Վրաստանյան իրադարձությունների համառոտ ժամանակագրություն. Մաս 1․

8 ր.   |  2021-03-03

Վրաստանի միավորումը Ռուսական կայսրությանը

(Սկիզբն այստեղ)

Ժ ամանակագրությունը տրված է ընթերցողի հիշողությունում վերականգնելու համար Վրաստանի պատմության ընդհանուր պատկերը։ Այն կարևոր է իմաստավորելու և մեկնաբանելու համար Վրաստանի հասարակական գիտակցության ներկա (2020-2021 թթ.) վիճակը։

Վրաստանի իրադարձություններն ընտրված են այնպես, որպեսզի բացահայտեն վրաց-ռուսական, աբխազական, օսական և ներվրացական հարաբերությունների ներկայիս առանձնահատկությունները։ Առանձին նշանակություն ունեն բուն ներվրացական և վրաց-ռուսական հարաբերությունները: Իրադարձությունները խմբավորված են ըստ ժամանակաշրջանների։ Յուրաքանչյուր ժամանակաշրջանի վերաբերյալ բաժնից հետո տրված է դրանցից բխող հիմնական եզրակացությունները՝ մեր հետազոտական հարցի տեսակետից։

Իրադարձությունների մեկնաբանությունները նշանակալիորեն կապված են Վրաստանի պատմաաշխարհագրական նահանգների և դրանց բնակչության առանձնահատկությունների հետ։ Նկար 1-ում տրված է Վրաստանի պատմաաշխարհագրական նահանգների քարտեզը։


Նկար 1․ Վրաստանի պատմաաշխարհագրական նահանգները։

XVII-XVIII
դարեր, Արևմտյան Վրաստանի թագավորություններն ու իշխանությունները՝ Իմերեթիան, Մեգրելիան, Գուրիան, Աբխազիան անընդմեջ պատերազմում էին միմյանց հետ, երբեմն միավորվելով՝ Օսմանյան կայսրությունից պաշտպանվելու համար։

Արևելյան Վրաստանի թագավորությունները՝ Քարթլի, Կախեթիա, գտնվում էին Իրանական կայսրության գերիշխանության ներքո։ Ժամանակ առ ժամանակ Արևելյան Վրաստանն ունենում էր պատերազմական հաջողություններ, սակայն նրա թագավորները գիտակցում էին, որ ունակ չեն միայնակ դիմագրավելու իրանական և օսմանյան նվաճողական ձգտումներին։


Նկար 2. Վրաստանը XVIII դարի 2-րդ կեսին: 

1974 —
1768-1774 թթ. պատերազմի արդյունքում Քյուչուկ-Կայնարաջիկի հաշտության պայմանագրի կնքումից հետո Օսիան կամավոր միացավ Ռուսական կայսրությանը։
1789 —
Իմերեթական թագավորությունը փլուզվեց՝ անջատվեցին Գուրիան, Մեգրելիան և Աբխազիան։
1782 —
Վրաստանի (Քարթլի – Կախեթական թագավորություն) թագավոր Հերակլ II-ը դիմեց կայսրուհի Եկատերինա II-ին՝ Վրաստանն իր հովանավորության տակ առնելու խնդրանքով։
1783
 հուլիս 24 — Ռուսական կայսրության և Վրաստանի (Քարթլի-Կախեթական թագավորության) միջև ստորագրվեց Գեորգիևյան Տրակտատը (պայմանագիրը), համաձայն որի Վրաստանն անցնում էր Ռուսաստանի հովանավորության ներքո։

Ըստ Տրակտատի Ռուսաստանը երաշխավորում էր Վրաստանի տարածքային ամբողջականությունը, օգնում վերադարձնել նրա բոլոր կորցրած տարածքները, այդ թվում՝ Աջարիան։ Ազատագրված տարածքները տրվում էին Վրաստանի թագավորի տիրապետությանը, պայմանով, որ նա զրկվում է առանց Ռուսաստանի իշխանությունների գիտության այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց։ Ռուսաստանը պարտավորվում էր չմիջամտել Վրաստանի ներքին գործերին։ Վրաստանի հպատակները ստանում էին նույն իրավունքներն, ինչ Ռուսաստանի հպատակները։ Վրաստանի կաթողիկոսը մնում էր Վրաց Եկեղեցու առաջնորդը և ընդգրկվում էր Ռուսաստանի Սրբազան Սինոդի կազմում՝ 1-ին կարգի Եպիսկոպոսի իրավունքներով։ Տրակտատի ընդունմանն աջակցեց Վրաստանի Կաթողիկոս Անտոնիոս I-ը։

