1989-2020 թթ․ Վրաստանի ներքին զարգացումները

25 ր.   |  2021-03-01

Մշակութաբանական և աշխարհամակարգային համատեքստը

Հ արավային Կովկասը` Եվրոպա – Արևելք ճանապարհի վրա «ցամաքային նեղուց» է, որը չի անցնում Ռուսաստանով, Թուրքիայով և Իրանով։ Միաժամանակ, այն «կապում է Ռուսաստանը Միջին Արևելքի երկրների հետ, ընդհուպ միջև Հնդկական Օվկիանոս։ Հակադիր տեսակետից՝ Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական «խցան» է, որին տիրապետողն ունակ է փակելու այդ ճանապարհները, իսկ Հարավային Կովկասում երեք անկախ և երկու մասամբ ճանաչված պետության առկայությունն այն վերածում է ճանապարհային փոխանջատիչների (լոգիստիկ տրիգերների)  համակարգի։

Աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նշանակության պատճառով Հարավային Կովկասը Արևմուտքի և Ռուսաստանի միջև գլոբալ հակամարտության կարևորագույն ճակատներից է։ Աշխարհամակարգային հեգեմոնի փոփոխության ներկայիս փուլում Հարավային Կովկասում գերտերությունների մրցակցությանը սեփական հավակնություններով միջամտում են նաև Թուրքիան և Իրանը։

Հարավային Կովկասում, այդ թվում՝ Վրաստանում, Արևմուտքի հիմնական նպատակն է պոկել այն Ռուսական ազդեցության գոտուց և ընդգրկել աշխարհամակարգի ծայրամասում, որպես բացառապես Արևմուտքի տիրապետության տիրույթ, ստանալ անվերապահ վերահսկողություն և՛ որպես Արևմուտք – Արևելք լոգիստիկ, և՛ որպես Ռուսաստանը շրջապատող ռազմաստրատեգիական գոտու օղակ։

Աշխարհագրական դիրքի և պատմության առանձնահատկությունների պատճառով Վրաստանը Արևմուտքի անդրկովկասյան քաղաքականության իրականացման «պլացդարմն» է։ Վրաստանը որպես լոգիստիկ օղակ կիրառման առավել հավանական ինստիտուցիոնալ ձևը նրա ընդգրկումն է ԵՄ կազմում, իսկ որպես ռազմաստրատեգիական օղակ՝ ընդգրկումը ՆԱՏՕ-ի կազմում։ Եվրոպական Միությունում և ՆԱՏՕ-ում ընթացող գործընթացները հուշում են, որ հնարավոր է ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն մշակեն երկրներն իրենց կցելու նաև այլ ձևեր։

1987-2020 թթ. Ռուսաստանի դեմ Արևմուտքի գործունեության արդյունքում ռուս-վրացական հարաբերություններում կուտակվել է հսկայական ծանր բացասական ժառանգություն, որի հետևանքով Վրաստանի հասարակությունում Ռուսաստանն ընկալվում է որպես իրենց երկրի համար ամենամեծ ռազմական, քաղաքական և տնտեսական վտանգը։ Ռուս-վրացական հարաբերությունների զարգացման առավել իրատեսական սցենարն այն է, որ մնացած հավասար պայմաններում, Ռուսաստանի բացասական կերպարը Վրաստանի հասարակությունում կպահպանվի առնվազն մի քանի տասնամյակ։

Վրաց-ռուսական բարեկամական միջպետական հարաբերությունները Հայաստանի համար ունեն կենսական նշանակություն։ Վրաստանի և Աբխազիայի միջև երկաթուղային հաղորդակցության արգելափակված վիճակը Հայաստանի ազգային անվտանգության տեսակետից կրիտիկական բացասական գործոն է։ Այն խիստ սահմանափակում է Հայաստանի և նրա հիմնական տնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի[1] միջև տնտեսական համագործակցությունը, Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների միջև տնտեսական համագործակցությունը, Հայաստանի և Հայաստանում ՌԴ ռազմակայանների ռազմական մատակարարումները։

Այդ իրավիճակը, կայուն և հզոր գործոն է, որը դրդում է Հայաստանի իշխանություններին բացահայտ կամ ոչ բացահայտ կերպով փնտրել այլ հզոր հովանավորներ՝ (վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն) խարխլելով հարաբերություններն իր կարևորագույն դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, ինչը նպաստում է Հայաստանում Արևմուտքի քաղաքականության առաջխաղացմանը, որոնք, վերջին հաշվով, նույնն են, ինչ Վրաստանում։

Այդուհանդերձ, սոցիալական տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում, հնարավոր են հասարակական գիտակցության պարադոքսալ կերպարանափոխություններ։ Դրանք հնարավոր են երևույթների խորը և մանրամասն դիտարկման արդյունքում վեր հանված, առաջին հայացքից չնչին և անկարևոր թվացող իրողությունների բացահայտման և դրանց ադեկվատ օգտագործման արդյունքում։

  • Հոդվածաշարի հիմնական նպատակն է բացահայտել, արդյո՞ք Վրաստանի հասարակական գիտակցությունում առկա են այնպիսի աշխարհայացքային համալիրներ կամ տարրեր, որոնք հնարավոր են դարձնում ռուս-վրացական հարաբերությունների բարելավումը։

Ուսումնասիրությունը կենտրոնացված է Վրաստանի հասարակության գիտակցությունում ընթացող գործընթացներին, որոնց հիման վրա փորձ է արվել ստանալ կանխատեսման համապատասխան շրջանակ։ Հոդվածի հիմնական հարցն ունի մի շարք կոնտեքստներ, որոնց բովանդակության դիտարկումը պարտադիր է համակարգային պատկերացում ստանալու համար ոչ միայն բուն հետազոտական հարցի վերաբերյալ։ Դրանք թույլ են տալիս նաև Վրաստանի հասարակական գիտակցությունում տեղի ունեցող պրոցեսների դինամիկայի առանձնահատկությունները և արդի վիճակի վերաբերյալ գիտելիքները կիրառել կանխատեսելու համար Վրաստանում տարբեր աշխարհաքաղաքական սուբյեկտների հնարավոր ռազմավարությունները և դրանց արդյունքները։

Հոդվածաշարում կիրառվել են IPS (Institute for Political Studies), IRI (International Republican Institute), NDI (National Democratic Institute) և CRRC (Caucasus Research Resource Centers) կազմակերպությունների կողմից Վրաստանում 2002-2020 թթ. ընթացքում իրականացված մի քանի տասնյակ սոցիոլոգիական զանգվածային հետազոտությունների տվյալները։

1989-2005 թթ. ներվրացական կարևորագույն քաղաքական իրադարձությունները Վրաստանի հասարակական գիտակցությունում

Հ ոդվածի հիմնական հարցի համատեքստի մասին պատկերացում կազմելու համար դիտարկենք Վրաստանում վերջին 30 տարիների հիմնական քաղաքական իրադարձությունները, որոնք 2002 թ.-ից զուգորդվում են Վրաստանում հասարակական գիտակցության վերաբերյալ սոցիոլոգիական տվյալներով։ Զուգորդումը թույլ է տալիս մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ ազդեցություն են ունեցել տարբեր իրադարձությունները Վրաստանի հասարակական գիտակցության վրա, ինչը կարևոր է հետագա սցենարների գնահատման տեսակետից։

Մեր տրամադրության տակ չկային Խորհրդային վերջին տարիներից մինչև 2002 թ. ժամանակահատվածում իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները, սակայն այդ տարիների մասին պատկերացում է տալիս վրացական IPS կազմակերպության 2006թ. հունիսի հետազոտությունում առկա հարցը, թե «որո՞նք են եղել Վրաստանի համար ամենակարևոր իրադարձությունները վերջին 20 տարիների ընթացքում»։ Հարցվողներին ներկայացվել է 16 իրադարձություն և թույլ է տրվել ընտրել դրանցից 5-ը։  Գծապատկեր 1-ում ներկայացված է պատասխանների բաշխումը։ Իրադարձությունները դասավորված են ժամանակագրական հաջորդականությամբ։ Փակագծում տրված է իրադարձության ժամանակը կամ առավել սուր ընթացքի ժամանակահատվածը։


Գծապատկեր 1. Աղբյուրը՝ Nana Sumbadze, Georgia Public Opinion Barometer 2006, Tbilisi 2006, էջ 52։

Դիտարկված բոլոր իրադարձությունները Վրաստանում խորհրդային վերջին և հետխորհրդային տարիներին ընթացող միասնական քաղաքական գործընթացի առանձին բաղադրիչներն են, որոնք ունեն պատճառահետևանքային կապեր։ Սակայն, դրանցից մի քանիսը տեղի են ունեցել միաժամանակ և ընդգրկված են մեկը մյուսի համատեքստում։ Պարզ է, որ, եթե նույն հարցը տրվեր 2020 թ.-ին, ապա անհրաժեշտ կլիներ ավելացնել նաև այլ իրադարձություններ (օրինակ՝ 2008 թ. օգոստոսի 8-12-ի վրաց-օսական պատերազմը), իսկ որոշ հարցեր՝ ցուցակից հանել։ Իրադարձությունների նոր խմբում դրանց գերակայությունները կփոխվեին։

Գծապատկերի տվյալները ներկայացնում են, թե որքանո՞վ են տարածված այդ իրադարձությունները որպես [պարզապես] «կարևոր» Վրաստանի հասարակությունում, սակայն դրանք չեն պարունակում հստակ տեղեկություններ այդ իրադարձությունների բնույթի մասին (մարդկանց կարծիքով դրանք դրակա՞ն, թե՞ բացասական նշանակություն են ունեցել Վրաստանի և վրաց հասարակության համար), ինչպես նաև այդ իրադարձությունների «իրական կարևորության» մասին (մարդկանց կարծիքով դրանք «շա՞տ կարևոր էին», թե՞ «քիչ կարևոր»)։ Պարզ է, որ իրադարձությունը [պարզապես] «կարևոր» համարող մարդկանց մի մասն այն կարող է համարել Վրաստանի համար դրական, իսկ մյուսը՝ բացասական, մի մասը «կարևոր» իրադարձությունը կարող է համարել «խիստ կարևոր», իսկ մյուս մասը՝ «պակաս կարևոր»։

Պարզ չէ նաև ամենակարևորը՝ ինչպե՞ս են մարդիկ մեկնաբանում այդ իրադարձությունները։ Օրինակ, ինչո՞ւ է առաջացել, կամ ո՞վ է հրահրել վրաց-աբխազական կամ վրաց-օսական հակամարտությունը։ Եթե դրանք հրահրված են, ապա ի՞նչ նպատակով։ Մեկնաբանությունները և դրանց զուգորդությունները իրադարձությունների բնույթի և կարևորության աստիճանի հետ կազմում են հասարակական գիտակցության փոփոխությունների հնարավորության նախնական կաղապարը (մատրիցան)։

Մարդիկ ձգտում են միմյանց փոխկապված իրադարձություններին տալ միասնական կամ փոխկապակցված բացատրություններ։ Այդ  բացատրությունները հասարակական գիտակցության «աշխարհայացքային համալիրներն» են, որոնք մնալով լատենտ (թաքնված), ձևավորում են պատմական ժամանակահատվածի բազմաթիվ այլ իրադարձություններ, այդ թվում՝ նաև Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումները։ Սոցիոլոգիական հետազոտությունները, որոնց տվյալները մանրամասն կներկայացվեն Վրաստանի վերաբերյալ հետագա հոդվածներում, ցույց են տալիս, որ ներկայում Վրաստանի հասարակությունում գերիշխում է այդ իրադարձությունների մեկնաբանման հիմնական պետական առասպելը (համառոտ մեկնաբանությունը), որի դրական ուղերձն է՝ «Իրադարձությունների վերջնարդյունքը Վրաստանի ներկայիս անկախությունն ու ինքնիշխանությունն է», իսկ բացասական ուղերձը՝  «Վրացական դժբախտությունների արմատը ռուսական կայսերապաշտությունն է»։

Հոդվածաշարի հետազոտական հարցը փաստորեն կասկածի տակ է առնում, որ այդ առասպելն անխոցելի է և անփոփոխելի։ Դա հնարավոր է թեկուզ այն պատճառով, որ դրանից առաջ հնարավոր է եղել փոփոխել խորհրդային առասպելները։ Եթե հնարավոր է փոփոխել ներկայիս առասպելը, ապա հնարավոր է փոփոխել նաև Վրաստանի հասարակական գիտակցությունում Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումները։

Նկատենք, որ ինչպես Վրաստանում, այնպես էլ ԽՍՀՄ եվրոպական մասի բոլոր հանրապետություններում խորհրդային շրջանի վերջին փուլի մասին պետական առասպելների բովանդակությունը նույնն է։ Հարց է առաջանում՝ որտեղի՞ց են դրանք ծագում։

Ներվրացական քաղաքական իրադարձությունների մշակութաբանական համատեքստը

Ռոմանտիզմը, որպես գրական և մշակութային երևույթ, առաջացել է Գերմանիայում XVIII դարի վերջում և XIX դարի առաջին քառորդում տարածվել է Եվրոպայում։ Այն հակադրվում էր XVIII դարի լուսավորչականության ռացիոնալիզմին։ Գրական ռոմանտիզմի հայտնի դեմքերից են՝ Ջ․ Բայրոնը, Վ․ Հյուգոն, Ու․ Բլեյքը, Վ․ Սկոտը, Հ․ Հայնեն, Ֆ․ Շիլլերը, Ա․ Պուշկինը, Մ․ Լերմոնտովը, Ա․ Միցկևիչը։ 

Ռ ոմանտիզմի հետաքրքրությունների կիզակետում էին մարդու անհատականությունը, ներաշխարհն ու զգացմունքները։ Ռոմանտիկ հերոսը ազատ, ուժեղ և ըմբոստ ոգով, աշխարհին չհամակերպվող, հաճախ՝ միայնակ, արտասովոր անհատականությունն էր։

Մեր վերլուծության տեսակետից հատկապես կարևոր է էթնիկ բաղադրիչը, քանի որ ռոմանտիզմն անդրադառնում էր ժողովրդական սյուժեներին, բանահյուսությանը, հետաքրքրվում էր պատմական անցյալով, փնտրում մարդկանց պատմական գիտակցությունը, ակտիվորեն հետաքրքրվում ցանկացած էթնիկ երևույթներով, նպատակաուղղված էր ազգային գիտակցության և ինքնության վերականգնմանը։ Այս բնութագրերով ռոմանտիզմն ունիվերսալ է ցանկացած էթնոսի համար, սակայն յուրաքանչյուր էթնոսի ռոմանտիզմն, իր բովանդակությամբ և ձևով, յուրահատուկ է այնքանով, որքանով յուրահատուկ և անկրկնելի է էթնոսը։

Ռոմանտիզմը մեծ նշանակություն ունեցավ Գերմանիայում և Իտալիայում միասնական ազգերի ձևավորման հարցերում։ Հատկանշական է, որ Ռուսական կայսրության կազմում գտնվող էթնոսների մտավորականության ամենակարկառուն ներկայացուցիչները ողջ XIX դարի ընթացքում ուսանել են Գերմանիայում։

Ներվրացական քաղաքական իրադարձությունների աշխարհամակարգային համատեքստը[2]

X IX դարի կեսերին կապիտալիստական աշխարհամակարգի հեգեմոնը՝ Բրիտանական կայսրությունը, տեխնոլոգիապես ամենազարգացած երկիրն էր։ Կապիտալիստական հարաբերությունները տեխնոլոգիապես բարձր և ցածր զարգացած պետությունների միջև անհավասար փոխանակության պայմաններում առավելություն էին տալիս Բրիտանական կապիտալին և կայսրությանը։ Այդ պատճառով նրանք հակված էին «ազատ առևտրին», սահմանների թափանցիկությանը, կապիտալի ազատ տեղաշարժին։ Այդ գաղափարը տեսականորեն հիմնավորում էր Ադամ Սմիթը («Ազգերի հարստության բնույթի և պատճառների հետազոտություն», 1776 թ․)։[3]

Սակայն, ցամաքային կայսրությունները խոչընդոտում էին ազատ առևտրին, քանի որ  հասկանում էին, որ բրիտանականի համեմատ իրենց ավելի թույլ տնտեսությունների համար «ազատ առևտուրը» վնասակար է։ Ի․ Գ․ Ֆիխտեի «Փակ առևտրային պետություն»[4] (1800) և, հատկապես՝ Ֆրիդրիխ Լիստի «Քաղաքական տնտեսության ազգային համակարգը»[5] աշխատություններում մշակվել էր ինքնաբավ ազգային տնտեսության հայեցակարգը, որը բավարար խոշոր պետություններին հնարավորություն էր տալիս բարեհաջող զարգացնել իրենց ազգային տնտեսությունները և լրջորեն մրցակցել բրիտանական հզոր տնտեսության հետ։  

Ցամաքային կայսրությունները (Ավստրո-Հունգարական կայսրություն, Ռուսական կայսրություն, Օսմանյան կայսրություն, ապագա միավորված Գերմանիա, որի միավորումն արդեն ընթացքի մեջ էր), իրենց մեծ չափերի՝ տարածքի, տնտեսության, հարստության, կենտրոնացված կառավարման և ռազմական հզորության պատճառով, ունակ էին անհրաժեշտության դեպքում մաքսային, հարկային և այլ մեթոդներով չեզոքացնելու Բրիտանական կայսրությունից բխող և ազատ առևտրի վրա հիմնված աշխարհակարգի վտանգները։ Ցամաքային ուղղակի ընդհարման դեպքում այդ կայսրությունների զորքերը մի քանի անգամ ավելի հզոր ու մարտունակ էին, քան Բրիտանական ծովային կայսրության ցամաքային զորքերը։

Կապիտալիստական աշխարհամակարգի զարգացման տրամաբանությունը աշխարհամակարգի հեգեմոնից՝ Բրիտանական կայսրությունից իր դիրքը պահպանելու համար պահանջում էր ցամաքային աշխարհ-կայսրությունների կազմալուծում։ Բրիտանական ստրատեգներն ընկալեցին ռոմանտիզմի կիրառման ներուժը ցամաքային կայսրությունների դեմ իրենց պայքարում։

Ցամաքային կայսրությունների կազմում կային տարբեր տեղաբնիկ էթնոսներ, որոնց շրջանում ռոմանտիզմի գաղափարների տարածումն ունակ էր առաջացնելու ազգային-մշակութային զարթոնք, ազգային ինքնավարության և անկախության ձգտումներ, ապստամբություններ, պատերազմներ, կայսրությունների թուլացում և, ի վերջո, կազմալուծում։ Արդյունքում կառաջանային փոքր տարածքով, թույլ և թերզարգացած տնտեսություններով, չձևավորված և թույլ կառավարման համակարգերով, միմյանց հետ բազմաթիվ «անլուծելի» տարածքային տարաձայնություններ ունեցող «սուվերեն» պետություններ, որոնք ֆինանսական և տեխնոլոգիական հեգեմոնի՝ Մեծ Բրիտանիայի հետ տնտեսական անհավասար հարաբերությունների արդյունքում  կկենտրոնացվեին նրա շուրջը՝ վերածվելով հումքային կցորդի և ապրանքների շուկայի, այլ կերպ՝ կվերածվեին կապիտալիստական աշխարհամակարգի ծայրամասի, առանց որևէ հավակնությունների հեգեմոնի նկատմամբ և մեծ հավակնություններով՝ միմյանց նկատմամբ։

«Տիրելու համար աշխարհին Անգլիան պետք է պայթեցներ Ավստրիայի, Ռուսաստանի և Պրուսիայի Սրբազան Դաշինքը։ Դրանից հետո՝ Օսմանյան կայսրությունը։ Սկսած լորդ Բայրոնի հունական հեղափոխությունից (1820-ականներ), բրիտանական քաղաքականությունը խաղարկում էր իր մրցակից յուրաքանչյուր կայսրության դեմ ուղղված ազգային-ազատագրական շարժումները։ …1848 թ․-ին լորդ Պալմերստոնը[6], դեռևս լորդ Նելսոնի ժամանակներում ստեղծված բրիտանական գործակալական ցանցի միջոցով, ապստամբություն կազմակերպեց Սիցիլիայում։ Այդպես սկսվեց  մեծ հեղափոխությունների տարին, որը շուռ տվեց բոլոր եվրոպական կառավարություններն ու թագավորական տները»[7]։

XIX դարի կեսերին, Բրիտանական կայսրությունը մայրցամաքային Եվրոպայում արդեն հիմնել էր բազմաթիվ ազգայնական գաղտնի կազմակերպություններ՝ «Երիտասարդ Իտալիա», «Երիտասարդ Լեհաստան», «Երիտասարդ Գերմանիա», «Երիտասարդ Շվեյցարիա», «Երիտասարդ Կորսիկա», «Երիտասարդ Ֆրանսիա»։ XIX դարի վերջում արդեն հայտնվել էին․ «Երիտասարդ Արգենտինան», «Երիտասարդ Բոսնիան», «Երիտասարդ Հնդկաստանը», «Երիտասարդ Ռուսաստանը», «Երիտասարդ Եգիպտոսը», «Երիտասարդ Չեխերը» և համանման խմբավորումներ Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Սերբիայում և Հունաստանում։ Կազմավորվեց նաև «Երիտասարդ Թուրքիան» (երիտթուրքերը)։

Այդ կապակցությամբ Բելգիայի թագավոր Լեոպոլդ Սաքսեն-Կոբուրգը բողոքում էր իր զարմուհուն՝ Բրիտանիայի Վիկտորիա թագուհուն․ «Ձեր մոտ՝ Լոնդոնում, ինչ-որ կոշուտների, մաձինիների, լեգրանժների, լեդրյու-ռոլենների[8] և այլոց յուրօրինակ գազանանոց է հավաքվել, ովքեր պարբերաբար իջնում են մայրցամաք, որպեսզի այստեղ անհնար լինի հանդարտության և բարգավաճման հասնել»։[9]

  • Այսպիսով, XIX դարի կեսերից ռոմանտիզմի բարձր բարոյական ոգին ի սպաս դրվեց կապիտալիստական ռացիոնալիզմին։

XX դարում երկու համաշխարհային պատերազմների արդյունքում կազմալուծվեցին Ավստրո-հունգարական և Օսմանյան կայսրությունները, Բրիտանական կայսրությունը վերածվեց Բրիտանական ազգերի համագործակցության, աշխարհամակարգի հեգեմոնիան անցավ ԱՄՆ-ին, սակայն կապիտալիստական աշխարհամակարգի զարգացման սկզբունքը չփոխվեց՝ այն ամենն, ինչ խանգարում էր կապիտալիզմի էքստենսիվ զարգացմանը և աշխարհամակարգի հեգեմոնին, պետք է տրոհվեր փոքր և թույլ հատվածների։ Այդ տեսակետից ԽՍՀՄ-ի վերածված Ռուսական կայսրությունը մնում էր կարևորագույն թիրախը։ Կարևորագույն նշանակություն ուներ այն, որ

  • ԽՍՀՄ գաղափարախոսական հենքն այնքան հզոր ու գրավիչ էր ամբողջ աշխարհի երկրների, ազգերի ու հասարակությունների լայն զանգվածների համար, որ ԽՍՀՄ-ը լինելով թիրախ, միաժամանակ կապիտալիստական աշխարհակարգի համար մահացու գաղափարախոսական վտանգ էր։

Երկու համաշխարհային պատերազմներին անմիջապես հաջորդեց Սառը պատերազմը (որը աշխարհամակարգի զարգացման ժամանակային ձևն էր։ Այդ պատերազմում ԽՍՀՄ-ը սկսեց տանուլ տալ։[10] ԽՍՀՄ-ում 1986 թ․-ից սկսվեց գորբաչովյան «վերակառուցումը», որն ուղղված էր սոցիալիզմին զարգացման նոր ազդակ հաղորդելուն: Սակայն, քանի որ «վերակառուցումը» ոչ թե զուտ ներխորհրդային, այլ աշխարհամակարգի վերակառուցման կոնֆլիկտային գործընթաց էր, ներքին և արտաքին տարաբնույթ ուժերի ազդեցության տակ «վերակառուցումը» վերածվեց ԽՍՀՄ կազմալուծման կարճատև, սակայն շատ ինտենսիվ փուլի։

  • ԽՍՀՄ կազմալուծման հարցում իր ուրույն և կարևոր դերն ուներ իր արդյունավետությունն ապացուցած գործիքը՝ ազգայնական շարժումները։

ԽՍՀՄ-ում դրանք համարյա միաժամանակ սկսվեցին Ղազախստանում (1986),  Էստոնիայում (1987), Լատվիայում (1987), Լիտվայում (1987), Հայաստանում (1988), Ադրբեջանում (1988), Վրաստանում (1989), Մոլդավիայում (1989), Ուկրաինայում (1989), Բելոռուսիայում (1989), Թուրքմենստանում (1989), Ուզբեկստանում (1989), Տաջիկստանում (1990), Կիրգիզիայում (1990):

ԽՍՀՄ փլուզումից հետո սկսվեց նորանկախ պետությունների աշխարհամակարգային կենտրոնին կցելու պրոցեսը։ Աշխարհամակարգի ծայրամասում ավելի արագ և ավելի փոքր կորուստներով իրենց տեղը ստացան այն հանրապետությունները, որոնք ունեին հանքահումքային, հիմնականում նավթագազային հարուստ պաշարներ, իսկ արդյունաբերական-տեխնոլոգիական հանրապետությունները այդ փուլն անցան շատ ծանր կորուստներով և վերածվեցին առ այսօր մշուշոտ տնտեսական հեռանկարով երկրների Տրանսպորտային հանգույց լինելը Վրաստանի նման փոքր երկրներին տալիս է բյուջետային հավելումներ, սակայն, մյուս կողմից, այդ «անաշխատ փողերը» նվազեցնում են երկրում տնտեսական զարգացման այլ ուղիների փնտրելու մոտիվացիան, նման երկիրը գտնվում է ուժեղ երկրների խիստ ճնշման տակ։ Այդ պատճառով չի կարելի անվերապահորեն պնդել, որ տրանսպորտային հանգույց լինելը միշտ օգտակար է։

Բացի դրանից մեր հրապարակած հոդվածում․ «Հայաստանի և Վրաստանի բնակչության սոցիալական վիճակի համեմատական պատկերը» բազմաթիվ ցուցանիշների կիրառմամբ ցույց է տրված, որ Վրաստանում, որը տրանսպորտային և նավթագազային փոխադրումների կարևոր սուբյեկտ է, հասարակությունն, ընդհանուր առմամբ, ավելի վատ է ապրում, քան՝ Հայաստանում, որ տրանսպորտային փակուղում է։

Մարդկանց լայն զանգվածներն ազգային շարժումներում և քաղաքական առաջնաբեմի վառ իրադարձություններում տեսնում էին իրենց  խորքային նվիրական ցանկությունների իրականացումը և այդ իրադարձությունները մեկնաբանում էին ազգային-ազատագրական շարժումների էթնիկ ընկալումների համատեքստում։ Ազգային առաջնորդներն ու իրադարձությունները վերածվում էին նոր ժամանակաշրջանի խորհրդանիշի։

Հետո մարդիկ սկսեցին նկատել, որ ազգային շարժումները վերածվում են ազգային առաջնորդների իշխանության համար պայքարի, ազգամիջյան, ներազգային և քաղաքացիական պատերազմների։ Մարդիկ տեսնում էին իրենց երկրի տնտեսության քայքայումը, իրենց բնակավայրերի և ընտանիքների տնտեսական վիճակի վատթարացումը։ Սակայն, մարդկանց համար անտեսանելի էր մնում իրադարձությունների աշխարհամակարգային էությունը։ Նրանք չնկատեցին, որ ազատագրվելով մի հզոր պետության գերիշխանությունից, փնտրելով անաչառ, դեմոկրատական, ուժեղ և հարուստ «արբիտր», հայտնվեցին մեկ այլ հզոր պետության գերիշխանության տակ։ Այսինքն գերիշխող ուժի փոփոխությունը չհանգեցրեց ազգային-ազատագրական պայքարի հիմնական նպատակին՝ հայրենիքի սուվերենությանը։

Ոչ միայն սովորական մարդիկ, այլև նոր առաջնորդներն ունակ չեղան ընկալելու, որ քայքայված տնտեսությունների վերականգնման և զարգացման համար անհրաժեշտ հայտարարված  «օտարերկրյա ուղղակի ներդրումները», իրենց հայրենիքի տնտեսական սուվերենությունը և, վերջին հաշվով, քաղաքական սուվերենությունը նոր «արբիտրին» փոխանցելու գործիք են՝ նոր գաղութացման ձև։ «Ազգային ազատագրման» պրոցեսում մարդիկ շատ ուշ նկատեցին նաև դրա կարևորագույն ներազգային լատենտ բաղադրիչը՝ ազգային հարստության յուրացումը իրենց ազգակից փոքրաքանակ խմբի կողմից, շատ մեծ և աճող սոցիալական անհավասարությունը և կոմպրադորային[11] բուրժուազիայի առաջացումը, որը պերիֆերիկ կապիտալիզմի[12] կարևորագույն ազգային դերակատարն է։

Ստացվում է, որ 1989-2006 թթ. «ներվրացական» պրոցեսները ներվրացական էին միայն առաջին՝ մակերեսային հայացքից։ Դրանք իրականում աշխարհամակարգի վերակառուցման գործընթացների արտապատկերումներն էին Վրաստանում։

Մեր հետազոտական հարցի կոնտեքստում կարևոր է այն, որ նկարագրված գործընթացների աշխարհամակարգային բնույթն ուղղակիորեն արտապատկերված է նորանկախ երկրների կուսակցական համակարգում։ Պատահական չէ, որ

  • Նորանկախ հանրապետություններում քաղաքական կուսակցությունների միակ էական ջրբաժանը նրանց աշխարհաքաղաքական կողմնորոշումն է՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան։

Բոլոր կուսակցությունները, տարօրինակ կերպով մոռանալով, որ կուսակցությունը ներկայացնում և պաշտպանում է հասարակության որևէ հատվածի շահերը, հավակնում են ներկայացնելու ամբողջ ազգի շահերը։ Հասարակարգային դրույթները կամ իսպառ բացակայում են կամ գտնվում են անթափանց մշուշում՝ հնարավոր է միայն կապիտալիզմն իր տարատեսակներով՝ օլիգարխիկ կամ մանր բուրժուական։ Մնացած դրույթները բոլոր կուսակցությունների համար նույնական են՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, բնապահպանություն, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության մատչելիություն, ազգային մշակույթի պահպանում։

«Արևմուտք – Ռուսաստան» դեռևս չավարտված հակամարտության պայմաններում, հետխորհրդային երկրների կուսակցությունների վարքագծային առանձնահատկություններից կարևորագույնն այն է, որ, երբ որևէ կուսակցություն իշխանության է գալիս, ապա նրա աշխարհաքաղաքական դիրքորոշումը դառնում է բազմավեկտոր, որը, ինչպես ցույց է տվել հետխորհրդային պետությունների պատմությունը, աշխարհամակարգի արդի պայմաններում, վաղ թե ուշ հանգեցնում է ձախողման։

Ներվրացական հետազոտությունների համատեքստում կարևոր է շեշտել, որ ազգային ինքնիշխանության ձգտումն ունիվերսալ է։ Ինչպես խորհրդային հանրապետություններն էին ձգտում սուվերենության՝ ԽՍՀՄ-ից, «Ռուսական կայսրությունից», «Մոսկվայից», այնպես էլ նրանց կազմի մեջ գտնվող ինքնավարություններն՝ իրենց մետրոպոլիաներից՝ Վրաստանից, Ադրբեջանից, Մոլդավիայից, Ուկրաինայից։ Իրենց կազմում գտնվող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ «փոքր կայսրությունների» վերաբերմունքի առանձնահատկությունն այն է, որ նրանց

  • Ռոմանտիզմի բարոյական ամբողջ լիցքը վերածվում է հակադրությանը՝ այլ էթնոսի գոյության իրավունքի ժխտմանը և դրա գործնական իրականացմանը պատերազմի և էթնիկ զտումների միջոցով։
Վրացական քաղաքական իրադարձությունների հիմնական գործող անձինք և կազմակերպությունները

Ն երվրացական պրոցեսների էության ադեկվատ ընկալման համար կարևոր է գոնե համառոտակի նկարագրել հիմնական գործող անձանց։ Ովքե՞ր էին նրանք, ինչպիսի՞ն էր նրանց մտածելակերպը և գործելակերպը։ 1987-1993 թթ․ վրաստանյան գործընթացների հիմնական դերակատարները Վրաստանի այլախոհներն էին։ Նրանց կենսագրությունների ստորև ներկայացված հիմնական բնութագրերը վերցված են ԽՍՀՄ ամենահեղինակավոր դեմոկրատական գործիչներից մեկի՝ Անատոլի Սոբչակի հայտնի մենագրությունից։[13]

Ի․ Ծերեթելի. ծնվել է 1961 թ. Թբիլիսիում, չամուսնացած, թերի բարձրագույն կրթությամբ (պատմաբան), իրադարձությունների ընթացքում չէր աշխատում, «Վրաստանի ազգային անկախություն կուսակցության» նախագահ։ Ուներ երկու դատվածություն։[14] Ընդդիմադիր էր իր կոչմամբ և հոգեբանական խառնվածքով։ Ընդդիմադիր է մնում նույնիսկ, երբ Զ. Գամսախուրդիան՝ խորհրդային իշխանության դեմ պայքարում իր համախոհն և դաշնակիցը, ընտրվում է Վրաստանի առաջին նախագահ։ Աբխազական ազատագրական շարժումն անվանում է «Մոսկվայի սադրանք»։

Զ Գամսախուրդիա, ծնվել է 1939 թ. Թբիլիսիում, Վրաստանի գիտությունների ակադեմիայի Վրաց գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, «Եղիա բարեկենցաղի ընկերության» խորհրդի անդամ, Վրաստանի Հելսինկյան խմբի ղեկավար։ Ուներ երեք դատվածություն[15]։ Չնայած ծանր հոդվածներով դատապարտմանը, բոլոր պատիժները եղել են պայմանական։

1989 թ. նրա ելույթների հիմնական կարգախոսներից էին․

  • «Վրաստանը միայն վրացիների համար»,
  • «Վրաստանը միասնական անկախ պետություն է՝ ոչ մի զիջում Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողականներին»,
  • «Այլ ազգերն ընդամենը հյուր են Վրաստանում՝ Վրաստանի տերերն իրավունք ունեն ցանկացած պահի վռնդել նրանց»,
  • «Այլազգիները իրավունք չունեն ունենալ մեկից ավելի երեխա»,
  • «Ոչ մի վստահություն փտած կոմունիստական ռեժիմին»։

Իշխանության գալուց հետո մեկ տարվա ընթացքում Գամսախուրդիան վերածվեց դիկտատորի՝ հետապնդում էր մամուլը, զանգվածաբար բանտարկում էր քաղաքական հակառակորդներին և նախկին դաշնակիցներին, պետական կառավարման համակարգում կատարում էր իրարամերժ փոփոխություններ, արգելում է բոլոր քաղաքական կուսակցությունները:[16] Այդ գործողությունների արդյունքում Թբիլիսիում տեղի ունեցավ քաղաքն ավերած ռազմական հեղաշրջում, իսկ հետո՝ քաղաքացիական պատերազմ։ Հատկապես նրա գործունեության հետևանքներ են աբխազական և օսական պատերազմները։

Մ․ Կոստավա, ծնվել է 1939 թ., Թբիլիսիում, ուներ բարձրագույն երաժշտական կրթություն, աշխատում էր երաժշտական դպրոցում, «Եղիա բարեկենցաղի ընկերության» վարչության անդամ, Հելսինկյան խմբի վարչության անդամ, ուներ հինգ դատվածություն[17]։ 1989 թ. ապրիլի 9-ի դեպքերից հետո զոհվել է ավտոմոբիլային վթարից՝ չպարզված հանգամանքներում։

Գ․ Ճանտուրիա,  ծնվել է 1959 թ.-ն, Թբիլիսիում, ամուսնացած, ուներ բարձրագույն կրթություն՝ պատմաբան, աշխատում էր Վրաստանի ազգային գրապալատում որպես մատենագետ, Վրաստանի «Ազգային ժողովրդավարական կուսակցության» նախագահ։ Ուներ դատվածություն[18]։

1991 թ.-ին արդեն նախագահ Զ․ Գամսախուրդիայի նախաձեռնությամբ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվում, որը կարճվում է Գամսախուրդիայի պաշտոնանկության պատճառով։ Նշանակալի դերակատարում ուներ Վրաստանի խորհրդարանում։

Զ․ Ճավճավաձե, ծնվել է 1953 թ.-ին Թբիլիսիում, ուներ բարձրագույն բանասիրական կրթություն, Վրաստանի գրողների միության Գեղարվեստական թարգմանության կոլեգիայի խմբագրության վարիչ։ «Իլյա Ճավճավաձեի ընկերության» խորհրդի անդամ և փաստացի ղեկավար։ Ուներ չափավոր ազատական հայացքներ։ «Իլյա Ճավճավաձեի» ընկերությունում Զ․ Գամսախուրդիայի հակառակորդն էր, համարում էր, որ Գամսախուրդիան պետք է վտարվի ընկերությունից։ Դատվածություն չուներ։

Ջ․ Իոսելիանի, ծնվել է 1926 թ.-ին Խաշուրիում․ 1943 թ․ գողության համար դատապարտվել է 5 տարի ազատազրկման։ 1948 թ․-ին վաղաժամ ազատվել է։ 1951 թ.-ին Լենինգրադում խուլիգանության համար ազատազրկվել է 1 տարի ժամկետով։ 3-րդ անգամ դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ զինված ավազակության և սպանության համար։[19]

Ազատազրկման վայրում զբաղվել է գրական գործունեությամբ։ Վրաստանի մշակույթի գործիչների միջնորդությամբ վաղաժամ ազատվել է 39 տարեկան հասակում։ Դրանից հետո ավարտել է երեկոյան դպրոց և Թբիլիսիի թատերական ինստիտուտը, պաշտպանել է թեկնածուական, ապա՝ դոկտորական թեզ, դասավանդել Թբիլիսիի թատերական ինստիտուտում։

1989 թ.-ին կազմավորել է «Մխեդրիոնի» ազգայնական ռազմականացված խմբավորումը, որը մասնակցել է Վրաստանում բազմաթիվ զինված կոնֆլիկտների, հանգուցային դերակատարում է ունեցել Է․ Շևարդնաձեի իշխանության գալու հարցում։ Զ․ Գամսախուրդիան բանտարկել է Իոսելիանիին, սակայն մի քանի ամիս անց «Մխեդրիոնին» գրոհել է բանտը և ազատել նրան։ Իոսելիանին և Թ. Կիտովանին դարձել են Վրաստանի Պետական Խորհրդի անդամ (1992 մարտ), որի առիթով ինքն՝ Իոսելիանին, ասել է․ «Իշխանության եկան հայտնի գողը և անհայտ նկարիչը (նկատի ունենալով Կիտովանիին)»[20]։ 

Հարկ է հատուկ նշել, որ այս բոլոր անձանց համարյա բոլոր դատվածությունները վերաբերում էին քաղաքական հանցագործություններին։ Նրանք միշտ դատապարտվել են կամ պայմանական, կամ ազատվել վաղաժամ։ Այդ համատեքստում, ուշագրավ է, որ այդ դատապարտումները տեղի են ունեցել այն տարիներին, երբ Է․ Շևարդնաձեն պաշտոնավարում էր Վրաստանի Հասարակական կարգի պաշտպանության, Ներքին գործերի նախարարի, Պետական անվտանգության կոմիտեի նախագահի, Թբիլիսիի Կոմունիստական կուսակցության քաղաքային կոմիտեի 1-ին քարտուղարի, Վրաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղարի և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի պաշտոններում։ Հայտնի է նաև, որ միմյանց հետ հակամարտության փուլում այդ այլախոհ գործիչները միմյանց մեղադրում էին ԽՍՀՄ Պետական անվտանգության ծառայության հետ համագործակցությունում։

Առաջնորդների հոգեբանական պատկերը լրացնում է Ա․ Սոբչակի հետևյալ գնահատականը․ «Ոչ ֆորմալ կազմակերպությունների ճանաչված առաջնորդները՝ Կոստավան, Չանտուրիան, Ծերեթելին, Գամսախուրդիան և այլոք, ունենալով պաշտոնական իշխանությունների հետ առճակատման բազմամյա երկարատև փորձ, հաճախ չէին կարողանում իրար հետ համաձայնության գալ։ Անձնական մրցակցությունը նույնպես վերջին տեղում չէր։  ...Առաջնորդների միջև անհամաձայնության պատճառով 1988 թ.-ին «Իլյա Ճավճավաձեի ընկերությունը» մասնատվեց։ Ընկերությունից դուրս եկան առավել արմատական և ազգայնական հայացքներ ունեցող Կոստավան, Գամսախուրդիան, Ճանտուրիան, Ծերեթելին, Ջանելիձեն, Խուխունիշվիլին, կազմավորելով՝ «Չորրորդ խումբ» անունով խմբավորումը։ ...1988-ի օգոստոսին այդ խմբի հիման վրա ստեղծվեց «Վրաստանի ազգային ժողովրդավարական կուսակցությունը։ ...1989-ի դեկտեմբերին «Չորրորդ խմբի» և «Վրաստանի ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդների միանձնյա առաջնորդության հավակնությունների պատճառով այդ խմբավորումները տրոհվեցին»։

Գործող դեմքերի նույնիսկ համառոտ նկարագիրը ցույց է տալիս, որ

  • Վրացական հեղափոխության կարևորագույն դեմքերն իրենց հոգեբանական խառնվածքով, միմյանց հետ փոխհարաբերություններում, կրթությամբ, գործունեությամբ և մահով համապատասխանում էին ռոմանտիկ հերոսների ընդհանրացված «արտասովոր» կերպարին, մասնագիտորեն առնչվում էին ազգային մշակույթին, նրանց ներհատուկ էին ռոմանտիկ հերոսի և՛ դրական, և՛ ստվերային բնութագրերը։

Դիտարկված անձինք 1987-1989 թթ. հիմնել էին մի շարք ազգային-գրական, ազգային-մշակութային ոչ ֆորմալ (չգրանցված) կազմակերպություններ և կուսակցություններ, այդ թվում՝ «Իլյա Ճավճավաձեի ընկերություն», «Եղիա բարեկենցաղի ընկերություն», «Վրաստանի ազգային ժողովրդական կուսակցություն» (Գ․ Չանտուրիա), «Վրաստանի ազգային անկախության կուսակցություն» (Ի․ Ծերեթելի), «Վրաստանի ազգային արդարության կուսակցություն» (Ի․ Շենգելայա), «Հելիսինկյան միություն ոչ ֆորմալ կազմակերպությունները։[21] Դրանց անդամների ընդհանուր քանակը մոտ 3000 էր։

Հետազոտության համատեքստում հատկանշական է այդ կազմակերպությունների ծրագրային նպատակների համախմբությունը․

  1. Վրաստանի ելքը ԽՍՀՄ-մից,
  2. Խորհրդային բանակի դուրսբերումը Վրաստանից,
  3. Սեփական ազգային զինված կազմավորումների ստեղծումը,
  4. Իշխանության բռնի զավթումը,
  5. Վրաստանում հասարակարգի փոփոխությունը,
  6. «Ռուսական կայսրության» (ԽՍՀՄ) կազմալուծումը,
  7. Գործունեության համակարգումը Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Հայաստանի և Ադրբեջանի, Մոլդավիայի և արտասահմանյան երկրների բոլոր անջատողական և հակախորհրդային ուժերի հետ,
  8. Աջարիայի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնավարությունների վերացումը,
  9. Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների իրավունքների վերացումը,
  10. Վրաստանի հարևան երկրների միջև սահմանների վերանայումը,
  11. ՄԱԿ-ի խաղաղապահների մուտքը Վրաստան,
  12. Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին։[22]

Նպատակների ցանկում առկա են և՛ ազգային ռոմանտիզմին, և՛ ազգային շովինիզմին ներհատուկ բնութագրերը, և՛ հակակայսերականությունը, հակակոմունիզմն ու հակառուսականությունը։

«Վրաստանի ազգային ժողովրդավարական կուսակցության» կազմում գործում էր նաև ընդհատակյա արտասահմանյան բյուրոն», որը ղեկավարում էր ԱՄՆ արտագաղթած Գուդավան։ Բյուրոյի նպատակն էր համակարգել Կուսակցության կապերը օտար երկրների հետ։ Զորացրված վրացի զինվորականների հավաքագրման և գործողությունների նախապատրաստման համար կազմավորվել էր նաև «Վրաց բազեների լեգեոնը»։[23]

Ներկայացված դրույթներն ունեն ոչ միայն հասարակագիտական մակրոսոցիոլոգիական և պատմական հենք։ Առկա են դրանք հիմնավորող անմիջականորեն ԽՍՀՄ կազմալուծման գործընթացներին մասնակցած, ԱՄՆ հետախուզական հանրության բարձրաստիճան նախկին պաշտոնյաների փաստագրված վկայությունները։ Մասնավորապես, «Բարու կայսրություն» ֆիլմում արտաքին հարաբերությունների ամերիկյան վերլուծաբան Մայքլ Լեդինն ասում է․ «Ո՞վ կարող էր Ռեյգանի ժամանակ մտածել, որ մենք կկոտրենք ԽՍՀՄ-ը։ Սակայն անցավ ընդամենը ութ տարի․․․ Մենք պարզապես աշխատավարձի վերցրինք նրանց այլախոհներին, և վե՛րջ։ Տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխություն և երկիրը քանդվեց։»[24]

Հոդվածում ներկայացված մշակութաբանական և աշխարհամակարգային կոնտեքստները,  ընդհանուր պատմական և ներվրացական քաղաքական իրադարձությունները, հիմնական գործիչների անհատական-հոգեբանական առանձնահատկությունները, նրանց հիմնադրած կազմակերպությունների ծրագրային դրույթներն ունեն այնպիսի բովանդակային ներուժ, որն ունակ է փոփոխելու Վրաստանի հասարակական գիտակցությունում առկա աշխարհայացքային համալիրների, ինչպես հեռու անցյալի սիմվոլիկ իրադարձությունների և առաջնորդների կերպարների առկա մեկնաբանությունները և կազմավորելու նոր աշխարհայացքային համալիրներ, որոնք մեր ենթադրությամբ, ունակ են փոփոխելու վրաստանի հասարակությունում Ռուսաստանի նկատմամբ բացասական դիրքորոշումները։

(շարունակելի)


[1] 2020 թ. Հայաստանից ՌԴ արտահանումը կազմում է ամբողջ արտահանման 26.6%-ը, իսկ ներմուծումը՝ 35.9%-ը։ Հայաստանից ԵՄ արտահանումը կազմում է 16.9%, իսկ ներմուծումը՝ 20.3%: Իսկ 2020թ-ին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի կշիռը կազմել է 30.3%։

2020թ-ի սեպտեմբերի դրությամբ Հայաստանում իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն հոսքերի կառուցվածքում ՌԴ-ից իրականացված ներդրումները կազմում են 36.1%, իսկ ուղղակի ներդրումների կառուցվածքում՝ 50.1%:

2020թ-ին արտասահմանից ստացված տրանսֆերտների ներհոսքի կառուցվածքում Ռուսաստանից ստացված տրանսֆերտների կշիռը կազմել է 45%:

[2] Աշխարհամակարգային վերլուծությունը մակրոսոցիոլոգիական տեսություն է, որ համարում է, որ պատմական վերլուծության միավորը ոչ թե առանձին երկրներն են, այլ դրանց տարածական-ժամանակային համակարգը, որը միավորված է տնտեսական կապերով։ Դրանք կոչվում են աշխարհամակարգեր։ Այդ կապերն ունեն երկու հիմնական ձև։ Վերաբաշխում՝ երբ ապրանքները սոցիալական սանդուղքով շարժվում են ներքևից՝ վերև, իսկ հետո, դրանց մի մասը իջնում է վերևից՝ ներքև։ Այդ դեպքում աշխարհամակարգը կոչվում է աշխարհ-կայսրություն (օրինակ՝ Հռոմեական, Բյուզանդական, Օսմանյան, Ռուսական)։ Երկրորդ ձևը՝ շուկան է, երբ փոխանակություն ունի դրամական ձև և տեղի է ունենում հանրային հարթակներում։ Այդ դեպքում աշխարհամակարգը կոչվում է աշխարհ-տնտեսություն։ 

[3] Смит А. Исследование о природе и причинах богатства народов. — М.: Эксмо, 2007. Առաջին անգամ հրատարակվել է 1776 թ.։

[4] И. Г. Фихте. Замкнутое торговое государство. Перевод с немецкого Э. Э. Эссена. Изд. КПАССАНД, 2010 г. - 162 с.

[5] Национальная система политической экономии / Ф. Лист; пер. с нем. В. М. Изергин. – Москва; Челябинск: Социум, 2017. – 451 с. – (Русский тариф; вып. 7). – ISBN 978-5-906401-72-4

[6] Պալմերստոն (1784-1865) Բրիտանական կայսրության քաղաքական գործիչ, եղել է կայսրության պաշտպանության և արտաքին գործերի նախարար, իսկ 1855-1865 թթ. Պրեմիեր Մինիստրը։

[7] Executive Intelligence Review, April 15, 1994. Vol. 21, No 16. : Էջ 6-7։

[8] XIX դարի կեսերի ազգային հեղափոխական գործիչներ։

[9] Executive Intelligence Review, April 15, 1994. Vol. 21, No 16. ։ էջ 10։

[10] Հոդվածում չենք դիտարկում սառը պատերազմում ԽՍՀՄ պարտության և կազմալուծման պատճառները, որոնց վերաբերյալ կա ընդարձակ գրականություն, հաճախ միմյանցից էապես տարբերվող մեկնաբանություններով։ Այդուհանդերձ, ներկայում ինֆորմացիոն ոլորտում առկա է անհաշտ մրցակցություն Սառը պատերազմի և դրա արդյունքների գերիշխող մեկնաբանությունների հարցում։

[11] Կոմպրադորային է կոչվում թույլ զարգացած երկրների բուրժուազիայի այն հատվածը, որը զբաղվում է միջնորդային առևտրով միջազգային ընկերությունների հետ։ Առաջացել է իմպերիալիզմի գաղութային համակարգի կազմավորման ընթացքում։

[12] Տես՝ Пребиш Рауль, Периферийный капитализм: есть ли ему альтернатива? М. : ИЛА, 1992

[13] Анатолий Собчак, Тбилисский Излом или Кровавое Воскресенье 1989 года․ ГЛАВА 3․ Предыстория трагедии: от ноября к апрелю և ГЛАВА 4 Действующие лица и исполнители․

[14] 1981 թ. Վրացական ԽՍՀ Քրեական Օրենսգրքի հոդված 228- 2 (չարամիտ խուլիգանություն) դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, հետագայում փոխարինվել է 5 տարվա պայմանական ազատազրկման։ 1983 թ. Վրացական ԽՍՀ Քրեական Օրենսգրքի հոդված 206-ով (խորհրդային պետականությունը և հասարակական կարգը նվաստացնող ակնհայտ կեղծ հերյուրանքների տարածում) դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։ 1987-ին ներում է շնորհվել։

Анатолий Собчак, Тбилисский Излом, или Кровавое Воскресенье 1989 года․ ГЛАВА 3․ Предыстория трагедии: от ноября к апрелю և ГЛАВА 4 Действующие лица и исполнители․

[15]  1957 թ. Վրացական ԽՍՀ Քրեական Օրենսգրքի հոդված 58-10-ով (հակախորհրդային ագիտացիա և պրոպագանդա), հոդված 58-11-ով (առանձնահատուկ վտանգ ներկայացնող հակապետական հանցագործությունների նախապատրաստմանն ուղղված կազմակերպված գործունեություն) դատապարտվել է 5 տարվա պայմանական ազատազրկման։

1959 թ. Վրացական ԽՍՀ Քրեական Օրենսգրքի 72-1-ով (իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը) դատապարտվել է ազատազրկման 3 տարի՝ պայմանական։ Զարմանալի էր դատավճռի մեղմությունը, քանի որ համաձայն օրենքի, պայմանական պատիժ կրելու ժամանակահատվածում նոր հանցագործություն կատարողի համար պարտադիր է իրական պատժի նշանակումը։ Տվյալ դեպքում՝ իրական ազատազրկումը։

1978 թ. Վրացական ԽՍՀ Քրեական Օրենսգրքի հոդված 71-1-ով (հակախորհրդային ագիտացիա և պրոպագանդա) դատապարտվել է 3 տարվա ազատազրկման և 2 տարվա աքսորի։ Վրաստանի Գերագույն Խորհրդի Նախագահության կողմից 1979 թ.-ին ներում է շնորհվել։

Анатолий Собчак, Тбилисский Излом, или Кровавое Воскресенье 1989 года․ ГЛАВА 3․ Предыстория трагедии: от ноября к апрелю և ГЛАВА 4 Действующие лица и исполнители․ http://sobchak.org/rus/books/Izlom/6.html

[16] Conflict in Georgia - Human Rights Violations by the Government of Zviad Gamsakhurdia, Helsinki Watch, Human Rights Watch (27 December 1991),
Гамсахурдия Звиад Константинович, Кавказский Узел, 28 марта 2007

[17] 1957 թ. Վրացական ԽՍՀ Քրեական Օրենսգրքի հոդված 58-10-ով (հակախորհրդային ագիտացիա և պրոպագանդա), 58-11-ով (առանձնահատուկ վտանգ ներկայացնող հակապետական հանցագործությունների նախապատրաստմանն ուղղված կազմակերպված գործունեություն) դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման։

1959 թ. Վրացական ԽՍՀ Քրեական Օրենսգրքի հոդված 72-1-ով (իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը) դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման։

1978 թ. Վրացական ԽՍՀ Քրեական Օրենսգրքի հոդված 71-1-ով (հակախորհրդային ագիտացիա և պրոպագանդա) դատապարտվել է 3 տարվա ազատազրկման և 2 տարվա աքսորի։

1982 թ. Իրկուտսկի մարզի Տայշետի քաղաքային ժողովրդական դատարանի կողմից ՌԴ Քրեական Օրենսգրքի հոդված 206-2-ով (խուլիգանություն) դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։

1985 թ. Անգարսկ քաղաքի շրջանային դատարանի կողմից Ուղղիչ աշխատանքային հիմնարկի ռեժիմի չարամիտ խախտման համար ՌԴ Քրեական Օրենսգրքի հոդված 188-2-ով դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, որին ավելացվել է չկրած պատժի 6 ամիսը և 3 ամսով հետագա աքսորը։ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության կողմից ներում է շնորհվել 1987 թ.-ին։

Анатолий Собчак, Тбилисский Излом или Кровавое Воскресенье 1989 года․ ГЛАВА 3․ Предыстория трагедии: от ноября к апрелю և ГЛАВА 4 Действующие лица и исполнители․

[18] 1983 թ. Վրացական ԽՍՀ Քրեական Օրենսգրքի հոդված 206-3-ով (հասարակական կարգը խախտող խմբային գործողությունների կազմակերպում և մասնակցություն) դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Ներում է շնորհվել 1985 թ․։

Анатолий Собчак, Тбилисский Излом, или Кровавое Воскресенье 1989 года․ ГЛАВА 3․ Предыстория трагедии: от ноября к апрелю և ГЛАВА 4 Действующие лица и исполнители․

[19] Лабиринт База данных.

[20] «У меня не было иной дороги - или тюрьма, или комсомол»․ "Коммерсантъ Власть" №9 от 10.03.2003, стр. 48․

[21] Այդ կազմակերպությունների վերաբերյալ համառոտ տեղեկությունները տես՝ Анатолий Собчак, Тбилисский Излом, или Кровавое Воскресенье 1989 года․ ГЛАВА 3․ Предыстория трагедии: от ноября к апрелю և ГЛАВА 4 Действующие лица и исполнители․

[22] Այս նպատակները հայտարարվել են 1989 թ. ապրիլյան հանրահավաքների ժամանակ, որոնք ավարտվեցին ապրիլի 9-ի ԽՍՀՄ զինված ուժերի ընդհարումով։ Հարկ է նշել, որ ըստ հրապարակված փաստաթղթերի, ԽՍՀՄ զինված ուժերի կիրառումը հանրահավաքը ցրելու համար նախաձեռնել էր Վրաստանի իշխանությունը։

[23] О результатах расследованиях тбилисских событий 9 апреля 1989 г. Информационное письмо Генерального прокурора СССР о результатах расследования тбилисских событий 9 апреля 1989 года. Виктор Имантович Алкснис, Документы по событиям в Тбилиси, 2007-11-08,
ЗАКЛЮЧЕНИЕ Комиссии Съезда народных депутатов СССР по расследованию событий, имевших место в г. Тбилиси 9 апреля 1989 года.

Артем Кречетников, Тбилиси-89: "Ночь саперных лопаток", 07 апреля 2009, BBCRussian.com,

[24] Հատված «Բարու կայսրություն» կինոնկարից՝ տեքստային տարբերակ՝
Հարցազրույցի հատվածի տեսահոլովակը՝ 
Ամբողջ ֆիլմը՝