Հայաստանի բնակչությունը 1827-2018թթ.

10 ր.   |  2020-07-27

Ժողովրդագրական գործընթացների վրա ազդում են և՛ կարճատև, և՛ երկարատև գործոններ։ Կարճատև գործոնները և դրանց ազդեցությունները հաճախ  «ակնհայտ» են, սակայն միայն դրանց վրա հիմնված պատկերացումները հաճախ խաբուսիկ են։ Եթե երկու-երեք տարի հաջորդաբար աճում  կամ նվազում է ծնունդների և մահերի տարբերությունը (բնական աճը), կամ երկիր ժամանած և երկրից մեկնած մարդկանց թվի տարբերությունը (միգրացիոն բալանսը), ապա դրանից չի բխում, որ երկարատև ժամանակահատվածի համար, ունենք բնակչության փոփոխության դրական կամ բացասական միտում։ Բավական երկար, օրինակ՝ 10-20 տարի կամ ավելի մեծ ժամանակահատվածը դիտարկելիս, կարող է պարզվել, որ ծնունդների քանակի կարճաժամկետ աճը կամ նվազումը պայմանավորված է, օրինակ, բնակչության սեռատարիքային կառուցվածքի առանձնահատկություններով։

Ժողովրդագրություն գիտությունը վաղուց, հիմնավորապես և մանրամասն ուսումնասիրել է ժողովրդագրական պրոցեսների, այդ թվում՝ բնակչության բնական աճի և միգրացիոն բալանսի վրա ազդող գործոնները։ Խնդիրը գիտական դրույթների կոնկրետ և համապատասխան կիրառությունն է կոնկրետ երկրի կամ հասարակության դեպքում։ Տվյալ երկրում բնական աճի և միգրացիայի վրա ազդում են սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական և սոցիալ-մշակութային բազմաթիվ գործոններ։ Խնդրի համակարգային լուծումը բարդանում է, քանի որ այդ գործոններն ազդում են ոչ միայն ուղղակիորեն, այլև միջնորդավորված, դրանք ունեն ոչ միայն առանձնացված, այլև միմյանց հետ բարդ փոխազդեցությունների հետևանքով առաջացած ազդեցություն։ Նշված երևույթների հաշվառումը հաճախ էապես փոխակերպում է ժողովրդագրական վիճակի և միտումների վերաբերյալ մակերեսային դիտարկումներից բխող եզրակացությունները, դարձնելով դրանք գիտականորեն հիմնավորված և իրականությանը համապատասխանող։

Հաջորդ հիմնարար դրույթն այն է, որ տվյալ երկրում ժողովրդագրական վիճակի և պրոցեսների վրա ազդում են նաև երկրից դուրս գտնվող և այդ երկրի կողմից չվերահսկվող տարածաշրջանային կամ գլոբալ գործոնները։ Այս դրույթը հատկապես կարևոր է հաշվի առնել, երբ դիտարկվում են փոքր տարածք, բնակչություն, ռեսուրս, ֆիզիկական, տնտեսական, սոցիալական և մշակութային պաշտպանվածության մակարդակ ունեցող երկրները։ Երբ երկրի ժողովրդագրական վիճակի վրա ազդող արտաքին գործոններն էապես ավելի հզոր են, քան ներքին գործոնները, ապա դրանք ստանում են վճռորոշ նշանակություն։ Մյուս կողմից՝ արտաքին գործոնները կարող են լինել և՛ բարենպաստ, և՛ անբարենպաստ։ Հետևաբար, փոքր երկրները, ցուցաբերելով բանական և իրավիճակին համապատասխան հարմարվողականություն, կարող են կոնկրետ դեպքերում արտաքին հզոր գործոններն օգտագործել ի շահ իրենց։ Կարող են նաև սխալվել և հայտնվել անշրջելի բացասական զարգացումների առջև, որոնք պարունակում են երկրի և հասարակության կազմալուծման ռիսկեր։

Հետևաբար, Հայաստանի հասարակության ժողովրդագրական իրավիճակը, դրա միտումները և միտումները պայմանավորող գործոնները ադեկվատ ընկալելու համար անհրաժեշտ է դիտարկել հնարավորինս երկար ժամանակահատվածում, ցուցաբերել համակարգային մոտեցում և համահունչ, երկրի արտաքին միջավայրի հաշվառում։

Հոդվածում տրված է ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թվաքանակի փոփոխության պրոցեսի ընդհանուր գրաֆիկական պատկերը 1827-2018 թթ., իրականացված է այդ պրոցեսի փուլայնացում և յուրաքանչյուր փուլում բնակչության թվաքանակի փոփոխության վրա ազդող պատմական շրջանի համառոտ բնութագիրը՝ շեշտադրելով բնակչության ներհոսքն ու արտահոսքը։

(Հետազոտության ամբողջական տարբերակը տես՝ այստեղ և այստեղ։)

Գծապատկեր 1-ում ներկայացված է ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թվի փոփոխությունը վերջին 190 տարիներին՝ 1827-2018 թթ.։[1] Գծապատկերի տեսողական դիտարկումը թույլ է տալիս փուլայնացնել Հայաստանի բնակչության փոփոխության միտումները դիտարկվող ժամանակահատվածում։

Գծապատկերում աչքի են ընկնում երկու երկարատև փուլ, մեկը` բնակչության աճը 1827-1992 թթ․, մյուսը՝ բնակչության նվազումը 1992-2018 թթ․։ Երկարատև աճի փուլում առանձնանում են նվազման երկու ենթափուլ՝ 1914-1920 թթ․  և 1941-1945 թթ․ և մեկ կետային նվազման տարի՝ 1989։ Դիտարկվող ժամանակահատվածի սկզբում՝ 1827 թ․-ին Հայաստանի բնակչությունը 97.4 հազար էր, իսկ վերջում՝  2018 թ․-ին՝ 2986.1 հազար մարդ։ Բնակչության առավելագույն թիվը գրանցվել է 1992 թ․-ին՝ 3633.3 մարդ։[2] Դիտենք այդ փուլերն ու ենթափուլերն առանձին-առանձին։

  1. XVI-XVIII դարեր՝ մինչև 1827 թ։ Դա Հայաստանի տարածքում բնակչության կրճատման փուլ էր, որը Հայաստան իսլամական կայսրությունների տարածքում գտնվելու և հարատև թուրք-պարսկական պատերազմների հետևանք էր։

Մինչև 1827 թ․-ը Հայաստանի ներկա տարածքը Պարսկական կայսրության կազմում էր։ 1514-1827 թթ․-ի 313 տարիներից 97-ը եղել են թուրք-պարսկական պատերազմների տարիներ (1514-1555, 1578-1590, 1603-1612, 1616-1618, 1623-1639,  1723-1727, 1730-1736, 1743-1746, 1775-1776, 1821-1823 թթ)։ Բնակչությունը ստիպված արտագաղթում էր վտանգավոր և ավերված տարածքներից կամ բռնի տարհանվում էր։ Օրինակ՝ միայն 1604 թ․-ին Շահ Աբաս I-ը Պարսկաստանի խորքերը տեղափոխեց 300,000-ից ավելի հայ։

Արդյունքում՝ 1827 թ․-ին ներկայիս Հայաստանի բնակչությունը կազմել է ընդամենը 97,400 մարդ։

  1. 1828-1914 թթ Հայաստանի բնակչության անընդհատ աճի ենթափուլ, որը 1828 թ-ին Արևելյան Հայաստանի Ռուսական կայսրության կազմում ընդգրկվելու հետևանք էր։

1828 թ․-ից սկսվեց հայ բնակչության լայնածավալ ներհոսք դեպի Ռուսական կայսրության կազմում գտնվող Հայաստանի տարածք։ Հայերը ձգտում էին դեպի Ռուսական Մեծ տարածք՝ փրկվելու ֆիզիկական բռնություններից և իսլամական կայսրություններում երկրորդ կարգի այլադավան հպատակի կարգավիճակից։

1828-1831 թթ․  ռուս-պարսկական պատերազմից հետո՝ Պարսկաստանից Հայաստան ներգաղթեց 45,000 մարդ, 1828 թ․ ռուս-թուրքական պատերազմից հետո՝ Օսմանյան կայսրությունից ներգաղթեց մոտ 110,000 մարդ, 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմից հետո՝ ևս մոտ 200,000 մարդ։ Օսմանյան կայսրությունից հայեր են ներգաղթել Արևելյան Հայաստան նաև «Համիդյան կոտորածներից» հետո՝ 1894-1896 թթ․։ Այս փուլում բոլոր ներգաղթողներին Ռուսական կայսրությունն անհատույց տրամադրում էր հող, պարենամթերք, դրամական աջակցություն և շինանյութ՝ բնակարանաշինության համար։ Նշենք, որ 1831-1873թթ. ընթացքում Երևանի նահանգի բնակչությունն աճում էր հիմնականում բնական աճի հետևանքով։

Ռուսական կայսրություն ներգաղթող հայերը բնակեցվում էին ոչ միայն Արևելյան Հայաստանում, այլև Անդրկովկասի այլ տարածքներում, արդյունքում՝ 1913 թ.-ին Անդրկովկասի 7,400,000 բնակչության շուրջ 22%-ը կամ՝ 1,628,000-ը հայեր էին։[3] Ընդհանուր առմամբ, 1827-1913 թթ. 86 տարում Հայաստանի բնակչությունն աճել է մոտ 10.3 անգամ, ընդ որում՝ հայ բնակչությունը՝ 22 անգամ։ Միջին տարեկան հավելաճը կազմել է 11%:

Արդյունքում՝ 1913 թ․-ին Հայաստանի ներկա տարածքում բնակչությունը կազմում էր 1,000,100 մարդ։

  1. 1914-1920 թթ.-ն Հայաստանի բնակչության նվազման փուլ էր, որը 1-ին Համաշխարհային պատերազմի և Հայաստանի 1-ին Հանրապետության ժամանակաշրջանում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական պատերազմների հետևանք էր։

1-ին Համաշխարհային պատերազմի և Օսմանյան կայսրությունում Հայոց Մեծ եղեռնի հետևանքով 1915-1916 թթ․ ընթացքում Օսմանյան կայսրությունից Ռուսական կայսրություն ներգաղթեց մոտ 350,000 հայ փախստական, որոնցից մոտ 200,000-ը ապաստանեց Արևելյան Հայաստանում։

1-ին Համաշխարհային պատերազմից հետո, Ռուսական Մեծ տարածքից դուրս մնալու և Անդրկովկասում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական պատերազմների հետևանքով Հայաստանի բնակչությունը սկսեց նվազել։ Պատերազմից, սովից ու համաճարակներից փրկվելու համար, Արևելյան Հայաստանի բուն բնակչությունը և այդտեղ ապաստանած ներգաղթյալ հայերը սկսեցին զանգվածաբար արտագաղթել հիմնականում դեպի Ռուսաստան՝ Հյուսիսային Կովկաս, Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամաս, Դոնի տափաստաններ և Ուկրաինա։ 1914-1920 թթ. ներկայիս Հայաստանի տարածքում բնակչությունը, ընդհանուր հաշվով, նվազեց 280,100 մարդով։ Նվազման միջին տեմպը տարեկան 4.7% էր:

Արդյունքում, 1920 թ-ին՝ խորհրդային կարգեր հաստատվելու տարում, Հայաստանում բնակվում էր ընդամենը 720,000 մարդ։

  1. 1921-1940 թթ. Հայաստանի բնակչության աճի ենթափուլ, որը Հայաստանի Ռուսական Մեծ տարածքում ընդգրկվելու և խաղաղ զարգացման հետևանք էր:

1920 թ․ նոյեմբերի 29-ից Հայաստանը նորից ընդգրկվեց Ռուսական Մեծ տարածքում՝ սկզբում որպես հովանավորյալ հանրապետություն, 1922 թ․ դեկտեմբերի 30-ից, որպես Անդրկովկասյան Ֆեդերացիայի անդամ հանրապետություն՝ ԽՍՀՄ կազմում, իսկ 1936 թ․-ից որպես Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։

Վերականգնվեց երկրի և բնակչության ֆիզիկական անվտանգությունը։ Այդ տարիներին Հայաստանում իրականացվում էր նույն սոցիալ-տնտեսական քաղաքականությունն ինչ ԽՍՀՄ-ում։ Արագորեն կազմավորվեց և ինտենսիվ զարգացավ առողջապահական համակարգը, հատկապես՝ հակահամաճարակաբանական համակարգը, բնակչության սանիտարա-հիգիենիկ պայմանները և դաստիարակությունը, մանկական առողջապահությունը։ Արդյունքում՝ կտրուկ նվազեց մահացությունը, ինչը՝ ծնելիության բարձր մակարդակի պայմաններում, նպաստեց բնակչության բարձր բնական աճին։ Սոցիալիստական գաղափարախոսությանը համահունչ իրականացվեց տնտեսության արագացված արդյունաբերականացում, կրճատվում էր սոցիալ-տնտեսական և մշակութային անհավասարությունը ԽՍՀՄ զարգացած և թերզարգացած հանրապետությունների և տարածքների, քաղաքի և գյուղի, տիտղոսավոր ազգերի և ազգային փոքրամասնությունների միջև։ Արագորեն բարձրանում էր մարդկանց բարեկեցության մակարդակը։

Խորհրդային Հայաստանում իրականացնում էր հայրենադարձության արդյունավետ քաղաքականություն, որի հաջողության կարևոր բաղադրիչներն էին՝ հայրենիքի ֆիզիկական ապահովությունը, արդար հասարակության կառուցումը, աշխատավորների շահագործման վերացումը, ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության հաստատումը։ Այդ համատեքստում Հայաստանի արագ տնտեսական և մշակութային զարգացման կարևորագույն գործոն էր հայ մտավորականության հայրենադարձումը։

Բնակչության ինտենսիվ ներհոսքի, բարձր բնական աճի և մահացության կտրուկ նվազման արդյունքում Հայաստանի բնակչությունը 1926թ.-ին հասավ 881,300-ի, 1930-ին՝ 999,300-ի, իսկ 1940 թ.-ին 1,320,000-ի։ Այդ տարիներին Հայաստանի բնակչության միջին տարեկան աճը կազմել է 4.2%:

  1. 1941-1945 թթ Հայաստանում բնակչության կրճատման ենթափուլ՝ Հայրենական Մեծ Պատերազմի հետևանքով։

ՀԽՍՀ-ից Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 300,000-ից ավելի հայ, ԽՍՀՄ այլ հանրապետություններից՝ ավելի քան 200,000, իսկ այլ երկրներից մոտ 100,000։ Ըստ Վ․ Էրլիխմանի, Հայրենական մեծ պատերազմում զոհվել է Հայաստանի 1940 թ․ բնակչության 13.6%-ը՝ մոտ 180,000 մարդ, որոնցից մոտ 150,000 զինծառայող և մոտ 30,000 խաղաղ բնակիչ։[4] Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Հայաստանի բնակչությունը նվազեց 133,100-ով։ Եթե 1940 թ.-ին այն կազմում էր 1,320.0, ապա 1945 թ․-ին՝ 1,186.9։ Նվազման տարեկան միջին տեմպը՝ -2.0%:

Նշված կորուստների համատեքստում, կարևոր է հաշվի առնել, որ 1942 թ․-ին Թուրքիան իր բանակի թվակազմը հասցրել էր մոտ 1,000,000 մարդու, որոնցից 750,000 կամ 50 դիվիզիա, կենտրոնացված էր սովետա-թուրքական սահմանին, որոնցից 26 դիվիզիան՝ Հայաստանի սահմանին։ Թուրքիան պատրաստվում էր Ստալինգրադի ճակատամարտում սովետական զորքերի պարտության դեպքում ներխուժել Հայաստան։[5] Այդ դեպքում հայոց ցեղասպանություն տեղի կունենար նաև Խորհրդային (Արևելյան) Հայաստանում։

  1. 1946-1991 թթ Հայաստանում բնակչության աճի ենթափուլ՝ խաղաղության և շատ արագ տնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական և մշակութային զարգացման հետևանքով։

Հայրենական Մեծ Պատերազմից հետո բնակչության աճը Հայաստանում վերականգնվեց։ 1950 թ․-ին Հայաստանի բնակչության քանակը հասավ՝ 1.35 միլիոնի, 1959 թ․-ին՝ 1․77, 1970-ին՝ 2․49, 1979-ին՝ 3․04, իսկ 1989-ին՝ 3․30 միլիոնի։ Այս փուլում նույնպես բնակչության աճի հիմնարար գործոններն էին բնակչության ֆիզիկական անվտանգություն և սոցիալ-տնտեսական շատ արագ զարգացումը։

1946-1948 թթ․ վերսկսվեց լայնածավալ ներգաղթը ոչ միայն Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից՝ Իրանից, Թուրքիայից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Պաղեստինից, Եգիպտոսից, այլև Եվրոպայի սոցիալիստական՝ Բուլղարիա, Ռումինիա և կապիտալիստական երկրներից՝ Հունաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաև ԱՄՆ-ից։ Այդ տարիներին Հայաստան վերադարձավ մոտ 100,000 հայ։

  1. Հայաստանի բնակչության կետային նվազում՝ 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով։ Երկրաշարժից զոհվեց շուրջ 25,000 մարդ, նույնքան մարդ դարձան հաշմանդամ կամ ստացան վնասվածքներ, 514,000 մարդ մնաց անօթևան: Աղետի գոտուց տարհանվեց մոտ 120,000 մարդ:[6]
  2. 1989-1992 թ. Հայաստանի բնակչության աճ՝ բնական աճի բարձր մակարդակի և Ադրբեջանից հայ փախստականների ներհոսքի հետևանքով։

Ըստ 1979թ․ համամիութենական մարդահամարի՝ Ադրբեջանում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, բնակվում էր 475,000 հայ։ 1988 թ․ փետրվարին սկսված Ղարաբաղյան շարժմանն ի պատասխան Ադրբեջանում սկսվեցին հայերի կոտորածներ, հալածանքներ և բռնի տեղահանություններ։ Հայերը զանգվածաբար սկսեցին լքել Ադրբեջանը։ 1989-1991թթ․ ընթացքում Ադրբեջանից Հայաստան ներգաղթեց ավելի քան 360,000 հայ փախստական։

  1. 1992-2018 թթ բնակչության նվազման փուլ՝ Հայաստանը Ռուսական Մեծ տարածքից արտամղման հետևանքով։

Սկսած 1992 թ․-ից, երբ հերթական անգամ կազմալուծվեց Ռուսական Մեծ տարածքը, Հայաստանյան բոլոր, այդ թվում նաև ժողովրդագրական զարգացումները, տեղի են ունեցել գլոբալ գործոնների գերակա ազդեցության տակ։

Սպիտակի երկրաշարժի, ազատական տնտեսության անցման, Հայաստանի շրջափակման և Արցախյան պատերազմի հետևանքով, Հայաստանից սկսվեց բնակչության ինտենսիվ արտահոսք (Գծապատկեր 2)։ 1992-2018 թթ․ Հայաստանից անվերադարձ հեռացավ մոտ 1,070,000 մարդ։

Արագորեն նվազում էր նաև բնակչության բնական աճը (Գծապատկեր 3), որը պայմանավորված էր ոչ միայն վերը նշված տնտեսական ծանր պայմաններով, այլև Հայաստանի հասարակությունում հայկական ավանդական արժեհամակարգի խարխլմամբ և օտարածին արժեհամակարգի ներմուծմամբ։  

Եզրակացություններ

Հայաստանի բնակչության փոփոխությունը Հայոց պատմության վերջին 200 տարվա կտրվածքով դիտարկելիս, ակնհայտ է դառնում, որ դրա վրա առաջնային և հիմնարար ազդեցություն են ունեցել երեք հիմնարար գործոններ։ Հայաստանի ժողովրդագրական վիճակի բարելավման համատեքստում, այդ գործոնները կարելի է վերաձևակերպել որպես հիմնարար հարցեր։

Առաջինը՝ ո՞ր քաղաքակրթական կամ աշխարհաքաղաքական Մեծ տարածքն է առավել բարենպաստ Հայաստանի համար։ Այս հարցի ադեկվատ պատասխանն է ապահովում հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը։ Հայաստանը գտնվում է քաղաքակրթական և աշխարհաքաղաքական Մեծ տարածքների սահմանագծերում։ Այդ պատճառով Հայաստանի քաղաքակրթական ընտրության անորոշությունն առաջացնում է մի կողմից, պատերազմի հարատև վտանգ, իսկ մյուս կողմից՝ հանդիսանում է տնտեսական զարգացման հիմնարար խոչընդոտ։ Երկուսն էլ բնակչությունը երկրից արտամղող ամենահզոր գործոնների շարքում են։

Հաջորդ կարևոր հարցն է՝ ի՞նչ գաղափարախոսության շրջանակում է զարգանում Հայաստանի տնտեսությունը և հասարակությունը։ Այս հարցի ադեկվատ պատասխանն է ապահովում հայ ժողովրդի բարեկեցությունը, որը նպաստում է մարդկանց երեխաներ ունենալու բնական պահանջմունքի լիակատար ապահովումը։

Երրորդ կարևորագույն հարցն այն է, թե ի՞նչ մշակութային արժեհամակարգ ունի Հայաստանի հայ հասարակությունը։ Այս հարցի ադեկվատ պատասխանն է պայմանավորում մարդու երեխաներ ունենալու պահանջմունքի առկայությունն ու չափը։

«Զարգացման տեսությունների» հայեցակարգերով առաջնորդվող երկրներում, որոնց շարքում է Հայաստանի Հանրապետությունը, շատ ծանր ժողովրդագրական վիճակ է։ Այդ երկրների մեծ մասում տարածված է ընտանիքում միայն մեկ երեխա ունենալը։ Աստիճանաբար մոդայիկ է դառնում երեխաներից ընդհանրապես հրաժարվելը։

Ակնհայտ է, որ ձևակերպված երեք հարցերը հիմնարար են նաև Հայաստանի ընդհանուր զարգացման տեսակետից։


[1] Գծապատկերում 1827-1886 թթ. տվյալները տրված են ըստ Ходжабекян В. Е. Демография и проблемы занятости в Армении с начала XIX века до середины XXI века. (Институт экономики им. М. Котаняана НАН РА, Е.: Изд.-во «Гитутюн» НАН РА, 2006, 505 ст., 1897-1989 թթ. տվյալներն՝ ըստ ՀՀ ԱՎԾ «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու 1940-2000», իսկ 1990-2018 թթ. տվյալներն՝ ըստ ՀՀ ԱՎԾ «Հայաստանի Ժողովրդագրական ժողովածու 2018» հրապարակումների։

[2] Տրված են 1992 և 2018 թթ․ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալներն, ըստ ընթացիկ հաշվառման։

[3] Ходжабекян В. Е., նույն տեղը՝ էջ 44։

[4] Эрлихман В. В. Потери народонаселения в XX веке. Справочник. М.: Русская панорама, 2004.

[5] Քրիստինե Մելքոնյան, Թուրքիան երկրորդ աշխարհամարտի տարիներին․ դաշնակիցներ և հակառակորդներ։ // «21-րդ Դար», թիվ 3 (79), 2018.

[6] F. Krimgold. Economic and social impacts of Armenia earthquake. Earthquake Engineering, Tenth World Conference, 1994, 7011-7015