ՀՀ հասարակության քաղաքակրթական ինքնությունը, դինամիկան և կայունությունը

33 ր.   |  2020-02-25

Ամփոփագիր

Հ ոդվածում, կոնկրետ սոցիոլոգիական հետազոտության տվյալների շտեմարանի երկրորդային վերլուծությամբ, դիտարկվել են Հայաստանի հասարակությունում առկա քաղաքակրթական լարվածությունները հայկական, եվրոպական, արևելյան, խորհրդային և ռուսական քաղաքակրթական առանցքների վրա։ Գնահատվել են քաղաքակրթական ինքնության տարբեր սեգմենտների մասնակցային մշակույթի, դրա տարրերի, քաղաքացիական անհնազանդության ձևերի ընդունելիության և մասնակցության փորձի, ինչպես նաև ինֆորմացիոն վարքի առանձնահատկությունները հասարակական կայունության տեսակետից։

Խնդիրը

Հ այերի քաղաքակրթական ինքնության վերաբերյալ նախորդ հոդվածում[1] դուրս է բերվել Հայաստանի հասարակության անհատական և կոլեկտիվ ինքնության կառուցվածքը և դինամիկան հինգ քաղաքակրթական առանցքների վրա՝ հայկական, եվրոպական, արևելյան, խորհրդային և ռուսական։ Սահմանվել են  քաղաքակրթական շեշտված ինքնություն և քաղաքակրթական առանցքի վրա լարվածություն հասկացությունները (տես՝ սույն հոդվածի «Մեթոդաբանություն» հատվածը) և գնահատվել են այդ հասկացություններին համապատասխանող սեգմենտների ծավալները։

Հոդվածի հիմնական արդյունքները թույլ էին տալիս զարգացնել կիրառված մոտեցումը՝ հասարակության կայունության կոնտեքստում դուրս բերելով նկարագրված սեգմենտների շաղկապվածությունը Հայաստանի հասարակության քաղաքացիական մշակույթի և դրա առանձին տարրերի միջև։

Ներկայացվող հոդվածում դիտարկված են հետևյալ հարցերը.

  1. Քաղաքակրթական ինքնության կոնֆիգուրացիան Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական խմբերում,
  2. Քաղաքակրթական լարվածությունները և հասարակական կայունությունը,
  3. Քաղաքակրթական ինքնության կառուցվածքի դինամիկայի առանձնահատկությունները,
  4. Մասնակցային մշակույթը քաղաքակրթական ինքնության և լարվածության սեգմենտներում,
  5. Քաղաքակրթական լարվածությունները և դեստրուկտիվ հասարակական վարքը,
  6. Ինֆորմացիոն վարքի առանձնահատկությունները և մոբիլիզացիոն պոտենցիալը քաղաքակրթական ինքնության և լարվածության խմբերում:

Տվյալներ և մեթոդաբանություն

Տվյալներ

Հ ոդվածում ներկայացված արդյունքները ստացվել են «Կյանքի որակը Հայաստանում 2015» հանրապետական սոցիոլոգիական հետազոտության տվյալների շտեմարանի երկրորդային վերլուծության հիման վրա։ Հետազոտությունն իրականացրել է IPSC Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը, հեղինակ՝ Ս. Ա. Մանուկյան։

Հետազոտության ընդհանուր համակցությունն էր Հայաստանի 18 և ավելի բարձր տարիքի բնակչությունը։ Ընտրանքը՝ հավանականային, բազմաստիճան ստրատիֆիկացված, կլաստերային, ներկայացուցչական է ըստ մարզերի, բնակավայրի տիպի (Երևան, քաղաքներ, գյուղեր), սեռի և տարիքի։ Ընտրանքի ծավալը՝ 2011 հարցվող։ Ընտրանքային սխալը՝ ± 2.18%.

Մեթոդաբանություն

Հ ոդվածում Հայաստանի հայերի կողմից իրենց և Հայաստանի հայերի քաղաքակրթական ինքնության ընկալումները գնահատվել են  երկու հարցախմբի միջոցով։

  1. «Յուրաքանչյուր ազգ իր մեջ ունի իր բուն ազգայինը և այլ մշակույթներից ինչ-որ բան: Ձեր կարծիքով, այսօր Հայաստանի հայերի մոտ, որքա՞ն է առկա [հայկական/եվրոպական/արևելյան/խորհրդային/ռուսական] մշակույթը։ Գնահատեք խնդրեմ 0-ից 10 բալանոց սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է՝ բոլորովին առկա չէ, իսկ 10-ը՝ լիովին առկա է:»
  2. «Իսկ Դուք անձամբ, այդ նույն մշակույթների հատկանիշներից որքա՞ն եք կրում Ձեր մեջ: Յուրաքանչյուր մշակույթի չափը Ձեր մեջ գնահատեք 0-ից 10 բալով:»

Երկու հարցախմբում առկա է հինգական հարց, ընդամենը՝ 10 հարց։

Հարցախմբերում «քաղաքակրթություն» բառի փոխարեն կիրառվել է «մշակույթ» բառը, քանի որ Հայաստանում միջին հարցվողի համար հաճախ անհասկանալի է «քաղաքակրթություն» հասկացությունը, երբեմն պարզապես չգիտի այդ բառը, իսկ ավելի տեղյակ հարցվողների համար այն բազմիմաստ է։ «Մշակույթ» բառը, չնայած նույնպես բազմիմաստ է, սակայն շատերի համար և՛ ավելի հասկանալի է, և՛ ավելի որոշակի։

Հետազոտությունում և ներկայացված հոդվածում նպատակ չի դրվել և չի բացահայտվել մշակույթ բառի բովանդակությունը հարցվողների ընկալումներում։ Ակնհայտ է, որ, ընդհանուր դեպքում, տարբեր մարդկանց մոտ, կախված նրանց գիտելիքների ծավալից, «մշակույթ» հասկացությունն ունի տարբեր բովանդակություններ, որոնք, ընդհանուր դեպքում, տարբերվում են գիտական սահմանումներից։ Հասարակական ընկալումներում այդ բովանդակությունների բացահայտումը և տիպականացումը, ինչպես նաև հասարակության սեգմենտավորումն ըստ այդ բացահայտված տիպերի առանձին լայնածավալ հետազոտության առարկա է։ Մեծ հայտնի չեն նման թեմայով Հայաստանում իրականացված այնպիսի կիրառական հետազոտություններ, որոնց արդյունքները կարելի է ընդհանրացնել Հայաստանի ամբողջ հասարակության վրա։

Հետազոտությունում [հայկական/եվրոպական/արևելյան/ռուսական/խորհրդային] մշակույթի բովանդակային ընկալումը թողված է հարցվողի հայեցողությանը։ Հետազոտողի համար այն մնացել է որպես «սև արկղ»։ Հետազոտությունում հավաքագրվել են տվյալներ, թե ինչպես է անձը՝ իր գիտելիքների և ընկալումների շրջանակում, իրեն և Հայաստանի հասարակությունը դիրքավորում դիտարկված մշակույթներում, որոնք հոդվածում մեկնաբանված են որպես քաղաքակրթություններ։

Քաղաքակրթության անունը և անձի մոտ կամ հասարակությունում այդ քաղաքակրթության առկայության չափի գնահատման սանդղակը սահմանում են քաղաքակրթական առանցքներ։ Կիրառելով ֆիզիկայի տերմինաբանությունը, այդ առանցքները կարելի է դիտարկել որպես միաչափ քաղաքակրթական դաշտեր։ Այդ դեպքում, յուրաքանչյուր առանցքի ցանկացած կոորդինատ (որի արժեքները գտնվում են 0-10 միջակայքում) կմեկնաբանվի որպես տվյալ քաղաքակրթական դաշտի պոտենցիալ (տես՝ Գծապատկեր 1)։


Գծապատկեր 1. Քաղաքակրթական առանցք, պոտենցիալ, լարվածություն, օտարում։

Բոլոր հինգ առանցքները միասին սահմանում են միասնական հնգաչափ քաղաքակրթական դաշտ։

Հիմնվելով վերը շարադրվածի վրա, կատարենք ևս մի քանի սահմանումներ։

  • Անձի կողմից իր դիրքավորումը տվյալ քաղաքակրթական առանցքի վրա անվանենք քաղաքակրթական անհատական ինքնության պոտենցիալ՝ տվյալ քաղաքակրթական առանցքի վրա։
  • Անձի կողմից Հայաստանի հայերի դիրքավորումը տվյալ քաղաքակրթական առանցքի վրա անվանենք քաղաքակրթական կոլեկտիվ ինքնության պոտենցիալ տվյալ քաղաքակրթական առանցքի վրա։
  • Տվյալ քաղաքակրթական առանցքի վրա իրենց 8-10 միավոր միջակայքում դիրքավորած անձանց անվանենք տվյալ առանցքի վրա բարձր շեշտված ինքնություն ունեցողներ, իրենց 3-7 միավոր միջակայքում դիրքավորած անձանց՝ միջին շեշտված ինքնություն ունեցողներ, իսկ իրենց 0-2 միավոր միջակայքում դիրքավորած անձանց՝ թույլ շեշտված ինքնություն ունեցողներ։

Հասարակության կամ դրա սեգմենտների մասշտաբով պոտենցիալները  հաշվարկվում են որպես համապատասխան ընտրանքում պոտենցիալների միջին արժեքներ։

Շարունակելով ֆիզիկայի հետ անալոգիան.

  • Տվյալ քաղաքակրթական առանցքի վրա քաղաքակրթական ինքնության ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ պոտենցիալների տարբերությունն անվանենք քաղաքակրթական կամ մշակութային լարվածություն՝ տվյալ քաղաքակրթական առանցքի վրա (հետայսու՝ լարվածություն)։ Այդ լարվածությունները սոցիալական լարվածության[2] տեսակ են։
  • Լարվածությունը կարող է ունենալ ինչպես բացասական, այնպես էլ դրական նշան։ Եթե պոտենցիալները փոփոխվում են [0; 10], ապա լարվածությունները՝ [-10; 10] միջակայքերում։
  • Հետազոտության շրջանակներում տարբեր քաղաքակրթական առանցքների վրա պոտենցիալների տարբերությունները բովանդակություն չունեն և չեն դիտարկվում։

Իդեալական դեպքում հայը կամ հայ հասարակությունը հայկական մշակույթը պետք է կրի առավելագույն չափով։ Երբ հայ անձի ընկալումներում ինքը կամ՝ հայ հասարակությունը հայկական մշակույթը չեն կրում առավելագույն չափով, այսինքն՝ անձի կողմից ստացել են 10-ից ցածր գնահատական, ապա համարում ենք, որ առկա է օտարում հայկական մշակույթից (տես՝ Գծապատկեր 1)։ Այս դրույթի հիման վրա.

  • Հայկական քաղաքակրթական առանցքի վրա անձի կամ հասարակության հեռավորությունը հայկական մշակութային առանցքի վերին ծայրակետից՝ 10-ից, անվանենք անհատական կամ կոլեկտիվ օտարում հայկական մշակույթից։

Պարզ է, որ դրա չափն իրենից ներկայացնում է՝ 10-ից հանած անձի պոտենցիալը հայկական քաղաքակրթական առանցքի վրա։

  • Հայկական քաղաքակրթական առանցքի վրա անհատական և կոլեկտիվ ինքնությունների դիրքերի տարբերությունը սահմանում ենք, որպես անձի օտարում հայ հասարակությունից։

Վերը տրված սահմանումները և դրանց կիրառումը հիմնված է Ու. Թոմասի և Ֆ. Զնանեցկու հիմնարար սոցիոլոգիական դրույթի վրա (որը երբեմն անվանում են թեորեմ). «Եթե մարդիկ որոշակի իրավիճակները համարում են իրական, ապա այդ իրավիճակները իրական են իրենց հետևանքներում»[3]։ Հետևաբար,

  • Չնայած սահմանված պոտենցիալներն ու լարվածությունները մարդկանց՝ իրենց և հայ ազգի ինքնության սուբյեկտիվ ընկալումներն են, սակայն, դրանք կարող են ունենալ նշանակալի հասարակական հետևանքներ, մասնավորապես կարող են վերածվել սոցիալական կոնֆլիկտների[4]։

Մշակույթի (քաղաքակրթության) կարևորագույն բաղադրիչներից է նրա արժեքների և նորմերի համակարգը։ Մարդիկ արժեքային համակարգի հիման վրա են տարբերում բարին՝ չարից, օգուտը՝ վնասից, ճշմարիտը՝ մոլորությունից։ Երբ հասարակությունում առկա են տարբեր արժեքային համակարգեր, ապա առաջանում են արժեքային հակասություններ, որոնք ներկայացված հոդվածում անվանել ենք լարվածություններ։ Երբ տարբեր արժեքային համակարգերը կրում են հասարակական խմբերը, ապա հակասություններն առաջանում են այդ խմբերի միջև։ Երբ տարբեր արժեքային համակարգեր է կրում անձը, ապա նրա գիտակցությունում առաջանում է կոգնիտիվ դիսոնանս[5]։

Արդի հասարակություններում քաղաքական ուժերը իշխանության համար պայքարում շահարկում են արժեքային հակասությունները՝ լարվածությունները։ Ինֆորմացիոն և քաղաքական տեխնոլոգիաների կիրառմամբ արժեքային հակասությունները վերածվում են արժեքային կոնֆլիկտների իսկ հետո՝ հասարակական-քաղաքական կոնֆլիկտների։

Հետազոտությունում քաղաքակրթական առանցքների վրա սահմանված լարվածություններն արտապատկերում են հասարակությունում առկա արժեքային հակասությունների չափը՝[6], որը կմեկնաբանենք որպես մշակութային (քաղաքակրթական) կոնֆլիկտային պոտենցիալ։

Մեթոդաբանական տեսակետից հարկ է նշել նաև, որ քաղաքակրթական առանցքների վրա լարվածությունների ընդհանուր փոխդիրքավորվածությունը արտապատկերում է Հայաստանի հասարակության կրթական և ինֆորմացիոն միջավայրերի կողմից կազմավորվող ընդհանուր մշակութային դաշտը, որն առաջանում է այդ միջավայրերում գործող ուժերի (= սուբյեկտների) գործունեության հետևանքով։ Դրանք կարող են լինել ինչպես գիտակցաբար և նպատակաուղղված կերպով Հայաստանի հասարակության քաղաքակրթական ինքնությունը փոխակերպմանը միտված սուբյեկտներ՝ ինստիտուցիոնալ կամ ոչ ինստիտուցիոնալ, ֆորմալ կամ ոչ ֆորմալ կազմավորումներ (մանկապարտեզ, դպրոց, համալսարան, լրատվամիջոց, սոցիալական ցանց, պետական կառավարման մարմին կամ կազմակերպություն, հասարակական կազմակերպություն, միջազգային կազմակերպություն, հեղինակավոր անձ և այլն) և անհատներ։ Սակայն դրանք կարող են լինել նաև այնպիսի սուբյեկտներ, որոնք նպատակ չունեն փոխելու այդ միջավայրը (օրինակ՝ ընդհանուր հետաքրքրություններով կազմավորված խմբեր, ենթամշակութային հանրույթներ և այլն), սակայն, լինելով հասարակության բաղկացուցիչ մաս, իրենց ինքնության բնույթով և կառուցվածքով մասնակցում են այդ միջավայրեր կազմավորմանը, վերարտադրությանը և փոխակերպմանը։

Սուբյեկտները և դրանց տիպերը բազմաթիվ են, իսկ նրանց ազդեցությունները՝ տարաբնույթ։

Տվյալների վերլուծություն

Քաղաքակրթական ինքնության փոխդիրքավորվածությունը

Հ այաստանի հասարակությունում անհատական և կոլեկտիվ ինքնության ընկալումները քաղաքակրթական առանցքների վրա տրված են Գծապատկեր 2-ում։ Նույն գծապատկերում տրված է նաև յուրաքանչյուր առանցքի վրա անհատական և կոլեկտիվ նույնականացումների տարբերությունները։


Գծապատկեր 2.

Տվյալներում արտահայտվել է այն ակնհայտ փաստը, որ Հայաստանի հայ հանրության շրջանում և՛ անհատական, և՛ կոլեկտիվ ինքնության տեսակետից, հայկական մշակույթի առկայությունն ամենաբարձրն է։

Սակայն, մյուս կողմից, պարզվել է, որ.

  • Հայերն իրենց մեջ և, առավել ևս, հայ հասարակությունում, ընկալում են նաև այլ մշակույթների բավական բարձր առկայություն։ Հատկապես, բավական բարձր է ընկալվում ռուսական և խորհրդային մշակույթների առկայությունը։

Ընկալումների կարևոր առանձնահատկություններից է այն, որ.

  • Հայերն ընկալում են իրենց անհատական օտարվածությունը հայկական մշակույթից։ Էլ ավելի մեծ է հայ հասարակության՝ հայ մշակույթից օտարվածություն ընկալումը։

Տվյալների կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ.

  • Հայերը համարում են, որ, ընդհանուր առմամբ, հայ հասարակությունն ավելի մեծ չափով է օտարված հայ մշակույթից, քան իրենք։ Իսկ մյուս կողմից՝ իրենց մեջ ավելի քիչ կա այլ մշակույթներից, քան հայ հասարակությունում (տես՝ Գծապատկեր 2, կապույտ սյուները)։

Հայաստանի հասարակության անհատական և կոլեկտիվ քաղաքակրթական ինքնության պոտենցիալների փոխդիրքավորումները հինգ քաղաքակրթական առանցքների վրա ըստ տարբեր սոցիալ-ժողովրդագրական խմբերի, տրված են համապատասխանաբար Գծապատկեր 3 և Գծապատկեր 4-ում: Դրանք Գծապատկեր 2-ի տվյալների բացվածքներն են տարբեր սոցիալ-ժողովրդագրական խմբերում։


Գծապատկեր 3


Գծապատկեր 4

Գծապատկեր 3-ից բխող հիմնական եզրակացությունն այն է, որ.

  • Հայաստանի սոցիոմշակութային գործոնների հանրագումարը ժամանակի ընթացքում քաղաքակրթական անհատական ինքնության կառուցվածքում նվազեցնում է հայկական, խորհրդային և ռուսական ինքնության գնահատականները, իսկ մյուս կողմից՝ բարձրացնում է եվրոպական և արևելյան ինքնության գնահատականները (տես՝ Գծապատկեր 3, քաղաքակրթական ինքնության դիրքերը տարիքային խմբերում)։

Անհատական քաղաքակրթական ինքնության փոփոխության ուղղությունն ու արագությունն առավել ակնառու են երևում Գծապատկեր 5-ում, որտեղ դրանց արժեքները ամենաավագ տարիքային խմբում բերված են 0-ի։ Մասնավորապես, գծապատկերից երևում է, որ եվրոպական քաղաքակրթական առանցքի վրա անհատական ինքնությունը ամենաերիտասարդ տարիքային խմբում, ամենաավագ տարիքային խմբի համեմատ աճել է համարյա 2 միավորով (կամ՝ պոտենցիալների առանցքի 20%-ի չափով)։ Իսկ խորհրդային ինքնության նվազումը կազմել է 3.86 միավոր։


Գծապատկեր 5

Ընդ որում՝ այդ ուժերի «եվրոպականացնող» ազդեցությունն ավելի հզոր է կանանց շրջանում (Գծապատկեր 3, եվրոպական քաղաքակրթության դիրքը սեռերի խմբերում[7]), Երևանում, համեմատաբար բարձր կրթամակարդակ և բարեկեցություն ունեցող անձանց շրջանում։ Իսկ հայկական քաղաքակրթական պատկանելությունը համեմատաբար ավելի ցածր է Երևանում և բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում։

