Աճող ներգաղթի միտումները
12 ր. | 2019-03-01Օրակարգում միգրացիոն քաղաքականության մշակումն է
Ամբողջ աշխարհում կա մոտ 260 մլն միգրանտ։ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով` միջազգային միգրացիան ունի աճի միտում. եթե 1995թ.-ին երկրագնդի ամբողջ բնակչության 2.8 տոկոսը համարվում էր միգրանտ, ապա 2017-ին այդ ցուցանիշը 3.4% է: Եթե մինչ վերջին տարիները Հայաստանը համարվում էր միգրանտներ «արտահանող» երկիր, ապա վերջին տարիներին նկատվում է նաև հակառակ միտումը՝ շարունակաբար մեծանում է դեպի Հայաստան տեղափոխվող օտարազգի միգրանտերի թիվը:
Մեծ թվով արտագաղթ և մեծացող ներգաղթ
Մ իգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ ՀՀ-ում կա 190 հազարից ավելի միգրանտ, այսինքն բնակչության 6.5%-ը միգրանտ է։ Հայաստանի մշտական բնակչության թիվը 2017թ.-ին 2008-ի համեմատ նվազել է շուրջ 103.9 հազարով կամ 3.4%-ով, իսկ 2017թ.-ին 2008-ի համեմատ աշխատանքային ռեսուրսները Հայաստանում կրճատվել են շուրջ 334.8 հազարով կամ 14%-ով։
Արտագաղթի բացասական հետևանքների մասին խոսվել է բազմիցս, իսկ վերջին շրջանում ներգաղթի նկատելի աշխուժացման ֆոնին, ինչպես ցույց են տալիս մեր մոնիթորինգի արդյունքները, ակտիվացել են մի կողմից օտարերկրացիների մուտքը դեպի Հայաստան ողջունող, մյուս կողմից՝ մտահոգություններ բարձրացնող և սահմանափակման կոչեր հնչեցնող անձանց թիվը: Արդյո՞ք Հայաստանի համար մտահոգիչ կարող է լինել ներգաղթյալների թվի նկատելի մեծացումը, թե՞ այս միտումը դեռևս վերահսկելի է և նպաստում է տնտեսական աշխուժացմանը:
ՀՀ-ում բնակչության միգրացիան կարգավորվում է պետության կողմից իրականացվող միգրացիոն ռազմավարության ծրագրով, որը հիմնված է միգրանտների ու փախստականների իրավունքների միջազգայնորեն ամրագրված սկզբունքների ու չափանիշների վրա։ ՀՀ միգրացիոն քաղաքականության գլխավոր նպատակն է բարելավել օրինական միգրացիայի գործընթացը՝ Հայաստան մուտքի ռեժիմների պարզեցման, կացության կարգավիճակների տրամադրման գործընթացների հստակեցման, օտարերկրացիների ՀՀ-ում աշխատանքային պայմանների կարգավորման և կրթության միջազգայնացմանն աջակցելու ճանապարհով:
Միգրացիան՝ թվերով
2 018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին արձանագրվել է սահմանահատումների (ըստ սահմանային գրանցումների) դրական սալդո: Հանրապետություն ժամանումների թիվը գերազանցել է մեկնումներին և կազմել 15,3 հազար մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի բացասական սալդոյի՝ -26,9 հազարի դիմաց: Սա աննախադեպ երևույթ կարելի է համարել, քանի որ վերջին 12 տարվա ընթացքում առաջին անգամ սահմանահատումների սալդոն դրական է։ Ըստ քաղաքացիության երկրների նույնականացված սահմանահատումների սալդոն ևս դրական է՝ 6494, ինչը նշանակում է, որ այդքան մարդ ավելի շատ է մուտք գործել Հայաստան, քան լքել է երկիրը 2018թ.-ի ընթացքում։
