ՏՀՏ ոլորտը Հայաստանում
14 ր. | 2019-02-12Իրավիճակը, խնդիրները և զարգացման հեռանկարը
Վերջին տասնամյակներում համաշխարհային տնտեսության սրընթաց աճը պայմանավորված է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորամուծություններով և տարբեր ճյուղերում դրանց կիրառմամբ:
Հայաստանը, դեռևս Խորհրդային Միության տարիներին լինելով ծրագրային ապահովման մշակման, էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների արտադրության կենտրոն, անկախությունից հետո, որոշակիորեն պահպանել է ՏՀՏ ոլորտի զարգացման ներուժը:
2008թ. ՀՀ կառավարությունն ընդունեց ՏՏ ոլորտի զարգացման տասնամյա ռազմավարությունը [1], որով այդ ոլորտն արժանացավ պետական ուշադրության ու աջակցության: Նպատակ ունենալով շարունակել այդ քաղաքականությունը՝ այս տարվա փետրվարի 1-ին, Գերմանիայում՝ «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Վերջին 7 տարիների ընթացքում այդ ոլորտը 5 անգամ աճել է: ՏՏ ոլորտը դառնում է մեր տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը` հետագա զարգացման համար հսկայական ներուժով»:
ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը կարող է նպաստել նաև Հայաստանում 2019թ. անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT), որի ժամանակ 80 պետություններից Հայաստան կայցելեն ավելի քան 2000 գործարարներ, նորարարներ, պետական հատվածի ներկայացուցիչներ, ներդրողներ և նշանավոր գիտնականներ:
Ներքին շուկա. Եկամուտներ և աճ
Ը ստ ՀՀ վիճակագրական կոմիտեի (այսուհետ` ՀՀ ՎԿ), 2017թ. Տեղեկատվություն և կապ ծառայությունների բնագավառի ցուցանիշները բաշխվել են հետևյալ կերպ [2].
Աղյուսակ 1
2013 |
2014 |
2015 |
2016 |
2017 |
|
Ծառայության ծավալներն (մլրդ դրամ) |
|||||
Տեղեկատվություն և կապ |
222.9 |
223.2 |
221.2 |
223.0 |
233.8 |
որից` |
|||||
հեռահաղորդակցություն |
173.7 |
171.6 |
160.2 |
143.0 |
136.0 |
տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ) և տեղեկատվական ծառայություններ |
33.4 |
36.7 |
45.7 |
65.2 |
82.2 |
որից` |
|||||
տեղեկատվական տեխնոլոգիաներ |
30.3 |
33.3 |
41.9 |
59.3 |
75.9 |
Ծառայությունների ծավալը կառուցվածքը (%) |
|||||
Տեղեկատվություն և կապ |
22.3 |
20.4 |
19.2 |
17.4 |
15.9 |
որից` |
|||||
հեռահաղորդակցություն |
17.4 |
15.6 |
13.9 |
11.2 |
9.3 |
ՏՏ և տեղեկատվական ծառայություններ |
3.3 |
3.3 |
4.0 |
5.1 |
5.6 |
որից` |
|||||
տեղեկատվական տեխնոլոգիաներ |
3.0 |
3.0 |
3.6 |
4.6 |
5.2 |
Ծառայությունների ծավալը մեկ շնչի հաշվով (ՀՀ դրամ) |
|||||
Տեղեկատվություն և կապ |
73753 |
74047 |
73612 |
74523 |
78471 |
որից` |
|||||
տեղեկատվական տեխնոլոգիաներ |
10043 |
11042 |
13941 |
19812 |
25456 |
Ծառայությունների ֆիզիկական ծավալի ինդեքսները (%) |
|||||
Տեղեկատվություն և կապ |
110.2 |
99.7 |
98.4 |
100.9 |
105.3 |
որից` |
|||||
տեղեկատվական տեխնոլոգիաներ |
116.2 |
109.0 |
122.2 |
139.0 |
129.6 |
Հիմնվելով, այս ցուցանիշների վրա կարելի է եզրակացնել, որ ՏՏ ոլորտը վերջին հինգ տարում զգալի առաջընթաց է ունեցել. ծառայության ծավալներն ավելացել են 3.4 անգամ, իսկ մեկ շնչի հաշվով ծավալը՝ 2.6 անգամ: Միաժամանակ, նվազել է հեռահաղորդակցության ցուցանիշները, ինչը վկայում է, որ ենթաոլորտը հասել է իր աճի սահմանային հնարավորությանը: Օրինակ՝ 2013թ. համեմատ ծառայության ծավալները 2017-ին նվազել է 22%-ով, իսկ մեկ շնչի հաշվով՝ 57,489-ից հասել է 45,640 դրամի: Այս պայմաններում հեռահաղորդակցության ոլորտում գործարարներից պահանջվում է լուրջ ներդրումներ անել, բարձրացնել կառավարման արդյունավետությունը:
Անդրադառնալով ՏՀՏ ոլորտի ցուցանշներին, նշենք, որ Վիճակագրական կոմիտեն սրանով սահմանափակվում է: Մեր կարծիքով, դա կարելի է համարել բացթողում, քանի որ փորձագետը չունի հնարավորություն, հիմնվելով միայն մի քանի ընդհանրացված տվյալների վրա, ավելի խորը և արդյունավետ ուսումնասիրել ոլորտը:
Արդյունքում, հետազոտողը, ստիպված է դիմել այլ տեղեկատվական աղբյուրների, որոնց թվում է տնտեսական զարգացման և ներդրումների և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների կայքերում, ՀՀ կառավարության որոշումներում առկա սակավ տվյալները [3]: Ուսումնասիրության հիմնական աղբյուրը դառնում է նաև ոչ պաշտոնական տեղեկատվությունները, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ» (ՁԻԱ) հաշվետվությունները, լրատվամիջոցների հրապարակումները: Ըստ այդ հրապարակումների՝ «Ծրագրային ապահովում և ծառայություններ» և «Ինտերնետ ծառայությունների պրովայդեր» սեգմենտների ընդհանուր եկամուտը հասել է 922.3 մլն ԱՄՆ դոլարի (2017թ. 765.1 մլն ԱՄՆ դոլար էր) [4], ինչը 20.5% ավելի է, քան 2017թ. (2010-2018թթ. ընթացքում տարեկան աճը եղել է 25.6%): Այդ ոլորտի եկամուտը Հայաստանի ՀՆԱ-ում հասել է 2.8%-ի (99.1 մլն ԱՄՆ դոլար) [5]:
Ակնհայտ է, որ ներքին շուկայում ՏՏ ոլորտի ծառայությունների նկատմամբ նկատվում է պահանջարկի աճ: Սակայն այն բավականին դանդաղ է ընթանում (ի համեմատ արտաքին շուկայի), ինչը պայմանավորված է ներքին շուկայի սահմանափակվածությամբ և թերզարգվածությամբ, կառուցվածքի ցածր դիվերսիֆիկացիայով, և այլն, որն էլ, իր հերթին, ազդեցությունն է թողնում ոլորտի արտադրանքի արտահանման կառուցվածքի վրա:
Արտահանում
2 018թ. ՏՀՏ ոլորտի արտահանման ծավալները 7%-ով աճել են՝ կազմելով 363.9 միլիոն ԱՄՆ դոլար (2017թ.` $338,5 մլն), իսկ մասնաբաժինը արտահանումների ընդհանուր ծավալում 2017թ.-ին հասել է 16%-ի, ինչը վկայում է Հայաստանի տնտեսության համար ոլորտի աճող նշանակության մասին [6]:
Համեմատության համար նշենք, որ ըստ ՀՀ ՎԿ տվյալների, 2017թ. Հայաստանից արտահանվել է $692.3 մլն հանքահումքային արտադրանք, $531.3 մլն-ի պատրաստի սնունդ և խմիչք, մոտ $277.5 մլն-ի ոչ թանկարժեք մետաղներ ու իրեր, $289.6 մլն-ի թանկարժեք մետաղներ ու արտադրանք: Այսպիսով, ՏՀՏ-ն արտահանման ծավալներով երրորդ ոլորտն է: Չի բացառվում, որ միջնաժամկետ հեռանկարում այդ ճյուղի դերը արտահանման կառուցվածքում ևս բարձրանա, հաշվի առնելով «խմորումները», որոնք ընթանում են հանքարդյունաբերական ոլորտում:
Եթե ուսումնասիրենք արտահանման ուղղությունները, ապա առավելագույն մասը` 45%-ը, ուղղվում է ԱՄՆ և Կանադա, 25%-ը` Եվրոպա, 11%-ը՝ Ասիա, 10%-ը` Ռուսաստան ու ԱՊՀ երկրներ: Վերջին տարիներին արտահանման ուղղությունների ցանկը նշանակալիորեն ընդլայնվել է, ի հաշիվ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության։6
Բիզնեսը ՏՀՏ ոլորտում
2 018թ. Հայաստանի «Ծրագրային ապահովում և ծառայություններ» ոլորտում գործող ընկերությունների թիվը հասել է շուրջ 800-ի՝ ապահովելով աննախադեպ 23% աճ 2017թ. համեմատ [7]: Տեղական ընկերությունների մասնաբաժինը 52.5% է, իսկ օտարերկրյա ընկերություններինը՝ 31% [8]: Նրանց գրեթե 80%-ը տեղակայված է Երևանում: Այս ցուցանիշները թույլ են տալիս եզրակացնել, որ ՏՀՏ ոլորտի ընկերությունների գործունեության համար Հայաստանում ստեղծվել է բավականին նպաստավոր միջավայր:
