Միգրացիայի սոցիալական վտանգը
4 ր. | 2018-12-24Ամուսնալուծություններ-արտագաղթ կոռելացիոն կապը
Միգրացիան Հայաստանի Հանրապետությունում մեծ տարածում ունի, որի հիմնական պատճառներից են աշխատանքի որոնումը, բարեկեցիկ միջավայրում ու պայմաններում ապրելու ձգտումը, ավելի լավ ապագա ունենալու հույսը և մի շարք այլ գործոններ: Նախորդ տարիներին արձանագրված միգրացիոն միտումները Հայաստանին կանգնեցրել էին ապաբնակեցման մարտահրավերի առաջ։
Ներկայումս ժողովրդագրական սուր ճգնաժամի ու դրա վնասների մասին բարձրաձայնում են քաղաքական, տնտեսական և սոցիալական հիմնահարցեր քննարկող տարբեր ամբիոններից: Մասնավորապես, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն հայկական սփյուռքը համարում է Հայաստանի բնակչության համար երկիրն ավելի հեշտությամբ լքելու գործոն, իսկ արտագաղթը՝ մահացու վտանգ: Այլ հետազոտողների գնահատականներով՝ արտագաղթի ինչպես 1990-ականների առաջին, այնպես էլ 2008-ից հետո սկսված երկրորդ ալիքն աշխարհամակարգի վերակառուցման և դրա արդյունքում Հայաստանում ձևավորված կապիտալիզմի հետևանք են:
Հ այաստանի ժողովրդագրական ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1999թ. համեմատ 2017թ. ամուսնալուծություններն ավելացել են 215%-ով, իսկ ամուսնությունները՝ 22%-ով, ընդորում, դիտարկվող տարիներին մշտական բնակչությունը շարունակել է նվազել: Վերջին տարիներին ամուսնությունների թիվն ու ծնելիության ընդհանուր գործակիցը նվազման միտում ունի: Սա մասամբ բացատրվում է առաջին անգամ երեխա ունեցող կանանց (1999թ.՝ 25, 2016 թ.՝ 26.4), առաջին անգամ ամուսնացող տղամարդկանց և կանանց տարիքի (գյուղում և քաղաքում) բարձրացման հետ։
Ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվը (մարդ) և ծնելիության ու մահացության ընդհանուր գործակիցները (%), 1991-2017թթ. (Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԿ տարեգրքեր)
Միևնույն ժամանակ, կտրուկ նվազել է վերարտադրողական տարիքի կանանց և տղամարդկանց թիվը, ինչը ծնելիության մակարդակի նվազման «միգրացիոն» հետևանք է: Այսպես, 2016թ. վերարտադրողական տարիքի տղամարդկանց թիվը 1999թ. համեմատ նվազել է 23.7, իսկ կանանց թիվը՝ 26.8%-ով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալները փաստում են, որ 1999-2009թթ. միգրացիայի մնացորդը հիմնականում դրական է եղել, ինչը, թերևս, պայմանավորված է այդ տարիներին Հայաստանում տնտեսական աճով: 2010թ.-ին նախորդ տարվա 14.1% տնտեսության անկման և 18.7% գործազրկության մակարդակի պայմաններում, միգրացիայի հաշվեմնացորդը գրեթե կրկնակի ավելացել էր:
Միջազգային ուղևորափոխադրումների ծավալները 1999-2017թթ., հազար մարդ
1999-2017թթ. ՀՀ ժամանածների թիվը գերազանցել է մեկնածների թիվը միայն 2004-2006թթ., ինչը կարելի է բացատրել համաշխարհային տնտեսական դրական միտումների շնորհիվ Հայաստանի տնտեսության աշխուժացմամբ: 2007թ. նախաճգնաժամային ժամանակահատվածից սկսած արտագաղթի ցուցանիշների տարեկան աճի տեմպերն ավելի ընդգծվեցին: Ճգնաժամի հետևանքները դեռ չվերացած՝ երկրում արտագաղթը շարունակաբար աճում էր, իսկ բնակչության թիվը նվազում՝ մոտենալով 3 միլիոնի սահմանագծին: Տնտեսական պատճառներից բացի այս տարիներին կարելի է առանձնացնել նաև քաղաքականը և սոցիալ-հոգեբանականը՝ Ադրբեջանի ռազմական հռետորաբանության ակտիվացումը, ղարաբաղյան խնդրի սրացումը, 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո տիրող մթնոլորտը և այլն:
Միգրացիայի սոցիալական վտանգը շեշտադրելու, ինչպես նաև ամուսնալուծությունների թվի մեծ փոփոխության և միգրացիայի միջև փոխառնչությունները բացահայտելու համար իրականացվել է էկոնոմետրիկ վերլուծություն, որը հնարավորություն է տալիս հասկանալու, թե միգրացիան այս դեպքում՝ մեկնողների թիվը) ինչպես է անդրադառնում ամուսնալուծությունների վրա:
Նախքան ազդեցության գնահատում իրականացնելը լոգարիթմային հաշվարկով արտածվել են թվային շարքերը, որպեսզի նորմավորվեն հնարավոր տոկոսային տատանումները:
Ամուսնալուծությունների և Հայաստանից մեկնողների միջև կոռելացիոն կապը
Գծապատկերը ցույց է տալիս ամուսնալուծությունների և Հայաստանից մեկնողների թվի միջև ուժեղ կոռելացիոն կապը 0.968): Սա նշանակում է, որ արտագաղթի ծավալի մեծացմանը զուգահեռ մեծանում է նաև ամուսնալուծությունների թիվը, ինչն, իր հերթին, ծնում է մի շարք նոր սոցիալական խնդիրներ: Ժողովրդագրական հիմնախնդիրներն ավելի են սրվում միգրացիոն հոսքերի մեծ ծավալների արդյունքում՝ ի հայտ բերելով ինչպես ծնելիության մակարդակի բարձրացման, այնպես էլ արտագաղթի կանխման մարտահրավերներ:
Վիճակագրական ցուցանիշները և դրանց հիմնական միտումներն ուղղակի ազդակներ են պետական քաղաքականության բարեփոխումների միջոցով ավելի ճկուն ու գործնական մեխանիզմներ մշակելու համար: Հատկապես վերարտադրողական տարիքի երիտասարդների դեպքում խնդիրն օրակարգային է: Մասնագիտական գիտելիք և հմտություն ունեցող երիտասարդը չի հանդուրժի բուհից աշխատաշուկա անցման երկարատև փուլը կամ արժանապատիվ աշխատանքի բացակայությունը, ինչը պայմանավորված է Հայաստանի աշխատանքի շուկայի առաջարկի ու պահանջարկի մշտական անհավասարակշռությամբ:
Ա յս ամենն իր անդրադարձն է ունեցել նաև բնակչության ծերացման գործակցի վրա, որը 1990թ. 32.4%-ի փոխարեն 2016-ին կազմել է 82.6%: Թեև մի շարք հետազոտություններում նշվում է, որ բնակչության ծերացումը հանգեցնում է հանցավորության ու ամուսնալուծությունների թվի նվազմանը, սակայն Հայաստանում 1999թ. համեմատ 2016թ. հանցավորությունների թիվն ավելացել է 75%-ով 17546 հանցագործություն), իսկ ամուսնալուծությունները՝ մոտ 3 անգամ: Բնակչության ծերացման սոցիալ-տնտեսական վնասներն ակնհայտ են. աշխատանքային ռեսուրսների նվազում, պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի անհավասարակշռություն:
Այսպիսով, կարող ենք ասել, որ վերջին տասնամյակում Հայաստանի միգրացիայի բարձր տեմպը ծանր հետևանք է թողել ոչ միայն բնակչության թվի վրա, այլ նաև հանգեցրել ներհասարակական, սոցիալական հարաբերությունների աղճատմանն ու խզմանը: