Կնոջ նորմատիվային վարքի ազդեցությունը արտագաղթի և երեխաների պահանջմունքի վրա

31 ր.   |  2020-10-21

Խնդիրը

Ն ախորդ մի շարք հետազոտություններում[1] ցույց է տրվել, որ Հայաստանում ծնելիության բարձրացման հիմնարար գործոնը հասարակությունում երեխաների պահանջմունքն է, որն առավելապես պայմանավորված է մշակույթով։ Հայաստանում ազատական մշակութային համակարգն ու դրա տարրերը նվազեցնում են երեխաների պահանջմունքը, իսկ ավանդական արժեքները՝ բարձրացնում։ Տարիքային խմբերում արժեհամակարգերի և մասնավորապես երեխաների պահանջմունքի փոփոխությունների վերլուծությամբ բացահայտվել են Հայաստանում դրանց փոփոխության միտումները և կանխատեսվել է, որ առկա միտումների պահպանման դեպքում 2030 թ.-ին կանանց պտղաբերության գործակիցը կնվազի մինչև 1.35-1.40: Արդյունքների հիմնական մասը ստացվել է 2014 թ․-ին Հայաստանում իրականացված «Կյանքի որակը Հայաստանում, 2015» համահայաստանյան ներկայացուցչական զանգվածային հետազոտության տվյալների շտեմարանով։

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները 2020 թ․ հունիսին հանրությանը հասանելի դարձրեցին «Կովկասյան բարոմետր 2019» հետազոտության տվյալների շտեմարանը, որտեղ առկա էին ինչպես երեխաների պահանջմունքի, այնպես էլ ազատական և ավանդական արժեհամակարգի տարրերը արտապատկերող փոփոխականները։ Հետազոտությունն իրականացվել է Հայաստանում և Վրաստանում։

Այդ հետազոտության առանձնահատկությունն այն է, որ արժեհամակարգերին վերաբերվող  փոփոխականների մի մասը նույնական է «Կովկասյան բարոմետր 2010» հետազոտության փոփոխականներին, ինչը թույլ է տալիս ուղղակիորեն գնահատել 2010-2019 թթ․ ընթացքում Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցած արժեհամակարգային փոփոխությունները, ինչպես նաև համեմատել իրավիճակը այդ երկրներում։ «Կովկասյան բարոմետր 2010» հետազոտությունն իրականացվել է նաև Ադրբեջանում։[2]

«Կովկասյան բարոմետր 2019»-ում առկա են նաև իրենց երկրներից՝ Հայաստանից և Վրաստանից, ընդմիշտ և ժամանակավորապես մեկնելու դիրքորոշումներն արտապատկերող փոփոխականներ։ Դրանք թույլ են տալիս ուսումնասիրել, թե ինչպե՞ս են ազդում ավանդական և ազատական արժեհամակարգերը բնակչության արտագաղթի դիրքորոշումների վրա։

Հոդվածում դիտարկված են հետևյալ հարցերը․

  1. Ինչպե՞ս են փոխվել ավանդական և ազատական արժեհամակարգերը և դրանց տարրերը Հայաստանում և Վրաստանում 2019 թ․-ին՝ 2010 թ․ համեմատ։ Դիտարկվել են այդ արժեհամակարգի երեք բաղադրիչներ․
    • Կնոջ նորմատիվային (ընդունելի/թույլատրելի) վարքը,
    • Տղամարդու և կնոջ ընտանեկան կարգավիճակները,
  2. Ինչպե՞ս են Հայաստանում և Վրաստանում 2019-ին՝ 2010 թ․ համեմատ փոխվել․
    • Երկրից ընդմիշտ հեռանալու դիրքորոշումները,
    • Երկրից ժամանակավորապես հեռանալու դիրքորոշումները։
  3. Ինչպե՞ս են ազդում ազատական և ավանդական արժեհամակարգերը հասարակությունում ժողովրդագրական իրավիճակի վրա, այդ թվում․
    • Երեխաների պահանջմունքի վրա,
    • Երկրից ընդմիշտ հեռանալու դիրքորոշման վրա,
    • Երկրից ժամանակավորապես հեռանալու դիրքորոշման վրա։

Հետազոտությունում կիրառվել են ՀՌԿԿ «Կովկասյան բարոմետր 2010» և «Կովկասյան բարոմետր 2019» հետազոտությունների տվյալների շտեմարանները։[3] Հետազոտությունների դաշտային փուլերի իրականացման ժամանակահատվածները և ընտրանքի ծավալները տրված են Աղյուսակ 1-ում։

Ընտրանքի բնութագրեր

Հայաստան

Վրաստան

Ադրբեջան

Դաշտային փուլ, 2010

2010, դեկ․ 4 - 26

2010, նոյ․ 16 -դեկ․ 10

2010, նոյ․ 14 - 30

Ընտրանքի ծավալը, 2010

1,922

2,089

2,001

Դաշտային փուլ, 2019

2020, փետ․ 21 – մար․ 15

2019, հոկ․ 9 – նոյ․ 4

-

Ընտրանքի ծավալը, 2019

1,491

2,317

-

Աղյուսակ 1

Հարկ է ուշադրություն դարձնել, որ Հայաստանում «Կովկասյան բարոմետր 2019» հետազոտության տվյալների հավաքագրման փուլը տեղի է ունեցել 2020 թ. փետրվար-մարտ ամիսներին։ Այսինքն, չնայած ՀՌԿԿ հետազոտությունը անվանված է «Կովկասյան բարոմետր 2019», սակայն Հայաստանի տվյալները նկարագրում են իրավիճակը Հայաստանում 2020 թ․-ին։

Արդյունքներ

Կնոջ հասարակական վարքագծային նորմերը

Կ նոջ նորմատիվային (ընդունելի/թույլատրելի) վարքագիծն ուսումնասիրվել է հետևյալ հարցախմբով․ «Որոշ դեպքերում համարվում է, որ մարդիկ չափից շատ երիտասարդ են ինչ-որ բաներ անելու կամ փորձելու համար։ Նշեք, խնդրեմ, ո՞ր տարիքից է, ըստ Ձեզ, ընդունելի, որ կինը․

  1. Ծխի,
  2. Օգտագործի թունդ ալկոհոլ (օղի, կոնյակ),
  3. Ունենա սեռական հարաբերություն՝ նախքան ամուսնանալը,
  4. Ապրի տղամարդու հետ՝ առանց ամուսնանալու,
  5. Ապրի ծնողներից առանձին՝ նախքան ամուսնանալը,
  6. Ամուսնանա։

Կնոջ համար ընդունելի վարքագծային նորմերի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առավել ինֆորմատիվ է ոչ թե այն, թե ո՞ր տարիքից է կնոջ համար ընդունելի այս կամ այն վարքագծային նորմը, այլ՝ արդյո՞ք այդ նորմն սկզբունքորեն որևէ տարիքում ընդունելի է, թե՞ ոչ։ Դա անմիջապես երևում է Աղյուսակ 2-ի տվյալների թռուցիկ դիտարկումից, որտեղ տրված է հարցվածների տոկոսը, ովքեր համարում են, որ տվյալ վարքագծային նորմը ընդունելի չէ՝ ոչ մի տարիքում։

Բոլոր վարքագծային նորմերը և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ 2010, և՛ 2019 թվականներին ընդունելի չեն եղել հարցվածների բացարձակ մեծամասնության համար, բացի՝ Վրաստանում 2019 թ․-ին «ապրել ծնողներից առանձին նախքան ամուսնանալը» վարքագծային նորմից։


Աղյուսակ 2․ «Որոշ դեպքերում համարվում է, որ մարդիկ չափից շատ երիտասարդ են ինչ-որ բաներ անելու կամ փորձելու համար։ Նշեք, խնդրեմ, ո՞ր տարիքից է, ըստ Ձեզ, ընդունելի, որ կինը [վարքագծային նորմ]»։ ՀՀ – Հայաստան, ՎՀ – Վրաստան, ԱՀ – Ադրբեջան,  «ՀՀ 2019 – ՀՀ 2010», «ՎՀ 2019 – ՎՀ 2010» - ցուցանիշների տարբերությունները Հայաստանում և Վրաստանում 2019 թ․-ին՝ 2010 թ․ համեմատ, , «ՎՀ 2019 – ՀՀ 2019» - Վրաստանի ցուցանիշից հանած՝ Հայաստանի ցուցանիշը 2019 թ․-ին։

Ավանդականության/ազատականության տեսակետից առավել կարևոր նշանակություն ունեն սեռական վարքի հետ կապված վարքագծային նորմերը։

  • Երկու երկրներում էլ ամենաանընդունելի նորմն է՝ «ունենալ սեռական հարաբերություն՝ նախքան ամուսնանալը», որին հետևում է «ապրել տղամարդու հետ՝ նախքան ամուսնանալը», իսկ հետո՝ «ապրել ծնողներից առանձին՝ նախքան ամուսնանալը»։

Ընդհանուր առմամբ․

  • Վրաստանում կնոջ վարքագծի նկատմամբ ազատական դիրքորոշումները նշանակալիորեն ավելի տարածված են, քան Հայաստանում։

Մասնավորապես, Վրաստանում «ապրել ծնողներից առանձին՝ նախքան ամուսնանալը» նորմը 27%-ով ավելի ընդունելի է, քան Հայաստանում, «ունենալ սեռական հարաբերություն՝ նախքան ամուսնանալը»՝ 18%-ով, իսկ «ապրել տղամարդու հետ՝ առանց ամուսնանալու»՝ 15%-ով։

  • Երկու երկրներում էլ 10 տարվա ընթացքում կնոջ սեռական վարքի նկատմամբ դիրքորոշումներն ազատականացել են։
  • Վրաստանում ազատականացումն ընթացել է շատ ավելի ինտենսիվ, քան՝ Հայաստանում։

Առավել ինտենսիվ ազատականացել է «ապրել ծնողներից առանձին՝ նախքան ամուսնանալը» նորմը, որը նախքան ամուսնանալը փաստացի սեռական կյանքը սկսելու նախապայման է։ Վրաստանում այդ աճը կազմել է 20%, իսկ Հայաստանում՝ 12%: Վրաստանում շատ մեծ աճ է ունեցել նաև «ունենալ սեռական հարաբերություններ նախքան ամուսնանալը» նորմի ընդունելիությունը, որն աճել է 18%-ով։ Հայաստանում այն աճել է 4%-ով։ Վրաստանում նշանակալիորեն ազատականացել է նաև «ապրել տղամարդու հետ՝ առանց ամուսնանալու»  նորմի ընդունելիությունը, որն աճել է 13%-ով։ Հայաստանում նույն նորմի աճը կազմել է 4%։

Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում կնոջ համար ամենաանթույլատրելի վարքագծային նորմը՝ «ծխելն» է, որի անթույլատրելիության մակարդակը 2019 թ․-ին 2010 թ․ համեմատ համարյա չի փոխվել։ Դա բացատրվում է նրանով, որ ավանդական հասարակություններում կնոջ ծխելը ցուցիչ է, որը նշանակում է ծխող կնոջ կողմից անհարգալից վերաբերմունք՝ հասարակությունում կնոջ կերպարը բնութագրող բոլոր նորմերի նկատմամբ։ Մյուս կողմից, չի բացառվում, որ ծխելու անթույլատրելիության շատ բարձր և անփոփոխ մակարդակի պատճառը մարդկանց գիտելիքն է, որ «ծխելը վնասակար է» և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար։[4] Սակայն, այդ վարկածը փորձարկելու համար տվյալները բացակայում են։

Կնոջ ազատական վարքի տարրերի տեսակետից թույլատրելիության ամենաբարձր մակարդակն ունի «թունդ ալկոհոլի օգտագործումը»։ Հայաստանում 2020-ին, այն կազմել է 69%, 2010–ի նկատմամբ աճելով 4%-ով, իսկ Վրաստանում 2019-ին կազմել է 56%, 2010-ի նկատմամբ նվազելով 6%-ով։

Ուսումնասիրվել է սեռական վարքի ազատական նորմերի պայմանավորվածությունը հարցվածների բնակավայրի տիպից, սեռից և տարիքից։ Պարզվել է, որ․

  • Եվ՛ Վրաստանում, և՛ Հայաստանում սեռական վարքի նորմերի ընդունելիության վրա ավելի ուժեղ ազդեցություն ունեն ոչ այնքան բնութագրերի առանձնացված ազդեցությունները[5], այլ տարիքի (ժամանակի) և բնակավայրի տիպի փոխազդեցությունը։
  • Բնակավայրի տիպն ավելի ուժեղ ազդեցություն ունի կնոջ սեռական վարքի ազատականացման վրա, քան տարիքը։

Առավել ընդհանրացված եզրակացությունն այն է, որ․

  • Ժամանակի ընթացքում սեռական վարքի նորմերի ազատականացումն ընթանում է հիմնականում մայրաքաղաքներում։
  • Վրաստանում այդ պրոցեսի ինտենսիվությունն ավելի մեծ է, քան Հայաստանում։
  • Պրոցեսի ինտենսիվությունն շատ բարձր է ամենաերիտասարդ տարիքային խմբում։
  • Պրոցեսի ինտենսիվությունը բարձր է նաև Վրաստանի քաղաքներում։

Եզրակացությունները լուսաբանում են Գծապատկեր 1,  Գծապատկեր 2 և Գծապատկեր 3-ի տվյալները, որոնցում տրված են «ապրել ծնողներից առանձին նախքան ամուսնանալը», «ունենալ սեռական հարաբերություններ նախքան ամուսնանալը» և «ապրել տղամարդու հետ նախքան ամուսնանալը» նորմերի ընդունելիության աստիճանները բնակավայրի տիպերում՝ ըստ տարիքային խմբերի։  


Գծապատկեր 1


Գծապատկեր 2


Գծապատկեր 3

Կարևոր է նշել, որ և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում 2019 թ․-ին հարցվածների համապատասխանաբար 1․6% և 0․7%-ը կնոջ համար անընդունելի են համարել ամուսնությունը։ 2010 թ․-ին այդպիսի անձինք չեն հայտնաբերվել։ Չի բացառվում, որ նրանք ամուսնություններն արգելող աղանդների անդամներ են։ Խորացված հետազոտությունը չհաստատեց այդ հիպոթեզը՝ հավանաբար այն պատճառով, որ զանգվածային հետազոտություններին մասնակցելու դեպքում, աղանդների անդամները հաճախ հակված են չբացահայտելու իրենց կրոնական պատկանելությունը։

«Ո՞ր տարիքից է կնոջ համար թույլատրելի՝ ամուսնանալը» նորմի տարիքային բաշխումը տրված է Աղյուսակ 3-ում։


Աղյուսակ 3.  «Որոշ դեպքերում համարվում է, որ մարդիկ չափից շատ երիտասարդ են ինչ-որ բաներ անելու կամ փորձելու համար։ Նշեք, խնդրեմ, ո՞ր տարիքից է, ըստ Ձեզ, ընդունելի, որ կինը ԱՄՈՒՍՆԱՆԱ»

Տվյալները ցույց են տալիս, որ կնոջ համար ամուսնության նվազագույն տարիքը և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում 2010-2019 թթ․ աճել է։ Հատկապես նկատելի է այն անձանց քանակի նվազումը, ովքեր կնոջ ամուսնության տարիքի նվազագույն շեմ են համարում 19-20 և 21-22 տարեկանը, և միաժամանակ, այն անձանց քանակի աճը, ովքեր այդ շեմը համարում են 23-25 տարեկան։

Կնոջ վարքի ավանդականության ինդեքս. Ընդհանրացնելու համար կնոջ համար թույլատրելի վարքագծային նորմերի արդյունքները կառուցվել է կնոջ վարքի ավանդականության ինդեքս։ Այն իրենից ներկայացնում է հարցվողի կողմից անընդունելի համարվող վարքագծային տարրերի քանակը։ Ինդեքսը կարող է ընդունել 0-ից մինչև 5 արժեք, որտեղ 5-ը նշանակում է ավանդականության ամենաբարձր մակարդակը, այսինքն՝ հարցվողը կնոջ համար անընդունելի է համարում դիտարկված վարքագծային բոլոր հինգ նորմերը՝ ցանկացած տարիքում։[6] Ինդեքսի բաշխումները Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում 2010 և 2019 թթ․ տրված են համապատասխանաբար Գծապատկեր 4 և Գծապատկեր 5-ում։


Գծապատկեր 4


Գծապատկեր 5

Գծապատկերների համեմատությունը ցույց է տալիս, որ․

  • Կնոջ վարքի ավանդականության ամենաբարձր աստիճանը 2010 թ․-ին ուներ Ադրբեջանը։

Այստեղ ինդեքսի ամենաբարձր՝ 5 արժեքն ուներ հարցվածների 76%-ը, իսկ 4 կամ 5 արժեք՝ 86%-ը։ Ավանդականության մակարդակով երկրորդը Հայաստանն էր։ Այստեղ ավանդականության ամենաբարձր մակարդակ ունեցող հարցվածները կազմել են 56%, իսկ 4 և 5 արժեքներ ունեցողները՝ 74%: Վրաստանում այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 37% և 61%: Դիտարկվող ինդեքսի շրջանակներում կնոջ լիովին ազատական վարքի կողմնակից էր Վրաստանի հասարակության 12%-ը, Հայաստանի բնակչության 5%-ը և Ադրբեջանի բնակչության 2%-ը։

  • 2019 թ-ին 2010 թ համեմատ Հայաստանում և Վրաստանում կնոջ վարքի ավանդականության աստիճաններն էապես նվազել են, սակայն Հայաստանում ավանդականության աստիճանը մնացել է ավելի բարձր, քան Վրաստանում։

Հայաստանում և Վրաստանում ազատականության աճը տեղի է ունեցել համանման պատկերով՝ այդ երկրների հասարակություններում անցել է կնոջ վարքի ազատականացման «ալիք», որն առաջացրել է արտահոսք՝ բարձր ավանդականության սեգմենտներից դեպի ավելի ցածր ավանդականությամբ սեգմենտներ։ Այդ ալիքը Վրաստանում ավելի ուժեղ է արտահայտվել՝ այն փոխել է կնոջ վարքի ազատականության ինդեքսի բաշխման պատկերը՝ բաշխման մաքսիմումը 5 կետից՝ տեղափոխվել է 4 կետը։ Հայաստանում բաշխման պատկերի փոփոխություն տեղի չի ունեցել՝ հասարակության ամենամեծ սեգմենտը մնացել է ավանդականության ինդեքսի առավելագույն 5 արժեքի տիրույթում։

Ազատականացման «ալիքն» առավելապես ազդել է ավանդականության ամենաբարձր աստիճան (ինդեքսի 5 արժեք) ունեցող սեգմենտների վրա։ Հայաստանում այն նվազել է 56%-ից՝ 48%, իսկ Վրաստանում՝ 37%-ից՝ 22%։ Ազդեցությունն ավելի թույլ է եղել ազատականության ամենաբարձր՝ 0 և 1 արժեքներ ունեցող սեգմենտների վրա։ Հայաստանում այս սեգմենտն աճել է 10%-ից մինչև՝ 11%, իսկ Վրաստանում՝ 17%-ից մինչև՝ 21%։

Ավանդականության ինդեքսի միջին արժեքները Հայաստանում և Վրաստանում 2019 թ․-ին ըստ տարիքի, բնակավայրի տիպի և սեռի տրված է Աղյուսակ 4-ում։ Աղյուսակի վերևի և ներքևի հատվածների տվյալները նույնն են։ Տարբերվում են գունավորումները։ Վերևի աղյուսակը թույլ է տալիս տեսնել, թե ինչպես են փոխվում ինդեքսի միջին արժեքները հարցվածների տարբեր կատեգորիաներում։

Ներքև աղյուսակում գույները միմյանցից զատում են ավանդականության չորս խմբեր՝ բարձր ազատական, ազատական, ավանդական և բարձր ավանդական։ Գունային պատկերը թույլ է տալիս ընդհանրացված վերլուծություն կատարել ինչպես Հայաստանի և Վրաստանի, այնպես էլ երկրներում բնակչության տարբեր կատեգորիաներում ավանդականության մակարդակի միջինացված պատկերները։[7]


Աղյուսակ 4․ Ավանդականության ինդեքսի միջին արժեքները Հայաստանում և Վրաստանում ըստ տարիքի, բնակավայրի տիպի և սեռի, 2019

Ներքևի աղյուսակից անմիջապես երևում է, որ Վրաստանում կնոջ վարքի նկատմամբ ազատականությունն որակապես ավելի բարձր է, քան Հայաստանում։ Այստեղ բարձր ազատականության կատեգորիայի սեգմենտը կազմված է մայրաքաղաքի 18-45 տարեկան անձանցից՝ անկախ սեռից և քաղաքաբնակ 18-30 տարեկան տղամարդկանցից։ Հայաստանում բարձր ազատական սեգմենտ 2019 թ.-ին դեռևս գոյություն չուներ։

Հայաստանում առավել ազատական սեգմենտը՝ մայրաքաղաքի 18-60 տարեկաններն՝ անկախ սեռից, մոտ երկու սերունդ «հետ են մնում» Վրաստանի մայրաքաղաքի նույն սեռատարիքային սեգմենտից։ Իսկ մայրաքաղաքային ամենաբարձր տարիքային սեգմենտը և համարյա ամբողջ քաղաքային սեգմենտը գտնվում է ավանդականության նույն միջակայքում, ինչ Վրաստանում գյուղական սեգմենտը։

Հայաստանում համարյա ողջ գյուղական սեգմենտը գտնվում է ավանդականության ամենաբարձր միջակայքում, որպիսին Վրաստանում արդեն բացակայում է։

Աղյուսակ 4-ի տվյալներից հեշտությամբ ստացվում է Աղյուսակ 5-ը, որում տրված են Հայաստանում և Վրաստանում ըստ բնակավայրի տիպի, տարիքային խմբերի և սեռի ամենաբարձր և ամենացածր արժեքների տարբերությունը, որը բավական լավ մոտարկում է այդ գործոնների ազդեցության համեմատական ուժը։ Դա հեշտությամբ կարելի տեսնել Աղյուսակ 4-ի վերևի ենթաաղյուսակի գունային կերպարներից՝ գունային երանգների փոփոխությունը հուշում է, որ բնութագրերի ազդեցությունը գծային է։ Ավանդականությունը նվազում է «գյուղ – քաղաք - մայրաքաղաք», «ավագ տարիք – երիտասարդ տարիք» և «կին - տղամարդ» ուղղությամբ շարժվելիս։

Բնութագիր

Հայաստան

Վրաստան

Սեռ

0.05

0.15

Տարիք

0.55

1.10

Բնակավայր

1.31

1.41

Աղյուսակ 5․ Հայաստանում և Վրաստանում ավանդականության մակարդակի վրա սեռի, տարիքի և բնակավայրի տիպի ազդեցությունների ուժգնության հարաբերական գնահատականները։ Որքան ավելի մեծ է թիվը, այնքան ավելի հզոր կերպով է բնութագիրն ազդում ավանդականության փոփոխության վրա։ Ավանդականությունը նվազում է «գյուղ – քաղաք - մայրաքաղաք», «ավագ տարիք – երիտասարդ տարիք» և «կին - տղամարդ» ուղղությամբ շարժվելիս։

Աղյուսակ 5-ից կարելի է եզրակացնել, որ․

  • Վրաստանում սեռի, տարիքի և բնակավայրի տիպի ազդեցությունը հասարակության ազատականացման վրա ավելի ուժեղ է, քան Հայաստանում՝ սեռի ազդեցությունը մոտ երեք անգամ, տարիքի ազդեցությունը մոտ երկու անգամ, բնակավայրի տիպի ազդեցությունը՝ մոտ 7%-ով։
  • Հայաստանում տարիքի ազդեցությունը սեռի ազդեցությունից ավելի հզոր է մոտ 10 անգամ, իսկ բնակավայրի տիպի ազդեցությունը տարիքի ազդեցությունից մոտ 2.4 անգամ:
  • Վրաստանում տարիքի ազդեցությունն ավելի ուժեղ է սեռի ազդեցությունից մոտ 7.3 անգամ, իսկ բնակավայրի տիպի ազդեցությունը տարիքի ազդեցությունից մոտ 1.3 անգամ։

Տղամարդու և կնոջ ընտանեկան կարգավիճակները

Ա վանդական հասարակություններում ընտանիքի գլխավորը տղամարդն է։ Տղամարդու՝ որպես ընտանիքի գլխավորի դերը հազարամյակների ընթացքում կազմավորվել է երկու կարևորագույն ֆունկցիաների՝  ընտանիքի պաշտպանության և ընտանիքի տնտեսական բարեկեցության ապահովման իրականացման արդյունքում։ Ավանդական հայրիշխանական ընտանիքում սերնդի պատկանելությունը և շարունակականությունը որոշվում է արական գծով։ Այստեղից էլ՝ ընտանիքում արական սեռի երեխայի պարտադիր առկայության պահանջը և արական սեռի զավակի գերակայություն ընտանիքի ունեցվածքի ժառանգման հարցում։ Արական սեռի զավակի արտոնություններն ուղեկցվում են նաև պարտականություններով, մասնավորապես՝ արու ժառանգը պարտավոր է խնամել ծերացած ծնողներին։

Ներկա արժեհամակարգային փոփոխությունների շեշտադրվող տարրերից է կնոջ և տղամարդու սոցիալական հավասարությունը։ Այդ հավասարության կարևորագույն հիմքն է կնոջ տնտեսական անկախությունը։ Կնոջ տնտեսական անկախությունը փոփոխություններ է առաջացնում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց վերարտադրողական վարքում՝ ամուսնության նկատմամբ դիրքորոշումներում, ամուսնությունից առաջ սեռական վարքում, ընտանիքում ֆունկցիաների և կարգավիճակների բաշխման, ինչպես նաև ամուսնության ամրության հարցերում։

«Կովկասյան բարոմետր» 2010 և 2019 թթ․ հետազոտություններում առկա են հարցեր, որոնք թույլ են տալիս դիտարկել ընտանիքում տղամարդու և կնոջ դերերի փոփոխության դինամիկան Հայաստանում և Վրաստանում։ Դրանք են․

  1. «Ձեր կարծիքով, ո՞վ պետք է լինի ընտանիքում հիմնական որոշում կայացնողը` տղամարդը թե կինը»: Հարցն առկա է միայն 2010 թ․ հետազոտությունում։
  2. «Հայաստանում/Վրաստանում ո՞վ պետք է լինի հիմնական գումար վաստակողը ընտանիքում՝ տղամարդը, թե՞ կինը»։
  3. «Այսօր Հայաստանի/Վրաստանի ընտանիքների մեծամասնությունում ո՞վ է հիմնական գումար վաստակողը՝ տղամարդը, թե՞ կինը»։
  4. «Ձեր կարծիքով, ծնողների մասին ո՞վ պետք է ավելի շատ հոգ տանի՝ որդի՞ն, թե՝ դուստրը»։ Հարցն առկա է միայն 2019 թ․ հետազոտությունում։
  5. «Եթե ընտանիքն ունենա մեկ երեխա, ի՞նչ սեռի պետք է լինի երեխան»։
  6. «Պատկերացրեք, որ տնային տնտեսությունում ապրում է մեկ որդի և մեկ դուստր, և տնտեսությունն ունի միայն մեկ բնակարան։ Ձեր կարծիքով ո՞վ պետք է ժառանգի այդ բնակարանը»։ Հարցն առկա է միայն 2019 թ․ հետազոտությունում։

Գծապատկեր 6-տրված են Հայաստանում և Վրաստանում 2010 և 2019 թվականներին նշված հարցերին տրված այն պատասխանների պրոֆիլը, որը բնութագրում է ավանդական ընտանիքը, այսինքն՝ տղամարդու գերակա դիրքը։ Նշենք, որ 2019 թվականի հետազոտությունում չի տրվել «Ով պետք է լինի ընտանիքում հիմնական որոշում կայացնողը» հարցը, իսկ 2010 թվականի հետազոտությունում՝ «Ձեր կարծիքով, ծնողների մասին ո՞վ պետք է ավելի շատ հոգ տանի՝ որդին, թե՞ դուստրը» և «Պատկերացրեք, որ տնային տնտեսությունում ապրում է մեկ որդի և մեկ դուստր, և տնտեսությունն ունի միայն մեկ բնակարան։ Ձեր կարծիքով ո՞վ պետք է ժառանգի այդ բնակարանը» հարցերը։


Գծապատկեր 6

Գծապատկերից երևում է, որ․

  • Ե՛վ 2010 թ․-ին, և՛ 2019 թ․-ին ավանդական ընտանիքի հատկանիշները Հայաստանում ավելի տարածված են եղել, քան Վրաստանում։
  • Այդ հատկանիշները 2019 թ․-ին 2010 թ․ համեմատ նվազել են և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում։
  • Վրաստանում 2019 թ.-ին առկա է նշանակալի հակասություն՝ բնակչության մեծամասնությունը (65%) համարում է, որ ընտանիքի հիմնական գումար վաստակողը պետք է լինի տղամարդը, սակայն միայն 33% է համարում, որ իրականում դա այդպես է։

Քանի որ 2019 հետազոտությունում բացակայում է՝ «Ով պետք է լինի ընտանիքում հիմնական որոշում կայացնողը» հարցը, այդ պատճառով ուսումնասիրվել է, թե ինչպիսին էին այդ հարցին տրված պատասխանների բաշխումները 2010 թ․-ին տարիքային խմբերում, ինչը մոտավոր պատկերացում է տալիս այդ դիրքորոշման հնարավոր փոփոխության վերաբերյալ։ Տվյալների մանրամասն ուսումնասիրություն ցույց տվեց, որ․

  • Հիմքեր չկան ենթադրելու, որ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, «ընտանիքում հիմնական որոշում կայացնողը պետք է լինի տղամարդը» դիրքորոշումը տարիքային խմբերում տարբերվում են միմյանցից։

Սակայն այդ դիրքորոշումը էապես տարբերվում էին ըստ սեռի և բնակավայրի տիպի․

  • Բոլոր երկրներում կանայք և մայրաքաղաքի բնակիչներն առավելապես հակված էին այն դիրքորոշմանը, որ «ընտանիքում հիմնական որոշում կայացնողը պետք է լինի տղամարդը»։

Ընդ որում, այդ երկու տարբերությունները ուժեղ են արտահայտված Վրաստանում, իսկ Ադրբեջանում տարբերությունն ուժեղ է արտահայտված կանանց շրջանում (Գծապատկեր 7 - Ա, Բ)։


Գծապատկեր 7

Քանի որ ընտանիքում հիմնական գումար վաստակողի ֆունկցիան նշանակալիորեն շաղկապված է ընտանիքի գլխավորի դերի հետ, դիտենք, թե ինչպես են Հայաստանում և Վրաստանում փոփոխվում այդ ֆունկցիան իրականացնողի վերաբերյալ դիրքորոշումները («Ո՞վ պետք է լինի հիմնական գումար վաստակողը ընտանիքում՝ տղամարդը, թե՞ կինը») և փաստացի իրավիճակը («Այսօր ընտանիքների մեծամասնությունում ո՞վ է հիմնական գումար վաստակողը՝ տղամարդը, թե՞ կինը»)։

Գծապատկեր 8-Ա, Բ, Գ-ում տրված է ընտանիքում հիմնական գումար վաստակողի վերաբերյալ իդեալական պատկերացումները Հայաստանում և Վրաստանում 2019 թ․-ին՝ տարբեր սոցիալական խմբերում։

Տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում դիրքորոշումը, որ ընտանիքի հիմնական գումար վաստակողը պետք է լինի տղամարդը, ժամանակի ընթացքում չի փոխվում, ինչը հաղորդակցվում է վերը նշված դրույթի հետ, որ Հայաստանում չի փոփոխվում այն դիրքորոշումը, որ ընտանիքում հիմնական որոշում կայացնողը պետք է լինի տղամարդը (Գծապատկեր 8-Ա)։

Սակայն Վրաստանում, 18-30 տարեկանների շրջանում, այդ կտրուկ նվազել է։ Դա նշանակում է, որ, եթե 2010 թ․-ին հիմքեր չկային ենթադրելու, որ Վրաստանում կարող են փոփոխվել ընտանիքի գլխավորի վերաբերյալ դիրքորոշումները, ապա դրան հաջորդող 9 տարիների ընթացքում, տեղի է ունեցել այդ դիրքորոշման կտրուկ փոփոխություն։

Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում ընտանիքում հիմնական որոշում կայացնողի և հիմնական գումար վաստակողի դերերի հետ կապված առկա է ներքին հակադրություն կանանց և տղամարդկանց դիրքորոշումների միջև (Գծապատկեր 8-Գ)։ Վրաստանում այդ հակադրությունն առկա է նաև մայրաքաղաքի, քաղաքների և, հատկապես, գյուղերի բնակչության շրջանում (Գծապատկեր 8-Բ)։


Գծապատկեր 8

Ո՞վ է ընտանիքում փաստացի հիմնական գումար վաստակողը պատկերացումները Հայաստանում և Վրաստանում 2019 թ.-ին տրված են Գծապատկեր 9-Ա, Բ, Գ-ում։


Գծապատկեր 9

Գծապատկերների տվյալները ցույց են տալիս, որ տղամարդու, որպես ընտանիքի հիմնական գումար վաստակողի, իդեալական և իրական պատկերների միջև հակասությունը, որը դիտվել է Գծապատկեր 6-ում, առկա է նաև բոլոր սոցիալական խմբերում՝ տղամարդու իրական դերը ավելի ցածր է, քան՝ իդեալական։ Այդուհանդերձ, այդ սոցիալական պրոցեսում առկա է կարևոր առանձնահատկություն․

  • Տղամարդու իդեալական և իրական դերերի միջև տարբերությունները տարիքային խմբերում նվազում են և ամենաերիտասարդ տարիքային խմբում դրանք ըստ էության բացակայում են։

Դա հստակ երևում է երբ իդեալական և իրական դերերը տարիքային խմբերում դիտարկվում են միասին (Գծապատկեր 10)։


Գծապատկեր 10

Ստացված արդյունքը նշանակում է, որ չնայած Հայաստանում և Վրաստանում տեղի են ունենում կանանց թույլատրելի վարքի և ընտանեկան հարաբերությունների ազատականացում, սակայն հասարակության սոցիալ-տնտեսական պայմաններն այնպիսին են, որ տղամարդու՝ որպես ընտանիքի հիմնական գումար վաստակողի դերը պահպանվում է։ Ընդ որում, Հայաստանում այդ դերի փաստացի վիճակը բարձրանում է՝ մոտենալով իդեալական վիճակին, իսկ Վրաստանում փաստացի և իդեալական վիճակները մոտենում են՝ առաջինի աճի և երկրորդի նվազման պայմաններում։

Երեխաների իդեալական քանակն ընտանիքում

 «Կովկասյան բարոմետր» հետազոտություններում առկա է․ «Ձեր կարծիքով [Հայաստանում/ Վրաստանում/ Ադրբեջանում] որքա՞ն պետք է լինի երեխաների իդեալական թիվը մեկ ընտանիքում»: Այս հարցը մոտարկում է հասարակությունում երեխաների պահանջմունքը։[8] Հարցը առկա է «Կովկասյան բարոմետր» 2010-2019 թթ․ հետազոտական շտեմարաններում։  Աղյուսակ 6-ում տրված է երեխաների իդեալական քանակի միջին արժեքները Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում՝ 2010-2019 թթ. ըստ շտեմարանների, իսկ Աղյուսակ 7-ում՝ ցուցանիշը 2010 և 2019 թթ․ հետազոտություններում ըստ տարիքի, սեռի և բնակավայրի տիպի։

Տարի

Հայաստան

Ադրբեջան

Վրաստան

2010

3.10

2.91

3.23

2011

3.10

2.81

3.29

2013

3.24

2.82

3.30

2015

3.24

-

3.16

2017

2.75

-

2.68

2019

3.30

-

3.13

Միջին

3.12

2.85

3.13

Աղյուսակ 6․ Երեխաների պահանջմունքի միջին արժեքները Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, 2010-2019, ըստ ՀՌԿԿ «Կովկասյան բարոմետր» հետազոտությունների։ Կիրառվել է «Ձեր կարծիքով [Հայաստանում/ Վրաստանում/ Ադրբեջանում] որքա՞ն պետք է լինի երեխաների իդեալական թիվը մեկ ընտանիքում» հարցը։



Աղյուսակ 7․

Աղյուսակ 7-ի տվյալները վերահաստատում են նախորդ հետազոտություններից ստացված այն արդյունքները, որ ավելի երիտասարդ տարիքային խմբերում երեխաների պահանջմունքն ավելի ցածր է, քան ավելի բարձր տարիքային խմբերում և, որ տղամարդկանց շրջանում ցուցանիշն ավելի բարձր է, քան կանանց շրջանում։

Էմիգրացիա

Հ այտնի է, որ Հայաստանի ժողովրդագրական վիճակը սկսած 1992 թվականից շարունակաբար վատթարացել է։ Վատթարացել են և՛ բնական աճը և միգրացիոն բալանսը։ Նախորդ հետազոտություններում ցույց է տրվել բնական աճի տեմպերի բարելավումը մեծ իներցիոնությամբ պրոցես է։ Մյուս կողմից, միգրացիոն բալանսն ունակ է բարելավվելու կարճ ժամանակահատվածում՝ նույնիսկ մեկից երեք տարվա ընթացքում։ Երկրից արտագաղթողների և երկիր վերադարձողների թիվը կարող է էապես փոխվել, օրինակ, երկրում սոցիալ-տնտեսական, արտաքին կամ ներքին քաղաքական պայմանների կտրուկ բարելավման, կամ կտրուկ վատթարացման դեպքում։

Դա հստակ երևում է Գծապատկեր 11-ում որտեղ տրված է Հայաստանի ՀՆԱ տարեկան աճը և միգրացիոն բալանսը 1992-2019 թթ. ընթացքում։


Գծապատկեր 11

Երբ 1992-1994 թթ. ընթացքում, պատերազմի և տնտեսական փլուզման հետևանքով, երկրի ՀՆԱ տարեկան աճը գահավիժեց 42%-ով, Հայաստանի միգրացիոն բալանսը կազմեց համապատասխանաբար՝ 228․6, 141․1 և 127․8 հազար մարդ։ 1995 թ.-ին` պատերազմի ավարտի հետևանքով, բնակչության արտահոսքը կտրուկ նվազեց, իսկ 1996-1998 թթ. տնտեսության կայունացմանը զուգընթաց, արտահոսքը շարունակեց նվազել։

1998 թ.-ին, Կարեն Դեմիրճյանի քաղաքականություն վերադառնալու հետևանքով, կտրուկ բարելավվեց ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը՝ մարդիկ սպասում էին բարենպաստ սոցիալ-տնտեսական փոփոխությունների։ Արդյունքում, չնայած ՀՆԱ աճը չուներ բացառիկ հաջողություններ, սակայն, Կ․ Դեմիրճյանի քաղաքականություն վերադառնալուց ընդամենը մեկ տարի անց` 1999 թ.-ին, բնակչության արտահոսքը կտրուկ նվազեց և միգրացիոն բալանսը բարելավվեց մինչև -7․0 հազար մարդ։

1999 թ.-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, երբ սպանվեցին Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը, Հայաստանը մտավ քաղաքականության անկայունության փուլ։ Չնայած ՀՆԱ-ն աճում էր, սակայն, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի և դրական սպասումների անկման պատճառով, միգրացիոն բալանսը նորից կտրուկ վատթարացավ՝ 2000 և 2001 թ.-ին կազմելով համապատասխանաբար՝ -57․5 և -60․4 հազար մարդ։

Երբ 2002 թ.-ից, Հայաստանում սկսեց կայունանալ ներքաղաքական վիճակը և սկսվեց ՀՆԱ տարեկան 10%-ից բարձր աճը՝ արտագաղթի տեմպը կտրուկ նվազեց, իսկ 2004-2006 թվականներին դարձավ դրական, մասնավորապես, 2006 թ.-ին՝ 21․7 հազար մարդ։

Երբ 2008 թ. գլոբալ ճգնաժամի ազդեցությունը հասավ Հայաստան և ՀՆԱ տարեկան աճը տարեկան 14%-ից իջավ մինչև 7%, իսկ հետո՝ 2009-ին կտրուկ նվազեց մինչև -14%, միգրացիոն բալանսը նորից դարձավ խիստ բացասական։ Հետագա տարիներին իրավիճակի դինամիկան ցույց տվեց, որ Հայաստանում տնտեսության մինչև 5% կարգի ՀՆԱ տարեկան աճի պահպանումն անբավարար է միգրացիոն բալանսը շտկելու համար։ Խիստ բացասական միգրացիոն բալանսի հիմնական պատճառը ժողովրդի ցածր և վատթարացող բարոյահոգեբանական վիճակն էր։ Դրա մասին են վկայում սոցիոլոգիական հետազոտությունները։  Գծապատկեր 12-ում ներկայացված է՝ «Ի՞նչ ուղղությամբ են ընթանում երկրում գործերը» հարցին տրված «Հիմնականում ճիշտ ուղղությամբ» և «Միանգամայն ճիշտ ուղղությամբ» պատասխանների գումարային տոկոսները։


Գծապատկեր 12․

Արդյունքները ստացվել են ՀՌԿԿ «Կովկասյան բարոմետր» 2007-2019 թթ․ հետազոտությունների տվյալների շտեմարանի մշակման արդյունքում։[9] Գծապատկեր 12-ի տվյալները հաղորդակցվում են Գծապատկեր 11-ի 2009-2016 թթ. միգրացիոն շատ մեծ բացասական բալանսի հետ։ Հասարակության լոյալության ներկայացված մակարդակը և դրա դինամիկան իրենցից ներկայացնում են այն ֆոնը, որի համատեքստում տեղի ունեցավ 2018 թ. իշխանափոխությունը։

Հայաստանում համաժողովրդական շարժման արդյունքում 2018 թ․-ին տեղի ունեցած իշխանափոխությունը կտրուկ բարելավեց բնակչության բարոյահոգեբանական վիճակը։ Իշխանության նկատմամբ վստահության մակարդակը աննախադեպ աճեց, որի հետևանքով աճեց նաև երկրում քաղաքական պրոցեսների նկատմամբ բնակչության լոյալությունը և, համապատասխանաբար, բարելավվեց միգրացիոն բալանսը՝ այն դարձավ դրական։ 2018 թ.-ին միգրացիոն բալանսը կազմեց 15․3, իսկ 2019-ին՝ 10․5 հազար մարդ։

Երկրից ընդմիշտ հեռանալու դիրքորոշումները Հայաստանում և դրանք պայմանավորող գործոնները, մանրամասն ուսումնասիրվել են։[10] Մասնավորապես, գնահատվել են ընտանիքի տնտեսական վիճակի, քաղաքական լոյալության, քաղաքական լարվածության, դասակարգային լարվածության, իրավական զրկանքների (դեպրիվացիայի), քաղաքացիական մշակույթի զարգացման աստիճանի, քաղաքական կուսակցություններին անդամակցության, դասական մշակույթում ընդգրկվածության գործոնների ազդեցությունները և դրանց հարաբերական ուժերը։ Սակայն,

  • Այդ հետազոտություններում բացակայում են ավանդական արժեհամակարգի ազդեցության գնահատականը։

«Կովկասյան բարոմետր 2010 և 2019» տվյալների շտեմարանները թույլ են տալիս լրացնել այդ բացը։ Շտեմարանում առկա է երկու հարց, որոնք արտապատկերում են երկրից մշտապես կամ ժամանակավորապես հեռանալու մարդկանց դիրքորոշումները։ Դրանք են․

  1. «Հնարավորության դեպքում կմեկնեի՞ք Հայաստանից/Վրաստանից` այլ վայրում մշտապես բնակվելու»:
  2. «Հնարավորության դեպքում կմեկնեի՞ք Հայաստանից/Վրաստանից՝ այլ վայրում ժամանակավորապես բնակվելու»:

Այդ հարցերը հնարավոր են դարձնում

  • Գնահատել ավանդական արժեհամակարգի փոփոխության ազդեցությունը երկրից մշտապես կամ ժամանակավորապես մեկնելու դիրքորոշումների վրա։

Նախ՝ դիտարկենք երկրից ընդմիշտ և ժամանակավորապես մեկնելու դիրքորոշումները։ Վերը նշված հարցերին տրված պատասխանների բաշխումները Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում 2010 թ․-ին և Հայաստանում ու Վրաստանում 2019 թ․-ին ներկայացված են Գծապատկեր 13 Ա և Բ-ում։


Գծապատկեր 13

Մշտական արտագաղթի դիրքորոշումներԳծապատկերների տվյալները ցույց են տալիս, որ․

  • 2010 թ․-ն երկրից ընդմիշտ հեռանալու դիրքորոշումները Հայաստանում (29%), ավելի բարձր են եղել, քան Վրաստանում (7%) և Ադրբեջանում (17%)։
  • 2019 թ-ին այդ դիրքորոշումների տարածվածությունը Հայաստանում նվազել է մինչև 25%, սակայն, այդուհանդերձ եղել է ավելի բարձր, քան Վրաստանում՝ 10%։
  • 2010 թ-ին երկրից ժամանակավորապես հեռանալու դիրքորոշումները Հայաստանում (64%), եղել են ավելի բարձր, քան Վրաստանում (47%) և Ադրբեջանում (52%)։
  • 2019 թ-ին այդ դիրքորոշումները Հայաստանում նվազել են մինչև 52%, սակայն՝ մնացել են ավելի բարձր, քան Վրաստանում (49%):

Աղյուսակ 8-ում տրված են իրենց երկրից մշտապես կամ ժամանակավորապես մեկնելու դիրքորոշումներն ըստ տարիքի, սեռի և բնակավայրի տիպի։


Աղյուսակ 8

Աղյուսակի տվյալները ցույց են տալիս, որ մշտական արտագաղթի դիրքորոշումները մեծապես պայմանավորված են տարիքով՝

  • Որքան երիտասարդ է անձը, այնքան բարձր է մշտական արտագաղթի դիրքորոշման առկայության հավանականությունը։

Մասնավորապես, 19-30 տարեկանների շրջանում 2019 թ․-ին այն կազմել է 37%, այն դեպքում, երբ 46-60 տարեկանների շրջանում 25% էր։

  • Տղամարդիկ ավելի հակված են արտագաղթելու, քան կանայք,
  • Ըստ բնակավայրի տիպի, մշտապես արտագաղթելու դիրքորոշումը համեմատաբար ավելի բարձր է քաղաքներում։

Այս արդյունքները ստացվել էին նաև նախորդ հետազոտություններում։ Այստեղ նորույթ է արդյունքի մակածումը Վրաստանի և Ադրբեջանի հասարակությունների վրա։

2019 թ․-ին Վրաստանում մշտական արտագաղթի դիրքորոշումները երիտասարդ տարիքային խմբերում՝ 18-30 և 31-45 տարեկան նույնպես ավելի բարձր են՝13-15%, քան 46-60 և 61-ից բարձր տարիքային խմբերում՝ 4-9%, ըստ սեռի տարբերությունը փոքր է, իսկ ըստ բնակավայրի տիպի առավելապես հակված են արտագաղթելու մայրաքաղաքում՝ 14%, գյուղերում այդ անձինք կազմում են 7%։

Երկրից ժամանակավորապես հեռանալու դիրքորոշումների մեծ մասը կապված է արտագնա աշխատանքի և ուսման հետ։ Այդ դիրքորոշումների բաշխումները պատկերները նման են մշտական արտագաղթի դիրքորոշումների բաշխումների պատկերներին, սակայն դրանք նշանակալիորեն ավելի տարածված են։

Մասնավորապես, Հայաստանում 2019 թ․-ին 18-30 տարեկանների 72%-ը կցանկանար ժամանակավորապես մեկնել Հայաստանից (ի տարբերություն 37% մշտապես արտագաղթելու դիրքորոշումներին)։ Այդ դիրքորոշումը համեմատաբար ավելի տարածված է տղամարդկանց շրջանում՝ 56%, համեմատած կանանց հետ՝ 49%, ինչպես նաև քաղաքներում և մայրաքաղաքում  53-55%,՝ համեմատած գյուղերի հետ՝ 50%։

Համանման պատկեր է Վրաստանում։ Այստեղ ժամանակավորապես երկրից հեռանալու դիրքորոշումները համեմատաբար ավելի բարձր են 18-30 տարեկանների շրջանում՝ 71%, տղամարդկանց շրջանում՝ 57% և մայրաքաղաքում՝ 57%։

Ավանդական արժեհամակարգի ազդեցությունը ժողովրդագրական վիճակի վրա

Այժմ անդրադառնանք հոդվածի հիմնական հարցին՝

  • Ինչպե՞ս է անդրադառնում հասարակությունում ավանդական արժեհամակարգի խարխլումը երկրի ժողովրդագրական վիճակի վրա, այդ թվում՝ երեխաների պահանջմունքի վրա, որը ծնելիության մակարդակը պայմանավորող հիմնական երկու գործոններից մեկն է,[11] և արտագաղթի դիրքորոշումների վրա, որը Հայաստանում, ցածր ծնելիության պայմաններում, բնակչության քանակի պահպանման և աճի հիմնական և ավելի հեշտ կառավարելի գործոնն է[12]։

Դրա համար կիրառենք կանանց վարքի ավանդականության ինդեքսը։ Ինդեքսի կիրառումը շահեկան է երկու տեսակետից։ Նախ՝ ինդեքսն իր մեջ է համախմբում կանանց ավանդական վարքի բոլոր բաղադրիչների բովանդակությունը, թույլ է տալիս կատարել ավելի կոմպակտ վերլուծություն և արդյունքների արտապատկերում, քանի որ հինգ փոփոխականի փոխարեն կիրառվում է մեկ փոփոխական։ Երկրորդը՝ ինդեքսը համահարթեցնում է առանձին փոփոխականներում հնարավոր պատահական շեղումները և ավելի կայուն է դարձնում ստացված արդյունքները։

Կանանց վարքի ավանդականության ինդեքսի ազդեցությունը երեխաների պահանջմունքի վրա Հայաստանում և Վրաստանում 2019 թ․-ին տրված է Գծապատկեր 14-Ա և Բ-ում։


Գծապատկեր 14

Գծապատկերներից երևում է ավանդականության հզոր ազդեցությունը երեխաների պահանջմունքի վրա։ Հայաստանում ավանդականության ամենաբարձր արժեքի դեպքում երեխաների պահանջմունքը 3․40 է։ Ավանդականության նվազմանը զուգընթաց այդ պահանջմունքը նվազում է և ավանդականության ամենացածր արժեքի դեպքում կազմում է 2.83։ Ընդհանուր նվազումը կազմում է 17%։ Վրաստանում ավանդականության նվազումը ամենաբարձր արժեքից մինչև ամենացածրը երեխաների պահանջմունքը նվազեցնում է 11%-ով։

Ստացված այս արդյունքը հայտնի էր նաև նախորդ հետազոտություններից։

  • Այստեղ նոր գիտելիքն այն է, որ կառուցված ավանդականության ինդեքսի բովանդակությունը միանում է և ընդլայնում նախորդ աշխատանքներում կիրառված ավանդականության ինդեքսների բովանդակությունը։
  • Երկրորդ նորույթն այն է, որ ստացված օրինաչափությունը վերաբերվում է նաև Վրաստանին։

Կանանց վարքի ավանդականության ինդեքսի ազդեցությունը երկրից ընդմիշտ մեկնելու դիրքորոշման վրա տրված է  Գծապատկեր 15-Ա և Բ-ում։ Գծապատկերների տվյալները ցույց են տալիս, որ․

  • Ավանդականության խարխլումը և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում բարձրացնում է երկրից ընդմիշտ արտագաղթելու դիրքորոշումների մակարդակը։

Հայաստանում կնոջ վարքի ավանդականության ինդեքսի ամենաբարձր՝ 5 արժեքի դեպքում երկրից ընդմիշտ արտագաղթելու դիրքորոշումների մակարդակը 21% է, իսկ ավանդականության ամենացածր՝ 0 արժեքի դեպքում այն աճում է ավելի, քան երկու անգամ՝ հասնելով 51%-ի։

Վրաստանում պատկերը նույնն է։ Ավանդականության ամենաբարձր արժեքի դեպքում երկրից ընդմիշտ արտագաղթելու դիրքորոշման մակարդակը կազմում է 7%, իսկ ամենացածր արժեքի դեպքում՝ նորից աճում է ավելի, քան երկու անգամ՝ հասնելով 18%-ի։


Գծապատկեր 15

Կանանց վարքի ավանդականության ինդեքսի ազդեցությունը երկրից ժամանակավոր մեկնելու դիրքորոշման վրա տրված է  Գծապատկեր 16-Ա և Բ-ում։ Գծապատկերների տվյալները ցույց են տալիս, որ․

  • Ավանդականության խարխլումը և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում բարձրացնում է երկրից ժամանակավոր մեկնելու դիրքորոշումների մակարդակը։


Գծապատկեր 16

Հայաստանում ժողովրդագրական վիճակի վրա մշտական արտագաղթի վնասակար ազդեցությունն առանձին մեկնաբանության կարիք չունի։ Սակայն ժամանակավոր արտագաղթի ազդեցությունները տարաբնույթ են։

Մի կողմից, եթե գործ ունենք աշխատանքային միգրացիայի հետ, ապա այդ միգրանտների հայրենիք ուղարկած դրամական միջոցները մեղմացնում են երկրում բնակչության սոցիալ տնտեսական վիճակը։ Եթե գործ ունենք ուսման նպատակով ժամանակավորապես արտասահման մեկնած երիտասարդների հետ, ապա նրանց հետ վերադարձի դեպքում երկիրը, ընդհանուր առմամբ, ստանում է ավելի բարձրակարգ մասնագետներ։

Մյուս կողմից, երբ աշխատանքային միգրանտները, ընդունող երկրում հաջողությունների են հասնում, իսկ հայրենիքում սոցիալ-տնտեսական վիճակը մնում է անփոփոխ կամ վատթարանում է, միաժամանակ, չեն երևում ապագայում իրավիճակի բարելավման նշաններ, ապա այդ միգրանտները, ժամանակի ընթացքում, հետ վերադարձի ենթադրությամբ, ընդունող երկիր են տեղափոխում իրենց հարազատներին՝ երեխաներին և ծնողներին։ Երեխաները, սոցիալականացվելով ընդունող երկրում, որպես կանոն, չեն ցանկանում վերադառնալ հայրենիք, ինչը վերածվում է աշխատանքային միգրանտների և նրանց ծնողների՝ հայրենիք չվերադառնալու հզոր գործոնի։

  • Արդյունքում՝ ենթադրաբար ժամանակավոր աշխատանքային միգրանտները, վերածվում են երկրից ընդմիշտ հեռացած մարդկանց։

Չնայած նրանք հաճախ պահպանում են իրենց հայրենիքի քաղաքացիությունը, սակայն, ըստ էության, հայրենիքը նրանց համար վերածվում է կարճատև արձակուրդն անցկացնելու վայրի։

Ուսման նպատակով ժամանակավորապես արտասահման մեկնած անձանցից նրանք, ովքեր դառնում են իրապես բարձրորակ մասնագետներ, որպես կանոն ստանում են այդ երկրում աշխատելու առաջարկներ և հնարավորություններ։

  • Արդյունքում՝ վերածվում են ընդմիշտ արտագաղթածների։

Հայրենիք վերադարձած երիտասարդների մի մասը, ունենալով ավելի բարձր հավակնություններ, քան Հայաստանում կրթություն ստացած երիտասարդները, զարգացման հեռանկարներ չունեցող երկրում չեն գտնում իրենց ակնկալիքներին համապատասխան տեղը և հաճախ արտագաղթում են արդեն առանց վերադառնալու մտադրության։

Իսկ այն երիտասարդները, ովքեր այնուամենայնիվ որոշում են մնալ հայրենիքում․

  • Ակամա վերածվում են ավանդական արժեքները խարխլող գլոբալ մշակութային ազդեցությունները հայրենիք հաղորդող անձանց, ինչը դրական հետադարձ կապով, հզորացնում է ժամանակավորապես կամ ընդմիշտ հայրենիքից հեռանալու դիրքորոշումները։

Եզրակացություններ

2 010-2019 թթ․ ժամանակահատվածում Հայաստանի և Վրաստանի հասարակություններում անցել է կնոջ նախաամուսնական նորմատիվային վարքի ազատականացման ալիք։ Ազատականացման այդ ալիքը շարունակվում է։

Վրաստանում ազատականացման այդ պրոցեսը 2010 թ.-ից առաջ, 2010-2019 թթ. ընթացքում և, ինչպես ցույց են տալիս կանխատեսող մոդելները, առնվազն մոտ ապագայում, ընթացել են և ընթանալու են ավելի արագ, քան Հայաստանում։ Վրաստանը կնոջ նորմատիվային վարքի ազատականացման աստիճանը որակապես ավելի բարձր է, քան Հայաստանում, իսկ ազատականացման պրոցեսներն ընթանում են ավելի արագ։

Երկու երկրներում էլ այդ ազատականացման հարացույցը նույնական է՝ ազատականացման մակարդակը և պրոցեսի արագությունն ավելի բարձր մայրաքաղաքային երիտասարդության շրջանում։ Ազատականացման պրոցեսը հանգեցրել է մի կողմից մայրաքաղաքային, իսկ մյուս կողմից՝ գյուղական և, նշանակալի չափով նաև քաղաքային սեգմենտների միջև նորմատիվային-արժեքային խզման։ Այդ խզման չափը մեծանում է։ Ըստ այդմ, առանձին հարց է՝ այդ մշակութային խզման կոնֆլիկտային պոտենցիալի գնահատումը։

2010-2019 թթ. ընթացքում երկու երկրներում էլ անցել է ազատականացման ևս մի ալիք, որը վերաբերվում է ընտանիքում տղամարդու և կնոջ դերերի և ֆունկցիաների բաշխմանը։ Սակայն 2019 թ.-ի տվյալներով կառուցված մոդելները ցույց են տալիս, որ այդ ալիքը կանգ է առել՝ առավել երիտասարդ սերնդի դիրքորոշումներում սկսվել է ավանդական ընտանիքում տղամարդու գերակա դերի կայունացման պրոցես։ Այդ պրոցեսն ավելի արտահայտված է Հայաստանում, քան՝ Վրաստանում։ Այդուհանդերձ, երկու երկրներում էլ ընտանիքում տղամարդու դերի գերակայությանը նշանակալիորեն տարբերվում է բնակավայրերի տիպերում՝ գյուղերում այն ավելի բարձր է, քան մայրաքաղաքում։

Երկրից ընդմիշտ արտագաղթի դիրքորոշումները Հայաստանում եղել են և մնում են նշանակալիորեն ավելի բարձր, քան Վրաստանում։ Սակայն, եթե երկրից ժամանակավորապես մեկնելու դիրքորոշումները 2010 թ.-ին նշանակալիորեն ավելի բարձր էին, քան Վրաստանում, ապա 2019 թ.-ին այդ դիրքորոշումները Հայաստանում նվազել են և ըստ էության հավասարվել Վրաստանի ցուցանիշին։ Հայաստանից ընդմիշտ կամ ժամանակավորապես մեկնելու դիրքորոշումների նշանակալի նվազման հիմնական գործոնն է 2018 թ.-ին տեղի ունեցած իշխանափոխություն է, որի արդյունքում բարոյահոգեբանական վիճակը Հայաստանում բարելավել է։

  • Մոդելավորումը ցույց է տվել, որ կանանց նորմատիվային վարքի ազատականացումը բացասաբար է ազդում և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի ժողովրդագրական վիճակի վրա։
  • Այն նվազեցնում է երեխաների պահանջմունքը և՛ տղամարդկանց, և՛ կանանց շրջանում՝ և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում։
  • Այդ բացասական ազդեցությունը Հայաստանում ավելի ուժեղ , քան Վրաստանում։
  • Կանանց նորմատիվային վարքի ազատականացումը բարձրացնում է երկրից և՛ ընդմիշտ, և՛ ժամանակավորապես արտագաղթելու դիրքորոշումները և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում։
  • Հայաստանում կանանց նորմատիվային վարքի բացասական ազդեցությունն ընդմիշտ արտագաղթի դիրքորոշումների վրա ավելի ուժեղ է, քան՝ Վրաստանում։
  • Վրաստանում կանանց նորմատիվային վարքի բացասական ազդեցությունը ժամանակավոր արտագաղթի դիրքորոշումների վրա ավելի ուժեղ է, քան՝ Հայաստանում։

[1] Մանուկյան Ս․ Ա․ Հայաստանում ծնելիության բարձրացման խնդրի շուրջ․ արժեհամակարգային դինամիկան և երեխաների պահանջմունքը Հայաստանի հասարակությունում,

Մանուկյան Ս․ Ա․ Հայաստանի երիտասարդության արժեքային դիրքորոշումներն ու երեխաների պահանջմունքը։

[2] «Կովկասյան բարոմետր» հետազոտություններում Ադրբեջանի վերաբերյալ տվյալներն առկա են մինչև 2013 թ. ներառյալ։ Դրանից հետո՝ 2015, 2017 և 2019 թթ. հետազոտություններին, ադրբեջանական կողմը տարբեր պատճառաբանություններով չի մասնակցել։

[3] Շտեմարանները հասանելի են https://www.crrc.am/en/barometer/ կայքում

[4] Մասնավորապես, համաձայն «Առողջապահության համակարգի գործունեության գնահատում, Հայաստան 2009» զեկույցի, Հայաստանում 2009 թ․-ին ծխելն առողջության համար վնասակար էր համարում բնակչության 94%-ը։

[5] Փոփոխականի առանձնացված ազդեցությունը կոչվում է հիմնական էֆեկտ։

[6] Այստեղ կիրառված ինդեքսի հատված տարբերակը, որտեղ կիրառվել են երեք վարքագծային նորմեր, կիրառվել է Մանուկյան Ս․ Ա․ Սոցիալական տարածությունները Հայաստանում, աշխատանքում, որն իրականացվել էր «Կյանքի որակը Հայաստանում, 2015» հետազոտության տվյալների շտեմարանով։ Դրա միջոցով գնահատվել է ավանդականության ինդեքսի ազդեցությունը հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների վրա։

Այլ բովանդակությամբ ավանդականության ինդեքս է կազմավորվել և կիրառվել Մանուկյան Ս․ Ա․ Հայաստանի երիտասարդության արժեքային դիրքորոշումներն ու երեխաների պահանջմունքը հոդվածում։ Այստեղ ինդեքսը կառուցվել է հարցվածների դիրքորոշումներում Հայաստանի առջև կանգնած խնդիրների գերակայությունների կիրառմամբ։

[7] Պարզ է, որ յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր սեռատարիքային խմբում կարող են լինել ինդեքսի ցանկացած արժեքով անձինք։

[8] Նախորդ հետազոտություններում (տես՝ ծանոթագրություն 1) ներկայացվել են տեսական և հետազոտական հիմքերը, որոնց համաձայն երեխաների պահանջմունքի գնահատման համար կիրառվող հարցաթերթային հարցի առավել ադեկվատ ձևակերպումը հետևյալն է․ «Քանի՞ երեխա կուզեիք ունենալ, եթե լինեն բնակարանային, ֆինանսական և այլ անհրաժեշտ պայմանները»։ Սակայն «Կովկասյան բարոմետր» հետազոտություններում կիրառվում է ամերիկյան սոցիոլոգիայում ընդունված ձևակերպումը։ Հարցերի ձևակերպումների տարբերության պատճառով սույն հոդվածում երեխաների պահանջմունքի ներկայացված ցուցանիշը տարբերվում է նախորդ հետազոտությունների ցուցանիշներից։

[9] Հետազոտությունում կիրառվել է հինգ աստիճան ունեցող սանդղակ՝ «Հիմնականում ճիշտ ուղղությամբ», «Ավելի շուտ ճիշտ ուղղությամբ», «Քաղաքականությունը բոլորովին չի փոխվում», «Հիմնականում սխալ ուղղությամբ» և «Սխալ ուղղությամբ»։ Այլ հետազոտական տվյալների հետ համեմատելիս, հարկ է հիշել, որ այն հետազոտություններում, որոնցում կիրառվում է չորս աստիճան ունեցող սանդղակ, այսինքն՝ բացակայում է «Քաղաքականությունը բոլորովին չի փոխվում» միջին աստիճանը, և՛ դրական, և՛ բացասական պատասխանների տոկոսը ստացվում է ավելի բարձր։

[10] Մանուկյան Ս. Ա. Հայաստանում արտագաղթի դիրքորոշումների դինամիկան 2012-2015թթ. // «21-րդ ԴԱՐ», 5 (69), 2016, էջ 25-39։

[11] Երկրորդը՝ երեխաների պահանջմունքի բավարարվածության մակարդակն է։ Տես՝ 8-րդ ծանոթագրությունում նշված աշխատանքները։

[12] Ներգաղթի դիրքորոշումների մասին ադեկվատ գնահատականներ ստանալու համար պետք է ուսումնասիրել Հայաստանից դուրս գտնվող հայերին։