ՀՀ ՎԿ հրապարակած «Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունում, 2018» վիճակագրական նյութում «Տեղեկատվություն և կապ» ոլորտում գրանցված 1636 տնտեսվարողների թվում գերիշխում են գերփոքր ընկերությունները՝ 1351, իսկ փոքր, միջին և խոշոր կազմակերպությունների թիվն է՝ 233, 42, 10:
2018թ. ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 19,552՝ արձանագրելով 27% աճ 2017թ.-ի համեմատ: Տեխնիկական աշխատուժի արտադրողականությունը հասել է մեկ աշխատողի հաշվով 50,070 ԱՄՆ դոլարի: Միջին աշխատավարձը մոտ 410 հազար դրամ է (ըստ ՀՀ ՎԿ` 387.2 հազար դրամ), կամ երկրորդ տեղը «Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում» ճյուղից հետո։
ՏՀՏ ոլորտում գործունեության իրականացման առանձնահատկությունները և հիմնական խնդիրները.
-
Մեծ մասամբ օտարերկրյա մասնաճյուղերը մայր ձեռնարկությունների համար ծրագրավորման կենտրոններ են (Outsourcing).
Դրանք հիմնականում արտապատվիրման կենտրոններ են` հստակ սահմանված բյուջեով, որոնց գործունեությունից ստացված եկամտի փոքր մասն է մնում երկրում: Այս կազմակերպությունների թիվը վերջին տարիներին ավելացել է, բայց նրանք չեն ընդլայնվում, որովհետեւ կառավարումը չի զարգանում:
-
Տեղական շուկայ համեմատաբար ցածր պահանջարկը քիչ է խրախուսում հայկական ՏՀՏ ոլորտի ընկերություններին` մշակելու փաթեթային ծրագրաշարեր կամ առաջարկելու նոր և ավելի որակյալ ծառայություններ:
Տեղական շուկայում վաճառվող ծրագրային փաթեթների մեծամասնությունը խոշոր ձեռնարկությունների և բանկերի համար հաշվապահական ու ֆինանսական ծրագրերը են: Հայաստանում շահագրգռված չեն գնալ ավտոմատացման և ՏՏ լուծումների, որի պատճառներից մեկը աշխատուժը էժան լինելն է:
-
ՏՏ ոլորտի և ԲՈՒՀ-երի միջև համագործակցությունը բավականին թույլ է:
Համագորակցությունը սահմանափակվում է ուսումնական ծրագրերով ու վերապատրաստման դասընթացներով, որոնց հիմնական նպատակը որոշակի ընկերությունների և ընդհանուր առմամբ ոլորտի համար մասնագետներ պատրաստելն է:
Որոշ քայլեր են ձեռնարկվում նաև մարզերում ՏՀՏ ընկերությունների թիվը ավելացնելու ուղղությամբ (օրինակ՝ Գյումրի, Վանաձոր), սակայն, այստեղ պետության աջակցության դերն ակնհայտ կարևոր նշանակություն ունի:
-
ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչները խնդիրների թվում նշել են.
-
բարձր որակավորում ունեցող մասնագետների պակասը: Բիզնեսն այսօր զբաղվում է երիտասարդներին կրթելով, քանի որ բուհն ավարտած ուսանողի գիտակրթական մակարդակը զիջում է: Այս խնդիրը խոչընդոտում է ներդրումային դաշտին: Խոսքը միայն ծրագրավորողների՝ կոդավորողների մասին չէ. անհրաժեշտ են նաև ինժեներական կադրեր: Այս առումով Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանն ունի նշանակալի դերակատարություն:
Հաշվի առնելով Հայաստանում ՏՀՏ ոլորտում սահմանափակ մարդկային ռեսուրսները, կարևոր է մարդկային ռեսուրսների շուկայի ռազմավարական զարգացման հայեցակագային մոտեցումը կառավարման մարմինների կողմից: Միայն այդ պայմաններում հնարավոր կլինի պահպանել և զարգացնել Հայաստանի հանդեպ միջազգային ՏՏ ընկերությունների հետաքրքրությունը:
Ուշադրության է արժանի Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սամվել Շուքուրյանի առաջարկները [9].
Վերջերս ես վարում էի վարպետության դասեր Իսրայելի երկու առաջատար IT համալսարաններում, որտեղ պատրաստում են բարձրակարգ անձնակազմ, ինչն արվում է նորարարությունների մշակման ոլորտում շահագրգիռ ընկերությունների հետ: «Մենք պետք է ընդօրինակենք այս փորձը՝ կապելով կրթությունը IT ոլորտի հետ: Իսրայելի համալսարաններում կան բազմաթիվ ժամանակակից նորարարական կենտրոններ, որտեղ աշխատակիցների զգալի մասը ուսանողներ են»:
Այսօր աշխարհը թևակոխում է, թերևս, իր պատմության ամենամեծ տեխնոլոգիական անցումը, երբ բնական ռեսուրսների (ոսկի կամ ածխաջրածիններ) հարստությունը և էժան աշխատուժը այլևս չեն կարող դիտարկվել որպես տնտեսական աճի հիմնական գործոն: Այսօր հանքանյութերը փոխարինվել են տեխնոլոգիաներով, նորարարությամբ և ձեռնարկատիրական ներուժով: Այս առումով՝ Հայաստանն ունի հսկայական չօգտագործված ներուժ, որը պետք է իրականացվի:
Հետևաբար կարևորում ենք գիտահետազոտական և փորձարարական աշխատանքները (ԳևՓ) Հայաստանի ՏՀՏ ընկերություններում: Միաժամանակ, կարևոր է, որպեսզի Հայաստանում ԳևՓ գծով կիրառվեն հարկային խթանների գործիքները: ՏՀՏ ոլորտի դեպքում պահանջվում է լրացուցիչ, երկարատև աշխատանք, որպեսզի նրա հանդեպ ձևավորվի ներքին և արտաքին լուրջ ներդրումային հետաքրքրություն:
Մեր կարծիքով, արդյունավետ կդիտարկվի արտաքին ներդրողի կողմից մասնավոր-պետություն հարաբերությունների հայեցակարգային ռազմավարության մշակումն ու կիրարկումը: Ներկայում, հանրությանը ներկայացված է «Պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես նշվում է հիմնավորումում՝ «Կառավարության նպատակն է մասնավոր հատվածի ուժեղ կողմերի և հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմանը»:
Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ լավ մշակված ինստիտուցիոնալ և օրենսդրական դաշտի պայմաններում ՊՄԳ-ները կարող են էական օգուտներ բերել պետությանը։
ՏՀՏ ոլորտը և իրավական դաշտը
Հ այաստանի Կառավարությունը ՏՏ ոլորտը պետական մակարդակով հայտարարել է Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություն: 2015թ. ուժի մեջ մտավ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը, որը նախատեսում էր պետական աջակցություն 2 ուղղությամբ: Առաջինը վերաբերում է պետական աջակցության ծրագրերին, երկրորդը՝ հարկային արտոնություններին: 2016թ. նոր ստեղծվող և սկսնակ տնտեսվարող սուբյեկտների համար հասանելի դարձան հարկային արտոնություններ. 0 % շահութահարկ և 10% եկամտահարկ:
Նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունը տրամադրվում է մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը: Կարևոր է նաև ընդգծել, որ Հայաստանում շարունակվել է կիրառվել ընտանեկան ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ հարկման արտոնյալ համակարգը, որը ևս կարևոր նշանակություն ունի ՏՏ ոլորտի համար:
Նշենք օրենսդրական փաթեթների կիրարկման արդյունքին վերաբերվող մի փաստ. եթե մինչև օրենքի ընդունումը ստեղծվել է 16 ՏՏ ընկերություն, ապա օրենքի ընդունումից հետո այդ թիվը նկատելիորեն աճել է՝ 2017-ին հասնելով 272-ի: Ընդհանուր առմամբ, 2017թ. դրությամբ հավաստագրվել և հարկային արտոնություններից օգտվել է նորաստեղծ և սկսնակ 591 կազմակերպություն [10], 2017-2018թթ. ոլորտում բացվել է ավելի քան 4200 նոր աշխատատեղ՝ 3-3.4 մլն դրամ միջին տարեկան աշխատավարձով:
2018թ. վերջում, նոր Կառավարությունը հրապարակել է «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենքի նախագիծը, որի հիմնավորումման մեջ նշված է. «…նպատակը ազգային տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականցումն է, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի ավելի պարզեցումը»:
Մասնավորապես՝ եկամտային հարկի փոփոխություններով նախապատվությունը տրվել է բարձր աշխատավարձ ստացողներին, որոնց համար հարկի բեռը կնվազի։ Կիրառվելու է համահարթեցված եկամտային հարկ` պրոգրեսիվ հարկումի փոխարեն։ Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է միկրոբիզնեսն ազատել հարկերից։ Կարելի է կանխատեսել, որ ՏՀՏ ոլորտի և նրա աշխատակիցների համար այս փոփոխությունները դրական ազդեցություն կունենան:
ՏՀՏ ոլորտի զարգացման հեռանկարները [11]
Ա նգլիական emerging-europe.com-ը 2018թ. փետրվարի 8-ին անդրադարձել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը` «Armenia Makes Global ICT Push» խորագրով հոդվածում հեղինակը նշում է. «Երկրում, որտեղ ապրում է 2.9 միլիոն մարդ, կա 60 համալսարան, որից 15-ի տեխնոլոգիական ֆակուլտետներն ու բաժինները բավական ուժեղ են։ 2014-2015 ակադեմիական տարում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական մասնագիտացումներով 10,000 ուսանող է եղել, որը ընդհանուր ուսանողների թվի 11.7 տոկոսն է»:
Այստեղ Հայաստանի հաջողության հիմնական գրավականը ԽՍՀՄ-ից ժառանգած մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեխնիկական գիտությունների ավանդական ուժեղ դպրոցն է։ Հայաստանի նոր կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը գերակա է համարում, քանզի դրանում տեսնում է տնտեսական հեղափոխության լոկոմոտիվը և ապագա Հայաստանի տնտեսության անկյունաքարը:
Այս տեսկետից ողջունելի է Երևանում Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ կառուցելու գաղափարը [12], որը աշխատտեղ կստեղծի ավելի քան 6000 առաջատար մասնագետների համար:
Հ ետաքրքիր է Բելառուսի փորձը: 2017-ի ապրիլին Նախագահ Ա. Լուկաշենկոն ուղերձ է հղել Բելառուս ժողովրդին և Ազգային ժողովին, ասելով [13]. «Հաջորդ փուլը լինելու է ՏՏ երկրի կառուցումը: Ամեն ինչ, որն իրականացվում է աշխարհում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, պետք է կիրառվի Բելառուսում»:
Այս որոշումն ընդունելուց հետո Բելառուսը օրենսդրական հեղափոխություն արեց ՏՏ ոլորտում. The Wall Street Journal ամերիկյան թերթը գրեց, որ հանրապետությունը հավակնում է «Արևելյան Եվրոպայի սիլիկոնյան հովիտ» կոչմանը: Այսօր ինն միլիոնանոց երկրում ավելի քան 50 հազար ծրագրավորող է աշխատում: Նախորդ տարվա ընթացքում ՏՏ ընկերությունները վաճառել են ավելի քան միլիարդ դոլարի ծրագրային արտադրանք:
Հայաստանի երկարաժամկետ մարահրավերներից է տարածաշրջանի (Մեծ Մերձավոր Արևելք) ապահովել բարձր մրցունակություն:
Ի՞նչ առաջնահերթություններ պետք է դրվեն Հայաստանի համար: ՀՀ Կառավարության ծրագրի 7-րդ գլխում՝ «Բարձր տեխնոլոգիաները, թվայնացումը և ռազմաարդյունաբերությունը», նշված է, որ Կառավարությունը «նպատակադրվել է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր», որի հիման վրա արմատապես նոր տեխնոլոգիական լուծումներով պետք է վերակազմավորվի տնտեսությունը: Այնուհետև՝ առաջարկվում են մի շարք նոր մոտեցումներ, որոնցից են.
-
ստեղծել ազգային վենչուրային ներդրումային ֆոնդ.
Հայաստանի համար տեխնոլոգիաների մեկնարկը պահանջում է ավելի քիչ ռեսուրսներ: Տեխնոլոգիայի ոլորտում հաջող մեկնարկի համար անհրաժեշտ են խելացի մարդիկ, համակարգիչներ, համեստ ֆինանսավորում և դաստիրակչություն: Մեր երիտասարդ ձեռներեցներին պետք են հզոր գաղափարներ ու պետության կողմից աջակցություն: Այս դեպքում, իհարկե, վենչուրային կապիտալը կարևոր է:
-
Երևանում և մարզերում ստեղծել և զարգացնել տեխնոլոգիական կենտրոններ.
-
նպաստել տեխնոլոգիական ընկերությունների և բուհերի արդյունավետ համագործակցությանը:
ՀՀ Կառավարության ծրագրով նախատեսվում է նաև «նպաստել հայկական բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների մրցունակության բարձրացմանը՝ «Կառավարությունը որպես պատվիրատու» կոնցեպտի միջոցով»: Ինչպես հայտնի, Հայաստանում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կստեղծվի Բարձր տեխնոլոգիաների ոլորտի նախարարություն, դրանով իսկ բարձր տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության ոլորտներին առաջնահերթ կարգավիճակ տալով:
Նոր տեխնոլոգիաների լայնածավալ զարգացման և կիրառման անցումը հնարավոր չէ առանց տնտեսական գործակալների բիզնես-մոդելների համընդհանուր վերափոխման և շուկայական կառուցվածքի տրամաբանության փոփոխության:
Հայաստանը պետք է ընդունի, որ երիտասարդներն ամենաթանկ ռեսուրսն են, ինչը նշանակում է, որ նա պետք է հոգ տանի՝ կրթության մակարդակը բարձրացնելու և իր ուսանողների հաջողությունը զարգացնելու ուղղությամբ, հատկապես գիտության և տեխնոլոգիայի բնագավառում:
Ուշադրություն դարձնելով՝ ՏՀՏ ոլորտի վրա, պետք է հաշվի առնել, որ կիբերտեխնոլոգիաների սպառազինությունների մրցավազքը ներկայումս ընթանում է երեք հիմնական ուղղություններով.
-
քվանտային ինֆորմատիկա,
-
արհեստական բանականություն,
-
հաղորդակցային ենթակառուցվածքների հաջորդ սերունդը:
Պետք է հաշվի առնել նաև այն իրողությունը, որ արհեստական բանականությունը դառնում է մարդկության ապագան, հիմնական տեխնոլոգիան, որից կախված կլինի ազգային հզորությունը: Հայաստանը չի կարող անտեսել այս հիմնախնդիրները, և պետք է ձևավորի արհեստական բանականության ռազմավարությունը:
[1] irtek.am/views/act.aspx?aid=45457 «Հավանություն տալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին` համաձայն հավելվածի», 28.08.2008 թ. N 35 արձանագրային որոշում:
[2] Հայաստանի վիճակագրական տարեգիրք. 2018. ՀՀ վիճակագրական կոմիտե, http://www.armstat.am ,Որոշ շեղումներով, այս ցուցանիշները մոտ են Տեղեկատվություն և կապ ցուցանշներին, որոնք ներկայացվել են ՀՀ ՎԿ կողմից «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. Հունվար-դեկտեմբերին» հրապարակումում:
[3] mtcit.am/pages.php?lang=1&id=6988&page_name=news
[4] 2018թ. Հայաստանի «Ծրագրային ապահովում և ծառայություններ» ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730.2 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է 19.2% միջին տարեկան աճ: Ընդհանուր առմամբ 2010-2018թթ. ոլորտում գրանցվել է 32.6% միջին տարեկան աճ:
[5] ՁԻՀ “ՏՀՏ ոլորտը Հայաստանում. 2018”
[6] Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն. ՁԻՀ 2018.
[7] ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին. ՀՀ ՎԿ
[8] Աշխատանքի այս մասում բերված մի շարք ցուցանիշների և հարցումների արդյունքի աղբյուրն է ՁԻՀ 2018
[9] «Голос Армении», 2 февраля 2016г. golosarmenii.am/article/75406/neobxodimo-povysit-uroven-podgotovki-specialistov-v-sfere-it-
[10] aravot.am/2018/04/11/948526/
[11] ՏՀՏ ոլորտի ձեռքբերումներին կարելի է ծանոթանալ ՁԻԱ 2018 թ. հաշվետվությունում կամ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության կայքում, ինչպես նաև մի շարք հարցազրույցներում ոլորտի մսանագետների կողմից:
[12] lragir.am/2019/01/28/412971/
[13] kommersant.ru/doc/3861854