի հիշատակին նվիրված հանրահավաքը։ 1956 թ. փետրվարի 25-ին ԽՄԿԿ 20-րդ համագումարում Ստալինի անձի պաշտամունքի վերաբերյալ զեկույցը դժգոհություններ առաջացրեց Վրաստանում։[2] Մարտի 5-9-ը Թբիլիսիում հանրահավաքներ սկսվեցին. «Թույլ չենք տա Ստալինի քննադատությունը» կարգախոսով։ Մարտի 9-ին Թբիլիսի զորք մտցվեց։ Մարտի 10-ին, երբ ցուցարարները մոտեցան Թբիլիսիի կենտրոնական փոստատանը՝ ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին հեռագիր հղելու նպատակով, նրանց վրա կրակ բացվեց։ Տանկերով ցրեցին նաև Քուռ գետի ափին հավաքված բազմահազար ցուցարարներին։ Վրաստանի ՆԳՆ տվյալներով սպանվել է 15, վիրավորվել 54, ձերբակալվել 200 մարդ։ Ձերբակալվածների թվում կային նաև Կոմունիստական կուսակցության անդամներ և կոմերիտականներ։

Մեր հիմնական հետազոտական հարցի (տես՝ նախորդ հոդվածը) շրջանակում կարևոր է նշել, որ հանրահավաքի ձերբակալված մասնակիցների շարքում էր նաև 17-ամյա Զ. Գամսախուրդիան (1939-1992)։

1957 ապրիլ — հասարակական հուզումներ Աբխազիայում՝ այն Վրաստանի կազմից դուրս բերելու պահանջով։

1967 ապրիլ — հասարակական հուզումներ Աբխազիայում՝ այն Վրաստանի կազմից դուրս բերելու պահանջով։

1975 օգոստոս 1 — Հելսինկիում ստորագրվեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի վերջնական համաձայնագիրը։

Ըստ համաձայնագրի 3-րդ՝ «Հումանիտար փաթեթի», երկրները պարտավորվում էին հարգել մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, մարդկային շփումների, ինֆորմացիայի տարածման և ստացման, մշակույթի և կրթության ոլորտներում, ինչպես նաև թույլ տալ դիտարկումներ կատարել այդ իրավունքների գործնական իրականացման հարցերում։[3]

«3-րդ փաթեթով» նախատեսված ազատությունների շրջանակում ԽՍՀՄ-ում կազմավորվեցին Հելսինկյան խմբերը, ինչը Սառը պատերազմի շրջանակներում հնարավորություն ընձեռեց Արևմուտքին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում բացահայտել և աջակցել այլախոհներին (տես՝ նախորդ հոդվածը

1977 հունվար — Զ. Գամսախուրդիան, Ռ. Ռցխիլաձեն, Մ. Կոստավան, Գոլդշտեյն եղբայրները և այլ վրացական այլախոհներ հիմնադրեցին «Վրացական Հելսինկյան խումբը», որը տեղեկություններ էր հավաքում Վրացական ԽՍՀ-ում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Նույն տարվա ապրիլին խմբի անդամների ձերբակալությունից հետո խումբը դադարեցրեց գործունեությունը, և նրա նախկին անդամների գլխավորությամբ վերականգնվեց 1986 թ.-ին՝ ԽՍՀՄ-ում «Վերակառուցման» ժամանակաշրջանում։

1978 ապրիլ 14 — զանգվածային ցույցեր Թբիլիսիում՝ վրացերենը Վրաստանում որպես պաշտոնական լեզու պահպանելու պահանջով։ Վրաստանի 1978 թ. Սահմանադրությամբ նախատեսվում էր հանել վրացերենը որպես պետական լեզու դրույթը։ Այդ ժամանակ ԽՍՀՄ հանրապետություններից միայն Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրություններում կար նման կետ։ Ցույցերին մասնակցում էր հիմնականում ուսանողությունը։ Վրաստանի Գերագույն Խորհուրդը և Է. Շևարդնաձեն (այդ ժամանակ Վրաստանի Կոմունիստական Կուսակցության 1-ին քարտուղարը) զգուշորեն, սակայն հաստատակամ սատարում էր այդ ելույթներին։

Թբիլիսյան ցույցերի հակառակ կողմը՝ ԽՍՀՄ հանրապետություններում ընթացող «ազգայնացման» պրոցեսն էր, որը միտված էր ազգային հանրապետությունների կազմում գտնվող էթնիկ ինքնավարությունների բնակչության ուծացումը։ Դրա արտահայտություններից էին՝ էթնիկ ինքնավարությունների ղեկավարներին տիտղոսավոր ազգի ներկայացուցիչներով փոխարինումը և էթնիկ փոքրամասնությունների լեզվական ուծացման լատենտ քաղաքականությունը։

1979 ապրիլ — Թբիլիսյան ցույցերն արձագանքեցին Աբխազիայում, և Մոսկվա ուղարկվեց «130-ի նամակը»՝ վրացիների ներհոսքը Աբխազիա դադարեցնելու պահանջով։ Արդյունքում՝ նոր Սահմանադրությամբ Աբխազիայում հռչակվեց երեք պաշտոնական լեզու՝ աբխազերենը, վրացերենը և ռուսերենը։

