Հայաստանի երիտասարդության արժեքային դիրքորոշումներն ու երեխաների պահանջմունքը

35 ր.   |  2019-09-18

Խնդիրը

Նախորդ հոդվածում ցույց է տրված, որ հասարակությունում ծնելիության բարձրացման հիմնարար գործոնն է երեխաների պահանջմունքը (երեխաների ցանկալի քանակը ընտանիքում` տնտեսական, բնակարանային և այլ անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում) և այդ պահանջմունքի իրականացման մակարդակը։ Այդ հոդվածում, Հայաստանում իրականացված համահանրապետական զանգվածային հետազոտությունների տվյալների վերլուծությամբ, հիմնավորվել է, որ`

  • Գլոբալ մշակութային դինամիկան պայմանավորող գործոնների ներմուծումը Հայաստան նվազեցնում է ինչպես երեխաների պահանջմունքը, այնպես էլ այդ պահանջմունքի իրականացման մակարդակը,
  • Ներկայում Հայաստանում ծնելիությունը նվազեցնող գլոբալ ազդեցություններն ավելի հզոր են, քան Հայաստանի հասարակությունում ավանդական արժեհամակարգի ծնելիությունը բարձրացնող ազդեցությունը,
  • Հայաստանի հասարակությունում, առնվազն վերջին 60 տարիների ընթացքում, մոնոտոն նվազել է և՛ երեխաների պահանջմունքը, և՛ այդ պահանջմունքի իրականացվածության մակարդակը։
  • Հայաստանի ընտանիքներում երեխաների պահանջմունքը կանանց շրջանում նշանակալիորեն ավելի ցածր է, քան տղամարդկանց շրջանում։
  • Հայաստանի ընտանիքներում երեխաների քանակը և երեխաների պահանջմունքի իրականացման մակարդակը պայմանավորված են առավելապես կանանց շրջանում երեխաների պահանջմունքի մակարդակով,
  • Հայաստանի 18-29 տարեկան երիտասարդների շրջանում երեխաների պահանջմունքը, 2014թ.-ին կազմել է 3.12, որը 67% կամ ավելի բարձր իրականացման դեպքում, բավարար է Հայաստանի բնակչության պարզ և ընդլայնված բնական վերարտադրության համար։

Ներկայացվող հոդվածը կոնկրետացնում է նախորդ հոդվածում ստացված ընդհանուր արդյունքները։ Ցույց է տրված Հայաստանի երիտասարդության շրջանում առկա կոնկրետ արժեքային դիրքորոշումների ազդեցության բնույթն ու չափը նրանց երեխաների պահանջմունքի վրա։ Դիտարկվել են այդ արժեքային դիրքորոշումների յուրահատուկ ազդեցությունները երեխաների պահանջմունքի վրա՝ տղամարդկանց և կանանց շրջանում, ինչպես նաև արժեքային դիրքորոշումների փոփոխության բնույթը ժամանակի ընթացքում։

Կիրառված մոտեցումը թույլ է տալիս ստացված արդյունքները կիրառել որպես ուղենիշներ Հայաստանում ծնելիության բարձրացմանն ուղղված ռազմավարությունների կարգաբերման և թիրախավորման համար։

Հոդվածում դիտարկվել են, թե ինչպես են ազդում երեխաների պահանջմունքի միջին արժեքի փոփոխության վրա հետևյալ գործոնները.

  1. Դիրքորոշումները «ազատականություն» և «հայրենասիրություն» ընդհանրացված կոնցեպտների նկատմամբ, 
  2. Ազատական արժեհամակարգի առանձին տարրերի գերակայությունները, այդ թվում՝ դիրքորոշումները մարդու իրավունքների և անձի ազատությունների, կանանց և տղամարդկանց հավասարության, երիտասարդության ինքնազարգացման և ինքնարտահայտման հնարավորությունների, Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների սերտացման, բոլոր հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավման նկատմամբ,
  3. Ավանդական արժեհամակարգի առանձին տարրերի գերակայությունները, այդ թվում՝ դիրքորոշումները մարդկանց բարոյական վերադաստիարակության, hայկական բանակի հզորացման և ազգային անվտանգության, սոցիալական արդարության և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության, բնակչության աճի խթանման, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի շարունակական ինտեգրման նկատմամբ[1],
  4. Անձի ինքնության կառուցվածքային տարրերը,
  5. Դիրքորոշումը հղիության արհեստական ընդհատման նկատմամբ,
  6. Կնոջ ամուսնության և կարիերայի հարաբերական գերակայությունները,
  7. Ամուսին ընտրելու հարցում՝ ամուսնու տնտեսական ապահովվածության գերակայությունը,
  8. Ամուսնացած և չամուսնացած լինելու կարգավիճակների գերակայությունները,
  9. Դիրքորոշումները ընտանիքում տղամարդու և կնոջ կարգավիճակի նկատմամբ։

Մեթոդաբանությունն ու տվյալները

Հետազոտությունն իրականացվել է Հայաստանում և Վրաստանում 14-29 տարեկան անձանց շրջանում իրականացված «Ազատության սերունդ 2016»[2] և «Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում, 2011»[3] հետազոտությունների տվյալների շտեմարանների երկրորդային վերլուծությամբ։

Այդ հետազոտությունների կիզակետերն էին երիտասարդների արժեքային համակարգերը, ինչը հնարավորություն է ընձեռել կազմավորել ընդհանրացված փոփոխականներ՝ ինդեքսներ, որոնք արտապատկերում են անձի աշխարհայացքում տարբեր, հաճախ հակադիր արժեհամակարգերի առկայության կամ բացակայության չափը։

Կազմավորված ընդհանրացված փոփոխականներով մի կողմից հնարավոր է դարձել ստանալ Հայաստանի երիտասարդության արժեհամակարգային ընդհանրացված կերպարը, իսկ մյուս կողմից, գիտականորեն հիմնավորված գնահատել և կանխատեսել արժեքային համակարգերի և դրանց տարրերի ազդեցության բնույթն ու ինտենսիվությունը ծնելիության մակարդակը պայմանավորող «երեխաների պահանջմունք» ցուցանիշի և դրա դինամիկայի վրա։[4]

Քանի որ նախորդ հոդվածից հայտնի էր, որ կանանց և տղամարդկանց շրջանում երեխաների պահանջմունքը էապես տարբերվում է, այդ պատճառով բոլոր գործոնների ազդեցությունները դիտարկվել և համեմատվել են կանանց և տղամարդկանց շրջանում։ Իսկ վեր հանելու համար մի կողմից, երեխաների պահանջմունքի դինամիկայի առանձնահատկությունները՝ կախված դիտարկվող գործոններից, իսկ, մյուս կողմից, դիտարկվող գործոնների փոփոխության միտումները, դրանք դիտարկվել են երիտասարդության տարիքային խմբերում։

Հոդվածում արժեքները, որոնք դիտարկվել են որպես երիտասարդության շրջանում երեխաների պահանջմունքը (կախյալ փոփոխական) պայմանավորող գործոններ (անկախ փոփոխականներ) ստորաբաժանված են երկու խմբի՝ ազատական և ավանդական։

Հոդվածի շրջանակներում այդ արժեհամակարգերը դասակարգված են հետևյալ չափանիշների հիման վրա.

  • Ազատական են համարվել այն արժեքները, որոնք շեշտադրում են անհատի իրավունքների գերակայությունը հասարակական խմբերի շահերի համեմատ, ինչպես նաև կանանց շրջանում անհատական ինքնադրսևորման գերակայությունը ընտանիքի նկատմամբ։
  • Ավանդական են համարվել այն արժեքները, որոնք շեշտադրում են ազգային և հասարակական շահերի գերակայությունն անհատի իրավունքների համեմատ, ինչպես նաև ընտանիքի և ընտանեկան հարաբերություններում հայկական ազգային դիրքորոշումները։

Հեղինակի մեթոդաբանական մոտեցումը պարունակում է հետևյալ դրույթները։ Նախ՝ անալիտիկ տեսակետից մարդիկ խստիվ չեն սահմանազատվում որպես «մաքուր» ավանդական կամ ազատական արժեքների կրողներ՝ անձը կարող է իր աշխարհայացքում ունենալ ինչպես ազատական, այնպես էլ ավանդական արժեքներ։ Երկրորդ՝ մարդկանց արժեքային դիրքորոշումները որոշակի օբյեկտի կամ երևույթի նկատմամբ խստիվ սահմանազատված չեն որպես ավանդական կամ ազատական։ Դրանք, որպես կանոն, դիրքավորված են արժեքների հակադիր զույգերի միջև կոնտինուումում[5], կամ, եթե դիտարկվում է իր հակոտնյան չունեցող արժեք, ապա դրա նկատմամբ դիրքորոշման բացակայությունից մինչև առավելագույն դրական կամ բացասական դիրքորոշումն արտապատկերող կոնտինուումում։ Երրորդը, հետազոտական փորձը ցույց է տվել, որ մարդկանց արժեքային դիրքորոշումը որոշակի օբյեկտի նկատմամբ իրադարձային է։ Կախված հանգամանքներից՝ այն կարող է լինել և՛ ավանդական, և՛ ազատական։ Այսպիսով, հասարակական խմբի սեգմենտացումը «ավանդական – ազատական» կատեգորիաների շրջանակում միշտ ունի պայմանականության աստիճան կամ «մոխրագույն գոտի»։ Այդ դասակարգման համար առավել ադեկվատ է «ոչ պարզորոշ բազմություններ» (fuzzy sets) կոնցեպտը։

Նշված մեթոդաբանական դրույթները կարևոր են հոդվածում ներկայացված արդյունքների ճիշտ ընկալման և մեկնաբանման համար։

Արդյունքները

«Ազատականություն» և «հայրենասիրություն» ընդհանրացված կոնցեպտների ազդեցությունը երեխաների պահանջմունքի վրա

Ն ախորդ՝ «Երեխաների պահանջմունքի դինամիկան Հայաստանում» հոդվածում, հիմնավորվել է, որ պոստինդուստրիալ (= ազատական) արժեհամակարգի տարածումը Հայաստանի հասարակությունում նվազեցնում է երեխաների պահանջմունքը, իսկ ավանդական արժեհամակարգը, ընդհակառակը՝ բարձրացնում։ Հիշենք, որ այդ տվյալները ստացվել են «Կյանքի որակը Հայաստանում 2016» հետազոտության շտեմարանի երկրորդային վերլուծությամբ։ Այլ հետազոտական տվյալների կիրառմամբ համանման արդյունքների ստացումը կբարձրացներ նշված արդյունքների հավաստիության աստիճանը։

Այդպիսի անկախ տվյալների շտեմարան է՝ «Անկախության սերունդ 2016» հետազոտության տվյալների շտեմարանը, որտեղ առկա է հարց, որը թույլ է տալիս ուղղակիորեն գնահատել ազատականության նկատմամբ դիրքորոշումը և, դրա միջոցով գնահատել ազատական արժեհամակարգի ազդեցությունը Հայաստանի երիտասարդության շրջանում երեխաների պահանջմունքի վրա։ Այդ հարցը ձևակերպված է հետևյալ կերպ. «Խնդրում եմ գնահատել, թե որքանով եք համաձայն կամ անհամաձայն նշված դատողությունների հետ։ 1 գնահատականը նշանակում է, որ բոլորովին համաձայն չեք նշված դատողության հետ, 10-ը՝ լիովին համաձայն եք»։ Գնահատման համար հարցվողներին ներկայացվել է 15 դրույթ։ Դրանց շարքում են հետևյալ երկուսը, որոնք թույլ են տալիս ստանալ մեր հետազոտական հարցերի պատասխանները.

  • «Այսօր հայն ավելի ազատական հայացքներ պետք է ունենա»,
  • «Ինձ համար ամենակարևոր արժեքը հայրենիքն է»։[6]

Առաջին դրույթն ուղղակիորեն գնահատում է երիտասարդների դիրքորոշումների ինտենսիվությունը ազատականության նկատմամբ, իսկ երկրորդը, կարելի է ենթադրել, որ մեծ հավանականությամբ, շաղկապված է ավանդական արժեհամակարգի հետ։ Գծապատկեր 1-ում տրված է այդ հարցերի պատասխանների բաշխումը տղամարդկանց և կանանց շրջանում։


Գծապատկեր 1.
Տղամարդկանց և կանանց դիրքորոշումների բաշխումները ազատականության և հայրենասիրության նկատմամբ։ 1 – բոլորովին համաձայն չեմ, 10 – լիովին համաձայն եմ։ «Անկախության սերունդ 2016»։

Այդ բաշխումների հիմնական առանձնահատկություններն են.

  • Հայաստանի երիտասարդության շրջանում և՛ ազատականության, և՛ հայրենասիրության գերակայությունները բավական բարձր են (միջին արժեքները համապատասխանաբար՝ 7.21 և 7.31) և վիճակագրորեն միմյանցից չեն տարբերվում։
  • Տղամարդկանց և կանանց շրջանում այդ երկու բաշխումների միջին արժեքները միմյանցից վիճակագրորեն չեն տարբերվում։
  • Հատկանշական է, որ «Այսօր հայը ավելի ազատական հայացքներ պետք է ունենա» և «Ինձ համար ամենակարևոր արժեքը հայրենիքն է» դիրքորոշումները միմյանց հետ դրական են կորելացված։ Տղամարդկանց դեպքում Պիրսոնի կորելյացիան՝ r=0.200 (նշանակալիության մակարդակը՝ 0.001), իսկ կանանց դեպքում՝ r=0.108 (նշանակալիության մակարդակը՝ 0.001):

Վերջին արդյունքը հուշում է, որ արդի Հայաստանի երիտասարդության աշխարհայացքում միաժամանակ դիրքավորված են ինչպես ազատական, այնպես էլ ավանդական արժեհամակարգային տարրերը։ Այսինքն`

  • Ազատական և ավանդական արժեհամակարգերի ճշգրիտ անալիտիկ ստորաբաժանման խնդիրը չունի միարժեք լուծում։
  • Հետևաբար, չի կարելի պնդել, որ, օրինակ, «ազատական» աշխարհայացք ունեցող երիտասարդությունը պարտադիր կերպով «հայրենասեր» չէ կամ «հայրենասեր» երիտասարդությունը պարտադիր կերպով ունի «ավանդական» աշխարհայացք։

Ստացված արդյունքը վկայում է կիրառված մեթոդաբանական դրույթի ադեկվատությունը հայկական իրականությանը։

Հայրենասիրության և ազատականության գերակայությունների միջին արժեքների դիտարկումը կանանց և տղամարդկանց տարիքային խմբերում ցույց տվեց, որ հիմքեր չկան ենթադրելու, որ ներկայումս այդ դիրքորոշումներն ունեն վիճակագրորեն նշանակալի գծային տրենդներ[7] այդ գերակայությունների աճի կամ նվազման ուղղությամբ (Գծապատկեր 2)։


Գծապատկեր 2. Տղամարդկանց և կանանց դիրքորոշումների միջին արժեքները ազատականության և հայրենասիրության նկատմամբ։ «Անկախության սերունդ 2016»։

Անդրադառնանք հոդվածի հիմնական հետազոտական հարցին.

  • Արդյո՞ք երիտասարդության աշխարհայացքում ազատականության և հայրենասիրության[8] դիրքորոշումների գերակայությունների փոփոխությունն ազդում է երեխաներ ունենալու նրանց պահանջմունքի վրա։

Տվյալների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ

  • «Այսօր հայը ավելի ազատական հայացքներ պետք է ունենա» դիրքորոշման գերակայության աճը կանանց շրջանում վիճակագրորեն հավաստի նվազեցնում է նրանց երեխաների պահանջմունքը։[9]

Այդ եզրակացությունը տեսանելի է Գծապատկեր 3-ում, որտեղ տրված է երեխաների պահանջմունքի միջին արժեքները տղամարդկանց և կանանց շրջանում՝ դիտարկվող երկու դիրքորոշումների «ցածր» (1-3), «միջին» (4-7) և «բարձր» (8-10) արժեքների դեպքում։ Գծապատկերի աջ կողմի կապույտ գիծը ցույց է տալիս, թե ինչպես է կանանց շրջանում «ազատականություն» դիրքորոշման գերակայության աճին զուգահեռ մոնոտոն նվազում երեխաների պահանջմունքը։ Եթե «ազատականության» ցածր արժեքների դեպքում այն հավասար է 2.68-ի, ապա բարձր արժեքների դեպքում այն վիճակագրորեն հավաստի նվազել է մինչև 2.48։ 


Գծապատկեր 3. Ցածր արժեքները՝ 1-4, միջին արժեքները՝ 5-7, բարձր արժեքները՝ 8-10։ «Անկախության սերունդ 2016»։

Գծապատկերի աջ հատվածում տրված է «Ինձ համար ամենակարևոր արժեքը հայրենիքն է» դիրքորոշման գերակայության փոփոխության ազդեցությունը երեխաների պահանջմունքի վրա։ Գրաֆիկների տեսողական վերլուծությունը թույլ է տալիս առաջ քաշել հիպոթեզ, որ «հայրենասիրություն» դիրքորոշման գերակայության աճը բարձրացնում է երեխաների պահանջմունքը և՛ կանանց, և՛ տղամարդկանց շրջանում, սակայն մեր ունեցած տվյալների շրջանակում, գրաֆիկի վրա տեսանելի այդ միտումների վիճակագրական հավաստիության մակարդակն անբավարար է (sig. = 0.148)։

Ազատական և ավանդական արժեհամակարգերի տարրերի ազդեցությունը երեխաների պահանջմունքի վրա

«Անկախության սերունդ 2016» հետազոտության տվյալների շտեմարանը թույլ է տալիս կոնկրետացնել երեխաների պահանջմունքի վրա ազատական և ավանդական արժեհամակարգերի ազդեցության բովանդակությունը՝ գնահատելով այդ արժեհամակարգերի կոնկրետ տարրերի ազդեցությունը։

Դ րա համար կիրառվել է հետևյալ հարցը. «Նշված խնդիրներից, որո՞նց վրա առաջնահերթ պետք է կենտրոնանա ՀՀ կառավարությունը: Ընտրեք 3 առավել էական խնդիրներ և դասակարգեք ըստ կարևորության»։ Հարցվողներին, քարտի միջոցով ներկայացվել է 22 խնդիր, որոնք տրված են Աղյուսակ 1-ում։ Աղյուսակում խնդիրները ներկայացված են նույն հերթականությամբ, ինչ հարցվողին ներկայացվող քարտում։

Աղյուսակ 1-ում ներկայացված խնդիրների ցանկում առկա են այնպիսիք, որոնց գերակայությունը մեծ հավանականությամբ վկայում է ազատական արժեհամակարգի առկայության մասին, ինչպես նաև այնպիսիք, որոնց առկայությունը մեծ հավանականությամբ վկայում է ավանդական աշխարհայացքի առկայության մասին։ Մասնավորապես, ազատական դիրքորոշումների առկայության մասին են վկայում «Մարդու իրավունքների պաշտպանություն և անձի ազատություններ», «Կանանց և տղամարդկանց հավասարություն», «Երիտասարդության ինքնազարգացման և ինքնարտահայտման պայմանների», «Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների սերտացում», «Բոլոր հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավում» խնդիրների գերակայությունը։

Նույն ցանկում ավանդական դիրքորոշումների առկայության մասին են վկայում «Բարոյական վերադաստիարակություն», «Հայոց բանակի հզորացում և ազգային անվտանգություն», «Սոցիալական արդարություն և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածություն», «Բնակչության աճի խթանում», «Հայաստանի շարունակական ինտեգրում Եվրասիական տնտեսական միությանը» խնդիրների գերակայությունը։

Ցանկի մնացած խնդիրները կարող են շաղկապված լինել ինչպես ազատական, այնպես էլ ավանդական արժեհամակարգերի հետ։

Աղյուսակ 1. Խնդիրների ցանկը, «Անկախության սերունդ 2016» հետազոտությունում, որը ներկայացվել է երիտասարդներին, որպեսզի նրանք ընտրեն երեք առաջնահերթություններ, որոնց վրա պետք է կենտրոնանա Հայաստանի Կառավարությունը։ Տրված է երեք պատասխաններից որևէ մեկում տվյալ խնդիրը որպես գերակայություն նշած անձանց քանակը։

Երիտասարդների աշխարհայացքում դիտարկված խնդիրների գերակայությունների ուսումնասիրության միջոցով հնարավոր է պատասխանել հետևյալ հարցերին.

  • Արդյո՞ք անձի աշխարհայացքում ավանդական և ազատական արժեքների բովանդակային տարրերի առկայությունը և դրանց ինտենսիվությունը ազդում են երեխաներ ունենալու մարդու պահանջմունքի վրա և, եթե այո, ապա ինչպիսի՞ն է այդ ազդեցության բնույթը։

Դրա համար կազմավորվել է երկու ինդեքս՝ «ազատականության ինդեքս» և «ավանդականության  ինդեքս»։

Ազատականության ինդեքսն իրենից ներկայացնում է հարցվողի այն պատասխանների քանակը, որոնցում նշված են ազատական աշխարհայացքի հետ մեծ հավանականությամբ շաղկապված (կորելացված) հետևյալ հինգ խնդիրներից որևէ մեկը.

  1. Մարդու իրավունքների պաշտպանություն և անձի ազատություններ,
  2. Կանանց և տղամարդկանց հավասարություն,
  3. Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների սերտացում,
  4. Երիտասարդության ինքնազարգացման և ինքնարտահայտման պայմանների ապահովում,
  5. Բոլոր հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավում։

Ավանդականության ինդեքսն իրենից ներկայացնում է հարցվողի այն պատասխանների քանակը, որոնցում նշված են մեծ հավանականությամբ ավանդական աշխարհայացքի հետ կապված հետևյալ հինգ խնդիրներից որևէ մեկը.

  1. Բարոյական վերադաստիարակություն,
  2. Հայոց բանակի հզորացում և ազգային անվտանգություն,
  3. Սոցիալական արդարություն և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածություն,
  4. Բնակչության աճի խթանում,
  5. Հայաստանի շարունակական ինտեգրում Եվրասիական տնտեսական միությանը։

Ակնհայտ է, որ ինդեքսները կարող են ընդունել 0, 1, 2 և 3 արժեքները։ Ինդեքսն ընդունում է 0 արժեք, եթե հարցվողը երեք պատասխաններից ոչ մեկում չի նշել տվյալ [ազատական կամ ավանդական] արժեքների ցանկից ոչ մի դրույթ։ Ինդեքսն ընդունում 3 արժեքը, եթե հարցվողը բոլոր երեք ընտրություններում, ցանկացած հաջորդականությամբ նշել է որևէ դրույթ տվյալ [ազատական կամ ավանդական] արժեքների ցանկից։

Գծապատկեր 4-ում ներկայացված է երեխաների պահանջմունքի միջին արժեքները ազատականության և ավանդականության ինդեքսների տարբեր մակարդակների դեպքում տղամարդկանց և կանանց շրջանում։


Գծապատկեր 4. Ազատական և ավանդական աշխարհայացքը և երեխաների պահանջմունքը։ «Անկախության սերունդ 2016»։

Գծապատկերի տվյալները տալիս են վերը ձևակերպված հարցերի պատասխանները.

  1. Ազատականության ինդեքսի աճը մոնոտոն նվազեցնում է կանանց շրջանում երեխաների պահանջմունքը (Գծապատկեր 4, ձախ կողմի կապույտ գիծը)։

Եթե ինդեքսի 0 արժեքի դեպքում այն 2.58 է, ապա 2 արժեքի դեպքում՝ (ամենաազատական խումբ) այն 2.35 է։ Տղամարդկանց շրջանում այդպիսի կապ չի հայտնաբերվել (չնայած տղամարդկանց շրջանում ազատականության ինդեքսի 0 արժեքի դեպքում երեխաների պահանջմունքն ավելի բարձր է, քան 2 արժեքի դեպքում)։

  1. Ավանդականության ինդեքսի աճը բարձրացնում է երեխաների պահանջմունքը և՛ կանանց և՛ տղամարդկանց շրջանում (Գծապատկեր 4, աջ կողմի կապույտ և կարմիր գծերը)։
    Ավանդականության ինդեքսի աճը 0-ից մինչև 2 կանանց շրջանում երեխաների պահանջմունքի միջին արժեքը բարձրացնում է 2.48-ից մինչև 2.88, իսկ տղամարդկանց շրջանում՝ 2.64-ից մինչև 2.96։

Գծապատկերից բխող հիմնական եզրակացություններն են.

  1. Վերահաստատվել է նախորդ հոդվածում վեր հանված այն փաստը, որ մնացած հավասար պայմաններում կանանց շրջանում երեխաների պահանջմունքն ավելի ցածր է, քան տղամարդկանց շրջանում։[10] Եվ, հետևաբար, ծնելիության աճի ռազմավարություններում շեշտադրումը պետք է կատարել առավելապես կանանց շրջանում երեխաների պահանջմունքի աճի վրա։
  2. Ծնելիության բարձրացման համար դաստիարակության հարցերում անհրաժեշտ է զսպել ազատական արժեհամակարգը և խթանել ավանդական արժեհամակարգի զարգացումը։

Դա բխում է այն արդյունքներից, որ նախ՝ ավանդականության աճն ունիվերսալ է. այն ազդում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց երեխաների պահանջմունքի վրա, և երկրորդը՝ ավանդականության աճը տղամարդկանց շրջանում բարձրացնում է երեխաների պահանջմունքը 12%-ով (0.32 միավոր), իսկ կանանց շրջանում՝ 16%-ով (0.40 միավոր)։

Անձի ինքնության կառուցվածքային տարրերի ազդեցությունը երեխաների պահանջմունքի վրա 

Ն երկայացվող հոդվածում, անձի ինքնություն ասելով նկատի ունենք այն հատկանիշների համակարգը, որոնցով մարդը բնութագրում է ինքն իրեն՝ այլ խմբերի հետ նույնականացման միջոցով։

Պարզ է, որ մարդու ինքնության կառուցվածքը բազմաշերտ է. մարդն ինքն իրեն կարող է բնութագրել էթնիկ, կրոնական, ռասայական, լեզվական, մշակութային, քաղաքակրթական, սոցիալական, տնտեսական, մասնագիտական և այլ տեսակետերից։ Պարզ է նաև, որ մարդու ինքնությունը բազմամակարդակ է՝ ինքնության շերտերն ունեն առավելապես հիերարխիկ կառուցվածք, այսինքն՝ մարդու ինքնության տարրերի միջև առկա են գերակայության հարաբերություններ։ 

«Ազատության սերունդ» հետազոտության հարցաթերթում առկա էր հարց, որը թույլ է տալիս վեր հանել մարդու ինքնության կառուցվածքային տարրերի գերակայությունները։ Հարցը ձևակերպված է հետևյալ կերպ. «Ներքոնշյալ ցուցակից ընտրեք խնդրեմ միայն 3 պատասխան, որոնք առավել բնորոշ են Ձեզ, և դասակարգեք դրանք՝ սկսելով ամենաբնորոշ հատկանիշից։ Ես՝ …»։ Հարցվողին ներկայացվել է[11] պատասխանների տարբերակների հետևյալ ցանկը.

  1. Եվրոպացի եմ,
  2. Հայ եմ,
  3. Քրիստոնյա եմ,
  4. [իմ համայնքի] բնակիչ եմ,
  5. Ցեղակրոն եմ,
  6. Իմ երկրի զինվորն եմ,
  7. Իմ ծնողների զավակն եմ,
  8. Տղամարդ/կին եմ,
  9. ՀՀ քաղաքացի եմ,
  10. Աշակերտ/ուսանող եմ,
  11. Աշխարհաքաղաքացի եմ։

Հարցին կցված պատասխանների տարբերակները թույլ են տալիս Հայաստանի երիտասարդությանը սեգմենտավորել ինքնության տարբեր դասակարգումներում։ Մյուս կողմից, հարցը, որը կիրառվել է «Անկախության սերունդ 2016» հետազոտությունում, բացի հետազոտության հեղինակներին հետաքրքրող նպատակից, թույլ է տալիս նաև ստանալ մեզ հետաքրքրող հետազոտական հարցի պատասխանը.

  • Ինչպե՞ս են անձի ինքնության տարրերի գերակայություններն ազդում նրա երեխաների պահանջմունքի վրա։

Նախ դիտենք, թե ինչ բաշխում ունեն տրված պատասխանները։ Գծապատկեր 5-ում տրված է այն անձանց քանակը, ովքեր երեք պատասխաններից որևէ մեկում նշել են ինքնության տվյալ տարրը։


Գծապատկեր 5.
Ինքնության տարրերի տարածվածությունը երիտասարդների շրջանում։ Այն անձանց քանակը, ովքեր երեք պատասխաններից որևէ մեկում նշել են ինքնության տվյալ տարրը։[12] «Անկախության սերունդ 2016»

Տվյալները ցույց են տալիս, որ [ինքնության կառուցվածքի «Անկախության սերունդ» հետազոտությունում կիրառված մեթոդիկայի շրջանակներում].

  • Հայ երիտասարդների ինքնության միջուկն են կազմում երեք տարրեր՝ հայ լինելը, քրիստոնյա լինելը և իրենց ծնողների զավակը լինելը։
  • Ինքնության երկրորդ շերտը սեռային ինքնանույնականացումն է։
  • Երրորդ շերտում են Հայաստան պետության և իր բնակավայրի հետ շաղկապող տարրերը՝ ՀՀ քաղաքացի լինելը, երկրի զինվոր լինելը և իր համայնքի բնակիչ լինելը։
  • Ինքնանույնականացման վերազգային տարրերի տարածվածությունը շատ ցածր է՝ իրենց երեք առավել կարևոր բնութագրերի շարքում աշխարհաքաղաքացի լինելը նշել է երիտասարդների 4%-ը, իսկ եվրոպացի՝ 3%-ը։
  • Շատ ցածր է նաև ինքնանույնականացման յուրահատուկ ազգայնական բնութագիրը՝ ցեղակրոն լինելը, որը նշել է երիտասարդների 2%-ը։
  • Ուսանող կամ աշակերտ լինելը, որպես իրենց ինքնանույնականացման տարր նշել է 10%-ը, այն դեպքում, երբ ուսանող կամ աշակերտ էր ամբողջ ընտրանքի 50%-ը։

Տվյալների վերլուծությունից պարզվեց, որ երիտասարդների ինքնանույնականացման տարրերն ունեն թույլ, սակայն վիճակագրորեն հավաստի, շաղկապվածություն երեխաների պահանջմունքի հետ (Գծապատկեր 6)։


Գծապատկեր 6. Երեխաների պահանջմունքը, երբ ինքնության կառուցվածքում տվյալ տարրը առաջին երեք  գերակայությունների շարքում է։ «Անկախության սերունդ 2016»։

Գծապատկերի տվյալները թույլ են տալիս պատասխանել մեզ հետաքրքրող հարցին.

  • Երիտասարդի ինքնանույնականացման կառուցվածքում վերազգային, վերանձնական և քաղաքացիական տարրերի աշխարհաքաղաքացի, եվրոպացի, ՀՀ քաղաքացի, առկայությունը շաղկապված է երեխաների պահանջմունքի մակարդակի համեմատաբար ավելի ցածր արժեքների հետ,
  • Իսկ սեռային, համայնքային, ազգայնական տարրերի առկայությունը՝ շաղկապված է երեխաների պահանջմունքի համեմատաբար ավելի բարձր մակարդակի հետ։

Հիմնվելով ներկայացված արդյունքի վրա՝ փորձ է արվել ստուգելու, թե

  • Արդյո՞ք ինքնանույնականացման կառուցվածքում քաղաքացիական կամ ազգային ինքնության տարրերի գերակայությունների «կուտակումը» ուժեղացնում է վեր հանված օրինաչափությունը։

Դրա համար կառուցվել է երկու ինդեքս՝ «քաղաքացիական և վերազգային ինքնության ինդեքս» և «ազգային ինքնության ինդեքս»։ Դրանցից առաջինն իրենից ներկայացնում է հարցվողի կողմից տրված երեք պատասխաններում՝ «ես եվրոպացի եմ», «ես ՀՀ քաղաքացի եմ» և «ես աշխարհաքաղաքացի եմ» պատասխանների քանակը (ինդեքսը կարող է փոխվել 0-ից 3 միջակայքում)։ Երկրորդ ինդեքսը՝ հարցվողի պատասխանների շարքում «ես [համայնքի] բնակիչ եմ», «ես ցեղակրոն եմ», «ես իմ երկրի զինվորն եմ» և «ես տղամարդ եմ/կին եմ» պատասխանների քանակը։ Գծապատկեր 7-ում տրված է երեխաների պահանջմունքի միջին արժեքները տղամարդկանց և կանանց շրջանում՝ ինդեքսների տարբեր արժեքների դեպքում։


Գծապատկեր 7. Ինքնության կառուցվածքն ու երեխաների պահանջմունքը, 18-29 տարեկաններ։ «Անկախության սերունդ 2016»։

Տվյալների դիտարկումը վիճակագրորեն հավաստի վերահաստատեց վերը նշված երկու արդյունքները, ինչպես նաև բացահայտեց դրանց բնույթի առանձնահատկությունները, մասնավորապես.

  • Ինքնանույնականացման ազգային և սեռային տարրերի գերակայությունների «կուտակային» աճը բարձրացնում է երեխաների պահանջմունքը հատկապես տղամարդկանց շրջանում։
  • Ինքնանույնականացման քաղաքացիական և վերազգային տարրերի գերակայությունների «կուտակային» աճը նվազեցնում է երեխաների պահանջմունքը հատկապես կանանց շրջանում։

Վերջին դրույթը հուշում էն, որ.

  • Վերջին 20 տարիների ընթացքում, Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից դպրոցահասակ և երիտասարդ աղջիկների շրջանում ինքնության վերազգային տարրերի տարածումն ու արմատավորումն ունակ է նրանց շրջանում երեխաների պահանջմունքը նվազեցնել մինչև 2.00 մակարդակ, որն ավելի ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ մակարդակից՝ 2.15։ Այդ դեպքում, երեխաների պահանջմունքի նույնիսկ 100% իրականացումը չի ապահովի բնակչության բնական պարզ վերարտադրությունը (վերարտադրությունն առանց հավելաճի)։

Այս համատեքստում կարևոր է հիշել նաև նախորդ հոդվածի այն արդյունքը, որ.

  • Ընտանիքում երեխաների քանակը պայմանավորված է առավելապես կանանց շրջանում երեխաների պահանջմունքով։
Հղիության արհեստական դադարեցման նկատմամբ դիրքորոշման ազդեցությունը երեխաների պահանջմունքի վրա

Ա զատական արժեհամակարգի տարրերի շարքում է հղիության արհեստական ընդհատման նկատմամբ դիրքորոշումը։ Քրիստոնեական հիմք ունեցող ավանդական արժեհամակարգում հղիության արհեստական ընդհատումը համարվում է մեղք, ավելի կոնկրետ՝ սպանություն[13], իսկ ազատական արժեհամակարգում այն դիտվում է որպես կնոջ իրավունք։

Մեր հետազոտական խնդրի շրջանակում հարց է առաջանում՝

  • Արդյո՞ք հղիության արհեստական ընդհատման նկատմամբ դիրքորոշումը շաղկապված է երեխաների պահանջմունքի հետ և, եթե այո, ապա ինչպիսին է դրա բնույթը։

Այդ հարցի պատասխանը ստանալու համար կիրառվել է «Ազատության սերունդ 2016» հետազոտությունում առկա. «Ի՞նչ կարծիք ունեք հղիության արհեստական դադարեցման/աբորտի մասին» հարցը։ Հարցվողին ներկայացվել են պատասխանների հետևյալ տարբերակները.

  • Աբորտը պետք է օրինական լինի,
  • Աբորտը պետք է արգելվի օրենքով, բացի բժշկությամբ հիմնավորված դեպքերից,
  • Աբորտը պետք է լիարժեքորեն արգելվի օրենքով[14] [առանց որևէ բացառության],
  • Չգիտեմ, չեմ կարող այս մասին կարծիք հայտնել։

Պատասխանների բաշխումներն ըստ սեռի ներկայացված են Գծապատկեր 8-ում։


Գծապատկեր 8. 14-29 տարեկան երիտասարդների դիրքորոշումները հղիության արհեստական ընդհատման նկատմամբ։ «Անկախության սերունդ 2016»։

Գծապատկերի տվյալներից հետևում է, որ.

  • Հայաստանի երիտասարդների մեծ մասը՝ անկախ սեռից, համարում են, որ հղիության արհեստական ընդհատումները պետք է կամ օրենքով լիարժեքորեն արգելվեն կամ թույլատրվեն միայն բժշկական ցուցումների դեպքում։ Այդպես է համարում տղամարդկանց 58 և կանանց 57%-ը։
  • Համարում են, որ աբորտը պետք է օրինական լինի երիտասարդների 7%-ը։
  • Շատ մեծ է այն երիտասարդների քանակը, ովքեր չունեն այդ հարցի վերաբերյալ կազմավորված դիրքորոշում՝ 33%։

Աբորտների նկատմամբ դիրքորոշումների դինամիկան և դրա առանձնահատկությունները կդիտարկվեն հաջորդ հոդվածում։

Տվյալների մշակումը ցույց տվեց, որ աբորտների նկատմամբ դիրքորոշումները վիճակագրորեն նշանակալի ազդեցություն ունեն երեխաների պահանջմունքի վրա կանանց շրջանում.

  • Հղիության արհեստական կանխարգելումը օրինականացնելու դիրքորոշումը կանանց շրջանում վիճակագրորեն նշանակալի շաղկապված է երեխաների պահանջմունքի ավելի ցածր մակարդակների հետ։ (Գծապատկեր 9)։


Գծապատկեր 9. Հղիության արհեստական ընդհատման և կանանց շրջանում երեխաների պահանջմունքի միջև շաղկապվածությունը։ Դիրքորոշումների ներկայացված հաջորդականությունում առկա է վիճակագրորեն նշանակալի (sig.=0.020) տրենդ: «Անկախության սերունդ 2016»։

Հետևաբար.

  • Հայաստանում ծնելիության աճը բարձրացնելուն ուղղված ռազմավարություններում անհրաժեշտ է նախատեսել կրթական և ինֆորմացիոն բաղադրիչ, որի բովանդակությունը պետք է լինի հղիության արհեստական ընդհատման բարոյական անթույլատրելիությունը և թույլատրելիությունը միայն բժշկությամբ հիմնավորված դեպքերում։
  • Այն ինֆորմացիոն-մշակութային քաղաքականությունը, որի բովանդակության տարր է աբորտը կնոջ իրավունքների շարքում դասելը, նվազեցնում է ծնելիության մակարդակը։

Ընդ որում, հարկ է նշել, որ աբորտի թույլատրելիության դիտարկումը որպես կնոջ իրավունք, հակասում է լիբերալ արժեհամակարգի ավելի հիմնարար տարրին՝ մարդու (երեխայի) կյանքի իրավունքին։

Կնոջ ամուսնության և կարիերայի հարաբերական գերակայությունների ազդեցությունը երեխաների պահանջմունքի վրա
  • Ազատական արժեհամակարգում կնոջ և տղամարդու իրավունքների հավասարեցման գաղափարի իրականացման կարևորագույն ռազմավարական տարրը կնոջ տնտեսական անկախության ապահովումն է։

Տնտեսապես անկախ կինը ավելի մեծ հնարավորություններ ունի ապահովելու իր և տղամարդու միջև ստատուսների հավասարությունը, քան տնտեսապես կախյալ վիճակում գտնվող կինը։ Տնտեսական անկախության ավելի բարձր մակարդակ են ապահովում որակյալ կրթությունը և կարիերան, որոնք վերածվում են անհատի և հասարակության կարևոր արժեքների։

Մեր հետազոտական խնդրի շրջանակում առաջանում են հետևյալ հարցերը.

  1. Ինչպիսի՞ն է կարիերայի և ամուսնության միջև համեմատական արժեքային գերակայությունը Հայաստանի երիտասարդների շրջանում,
  2. Ի՞նչ միտումներ ունի այդ գերակայության դինամիկան,
  3. Ազդու՞մ են արդյոք և, եթե այո, ապա ինչպե՞ս այդ մրցակցող գերակայությունները երեխաների պահանջմունքի վրա։

Կանանց կարիերայի և ամուսնության միջև համեմատական գերակայությունները տրված են Գծապատկեր 10 և Գծապատկեր 11-ում։

Տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի երիտասարդության նշանակալի մեծամասնությունը՝ 72%-ը, ամուսնությունը գերադասել են կարիերայից, ընդ որում տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը՝ 80%, նշանակալիորեն գերազանցում է կանանց ցուցանիշին՝ 65%։

Այդուհանդերձ, այս ցուցանիշի դինամիկան կանանց և տղամարդկանց շրջանում տարբերվում է Հայաստանում ազատական և ավանդական արժեհամակարգերի դինամիկայի ընդհանուր օրինաչափությունից։ Եթե, ընդհանուր առմամբ, Հայաստանում ազատական արժեքների գերակայությունները կանանց շրջանում որպես կանոն աճում են և այդ աճի տեմպը գերազանցում է տղամարդկանց շրջանում աճի տեմպին (եթե այդպիսին առկա է), ապա ամուսնության և կարիերայի համեմատական գերակայությունների դինամիկան այլ է։

Տարիքի նվազմանը զուգահեռ, կանանց շրջանում կարիերայի գերակայությունը ամուսնության նկատմամբ նվազում է, իսկ տղամարդկանց շրջանում՝ աճում, ինչը բխում է Գծապատկեր 11-ի տվյալներից։ Մասնավորապես, 25-30 տարեկան կանանց շրջանում կարիերան գերադասում է ամուսնությունից 42%-ը, 20-24 տարեկանների շրջանում՝ 32%-ը, իսկ 18-19 տարեկանների շրջանում՝ 25%-ը։ Տղամարդկանց շրջանում որքան ավելի երիտասարդ է անձը, այնքան ավելի է աճում կնոջ կարիերան ամուսնությունից ավելի բարձր գերադասողների քանակը՝ 25-30 տարեկան տղամարդկանց շրջանում՝ 18%, 20-24 տարեկանների շրջանում՝ 21%, իսկ 18-19 տարեկանների շրջանում՝ 26%։


Գծապատկեր 10. Կնոջ կարիերայի և ամուսնության համեմատական գերակայությունները Հայաստանի երիտասարդության շրջանում։ «Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում, 2011»


Գծապատկեր 11.
Կնոջ կարիերայի և ամուսնության համեմատական գերակայությունների դինամիկան Հայաստանի երիտասարդության շրջանում։ «Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում, 2011»

Կնոջ կարիերայի և ամուսնության միջև հարաբերական գերակայությունների ազդեցությունը երեխաների պահանջմունքի վրա տրված է Գծապատկեր 12-ում։


Գծապատկեր 12.
Կնոջ կարիերայի և ամուսնության համեմատական գերակայությունների ազդեցությունը երեխաների պահանջմունքի վրա։ «Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում, 2011»

Պարզվում է, որ.

  • Ե՛վ տղամարդկանց, և՛ կանանց շրջանում կնոջ կարիերայի համեմատական գերադասելիությունն ամուսնության նկատմամբ նվազեցնում է երեխաների պահանջմունքը։

Այն տղամարդկանց շրջանում, ովքեր համարում են, որ կնոջ համար ամուսնությունը գերադասելի է կարիերայից, երեխաների պահանջմունքի միջին արժեքը 3.55 է, իսկ այն տղամարդկանց շրջանում, ովքեր համարում են, որ կնոջ համար կարիերան գերադասելի է ամուսնությունից՝ 3.04։

Այն կանանց շրջանում, ովքեր համարում են, որ կնոջ համար ամուսնությունը գերադասելի է կարիերայից, երեխաների պահանջմունքի միջին արժեքը կազմում է 2.91, իսկ այն կանանց շրջանում, ովքեր համարում են, որ կնոջ համար կարիերան գերադասելի է ամուսնությունից՝ 2.69։

Ստացված արդյունքների համատեքստում, կանանց շրջանում տարիքին զուգահեռ կարիերայի գերակայության աճի միտումը կարիք ունի բացատրության։ Որպես բացատրության տարբերակ կարելի է առաջարկել հետևյալը՝ երիտասարդ աղջիկների շրջանում, ովքեր դեռևս չեն շփվել կյանքի և, մասնավորապես, ամուսնական կյանքի հայաստանյան դժվարությունների հետ, գերակայում է կնոջ՝ ամուսնացած լինելու և երեխաներ ունենալու բնական ցանկությունը։ Ավելի բարձր տարիքում, կյանքի դժվարությունների հետ շփումների ընդլայնման և ինտենսիվացմանը զուգահեռ, երիտասարդ կանայք սկսում են ավելի բարձր գնահատել կրթության և կարիերայի առավելությունները՝ կյանքի դժվարությունները հաղթահարելու հարցում, այսինքն նրանց դիրքորոշումներում սկսում է գերակայել հայաստանյան իրականությանն ադեկվատ՝ պրագմատիկ մոտեցումը ամուսնության և կարիերայի հարցում։

Այսպիսով, եթե կենսական պրագմատիզմը ձևավորում է կարիերայի գերակայությունը ամուսնության նկատմամբ, սակայն, միաժամանակ, նվազեցնում է երեխաների պահանջմունքը, հետևաբար, կարելի է առաջ քաշել հիպոթեզ, որ.

  • Ամուսնության և երեխաներ ունենալու տեսակետից հայաստանյան պայմանները երիտասարդ կանանց համար այնքան անբարենպաստ են, որ ակնհայտորեն ճնշում են նրանց ամուսնանալու և երեխաներ ունենալու բնական դիրքորոշումները։

Եթե հիպոթեզը ճիշտ է, ապա.

  • Բացառելու համար կենսական պրագմատիզմի ճնշման տակ երեխաներ ունենալու կնոջ պահանջմունքի նվազումը, անհրաժեշտ է ունենալ ամուսնացած կնոջ և մայրության պաշտպանության ռազմավարություն, որն, ի թիվս ներկայիս հայաստանյան պայմաններում երիտասարդ կանանց համար սոցիալապես ընդունելի կենցաղային պայմանների հետ միաժամանակ, կապահովի նրա՝ որպես անհատականություն ինքնադրսևորման մղումները։
  • Ընդ որում, այդ համատեքստում, անհրաժեշտ է ձևավորել կրթադաստիարակչական համակարգ և տեղեկատվական միջավայր, որի բովանդակության կարևորագույն տարրն է այն, որ կնոջ ինքնադրսևորման կարևորագույն բաղադրիչը նրա՝ նոր կյանք՝ երեխա ստեղծելն է և այդ երեխայից մարդ կերտելը։ Կարճ ասած՝ արարչագործությունը միկրոկոսմում։
Ամուսին/կին ընտրելու տնտեսական գործոնի ազդեցությունը երեխաների պահանջմունքի վրա 

Ա րժեքային համակարգում գերակայությունների մասին տեղեկություններ է պարունակում «Անկախության սերունդ 2016» հետազոտության տվյալների շտեմարանում առկա է հետևյալ հարցը. «Եթե ամուսնացած չեք (կամ երբ ամուսնացած չէիք), որքա՞ն կարևոր են (էին) ըստ Ձեզ՝ նշված գործոնները ամուսին/կին ընտրելու հարցում: Ամուսնու/կնոջ ... »։ Հարցվողներին տրվում էր քարտ, որը գնահատման համար առաջարկում էր հետևյալ գործոնները.

  1. Կրոնական պատկանելությունը,
  2. Տնտեսական ապահովվածությունը,
  3. Ընտանիքի համաձայնությունը,
  4. Կուսությունը,
  5. Անհատականությունը/անձը,
  6. Ներկայանալիությունը/տեսքը,
  7. Կրթական մակարդակը,
  8. Շրջապատը,
  9. Ընդհանուր հետաքրքրությունները,
  10. Ծագումն ու բնակության վայրը,
  11. Ազգային պատկանելությունը,
  12. Ընտանիքի դիրքը/կարգավիճակը։

Հարցվողին առաջարկվում էր գնահատել այդ գործոններից յուրաքանչյուրի կարևորությունը հետևյալ սանդղակով.

  • Բոլորովին կարևոր չէ,
  • Կարևոր չէ,
  • Ոչ կարևոր է, ոչ կարևոր չէ,
  • Կարևոր է,
  • Շատ կարևոր է։

Նշված գործոնների կարևորությունը տղամարդկանց և կանանց շրջանում տրված է Գծապատկեր 13-ում։

Գծապատկերի տվյալները ցույց են տալիս, որ

  • Հայաստանի երիտասարդության շրջանում ամուսին/կին ընտրելու հարցում ամենակարևոր գործոնն է ընտրյալի անհատականությունը/անձը, որը նշել է բոլոր հարցվածների 93%-ը։ Իսկ ամենաքիչ կարևոր գործոնները՝ ծագումն ու բնակության վայրը (41%), տնտեսական ապահովվածությունը (47%) և ընտանիքի դիրքն ու կարգավիճակը (55%):
  • Կանանց համար` տղամարդկանց համեմատ, նշանակալիորեն ավելի կարևոր են՝ ընտրյալի տնտեսական ապահովվածությունը (համապատասխանաբար 61% և 29%), ընտրյալի ընտանիքի դիրքը/կարգավիճակը (60% և 48%) և իր ընտանիքի համաձայնությունը (86% և 72%)։
  • Տղամարդկանց համար՝ կանանց համեմատ, նշանակալիորեն ավելի կարևոր են՝ ընտրյալի կուսությունը (91% և 61%), ներկայանալիությունը/տեսքը (85% և 75%)։
  • Մնացած բնութագրերի տեսակետից կանանց և տղամարդկանց գերակայությունների տարբերությունը չնչին է։


Գծապատկեր 13.
Երիտասարդների շրջանում ամուսին/կին ընտրելու հարցում գործոնների կարևորությունը։ Տրված է «Շատ կարևոր է» և «Կարևոր է» պատասխանների գումարային քանակը։ «Անկախության սերունդ 2016»։

Դիտարկված գործոնների շարքում երեխաների պահանջմունքի մակարդակի վրա վիճակագրորեն նշանակալի ազդեցություն է հայտնաբերվել «ապագա ամուսնու/կնոջ տնտեսական ապահովվածությունը» գործոնի դեպքում։ Պարզվել է, որ

  • Երբ ապագա ամուսին/կին ընտրելու հարցում այդ գործոնի նշանակությունը «շատ բարձր է», ապա երեխաների պահանջմունքը վիճակագրորեն նշանակալի ավելի ցածր է (Գծապատկեր 14):

Այդ տրենդը վիճակագրորեն նշանակալի է կանանց շրջանում (sig.= 0.04), իսկ տղամարդկանց շրջանում նշանակալի է sig.=0.113 մակարդակում։


Գծապատկեր 14. Երեխաների պահանջմունքի կապը ամուսին/կին ընտրելու հարցում տնտեսական ապահովության բնութագրի հետ։ «Անկախության սերունդ 2016»։

Ստացված արդյունքը հաղորդակցվում է նախորդի՝ կարիերայի և ամուսնության գերակայությունների ազդեցության հետ։ Երկուսն էլ կենսական պրագմատիզմի «պարտադրանքի» իրականացման ռազմավարություններ են։ Աղջիկներն, ովքեր ունեն համապատասխան ունակություններ և հնարավորություններ, կենսական պրագմատիզմի «պարտադրանքն» իրականացնում են կրթության և կարիերայի միջոցով, իսկ նրանք, ովքեր այդ ունակություններն ու հնարավորությունները չունեն՝ «ճիշտ» ամուսնության միջոցով։[15] Այս ռազմավարությունների լատենտ նմանությունն այն է, որ երկու դեպքում էլ նվազում է երեխաների պահանջմունքը։

Նշենք, որ ամուսին/կին ընտրելու հարցում տնտեսական ապահովվածությունը չենք դասակարգում որպես ավանդական կամ ազատական արժեհամակարգի տարր։

Ամուսնացած լինելու կարգավիճակի գերակայության ազդեցությունը երեխաների պահանջմունքի վրա

 «Անկախության սերունդ 2016» հետազոտության տվյալների շտեմարանում առկա է հետևյալ հարցը. «Ինչպե՞ս եք Դուք Ձեզ տեսնում ապագայում» հարցը[16]։ Հարցվողներին առաջարկվում էր պատասխանների հետևյալ տարբերակներից ընտրել միայն մեկը.

  1. Ամուսնացած, ընտանիքիս հետ,
  2. Չամուսնացած, զուգընկերոջ հետ փոխհարաբերության մեջ,
  3. Չամուսնացած (առանց երեխա/ների)
  4. Չամուսնացած, բայց երեխա/ներիս հետ,

Թույլատրվել էր առկայության դեպքում նշել նաև այլ տարբերակ։

Այս հարցն ուսումնասիրվել է 18-29 տարեկան աղջիկների շրջանում, քանի որ մեր ենթադրությամբ 14-17 տարեկան անձանց շրջանում դեռևս լիովին ձևավորված չեն ամուսնության հետ կապված դիրքորոշումները։ Հետաքրքրության կիզակետը աղջիկներն են, քանի որ նախորդ հոդվածից պարզ է դարձել, որ նրանց շրջանում երեխաների պահանջմունքն ավելի ցածր է, քան տղամարդկանց շրջանում և, բացի դրանից, հայկական ընտանիքներում երեխաների իրական քանակը առավելապես պայմանավորված է կանանց ցանկությամբ։

Պատասխանների բաշխումները տրված են Աղյուսակ 2-ում։

Ինչպե՞ս եք Դուք Ձեզ տեսնում ապագայում:

Արական

Իգական

Ընդամենը

Ամուսնացած, ընտանիքիս հետ

91.1%

92.4%

91.9%

Չամուսնացած, զուգընկերոջ հետ փոխհարաբերության մեջ

0.0%

1.5%

1.0%

Չամուսնացած (առանց երեխա/ների)

3.6%

1.3%

2.2%

Չամուսնացած, բայց երեխա/ներիս հետ

1.3%

2.1%

1.8%

Այլ պատասխան

0.3%

0.8%

0.6%

Դժվարացել են կամ հրաժարվել են պատասխանել

3.6%

1.9%

2.5%

Ընդամենը

100.0%

100.0%

100.0%

Աղյուսակ 2. «Ինչպե՞ս եք Դուք Ձեզ տեսնում ապագայում»։ «Անկախության սերունդ 2016»։

Տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի 18-29 տարեկան երիտասարդների 92%-ն «ապագայում» իրեն տեսնում է ամուսնացած, իսկ չամուսնացած՝ որևէ տարբերակով իրենց տեսնում է 5.0%-ը։

Չնայած բաշխումների ակնհայտ անհամամասնությանը, այնուամենայնիվ փորձ է կատարվել գնահատելու, թե արդյո՞ք գոյություն ունի ապագայում իրենց ամուսնացած կամ չամուսնացած տեսնողների և երեխաների պահանջմունքի միջև։ Տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ

  • 18-29 տարեկան աղջիկների և կանանց շրջանում երեխաների պահանջմունքը շաղկապված է իրենց ամուսնացած կամ որևէ [դիտարկված] տարբերակով չամուսնացած տեսնելու դիրքորոշումների հետ։
  • Իրենց ամուսնացած՝ ընտանիքի հետ տեսնող կանանց շրջանում երեխաների պահանջմունքն ավելի բարձր է, քան որևէ տարբերակով իրենց չամուսնացած տեսնողների շրջանում։ (Գծապատկեր 15


Գծապատկեր 15. Երեխաների պահանջմունքի կապը 18-29 տարիքի աղջիկների շրջանում։ «Անկախության սերունդ 2016»։

Այստեղ մենք չենք պոստուլացնում որևէ պատճառահետևանքային կապ, քանի որ ընտանիքի, ամուսնության և երեխաների պահանջմունքի արժեքները միասնական աշխարհամակարգային կոմպլեքս են (արժեքային համակարգ), հետևաբար՝ իրենց ձևավորման ընթացքում փոխադարձաբար ազդում են միմյանց հետ։ Այնուամենայնիվ, որպես ստացված արդյունքի հիմնական եզրակացություն պետք է նշել, որ.

  • Աղջիկների աշխարհայացքում ամուսնության գերակայության նվազումն ունակ է նշանակալիորեն նվազեցնելու ծնելիության մակարդակը։

Հարկ է նշել, որ նման պարզունակ արդյունքի վերահաստատումն ու շեշտադրումը պայմանավորված է ներկայում Հայաստանում հետարդյունաբերական մշակութային ճնշման առկայության պատճառով։

Ընտանիքում ամուսնու և կնոջ կարգավիճակի ազդեցությունը երեխաների պահանջմունքի վրա

Հ ետարդյունաբերական արժեհամակարգում կնոջ և տղամարդու ֆորմալ հավասարության դրույթի ունիվերսալությունն արտահայտվում է նաև այն փաստով, որ ներկայում ընտանեկան հարաբերությունների մշակութային և իրավական զարգացումներում, շեշտադրվում է ամուսնու և կնոջ կարգավիճակների ֆորմալ հավասարության դրույթը, միաժամանակ՝ ճնշվում են տղամարդու և կնոջ բնական տարբերություններից բխող գործառնական տարբերությունները՝ կազմալուծելով «ընտանիք» հասկացության բուն բովանդակությունը, քանի որ ընտանիքը ոչ թե «նույնականների» միություն է, այլ «որակապես տարբերների» միություն։ Տվյալ դեպքում «որակական տարբերությունները» չունեն «բարձր - ցածր», «լավ - վատ», «մեծ - փոքր» և նմանատիպ քանակական-մետրիկական նշանակություն։ Արդյունքում՝ պարտադրված կարգավիճակային փոփոխություններն առաջացնում են ընտանիքում տղամարդու և կնոջ դերերի փոփոխություններ։

Հարց է առաջանում՝

  • Արդյո՞ք ընտանիքում կարգավիճակի փոփոխությունն ազդում է ընտանիքի կարևորագույն ֆունկցիայի՝ մարդկանց, որպես տեսակի վերարտադրության վրա, որը ներկայացվող հոդվածում արտապատկերվում է երեխաների պահանջմունքի փոփոխականով։

Այս հետազոտական հարցն ուսումնասիրվել է «Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում, 2011» հետազոտության տվյալների շտեմարանի երկրորդային վերլուծությամբ։ Հիշենք, որ այդ հետազոտությունում.

  • երեխաների պահանջմունքն ուսումնասիրվել է. «Քանի՞ երեխա կունենայիք, եթե նյութապես և բնակարանով ապահովված լինեիք» հարցի միջոցով,
  • երեխաների պահանջմունքի միջին արժեքը 18-29 տարեկանների շրջանում կազմել է 3.14։

Հետազոտությունում առկա էր հետևյալ հարցը. «Ձեր կարծիքով, ո՞վ պետք է լինի ընտանիքի գլխավորը»։ Պատասխանների տարբերակներն էին՝

  1. Ամուսինը,
  2. Կինը,
  3. Կինը և ամուսինը՝ հավասար,
  4. Տարիքով մեծերը։

Պատասխանների առաջին և չորրորդ դիրքորոշումները հատկանշական են հայկական ավանդական ընտանեկան հարաբերություններին[17], ընդ որում, չորրորդը՝ ընդլայնված ընտանիքին։ Պատասխանների երկրորդ և երրորդ տարբերակները՝ նոր տիպի ընտանիքներին, ընդ որում՝ արդի ազատական արժեհամակարգում իդեալը համարվում է երրորդը։ Հարցման ընթացքում ստացված պատասխանների բաշխումը տղամարդկանց և կանանց շրջանում տրված է Գծապատկեր 16-ում։

Հայաստանի երիտասարդության, այդ թվում՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց շրջանում բացարձակ գերակշիռ դիրքորոշումն է, որ ընտանիքի գլխավորը պետք է լինի ամուսինը։ Ընդ որում, հավասարության կողմնակիցները հարաբերականորեն ավելի մեծ քանակ են կազմում կանանց (12.4%), քան տղամարդկանց (4.2%) շրջանում։ Մյուս կողմից, բաշխումների դիտարկումը տարիքային խմբերում ցույց է տալիս, որ.

  • Հայաստանի երիտասարդների՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց շրջանում, առկա է ընտանիքում կնոջ և տղամարդու կարգավիճակների հավասարեցման միտում (Գծապատկեր 17


Գծապատկեր 16. Ավանդական և ազատական ընտանեկան հարաբերությունները և երեխաների պահանջմունքը։  «Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում, 2011»։


Գծապատկեր 17.
Ընտանիքում ամուսնու և կնոջ կարգավիճակի հավասարության միտումները։ «Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում, 2011»։

Գծապատկեր 18-ում տրված են երեխաների պահանջմունքի միջին արժեքները կանանց և տղամարդկանց շրջանում՝ ընտանիքում տղամարդկանց և կանանց տարբեր կարգավիճակի դեպքում։ Գծապատկեր 18-ում միավորված են ավանդական հարաբերություններն արտահայտող պատասխանները՝ «ամուսինը» և «տարիքով մեծերը» և ազատական հարաբերություններն արտահայտող պատասխանները՝ «ամուսինը և կինը հավասար» և «կինը»։

Տվյալների մշակումը ցույց տվեց, որ.

  • Ընտանիքում ամուսնու և կնոջ կարգավիճակի հավասարեցումը, նվազեցնում է երեխաների պահանջմունքը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։


Գծապատկեր 18.
Ավանդական և ազատական ընտանեկան հարաբերությունները և երեխաների պահանջմունքը։ «Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում, 2011»։

Եզրակացություններ և ռազմավարական դրույթներ

Եզրակացություններ

Ստորև տրված են հետազոտության հիմնական եզրակացությունները՝ կապված Հայաստանի երիտասարդության շրջանում երեխաների պահանջմունքի վրա դիտարկված գործոնների ազդեցության բնույթի հետ։ Այս և դրանցից տրամաբանորեն բխող դրույթները կարող են ուղենիշ ծառայել Հայաստանի երիտասարդության շրջանում երեխաների պահանջմունքի բարձրացմանն ուղղված ռազմավարությունների մշակման հարցում։

  • «Այսօր հայը ավելի ազատական հայացքներ պետք է ունենա» դիրքորոշման գերակայության աճը կանանց շրջանում վիճակագրորեն հավաստի նվազեցնում է նրանց երեխաների պահանջմունքը։
  • Հիմքեր կան ենթադրելու, որ հայրենասիրության գերակայության աճը բարձրացնում է երեխաների պահանջմունքը և՛ տղամարդկանց, և՛ կանանց շրջանում։
  • Երիտասարդության (և՛ կանանց, և՛ տղամարդկանց) շրջանում երեխաների պահանջմունքն աճում է, ավանդական արժեհամակարգի հետ շաղկապված հետևյալ խնդիրների գերակայության աճին զուգահեռ.
    • Բարոյական վերադաստիարակություն,
    • Սոցիալական արդարություն և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածություն,
    • Բնակչության աճի խթանում,
    • Հայոց բանակի հզորացում և ազգային անվտանգություն,
    • Հայաստանի շարունակական ինտեգրում Եվրասիական տնտեսական միությանը։
  • Կանանց շրջանում երեխաների պահանջմունքը նվազում է ազատական արժեհամակարգի հետ շաղկապված հետևյալ խնդիրների գերակայության աճին զուգահեռ.
    • Կանանց և տղամարդկանց հավասարություն,
    • Մարդու իրավունքների պաշտպանություն և անձի ազատություններ,
    • Երիտասարդության ինքնազարգացման և ինքնարտահայտման պայմանների ապահովում,
    • Բոլոր հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավում,
    • Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների սերտացում։
  • Անձի ինքնության տարրերի գերակայություններն ազդում են երեխաների պահանջմունքի վրա, մասնավորապես.
    • Երիտասարդի ինքնանույնականացման կառուցվածքում վերազգային, վերանձնական և քաղաքացիական տարրերի աշխարհաքաղաքացի, եվրոպացի, ՀՀ քաղաքացի առկայությունը շաղկապված է երեխաների պահանջմունքի մակարդակի համեմատաբար ավելի ցածր արժեքների հետ,
    • Սեռային, համայնքային, ազգայնական տարրերի առկայությունը շաղկապված է երեխաների պահանջմունքի համեմատաբար ավելի բարձր մակարդակի հետ։
    • Ինքնանույնականացման կառուցվածքում ազգային և սեռային պատկանելության տարրերի գերակայությունների «կուտակային» աճը բարձրացնում է երեխաների պահանջմունքը հատկապես տղամարդկանց շրջանում։
    • Ինքնանույնականացման կառուցվածքում քաղաքացիական և վերազգային տարրերի գերակայությունների «կուտակային» աճը նվազեցնում երեխաների պահանջմունքը հատկապես կանանց շրջանում։
  • Վերջին 20 տարիներին Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից դպրոցահասակ և երիտասարդ աղջիկների շրջանում ինքնության վերազգային տարրերի տարածումն ու արմատավորումն ունակ է նրանց շրջանում երեխաների պահանջմունքը նվազեցնել մինչև 2.00 մակարդակ, որն ավելի ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ մակարդակից՝ 2.15։ Այդ դեպքում, երեխաների պահանջմունքի նույնիսկ 100% իրականացումը չի ապահովի բնակչության բնական պարզ վերարտադրությունը։
  • Հղիության արհեստական կանխարգելումը օրինականացնելու դիրքորոշումը կանանց շրջանում վիճակագրորեն նշանակալի շաղկապված է երեխաների պահանջմունքի ավելի ցածր մակարդակների հետ։
  • Հայաստանում, ամուսնության և մայրության պաշտպանության արդյունավետ քաղաքականության բացակայության պայմաններում, կանանց շրջանում առաջանում են այլ կենսական ռազմավարություններ։ Մասնավորապես՝
    • Կնոջ կարիերայի համեմատական գերադասելիությունն ամուսնության նկատմամբ, որը նվազեցնում է երեխաների պահանջմունքը և՛ տղամարդկանց, և՛ կանանց շրջանում։
    • Ամուսնության հարցում ընտրյալի տնտեսական ապահովության գերակայության աճ՝ նրա անհատականության, ընդհանուր հետաքրքրությունների, շրջապատի, ազգային և կրոնական պատկանելության նկատմամբ, որը նվազեցնում է երեխաների պահանջմունքը կանանց շրջանում։ Ընդ որում, այդ ռազմավարությունն ունակ է կանանց շրջանում երեխաների պահանջմունքը նվազեցնել մինչև բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ մակարդակից (2.15) ներքև՝ 1.85։ Իսկ ընտանիքում երեխաների քանակը առավելապես պայմանավորված է կնոջ դիրքորոշմամբ։
  • Հայաստանի երիտասարդների 92%-ն ապագայում իրեն տեսնում է ամուսնացած և իր երեխաների հետ։
  • Հայաստանի երիտասարդների շրջանում առկա է ավանդական ընտանիքում ամուսնու և կնոջ կարգավիճակի հավասարեցման միտում, որը նվազեցնում է երեխաների պահանջմունքը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։
Ռազմավարական դրույթներ

Հետազոտությամբ ստացված հիմնական արդյունքների կոնտեքստում, Հայաստանում ծնելիության բարձրացման ռազմավարություններում առաջարկվում է ունենալ հետևյալ դրույթներն իրականացնող բաղադրիչները։

  • Ծնելիության բարձրացման համար դաստիարակության հարցերում անհրաժեշտ է զսպել ազատական արժեհամակարգի և խթանել ավանդական արժեհամակարգի զարգացումը։ Ընդ որում, գերադասելի է շեշտադրել հատկապես ավանդական արժեհամակարգի զարգացմանը նպաստող ռազմավարական տարրերը, քան ազատական արժեհամակարգի զսպման տարրերը։
  • Հայաստանում ծնելիության աճը բարձրացնելուն ուղղված ռազմավարություններում անհրաժեշտ է նախատեսել կրթական և տեղեկատվական բաղադրիչ, որի բովանդակությունը պետք է լինի հղիության արհեստական ընդհատման բարոյական անթույլատրելիությունը և թույլատրելիությունը միայն բժշկությամբ հիմնավորված դեպքերում։
  • Հարկ է նկատի ունենալ, որ, տեղեկատվական-մշակութային քաղաքականությունը, որի բովանդակության տարր է աբորտը կնոջ իրավունքների շարքում դասելը, նվազեցնում է ծնելիության մակարդակը։
  • Դեռահասների դաստիարակության հարցում անհրաժեշտ է տարբերակված մոտեցում տղաների և աղջիկների նկատմամբ։ Աղջիկների շրջանում պետք է դաստիարակել ընտանիքի և մայրության, ինչպես նաև դրանց հետ շաղկապված և դրանց բովանդակությունը կազմավորող արժեքների գերակայությունները։
  • Բացառելու համար կենսական պրագմատիզմի ճնշման տակ երեխաներ ունենալու կնոջ պահանջմունքի նվազումը, անհրաժեշտ է ունենալ ամուսնացած կնոջ և մայրության պաշտպանության ռազմավարություն, որը ներկայիս հայաստանյան պայմաններում երիտասարդ կանանց համար սոցիալապես ընդունելի կենցաղային պայմանների հետ միաժամանակ, կապահովի նրա՝ որպես անհատականության ինքնադրսևորման մղումը։
  • Ընդ որում, այդ համատեքստում անհրաժեշտ է ձևավորել կրթադաստիարակչական համակարգ և տեղեկատվական միջավայր, որի բովանդակության կարևորագույն տարրն է այն, որ կնոջ ինքնադրսևորման կարևորագույն բաղադրիչը նոր կյանք՝ երեխա, ստեղծելն է և այդ երեխայից մարդ կերտելը։ Կարճ ասած՝ արարչագործությունը միկրոկոսմում։

[1] Հայաստանի հասարակությունում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ դրական դիրքորոշումները պայմանավորված են առավելապես նրանով, որ հասարակությունն այն ընկալում է որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման ձև։ Տես՝ Манукян С. А. Об отношении армянского общества к России и Евразийской экономической интеграции в 2011-2017 гг. // Армения в ЕАЭС: Евразийская экономическая интеграция в действии. Сборник статей. – Ер.: Наапет, 2018, - 96 ст., ст. 50-68. Իսկ հայերի էթնիկ աշխարհի կերպարում Ռուսաստանը որպես «պաշտպան» էթնիկ կոնստանտի արդի բովանդակություն, տես՝  Общественное мнение Армении об отдельных вопросах политической повестки дня : Էթնիկ կոնստանտների մասին տես՝ Лурье С.В. Историческая этнология: Учебное пособие для вузов. — М.: Академический Проект: Гаудеамус, 2004. — 624 с., ст. 320:

[2] Հայաստանում Հետազոտությունն իրականացրել են Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի մասնագետները։ Հետազոտության արդյունքներով հրատարակվել է մենագրություն. Մկրտիչյան Ա., Վերմիշյան Հ., Բալասանյան Ս., Անկախության սերունդ. Հետազոտություն երիտասարդների շրջանում. Հայաստան 2016. // Հայաստան 2016. – Եր.։ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ, 2016, 232 էջ։ Հետազոտությունն իրականացվել է Հայաստանի 15-29 տարեկան երիտասարդների շրջանում։ Ընտրանքի ծավալը՝ 1200։ Տվյալների շտեմարանները հասանելի են.
http://www.fes-caucasus.org

http://www.fes-caucasus.org

[3] Իրականացվել է ՀՀ Երիտասարդության և սպորտի նախարարության պատվերով, հեղինակ՝ Ս. Մանուկյան, դաշտային հետազոտությունները կատարել է IPSC Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը։ Համահայկական հետազոտություն 18-30 տարեկան երիտասարդների շրջանում։ Ընտրանքի ծավալը՝ 1196։

[4] Արժեքային համակարգերի ազդեցությունը «երեխաների պահանջմունքի իրականացվածության մակարդակ» ցուցանիշների վրա նախատեսվում է գնահատել հաջորդ հոդվածներում։

[5] Բոլոր իրական թվերի բազմության հզորությունը:

[6] Դրույթները ձևակերպված են այնպես, ինչպես հետազոտության հարցաթերթում։

[7] Միմյանց հաջորդող կետերի արժեքների նվազումը վիճակագրորեն հավաստի նկարագրվում է գծային ֆունկցիայով:

[8] Հիշենք, որ հայրենասիրությունը չի կարելի միարժեքորեն դասակարգել, որպես ավանդականությանը բնորոշ արժեք։

[9] Կիրառվել է ընդհանրացված գծային մոդել (GLM), որի անկախ փոփոխականներ էին՝ հարցվողի սեռը (ֆակտոր), «Այսօր հայը ավելի ազատական հայացքներ պետք է ունենա» և «Ինձ համար ամենակարևոր արժեքը հայրենիքն է» (կովարիատներ) դատողությունները։ Վիճակագրորեն հավաստի ազդեցություն «երեխաների պահանջմունք» (կախյալ) փոփոխականի վրա ուներ միայն «սեռ = կանայք» x «Այսօր հայը ավելի ազատական հայացքներ պետք է ունենա» փոխազդեցությունը։

[10] Դրույթի հավաստիության կայունության մակարդակի բարձրացման տեսակետից կարևոր է, որ այն ստացվել է երկու՝ միմյանցից անկախ հետազոտությունների տվյալների հիման վրա. «Անկախության սերունդ 2016» և «Կյանքի որակը Հայաստանում 2014»։

[11] Չի բացառվում, որ պատասխանները բաց հարցով հավաքագրելու դեպքում ստացվեին այլ արդյունքներ։

[12] Տվյալները տարբերվում են Մկրտիչյան Ա., Վերմիշյան Հ., Բալասանյան Ս., «Անկախության սերունդ 2016»,  մենագրության էջ 135-ի Գծապատկեր 6.1-ի տվյալներից, որում ներկայացված է ինքնության տարրերի բաշխումը որպես առաջին գերակայություն նշված պատասխաններում։

[13] Pope: Abortion is never OK, equates it to “hiring a hitman” By NICOLE WINFIELD, May 25, 2019, AP News , Папа Римский приравнял аборты к грехам нацистов, Патриарх Кирилл осудил противоречащую миссии врачей практику абортов. Известия, 25 января, 2019

[14] Ձևակերպումները տրված են ըստ հետազոտության հարցաթերթի։

[15] Մենք հնարավորություն չունեինք ստուգելու այս դրույթը, քանի որ նշված երկու արդյունքները ստացվել են տարբեր տվյալների շտեմարանների կիրառմամբ։

[16] Գերադասելի կլիներ, որպեսզի հարցի ձևակերպման մեջ  «ապագայի» համար նշվեր որևէ ժամանակային հորիզոն։

[17] Ավանդական ընտանիքի հստակ սահմանում է տրված՝ Самыгин Сергей Иванович, Верещагина Анна Владимировна, Загирова Эльвира Махачевна. Традиционная семья: специфика социологического дискурса и методологические приоритеты // Гуманитарные, социально-экономические и общественные науки. 2016. №12, стр. 82. (հղումը՝ 16.09.2019) գիտական հոդվածում։

«Ավանդական ընտանիքներն ունենալով ընդհանուր բնութագրեր, միաժամանակ, տարբեր հասարակություններում ունեն նաև իրենց յուրահատկությունները։ Ավանդական ընտանիքների ընդհանուր բնութագրերը պայմանավորված են նրանով, որ շատ երկար ժամանակահատվածում, ամենատարբեր հասարակություններում ընտանիքը զարգացել է նահապետական տրամաբանության ունիվերսալ հունով, որի հատկանիշներն էին.

  • Ընտանիքում տղամարդու գերիշխող դիրքը և դրանով պայմանավորված ընտանիքի անդամների դերերի հստակ բաշխումը,
  • Երեխաների ծնունդը և դաստիարակությունը դիտարկվել է որպես ընտանիքի կարևորագույն գործառույթ,
  • Ընտանիքի անդամների՝ կնոջ և երեխաների տնտեսական կախվածությունը տղամարդուց՝ ընտանիքի գլխավորից,
  • Ընտանիքում և հասարակությունում կնոջ նկատմամբ երկակի ստանդարտների առկայությունը՝ տարբերվել են տղամարդու և կնոջ վարքի գնահատականները,
  • Հասարակական գիտակցությունում ամուսնալուծության նկատմամբ բացասական վերաբերմունքը և անընդունելիությունը։»