Քաղաքակրթական կոլեկտիվ ինքնության պատկերն (Գծապատկեր 4) ընդհանուր առմամբ նման է քաղաքակրթական անհատական ինքնության պատկերին, սակայն առկա է երկու առանձնահատկություն։

Առաջինը՝ հայկական քաղաքակրթական ինքնության գնահատականը, չնայած գերազանցում է մնացած ինքնությունների գնահատականներին, սակայն ոչ այնքան գերակշիռ կերպով, որքան անհատական ինքնության դեպքում։ Գծապատկեր 3-ում կարմիր գույնի գծերը այլ գույների գծերից ավելի բարձր են 3 և ավելի միավորով, իսկ Գծապատկեր 4-ում կարմիր և իրեն ամենից մոտ գտնվող գծերի միջև հեռավորությունը կազմում է 0.25-1.0 միավոր։

Երկրորդը՝ եվրոպական, արևելյան, ռուսական և խորհրդային քաղաքակրթական անհատական ինքնությունն արտապատկերող գծերը Գծապատկեր 3-ում ավելի հեռու են միմյանցից, քան նույն քաղաքակրթական կոլեկտիվ ինքնություններն արտապատկերող գծերը Գծապատկեր 4-ում։

Քաղաքակրթական կոլեկտիվ ինքնության գծապատկերներում նույնպես արտահայտվել են ինչպես՝ եվրոպական քաղաքակրթական ինքնության արագ աճը, այնպես էլ՝ խորհրդային ինքնության արագ նվազումը։ Սակայն, պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ ռուսական ինքնության ընկալման չափը մնում է համարյա անփոփոխ (Գծապատկեր 4, պատկերը տարիքային խմբում)։

Հայկական քաղաքակրթական կոլեկտիվ ինքնության դիրքը համեմատաբար ավելի ցածր է Երևանում, տղամարդկանց, բարձր կրթամակարդակով և բարեկեցությամբ անձանց շրջանում։

Գծապատկեր 6-ում տրված է Հայաստանի հասարակությունում քաղաքակրթական լարվածությունների միջին արժեքները սոցիալ-ժողովրդագրական խմբերում։

Այդ տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակությունում քաղաքակրթական լարվածությունները համեմատաբար ավելի բարձր են ( = ունեն ավելի բարձր կոնֆլիկտային պոտենցիալ).

  • Հայկական քաղաքակրթական առանցքի վրա, երբ անձը համարում է, որ հասարակությունն ավելի հեռու է «բուն հայկական» մշակույթից, քան ինքը։ (Գծապատկեր 6, վերևի գիծը, լարվածությունը տարբեր սոցիալ-ժողովրդագրական խմբերում տատանվում է 2 միավորի շուրջը) և
  • Եվրոպական քաղաքակրթական առանցքի վրա, երբ անձը համարում է, որ հասարակությունը շատ ավելի է «եվրոպականացել», քան ինքը։ (Գծապատկեր 6, ներքևի գիծը, լարվածությունները տարբեր սոցիալ-ժողովրդագրական խմբերում տատանվում են [-2.5; -2] միջակայքում)։


Գծապատկեր 6

Քաղաքակրթական լարվածությունների բաշխումները հասարակությունում

Բ ացի քաղաքակրթական առանցքի վրա լարվածության ընդհանուր մակարդակից, կարևոր նշանակություն ունի նաև այդ լարվածության բաշխումը։

  • Տարբեր քաղաքակրթական առանցքների վրա բարձր լարվածությամբ սեգմենտների հարաբերակցությունները հիմք են հանդիսանում քաղաքակրթական կոնֆլիկտների սցենարների ռազմավարական գնահատման հարցերում։

Քանի որ Գծապատկեր 4 և Գծապատկեր 6-ի տվյալներից պարզվել է, որ Հայաստանի հասարակությունում ամենաբարձր կոնֆլիկտային պոտենցիալներն առկա են հայկական և եվրոպական քաղաքակրթական առանցքների վրա, հետևաբար հենց այդ արժեհամակարգերի միջև է առավել հավանական բարձր ինտենսիվությամբ քաղաքակրթական-մշակութային կոնֆլիկտը։ Այդ պատճառով դիտարկենք քաղաքակրթական լարվածությունների բաշխումները եվրոպական և հայկական քաղաքակրթական առանցքների վրա։ Այդ լարվածությունների բաշխումները տրված են  Գծապատկեր 7-ում։

Գծապատկերում լարվածությունների մակարդակները խմբավորված հինգ միջակայքում.

  • Բարձր «-» [-10; -7],
  • Միջին «-» [-6; -3],
  • Աննշան «±» [-2; 2],
  • Միջին «+» [3; 6] և
  • Բարձր «+» [7; 10]։


Գծապատկեր 7.

Եվրոպական քաղաքակրթական առանցքի վրա լարվածությունների բաշխումն ունի ձախ շեղում, այսինքն՝ համեմատաբար ավելի մեծ է բացասական բարձր լարվածությունների սեգմենտը, իսկ լարվածությունների բաշխումը հայկական քաղաքակրթական առանցքի վրա ունի աջ շեղում։

Ավելի դյուրացնելու համար այդ առանցքների վրա կոնֆլիկտային պոտենցիալների հարաբերակցության ընկալումը և համեմատությունը Գծապատկեր 7-ի բաշխումներն ընդհանրացված են Գծապատկեր 8-ում։


Գծապատկեր 8

Գծապատկեր 8-ի տվյալներից բխող առավել կարևոր եզրակացություններն են.

  • Եվրոպական քաղաքակրթական առանցքի վրա նշանակալիորեն ավելի մեծ է բացասական լարվածությամբ սեգմենտի ծավալը՝ 14%։ Այսինքն, նրանց քանակը, ովքեր համարում են, որ հասարակությունն շատ ավելի է տեղաշարժվել դեպի եվրոպական մշակույթ, քան՝ իրենք։

Հետևաբար, հնարավոր է մշակութային կոնֆլիկտ, որի բովանդակությունը կարելի է կոնցեպտուալացնել հետևյալ դրույթով. «Եվրոպական մշակութային էքսպանսիան վտանգում է ազգային մշակույթը»։

  • Բացասական Միջին լարվածության սեգմենտի հետ այդ դիրքորոշումը կրող սեգմենտի ծավալը կազմում է 47%` համարյա ամբողջ հասարակության կեսը։

Այսինքն, վերը նշված դրույթը կարող է գրավել հասարակության մոտ կեսին։

  • Հայկական քաղաքակրթական առանցքի վրա բարձր լարվածությամբ սեգմենտներից նշանակալիորեն ավելի մեծ ծավալ ունի բարձր դրական լարվածությամբ սեգմենտը՝ 5%։ Այսինքն նրանց քանակը, ովքեր համարում են, որ Հայաստանի հասարակությունը ավելի շատ է հեռացել հայկական մշակույթից, քան՝ իրենք։

Հետևություն, այս փաստը հզորացնում է և «հիմնավորում» վերը նշված դրույթը։ Ընդ որում,

  • Դրական Միջին լարվածությամբ սեգմենտի հետ այդ դիրքորոշումը կրող սեգմենտի ծավալը կազմում է 39%:

Հետևաբար, վերը նշված հզորացումը նույնպես ունի բավական բարձր պոտենցիալ։

Նշենք, որ Հայաստանի հասարակական կյանքում քաղաքակրթական առանցքների վրա բարձր լարվածությամբ այս երկու սեգմենտների միջև հակասությունը ներկայում արտահայտվում է հասարակական տարբեր խմբերի գործունեության մեջ, մասնավորապես` հայկական ավանդական ընտանիքի, կնոջ դերի և փոքրամասնությունների նկատմամբ հակադիր դիրքորոշումներում։ Դրանց  բովանդակության ընդհանրացված ուղերձն է` «Զերծ պահենք հայկական ավանդական մշակույթը եվրոպական բացասական ազդեցություններից»:

Այսպիսով,

  • Քաղաքական-քարոզչական համապատասխան տեխնոլոգիաների կիրառման դեպքում, «Հայկական ավանդական մշակույթը եվրոպական բացասական ազդեցություններից զերծ պահելուն» ուղղված գործունեությանը սատարող սեգմենտի ծավալը կարող է հասնել մինչև 47%-ի, որը բավարար է լուրջ անկայունություն առաջացնելու համար։
Քաղաքակրթական ինքնության կառուցվածքը

Վ եր շարադրված վերլուծությունը վերաբերվում էր Հայաստանի հայ հասարակության քաղաքակրթական ինքնության կազմին և դրա բաղկացուցիչ տարրերին։ Պակաս կարևոր չէ նաև այն հարցը, թե.

  • Արդյո՞ք հասարակական գիտակցությունում առկա են միմյանց հետ փոխկապակցված քաղաքակրթական աշխարհայացքային կոմպլեքսներ (դիրքորոշումների համակարգեր):

Քաղաքակրթական առանցքների վրա պոտենցիալների բաշխումների գործոնային վերլուծությունը թույլ տվեց վեր հանել այդ կոմպլեքսները։ Պարզվեց, որ Հայաստանի հայ հասարակությունում քաղաքակրթական 10 դիրքորոշումները բավական «լավ»[8] միավորվում են երեք աշխարհայացքային քաղաքակրթական կոմպլեքսներում (Գծապատկեր 9, Ա, Բ).

Գ1. «Հայկական» քաղաքակրթական գործոն, որում միավորվել են հայկական քաղաքակրթական առանցքի վրա անհատական և կոլեկտիվ ինքնության դիրքորոշումները։

Գ2. «Եվրոպա-արևելյան» քաղաքակրթական գործոն, որում միավորվել են եվրոպական և արևելյան քաղաքակրթական առանցքների վրա անհատական և կոլեկտիվ ինքնության դիրքորոշումները։

Գ3. «Ռուս-խորհրդային» քաղաքակրթական գործոն, որում միավորվել են ռուսական և խորհրդային քաղաքակրթական առանցքների վրա անհատական և կոլեկտիվ ինքնության դիրքորոշումները։


Գծապատկեր 9. Քաղաքակրթական դիրքորոշումների եռագործոն մոդելը՝ «Ռուս-խորհրդային», «Եվրոպա-արևելյան» և «Հայկական» գործոնային տարածությունում։

Երբ դիրքորոշումները միավորված են միևնույն գործոնում, ապա դրանք միաժամանակ են աճում և միաժամանակ՝ նվազում։ Օրինակ, երբ հասարակությունում աճում են հայկական անհատական ինքնության դիրքորոշումները, այսինքն, մարդիկ սկսում են համարել, որ իրենց մեջ ավելի մեծ չափով է առկա հայկական մշակույթը, ապա դրա հետ մեկտեղ աճում են նաև նույն գործոնի կազմում գտնվող հայկական կոլեկտիվ ինքնության դիրքորոշումները, այսինքն, մարդիկ սկսում են ավելի բարձր գնահատել հայկական մշակույթի առկայությունը Հայաստանի հասարակությունում։

Հիմնվելով գործոնների նշված առանձնահատկությանը վերլուծենք Գծապատկեր 9-ի տվյալները։

Գծապատկեր 9, Ա-ն, որտեղ տրված է քաղաքակրթական դիրքորոշումների դիրքավորվածությունը «Գ. Ռուս-խորհրդային» և «Գ2. «»Եվրոպա-արևելյան» գործոնային հարթությունում (որը եռագործոն տարածության երկչափ հատույթն է)  լավ լուսաբանում է Հայաստանի հասարակական գիտակցության աշխարհայացքային քաղաքակրթական կառուցվածքը՝ միևնույն գործոնի կազմում գտնվող դիրքորոշումները ներկայացնող կետերը գտնվում են միմյանց համեմատաբար ավելի մոտ, քան տարբեր գործոնների կազմում գտնվող դիրքորոշումները ներկայացնող կետերը։

Հետազոտության նպատակների տեսակետից կարևոր ինֆորմացիա է պարունակում Գծապատկեր 9, Բ-ն, մասնավորապես, անհատական և կոլեկտիվ քաղաքակրթական դիրքորոշումները ներկայացնող կետերի դիրքավորվածությունը «Գ3. «Հայկական» գործոն» առանցքի վրա։

Մեզ հետաքրքրում է այն, թե ինչ ազդեցություն ունեն հայկական անհատական և կոլեկտիվ ինքնությունների վրա մնացած քաղաքակրթական ինքնությունները։

Նախ՝ բոլոր քաղաքակրթական կոլեկտիվ դիրքորոշումները միմյանց հետ դրական են շաղկապված՝ դրանք միաժամանակ են աճում կամ նվազում (քանի որ գտնվում են «Գ3. Հայկական գործոնի» դրական արժեքների տիրույթում)։ Սակայն այդ շաղկապվածության ուժը տարբեր է։ Հայկական անհատական և կոլեկտիվ ինքնությունները միմյանց հետ շատ ուժեղ են շաղկապված (այդ պատճառով էլ նրանք միավորվել են նույն գործոնում)։ Ռուսական խորհրդային և եվրոպական կոլեկտիվ դիրքորոշումները փոքր, սակայն «նկատելի» կերպով են շաղկապված հայկական կոլեկտիվ ինքնության հետ։ Իսկ արևելյան կոլեկտիվ ինքնության շաղկապվածությունն աննշան է։

Անհամեմատ ավելի կարևոր է Գծապատկեր 9, Բ-ում արտահայտված այն փաստը, որ.

  • Հայաստանի հասարակությունում եվրոպական անհատական ինքնության զարգացումը թուլացնում է (նվազեցնում է) հայկական և՛ անհատական, և՛ կոլեկտիվ ինքնության ընկալումները։

Դա բխում է նրանից, որ «Հայկական գործոն» առանցքի վրա «եվրոպական անհատական» ինքնությունը ներկայացնող կետն ունի բացասական կոորդինատ (-0.280):   

Մասնակցային մշակույթը քաղաքակրթական ինքնության և լարվածությունների սեգմենտներում

Ցանկացած, այդ թվում նաև քաղաքակրթական լարվածությունը կոնֆլիկտի վերածման  գործունեության ռազմավարական ենթատեքստի տարրերից են  մասնակցային քաղաքական մշակույթ կրող հասարակական շերտի ծավալը և դրանում առկա արժեհամակարգերի միջև հեռավորությունը։ 

Մասնակցային քաղաքական մշակույթ կրող անձինք բնութագրվում են քաղաքականության նկատմամբ բարձր հետաքրքրության աստիճանով, սեփական քաղաքական կոմպետենտության բարձր գնահատականով, սեփական քաղաքական սուբյեկտության բարձր գնահատականով, ինչպես նաև քաղաքական և քաղաքացիական մասնակցության բարձր աստիճանով[9]։

  • Երբ հասարակությունում մասնակցային քաղաքական մշակույթ կրող շերտում առկա են տարբեր և միմյանց հակադիր արժեհամակարգեր, ապա քաղաքական տեխնոլոգիաներն ավելի դյուրությամբ կարող են արժեհամակարգային լարվածությունները վերածել քաղաքական կոնֆլիկտների։

Հետևաբար, Հայաստանում մասնակցային քաղաքական մշակույթ կրող շերտի տեղաբաշխման ուսումնասիրությունը տարբեր քաղաքակրթական առանցքների վրա լարվածության բարձր մակարդակ ունեցող շերտերում, թույլ կտա հիմնավորված դատողություններ և կանխատեսումներ անել հասարակությունում քաղաքակրթական կոնֆլիկտի բնույթի, ընթացքի և հանգուցալուծման սցենարների մասին։  

Մեր տվյալների շտեմարանում առկա է յոթ փոփոխական, որոնք բնութագրում են մասնակցային մշակույթը և կարող են կիրառվել մասնակցային մշակույթ կրող սեգմենտի ծավալի գնահատման համար։ Այդ փոփոխականների բաշխումը Հայաստանի հասարակությունում 2015 թ. տրված են Գծապատկեր 10-ում:[10]


Գծապատկեր 10

Ընդհանրացված վերլուծության համար մասնակցային մշակույթի դիտարկված յոթ տարրերի կիրառմամբ կառուցվել է մասնակցային մշակույթի ինդեքսը։ Դրա բաշխումը տրված է Գծապատկեր 11-ում։ Ինդեքսը փոփոխվում է [0; 7] միջակայքում։


Գծապատկեր 11

Մասնակցային մշակույթին են պատկանում ինդեքսի 4 և ավելի արժեքով սեգմենտները, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 15.4%։

Հետազոտության ընթացքում համեմատվել է մասնակցային մշակույթի առանձին տարրերի տարածվածության աստիճանը հայկական և եվրոպական քաղաքակրթական առանցքների վրա բարձր լարվածությամբ սեգմենտներում։ Պարզվել է, որ դրանց միջև տարբերություններն վիճակագրորեն հավաստի չեն (α≥0.05)։

Քաղաքակրթական առանցքների վրա մասնակցային մշակույթի ինդեքսի միջին արժեքների ուսումնասիրությունը պարզեց, որ բոլոր մշակութային առանցքների վրա անհատական ինքնության խմբերում դրանք միմյանցից վիճակագրորեն չեն տարբերվում (α≥0.05):

Մյուս կողմից, նշանակալիորեն տարբերվում են (α≤0.05) մասնակցային մշակույթի երկու բաղադրիչների՝ հասարակական կազմակերպությունների անդամների և քաղաքացիական շարժումների մասնակիցների ծավալների բաշխումները հայկական և եվրոպական քաղաքակրթական առանցքների վրա բարձր շեշտված ինքնության խմբերում։

Քաղաքակրթական առանցքների վրա բարձր շեշտված անհատական ինքնության սեգմենտները տրված են Գծապատկեր 12-ում։


Գծապատկեր 12

Դիտենք ՀԿ անդամների և քաղաքացիական շարժումների մասնակիցների դիրքավորվածությունը Ա. հայկական և եվրոպական շեշտված ինքնության սեգմենտներում և Բ. նույն առանցքների վրա լարվածության սեգմենտներում 2015թ․ դրությամբ։

Ա. ՀԿ անդամների և քաղաքացիական շարժումների մասնակիցների դիրքավորվածությունը հայկական և եվրոպական շեշտված ինքնությամբ սեգմենտներում։

ՀԿ անդամների դիրքավորվածությունը հայկական և եվրոպական քաղաքակրթական առանցքների վրա։

  • Որևէ ՀԿ անդամ է Հայաստանի չափահաս բնակչության 3.5% -ը։ Այդ անձանց թվում՝ 2.4%-ը, կամ՝ բոլոր ՀԿ անդամների ընդհանուր քանակի 70%-ն, ունի բարձր շեշտված հայկական ինքնություն, իսկ նրանց հակադիր խումբը՝ ովքեր ունեն բարձր շեշտված եվրոպական ինքնություն, կազմում են ՀԿ բոլոր անդամների միայն 0.7%-ը, կամ բոլոր ՀԿ անդամների ընդհանուր քանակի 20%-ը (Աղյուսակ 1, դեղնավուն վանդակներ)։
  • Ընդ որում, բոլոր ՀԿ անդամների ընդհանուր քանակի 29%-ն ունի բարձր շեշտված հայկական և թույլ շեշտված եվրոպական ինքնություն։


Աղյուսակ 1

Քաղաքացիական շարժումների կամ նախաձեռնությունների մասնակիցների դիրքավորվածությունը հայկական և եվրոպական քաղաքակրթական առանցքների վրա։

  • Քաղաքացիական որևէ շարժման կամ նախաձեռնության մասնակցել է Հայաստանի չափահաս բնակչության 9.4%-ը, այդ թվում՝ 7.3%-ն (կամ որևէ շարժման մասնակցած անձանց ընդհանուր քանակի 77%-ը) ունի բարձր շեշտված հայկական ինքնություն (տես՝ Աղյուսակ 2, դեղնավուն վանդակներ)։
  • Իսկ նրանց քաղաքակրթական տեսակետից հակադիր խումբը, ովքեր ունեն բարձր շեշտված եվրոպական ինքնություն և մասնակցել են հասարակական շարժումների կամ նախաձեռնությունների, կազմում են հասարակության միայն 1․2%-ը (կամ՝ որևէ շարժման մասնակցած անձանց ընդհանուր քանակի 13%-ը)։
  • Բացի դրանից, որևէ շարժման մասնակցած անձանց ընդհանուր քանակի 36%-ն ունի բարձր շեշտված հայկական և թույլ շեշտված եվրոպական ինքնություն։


Աղյուսակ 2.

Բ. ՀԿ անդամների և քաղաքացիական շարժումների մասնակիցների դիրքավորվածությունը հայկական և եվրոպական առանցքների վրա լարվածության սեգմենտներում 

Նույն տվյալների դիտարկումը հայկական և եվրոպական քաղաքակրթական առանցքների վրա լարվածությունների բաշխումներում տվեց համանման արդյունք։

  • Հայկական քաղաքակրթական առանցքի վրա «Բարձր «+»» և «Միջին «+»» լարվածություն ունի որևէ ՀԿ անդամների ընդհանուր քանակի համապատասխանաբար 6.0% և 34.3%-ը (հիշենք, որ նրանք այն անձինք են, ովքեր համարում են, որ Հայաստանի հասարակությունն ավելի շատ է հեռացել հայկական մշակույթից, քան իրենք, տես՝ Աղյուսակ 3, դեղնավուն վանդակներ)։ Բացի դրանից ՀԿ անդամների կազմում «Բարձր «-»» և «Միջին «-»» լարվածությամբ անձինք (այսինքն նրանք, ովքեր համարում են, որ Հայաստանի հասարակությունն ավելի է եվրոպականացել, քան իրենք) կազմում են համապատասխանաբար՝ 7.5% և 23.9%։
  • Իսկ ՀԿ անդամների նշված երկու խմբերին քաղաքակրթական տեսակետից հակադրվող խումբը՝ նրանք, ովքեր եվրոպական քաղաքակրթական առանցքի վրա ունեն «Բարձր «+»» և «Միջին «+»» լարվածություն (նրանք, ովքեր իրենց համարում են ավելի եվրոպականացված, քան Հայաստանի հասարակությունը) կազմում են ՀԿ անդամների ընդհանուր քանակի միայն համապատասխանաբար 0.0% և 9.0%-ը (Աղյուսակ 3)։


Աղյուսակ 3

Հասարակական շարժումների մասնակիցների բաշխումը հայկական և եվրոպական առանցքների վրա քաղաքակրթական լարվածությունների խմբերում ներկայացված է Աղյուսակ 4-ում։

  • Հայկական քաղաքակրթական առանցքի վրա «Բարձր «+»» և «Միջին «+»» լարվածություն ունի որևէ հասարակական շարժման մասնակիցների ընդհանուր քանակի համապատասխանաբար 3.4% և 35.2%-ը (հիշենք, որ նրանք այն անձինք են, ովքեր համարում են, որ Հայաստանի հասարակությունն ավելի շատ է հեռացել հայկական մշակույթից, քանի իրենք, տես՝ Աղյուսակ 4, դեղնավուն վանդակներ)։ Բացի դրանից շարժման մասնակիցների կազմում «Բարձր «-»» և «Միջին «-»» լարվածությամբ անձինք (այսինքն նրանք, ովքեր համարում են, որ Հայաստանի հասարակությունն ավելի է եվրոպականացել, քան իրենք) կազմում են համապատասխանաբար՝ 10.2% և 23.9%։
  • Իսկ հասարակական շարժումների մասնակիցների նշված երկու խմբերին քաղաքակրթական տեսակետից հակադրվող խումբը՝ նրանք, ովքեր եվրոպական քաղաքակրթական առանցքի վրա ունեն «Բարձր «+»» և «Միջին «+»» լարվածություն (նրանք, ովքեր իրենց համարում են ավելի եվրոպականացված, քան Հայաստանի հասարակությունը) կազմում են շարժումների և նախաձեռնությունների մասնակիցների ընդհանուր քանակի միայն համապատասխանաբար 0.0% և 8.0%-ը (Աղյուսակ 4)։


Աղյուսակ 4.

Այսպիսով,

  • Հայաստանի հասարակության քաղաքացիական ակտիվ վարք ունեցող խմբերում (ՀԿ անդամներ և հասարակական շարժումների և նախաձեռնությունների մասնակիցներ) նշանակալիորեն գերակշռում են շեշտված հայկական ինքնությամբ խումբը, ինչպես նաև հայկական և եվրոպական քաղաքակրթական առանցքների վրա բարձր և միջին լարվածությամբ այն խմբերը, որոնք հակված են համարելու, որ անհրաժեշտ է հայ հասարակությունը և մշակույթը պաշտպանել եվրոպական ազդեցություններից։
Քաղաքակրթական լարվածությունները և դեստրուկտիվ հասարակական վարքը

Հետազոտության շտեմարանում առկա են հարցեր, որոնք իրենցից ներկայացնում են հասարակության քաղաքական կայունության բնութագրեր։ Դրանք են Հայաստանի հասարակությունում բողոքի մեկ՝ բռնի և մեկ՝ ոչ բռնի ձևերի ընդունելիությունը և փորձառությունը (հիշենք, որ տվյալները վերաբերվում են 2015 թ.-ին)։

Այդ հարցերն են․

«Քաղաքացիական բողոքի հետևյալ ձևերից որո՞նք են Ձեզ համար ընդունելի

  1. Ժողովրդի կողմից դիմադրություն ցույց տալը, երբ իրավապահ­ները արգելում են ժողովրդին իր բողոքն արտահայտել,
  2. Երևանի կենտրոնական փողոցների մի քանի օր տևող փակումը:

Պատասխանների տարբերակները․ 1. Ընդունելի է  2. Ընդունելի է ծայրահեղ դեպքում  3 . Անընդունելի է բոլոր դեպքերում։

«Քաղաքացիական բողոքի այդ ձևերից  որո՞նց եք Դուք երբևէ մասնակցել

Պատասխանների տարբերակները․ 1 - մասնակցել եք,  0 - չեք մասնակցել։

Քաղաքացիական բողոքի նշված ձևերի ընդունելիության աստիճանը տրված է Գծապատկեր 13-Ա-ում, իսկ փորձառությունը՝ Գծապատկեր 13-Բ-ում։


Գծապատկեր 13

Բողոքի ձևերի ընդունելիությունը և դրանց մասնակցությունը բարձր շեշտված հայկական և բարձր շեշտված եվրոպական ինքնությամբ սեգմենտներում տրված է Գծապատկեր 14-ում։


Գծապատկեր 14

Գծապատկերի տվյալները ցույց են տալիս, որ բողոքի դիտարկված ձևերի ընդունելիությունը հայկական բարձր շեշտված ինքնության խմբում 51-54% է՝ հաշված ամբողջ հասարակության անդամների թվից, իսկ եվրոպական բարձր շեշտված ինքնության խմբում՝ մոտ 8%: Բողոքի ձևերի մասնակցության փորձ ունեցողների քանակը հայկական բարձր շեշտված ինքնության սեգմենտում նույնպես նշանակալիորեն ավելի մեծ է, քան՝ եվրոպական բարձր շեշտված ինքնություն ունեցողների սեգմենտում, համապատասխանաբար՝ 7.5-7.8% և 1.2%՝ հաշված ամբողջ հասարակության անդամների թվից: Այդ տվյալների բացարձակ արժեքները տրված են Աղյուսակ 7-ում (տես՝ «Եզրակացություններ» հատվածը)։

Հայաստանի հասարակության քաղաքական կայունության տեսակետից հարց է առաջանում՝

  • Ինչպիսի՞ն է բողոքի դիտարկված ձևերի ընդունելիության և փորձի դինամիկայի կախվածությունը Հայաստանի հասարակությունում քաղաքակրթական լարվածությունների դինամիկայից։

Այդ հարցի պատասխանները ստացվել են մոդելավորման միջոցով[11], որի արդյունքները տրված են Աղյուսակ 5-ում: Աղյուսակում առկա է չորս մոդել, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է մեկ սյունում։

Սյուների վերնագրերը դիտարկված բողոքի ձևերի ընդունելիությունը և դրանց փորձառությունը նկարագրող փոփոխականներ են։ Դրանք մոդելների կախյալ փոփոխականներ են։ Սյուների մնացած վանդակները հինգ քաղաքակրթական առանցքների վրա քաղաքակրթական լարվածությունները ներկայացնող փոփոխականներ են։ Դրանք մոդելների անկախ փոփոխականներ են։

Վանակներում գրված թվերը ցույց են տալիս, թե որքանով է փոխվում անձի՝ տվյալ բողոքի ձևի ընդունելիության կամ դրան մասնակցելու շանսը[12], երբ տվյալ անկախ փոփոխականի (քաղաքակրթական տվյալ առանցքի վրա լարվածության) արժեքն աճում է մեկ միավորով։

Եթե վանդակում տրված գործակիցն ունի դրական նշան, ապա տվյալ անկախ փոփոխականի (լարվածության) աճը բարձրացնում է կախյալ փոփոխականի տեղի ունենալու շանսը, հակառակ դեպքում՝ նվազեցնում։ Այդ գործակիցները վիճակագրորեն հավաստի են α≤0.05 մակարդակում։

Եթե վանդակում տրված է «-», ապա տվյալ անկախ փոփոխականը չունի վիճակագրորեն հավաստի ազդեցություն մոդելի կախյալ փոփոխականի վրա։


Աղյուսակ 5. Բողոքի ձևերի ընդունելիության աստիճանի և դրանց մասնակցության փորձի կախվածությունը քաղաքակրթական առանցքների վրա լարվածության մակարդակներից։

Մոդելներից բխող հիմնական եզրակացություններն են․

  • Հայկական և եվրոպական քաղաքակրթական առանցքների վրա լարվածությունների աճը բարձրացնում է և՛ իրավապահներին դիմադրություն ցույց տալու, և՛ Երևանի փողոցները մի քանի օր փակելուն մասնակցելու շանսերը։ Ընդ որում, եվրոպական քաղաքակրթական առանցքի վրա լարվածության աճի ազդեցությունն ավելի հզոր է, քան հայկական քաղաքակրթական առանցքի վրա լարվածության աճի ազդեցությունը։ Այս երկու փոփոխականների ազդեցության չափը գերազանցում է բոլոր մնացած մոդելներում բոլոր փոփոխականների ազդեցություններին։
  • Եվրոպական քաղաքակրթական առանցքի վրա լարվածության աճը բարձրացնում է նաև Երևանի կենտրոնական փողոցները փակելու գործողության ընդունելիության աստիճանը։
  • Խորհրդային քաղաքակրթական առանցքի վրա լարվածության աճը նվազեցնում է Երևանի փողոցները փակելու ընդունելիությունը և այդ գործողության մասնակցության աստիճանը։
  • Լարվածության աճը արևելյան քաղաքակրթական առանցքի վրա նվազեցնում է Երևանի փողոցների փակման ընդունելիության աստիճանը։
  • Խորհրդային առանցքի վրա լարվածության աճը բարձրացնում է, իսկ ռուսական առանցքի վրա լարվածության աճը նվազեցնում է իրավապահներին դիմադրություն ցույց տալու ընդունելիության աստիճանը։
Ինֆորմացիոն վարքը քաղաքակրթական լարվածության խմբերում

Ա ռնվազն վերջին 10 տարիների ընթացքում, սկսած «Արաբական գարնանից» ինտերնետային տեխնոլոգիաները, մասնավորապես սոցիալական ցանցերը (հատկապես՝ Ֆեյսբուքը), շարժական հեռուստատեսությունը, շարժական հեռախոսակապը, ակնթարթային հաղորդագրությունների ծառայությունները (IMS - Instant Messaging Service, մեսենջերներ), տեսահոստինգները (օրինակ՝ YouTube), աշխարհի տարբեր երկրներում լայնորեն կիրառվել են հասարակության բողոքի զանգվածային ցույցերը մոբիլիզացնելու և կառավարելու հարցերում[13]։

Հետազոտությունում ուսումնասիրվել են մի քանի հարցեր, որոնք վերաբերվում են քաղաքակրթական ինքնության և քաղաքակրթական լարվածությունների դուրս բերված սեգմենտներում ինֆորմացիայի աղբյուրների օգտագործմանը և դրա միջոցով հասարակության մոբիլիզացման պոտենցիալին։

Նախ դիտարկենք, թե ինչպիսի տարածվածություն ունեին ինֆորմացիայի տարբեր աղբյուրները Հայաստանի հասարակությունում 2015 թ.-ին։ Գծապատկեր 15-ում տրված է, թե Հայաստանի չափահաս բնակչության որ տոկոսն է տվյալ ինֆորմացիայի աղբյուրը համարել իր համար նորությունների 1-ին կամ 2-րդ կարևոր աղբյուրը։


Գծապատկեր 15

2015 թ․-ին հեռուստատեսությունը եղել է նորությունների 1-ին կամ 2-րդ կարևոր աղբյուր Հայաստանի չափահաս բնակչության 84%-ի, իսկ ինտերնետը՝  55%-ի համար։

Քանի որ հեռուստատեսությունը և ինտերնետը որպես նորությունների ստացման աղբյուր նշանակալիորեն գերակշռում են ինֆորմացիայի մնացած աղբյուրների նշանակությանը, դիտարկենք այդ աղբյուրների օգտագործման տարածվածությունը քաղաքակրթական հինգ առանցքների վրա տարբեր դիրքեր գրավող սեգմենտներում։

Գծապատկեր 16-ում տրված է հեռուստատեսությունը և ինտերնետը որպես նորությունների 1-ին կամ 2-րդ աղբյուր նշած անձանց տոկոսային հարաբերությունը քաղաքակրթական առանցքների վրա տարբեր շեշտվածություն ունեցող սեգմենտներում։ Գծապատկերի ամենաձախ կողմում տրված է ցուցանիշների արժեքը Հայաստանի ամբողջ չափահաս բնակչության շրջանում։ Նույն գծապատկերի վրա տրված է հետազոտության խնդիրների տեսակետից առավել կարևոր ցուցանիշը (2015 թ․ դրությամբ), այն է․

  • Քաղաքակրթական անհատական ինքնության տարբեր շեշտվածությամբ սեգմենտների այն հատվածները, որոնք հասանելի են Ֆեյսբուքի միջոցով՝ մեկ օրվա ընթացքում։

Դրանք այն անձինք են, ովքեր ամեն օր լինում են Ֆեյսբուքում։ Օրինակ՝ գծապատկերից երևում է, որ Ֆեյսբուքի միջոցով մեկ օրվա ընթացքում հասանելի է հայկական թույլ շեշտված ինքնությամբ սեգմենտի 38%-ը։ Հետազոտության խնդիրների տեսակետից առավել կարևոր է ինքնության բարձր շեշտվածությամբ սեգմենտների բացարձակ ծավալները։

Գծապատկերի առավել ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ.

  • Միայն եվրոպական առանցքի վրա է, որ, ինքնության շեշտադրման աճին զուգահեռ աճում է նաև ինտերնետը որպես ինֆորմացիայի 1-ն կամ 2-րդ կարևոր աղբյուր օգտագործողների քանակը, ինչպես նաև Ֆեյսբուքով մեկ օրվա ընթացքում առավելագույն հասանելի մարդկանց քանակը։

Այսպես, Գծապատկեր 16-ի հորիզոնական առանցքի «Եվրոպական ինքնություն» հատվածի դիտարկումից երևում է, որ Ֆեյսբուքի միջոցով մեկ օրվա ընթացքում հասանելի է եվրոպական թույլ շեշտված ինքնությամբ սեգմենտի 20%-ը, միջին շեշտված ինքնությամբ սեգմենտի՝ 33%-ը և բարձր շեշտադրված սեգմենտի 48%-ը։

  • Մնացած բոլոր քաղաքակրթական առանցքների վրա ինքնության շեշտվածության աճը չունի այդպիսի առանձնահատկություն։

Օրինակ, Գծապատկեր 16-ի հորիզոնական առանցքի «Խորհրդային ինքնություն» հատվածի դիտարկումից երևում է, որ Ֆեյսբուքի միջոցով մեկ օրվա ընթացքում առավելագույն հասանելիությունը կազմում է խորհրդային թույլ շեշտված ինքնությամբ սեգմենտի 38%-ը, միջին շեշտված ինքնությամբ սեգմենտի՝ 25%-ը և բարձր շեշտադրված սեգմենտի 18%-ը։


Գծապատկեր 16

Դիտարկված առանձնահատկությունը բացատրվում է նրանով, որ եվրոպական շեշտված ինքնությամբ սեգմենտը նշանակալիորեն ավելի երիտասարդ է, քան այլ քաղաքակրթական առանցքների վրա շեշտված ինքնությամբ սեգմենտները։ Այսպես՝ եվրոպական բարձր շեշտված ինքնությամբ սեգմենտում մեդիանային տարիքը 34 տարեկանն է, այն դեպքում, երբ հայկական շեշտված ինքնության սեգմենտում՝ 44 տարեկանը, խորհրդային շեշտված սեգմենտում՝ 52 տարեկանը, իսկ ռուսական շեշտված սեգմենտում՝ 48 տարեկանը (Գծապատկեր 17)։


Գծապատկեր 17

Մյուս կողմից․

  • Միայն եվրոպական քաղաքակրթական առանցքի վրա է ինքնության շեշտադրման աճին զուգահեռ նվազում հեռուստատեսության նշանակությունը որպես նորությունների ստացման 1-ին կամ 2-րդ աղբյուր։

Այսպես, Գծապատկեր 16-ում, հորիզոնական առանցքի «Եվրոպական ինքնություն» հատվածի դիտարկումից երևում է, որ հեռուստատեսությունը ինֆորմացիայի 1-ին կամ 2-րդ կարևոր աղբյուրն է եվրոպական թույլ շեշտված ինքնությամբ սեգմենտի 88%-ի համար, միջին շեշտված ինքնությամբ սեգմենտի՝ 81%-ի համար և բարձր շեշտված սեգմենտի 71%-ի համար։

Սակայն, հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ.

  • Չնայած հայկական քաղաքակրթական առանցքի վրա շեշտված սեգմենտում ինտերնետի օրական առավելագույն հասանելիությունը կազմում է 24%, սակայն սեգմենտի մեծ ծավալի հետևանքով այդ անձանց բացարձակ քանակը շատ մեծ է։ Մասնավորապես
    • Հայկական քաղաքակրթական առանցքի վրա բարձր շեշտված ինքնությամբ սեգմենտում Ֆեյսբուքի օրական առավելագույն հասանելիությունը կազմում է 414,269 անձ, այդ թվում՝ 18-29 տարեկան 177,221 անձ (առանցքի վրա բարձր շեշտված ամբողջ սեգմենտի 43%-ը),
    • իսկ եվրոպական քաղաքակրթական առանցքի վրա բարձր շեշտված ինքնությամբ սեգմենտում Ֆեյսբուքի օրական առավելագույն հասանելիությունը կազմում է 114,009 անձ, այդ թվում՝ 18-29 տարեկան 60,955 անձ (առանցքի վրա բարձր շեշտված ամբողջ սեգմենտի 53%-ը)։

Հետաքրքրություն է ներկայացնում նաև հեռուստատեսության, ինտերնետի, Ֆեյսբուքի օրական առավելագույն հասանելիության դինամիկայի կախվածությունը քաղաքակրթական առանցքների վրա լարվածություններից։ Այդ դինամիկան տրված է Աղյուսակ 6-ում տրված մոդելներում[14]։ Դրանք նույնպիսի մոդելներ են, ինչպիսիք տրված են Աղյուսակ 5-ում։

Մոդելները ցույց են տալիս, որ հեռուստատեսության և ինտերնետի որպես նորությունների 1-ին կամ 2-րդ աղբյուր կիրառումը և Ֆեյսբուքի օրական առավելագույն հասանելիությունը զգայուն են բոլոր քաղաքակրթական առանցքների վրա լարվածությունների փոփոխությունից։ Բացառություն է միայն Ֆեյսբուքի օրական առավելագույն հասանելիությունը, որը կախված չէ հայկական քաղաքակրթական առանցքի վրա լարվածությունից։


Աղյուսակ 6․ Հեռուստացույցը և ինտերնետը որպես նորությունների ստացման 1-ին կամ 2-րդ աղբյուր օգտագործողների և Ֆեյսբուքի օրական առավելագույն հասանելիության կախվածությունը քաղաքակրթական առանցքների վրա լարվածության մակարդակներից։

Մասնավորապես.

  • Աղյուսակ 6-ի երկրորդ սյունը ցույց է տալիս, որ, երբ աճում են լարվածությունները արևելյան, խորհրդային և ռուսական առանցքների վրա, ապա աճում է նաև հեռուստատեսության նշանակությունը որպես ինֆորմացիայի 1-ին կամ 2-րդ աղբյուր (սյան համապատասխան վանդակներում գրված թիվը դրական է)։
  • Աղյուսակի երրորդ սյունը ցույց է տալիս, որ երբ աճում է լարվածությունը հայկական կամ եվրոպական առանցքների վրա, ապա աճում է ինտերնետի նշանակությունը որպես ինֆորմացիայի 1-ին կամ 2-րդ կարևոր աղբյուր։ Իսկ լարվածության աճը արևելյան, ռուսական և խորհրդային առանցքների վրա նվազեցնում է ինտերնետի նշանակությունը, որպես ինֆորմացիայի 1-ին կամ 2-րդ աղբյուր։
  • Աղյուսակի չորրորդ սյունը ցույց է տալիս, որ, երբ աճում է լարվածությունը եվրոպական առանցքի վրա, ապա աճում է նաև Ֆեյսբուքի օրական առավելագույն հասանելիությունը։ Մնացած առանցքների վրա լարվածության աճը նվազեցնում է Ֆեյսբուքի օրական առավելագույն հասանելիությունը։

Մոդելներից բխող հիմնական և ընդհանրացված եզրակացությունն այն է, որ.

  • Հասարակությունում քաղաքակրթական-մշակութային լարվածությունները կոնֆլիկտային վիճակի հասցնելու և/կամ քաղաքական անկայունություն առաջացնելու հարցում Ֆեյսբուքն առավել արդյունավետ է եվրոպական առանցքի վրա լարվածության կիրառման միջոցով։

Եզրակացություններ

Հ այաստանի հասարակական գիտակցությունում սեփական քաղաքակրթական ինքնությունն ունի բաղադրյալ կառուցվածք։ Հայկական մշակույթի գերակշռության պայմաններում, այդ ինքնության կառուցվածքում առկա են եվրոպական, արևելյան, խորհրդային և ռուսական քաղաքակրթությունների տարրեր։

Հասարակական ընկալումներում մարդկանց անհատական քաղաքակրթական ինքնանույնականացումը (երբ անձը իրեն է տեղադրում քաղաքակրթական առանցքի վրա) և կոլեկտիվ քաղաքակրթական ինքնանույնականացումը (երբ անձը հայ հասարակությունն է տեղադրում քաղաքակրթական առանցքի վրա) միմյանցից տարբերվում են։

Ընդհանուր առմամբ, հայերը համարում են, որ անձամբ իրենք՝ ավելի լավ են պահպանել իրենց մեջ հայկական մշակույթը, քան՝ հայ հասարակությունը որպես ամբողջություն։ Մյուս կողմից, նրանք համարում են, որ իրենք ավելի քիչ են իրենց մեջ կրում այլ քաղաքակրթությունների տարրերը, քան հայ հասարակությունը` որպես ամբողջություն։

Հայաստանի հայերի շրջանում ժամանակի ընթացքում նվազում է հայկական մշակույթի առկայության ընկալումն ինչպես իրենց մեջ, այնպես էլ` Հայաստանի հասարակությունում։ Այսինքն, Հայաստանի հասարակությունն աստիճանաբար օտարվում է հայկական մշակույթից։

Ժամանակի ընթացքում նվազում են նաև խորհրդային և ռուսական մշակույթի առկայության ընկալումները։ Մյուս կողմից, Հայաստանի հասարակությունում աճում է եվրոպական մշակույթի առկայության ընկալումն և՛ անհատական, և՛ կոլեկտիվ ինքնության կազմում։

Հայաստանի հասարակությունում եվրոպական անհատական ինքնության զարգացումը խարխլում է (նվազեցնում է) հայկական և՛ անհատական, և՛ կոլեկտիվ քաղաքակրթական ինքնության ընկալումները։

* * *

Յուրաքանչյուր քաղաքակրթական առանցքի վրա առկա է շեշտված ինքնությամբ սեգմենտ (երբ տվյալ քաղաքակրթական առանցքի վրա անձն իրեն տեղադրում է սանդղակի վերին հատվածում)։ Անհատական շեշտված քաղաքակրթական սեգմենտի ամենամեծ ծավալը հայկական քաղաքակրթական առանցքի վրա է և կազմում է Հայաստանի հայերի 76%-ը, դրան հետևում է ռուսական առանցքի վրա անհատական շեշտված ինքնության սեգմենտը՝ 26%, հետո՝ խորհրդային՝ 23%, եվրոպական՝ 10% և արևելյան՝ 4%։

* * *

Անձի անհատական և կոլեկտիվ քաղաքակրթական ինքնանույնականացման միջև տարբերությունները բոլոր քաղաքակրթական առանցքների վրա առաջացնում են քաղաքակրթական (մշակութային) լարվածություններ։ Այդ լարվածություններն ամենամեծն են հայկական քաղաքակրթական առանցքի վրա, որի բովանդակությունն այն է, որ հայերը համարում են, որ Հայաստանի հասարակությունն ավելի շատ է հեռացել հայկական մշակույթից, քան՝ անձամբ իրենք։ Այսինքն՝ առկա է հայ հասարակության մշակութային օտարման ընկալում իր իսկ մշակույթից։

Մյուս կողմից, մարդիկ համարում են, որ Հայաստանի հասարակությունն ավելի շատ է իր մեջ պարունակում եվրոպական, խորհրդային, ռուսական կամ արևելյան մշակութային տարրեր, քան անձամբ իրենք։ Այդպիսի մշակութային լարվածությունն ամենաբարձրն է եվրոպական քաղաքակրթական առանցքի վրա։  

Շեշտված ինքնությամբ սեգմենտները հայկական և եվրոպական քաղաքակրթական առանցքների վրա կրում են Հայաստանի հասարակությունում մշակութային կոնֆլիկտի ամենամեծ պոտենցիալը։

* * *

Հայկական և եվրոպական քաղաքակրթական առանցքների լարվածությունների հակադիր ուղղությունները միավորված են աշխարհընկալման հետևյալ միասնական կոնցեպտում. «Հայ հասարակությունը կորցնում է իր ազգային դիմագիծը, որը տեղակալվում է եվրոպականացմամբ», որն ունակ է Հայաստանի հասարակությունում խթանելու մշակութային կոնֆլիկտ՝ «Զերծ պահենք հայկական մշակույթը եվրոպականացման բացասական ազդեցություններից» կարգախոսով։

Քաղաքական-քարոզչական համապատասխան տեխնոլոգիաների կիրառման դեպքում, «Հայկական ավանդական մշակույթը եվրոպական բացասական ազդեցություններից զերծ պահելուն» ուղղված գործունեությանը սատարող սեգմենտի ծավալը կարող է հասնել մինչև 47%-ի, որը բավարար է լուրջ անկայունություն առաջացնելու համար։

* * *

Հասարակական լարվածությունները վերածվում են կոնֆլիկտների պայմանավորված տվյալ հասարակությունում մասնակցային մշակույթի զարգացման աստիճանով, շեշտված քաղաքակրթական ինքնությամբ և բարձր մշակութային լարվածություն ընկալող սեգմենտների ծավալներով, նրանց քաղաքացիական ու քաղաքական մասնակցության առանձնահատկություններով, ինֆորմացիոն վարքի բնութագրերով, ինչպես նաև կոնֆլիկտը կոնցեպտուալացնող, շեշտադրող և համախմբող հասարակական-քաղաքական ուժերի առկայությամբ և առանձնահատկություններով։ 

2015 թ. դրությամբ Հայաստանի հասարակության 15.4%-ը կրում էր մասնակցային մշակույթ, ՀԿ անդամ էր չափահաս բնակչության 3.5%-ը (մոտ՝ 7,500 մարդ[15]), իսկ քաղաքացիական շարժումների մասնակից էին 9.4%-ը (մոտ՝ 196,000 մարդ)։

Շեշտված անհատական ինքնություն

Հայկական շեշտված անհատական ինքնությամբ սեգմենտը կազմում է հասարակության 77% (մոտ 1,730,000 մարդ), որը նշանակալիորեն գերազանցում է եվրոպական շեշտված անհատական ինքնությամբ սեգմենտին, որը կազմում է հասարակության 10%-ը (մոտ՝ 240,000 մարդ)։ Դրա հետևանքով շեշտված հայկական ինքնությամբ սեգմենտում բարձր մասնակցային բնութագրերով անձանց բացարձակ քանակը նշանակալիորեն գերազանցում է եվրոպական շեշտված ինքնությամբ սեգմենտում նրանց քանակին։

ՀԿ անդամների ընդհանուր քանակի 70%-ն ուներ շեշտված հայկական ինքնություն, իսկ 20%-ը՝ շեշտված եվրոպական ինքնություն (մնացած 10%-ը չուներ հայկական կամ եվրոպական շեշտված ինքնություն)։

Քաղաքացիական որևէ շարժման կամ նախաձեռնության մասնակիցների ընդհանուր քանակի 77%-ը, ուներ շեշտված հայկական ինքնություն, իսկ 13%-ը շեշտված եվրոպական ինքնություն։

Քաղաքակրթական լարվածություններ

ՀԿ անդամների ընդհանուր քանակի 40.3%-ը (մոտ 3,000 մարդ) համարում են, որ հասարակությունը հայկական մշակույթից ավելի է հեռացել, քան իրենք։ Իսկ նրանք, ովքեր համարում են, որ իրենք ավելի եվրոպականացված են, քան ամբողջ հասարակությունը, կազմում են ՀԿ անդամների 9.0%-ը (մոտ 700 մարդ)։

Քաղաքացիական նախաձեռնության մասնակիցների 38.6%-ը (մոտ 76,000 մարդ) համարում են, որ հասարակությունը հայկական մշակույթից ավելի է հեռացել, քան իրենք։ Իսկ նրանք, ովքեր համարում են, որ իրենք ավելի եվրոպականացված են, քան ամբողջ հասարակությունը կազմում են քաղաքացիական շարժումների մասնակիցների 8.0%-ը (մոտ 16,000 մարդ)։

Բողոքի ձևերի ընդունելիությունը և փորձը

Շեշտված հայկական ինքնություն ունեցող սեգմենտում նշանակալիորեն ավելի մեծ թիվ էին կազմում անձինք, ովքեր ընդունելի են համարում այդ բողոքի ձևերը և նրանք՝ ովքեր ունեն այդ բողոքի ձևերին մասնակցության փորձ (Աղյուսակ 7)։


Աղյուսակ 7

Ֆեյսբուքի մոբիլիզացիոն պոտենցիալ (օրական առավելագույն հասանելիություն)

Ինտերնետային տեխնոլոգիաները, մասնավորապես սոցիալական ցանցերը (հատկապես՝ Ֆեյսբուքը), շարժական հեռուստատեսությունը, շարժական հեռախոսակապը, ակնթարթային հաղորդագրությունների ծառայությունները (IMS - Instant Messaging Service, մեսենջերներ), տեսահոստինգները (օրինակ՝ YouTube), աշխարհի տարբեր երկրներում լայնորեն կիրառվել են հասարակության բողոքի զանգվածային ցույցերը մոբիլիզացնելու և կառավարելու հարցերում։

Հայկական քաղաքակրթական առանցքի վրա շեշտված ինքնությամբ սեգմենտում Ֆեյսբուքի օրական առավելագույն հասանելիությունը 2015 թ.-ին կազմել է 414,269 անձ, այդ թվում՝ 18-29 տարեկան 177,221 անձ (առանցքի վրա շեշտված ամբողջ սեգմենտի 43%-ը), իսկ

Եվրոպական քաղաքակրթական առանցքի վրա շեշտված ինքնությամբ սեգմենտում Ֆեյսբուքի օրական առավելագույն հասանելիությունը կազմել է 114,009 անձ, այդ թվում՝ 18-29 տարեկան 60,955 անձ (առանցքի վրա շեշտված ամբողջ սեգմենտի 53%-ը)։

Մաթեմատիկական մոդելավորումը ցույց է տվել, որ քաղաքակրթական լարվածություններն ունեն մեծ իներցիոնություն՝ փոփոխվում են շատ դանդաղ։ Հետևաբար, ներկայացված արդյունքները չեն կորցրել իրենց ակտուալությունը։ Ավելին, կարելի է ենթադրել, որ դրանք աճել են[16]։

* * *

Հետազոտության արդյունքների ընդհանրացումը հանգեցնում է հետևյալ հիմնական եզրակացություններին.

  1. Համապատասխան քաղաքական տեխնոլոգիաների կիրառումն ունակ է Հայաստանի հասարակությունում առկա մշակութային լարվածությունները վերածելու մշակութային, իսկ հետո նաև՝ քաղաքական կոնֆլիկտի:
  2. Հիմնականում վտանգը պարունակվում է շեշտված հայկական և շեշտված եվրոպական ինքնությամբ սեգմենտների այն հատվածներում, որոնք մշակութային լարվածություններ են ընկալում հայկական և եվրոպական քաղաքակրթական առանցքների վրա։
  3. Ներկայում, հայկական մշակութային ինքնությունը պաշտպանելուն հակված քաղաքացիական ակտիվ շերտն իր ծավալով նշանակալիորեն գերազանցում է եվրոպական ինքնության զարգացմանը հակված քաղաքացիական ակտիվ շերտի ծավալին։
  4. Հայաստանում հայկական մշակութային ինքնության պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնություններն ունեն զարգացման բարձր պոտենցիալ։
  5. Մշակութային դիրքորոշումները և լարվածությունները դանդաղ են փոխվում, հետևաբար, դրանց ինքնաբերական (սպոնտան) հանգուցալուծման հավանականությունը փոքր է։
  6. Հայաստանում անհրաժեշտ է մշակել և կիրառել քաղաքակրթական-մշակութային լարվածությունների հանգուցալուծման ուղղված պետական մշակութային-ինֆորմացիոն քաղաքականություն։[17]

[1] Манукян, С. А. Цивилизационная идентичность и ее динамика в армянском обществе. «Вестник: гуманитарные и общественные науки» №3/2019г. տպագրության փուլում է։

[2] Սոցիալական լարվածություն՝ տարբեր սոցիալական սուբյեկտների միջև պոտենցիալ կոնֆլիկտի կամ նախակոնֆլիկտային վիճակ։ Այն բնութագրվում է որպես կողմերի միջև աճող հակադրություն, որի արդյունքում նրանց մոտ առաջանում է իրենց շահերը, իրավունքները և արժեքները օրինական կամ ոչ օրինական ձևերով պաշտպանելու դիրքորոշում։

[3] Thomas W., Znanietski F. (1918-1920). The Polish Peasant in Europe and America. Chicago, 1918-1920.

[4] Կոնֆլիկտ՝ բացահայտ պայքար անձանց, հասարակական խմբերի կամ ազգերի միջև։ Կարող է առաջանալ, օրինակ, երկու կամ ավելի անձանց, սոցիալական շարժումների, շահերի առաջխաղացման խմբերի, դասակարգերի, սեռերի, կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, էթնիկ և ռասայական խմբերի, կրոնական կազմակերպությունների միջև։ Девид Джери, Джулия Джери, Большой толковый социологический словарь. Вече. Аст, Москва, 1999.

[5] Կոգնիտիվ դիսոնանսը անձի հոգեբանական անհանգստության (դիսկոմֆորտի) վիճակն է, որն առաջանում է նրա գիտակցությունում միմյանց հակասող պատկերացումների, գաղափարների, հավատալիքների, արժեքների կամ հուզական արձագանքների պատճառով։ 

[6] Մենք խոսում ենք հակասությունների չափի, այլ ոչ թե բովանդակության մասին, քանի որ հետազոտական շտեմարանում բացակայում են տվյալները, որոնք թույլ կտային վեր հանել հասարակական տարբեր սեգմենտների գիտակցությունում առկա արժեքային համակարգերը և չափել հեռավորությունները դրանց բովանդակությունների միջև։

[7] Ինչպես ցույց է տրվել «Հայաստանում ծնելիության բարձրացման խնդրի շուրջ. արժեհամակարգային դինամիկան և երեխաների պահանջմունքը Հայաստանի հասարակությունում» հոդվածում, մշակութային փոխակերպումները իրականացվում են հիմնականում կանանց միջոցով։

[8] Ընտրանքի ադեկվատության Կայզեր-Մեյեր-Օլկինի տեստի արժեքը՝ 0.607, բոլոր փոփոխականների ընդհանրությունների (communalities) արժեքները մեծ են 0.5-ից, երեք գործոնները բացատրում են 10 փոփոխականների ընդհանուր դիսպերսիայի 58%-ը։

[9] Gabriel A. Almond, Sidney Verba. The Civic culture. Political attitudes and democraty in five nations. Princeton. NY, 1963.

[10] Համաձայն Միջազգային Հանրապետական ինստիտուտի  (IRI) 2019թ. հոկտեմբերի հետազոտության, Հայաստանում քաղաքական սուբյեկտության ցուցանիշը կազմել է 55%, հետաքրքրվածությունը քաղաքականությամբ՝ 49%:  

[11] Կիրառվել է լոգիստիկ ռեգրեսիա։

[12] Շանսը՝ պատահական մեծության տեղի ունենալու հավանականության հարաբերությունն է դրա տեղի չունենալու հավանականությանը։

[13] Антюхова, Е. А. (2015). Технологии ведения США и НАТО информационно-сетевых операций в конфликтах «Арабской весны». Вестник БГУ(1). Retrieved from CYBERLENINKA: https://cyberleninka.ru/article/n/tehnologii-vedeniya-ssha-i-nato-informatsionno-setevyh-operatsiy-v-konfliktah-arabskoy-vesny։

Наумов, А. О. (2018). Традиционные и новые медиа как акторы "цветных революций". Дискурс-Пи (3-4 (32-33)). Retrieved from https://cyberleninka.ru/article/n/traditsionnye-i-novye-media-kak-aktory-tsvetnyh-revolyutsiy

[14] Կիրառվել է լոգիստիկ ռեգրեսիա։

[15] 2019 թ.-ին այդ քանակը չէր փոխվել։

[16] Հիպոթեզը կարիք ունի փորձարկման։

[17] Այդ քաղաքականության հայեցակարգն առանձին հետազոտության առարկա է։