Գեորգիևյան տրակտատը Ռուսաստանում և տարածաշրջանում բարդ և բուռն իրադարձությունների պատճառով չիրագործվեց։

1800
 նոյեմբեր 17 — Իշխան Ճավճավաձեն Վրաստանի թագավոր Գեորգի XII-ի նամակը և Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելու խնդրագիրը հանձնեց Ռուսաստանի Պավել I կայսրին։ Խնդրագիրը պարունակում էր Գեորգիևյան տրակտատի համարյա բոլոր կետերը։

Ռուսական կայսրության ազդեցիկ պաշտոնյաների շրջանում առկա էին լուրջ տարաձայնություններ՝ ընդունել, թե՞ չընդունել խնդրագիրը։ Վրաստանի մասնատվածությունը, միմյանց հետ անընդհատ պատերազմող թագավորությունների և իշխանությունների, ինչպես նաև արքայական խիստ բազմանդամ ընտանիքի իշխանության համար մղվող անզիջում պայքարը, հուշում էին, որ Վրաստանի ընդգրկումը Ռուսական կայսրության կազմում՝ վրաց արքայական ընտանիքի և արիստոկրատիայի արտոնությունների պահպանմամբ, կհանգեցնեին հարատև անլուծելի խնդիրների, որոնցից վնասը կգերազանցեր Վրաստանը Ռուսաստանին միանալուց ստացվող օգուտներին։ 

Այդուամենայնիվ, երկու օր անց Ալեքսանդր I կայսրը հավանություն տվեց խնդրագրի բոլոր կետերին,[1] սակայն, այդ մասին մանիֆեստը ստորագրեց համարյա մեկ տարի անց։

1801
 սեպտեմբեր 12 — Ալեքսանդր I-ը ստորագրեց Վրաստանը Ռուսական Կայսրության կազմում ընդգրկելու մանիֆեստը։
1803
 — Ռուսական կայսրության կազմում ընդգրկվեց Մեգրելիայի իշխանությունը։
1804
 — Ռուսական կայսրության կազմում ընդգրկվեց Իմերեթական թագավորությունը։
1806
 — Աբխազիան Ռուսական կայսրությանը միավորելու սկիզբը։
1810
 — Ռուսական կայսրության կազմում ընդգրկվեց Գուրիայի իշխանապետությունը։
1829
 — Ադրիանապոլսի պայմանագրով Օսմանյան կայսրությունը ճանաչեց Իմերեթիայի, Մեգրելիայի, Գուրիայի և Արևելյան Վրաստանի միավորումը Ռուսական կայսրությանը։
XIX
 դարի ընթացքում վրաց իշխանները պարբերաբար փորձում էին հպատակեցնել օսերին և իրենց տիրույթներին միավորել օսերով բնակեցված տարածքները, ինչն առաջացնում էր պարբերական ընդհարումներ վրաց իշխանների և օսերի միջև։
1842
 — Ռուսական կայսրությունը Վրաստանում կազմավորեց Օսական շրջանը։
1852
 — Վերացնելու համար վրացի ազնվականության ոտնձգություններն օսերի նկատմամբ՝ Ռուսական կայսրությունն օս գյուղացիությանը շնորհեց պետական գյուղացիների կարգավիճակ և արգելեց օսերի նկատմամբ ճորտատիրական իրավունքը։
1858
 — Ռուսական կայսրության կազմում ընդգրկվեց Սվանեթիայի (Վրաստանի հյուսիս-արևմտյան լեռնային նահանգը) իշխանությունը։
1866
 և 1877 — Աբխազիայից իսլամ աբխազների արտաքսումը և ինքնակամ արտագաղթը Թուրքիա, նրանց փոխարեն Աբխազիայում քրիստոնյա վրացիների, հայերի և ռուսների վերաբնակեցումը, որի նպատակն էր Աբխազիան բնակեցնել Ռուսական կայսրությանը հավատարիմ բնակչությամբ։ Արդյունքում աբխազներն Աբխազիայում դարձան էթնիկ փոքրամասնություն։
1878
 — Աջարիան ընդգրկվեց Ռուսական կայսրության կազմում։
1905
 — Գյուղացիական պատերազմ Հարավային Օսիայում՝ վրաց ֆեոդալների դեմ։

Հիմնական դրույթներ

Ա րևմտյան Վրաստանը (Իմերեթիա, Մեգրելիա, Գուրիա, Աջարիա, Աբխազիա) միջնադարում, մինչև Ռուսական Կայսրության կազմում ընդգրկվելն ունեցել է զարգացման ավելի բարենպաստ պայմաններ, սակայն չի կարողացել դրանցից օգտվել ներքին գժտությունների պատճառով։ Արևելյան Վրաստանը (Քարթլի, Կախեթիա) որպես կանոն գտնվել է հզոր կայսրությունների ճնշման ներքո։ XVIII դարի վերջում Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելը Վրաստանի համար դարձել էր կենսական անհրաժեշտություն։

Ռուսական կայսրության կազմում Վրաստանի ժողովրդական զանգվածներն ավանդաբար ունեցել են ռուսական կողմնորոշում և ձգտել են ընդգրկվել և մնալ կայսրության կազմում։ Հակառուսական տրամադրությունները և անկախության ձգտումներն ավանդաբար եղել են ազնվականության մի մասի, մտավորականության և եկեղեցական շրջանակներում։

Վրացական վերնախավի անկախության պահպանման հիմնական ռազմավարությունը եղել է և մնում է կայսրությունների (Ռուսական, Օսմանյան, Իրանական) միջև խուսանավումը՝ նրանց հակասությունների պայմաններում։ Այդ պատճառով, վերջին մոտ 250 տարիների ընթացքում, ճգնաժամային փուլերի պատմական մեկնաբանությունները, քաղաքականության ոլորտում հեշտությամբ ստանում են գաղափարախոսական հիմքեր։ Դա վերաբերվում է

  • Վրաստանը Ռուսական կայսրությանը միավորվելու ժամանակաշրջանին՝ 1783-1801 թթ․,
  • Վրաստանի խորհրդայնացման և ԽՍՀՄ կազմում ընդգրկվելու ժամանակաշրջանին՝ 1921-1922 թթ․, և
  • ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակաշրջանին՝ 1986-1991 թթ.։

Այդ առանձնահատկությունները մինչև օրս կարևոր նշանակություն ունեն Վրաստանում առկա գաղափարաբանություններում, ռուս-վրացական հարաբերությունների ընկալումներում և Վրաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում։

Վրացիների և օսերի միջև վաղ միջնադարից ընդհուպ մինչև XX դարը, խաղաղ գոյակցությանը զուգահեռ, առկա էր նաև հակամարտություն, հաճախ՝ բավական սուր թշնամություն, որն ամրագրված է և՛ վրացիների (հիմնականում Հարավային Օսիայի հարևան նահանգներում՝ Քարթլի, Խևի, Մտիուլետի, Ռաչա, Իմերեթիի արևելյան շրջաններում), և՛ օսերի պատմական հիշողությունում։

Հակամարտության հիմքն այն էր, որ օսերն ավազակային հարձակումներ էին գործում վրացիների վրա, հաճախ գերեվարում էին խաղաղ բնակիչներին՝ ստրուկության դատապարտելով նրանց։ Վրացի իշխանները պատասխանում էին Օսիա պարբերական պատժիչ արշավանքներով։

XVII դարից այդ հակամարտությունն այնքան է սրվում, որ վրացիներն օսերին սկսում են համարել նույնպիսի չարիք, ինչպիսիք էին թուրքերն ու պարսիկները։ Այդ երևույթը վրացիներն անվանում են «օսիանոբա»[2], իսկ օսերը՝ «օսոբա»[3]։ Վրացիների համար տերմինն ունի բացասական երանգ, իսկ օսերի համար՝ դրական, երբեմն մեկնաբանվելով որպես վրացիների նկատմամբ օսերի գերիշխանություն։ Համանման տերմին՝ «լեկիանոբա» կա նաև վրաց-լեզգիական հարաբերություններում, որը նշանակում է լեզգիները ավազակային հարձակումները իրենց հարևանությամբ գտնվող Կախեթիայում։

Համանման էին վրացիների և Հյուսիսային Կովկասի լեռնային ժողովուրդների միջև հարաբերությունները։

Չնայած Վրաստանը Ռուսական կայսրության կազմում ընդգրկվելուց հետո օսիանոբան որպես երևույթ նվազեց, սակայն այն շարունակվել է նույնիսկ XX դարում։ Կարելի է ենթադրել, որ Հյուսիսային Կովկասի ժողովուրդների և վրացիների միջև հակասություններում այդ գործոնը շարունակում է մնալ բավական ազդեցիկ։ Այն սուր է ընկալվում Վրաստանի այն գավառներում, որոնք հարևան են Հարավային Օսիային և ենթադրվում է, որ ավելի թույլ է եղել և համարյա բացակայել է Վրաստանի այլ գավառներում։

Վրաց-աբխազական և աբխազ-ռուսական հարաբերությունների առանձնահատկությունն այն է, որ Աբխազիայի ընդգրկումը Ռուսական կայսրության կազմում տեղի է ունեցել ռազմական ճանապարհով։ Աբխազները Ռուսական կայսրության նկատմամբ ունեն պատմական  պահանջներ՝ աբխազներն Աբխազիայում դարձել են էթնիկ փոքրամասնություն Ռուսական կայսրության XIX դարի քաղաքականության հետևանքով։ Այս առանձնահատկությունը կարևոր նշանակություն ունի աբխազ-ռուսական հարաբերությունների զարգացման հարցում, որը միջնորդվում է Աբխազիայի աշխարհագրական դիրքով՝ Աբխազիան ելք ունի դեպի Սև ծովը, որը Արևմուտքի քաղաքականությունների կոնտեքստում կարևոր գործոն է։

(Շարունակելի)


[1] Волхонский М.А. Завоевание или добровольное присоединение? Политический процесс инкорпорации Картли-Кахетинского царства в состав Российской империи. 1796-1801 гг. Международная аналитика. 2017;(4):72-84. 

Հրատարակությունում մեջբերված տեքստերը տրված են ըստ՝ Акты, собранные Кавказской Археографической Комиссией. Т. 1. – Тифлис, 1866, էջ 179-181։
Ստորև, առանց թարգմանության, տրված են հատվածներ նամակից։

«Е.в. царь Георгий Грузинский, Кахетинский и прочих, наш государь, вельможи, духовенство и народ его желает единожды навсегда принять подданство Всероссийской Империи, обязуясь свято исполнять все то, что исполняемо Российским подданными, не отрекаясь ни от каких законов и повелений, сколько силы того царства позволять будут, с признанием Всероссийского Императора за своего природного Государя и Самодержца, добровольно подвергши себя и царство подданству Всероссийской Империи и иметь им, царям, главное в своем царстве правление по тем законам, кои от Всевысочайшего двора даны быть имеют. От себя ж им без особого повеления никаких узаконений не вводить.»

Վրաստանը հրաժարվում էր երկրում հավաքագրված հարկերից․ «…Доходы же царства Грузинского е.в. царь, так как подданный, представляет в полную власть Г. И. обратить куда Е. В. благоугодно, на содержание войск и на другие тамошние надобности для первых времен…».

Վրաստանը ընդգրկվում էր Ռուսական կայսրության իրավական տարածքում՝ առանց վերապահումների․  «Все подданные царя Грузинского, как дворянство, духовенство, купечество, так и прочий ремесленный народ имеет быть на равных правах и законах, как и Российские подданные»։

[2] Осетинский вопрос / Вахтанг Итонашвили Осетинщина (перевод с грузинского). Составители Акакий Бакрадзе, Омар Чубинидзе, - Издательство "Кера − ХХI". Тбилиси. 1994.

[3] Коста Дзугаев, доцент каф. философии Юго-Осетинского гос. университета Республика Южная Осетия: История и современность,  էջ 73։