1978 մայիս և սեպտեմբեր — հասարակական հուզումներ Աբխազիան Վրաստանի կազմից դուրս բերելու պահանջով։[4]

Հիմնական դրույթներ

Ռ ուսական Մեծ տարածքի կազմալուծումը 1917 թ.-ին անմիջապես վերականգնեց վրաց-օսական էթնիկ պատմական հակամարտությունը՝ օսերը փորձեցին անջատվել Վրաստանից և ընդգրկվել Ռուսաստանի կազմում։ Վրաստանն արձագանքեց Օսիա ներխուժմամբ։

Նույնը տեղի ունեցավ Աբխազիայում՝ աբխազները փորձեցին վերականգնել Աբխազիայի անկախությունը Վրաստանից։

Խորհրդային Միության կազմավորման և ներքին վերակազմավորման հետևանքով Աբխազիան և Հարավային Օսիան դարձան համապատասխանաբար ինքնավար հանրապետություն և ինքնավար մարզ՝ Վրաստանի կազմում։ ԽՍՀՄ ուժեղ պետականության շրջանակում վրաց-աբխազական և վրաց-օսական էթնիկ հակամարտությունները սառեցվեցին, սակայն չվերացան։ Մի կողմից, ընդհանուր գաղափարախոսությունը և տնտեսական ինտեգրացումը նպաստում էին ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, սակայն, մյուս կողմից, այդ ավանդական հակասությունները պարբերաբար արտահայտվում էին տարբեր առիթներով։ Մասնավորապես Աբխազիայում Վրաստանի կազմից դուրս գալու պահանջները սուր արտահայտվել են 1931, 1957, 1967, 1978 թթ․։

Խորհրդային շրջանում վրացիների շրջանում առաջացավ ազգային հպարտություն՝ Ի․ Ստալինի նկատմամբ։ Փոքր ազգի համար XX դարի ամենաազդեցիկ անձի էթնիկ պատկանելությունը ազգային հպարտության կարևոր տարր է։

Մյուս կողմից, Ստալինը ԽՍՀՄ արդյունաբերականացման, Հայրենական մեծ պատերազմում (նացիզմի դեմ) տարած հաղթանակի և ԽՍՀՄ-ը գերտերության վերածելու հարցում հանգուցային խորհրդանիշն է։ Պատմական այդ իրադարձություններն ընդհանուր հպարտության տարրեր են հետխորհրդային բոլոր հանրապետությունների հասարակությունների նշանակալի հատվածների, այդ թվում՝ երիտասարդների մի հատվածի համար։ Հասարակական հիշողությունում դրանց վերականգնումը հզոր գործոն է հետխորհրդային տարածքը ընդհանուր քաղաքակրթական և, միաժամանակ, Մեծ տնտեսական տարածքի վերածելու հարցում։

Պատահական չէ, որ IRI, NDI և CRRC կազմակերպությունները հետխորհրդային երկրներում իրականացվող զանգվածային սոցիոլոգիական հետազոտություններում պարբերաբար դիտարկում են Ստալինի նկատմամբ հասարակության վերաբերմունքը, և երբեմն նկատվում է Ստալինի նկատմամբ դրական վերաբերմունքի աճ։

Ստալինի մահից հետո ԽՍՀՄ հանրապետություններում, այդ թվում՝ Վրաստանում, ազգային տնտեսական, մշակութային և սոցիալական զարգացման արդյունքում առաջացան մտավորականության շրջանակներ, որոնք համարում էին, որ ԽՍՀՄ Կոմունիստական գաղափարախոսությունն արգելակում և ճնշում է իրենց ազգերի զարգացումը։ Այդ շրջանակները գործունեության ազատություն տվեց 1975 թ. Հելսինկյան ակտի ստորագրմամբ։

1975 թ. Հելսինկյան ակտի ստորագրումը նպաստեց ԽՍՀՄ հանրապետություններում ազգայնականության և ազգայնամոլության զարգացմանը։ Այդ ազգայնականությունը հաճախ շաղկապվում և քողածածկվում էր խորհրդային այլախոհության հետ, որը հակախորհրդային, հակակոմունիստական և հակառուսական գաղափարախոսությունների համախմբություն էր։

Ազգայնականության աճը դարձավ ԽՍՀՄ կազմալուծման գործոններից մեկը: Հետխորհրդային հանրապետություններում, ազգային ինքնավարություններում, այդ թվում՝ Վրաստանում, Աբխազիայում, Օսիայում, էթնիկ-պատմական հակասությունների վերականգնումը և զարգացումը ԽՍՀՄ փլուզումից հետո վերաճեց փոխադարձ թշնամանքի և պատերազմների՝ ցեղասպանությունների և էթնիկ զտումների կիրառությամբ։

(Շարունակելի)


[1] Виталий Шария, День Конституций, Эхо Кавказа,  ноябрь 27

[2] Лурье, Лев Яковлевич. 1956 год: середина века (неопр.). — ОЛМА Медиа Групп, 2007. — С. 135.

[3] Заключительный акт Совещания по безопасности и сотрудничеству в Европе․ 

[4] Хроника грузино-абхазского конфликта 1989‑2008 гг. Справка․ 04.05.2008.