Վերջինիս և սահմանային գրանցումների թվերը չեն համապատասխանում, քանի որ հնարավոր է նույն անձը մի քանի անգամ հատի սահմանը և նրա բոլոր ելքերի ու մուտքերի քանակը երևա սահմանային գրանցումներում, իսկ ըստ քաղաքացիության երկրների սահմանահատումների վիճակագրության դեպքում անձերը նույնականացվում են: Հետևաբար, նույնականացված սահմանահատումների թիվն արտացոլում է պատկերն ավելի օբյեկտիվորեն։ Այս տեսանկյունից կարևոր է, թե մուտքերի և ելքերի մեջ ինչ մասնաբաժին ունեն օտարերկրյա քաղաքացիները և ինչ նպատակով են օտարերկրացիները հիմնականում այցելել Հայաստան: ԱԳՆ-ից ստացված տվյալների համաձայն՝ 2018թ.-ի ընթացքում 1097 օտարերկրյա քաղաքացի մուտքի արտոնագիր է ստացել կրթության, 157 հազար 135 անձ՝ զբոսաշրջության համար, իսկ 59 օտարերկրացի ստացել է տարանցիկ մուտքի արտոնագիր:
Հատկանշական է, որ ԱԳՆ տվյալներով՝ 2018թ. մուտքի արտոնագիր է ստացել Հնդկաստանի Հանրապետության 36 հազար 847 քաղաքացի, որոնցից Հայաստան մուտք է գործել միայն 27 հազար 240 քաղաքացի: Ինչպես նկատում ենք սահմանը հատած Հնդկաստանի քաղաքացիների և մուտքի արտոնագիր ստացածների թվերը չեն համընկնում, ինչը կարող է պայմանավորված լինել մուտքի արտոնագրի ստացման, բայց ՀՀ սահմանը չհատելու հետ:
Հայաստանի մուտքի արտոնագիր Հնդկաստանի քաղաքացիները ստացել են մեծամասամբ զբոսաշրջության նպատակով։ Եթե դիտարկենք մուտքի արտոնագիր ստանալու հիմնական նպատակները՝ զբոսաշրջությունն ու կրթությունը, ապա ակնհայտ է, որ 2017-ի համեմատ 2018-ին շուրջ 3.5 անգամ զբոսաշրջության և կրթության նպատակով Հնդկաստանի քաղաքացիների կողմից մուտքի արտոնագիր ստացածների թվի աճը չէր կարող էական ազդեցություն չունենալ ՀՀ միգրացիոն գործընթացների ամբողջ պատկերի վրա: Կարևոր է նաև արձանագրել, որ Հնդկաստանի քաղաքացիները տարանցիկ մուտքի արտոնագիր նախորդ տարվա ընթացքում չեն ստացել։
Հնդկաստանի Հանրապետությունից դեպի Հայաստան հնդիկների ներհոսքին մեծապես նպաստել է 2017 թվականի նոյեմբերին ընդունված որոշումը, որով Հնդկաստանի քաղաքացիների համար հեշտացվել է վիզային ռեժիմի տրամադրումը:
ՀՀ սահմանահատումների ելքերի և մուտքերի ամենամեծ տարբերությունը նկատվում է Ռուսաստանի և Հնդկաստանի քաղաքացիների համար, և այդ տարբերությունը վերջին տարիներին նկատելիորեն ավելանում է: Մասնավորապես՝ 2017թ.-ին Հնդկաստանից սահմանահատումների ելքերի և մուտքերի տարբերությունը կազմել է 394 մարդ, մինչդեռ 2018թ. այն կազմել է 2766 մարդ։ Սա ցույց է տալիս, որ նախորդ տարվա ընթացքում 2766 Հնդկաստանի քաղաքացի ավելի շատ է մտել Հայաստան, քան դուրս է եկել Հայաստանից։ Թե՛ նախորդ տարվա, թե՛ 2017 թվականի ընթացքում, բացառությամբ ՌԴ-ի, ոչ մի այլ երկրից այսքան մեծ թվով ելքերի և մուտքերի տարբերություն չի գրանցվել, հետևաբար զարմանալի չէ այն հանգամանքը, որ հնդիկների թվի ավելացումը դարձավ լայն քննարկման առարկա։
