Հայաստանի ավտոշուկայի զարգացումները

11 ր.   |  2019-02-25

Ավտոմեքենաների շուկան արագ է զարգանում, և համաշխարհային միտումները վաղ թե ուշ իրենց ազդեցությունն ունենում են նաև Հայաստանում: Այս առումով առաջիկա տարիները լինելու են «հեղափոխական»՝ պայմանավորված ԵԱՏՄ մաքսային կարգավորումներով, ՀՀ կառավարության սահմանած արտոնություններով և էլեկտրամոբիլների տարածմամբ:

ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում մի շարք ապրանքատեսակների ներմուծման համար սահմանվեցին ժամանակավոր մաքսային արտոնություններ: Ավտոմեքենաների մասով դրանք գործելու են մինչև 2019թ. ավարտը, ինչից հետո ուժի մեջ կմտնեն մաքսատուրքի նոր դրույքաչափերը, որոնք ուղղակի ազդեցություն կունենան ներմուծվող ավտոմեքենաների քանակի ու որակի վրա:

Մաքսազերծման գործող պայմանները

Հ Հ-ում մեքենաների մաքսատուրքը 10% է: Մաքսային բարեփոխումների արդյունքում  ավտոմեքենաների մաքսային վճարները հաշվարկելու հիմք են ընդունվում հաշիվ-ապրանքագրերը (ինվոյս), իսկ եթե դրանք արժանահավատ չեն, ապա կիրառվում են ՊԵԿ-ի սահմանած հսկիչ գները: Որպես կանոն ոչ հավաստի ապրանքագրեր են համարվում Վրաստանում կնքված պայմանագրերը, իսկ հավաստի՝ ամերիկյան կամ ճապոնական աճուրդների փաստաթղթերը: Վթարված կամ տեխնիկապես անբավարար մեքենաները գնահատում են մաքսային ծառայության փորձագետները, ապա՝ մաքսազերծում:

Վերջին տարիներին մեքենաների ներմուծումն էապես ավելացել է: Համաձայն ՊԵԿ տվյալների՝ 2018-ին ներմուծվել է 67255 մեքենա: Այդ ցուցանիշը 2017-ի համեմատ աճել է 71.2% (39282), իսկ 2016-ի համեմատ՝ 300.3%-ով (16800):

2018թ.-ին ներմուծված մեքենաների շուրջ 90%-ը 10 և ավելի տարվա է, որոնց միջին արժեքը չի գերազանցել 5000 ԱՄՆ դոլարը: Կարելի է ենթադրել, որ ՀՀ են ներմուծվել հիմնականում օգտագործված, ոչ թանկ ավտոմեքենաներ:

Ինչով է պայմանավորված ներմուծման աճը

Ն երմուծման աճն ավելացել է մի շարք պատճառներով. ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում մաքսազերծման վճարն արդեն իսկ համապատասխանեցված է ԵԱՏՄ դրույքաչափերին և բարձր է, մինչդեռ Հայաստանում մինչև 2019թ. վերջ գործում են ավտոմեքենաների մաքսազերծման արտոնյալ դրույքաչափեր: Այդպիսով, թե՛ շարքային քաղաքացիների, և թե՛ ավտոմեքենաների առևտրով զբաղվողների համար ձեռնտու է արդեն իսկ մաքսազերծված ավտոմեքենա ձեռք բերել Հայաստանում:

Ավտոմեքենա ներկրողները հիմնականում մեքենա են ձեռք բերում արտասահմանյան ավտոաճուրդներից: Նախքան հաշիվ-ապրանքագրերի կիրառումը մեքենաների մաքսազերծման վճարի հիմքում ընկած էր հսկիչ-գինը, որը չափազանց բարձր էր: Հսկիչ-գնով մաքսազերծելիս ավտոներկրողներն ավելի բարձր մաքսատուրք էին վճարում և մեքենաների ներմուծումը նվազում էր:

Բացի այդ, ավտոմեքենա գնելու մտադրություն ունեցողները շտապում են մեքենա ձեռք բերել մինչև դրույքաչափի բարձրացումը, իսկ տնտեսվարողներն, իրենց հերթին, նախապատրաստվում են մաքսատուրքի բարձրացմանը և մաքսազերծված ավտոմեքենա են «կուտակում»՝ հետագայում շահավետ գնով վաճառելու ակնկալիքով:

ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը

2 020թ.-ից երրորդ երկրներից Հայաստան ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման համար գործելու են ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը, որն էականորեն տարբերվելու է գործող դրույքաչափից: Այսպես՝ եթե հիմա գրեթե բոլոր տեսակի և հզորության մեքենաների համար մաքսատուրքը 10% է, ապա ԵԱՏՄ դրույքաչափերի ընդունումից հետո բոլոր տեսակի նոր մեքենաների համար սահմանվելու է 17% մաքսատուրք: Մինչև 7 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար գործելու է 22% մաքսատուրք, սակայն մաքսատուրքի չափը չպետք է պակաս լինի որոշակի շեմից (Աղյուսակ 1): 7 տարուց ավելի մաշվածություն ունեցող մեքենաների համար սահմանված է խիստ բարձր մաքսատուրք, որը հաշվարկվելու է շարժիչի ծավալով:

Աղյուսակ 1. ԵԱՏՄ շրջանակներում 2020թ.-ից սահմանվող ավտոմեքենաների մասազերծման դրույքաչափեր

Մի քանի օրինակով ներկայացնենք մաքսազերծման արժեքների տարբերությունը.Արդյունքում՝ էականորեն կթանկանա օգտագործված ավտոմեքենայի արժեքը: Կարելի է ասել, որ ավելի շահավետ կլինի նոր, քան՝ հին մեքենա գնելը:

2000թ. արտադրության և 2,100-3,000 եվրո (2,500-3,500 ԱՄՆ դոլար) շուկայական արժեքով Opel Astra1.6 MT մակնիշի մեքենայի միայն մաքսատուրքը (առանց՝ ԱԱՀ-ի և բնապահպանական հարկի) ԵԱՏՄ մաքսային դրույքաչափով կկազմի 2,560 եվրո՝ ներկայիս  70-ի  (38976 դրամ) փոխարեն:

2010թ. Toyota Corolla 1.8S մեքենայի մաքսատուրքը (առանց՝ ԱԱՀի- և բնապահպանական հարկի) ԵԱՏՄ դրույքաչափով կլինի 2,880 եվրո՝ ներկայիս 235 եվրոյի (131509 դրամ) փոխարեն: Նշենք, որ հիմա այդ մեքենայի շուկայական արժեքը 6900-7800 եվրո է (8000-9000 ԱՄՆ դոլար):

2014թ. արտադրության 10400-13000 եվրո (12000-14000 ԱՄՆ դոլար) շուկայական արժեքով Toyota Camry 2.5 մակնիշի մեքենայի մաքսատուրքը (առանց՝ ԱԱՀ-ի և բնապահպանական հարկի) ԵԱՏՄ դրույքաչափով կլինի 1250 եվրո, ներկայիս 903-ի (506553 ՀՀ դրամ) փոխարեն:

Բերված օրինակները փաստում են, որ 2020թ.-ից մի քանի անգամ բարձրանալու է մեքենաների մաքսազերծման վճարը, ինչը կհանգեցնի ներմուծման ծավալների նվազման և շուկայում առկա արտասահմանյան մեքենաների թանկացման:

ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի նպատակն անդամ երկրների արտադրողների համար բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ըստ էության, խրախուսվում է միության երկրների ավտոարտադրությունը: Իսկ թե որքանով կարող են այս մեքենաները փոխարինել արտասահմանյան, թեկուզ օգտագործված, մեքենաներին, դժվար է ասել:

Թեև Հայաստանը մեքենաների գերակշիռ մասը ներմուծում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից, սակայն վերջին շրջանում ներմուծված մեծ թվով ավտոմեքենաներ կարող են փոքր-ինչ փոխհատուցել առաջիկա մի քանի տարիների ենթադրյալ պահանջարկը, ինչը կարող է մեղմել մեքենաների թանկացումը:

Հայկական ավտոշուկայի հարկային ու մաքսային նոր կարգավորումները

Պ ԵԿ տվյալներով՝ 2016-2018թթ. մեքենաների առքուվաճառքն ու նվիրատվություն ավելացել է 64,4%-ով (Աղյուսակ 2):

Աղյուսակ 2. Առուվաճառքի և նվիրատվության գործարքների քանակը 2016-2018թթ.

 Տարեթիվ 

 Առուվաճառքի գործարքներ 

 Նվիրատվություն 

2016

72193

9378

2017

92114

14872

2018

107478

24204

ՀՀ հարկային դաշտում վերջին շրջանում իրականացվեցին առուվաճառքի և ներկրման օրենսդրական փոփոխություններ, որոնք ավտոներկրողների շրջանում դժգոհություն առաջացրին: 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքով երկրորդ ավտոմեքենայի վաճառքի կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է մեքենայի շուկայական արժեքի 20%-ի չափով եկամտահարկ վճարի:

Ըստ ներկրողների՝ յուրաքանչյուր մեքենայից նրանք ունենում են 300-500 ԱՄՆ դոլար եկամուտ և մեքենայի արժեքի 20%-ի չափով հարկ վճարելու դեպքում նրանց գործունեությունը կդառնա ոչ շահավետ, ուստի առաջարկում էին տարեկան հաստատագրված գումար սահմանել:

Դժգոհություն կար նաև 2018թ. հուլիսի 1-ից հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով կուտակված տույժ-տուգանքներից: Մինչդեռ, ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ 2018թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների առուվաճառքի և նվիրատվության գործարքների մասով չկատարված հարկային պարտավորությունների հաշվարկված տույժ-տուգանքներ դեռևս չկան: ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ֆիզիկական անձինք պարտավոր են 2019թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել եկամտահարկի տարեկան հաշվարկները, ապա կատարել հարկային պարտավորությունները: Եվ քանի դեռ հաշվետվությունները ներկայացված չեն, տույժերն ու տուգանքները չեն կարող հաշվարկվել:

Հարկային օրենսգրքի նոր փոփոխություններով նախատեսվում է հիմնավորապես կարգավորել ավտոմեքենաների առուվաճառքը: Ըստ նախագծի՝ «նախատեսվում է վաճառքի գնից 1% եկամտային հարկի վճարման կանոնի ամրագրում, որը չպետք է լինի ավելի քիչ, քան յուրաքանչյուր ձիաուժի հաշվով 100 դրամը»Նախատեսվում է նաև հետադարձ ուժ տալ դրույթին՝ կիրառելով այն 2018թ. հուլիսի 1-ից հետո կնքված գործարքների նկատմամբ, որպեսզի քաղաքացիները կարողանան խելամիտ ծավալներով կատարել հարկային պարտավորությունները:

Ակնհայտ է, որ մեքենաների առուվաճառքով զբաղվող ֆիզիկական անձանց համար մի քանի պատճառով սահմանվել է բավականին ցածր հարկային բեռ.

  • ավտոմեքենաների վաճառքի գինը բարձր է, սակայն միջնորդավճարը, որը տնտեսվարողների եկամուտն է, բարձր չէ, հետևաբար, եթե վաճառքի գնից գանձվի 20% եկամտահարկ, ապա հարկը կարող է մեծ լինել, քան միջնորդի ստացած եկամուտը:
  • Հարկային բարձր դրույքաչափի պարագայում սուբյեկտները չեն կարողանալու կատարել հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում հարկային մարմինը վաղ թե ուշ ստիպված համաներում է կիրառելու՝ պետական գանձարան մուտք չապահովելով:

Ավտոներկրողների շրջանում դժգոհության հաջորդ պատճառը մեքենաների մաքսազերծման փոփոխություններն են. որոշ դեպքերում որպես մաքսազերծման բազա դիտարկվում է կողմնորոշիչ՝ հսկիչ գինը, քանի որ ներկրողի ներկայացրած հաշիվ-ապրանքագրերը վստահություն չեն ներշնչում: ՊԵԿ-ի հայտարարության համաձայն՝ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական անձանց ներմուծած անձնական օգտագործման ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմինների տրամադրության տակ եղած նույնանման ապրանքների գնի հիման վրա: Մաքսային արժեքների մշակման ընթացքում որպես գնային տեղեկատվություն օգտագործվել է մաքսային մարմինների տրամադրության տակ եղած ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների տեղեկատվական բազան, ինչպես նաև ավտոմեքենաների վաճառքով զբաղվող օտարերկրյա կազմակերպությունների գնացուցակներն ու կայքերը: Սա նշանակում է, որ ՊԵԿ-ը ներմուծել է ավտոմեքենաների մաքսային արժեքի հաշվառման նոր գործիք, որի միջոցով քաղաքացիները նախապես կարող են իմանալ մաքսազերծման գումարի չափը: Ավտոներկրողները պնդում էին, որ մեքենաների մաքսազերծման արժեքը բարձրացել է, քանի որ ներկայացված հաշիվ-ապրանքագրերը չեն ընդունվում և մաքսազերծումն էլ իրականացվում է հսկիչ-գներով:

Թեմայի շուրջ պարզաբանում է ներկայացրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով. «Անձինք, ովքեր մեքենա են ձեռքբերել դրսում և ունեն արժանահավատ հաշիվ-ապրանքագիր՝ ձեռքբերման փաստաթուղթ, որևէ խնդիր չունեն, այդ փաստաթղթի հիման վրա կատարվելու է մաքսային ձևակերպում: Եթե ինվոյսն ավելի ցածր է, քան հաշվիչի տվյալը, ապա այն ներկայացվում է համապատասխան վարչություն՝ զննության: Եթե առերևույթ բան չի հայտնաբերվում, այդ դեպքում ևս մաքսային ձևակերպում կատարվում է ինվոյսի հիման վր»:

Ներկայացված պարզաբանումից ենթադրվում է, որ նախկինի նման մեքենաների մաքսազերծումն իրականացվում է հիմնականում հաշիվ-ապրանքագրերի հիման վրա, և կարևոր է դրանց արժանահավատությունը: Ըստ էության, ՊԵԿ-ը խստացրել է վարչարարությունը, որպեսզի խուսափի տարատեսակ զեղծարարություններից: Կարելի է ենթադրել, որ 2019թ. ներմուծվող մեքենաների ավելացման վրա կազդի ՀՕ փոփոխությունների նախագծով մեքենաների առուվաճառքով զբաղվող ֆիզիկական անձանց համար նախատեսվող ցածր հարկային բեռը:

Էլեկտրամեքենաների շուկայի ձևավորման միտումները

Կ առավարությունը հավանություն է տվել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու նախագծին, որով առաջարկվում է 2019թ. հուլիսի 1-ից մինչև 2022թ.-ի հուլիսի 1-ը էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների՝ ավտոմեքենաների և մոտոցիկլետների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից, ինչը կխթանի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումը։ Էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների (ներառյալ մոպեդները) կիրառման ավելացումը կնպաստի նաև խցանումների նվազմանն ու երթևեկության անվտանգության մեծացմանը։

Էլեկտրական շարժիչով մեքենաների շուկան վերջին տասնամյակում կտրուկ աճել է։ Միայն 2018-ին աշխարհում վաճառվել է 1.8 մլն էլեկտրական շարժիչով մեքենա՝ 33.3 %-ով գերազանցելով 2017թ. ցուցանիշը։ Այս ոլորտում հիմնական արտադրողներն են Չինաստանը, ԱՄՆ-ն և եվրոպական երկրները:

Հայաստանում էլեկտրական մեքենաների շահագործումը դեռևս խիստ համեստ պատկեր ունի. 2017-ին ներմուծվել է 28 էլեկտրամեքենա, իսկ 2018թ-ին՝ 33: Վերականգնվող էներգետիկայի զարգացումը նպաստում է էլեկտրամոբիլների շուկայի աշխուժացմանը։ Օրինակ՝ արևային կայաններն էներգիայի անկախ և մատչելի աղբյուր են մեքենաների լիցքավորման համար, որոնք էլեկտրաէներգիայի կուտակման և մեքենան ընթացքում լիցքավորելու հնարավորություն են ընձեռում։

Ակնկալվում է, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները փոխարինելու են բենզինով և գազով շահագործվող մեքենաներին, ինչի արդյունքում նվազելու են վնասկար արտանետումները:

Էլեկտրական շարժիչով մեքենաների վառելիքն ավելի մատչելի է: Համաձայն ուսումնասիրությունների՝ Nissan Leaf մակնիշի էլեկտրամոբիլի ծախսը 1 կմ-ի համար կազմում է 6-7 դրամ: Մեքենան չի աղտոտում միջավայրը, սնուցվում է 220 Վոլտ հոսանքով՝ 6-7 ժամում, որով կարող է անցնել շուրջ 170 կմ ճանապարհ:

Բնական է, որ միայն ԱԱՀ-ից ազատելը էլեկտրական մեքենաների շուկան չի կարող զարգացնել. անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ՝ տեխնիկական սպասարկման և մարտկոցների վերանորոգման մասնագիտացված կենտրոններ, ինչպես նաև՝ էլեկտրական մարտկոցների թափոնների վերացման մեխանիզմներ:

Այսօր ՀՀ-ում գործում է լիցքավորման մի քանի կենտրոն, որոնք նախատեսված են մեքենայի մեկ մոդել լիցքավորելու համար: Միջին արագության կայաններում մեքենայի ամբողջական լիցքավորման համար անհրաժեշտ է 2 ժամ, իսկ գերարագ լիցքավորման կայաններում ՝ 20 րոպե: ՀՀ-ում մեկնարկել է Plug.am ծրագիրը, որով 2019թ. ՀՀ-ում ստեղծվելու է էլեկտրամոբիլների լիցքավորման ցանց՝ բաղկացած 2-րդ մակարդակի 7-22 կՎտ հզորությամբ 23 լիցքավորման կայանից։ Կարելի է ասել, որ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցները շահագործելու համար անհրաժեշտ ենթակառուցվածք համարվող լիցքվորման կայանների խնդիրը վերոնշյալ ծրագրի շրջանակներում մասամբ լուծվում է:

2020թ.-ից ուժի մեջ է մտնող ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի, արդյունքում էլեկտրական շարժիչով մեքենաների համար՝ մաքսատուրքի դրույքաչափը սահմանվելու է 15%:

Արտասահմանյան երկրներում էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկում իրականացնում են մեքենայի պաշտոնական ներկայացուցիչները, ինչպես նաև գոյություն ունեն մասնագիտացված կենտրոններ: Մասնագիտացված կենտրոնները իրականացնում են խոտանված մարտկոցների վերանորոգում և փոխարինում նորով: Գերմանիայում էլեկտրամոբիլների օգտագործումը խրախուսելու նպատակով մասնագիտացված կենտրոնները փոխարինում, վերանորոգում և կրկին գնորդին են տրամադրում խոտանված մարտկոցները:

ՀՀ-ում բացակայում են էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և մարտկոցների վերանորոգման մասնագիտացված կենտրոնները. էլեկտրական շարժիչով մեքենաներ շահագործողները ֆինանսական դժվարություններ կունենան, քանի որ մարտկոցները բավականին թանկ են, իսկ խոտանված մարտկոցների վերացումը կարող է առաջացնել նապահպանական ռիսկեր:

Այսպիսով, ՀՀ կառավարությունն անում է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելու առաջին քայլերը, սակայն պետք է մտածել նաև հաջորդ կարևորագույն խնդիրների՝ տեխնիկական սպասարկման և մարտկոցների վերանորոգման մասնագիտացված կենտրոնների ստեղծման մասին: