Սոցիալական տարածությունները Հայաստանում
28 ր. | 2020-07-01Ենթաէթնիկ խմբեր
Խնդիրը
Հ այաստանի կառավարությունները ժողովրդագրական ծանր վիճակի բարելավման կարևորագույն գործոն են համարել, և շարունակում են համարել, սփյուռքահայերի հայրենադարձումը։ Տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է հայկական սփյուռքի պահպանության և հայրենադարձման ծրագրեր, այդուհանդերձ, արդյունքները հեռու են բավարար համարվելուց։
Հայրենադարձ սփյուռքահայերի ինտեգրումը Հայաստանի հասարակությունում պայմանավորված է ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև մշակութային գործոններով, որոնք ունեն երկու սուբյեկտային կողմ։ Առաջինը հայրենադարձներն են, նոր հասարակության անդամների հետ հարաբերություններ հաստատելու իրենց դիրքորոշմամբ։ Երկրորդը՝ Հայաստանի հասարակությունն է, հայրենադարձների հետ սերտ հարաբերություններ հաստատելու ի՛ր դիրքորոշմամբ։ Ներդաշնակ, դրական և բարյացակամ հարաբերությունները կարող են կայանալ կողմերի փոխադարձ դրական ընկալումների արդյունքում, որը ժամանակի ընթացքում կհագեցնի հայրենադարձ ենթաէթնիկ խմբերի համաձուլմանը Հայաստանի հասարակությունում։
Ենթաէթնիկ խմբերի միջև անբարենպաստ փոխադարձ ընկալումները՝
- Խոչընդոտում են Հայաստան վերադարձած սփյուռքահայերի, այդ թվում նաև՝ մտավորականության և բարձրակարգ մասնագետների ինտեգրմանը, վերածվելով այդ մարդկանց Հայաստանից արտամղող գործոնի,
- Խոչընդոտում են տնտեսության, մասնավորապես՝ փոքր և միջին բիզնեսի զարգացմանը հատկապես՝ մարզային քաղաքներում և գյուղերում,
- Ենթաէթնիկ հիմքի վրա հատվածայնացնում են քաղաքական համակարգը, առաջացնելով ներքին կայունության ռիսկեր,
- խոչընդոտում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ազգի զարգացմանը։
Ներկայացվող հոդվածում, զանգվածային սոցիոլոգիական հետազոտությունների տվյալների հիման վրա՝
- Գնահատվել են Հայաստանի հասարակությունում դիրքորոշումները հայերի մի քանի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ։
- Ուսումնասիրվել են արևմտահայերի, պարսկահայերի, կաթոլիկ հայերի, Թուրքիայում բնակվող իսլամադավան հայերի և աղանդավոր հայերի հետ ամուսնության, ընկերության, համատեղ աշխատանքի ընդունելիության աստիճանները, ինչպես նաև այդ սոցիալական շփումների նկատմամբ դիրքորոշումների կիրառմամբ կառուցված սոցիալական տարածությունները։
- Գնահատվել են սոցիալական շփումների և սոցիալական տարածությունների փոփոխության միտումները և այդ միտումների վրա ազդող գործոնները,
- Բացահայտվել են Հայաստանի հասարակությունում հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումները պայմանավորող աշխարհայացքային համալիրները։
- Բացահայտվել են հայերի ենթաէթնիկ խմբերի միջև սոցիալական տարածությունների շաղկապվածությունները հայերի քաղաքակրթական և էթնիկ ինքնության շերտերը կազմող տարրերի հետ։
Ստացված արդյունքներն ունեն ինչպես էթնոսոցիոլոգիական տեսական և մեթոդաբանական, այնպես էլ կիրառական նշանակություն՝ Հայաստանի հասարակությունում հայերի ենթաէթնիկ խմբերի միջև սոցիալական տարածությունների գնահատման, մշտադիտարկման (մոնիտորինգի) և կառավարման տեսակետից։
Մեթոդաբանություն
Տվյալները
Հ ոդվածում ներկայացված արդյունքները ստացվել են երկու սոցիոլոգիական զանգվածային հետազոտությունների տվյալների հիման վրա։ Դրանք են․
- «Կյանքի որակը Հայաստանում 2015» (հետագա շարադրանքում՝ «Կյանքի որակը 2015»),
- «Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում, 2011» (հետագա շարադրանքում՝ «Երիտասարդներ 2011»)։
Երկու հետազոտություններն էլ իրականացրել է IPSC Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը, որոնց հեղինակն է՝ Ս. Ա. Մանուկյանը։
«Կյանքի որակը Հայաստանում 2015» հետազոտության ընդհանուր համակցությունն էր Հայաստանի 18 և ավելի բարձր տարիքի բնակչությունը։ Ընտրանքը՝ հավանականային, բազմաստիճան ստրատիֆիկացված, կլաստերային, ներկայացուցչական է ըստ մարզերի, բնակավայրի տիպի (Երևան, քաղաքներ, գյուղեր), սեռի և տարիքի։ Ընտրանքի ծավալը՝ 2,011 հարցվող։ Ընտրանքային սխալը՝ ± 2.18%։
«Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում, 2011» հետազոտության ընդհանուր համակցությունն էր Հայաստանի 18-30 տարեկան բնակչությունը՝ երիտասարդությունը։ Ընտրանքը՝ հավանականային, բազմաստիճան ստրատիֆիկացված, կլաստերային, ներկայացուցչական է ըստ մարզերի, բնակավայրի տիպի (Երևան, քաղաքներ, գյուղեր), սեռի և տարիքի։ Ընտրանքի ծավալը՝ 1,196 հարցվող։ Ընտրանքային սխալը՝ ± 2.83%։
Հետազոտությունում ներկայացված բոլոր տվյալները վիճակագրորեն հավաստի են α ≤ 0.05 մակարդակում։ Դեպքերի բացարձակ մեծամասնությունում α ≤ 0.0001: α > 0.05 դեպքերը համարվել են անբավարար հավաստիությամբ տվյալներ և այդ փաստը միշտ նշվել է։
Սոցիալական տարածություն
Սոցիալական տարածությունը այն հեռավորությունն է, որն ընկալում է անձը՝ մեկ այլ անձի նկատմամբ սոցիալական հարաբերություններում։ Օրինակ, դիմացինի հետ ընկերություն անելու անձի պատրաստակամության աստիճանը, բնութագրում է նրա՝ դիմացինի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունը։ Որքան բարձր է այդ պատրաստակամությունը, այնքան, մնացած հավասար պայմաններում, փոքր է սոցիալական տարածությունը։
Կան տարբեր տեսակի սոցիալական շփումներ, հետևաբար, սոցիալական տարածությունը բարդ կառուցվածք է։
Սոցիալական տարածությունը չափելու համար կարելի է մշակել տարբեր գործիքներ։ Այդպիսի գործիք է Բոգարդուսի սանդղակը [1]։ Այն մշակվել է մոտ մեկ դար առաջ, սակայն իր կիրառման հարմարության և արդյունավետության պատճառով, մինչ օրս շարունակում է հաջողությամբ օգտագործվել հասարակագիտական տարբեր հետազոտություններում:
Բոգարդուսի սանդղակը կառուցվում է 7 հարցի միջոցով, որոնք բացահայտում են տվյալ անձի կողմից որևէ խմբի «ընդհանրացված» ներկայացուցչի հետ սոցիալական շփումների ընդունելիությունը կամ անընդունելիությունը։ Ստորև տրված է Բոգարդուսի սանդղակի կառուցման համար կիրառվող սոցիալական շփումների համախմբությունը։
Ընդունելի՞ է համարում արդյոք հարցվողը՝ տվյալ խմբի ներկայացուցչի հետ․
- Իր հարազատի ամուսնությունը (որպես ընտանիքի անդամ ընդունելը),
- Մոտ ընկերություն անելը,
- Հարևանություն անելը,
- Միասին աշխատելը / բիզնես գործընկեր ունենալը,
- Այդ խմբի ներկայացուցչին իր երկրի քաղաքացիություն շնորհելը,
- Այդ խմբի ներկայացուցչին իր երկիր միայն ժամանակավոր այցելություն թույլատրելը,
- Արգելել այդ խմբի ներկայացուցչի մուտքն իր երկիր։
Ցուցակում ավելի փոքր համար ունեցող սոցիալական շփումը ներկայացնում է ավելի փոքր սոցիալական տարածություն։ Տարբեր հետազոտություններում հարցերի ձևակերպումները երբեմն որոշ չափով տարբերվում են։ Հաճախ, մեկ հետազոտությամբ միաժամանակ մի քանի խմբերի նկատմամբ սոցիալական տարածություններն ուսումնասիրելիս, կրճատում են սանդղակում հարցերի քանակը։
Տվյալ անձի կողմից՝ տվյալ խմբի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունը հաշվարկվում է որպես տրված յոթ հարցերին տրված՝ «Ընդունելի է» պատասխանների քանակ (բացի 7-րդ հարցից, որը պահանջում է առանձին ձևակերպում)։ Ակնհայտ է, որ այդ սանդղակով հաշվարկված տարածությունը կարող է ընդունել 0-ից (ամենամեծ տարածություն), մինչև 7 (ամենափոքր տարածություն) արժեքներ։
Երբեմն, հետազոտություններում կիրառվում է Բոգարդուսի շրջված սանդղակը՝ երբ սանդղակի 0 արժեքը, որը նշանակում էր ամենամեծ տարածությունը փոխարինվում է 7-ով, 1-ը՝ 6-ով և այդպես շարունակ, մինչև 7-ը՝ 0-ով։ Այս դեպքում սանդղակի ավելի փոքր թվային արժեքը համապատասխանում է ավելի փոքր սոցիալական տարածությանը, որը մարդիկ ավելի բնական են համարում։
Նշենք, որ երկու անձ՝ մեկը մյուսի նկատմամբ կարող են ընկալել տարբեր սոցիալական տարածություններ։
Սոցիալական տարածություն հասկացությունը ընդհանրացվում է սոցիալական խմբերի համար։
- Մի խմբի կողմից՝ մեկ այլ խմբի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունը՝ առաջին խմբի անդամների կողմից երկրորդ խմբի ընդհանրացված ներկայացուցչի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունների միջին արժեքն է։
Դիտարկված ազգերը, հայերի ենթաէթնիկ խմբերը և սանդղակները
«Երիտասարդներ, 2011» հետազոտությունում չափվել են սոցիալական տարածությունները հայերի հետևյալ ենթաէթնիկ խմբերի նկատմամբ՝ սփյուռքահայ, Թուրքիայում ապրող իսլամադավան հայ, պարսկահայ, Կաթոլիկ հայ, աղանդավոր հայ։ «Կյանքի որակը, 2015» հետազոտությունում հետազոտվել են այդ խմբերից երկուսը՝ արևմտահայ (սփյուռքահայի փոխարեն) և Թուրքիայում ապրող իսլամադավան հայ։
«Երիտասարդներ 2011» հետազոտությունում դիտարկվել են նաև այլ էթնիկ, ռասայական և կրոնական խմբեր՝ ռուս, գերմանացի, թուրք, եվրոպացի, սևամորթ, մահմեդական, ինչը թույլ է տալիս հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունները դիտարկել ավելի լայն կոնտեքստում։
Հետազոտություններում կիրառվել են Բոգարդուսի սանդղակի տարբեր կառուցվածքներ։ «Երիտասարդներ, 2011» հետազոտությունում դիտարկվել են ամուսնություն, ընկերություն, աշխատանք/բիզնես և քաղաքացիություն շնորհել շփումների տեսակները, իսկ «Կյանքի որակը, 2015» հետազոտությունում՝ ամուսնություն, ընկերություն, աշխատանք/բիզնես շփումների տեսակները։ Հետազոտված խմբերը և սանդղակի կառուցման համար կիրառված սոցիալական շփումները տրված են Աղյուսակ 1-ում։
Աղյուսակ 1․
Երկու հետազոտություններն իրենց առանձնահատկություններով փոխլրացնում են միմյանց՝ հարստացնելով հետազոտության արդյունքների բովանդակությունը։ «Երիտասարդներ, 2011» հետազոտության կարևորագույն առանձնահատկությունն այն էր, որ․
- Դիտարկվել են մեծ քանակով խմբեր, որոնցում առկա էին, ոչ միայն հայերի ենթաէթնիկ խմբերը, այլև էթնիկ և կրոնական այլ խմբերը, ինչը թույլ է տվել համադրել այդ երկու խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումները և, ինչն ավելի կարևոր է՝ բացահայտել սոցիալական տարածությունները պայմանավորող աշխարհայացքային համալիրները (գործոնները)։
«Կյանքի որակը, 2015» հետազոտության կարևորագույն առանձնահատկություններն են․
- Տվյալները վերաբերում են Հայաստանի 18-75 տարեկան բնակչությանը, հետևաբար, հետազոտության մեթոդաբանության հաշվառմամբ, հնարավոր է ստացված արդյունքներն ընդհանրացնել Հայաստանի ողջ հասարակության համար։
- Այստեղ հետազոտվել են նաև հայերի քաղաքակրթական և էթնիկ ինքնությանը վերաբերվող հարցախմբեր, ինչը հնարավորություն է տալիս դիտարկել հայերի ինքնության տարբեր շերտերի շաղկապվածությունները։
Ընթերցողի համար սոցիալական տարածությունների ընկալման որոշակի համադրելիություն ապահովելու համար, երկու հետազոտություններում կառուցված Բոգարդուսի սանդղակները ոչ միայն շրջվել են, այլև նորմավորվել, այսինքն՝ կատարվել է սանդղակների այնպիսի գծային ձևափոխություն, որի դեպքում սոցիալական տարածության ամենափոքր արժեքը դարձել է 0-ն, իսկ ամենամեծ արժեքը՝ 1-ը։
«Կյանքի որակը, 2015» հետազոտությունում, ուսումնասիրվել է նաև հարցվողի ծագումնաբանական ինքնանույնականացումը, այսինքն, հայերի ո՞ր ենթաէթնիկ խմբին է պատկանում հարցվողը՝ արևմտահայ, վրացահայ, պարսկահայ, ռուսահայ։ Ենթադրվել է, որ տվյալ խմբի անդամի համար, իր խմբի հետ սոցիալական շփումների ընդունելիությունը մնացած հավասար պայմաններում, շատ ավելի բարձր է, քան մնացած խմբերի դեպքում, ինչը հաշվարկներում կարող էր առաջացնել շեղումներ։ Հարցվողի ենթաէթնիկ պատկանելության հաշվառումը թույլ է տվել բացառել այդ շեղումները։
- «Կյանքի որակը, 2015» հետազոտությունում, տվյալ խմբի հետ սոցիալական շփումների ընդունելիությունը գնահատվել է միայն այդ խմբին չպատկանող անձանց համար։
Բացի դրանից, հարցվողների ծագումնաբանության ուսումնասիրությունն ինքնին հետաքրքրություն էր ներկայացնում։
Հարկ է նշել, որ հետազոտությունում չկա Հայաստանի Հանրապետությունում առկա մարզային ենթաէթնիկ խմբերի ուսումնասիրությունը։
Արդյունքներ
Ծագումնաբանություն
Ն ախքան Հայաստանի հասարակությունում հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների ուսումնասիրությունը, դիտարկենք հետևյալ հարցը․
- Արդյո՞ք հայերի ինքնության կառուցվածքում առկա է իրենց ենթաէթնիկ պատկանելության ընկալումը։
Այդ հարցի պատասխանը ստանալու նպատակով «Կյանքի որակը, 2015» հետազոտությունում տրվել է հետևյալ հարցը․ «Հայերը տարբեր աշխարհագրական շրջաններից են ծագում: Դուք Ձեզ ի՞նչ ծագում կվերագրեիք»: Քանի որ հարցվողի մոտ հարցը կարող էր առաջացնել էապես տարբեր ըմբռնումներ, հարցվողին ներկայացվել է հետևյալ «ծագումնաբանական» ցուցակը՝ Հայաստանի հայ, արևմտահայ, վրացահայ, պարսկահայ, ռուսահայ։ [2]
Հարցվողին թույլ էր տրվել նշել մինչև երկու պատասխան, այդ թվում նաև այնպիսի ծագում, որը նշված չէր իրեն ներկայացված ցուցակում։ Եթե հարցվողը հայ չէր, ապա նշվում էր նրա էթնիկ պատկանելությունը։ Մեկից ավելի նշումները գրանցվում էին ըստ պատասխանի առաջնահերթության։ Այս մոտեցումը կիրառվել է այն ենթադրությամբ, որ հնարավոր են կրկնակի ենթաէթնիկ պատկանելության դեպքեր։ Օրինակ, եթե անձի հայրը վրացահայ է, իսկ մայրը սփյուռքահայ, ապա հնարավոր է, որ հարցվողը ցանկանար նշել երկու ծագումնաբանական պատկանելություն։
Ստացված արդյունքները տրված են Աղյուսակ 2-ում։
Նշել են ընդամենը |
Նշել են որպես առաջին պատասխան |
Նշել են որպես երկրորդ պատասխան |
Նշել են որպես միակ պատասխան |
«Նշել են որպես միակ պատասխան» / «Նշել են ընդամենը» |
|
Հայաստանի հայ |
86.88% |
82.55% |
4.33% |
79.66% |
0.917 |
Արևմտահայ |
11.89% |
9.65% |
2.24% |
7.51% |
0.632 |
Պարսկահայ |
1.79% |
1.59% |
0.20% |
0.99% |
0.553 |
Վրացահայ |
1.69% |
1.49% |
0.20% |
1.09% |
0.645 |
Ռուսահայ |
1.10% |
0.90% |
0.20% |
0.80% |
0.727 |
ԱՅԼ ԱԶԳԵՐ |
0.99% |
0.99% |
0.00% |
0.94% |
0.949 |
Աղյուսակ 2․ «Դուք Ձեզ ի՞նչ ծագում կվերագրեիք»: Կարելի էր նշել մինչև երկու պատասխան։ Տոկոսները հաշվարկված են հարցվողների ընդհանուր քանակից։ Առաջին սյան պատասխանների գումարը մեծ է 100%-ից, քանի որ կարելի էր նշել մեկից ավելի պատասխան։ «Կյանքի որակը, 2015»։
Նշենք, որ հետազոտությունում գրանցվել են նաև այլ էթնիկ խմբեր։ Իրեն եզդի է անվանել հարցվածների 0.65%-ը, ասորի՝ 0.10%-ը, ռուս՝ 0.10%-ը, հույն՝ 0.05%-ը և ուկրաինացի՝ 0.05-ը։
Աղյուսակ 2-ի տվյալները ցույց են տալիս, որ․
- Ենթաէթնիկ պատկանելության տեսակետից Հայաստանի հասարակությունում գերակշռում է երկու ինքնություն՝ «Հայաստանի հայ» և արևմտահայ։
Առաջին կամ երկրորդ նշումով իրեն Հայաստանի հայ է անվանել հարցվածների 86.9%-ը, այդ թվում՝ որպես առաջին ինքնություն՝ 82.6%-ը, իսկ որպես երկրորդ ինքնություն՝ 4.4%-ը։ Իրեն միայն Հայաստանի հայ է անվանել հարցվածների 79.7%-ը։ Իրենց միայն Հայաստանի հայ անվանած անձինք կազմել են իրենց Հայաստանի հայ անվանած բոլոր անձանց 0.917 մասը (91.7%)։
Առաջին կամ երկրորդ նշումով իրեն արևմտահայ է անվանել հարցվածների 11.9%-ը։ Այդ թվում, որպես առաջին ինքնություն՝ 9.7%-ը, իսկ որպես երկրորդ ինքնություն՝ 2.2%-ը։ Իրեն միայն արևմտահայ է անվանել հարցվածների 7.5%-ը։ Իրենց միայն արևմտահայ անվանած անձինք կազմել են իրենց արևմտահայ անվանած բոլոր անձանց 0.632 մասը։
Այսպիսով․
- Արևմտահայ ենթաէթնիկ խումբն ունի բավական հզոր ենթաէթնիկ ինքնություն, որը չի տարրալուծվել Հայաստանի Հանրապետությունում բնակվելու բավական երկար ժամանակահատվածի ընթացքում։ [3]
Հայաստանի հայ և արևմտահայ ինքնություններ ունեցող սեգմենտների մեծ ծավալները թույլ են տալիս բավարար հավաստիությամբ դիտարկել այդ ինքնությունների փոփոխությունը ժամանակի ընթացքում։ Գծապատկեր 1-ում ներկայացված է իրենց Հայաստանի հայ և սփյուռքահայ համարող անձանց տոկոսը տարիքային խմբերում։ Տվյալները ցույց են տալիս, որ սփյուռքահայ ենթաէթնիկ ինքնությունը ժամանակի ընթացքում նվազել է՝ տեղի է ունեցել ձուլում Հայաստանի հասարակությունում։ Եթե 60 և ավելի տարեկանների խմբում նրանք կազմում են 16%, ապա 18-29 տարեկանների խմբում՝ 9%։
Այս երևույթի մեկնաբանությունը միարժեք չէ, քանի որ կա առնվազն ևս մեկ հզոր գործոն, որը կարող էր առաջացնել սփյուռքահայերի հարաբերական քանակի նվազում՝ արևմտահայ ծագումով անձինք, առնվազն վերջին 35 տարիների ընթացքում, Հայաստանից ընդմիշտ հեռանալու ավելի լայն հնարավորություններ են ունեցել։
Գծապատկեր 1. Հայաստանի բնակչության ինքնանույնականացումը որպես Հայաստանի հայ և սփյուռքահայ ըստ տարիքային խմբերի
Սոցիալական տարածությունների ընկալումները ենթաէթնիկ խմբերի նկատմամբ
Գծապատկեր 2, Ա և Բ-ում տրված են սոցիալական տարածությունները հայերի ենթաէթնիկ խմբերի, այլ էթնոսների, կրոնական խմբերի և ռասաների նկատմամբ Հայաստանի երիտասարդության շրջանում 2011թ․-ին և հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ Հայաստանի հասարակությունում՝ 2015 թ․-ին։
Ընդհանրացված համեմատությունների համար սոցիալական տարածությունների [0; 1] միջակայքը պայմանականորեն բաժանենք 5 տիրույթի․
[0.0; 0.2) – շատ փոքր տարածությունների տիրույթ,
[0.2; 0.4) –փոքր տարածությունների տիրույթ,
[0.4; 0.6) – միջին տարածությունների տիրույթ,
[0.6; 0.8) – մեծ տարածությունների տիրույթ,
[0.8; 1.0) – շատ մեծ տարածությունների տիրույթ։
Գծապատկերներից բխում են հետևյալ հիմնական դրույթները։
- Հայաստանի հասարակությունում հայերի տարբեր ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունները սփռված են շատ մեծ միջակայքում։
- Սփյուռքահայերի նկատմամբ սոցիալական տարածությունները գտնվում են փոքր տարածությունների տիրույթում, իսկ Թուրքիայում բնակվող իսլամադավան հայերի նկատմամբ՝ շատ մեծ տարածությունների տիրույթում։
- Դիտարկված խմբերի շրջանակում ամենափոքր սոցիալական տարածությունը ընկալվում է սփյուռքահայերի նկատմամբ՝ 0.215, իսկ ամենամեծը՝ Թուրքիայում բնակվող իսլամադավան հայերի՝ 0.803։
- Կան էթնոսներ, որոնք Հայաստանի հասարակությունում ավելի մոտ սոցիալական տարածության վրա են ընկալվում, քան հայերի որոշ ենթաէթնիկ խմբեր։ Օրինակ՝ ռուսների նկատմամբ սոցիալական տարածությունն ավելի փոքր է, քան հայերի բոլոր դիտարկված ենթաէթնիկ խմբերի նկատմամբ՝ բացի սփյուռքահայերից։ Գերմանացիների նկատմամբ սոցիալական տարածությունն ավելի փոքր է, քան պարսկահայերի և Թուրքիայի իսլամադավան հայերի նկատմամբ։
- Թուրքիայի իսլամադավան հայերի նկատմամբ սոցիալական տարածությունը մոտավորապես նույնն է, ինչ մահմեդականների և թուրքերի նկատմամբ։ Գծապատկեր 2 Ա և Բ-ի տվյալներից բխում է, որ Հայաստանի ողջ հասարակությունում և Հայաստանի երիտասարդության շրջանում միևնույն խմբի նկատմամբ սոցիալական տարածությունները շատ մոտ են։ Հետևաբար, Հայաստանի հասարակությունում Թուրքիայի իսլամադավան հայերի նկատմամբ սոցիալական տարածությունները շատ մոտ են մահմեդականների և թուրքերի նկատմամբ սոցիալական տարածություններին։
- Նույն հիմքով, կարող ենք ենթադրել, որ Հայաստանում փոքր հեռավորությունների տիրույթում են գտնվում սոցիալական տարածությունները Կաթոլիկ հայերի և պարսկահայերի նկատմամբ։
- Սոցիալական տարածությունները հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սփյուռքահայ ինքնություն ունեցող անձանց սեգմենտում ավելի փոքր են, քան Հայաստանի հայերի շրջանում՝ առանց սփյուռքահայերի սեգմենտի (Գծապատկեր 3):
Գծապատկեր 2․ Սոցիալական տարածությունները հայերի ենթաէթնիկ խմբերի և այլ ազգերի նկատմամբ
Գծապատկեր 3․ Սոցիալական տարածությունները հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սփյուռքահայերի սեգմենտում և Հայաստանի հայերի շրջանում՝ առանց սփյուռքահայերի սեգմենտի, 2015
Հայաստանի հասարակությունում սոցիալական տարածությունների ընկալումները ժամանակի ընթացքում փոփոխվում են։ Այդ փոփոխությունները նկատելի են Գծապատկեր 4-ում, որտեղ ներկայացված են սոցիալական տարածությունների ընկալումները տարիքային խմբում։ Գծապատկերում տարիքային խմբերը տրված են հակառակ կարգով, որպեսզի ավելի բնական ընկալվի ժամանակի ընթացքի ուղղությունը։
Գծապատկեր 4․ Սոցիալական տարածությունները հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ երիտասարդների տարիքային խմբերում, Հայաստան, 2015
Յուրաքանչյուր ենթաէթնիկ խմբի համար իրականացվել է ժամանակի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների վիճակագրական հավաստիության փորձարկումներ [4], որի արդյունքում հաստատվել է, որ Թուրքիայի իսլամադավան հայերի նկատմամբ սոցիալական տարածությունը ժամանակի ընթացքում վիճակագրորեն հավաստի աճել է, սակայն 18-29 տարիքային խմբում աճի միտումը շրջվել է։ Սփյուռքահայերի դեպքում կարելի է ենթադրել, որ համանման գործընթաց է տեղի ունեցել, սակայն տվյալների շարքում վիճակագրորեն հավաստի գծային միտում չի հայտնաբերվել։
Սոցիալական տարածության սանդղակի բաղադրիչները
Դիտենք հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական հեռավորությունների սանդղակի բաղադրիչների՝ «ամուսնություն», «ընկերություն», «աշխատանք/բիզնես» և «քաղաքացիության շնորհում», ընդունելիության աստիճանը հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ։ Տվյալները ներկայացված են Աղյուսակ 4-ում և Աղյուսակ 5-ում։ Աղյուսակների վանդակները գունավորված են։ Գունային սանդղակը տրված է Աղյուսակ 3-ում։
Աղյուսակ 3․ Սոցիալական շփումների ձևերի ընդունելիության գունային սանդղակը։
Նկատենք, որ Աղյուսակ 4-ում խմբերի դասավորությունն ըստ սոցիալական տարածության աճի, չնչին տարբերությամբ, կրկնում է Գծապատկեր 2-ի դասավորությունը (տեղերով փոխվել են «պարսկահայ» և «գերմանացի» խմբերը)։
Աղյուսակ 4
Աղյուսակ 5
Ամուսնություն
Սոցիալական տարածությունները դիտարկելիս, հարցվողի համար՝ իր մոտ հարազատի ամուսնության ընդունելիությունը տվյալ խմբի ներկայացուցչի հետ, ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ ամուսնությունը, լինելով մարդկանց միջև ամենափոքր հնարավոր սոցիալական տարածությունը, տարբեր սոցիալական խմբերի մերձեցման ամենահզոր գործոնն է։
Աղյուսակ 5-ի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակության յուրաքանչյուր երրորդ անձը (33.3%) իր հարազատի համար անընդունելի է համարում ամուսնությունը սփյուռքահայի հետ, իսկ Թուրքիայում ապրող իսլամադավան հայերի հետ՝ մոտ 90%: Աղյուսակ 4-ի տվյալներից բխում է, որ Հայաստանի հասարակությունում լուսանցքային խումբ են աղանդավոր հայերը, որոնց հետ հարազատի ամուսնությունն ընդունելի է համարում երիտասարդների մոտ 86%-ը։
Ընկերություն, համատեղ աշխատանք և քաղաքացիության շնորհում
Բոգարդուսի սանդղակը ենթադրում է, որ ընկերությունը, հարևանությունը, համատեղ բիզնես/աշխատանքը և քաղաքացիության շնորհումը արտահայտում են հաջորդաբար նվազող սոցիալական տարածության ընկալումը։ Հետևաբար, պետք էր սպասել, որ Հայաստանի հասարակությունում ցանկացած խմբի ներկայացուցչին քաղաքացիություն շնորհելու ընդունելիության աստիճանը պետք է ավելի մեծ լիներ, քան նրա հետ ընկերության կամ համատեղ աշխատանքի ընդունելիությունը։ Սակայն, տվյալներում այդ առանձնահատկությունը խախտված է։
Մասնավորապես, այլ էթնիկ, կրոնական և ռասայական խմբերի՝ ռուսների, գերմանացիների, սևամորթների, թուրքերի և մահմեդականների դեպքում, քաղաքացիություն շնորհելու ընդունելիության աստիճանը նշանակալիորեն ավելի ցածր է, քան ընկերության և համատեղ աշխատանքի ընդունելիությունը։ Սակայն, հայերի ենթաէթնիկ խմբերի դեպքում՝ սփյուռքահայ, կաթոլիկ հայ, պարսկահայ (բացի Թուրքիայում բնակվող իսլամադավան հայերից), այդ առանձնահատկությունը շատ թույլ է արտահայտված։ Ստացված արդյունքը հուշում է, որ․
- Հայաստանի հայերի աշխարհայացքում «քաղաքացիություն» հասկացությունը էթնիկ ինքնության կարևոր տարր է, որը բխում է էթնիկ ինքնության կազմում միասնական հայրենիքի գաղափարից։ [5]
- Եթե «ամուսնություն» սոցիալական շփումը էթնիկ մաքրության պահպանման առաջին շերտն է, ապա «քաղաքացիության շնորհում» դիրքորոշումը՝ երկրորդ շերտը։
Սոցիալական տարածությունների կառուցվածքը
Ս ոցիալական տարածությունների գործոնային վերլուծությունը ցույց տվեց, որ Հայաստանի հայերի գիտակցությունում դիտարկված սոցիալական խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների չափերը կարելի է բացատրել երեք աշխարհայացքային համալիրների գոյությամբ (Գծապատկեր 5)։
Առաջին աշխարհայացքային համալիրն արտահայտվել է «Գ1․ Էթնիկ գործոնի» միջոցով, որը կազմավորում է հայերի ենթաէթնիկ խմբերի սոցիալական տարածությունները և ցույց է տալիս, թե Հայաստանի հայերի պատկերացումներում այդ խմբերից յուրաքանչյուրը «որքանով է հայ»։
Երկրորդ աշխարհայացքային համալիրը, որն անվանվել է «Գ2․ Իսլամական գործոն», կազմավորում է իսլամադավանների, այդ թվում՝ թուրքերի և Թուրքիայում բնակվող իսլամադավան հայերի սոցիալական տարածությունները։
Երրորդ աշխարհայացքային համալիրն անվանվել է «Գ3․ Ռուսական գործոն», քանի որ այն կազմավորում է հայերի դիրքորոշումները առավելապես ռուսների նկատմամբ։
Գծապատկեր 5․ Էթնիկ և կրոնական խմբերի նկատմամբ Հայաստանի երիտասարդության սոցիալական տարածությունները պայմանավորող գործոնային տարածությունը։
Սոցիալական շփումների ընդունելիության փոփոխությունը ժամանակի ընթացքում
Աղյուսակ 6-ում ներկայացված է տարիքային խմբերում արևմտահայերի և Թուրքիայի իսլամադավան հայերի ամուսնության, ընկերության և համատեղ աշխատանքի ընդունելիության աստիճանը։ Աղյուսակի «Գծապատկեր» սյունում ներկայացված են աղյուսակի յուրաքանչյուր տողի թվային տվյալների գծապատկերները։ Այդ գծապատկերների մասշտաբները տարբեր են, հետևաբար դրանք միմյանց հետ համադրելի չեն։ Աղյուսակի «Փոփոխության միտումներ» սյունակում նշված է, արդյոք տվյալ տողում ներկայացված տվյալների շարքում առկա է ժամանակից կախված, վիճակագրորեն հավաստի, գծային փոփոխություն։
Աղյուսակ 6․ Արևմտահայերի և Թուրքիայում բնակվող իսլամադավան հայերի հետ ամուսնության, ընկերության և համատեղ աշխատանքի ընդունելիությունը տարիքային խմբերում։
Աղյուսակի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակությունում ժամանակի ընթացքում վիճակագրորեն հավաստի նվազում են արևմտահայերի հետ ամուսնության և ընկերության ընդունելիության դիրքորոշումները, իսկ համատեղ աշխատանքի ընդունելիության տեսակետից, վիճակագրորեն հավաստի փոփոխության որևէ գծային միտում չի բացահայտվել։ Թուրքիայում բնակվող իսլամադավան հայերի հետ սոցիալական շփումների վիճակագրորեն հավաստի փոփոխություններ չեն դիտարկվել։
Սոցիալական տարածությունները սոցիալ-ժողովրդագրական խմբերում
Գծապատկեր 6-ում տրված են սոցիալական տարածությունները Հայաստանի հասարակությունում 2015 թ․-ին՝ արևմտահայերի և Թուրքիայում բնակվող իսլամադավան հայերի նկատմամբ տարբեր սոցիալ-ժողովրդագրական խմբերում։ Կարմիր գույնով են տրված այն տվյալները, որոնք դիտարկվող հատույթում վիճակագրորեն հավաստի տարբերվում են միմյանցից։
Գծապատկեր 6․ Սոցիալական տարածությունները հայերի ենթաէթնիկ խմբերից սոցիալ-ժողովրդագրական խմբերում։
Երևանում արևմտահայերի և Թուրքիայում բնակվող իսլամադավան հայերի նկատմամբ սոցիալական տարածություններն ավելի փոքր են, քան քաղաքներում և գյուղերում, իսկ քաղաքներում ավելի փոքր են, քան՝ գյուղերում։ Տղամարդկանց շրջանում Թուրքիայում բնակվող իսլամադավան հայերի նկատմամբ սոցիալական տարածություններն ավելի փոքր են, քան՝ կանանց։ Բարձրագույն կրթությամբ անձինք ավելի փոքր սոցիալական տարածություն են ընկալում բոլոր դիտարկված խմբերի նկատմամբ, քան միջին մասնագիտական և թերի բարձրագույն, ինչպես նաև միջնակարգ կրթությամբ անձինք։ Սակայն վերջին երկու խմբերում ընկալվող սոցիալական տարածությունները վիճակագրորեն չեն տարբերվում։ Բարեկեցության մակարդակի վիճակագրորեն հավաստի ազդեցությունը դիտարկվող սոցիալական տարածությունների վրա չի դիտարկվել։
Քաղաքակրթական ինքնանույնականացման ազդեցությունը ենթաէթնիկ խմբերի սոցիալական տարածության վրա
«ՀՀ հասարակության քաղաքակրթական ինքնությունը, դինամիկան և կայունությունը» հոդվածում դուրս է բերվել, որ Հայաստանի հայերն իրենց քաղաքակրթական ինքնությունում, բացի հայկական քաղաքակրթական-մշակութային բաղադրիչից, ընկալում են նաև խորհրդային, ռուսական,
եվրոպական և արևելյան քաղաքակրթական բաղադրիչներ։ Բացահայտվել են հայերի ինքնության կառուցվածքում այդ բաղադրիչների փոփոխության ուղղությունները և գնահատվել այդ փոփոխությունների արագությունները։ Այս հոդվածում դիտարկվող հարցերի ենթատեքստում երեք կարևոր հարց է առաջանում․
- Շաղկապվա՞ծ է արդյոք հայերի ինքնության քաղաքակրթական շերտը և հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունը։
- Եթե այո, ապա ինչպե՞ս են ազդում հայերի քաղաքակրթական ինքնության բաղադրիչները սոցիալական տարածությունների վրա։
- Ի՞նչ կանխատեսումներ կարելի է անել ազդեցությունների բնույթի և ուժգնության հաշվառմամբ։
Աղյուսակ 7-ը պարունակում է այդ հարցերի պատասխանները։ Աղյուսակում ներկայացված է չորս ռեգրեսիոն մոդել, որոնցում բացատրվող (կախյալ) փոփոխականներն են արևմտահայերի, Թուրքիայում բնակվող իսլամադավան հայերի նկատմամբ սոցիալական տարածությունները, իսկ բացատրող (անկախ) փոփոխականները՝ հայերի քաղաքակրթական ինքնության հինգ բաղադրիչները։ Յուրաքանչյուր մոդել տրված է առանձին սյունում։ Աղյուսակում տրված թվերը ռեգրեսիոն մոդելի գործակիցներն են։
Աղյուսակում կապույտի երանգներով տրված են բացասական գործակիցներ պարունակող վանդակները, իսկ կարմիրի երանգներով՝ դրական գործակիցներ պարունակող վանդակները։ Որքան ավելի մուգ է վանդակը, այնքան բացարձակ արժեքով ավելի մեծ է վանդակում պարունակվող գործակիցը։ Տրված են միայն վիճակագրորեն հավաստի 0-ից տարբերվող գործակիցները։
Աղյուսակ 7. Հայերի քաղաքակրթական ինքնության բաղադրիչների ազդեցությունները հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների վրա։
Աղյուսակում տրված մոդելների գործակիցները տալիս են վերը ձևակերպված հարցերի պատասխանները։
- Հայերի քաղաքակրթական ինքնությունը և Հայաստանի հասարակությունում հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունները շաղկապված են։
- Հայերի քաղաքակրթական ինքնության հայկական և ռուսական բաղադրիչների ամրապնդումը մեծացնում է հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունները, իսկ եվրոպական և խորհրդային ինքնության բաղադրիչների ամրապնդումը նվազեցնում է այդ սոցիալական տարածությունները։ Հայաստանի հայերի քաղաքակրթական ինքնության Արևելյան բաղադրիչի ազդեցությունը սոցիալական տարածությունների վրա շատ թույլ է։
- Վերը նշված հոդվածից հայտնի է, որ Հայաստանում ժամանակի ընթացքում թուլանում է հայկական, խորհրդային և ռուսական քաղաքակրթական բաղադրիչը, իսկ եվրոպական քաղաքակրթական բաղադրիչը ամրանում է։ Հետևաբար, մնացած հավասար պայմաններում, Հայաստանի հասարակությունում հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունները նվազելու են։
Ստացված արդյունքների ավելի մանրամասն լուսաբանումը տրված է Գծապատկեր 7-ում։
Գծապատկեր 7․ Հայերի քաղաքակրթական ինքնության բաղադրիչների ազդեցությունը հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների վրա։
Սոցիալական տարածությունները և էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածությունը
«Հայաստանի հայերի էթնիկ ինքնության միջուկը» հոդվածում սահմանվել են էթնիկ ինքնության միջուկ, էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության ինդեքս և էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության չափ հասկացությունները։ [6] Այդ ցուցանիշները կիրառվել են գնահատելու համար հայ հանրության էթնիկ ինքնության ամրությունը կամ՝ կայունությունը։
Այդ հասկացությունների ենթատեքստում առաջանում են հետևյալ հարցերը․
- Արդյո՞ք էթնիկ ինքնության կենտրոնացվածությունն ազդում է հայերի ենթաէթնիկ խմբերի սոցիալական տարածությունների վրա։
- Եթե այո, ապա ի՞նչ բնույթ և չափ ունի այդ ազդեցությունը։
- Տարբերվու՞մ է արդյոք էթնիկ ինքնության միջուկի ազդեցությունը տարբեր ենթաէթնիկ խմբերի սոցիալական տարածությունների վրա։
- Արդյո՞ք էթնիկ ինքնության միջուկի բաղադրիչներն ազդում են հայերի ենթաէթնիկ խմբերի սոցիալական տարածությունների վրա։
- Եթե այո, ապա ի՞նչ բնույթ և չափ ունի այդ ազդեցությունը։
- Տարբերվու՞մ են արդյոք էթնիկ ինքնության միջուկի բաղադրիչների ազդեցությունները տարբեր ենթաէթնիկ խմբերի սոցիալական տարածությունների վրա։
Էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության ազդեցությունը
Էթնիկ ինքնության կենտրոնացվածության ազդեցությանը վերաբերող հարցերի պատասխանները Աղյուսակ 8-ում են, որտեղ տրված են միաչափ գծային ռեգրեսիոն մոդելները։ Մոդելների բացատրվող (կախյալ) փոփոխականները հայերի ենթաէթնիկ խմբերն են, իսկ բացատրող (անկախ) փոփոխականը՝ էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության ինդեքսը։
Սոցիալական տարածությունը հայերի ենթաէթնիկ խմբից |
Էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության ինդեքսի ազդեցություն |
Արևմտահայ |
0.087 |
Թուրքահայ |
0.128 |
Աղյուսակ 8. Հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների կախվածությունն էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության աստիճանից։
Աղյուսակի տվյալները տալիս են վերը ձևակերպված առաջին երեք հարցերի պատասխանները։
- Հայերի էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածությունն ազդում է և՛ արևմտահայերի, և՛ Թուրքիայի իսլամադավան հայերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումների վրա։
- Հայերի էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության աճը մեծացնում է հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունները։
- Էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության ինդեքսի ազդեցությունը Թուրքիայում բնակվող իսլամադավան հայերի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունների վրա ավելի մեծ է, քան արևմտահայերի դեպքում։
Էթնիկ ինքնության միջուկի բաղադրիչների ազդեցությունը
Էթնիկ ինքնության միջուկի բաղադրիչների ազդեցությունների վերաբերյալ հարցերի պատասխանները Աղյուսակ 9-ում են, որում տրված են հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունները յուրաքանչյուր բաղադրիչի պարտադիր համարվելու և պարտադիր չհամարվելու դեպքում, ինչպես նաև այդ տարածությունների զույգի տարբերությունը։
Եթե տվյալ բաղադրիչի պարտադիր լինելը կամ չլինելը վիճակագրորեն հավաստի ազդում է տվյալ ենթաէթնիկ խմբի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածության վրա, ապա այդ սոցիալական տարածությունների զույգը տրված է կարմիր գույնով։
«Տարբերություն» տողերում կարմիրի երանգներով տրված են վիճակագրորեն հավաստի տարբերություններ պարունակող վանդակները։ Որքան ավելի մեծ է տարբերությունը, այնքան ավելի մուգ է վանդակը։
Աղյուսակ 9․ Դեղինով նշված են վիճակագրորեն հավաստի տարբերությունները։
Աղյուսակի տվյալներից հետևում են վերը ձևակերպված 4-6 հարցերի պատասխանները։
- Էթնիկ ինքնության միջուկի բաղադրիչներն ազդում են հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումների վրա։
- Բոլոր բաղադրիչներն (բացի «ինքն իրեն հայ համարելը») ունեն ազդեցության համանման բնույթ՝ երբ անձին հայ համարելու համար տվյալ բաղադրիչը համարվում է պարտադիր, ապա դա մեծացնում է ենթաէթնիկ խմբի նկատմամբ սոցիալական տարածությունը։
- Էթնիկ ինքնության միջուկի բաղադրիչների ազդեցությունները հայերի ենթաէթնիկ խմբերի սոցիալական տարածությունների վրա տարբերվում են և իրենց ընդգրկումով (քանի՞ ենթախմբի սոցիալական տարածության վրա են ազդում) և չափերով։
Սոցիալական տարածությունները և մշակույթը
Մշակութայնացումը դասական մշակույթում
Հ ետազոտությունում դիտարկվել է մարդկանց մշակութայնացման կոնտեքստի ազդեցությունը սոցիալական տարածությունների ընկալումների վրա։ Այս դեպքում վերևում դիտարկված հարցերը վերաձևակերպվում են հետևյալ կերպ․
- Արդյո՞ք Հայաստանի հասարակությունում մարդկանց մշակութայնացման կոնտեքստն ազդում է հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունների վրա։
- Եթե այո, ապա ի՞նչ ուղղություն ունի այդ ազդեցությունը։
- Ի՞նչ կանխատեսումներ կարելի է կատարել այդ ազդեցությունների բնույթի և ուժգնության հաշվառմամբ։
«Կյանքի որակը 2015» հետազոտության շտեմարանում առկա է հարցախումբ, որը թույլ է տալիս կառուցել «դասական մշակույթում մշակութայնացվածու
թյան» պարզագույն սանդղակ [7]։ Հարցվողներին տրվել է հայ և համաշխարհային մշակույթի հայտնի անձանց ցուցակ և հարց է տրվել, թե նրանցից ու՞մ են ճանաչում։ Կիրառված ցանկով կազմավորվել է երեք գումարային ինդեքս։ Տվյալ անձի համար յուրաքանչյուր ինդեքսի արժեքը ներկայացնում է նրան հայտնի անձանց քանակը։
- «Ընդգրկվածությունը հայ դասական մշակույթում», արժեքների տիրույթը՝ [0; 4]։
- «Ընդգրկվածությունը համաշխարհային դասական մշակույթում», արժեքների տիրույթը՝ [0; 6]։
- «Ընդհանուր ընդգրկվածությունը դասական մշակույթում», արժեքների տիրույթը՝ [0; 10]։
Այդ ինդեքսների ազդեցությունները հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումների վրա, տրված են Գծապատկեր 8-ում։
Գծապատկեր 8․ Դասական մշակույթում ընդգրկվածությունը հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների վրա։
Գծապատկերից բխում են հետևյալ հիմնական եզրակացությունները․
- Ե՛վ հայկական, և՛ համաշխարհային դասական մշակույթում ընդգրկվածությունը նվազեցնում է սոցիալական տարածությունների ընկալումները։
- Ընդգրկվածությունը համաշխարհային դասական մշակույթում ունի սոցիալական տարածությունների նվազեցման ավելի մեծ ներուժ, քան ընդգրկվածությունը հայկական դասական մշակույթում։
- Հայկական դասական մշակույթում ընդգրկվածության աճը համեմատաբար ավելի արագ է նվազեցնում սփյուռքահայերի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունները։
Ավանդական և ազատական արժեհամակարգեր
Հասարակության մշակութային առանձնահատկություններից է նաև դրանում ավանդական և ազատական արժեհամակարգերի տարածվածության հարաբերակցությունը։ Այս դեպքում մշակութայնացվածության կոնտեքստի ազդեցության հարցերը վերաձևակերպվում են հետևյալ կերպ։
- Արդյո՞ք մարդկանց դիրքավորվածությունը «ավանդական - ազատական» մշակութային առանցքի վրա ազդում է հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումների վրա։
- Եթե այո, ապա ի՞նչ բնույթ և չափ ունի այդ ազդեցությունը։
«Կյանքի որակը, 2015» հետազոտության շտեմարանում առկա է հարցախումբ, որը թույլ է տալիս կառուցել «ավանդականություն - ազատականություն» սանդղակ և դրա կիրառմամբ ստանալ ձևակերպված հարցերի պատասխանները։
Այդ հարցախումբն է․
«Ընդհանուր առմամբ, Ձեզ համար ընդունելի է, թե՞ ընդունելի չէ, որ․
- Չամուսնացած տղան ապրի ծնողներից առանձին,
- Չամուսնացած աղջիկն ապրի ծնողներից առանձին,
- Կինը երեխա ունենա` առանց ամուսնանալու»։
Պատասխանների տարբերակներն էին․ «ընդունելի է/ընդունելի չէ»։ Ակնհայտ է, որ յուրաքանչյուր դրույթի ընդունելիությունը վկայում է հարցվողի մոտ ազատական արժեքների առկայության մասին։
Կառուցվել է ազատականության ինդեքս, որն իրենից ներկայացնում է երեք հարցերին տրված «ընդունելի է» պատասխանների քանակը։ Ինդեքսի արժեքը փոփոխվում է [0; 3] միջակայքում։ 0-ն նշանակում է ազատականության բացակայությունը (դիտարկվող դրույթների կոնտեքստում), իսկ 3-ը՝ ազատականության ամենամեծ արժեքը։ [8] Ինդեքսի կիրառմամբ ստացվել է վերը ձևակերպված հարցերի պատասխանները, որոնք ներկայացված են Գծապատկեր 9-ում։
Գծապատկեր 9․ Ազատականության ազդեցությունը հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների վրա
- Հասարակությունում ազատականության և ավանդականության արժեհամակարգերի հարաբերակցությունն ազդում է հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունների վրա։
- Հասարակության տեղաշարժը ազատական արժեհամակարգի զարգացման ուղղությամբ նվազեցնում է հայերի բոլոր դիտարկված ենթաէթնիկ խմբերի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունները։
- Ազատական արժեհամակարգի զարգացումը համեմատաբար ավելի արագ է նվազեցնում սոցիալական տարածությունների ընկալումները Թուրքիայում բնակվող իսլամադավան հայերի նկատմամբ, որին հետևում են ընկալումները արևմտահայերի նկատմամբ։
Եզրակացություններ
Սոցիալական տարածությունները հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ
Հ այաստանի հասարակությունում հայերի տարբեր ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունները սփռված են շատ մեծ միջակայքում։ Սփյուռքահայերի նկատմամբ սոցիալական տարածությունները փոքր տարածությունների [0.2; 0.4] տիրույթում են, իսկ Թուրքիայում բնակվող իսլամադավան հայերի նկատմամբ շատ մեծ տարածությունների տիրույթում [0.8; 1]]։ Մոտավորապես նույնպիսի սոցիալական տարածության վրա են գտնվում իսլամադավան էթնոսները։
Կան էթնոսներ, որոնք Հայաստանի հասարակությունում ընկալվում են ավելի մոտ սոցիալական տարածության վրա, քան հայերի որոշ ենթաէթնիկ խմբեր։ Օրինակ, ռուսները` բացի սփյուռքահայերից, ավելի մոտ են ընկալվում, քան հայերի մնացած բոլոր ենթաէթնիկ խմբերը։
Սոցիալական տարածությունների փոփոխության միտումները
1960-ական թվականներից Հայաստանի հասարակությունում սոցիալական տարածությունները Թուրքիայում բնակվող իսլամադավան հայերի և սփյուռքահայերի նկատմամբ աճում էին, սակայն վերջին 10 տարիների ընթացքում միտումը շրջվել է՝ սոցիալական տարածությունները սկսել են նվազել։
Սոցիալական տարածությունների բաղադրիչները
Հայաստանի հասարակությունում հայերի ենթաէթնիկ խմբերի ներկայացուցիչների հետ ամուսնության ընդունելիության հարցում մեծ անջրպետ կա։ Հասարակության 30-35%-ը ընդունելի չի համարում իր մոտ հարազատի ամուսնությունը սփյուռքահայի հետ։ [9] Այդ անջրպետ շատ ավելի մեծ է Թուրքիայում բնակվող իսլամադավան հայերի նկատմամբ, որոնց հետ ամուսնությունն անընդունելի է համարում Հայաստանի հայերի մոտ 90%-ը։
Հայաստանի հասարակությունը շատ ավելի հանդուրժողական է հայերի ենթաէթնիկ խմբերի հետ ընկերության և համատեղ աշխատանքի/բիզնեսի հարցերում։ Արևմտահայի հետ ընկերությունը կամ համատեղ աշխատանքը/բիզնեսը ընդունելի է համարում Հայաստանի հայերի մոտ 85%-ը, իսկ Թուրքիայում բնակվող իսլամադավան հայերի հետ այդ շփումներն ընդունելի է համարում հայերի մոտ 25%-ը։
Հայաստանի հասարակությունում առանձին լուսանցքային խումբ են կազմում աղանդավոր հայերը, որոնց նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունը շատ մեծ է, իսկ սոցիալական շփումների ընդունելիությունը շատ ցածր։ Աղանդավոր հայի հետ ամուսնությունն ընդունելի էր մոտ 15%-ի, ընկերությունը՝ մոտ 25%-ի, աշխատանքը՝ մոտ 40%-ի, իսկ Հայաստանի քաղաքացիության շնորհումը՝ մոտ 20%-ի համար։
Սոցիալական տարածությունների կառուցվածքը
Հայաստանի հասարակությունում հայերի ենթաէթնիկ խմբերի և այլ էթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունները կազմավորող ամենահզոր գործոնը կրոնական կամ դավանաբանական պատկանելություն է։ Որքան տվյալ էթնիկ խումբն ավելի մոտ է հայ հասարակությանը կրոնա-դավանական տեսակետից, այնքան ավելի փոքր է այդ խմբի նկատմամբ սոցիալական տարածությունը։
Յուրահատուկ և ինքնուրույն գործոն է՝ «Ռուսական գործոնը», որը պայմանավորում է միայն ռուսների նկատմամբ շատ մոտ սոցիալական տարածությունը և այդ էթնիկ խմբի հետ սոցիալական շփումների բոլոր տեսակների շատ բարձր ընդունելիությունը։
Սոցիալական տարածությունները սոցիալ-ժողովրդագրական խմբերում
Հայաստանի հայ հասարակության սոցիալ-ժողովրդագրական խմբերում հայերի տարբեր ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունները տարբերվում են։
Իր ընդգրկման տեսակետից (այսինքն՝ քանի՞ ենթախմբի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածության վրա են ազդում) առավել լայն ազդեցություն ունի կրթությունը՝ բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում հայերի բոլոր դիտարկված ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածություններն ավելի փոքր են, քան ավելի ցածր կրթամակարդակ ունեցող խմբերում։
Կանայք՝ տղամարդկանց համեմատ, ավելի մեծ սոցիալական տարածություն են ընկալում Թուրքիայի իսլամադավան հայերի նկատմամբ։
Գյուղերում սոցիալական տարածություններն ավելի մեծ են, քան քաղաքներում, իսկ քաղաքներում ավելի մեծ, քան՝ Երևանում։
Բարեկեցության ավելի ցածր խմբերում հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածություններն ավելի մեծ են։
Հայերի ինքնության քաղաքակրթական, էթնիկ և ենթաէթնիկ շերտերի փոխկապվածությունները
Հայերի ինքնության կառուցվածքային երեք շերտերը՝ քաղաքակրթական ինքնությունը, էթնիկ ինքնությունը և ենթաէթնիկ ինքնությունը, ինչպես նաև դրանց առանձին բաղադրիչները փոխկապակցված են։ Ինքնության այդ երեք շերտերի բաղադրիչներից յուրաքանչյուրն ունի ինչպես ընդհանուր, այնպես էլ յուրահատուկ ազդեցություն մյուս երկու շերտերի և դրանց բաղադրիչների վրա։
Հայերի քաղաքակրթական ինքնության հայկական և ռուսական
բաղադրիչների ամրապնդումը մեծացնում է սոցիալական տարածությունները հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ, իսկ եվրոպական և խորհրդային ինքնության բաղադրիչների ամրապնդումը՝ նվազեցնում։
Հայերի էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածությունը մեծացնում է հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունները։
Երբ աճում է Էթնիկ ինքնության միջուկի որևէ բաղադրիչի պարտադիր լինելու պահանջը, ապա աճում է նաև սոցիալական տարածության ընկալումը։ Էթնիկ ինքնության միջուկի բաղադրիչների ազդեցությունները հայերի ենթաէթնիկ խմբերի սոցիալական տարածությունների վրա տարբերվում են և՛ ընդգրկումով և՛ ուժգնությամբ։
Մշակույթը և սոցիալական տարածությունները
Դասական մշակույթ
Որքան ավելի բարձր է անձի ընդգրկվածությունը դասական մշակույթում, այնքան ավելի փոքր են հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումները։ Դա ճիշտ է և՛ հայկական դասական, և՛ համաշխարհային դասական մշակույթների դեպքում։ Համաշխարհային դասական մշակույթում ընդգրկվածությունն ունի սոցիալական տարածությունների նվազեցման ավելի մեծ ներուժ, քան ընդգրկվածությունը հայկական դասական մշակույթում։
«Ավանդական-ազատական» արժեհամակարգեր․
Հասարակությունում ազատական և ավանդական արժեհամակարգերի հարաբերակցությունն ազդում է հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների վրա։ Երբ անձի մոտ զարգանում է ազատական արժեհամակարգը, ապա հայերի բոլոր դիտարկված ենթաէթնիկ խմբերի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունները նվազում են։
Հետագա ուսումնասիրություններ
Հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների կառավարման խնդիրը շատ նուրբ է և բարդ, քանի որ մի կողմից՝ անհարժեշտ է հասարակությունում նվազեցնել հայերի ենթաէթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունները, որոնք խոչընդոտում են Հայաստանի, հայ հասարակության և հայերի միասնական քաղաքական ինքնության զարգացմանը, իսկ մյուս կողմից՝ անհրաժեշտ է պահպանել հայերի ենթաէթնիկ ինքնության շերտը, քանի որ այն Հայրենիքի՝ Հայաստանի, հայ ազգի, հայ էթնոսի, հայկական ազգային մշակույթի բովանդակության կարևորագույն և անքակտելի համակարգերից մեկն է։
Այս խնդրի լուծումը պահանջում է նոր համալիր սոցիոլոգիական հետազոտություն։
[1] Emory S. Bogardus: "Measuring Social Distances." Journal of Applied Sociology 9 (1925) : 299-308.
[2] Նշենք, որ «ծագումնաբանություն» կոնցեպտի նախնական (պիլոտային) ուսումնասիրությունը գերադասելի էր բաց հարցի միջոցով, գիտակցելով, որ այդ դեպքում առաջանալու էին բազմաթիվ մեթոդաբանական ոչ պարզունակ խնդիրներ։ Սակայն հաշվի առնելով, որ կոնցեպտի համահայաստանյան ուսումնասիրության հնարավորություն այլևս կարող էր և չառաջանալ, իսկ բաց հարցով ուսումնասիրությունը պարունակում էր մոտեցման խոշոր հաշվով տապալման հավանականություն, որոշվեց «չփորձարկել հետազոտության բախտը», և ծագումնաբանությունն ուսումնասիրել վերլուծական տեսակետից հստակ հարացույցով։
[3] Հետազոտությունում չի նույնականացվել, թե իրենց արևմտահայ անվանած անձինք կամ նրանց նախնիները, երբ են տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։ Այդ տվյալները թույլ կտային գնահատել արևմտահայերի ձուլման արագությունը։
[4] Կիրառվել է բազմագործոն դիսպերսիոն վերլուծություն։
[5] Դա ընկալվում է նաև եվրոպական հետազոտողների կողմից․ Dr. Lilia Dimova, (Bulgarian national coordinator of the ESS). At least three reasons why the ЕSS should measure ethnic identity.
[6] Նշված հոդվածում հայերի էթնիկ ինքնության միջուկ է համարվել անձին հայ համարելու համար հետևյալ բնութագրերի համախմբությունը․ 1. Ինքն իրեն հայ համարելը, 2. Հոր հայ լինելը, 3. Մոր հայ լինելը, 4. Հայերեն խոսել իմանալը, 5. Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանելը, 6. Հայաստանն իր միակ հայրենիքը համարելը։
Տվյալ անձի Էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածության ինդեքսը վերը նշված վեց բնութագրերի այն քանակն է, որը տվյալ անձը պարտադիր է համարում դիմացինին հայ համարելու համար։
Էթնիկ ինքնության միջուկի կենտրոնացվածությունը Հայաստանի հասարակության կամ դրա որևէ սեգմենտի անդամների էթնիկ ինքնության միջուկի ինդեքսների միջին արժեքն է։
[7] Ակնհայտ է, որ «մշակութայնացման կոնտեքստ» կոնցեպտը բազմաչափ է և դրա բնութագրման կամ գնահատման լիակատարության համար անհրաժեշտ էր կառուցել առնվազն երեք սանդղակ՝ դասական, ժողովրդական և զանգվածային մշակույթների համար։ Ընդ որում՝ կիրառելով դիրքորոշումների չափման մեթոդաբանությունը։ Սակայն դա չի իրականացվել հետազոտության հարցաթերթում տեղի անբավարարության պատճառով։
[8] Ինդեքսն ունի սահմանափակ բովանդակություն։ Այն ընդամենը թույլ է տալիս փորձարկել ազատականության առկայությունը և դրա չափի գնահատականը։
[9] «Եզրակացություններ» պարագրաֆում հաղորդվող տոկոսները կլորացվել են մինչև մարդու ընկալման և հիշողության համար առավել հարմար մակարդակները՝ թվեր, որոնք ավարտվում են 0-ով և 5-ով։ Ճշգրիտ թվերը դիտել հիմնական տեքստում։