Նմանատիպ պատկեր ունի նաև կացության կարգավիճակ ստացած անձանց վիճակագրությունը. 2018թ. կացության կարգավիճակ է ստացել 7145 օտարերկրյա քաղաքացի, որի մոտ 70 տոկոսը՝ ժամանակավոր, մնացածը՝ մշտական։ Ի հավելումն նշենք, որ ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով, իսկ մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Հնդկաստանը կացության կարգավիճակ ստացած քաղաքացիների թվով առաջատարն է. 2017թ. համեմատ կացության կարգավիճակ ստացած Հնդկաստանի քաղաքացիների թիվն աճել է մոտ 2 անգամ՝ կազմելով 1907, որոնց մոտ 98%-ն ստացել է ժամանակավոր կացության կարգավիճակ։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2018թ-ի դրությամբ դեպի Հայաստան Հնդկաստանից առկա է մեծացող միգրացիոն հոսք, այսինքն՝ ներգաղթ:
Քանի որ թե՛ սահմանահատումների, թե՛ կացության կարգավիճակ ստացածների թվով Հնդկաստանը կտրուկ աճ է գրանցել, տրամաբանական կլինի հնդիկների ներգաղթի առանձին դիտարկումը և դրա նախադրյալների վերհանումը:
Հնդիկների թվի ավելացումը՝ հանրության ուշադրության կենտրոնում
Վ երջին շրջանում մեդիադաշտում հնչել են միգրանտների թվի կտրուկ աճով պայմանավորված մի շարք մտահոգություններ՝ Հայաստանում զբաղվածության խնդրի խորացում, ժողովրդագրական պատկերի փոփոխություն, տեղի աշխատուժի դուրս մղում էժան աշխատուժի հաշվին և այլն։
Հասկանալու համար, թե միգրանտների թվի ավելացումն ինչ դրական և բացասական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի ներսում, խնդիրը դիտարկվել է ազգությամբ հնդիկ միգրանտների օրինակով՝ մի քանի տեսանկյունից՝ միգրանտների օրինապահության և կարգապահության, աշխատանքի շուկայում ներգրավվածության և սոցիալ-մշակութային ինտեգրման:
Այսպես. ՀՀ ոստիկանությունից ստացված տվյալներով՝ ՀՀ տարածքում 2018-ին Հնդկաստանի քաղաքացիների մասնակցությամբ գրանցվել է ընդամենը 14 հանցագործություն, որից 11-ը ծեծի, 1-ը՝ գողության, 1-ը՝ սուտ մատնության և 1-՝ այլ քրեական հոդվածով նախատեսված դեպք: Միևնույն ժամանակ՝ 2018թ. ընթացքում գրանցվել է ՀՀ տարածքում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կատարված վարչական իրավախախտումների 1022 դեպք, որից՝ վտանգավոր և այլ թափոնների փոխադրման և հեռացման կարգը խախտելու 1017, սահմանամերձ գոտի մուտք գործելու և բնակվելու կանոնները խախտելու 4 և լռությունը խախտելու 1 դեպք:
Վերոնշյալ տեղեկատվությունից կարող ենք փաստել, որ հնդիկ միգրանտների հանցավոր կամ օրինազանց վարքագծի վերաբերյալ պնդումներն ուռճացված են, և նրանց կատարված օրինախախտումները խիստ փոքր սեգմենտ են կազմում ընդհանուր հանցավորության և օրինազանցության պատկերում: Հետևաբար ներկա իրավիճակում հնդիկ միգրանտների ներկայությունը բացասաբար չի անդրադառնում հասարակության անվտանգության վրա։
Ի՞նչ գործունեությամբ են զբաղված Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիները
Բ անավոր հարցման արդյունքում ՀՀ աշխատանքի տեղավորման առաջատար ընկերությունների՝ «Գեթ Ջոբ», «Պերսոնա», «Ջոբ Մարկետ», «Տանժեռ» ՍՊԸ-երի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հատկապես վերջին 3 ամիսներին Հնդկաստանի քաղաքացիներն ակտիվ փնտրում են աշխատանք։ Ընկերությունների ներկայացուցիչները պատմեցին, որ հնդիկների դեպքում փոքր-ինչ դժվար է լինում ստեղծել աշխատող-գործատու կապը. չնայած հնդիկները պատրաստ են աշխատել շատ ավելի ցածր աշխատավարձով, քան հայաստանցիները, այնուամենայնիվ, առաջ է գալիս հայերեն լեզվի չիմացության խնդիրը, որը մեծ խոչընդոտ է միգրանտների համար: Լեզվի խնդիրը չի խոչընդոտում միայն ցածր որակավորում պահանջող աշխատանք կատարելիս, օրինակ՝ բանվորական, մաքրության, մեքենաների լվացման աշխատանքներ և այլն:
2018թ. սկզբից մինչ օրս աշխատանքի տեղավորման գործակալություն է դիմում ամսական միջինը 20-30 Հնդկաստանի քաղաքացի: Այս դեպքում աշխատանքի տեղավորման գործակալությունները հիմնականում խորհրդատվական ծառայություն են կարողանում տրամադրել: Հնդիկները հիմնականում աշխատանք են փնտրում շինարարության, առևտրի, հանրային սննդի և հյուրանոցային ոլորտներում: Շինարարական ընկերությունների տրամադրած տվյալների համաձայն՝ տեղական շինարարական ընկերություններում հիմնականում աշխատում են ազգությամբ հայեր, իսկ Հնդկաստանի քաղաքացիներ մեր կողմից հարցված շինարարական ընկերությունների մոտ առայժմ չկան («AAB Construction», «ՍահակյանՇին» ՍՊԸ)։ Հետաքրքրական է, որ իտալական «Ռենկո» ընկերությունում կան 2 հնդիկ աշխատակիցներ՝ սալիկապատող և «թիմ լիդեր», ովքեր կազմակերպությունում աշխատում են 2009-2010թթ.-ից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունն իտալական է, տարբեր ստորաբաժանումներում կան նաև շատ իտալացիներ։
Չնայած մեր դաշտային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ շինարարական, բեռնափոխադրող և այլ կազմակերպություններում փաստացի աշխատում են հնդիկ միգրանտներ, սակայն այդ կազմակերպություններին ուղղված հարցումների պատասխաններում հնդիկ միգրանտների աշխատելու մասին տեղեկատվությունը չի հաստատվում: Սա կարող է վկայել այն մասին, որ որոշ ընկերություններում միգրանտներն աշխատում են առանց գրանցման: Իհարկե, առանց գրանցման աշխատողների առկայությունը Հայաստանի տնտեսությունում խիստ տարածված է, և միգրանտներն այս հարցում շատ ավելի մատչելի ու շահավետ թիրախ են: Այս միտումը ժամանակի ընթացքում կարող է խորացնել աշխատանքի շուկայում առկա ստվերը, ինչը կանխելու համար պատկան գերատեսչությունները պետք է ճկուն մեխանիզմներ մշակեն:
Միևնույն ժամանակ որոշ գործարարներ վստահեցնում են, որ Հայաստանում էժան աշխատուժը հատկապես գյուղատնտեսության ոլորտում խիստ պահանջված է, ինչը կարելի է լրացնել ակտիվ աշխատունակության տարիքում գտնվող միգրանտների հաշվին: Սակայն պետք է նկատել, որ նման միտումը դեռևս չի նկատվել, և Հայաստան ժամանածները ձգտում են հաստատվել Երևանում:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այն հնդիկները, ովքեր Հայաստանում հաջողության են հասել, կողմ են արտահայտվում նախկինում գործող մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմին։ Այս և մի շարք այլ թեմաների շուրջ զրուցել ենք հնդիկ գործարար Դանեշ Նարայանանի հետ։
Հնդիկ գործարարի հաջողված փորձը․ Դանեշ Նարայանան
Օ րինապահությունից և աշխատանքի շուկայում ներգրավվածությունից զատ միգրանտների ինտեգրման համար կարևոր գործոն է նաև սոցիալ-մշակութային ինտեգրումը: Այս առումով պետք է նկատել, որ հայաստանյան սոցիալ-մշակութային միջավայրը զուրկ չէ ազգությամբ հնդիկների համար հարազատ թվացող գործոններից: Այդ մասին վկայում են հենց իրենք:
Դանեշ Նարայանանն առաջին հնդիկ ներդրողն է ՀՀ-ում, ով Հայաստանում է 1994թ.-ից, հաջողություններ է գրանցել տեքստիլ արդյունաբերության, առևտրային գործակալական ոլորտի, ինչպես նաև ռեստորանային բիզնեսի մեջ։ Մատնանշելով նոր կառավարությունից դրական սպասելիքները՝ գործարարը մեծ ոգևորությամբ է խոսում Հայաստանում բիզնեսի ծավալման նոր հնարավորությունների մասին և պատրաստվում է նոր ներդրումներ իրականացնել Հայաստանում, ինչպես նաև, որպես արդեն փորձառու գործարար, պատրաստվում է այլ ներդրողների ներգրավել և կապել տեղի գործարարների հետ։ Շուտով կբացվի գործարարի 2-րդ ռեստորանը, որի հիմնական նպատակն, ըստ գործարարի, ոչ միայն շահույթի ստացումն է, այլ ավելի շատ հնդկական մշակույթի ներկայացումը Հայաստանում, որտեղ այն սիրով է ընդունվում հայերի կողմից։ Գործարարն իր ձեռնարկատիրական գործունեությունն է ծավալում նաև Վրաստանում և Հնդկաստանում, ինչպես նաև Դուբայում, որտեղ գտնվում է իր հիմնական առևտրային գործակալական գրասենյակը։
Հարավային Հնդկաստանի Կերալա նահանգից ՀՀ եկած Դանեշ Նարայանանի առաջին բիզնեսը եղել է տեքստիլ արդյունաբերության ոլորտում, որը հիմնադրվել է 1996թ. և գործել մինչև 2001-ը. էժան հումքը բերվել է Հնդկաստանից, տեղի տեքստիլ ֆաբրիկաների միջոցով իրականացվել են պատվերներ, այնուհետև արտադրանքն արտահանվել է այլ երկրներ։ Հիմնական պատվիրատուն եղել է ԱՄՆ-ն։ Հատուկ մշակված ծրագրի շրջանականերում տեքստիլ գործարանը տեղափոխվել է Աֆրիկայի երկրներ, որպեսզի Աֆրիկայում նույնպես զարգանա տեքստիլ արդյունաբերության ոլորտը։ Տեղի կարի ֆաբրիկաներից համագործակցել է Մասիսի «Գարուն», Վանաձորի «Գլորիա» և «Բազում» ֆաբրիկաների հետ։
Դանեշ Նարայանանի կարծիքով ՀՀ-ում գործարան հիմնելու համար կան բոլոր կարևոր նախապայմանները, մասնավորապես՝ տեսքստիլ արդյունաբերությունում արդեն իսկ բարենպաստ ցանց է ձևավորվել։
15 տարի առաջ էլ հիմնել է առաջին հնդկական ռեստորանը ՀՀ-ում՝ Կարման։ Գործարարը պատմում է, որ այդ տարիներին շատ քիչ հնդիկներ են ապրել ՀՀ-ում։ Նրա խոսքով՝ ԵՊԲՀ-ում այդ ժամանակ սովորում էր ընդամենը 40 ուսանող։ Սկզբում ռեստորանի գործարկումը հանգեցրել է մի շարք խնդիրների․ նախ տեղացիների քիմքին օտար են եղել հնդկական ուտեստները, հնդիկների թվի սակավության պատճառով հաճախորդներ սկզբում շատ չեն եղել։ Գործարարը պատմում է, որ շուրջ 10 տարի ինքն այդ ռեստորանից շահույթ չի ստացել։ Վերջին տարիներին այն սիրելի է դարձել թե՛ հայաստանցիների, թե՛ տեղի հնդիկների և թե՛ զբոսաշրջիկների համար։ Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք միայն հնդիկներն են աշխատում ռեստորանում, հնդիկ գործարարը պատմեց, որ տարիներ շարունակ իր ռեստորանում աշխատում են և՛ հայեր, և՛ հնդիկներ։ Հնդիկները հիմնականում աշխատում են որպես խոհարարներ՝ հաշվի առնելով խոհանոցի առանձնահատկությունը, իսկ մնացած աշխատանքներում հատուկ ընտրություն չի կատարվում ազգերի մեջ։ Գործարարն ասաց, որ հիմնականում վարձում է հնդիկ մենեջերների, քանի որ նրանք ավելի պատրաստված են, արտաքին միջավայրին ավելի ծանոթ, ունեն փորձ, իսկ հայ մենեջերներն այդքան էլ փորձառու չեն, ինչպես նաև լավ մասնագետները հիմնականում աշխատում են արտերկրում, մասնավորապես՝ ՌԴ-ում։
Խոսելով հնդիկների մասսայական ներգաղթի մասին` Դ. Նարայանանն ընդգծեց, որ կողմ է Հնդկաստանից Հայաստան մուտքի վիզայի նախկին ռեժիմով տրամադրմանը. պետք է դիմել դեսպանատուն, վերականգնել աշխատանքի հրավեր ուղարկելու ինստիտուտը՝ կանոնակարգելով հնդիկների ներգաղթը Հայաստան։
Ըստ գործարարի՝ Հնդկաստանից ՀՀ ներգաղթում են հիմնականում Փանջաբ և Գուջարաթ նահանգներից, և Հնդկաստանում որոշ գործակալներ, օգտվելով այդ նահանգերում ապրող հնդիկների՝ վիզայի տրամադրման դյուրացման որոշման մասին անտեղյակությունից, խաբեության միջոցով խոշոր գումարներ վերցնելով իրենց հայրենակիցներից, խոստանում են տանել Եվրոպա, սակայն նրանց հասցնում են ՀՀ։ Նմանատիպ դեպք տեղի է ունեցել վերջերս, երբ Հնդկաստանի Փանջաբ նահանգի բնակիչները Հայաստանում էին հայտնվել տուրիստական գործակալների կողմից իրականացված խաբեության արդյունքում:
Նման փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, գործարարն իրատեսական չի համարում այլ երկրից էժան աշխատուժի ներգրավումը՝ հատկապես Հնդկաստանի Փանջաբ և Գուջարաթ նահանգներից, որտեղից աշխատուժի շատ ցածր որակի պատճառով Վրաստանը փակել է ամբողջ Հնդկաստանից ազատ վիզային ռեժիմը։ Այդ նահանգներում աշխատում են հատուկ գործակալներ, որոնք մեծ գումարներով, լավ կյանք ապահովելու և Եվրոպա տեղափոխելու խոստումներով մեծաթիվ հնդիկներ են տեղափոխում Հայաստան։
Գործարարը կարևորում է ավելի «որակյալ» հնդիկների մուտքը Հայաստան, քանի որ միգրանտների որակն ուղղակիորեն ազդում է այլ հնդիկների վրա, ովքեր արդեն իսկ հարգանք ու պատիվ են վայելում հայերի շրջանում։ Գործարարի համար առաջնային է օրինական և թափանցիկ գործունեության ծավալումը ՀՀ-ում: Խոսելով հարկային օրենսգրքում իրականացվող փոփոխություններից՝ գործարարը նշեց, որ դրանք ոչ մի կերպ չեն ազդի իր որդեգրած գործելաոճի վրա:
Գործարարը նաև ընդգծում է, որ հեղափոխությունից հետո Հայաստանը դարձել է ավելի բարենպաստ երկիր բոլորի համար, քանի որ վերացել է վախի մթնոլորտը, մարդիկ ավելի ազատ են իրենց գործողությունների մեջ:
Կարելի է եզրակացնել, որ միգրացիոն հոսքերից խուսափելն անհնար է, և ՀՀ միգրացիոն քաղաքականության ծրագրում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որոնք կբերեն ոչ միայն օրինական միգրացիայի և այլ երկրների հետ վիզային ռեժիմների դյուրացմանն, այլ նաև հստակ կամրագրեն այն դրույթները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ապահովագրվել միգրանտների անվերահսկելի հոսքից: Միգրացիոն քաղաքականություն վարելու հետ մեկտեղ պետք է մշակել սոցիալ-տնտեսական այնպիսի ծրագիր, որն ապահովելով հայերի զբաղվածության հարցը չի խոչընդոտի և խնդիրներ չի առաջացնի օրինական ճանապարհով Հայաստան տեղափոխված միգրանտների համար: Հնդկաստանի քաղաքացիների ներգաղթը լավ հնարավորություն է Հայաստանի միգրացիոն քաղաքականությունը վերաիմաստավորելու և բարեփոխելու համար: