Հայաստանի բնակչության քանակի դինամիկան պատմական կոնտեքստում՝ 1827-2018 թթ.

19 ր.   |  2019-05-03

Իրավիճակը

Հայաստանի ժողովրդագրական վիճակը քսանհինգ տարի առաջ անցել է կրիտիկական տիրույթ և, այդ տիրույթում, կրիտիկական դիրքն աստիճանաբար խորանում է։ Վերջին տասնամյակում ոլորտը գտնվել է ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում, սակայն էական դրական տեղաշարժեր չկան։ Տարբեր զեկույցներում և հաշվետվություններում հաղորդվող մասնակի հաջողությունները մի կողմից աննշան են, մյուս կողմից՝ հաճախ հիմնված են լինում նախորդող 1-ից 3 տարիների առանձին ցուցանիշների փոփոխությունների մեկնաբանությունների վրա։

Ժողովրդագրական գործընթացները իներցիոն են. դիտարկման պահին իրավիճակը պայմանավորված է ինչպես տասնամյակների ընթացքում տեղի ունեցած փոքր, սակայն մեծաքանակ փոփոխություններով, այնպես էլ հասարակական, քաղաքական և բնական ցնցումներից առաջացած հետևանքներով, որոնք են պատերազմները, էթնիկ զտումները, ցեղասպանությունները, հասարակարգի հեղափոխական փոփոխությունները, տնտեսության փլուզումները, բնական աղետները՝ երկրաշարժերը, ցունամիները, հրաբուխների ժայթքումները, էկոլոգիական պրոբլեմները՝ ջրազրկումը, ջրի աղտոտումը, անապատացումը, կլիմայի բացասական փոփոխությունները, երկարատև խիստ երաշտը, սովը և այլն։

Ժողովրդագրական վիճակի վրա համակարգային ազդեցություն են ունենում գիտական և տեխնոլոգիական նորամուծությունները, որոնք տնտեսությունում առաջացնում են արմատական կառուցվածքային փոփոխություններ և, դրա հետևանքով՝ զանգվածային կառուցվածքային գործազրկություն։

Առանձնահատուկ նշանակություն ունեն մշակութային փոփոխությունները, որոնք փոխում են մարդկանց արժեքային համակարգը, աշխարհընկալումն ու վարքագիծը։ Տեխնոլոգիական և մշակութային փոփոխությունները շաղկապված են և հաճախ ունենում են դժվար կանխատեսելի հետևանքներ։

Ներկայումս հնարավոր չէ պատշաճ ընկալել, վերլուծել և կանխատեսել ժողովրդագրական վիճակն առանձնացված երկրում, քանի որ այն նշանակալիորեն պայմանավորվում է համաշխարհային գործոններով։

Համաձայն մակրոսոցիոլոգիական աշխարհամակարգային վերլուծության տեսության, համաշխարհային գործոնը, որն ազդում է ժողովրդագրական պրոցեսների վրա և որից բխում են տարածաշրջանային և առանձին երկրի տեղային գործոնները, արդի աշխարհամակարգի անկայուն վիճակն է՝ պայմանավորված աշխարհամակարգային հեգեմոնի՝ ԱՄՆ-ի թուլացմամբ և նոր կենտրոնների հավակնությունների աճով։ Արդյունքում ավելացել են պատերազմները, քաղաքացիական բախումներն ու տնտեսական ցնցումները[1]։  

Այդ գործընթացը համընկել է նոր տեխնոլոգիական կացութաձևի կայացման փուլի հետ. հզոր պետությունները, միջազգային կազմակերպություններն ու վերազգային կորպորացիաներն ունակ են էապես ազդելու համաշխարհային և տեղային ժողովրդագրական գործընթացների վրա։ Հետևաբար, ժողովրդագրական վիճակի մեկնաբանություններում և առավել ևս կանխատեսումներում, անհրաժեշտ է հաշվի առնել ուժային կենտրոնների նպատակներն ու ռազմավարությունները։

Հայաստանի հասարակության, ժողովրդագրական իրավիճակի պատկերի մեկնաբանություններն ու ժողովրդագրական զարգացումների կանխատեսումը պետք է հիմնված լինեն ինչպես երկարատև ժամանակահատվածում (մի քանի տասնյակ տարի) տեղի ունեցած իրադարձությունների համակարգային վերլուծության, այնպես էլ ուժային կենտրոնների քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային գործունեության հաշվառման վրա։

Խնդիրը

Հ Հ ԱՎԾ բազմաթիվ հրապարակումներում առկա ժողովրդագրական հարուստ տվյալները երկար ժամանակային շարքերի դեպքում ներկայացված են միայն աղյուսակային տեսքով։ Գրաֆիկական տեսքով ներկայացված են համեմատաբար «կարճ» ժամանակահատվածների տվյալները, որպես կանոն՝ 2000-2017թթ․։ Երկար ժամանակային շարքերի աղյուսակային ներկայացման ամբողջական ընկալումը մարդու համար բավականին դժվար է։ Այդ պատճառով, երկար ժամանակահատվածներում ընթացող գործընթացների խորքային պատճառները մնում են չբացահայտված, այն դեպքում, երբ գրաֆիկական պատկերը, նշանակալիորեն դյուրացնելով ամբողջական ընկալումը, կհուշեր պատճառները։

Հոդվածում տրված է 1827-2018 թթ. ընթացքում ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թվաքանակի փոփոխության ընդհանուր գրաֆիկական պատկերը, իրականացված է այդ գործընթացի փուլայնացումը, և տրված են համապատասխան պատմական փուլի այն հիմնական բնութագրերը, որոնք ազդել են բնակչության փոփոխության վրա՝ շեշտադրելով բնակչության ներհոսքն ու արտահոսքը [2]։

Գրաֆիկական ներկայացումը թույլ է տալիս տեսնել բնակչության թվի փոփոխության  ընդհանուր պատկերը, առանցքային և շրջադարձային կետերը, առանձին միտումների սկիզբը, վերջը և տևողությունը, ինչպես նաև համադրել դրանք համապատասխան իրադարձությունների ժամանակային կետերի և հատվածների հետ։

Ծանոթագրություն. Եթե հոդվածում տրված գծապատկերներում բացակայում է որևէ տարվա ցուցանիշը, ապա դա նշանակում է, որ ՀՀ ԱՎԾ հրապարակումներում ցուցանիշը բացակայել է։ Այնուամենայնիվ, բացակայող տվյալները չեն խանգարում ընդհանուր պատկերացում ստանալ ներկայացվող ժամանակահատվածում ցուցանիշի փոփոխության վերաբերյալ։

Հայաստանի բնակչության ընդհանուր պատկերը 1827-2018 թթ․

Գ ծապատկեր 1-ում ներկայացված է ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թվի փոփոխությունը 190 տարում՝ 1827-2017թթ.։ Գծապատկերում 1827-1886 թթ. տվյալները տրված են ըստ ակադեմիկոս Վ. Խոջաբեկյանի մենագրության[3], 1897-1989թթ. տվյալներն՝ ըստ ՀՀ ԱՎԾ «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու 1940-2000» հրապարակման, իսկ 1990-2018թթ. տվյալներն՝ ըստ ՀՀ ԱՎԾ «Հայաստանի Ժողովրդագրական ժողովածու 2018» հրապարակման։ Մնացած ցուցանիշները հաշվարկված են այդ հրապարակումներում ներկայացված տվյալների կիրառմամբ։

Բնակչության թվի փոփոխության ամբողջական պատկերը չծանրաբեռնելու համար Գծապատկեր 1-ում տրված չեն թվային տվյալները։ Այնուամենայնիվ, Աղյուսակ 1-ում ներկայացված են գծապատկերի հատուկ կետերի՝ բնակչության թվի դինամիկայի փուլերը սահմանազատող կետերի՝ մաքսիմումների և մինիմումների արժեքները, ինչպես նաև գործընթացի աճի ու նվազման տեմպերի ընդհանրացված տվյալները։ Հոդվածի համապատասխան հատվածներում, ըստ անհրաժեշտության, տրված է նաև բնակչության քանակը համապատասխան տարիների համար։

Առաջին ընդհանուր հայացքը թույլ է տալիս անմիջապես տեսնել Հայաստանի բնակչության աճի և նվազման փուլերը։

Գծապատկեր 1. Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքի բնակչությունը 1827-2018թթ.։

1827-1886թթ. տվյալները տրված են ըստ ակադեմիկոս Վ. Խոջաբեկյանի։

1897-1989թթ. տվյալները տես՝ «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու 1940-2000»։ Բնակչության թվաքանակը տարեսկզբին, էջ 9։

1990-2018թթ. տվյալները տես՝ «Հայաստանի Ժողովրդագրական ժողովածու 2018»։ Բնակչության թվաքանակը տարեսկզբին, էջ 39։

* - աստղանիշով տրված են մարդահամարների տվյալները։
Գրաֆիկի առանձնահատուկ կետերի թվային արժեքները տես Աղյուսակ 1։

Աղյուսակ 1-ում տրված են Գծապատկեր 1-ի վրա «տեսանելի» յուրաքանչյուր փուլում բնակչության աճի/նվազման ցուցանիշները, այդ թվում.

  • տվյալ փուլի սկզբնակետում և վերջնակետում բնակչության թիվը (դրանք գծապատկերի լոկալ մաքսիմումներն ու մինիմումներն են, այլ կերպ՝ գրաֆիկի շրջման կետերը),
  • փուլում բնակչության բացարձակ քանակի աճը,
  • փուլում բնակչության հավելաճը՝ տոկոսով,
  • փուլում բնակչության բացարձակ թվի միջին տարեկան հավելաճը,
  • փուլում բնակչության միջին տարեկան հավելաճը՝ տոկոսով։

Աղյուսակ 1-ի վերջին՝ մոխրագույն տողում տրված են նույն տվյալները՝ Հայաստանի Հանրապետության 2011-2018թթ. դե ֆակտո բնակչության գնահատականների համար։

Աղյուսակ 1. Հայաստանի բնակչության թվի փոփոխության փուլերը և դրանց բնութագրերը, 1831-2018թթ.։

Վերջին՝ մոխրագույն տողում ներկայացված են տվյալները 2011*-2018* թթ. դե ֆակտո բնակչության գնահատականների կիրառման դեպքում։

Տեսողական պատկերացում կազմելու վեր հանված փուլերում բնակչության միջին տարեկան աճի/նվազման տեմպերի մասին, դրանք ներկայացված են Գծապատկեր 2-ում։

Գծապատկեր 2. Հայաստանի բնակչության հավելաճը 1827-2018թթ. ժամանակահատվածի փուլերում։
2011-2018թթ. տվյալների բաց կապույտ կետերով տրված սյան տվյալն իրենից ներկայացնում է ցուցանիշը, որը հաշվարկված է 2018թ. փաստացի (դե ֆակտո) բնակչության թվի գնահատականի կիրառմամբ։

Գծապատկեր 1-ում Հայաստանի բնակչության աճի և նվազման փուլերն են.

  1. Բնակչության աճի փուլեր.
    1. 1827-1913թթ.,
    2. 1920-1940թթ.,
    3. 1945-1988թթ.։ Վերջինս բաժանվում է երկու փուլի.
      1. Արագ աճի ժամանակահատված՝ 1945-1970թթ. և
      2. Դանդաղ աճի ժամանակահատված՝ 1970-1992թթ.։
  2. Նվազման փուլերը.
    1. 1914-1920թթ.,
    2. 1940-1945թթ.,
    3. 1988թ.,
    4. 1992-2018թթ.։ Վերջինս ստորաբաժանվում է 3 փուլի.
      1. Շատ արագ նվազման տարիներ՝ 1992-1995թթ.
      2. Դանդաղ նվազման տարիներ՝ 1995-2011թթ.
      3. Արագ նվազման տարիներ՝ 2011-2018թթ., այն դեպքում, երբ դիտարկվում են Հայաստանի փաստացի (դե ֆակտո) բնակչության գնահատականները։

Գծապատկեր 1-ում ներկայացված գրաֆիկը կազմված է մի քանի հատվածներից։

Նարնջագույն հատվածը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքի բնակչության թիվը 1827-1831թթ.՝ ըստ ակադեմիկոս Վ. Խոջաբեկյանի։

Կարմիր (հիմնական) հատվածը՝ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքի մշտական (դե յուրե) բնակչությունը 1897-2018թթ.։ 1897-1989թթ. տվյալները տրված են ըստ ՀՀ ԱՎԾ «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու 1940-2000», իսկ 1990-2018թթ. տվյալներն՝ ըստ ՀՀ ԱՎԾ «Հայաստանի Ժողովրդագրական ժողովածու 2018» հրապարակման։ Տարեթվերի առանցքի վրա աստղանիշով (*) նշված են մարդահամարների տարիները։

Գրաֆիկի հիմնական՝ «կարմիր» գծի վրա առկա են չորս «պոչեր»՝ կապույտ, կանաչ, մանուշակագույն և երկնագույն։ Ի՞նչ են դրանք և ինչու՞ են առաջացել։

Կապույտ «պոչը» Հայաստանի բնակչության թվի ՀՀ ԱՎԾ ընթացիկ հաշվառմամբ հաղորդված տվյալներն են 1993-2001թթ. համար։ Դրանք հաղորդվում էին ՀՀ ԱՎԾ կողմից մինչև 2001թ. մարդահամարը։ Մարդահամարի արդյունքում պարզվեց, որ 2001-ին Հայաստանի դե յուրե բնակչությունը կազմել է 3,213,011 մարդ (հիմնական կարմիր գծի 2001թ. տվյալը), իսկ ընթացիկ հաշվառմամբ ստացվել էր՝ 3,802,400 (կապույտ «պոչի» 2001թ. տվյալը)։ Տարբերությունը՝ 589,389 մարդ։ ՀՀ ԱՎԾ-ն իրականացրել է 1993-2001թթ. բնակչության քանակի վերահաշվարկ, որը հրապարակվել է հետագայում, այդ թվում նաև՝ «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու 2018»-ում։ Գծապատկերում ՀՀ ԱՎԾ կողմից իրականացված վերահաշվարկը տրված է կարմիր գույնով։

Կանաչ «պոչը» 2012-2013թթ. ՀՀ ԱՎԾ բնակչության քանակի ընթացիկ հաշվառմամբ հաղորդված տվյալներն են 2002-2011թթ. համար։ Հայաստանում մարդահամար է իրականացվել նաև 2011թ.-ին, որի արդյունքում Հայաստանի դե յուրե բնակչության քանակը կազմել է 3,018,900 (կարմիր գույնի գրաֆիկի վրա՝ 2011* տարվա տվյալը), սակայն ՀՀ ԱՎԾ ընթացիկ հաշվառմամբ այդ դե յուրե քանակը կազմել էր 3,274,300 մարդ (կանաչ «պոչի» վերջին՝ 2011* թ.-ի տվյալը)։ Տարբերությունը՝ 255,400 մարդ։ Այսինքն՝ նորից ընթացիկ հաշվառումը մարդահամարի տարվա համար տվել էր բնակչության նշանակալիորեն ավելի մեծ թվաքանակ։ Այդ պատճառով, մարդահամարից մի քանի տարի անց ՀՀ ԱՎԾ-ն նորից իրականացրել է 2002-2011թթ. բնակչության քանակի վերահաշվարկ, որը Գծապատկերում կարմիր գույնի հիմնական գրաֆիկի համապատասխան հատվածն է։

Մանուշակագույն «պոչի» մասին։ Նախ նկատենք, որ 2011-2018թթ. ՀՀ ԱՎԾ ընթացիկ հաշվառման տվյալներն (կարմիր գծի համապատասխան հատվածը) ակնհայտորեն ավելի մոտ են իրականությանը, քան 1993-2001 և 2001-2011թթ. ընթացիկ հաշվառման տվյալները։ Ըստ այդ [2011-2018] տվյալների, Հայաստանի բնակչությունը տարեցտարի նվազում է, ինչը նույնպես երևում է ՀՀ ԱՎԾ 1993-2011թթ. մարդահամարների արդյունքներով ճշգրտված բնակչության թվի տվյալներով։

Մյուս կողմից, այն փաստը, որ ընթացիկ հաշվառումը մարդահամարի տարիների համար (2001 և 2011) երկու անգամ տվել է բնակչության նշանակալիորեն ավելի մեծ թվաքանակ, քան բուն՝ մարդահամարների արդյունքներն էին, ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանում 2011-2017թթ. ընթացքում սահմանահատումների բացասական սալդոն, ակնհայտորեն ավելի մեծ է եղել, քան 2001-2011թթ. (2004, 2005 և 2006 թթ.-ին նույնիսկ դիտվել է բնակչության դրական միգրացիոն բալանս) և կազմել է տարեկան միջինը մոտ 40,000 մարդ, թույլ են տալիս ենթադրել, որ 2011-2018թթ. ՀՀ ԱՎԾ կողմից բնակչության ընթացիկ հաշվառումից դուրս է մնացել բնակչության արտահոսքի չհաշվառված հատված։ Այդ պատճառով «մանուշակագույն» պոչով տրված է Հայաստանի Հանրապետության դե յուրե բնակչության քանակի գնահատականները, որոնք ստացվել են ՀՀ ԱՎԾ բնակչության քանակի տվյալներին ավելացնելով մեր կարծիքով «չհաշվառված արտահոսքի» մնացորդը[4]։

Երկնագույն «պոչը» 2011-2018թթ. Հայաստանի դե ֆակտո բնակչության գնահատականներն են, որոնք ստացվել են 2011թ. մարդահամարի արդյունքում ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակված դե ֆակտո բնակչության (2,871,800 մարդ) հիմքով՝ յուրաքանչյուր տարի դրան ավելացնելով տվյալ տարվա բնական հավելաճը և տվյալ տարվա ամբողջ միգրացիոն սալդոն (բոլոր մեկնումների և ժամանումների տարբերությունը), որը բոլոր տարիների համար եղել է բացասական։  

Այսպիսով, ըստ ՀՀ ԱՎԾ ընթացիկ հաշվառման Հայաստանի մշտական (դե յուրե) բնակչությունը 2018թ. հունվարի 1-ին կազմել է 2,972,700 մարդ, միգրացիոն սալդոյի մնացորդի կիրառմամբ վերահաշվարկի դեպքում՝ 2,899,700 մարդ, իսկ առկա (դե ֆակտո) բնակչության գնահատականը՝ 2,690,900 մարդ։

Աղյուսակ 2-ում ներկայացված են 2011-2018թթ. հունվարի 1-ի դրությամբ (1) ՀՀ ԱՎԾ ընթացիկ հաշվառմամբ Հայաստանի դե յուրե բնակչության քանակը, (2) այդ տարիներին դե յուրե բնակչության թվաքանակի վերահաշվարկը՝ կիրառելով սահմանահատումների սալդոյի [մեր կարծիքով] չհաշվառված քանակը, (3) Հայաստանի բնակչության դե ֆակտո թվաքանակը՝ բնակչության բնական աճի և բոլոր սահմանահատումների սալդոյի կիրառմամբ։

Աղյուսակ 2. Հայաստանի Հանրապետության 2011-2018թթ. բնակչության դե յուրե քանակն ըստ ՀՀ ԱՎԾ ընթացիկ հաշվառման, դե յուրե քանակի վերահաշվարկն ըստ միգրացիոն սալդոյի «չհաշվառված» մնացորդի և դե ֆակտո բնակչության գնահատականները։

Այն հարցի պատասխանը, թե «Աղյուսակ 2-ի (1) և (2) սյուներից որի՞  տվյալներն են ավելի համապատասխանում իրականությանը, կստացվի հավանաբար 2022թ.-ին՝ 2021թ. մարդահամարի նախնական արդյունքների հրապարակումից հետո։

Հայաստանի բնակչության թվի դինամիկան պատմական կոնտեքստում

Հ ամառոտ դիտարկենք Գծապատկեր 1-ի տվյալներով վեր հանված յուրաքանչյուր ժամանակային փուլում բնակչության թվի փոփոխությունը պատմական կոնտեքստում։

1827-1913 թթ[5].

Արևելյան Հայաստանի հայ բնակչությունը խիստ կրճատվել էր XVI-XVIII դարերի թուրք-պարսկական՝ 1514-1555, 1578-1590, 1603-1612, 1616-1618, 1623-1639, 1723-1727, 1730-1736, 1743-1746, 1775-1776, 1821-1823 թթ. պատերազմների հետևանքով (պատերազմների տարիները  ժամանակային առանցքի վրա, տես՝ Գծապատկեր 3), որոնք, բացի ավերածությունից, որպես կանոն ուղեկցվում էին նաև դեպիՕսմանյան կայսրություն և Պարսկաստան հայերի զանգվածային տեղահանություններով։ Ամենազանգվածայինը 1604-ին էր, երբ Շահ Աբաս I-ը Արարատյան դաշտից բռնի տեղահանեց և Պարսկաստանի խորքերը տեղափոխեց 300,000-ից ավելի հայ։ Արդյունքում՝ 1827թ. ներկայիս Հայաստանի տարածքում բնակվում էր 97,400, 1831-ին՝ 161,700, 1897թ.-ի մարդահամարի արդյունքներով՝ 797,900, իսկ 1913-ին՝ 1,000,100 մարդ։ Այսինքն՝ 86 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունն աճել է մոտ 10.3 անգամ, ընդ որում՝ հայ բնակչությունն աճել է 22 անգամ։ Միջին տարեկան հավելաճը կազմել է 11%: Մյուս կողմից, ամբողջ Ռուսական կայսրությունում 1832-1913թթ. բնակչությունն աճել է 2.7 անգամ[6]։

Գծապատկեր 3. 1500-1825թթ. ժամանակահատվածում թուրք-պարսկական պատերազմները ժամանակային առանցքի վրա։

Քննենք այդ ժամանակաշրջանն ըստ փուլերի։

1827-1831թթ. Արևելյան Հայաստանում հայերի քանակի աճը պայմանավորող կարևոր գործոն էր բնակչության ներգաղթը Պարսկաստանից և Օսմանյան Կայսրությունից[7]։ Տվյալները տես՝ Աղյուսակ 3, Հատված 1։

Ռուս-պարսկական պատերազմների ընթացքում՝ 1805թ.-ին, Ռուսական կայսրության կազմում ընդգրկվեցին հայաբնակ Լոռի-Փամբակը, Ղազախը և Շամշադինը, իսկ 1813թ. հոկտեմբերի 12-ի Գյուլիստանի պայմանագրով՝ Ղարաբաղը և Զանգեզուրը, որոնք ընդգրկվեցին Ելիզավետպոլի նահանգի կազմում։ 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Ռուսական Կայսրությանն անցան Երևանի և Նախիջևանի խանությունները։ Այդ տարիներին Պարսկաստանից Հայաստան վերադարձավ մոտ 45,000 մարդ, որոնցից 23,650-ը՝ տեղավորվեց Երևանի և Նախիջևանի գավառներում։

1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Օսմանյան կայսրությունից երեք փուլով Հայաստան վերադարձավ 60,000, հետո՝ 14,830 և 35,000 հայ[8]։

1831-1873թթ. Երևանի նահանգի բնակչությունն աճում էր հիմնականում բնական աճի հետևանքով՝ Օսմանյան կայսրությունից ներգաղթի ծավալները նվազել էին։ Այդ ժամանակաշրջանում Ռուսական կայսրություն տեղափոխվող հայերի նշանակալի մասը բնակեցվում էր ոչ միայն Արևելյան Հայաստանում, այլև Սև ծովի ափերին և Հյուսիսային Կովկասում։ Այդ տարիներին ռուս-թուրքական պատերազմներ Հայաստանի տարածքում չեն եղել։

1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում, Ռուսական կայսրությանը Կովկասյան ուղղությամբ միացան Կարսը, Արդահանը և Բաթումը, հայերի ներգաղթն Օսմանյան կայսրությունից դեպի Ռուսական կայսրություն նորից աճեց։ 1878-ին Էրզրումի սանջակից Ռուսական Կայսրության տարածք տեղափոխվեց մոտ 200,000 հայ, որոնք տեղաբաշխվեցին Արևելյան Հայաստանում, Բաթումի նահանգում և Կայսրության այլ տարածքներում։

Հայերի ներհոսքն Օսմանյան կայսրությունից Ռուսական կայսրություն տեղի է ունեցել նաև 1894-1896թթ.՝ փրկվելու համար հայերի «Համիդյան կոտորածներից», որոնց զոհ գնաց մոտ 300,000 հայ, բռնի իսլամացվեց մոտ 100,000-ը և տարագրվեց ևս 100,000-ը։

Քանի որ Ռուսական կայսրություն ներգաղթող հայերը բնակեցվում էին ոչ միայն Արևելյան Հայաստանում, այլև Անդրկովկասի այլ տարածքներում, 1913թ.-ին Անդրկովկասի 7,400,000 բնակչության շուրջ 22%-ը կամ՝ 1,628,000-ը հայեր էին[9]։

Այս փուլում բոլոր ներգաղթողներին Կայսրությունն անհատույց տրամադրում էր հող, պարենամթերք, դրամական աջակցություն և շինանյութեր՝ բնակարանաշինության համար։

1914-1920թթ.

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում, Օսմանյան կայսրությունում Հայկական Մեծ եղեռնի առաջին տարում՝ 1915-1916թթ. Օսմանյան կայսրությունից հայ փախստականների ընդհանուր քանակը դեպի Ռուսական կայսրություն մոտ 350,000 էր, որոնցից մոտ 200,000-ը ապաստան գտան Արևելյան Հայաստանում։ Սակայն Համաշխարհային, ապա՝ Անդրկովկասում ազգամիջյան պատերազմների ընթացքում, արհավիրքներից, սովից ու համաճարակներից փրկվելու համար Արևելյան Հայաստանում ապաստանած հայերը սկսեցին զանգվածաբար արտագաղթել Հայաստանից, հիմնականում՝ Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան՝ Հյուսիսային Կովկաս, Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամաս, Դոնի տափաստաններ և Ուկրաինա։  

1914-1919թթ. պատերազմի, համաճարակների և արտագաղթի հետևանքով ներկայիս Հայաստանի բնակչությունը կրճատվեց մոտ 600,000-ով[10]։ Արդյունքում՝ խորհրդային կարգերի հաստատման պահին՝ 1920թ. դեկտեմբերի 2-ին, Հայաստանում բնակվում էր 720,000 մարդ։

1914-1920թթ. ներկայիս Հայաստանի բնակչությունը ընդհանուր առմամբ նվազեց 280,100-ով։ Նվազման միջին տեմպը տարեկան 4.7% էր:

1920-1940թթ.

1920-1921թթ. ժողովրդագրական վիճակի ճշգրիտ գնահատման համար դժվարին տարիներ էին, քանի որ մի կողմից տեղի էր ունենում հայերի տարերային վերադարձ Խորհրդային Հայաստան, իսկ մյուս կողմից՝ Հայաստանում ծանր կենսապայմանների հետևանքով կար հայերի արտահոսք դեպի Հյուսիսային Կովկաս։

1921-1940թթ. կյանքը բնականոն հունի մեջ մտնելուն զուգահեռ սկսվեց հայրենադարձությունը, որի ծավալները տարբեր երկրներից ներկայացված են Աղյուսակ 3, Հատված 2-ում։

Աղյուսակ 3. Տարբեր երկրներից հայրենադարձությունը Հայաստան 1827-1973թթ.։

Այդ տարիներին սկսվեց ԽՍՀՄ-ի և Հայաստանի արդյունաբերական ինտենսիվ զարգացումը, որի արդյունքում տեղի ունեցավ Հայաստանի ինտենսիվ ուրբանիզացումը։ Եթե 1920թ․-ին Հայաստանի քաղաքային բնակչությունը կազմում էր 16.9%, ապա 1940թ․-ին՝ 28.4%։ (Գծապատկեր 3)։

Գծապատկեր 4. Հայաստանի քաղաքային և գյուղական բնակչության հարաբերակցությունը, 1897-2018թթ.։ Աղբյուրները՝ 1831-1886, ըստ ակադ. Խոջաբեկյանի նշված աշխատության, 1897-1989թթ. տվյալները տես՝ «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու 1940-2000», էջ 9։ 1990-2018թթ. տվյալները տես՝ «Հայաստանի Ժողովրդագրական ժողովածու 2018», էջ 22։

Բնակչության ներհոսքի, բարձր բնական աճի և մահացության աստիճանական նվազման արդյունքում Հայաստանի բնակչությունը, ըստ 1926թ. մարդահամարի, հասավ 881,300-ի, 1930-ին՝ 999,300-ի, որը համարյա հավասար էր 1913 թ. բնակչությանը (1,000,100), իսկ 1940-ին՝ 1,320,000-ի։ Այդ տարիներին Հայաստանի բնակչության քանակի միջին տարեկան աճը 4.2% էր:

ԽՍՀՄ-ում և Խորհրդային Հայաստանում արդյունաբերական արագ զարգացումը հիմնված էր կոմունիստական գաղափարախոսության մի քանի հիմնադրույթների վրա և տեղի ունեցավ դրանց համաժամանակյա իրականացման արդյունքում։ Առաջին՝ սոցիալիզմի տեսությունը սոցիալիզմի հաղթանակը հնարավոր էր համարում միայն կապիտալիզմի նկատմամբ արդյունաբերական և տեխնոլոգիական գերազանցության հասնելու դեպքում։ Երկրորդ՝ գաղափարախոսությունը պահանջում էր վերացնել ԽՍՀՄ կենտրոնական արդյունաբերական և ծայրամասային թույլ զարգացած տարածքների միջև զարգացման տարբերությունը։ Երրորդ՝ գաղափարախոսությունը պահանջում էր վերացնել ԽՍՀՄ ազգային պետությունների միջև զարգացման տարբերությունները։ Չորրորդ՝ գաղափարախոսությունը պահանջում էր վերացնել յուրաքանչյուր պետությունում տիտղոսավոր ազգի և ազգային փոքրամասնությունների միջև զարգացման տարբերությունները։ Հինգերորդը՝ սոցիալիզմի տեսությունը սոցիալիստական հասարակության սոցիալական բազան էր համարում բանվոր դասակարգը։ ՌՍՖՍՀ-ը, իսկ հետո՝ ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցությունը հիմնականում կիսա-ագրարային և ագրարային տարածքներից և ազգային ագրարային ծայրամասերից կազմված երկրում բանվոր դասակարգի փոքր քանակը համարում էր սոցիալիստական հասարակությանը սպառնացող ամենամեծ վտանգներից և սոցիալիզմի զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկը։ Երկրի արդյունաբերականացումը մեծացնելով բանվորների քանակը՝ նպաստում էր սոցիալիզմի զարգացմանը։

Մյուս հույժ կարևոր հանգամանքը, որից բխում էր ԽՍՀՄ արդյունաբերական ինտենսիվ զարգացման ծայրահեղ անհրաժեշտությունն այն էր, որ իր ստեղծման պահից ԽՍՀՄ-ը գտնվում էր զարգացած կապիտալիստական երկրների կողմից ռազմական հարձակման սպառնալիքի տակ[13]։ Առանց ինքնաբավ ու բարձր զարգացած արդյունաբերության, մասնավորապես՝ ռազմական արդյունաբերական համալիրի, ԽՍՀՄ պարտությունն անխուսափելի էր։

Բնակչության ինտենսիվ ներհոսքը Հայաստան պայմանավորված էր նաև կոմունիստական գաղափարախոսության այն դրույթներով, որոնք ակտիվորեն քարոզվում էին արտասահմանում՝ ԽՍՀՄ-ում և Խորհրդային Հայաստանում հայտարարված էր աշխատավորների շահագործման վերացում, արդարացի սոցիալիստական հասարակարգի կառուցում, ժողովուրդների խաղաղության և բարեկամության հաստատում։ 1930-ականներին ամբողջ աշխարհում գաղափարախոսական և քարոզչական ոլորտներում սոցիալիստական գաղափարախոսությունն ակնհայտորեն ավելի արդյունավետ էր, քան դրա դեմ տարվող հակաքարոզչությունը[14]։

1940-1945

ՀԽՍՀ-ից Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 300,000-ից ավելի հայ, ԽՍՀՄ հանրապետություններից՝ ավելի քան 200,000, այլ երկրներից՝ մոտ 100,000։ Ըստ Վ․ Էրլիխմանի՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվել է Հայաստանի 1940թ․ բնակչության 13.6%-ը՝ մոտ 180,000 մարդ, որոնցից 150,000-ը՝ զինծառայող և մոտ 30,000-ը՝ խաղաղ բնակիչ[15]։ Երկրորդ Համաշխարհային պատերազմում զոհվել է մոտ 200,000 հայ։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Հայաստանի բնակչությունը 1,320.0-ից նվազեց 1,186.9 կամ՝ 133,100 մարդով։ Նվազման տարեկան միջին տեմպը՝ -2.0:

Չնայած Հայրենական Մեծ պատերազմում հայերի մարդկային մեծ կորուստներին՝ և՛ բացարձակ, և՛ հարաբերական թվով, կրկնակի ավելի քիչ էին, քան 1-ին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած անկախության երկու տարիների կորուստները։

1945-1970

Այս փուլում, որը ԽՍՀՄ և դրա կազմում ՀԽՍՀ ժողովրդի համար խաղաղության և բարեկեցության աճի ժամանակաշրջան էր, տեղի էր ունենում Հայաստանի տնտեսության, հատկապես՝ արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների կայուն զարգացում։ Հայաստանի քաղաքային բնակչությունն աճեց 1945-ին 34.7%-ից մինչև 1970-ին 59.5% կամ՝ 25%-ով։

Զուգահեռաբար վերսկսվեց ներգաղթը ոչ միայն Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից՝ Իրանից, Թուրքիայից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Պաղեստինից, Եգիպտոսից, այլև Եվրոպայից՝ Բուլղարիա, Ռումինիա Հունաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաև ԱՄՆ-ից (տես՝ Աղյուսակ 3, 4-րդ և 5-րդ հատվածները)։

Աճում էր ծնելիությունը, նվազում մահացությունը, և Հայաստանի բնակչությունն աճում էր տարեկան միջինում 4.4%-ով կամ 52,200 մարդով։

1970-1988

Այս տարիներին շարունակվում էր արդյունաբերական զարգացումը, որը շաղկապված էր Հայաստանի շարունակական արդյունաբերականացման հետ. քաղաքային բնակչությունը 1970թ.-ին 59.%-ից աճեց մինչև 68.3%՝ 1988թ․-ին։ Մյուս կողմից, բնակչության թիվը 1970-ին 2,492,600-ից հասավ 3,457,000-ի, աճեց՝ 964,400-ով, կամ 38․7%-ով։ Բնակչության տարեկան միջին հավելաճը բացարձակ արժեքով կազմեց 53,200 մարդ, իսկ հարաբերական միջին տարեկան աճը՝ 2․1%։

1988

1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվեց շուրջ 25,000 մարդ, նույնքան մարդ դարձավ հաշմանդամ կամ ստացավ վնասվածքներ, 514,000 մարդ մնաց անօթևան: Հիմնահատակ ավերվեց 58 գյուղ, 61,000 շինություն, 200 դպրոց, 180 մանկապարտեզ, 160 հիվանդանոց, պոլիկլինիկա և ամբուլատորիա։ Երկրաշարժի գոտում առկա 200 գործարաններից 157-ը դարձավ անգործունակ, շարքից դուրս եկավ Հայաստանի արդյունաբերական ներուժի շուրջ 40%-ը։ Աղետի գոտուց տարհանվեց մոտ 120,000 մարդ[16]:

1989-1992

Ըստ 1979թ․ համամիութենական մարդահամարի Ադրբեջանում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, բնակվում էր 475,000 հայ։ 1988թ․ փետրվարին սկսված Ղարաբաղյան շարժմանն ի պատասխան Ադրբեջանում սկսվեցին հայերի կոտորածները, հալածանքները և բռնի տեղահանությունները։ Հայերը զանգվածաբար սկսեցին լքել Ադրբեջանը։ Արդյունքում՝ ըստ 1989թ․ մարդահամարի Ադրբեջանի հայ բնակչությունը կազմեց 390,000[17]։

Հայերի զանգվածային արտագաղթը շարունակվեց մինչ 1991թ․ վերջը և Ադրբեջանից Հայաստան ներգաղթեց ավելի քան 360,000 հայ։ Սպիտակի երկրաշարժի հետևանքների և այլ պատճառներով, Հայաստան ներգաղթած ադրբեջանահայերի նշանակալի հատվածը մեկնեց Հայաստանից։ Նման բարդ քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավիճակի պայմաններում բնակչության ճշգրիտ հաշվառումը խիստ դժվար է։ ՀՀ ԱՎԾ-ն այդ տարիներին Հայաստանի բնակչության թվաքանակը գնահատել է՝ 1989-ին՝ 3,448,600, 1990-ին՝ 3,514,900, 1991-ին՝ 3,574,500 և 1992-ին՝ 3,633,300 մարդ։

1992-2018

Այս փուլում բնակչության քանակը նվազել է 1992թ․-ին՝ 3,633,300-ից մինչև 2018-ին՝ 2,972,700։ Նվազումը կազմել է 660,600 մարդ կամ՝ 1992թ․ բնակչության 18․2%-ը։ Քաղաքային բնակչությունը 69․2%-ից (1992) նվազել է մինչև 63․8% (2018)։

Բնակչության թվաքանակի դինամիկայի տեսակետից այս փուլը կարելի է ստորաբաժանել երեք ենթափուլերի՝ 1992-1995, 1996-2011 և 2011-2018:

1992-1995թթ. բնակչության ինտենսիվ արտահոսքի փուլ, որի հիմնական պատճառներն էին՝ ԽՍՀՄ փլուզումը, տնտեսական կապերի խզումը, սոցիալիստական տնտեսակարգից կապիտալիստականին անցումը,  Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը, աղետի (երկրաշարժի) գոտում ոչնչացված տնտեսական կարողության վերականգման փաստացի դադարը[18] և Ղարաբաղյան պատերազմը։ ՀՀ ԱՎԾ-ն Հայաստանի բնակչությունը 1995-ին գնահատել է 3,260,300 մարդ։

1996-2011թթ. բնակչության թվի դանդաղ նվազման փուլ, երբ բնակչության արտահոսքը որոշ չափով փոխլրացվում էր ծնունդների բացարձակ թվի բարձր ցուցանիշներով, որոնք պայմանավորված էին մինչ 1990թ․ Հայաստանի բնակչության աճով՝ 1975-1990թթ․ ընթացքում Հայաստանում ծնվում էր տարեկան միջին հաշվով 75,500 երեխա։

2011-2017թթ․ բնակչության թվի նվազման աճի փուլ, որի հիմնական պատճառներն էին տնտեսական աճի դանդաղումը և բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի վատթարացումը։ Մարդկանց համար ավելի հեշտ էր դարձել արտագաղթը՝ սփյուռքում արդեն տեղավորված ընտանիքի անդամների և բարեկամների առկայության պատճառով։ Մյուս կողմից, սկսեց ազդել 1990-ականներին ծնելիության անկումը՝ նվազեց ծնունդների քանակը։  

Միգրացիոն բալանսի դինամիկայի տեսակետից, փուլերի քանակը չորսն է (Գծապատկեր 5)։

Գծապատկեր 5. Միգրացիոն գումարային սալդոն և միգրացիոն միջին տարեկան սալդոն Հայաստանում, 1992-2017թթ. 1000 մարդ։

1992-1994՝ բնակչության շատ ինտենսիվ արտահոսքի փուլ, երբ չորս տարում բացասական գումարային միգրացիոն բալանսը կազմեց 498,000 մարդ, կամ տարեկան միջին հաշվով 166,000 մարդ։

1995-2001՝ բնակչության ինտենսիվ արտահոսքի փուլ, երբ  բացասական գումարային միգրացիոն բալանսը կազմեց 239,000 մարդ, կամ տարեկան միջինում 34,000 մարդ։

2002-2007՝ բնակչության փոքր, սակայն դրական ներհոսքի փուլ, երբ միգրացիոն գումարային բալանսը կազմեց 20,000 մարդ, իսկ տարեկան միջին միգրացիոն բալանսը կազմեց 3,000 մարդ։ Դրա հիմնական գործոնն էր՝ համաշխարհային տնտեսության վերելքը, որի հետևանքով աճեց նավթի գինը՝ $25 (1998)-ից մինչև $150 (2008)։ Արդյունքում՝ աճեց Ռուսաստանի տնտեսությունը, ինչպես նաև Ռուսաստանում հայկական կապիտալը, որը ներհոսեցին Հայաստանի շինարարության ոլորտ և առաջացրեց տնտեսական աճի մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Հայաստանի տնտեսությունը սկսեց աճել տարեկան միջինում 10%-ով, բնակչության արտահոսքը սկսեց նվազել, իսկ 2004, 2005 և 2006թթ․ առաջացավ դրական միգրացիոն սալդո։

2008-2017՝ սկսվեց հերթական համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը բացասական ազդեցությունը Հայաստանի վրա նկատվեց 2009-ին՝ տնտեսությունը կրճատվեց 14%-ով: Հայաստանում վերականգնվեց բնակչության ինտենսիվ արտահոսքը՝ տարեկան միջինում 37,000 մարդ, որը շարունակվեց մինչև 2017թ․ ներառյալ։ Բացասական միգրացիոն բալանսը կազմեց 373,000 մարդ։ Այդ տարիներին սկսեց արտահայտվել նաև 1990-ականներին ծնելիության աստիճանական նվազման հետևանքը՝ նվազում էր վերարտադրողական տարիքի հասնող աղջիկների, հետևաբար նաև ծնունդների թիվը։ Դրան ավելացավ նաև պտղաբերության գործակցի աստիճանական անկումը։ Արդյունքում, Հայաստանում բնակչության բնական աճի ազդեցությունը բնակչության թվաքանակի վրա դարձավ աննշան։

Հաջորդ հոդվածներում, նկարագրված ընդհանուր կոնտեքստում կներկայացվեն Հայաստանի ժողովրդագրական վիճակը, այդ թվում՝ բնական աճը և միգրացիոն բալանսը պայմանավորող տարաբնույթ գործոնները, դրանց ազդեցության ուղղությունները և ազդեցության թվային գնահատականները։


[1] Տես՝ Валлерстайн Иммануэль, После либерализма: Пер. с англ. / Под ред. Б. Ю. Кагарлицкого. М.: Едиториал УРСС, 2003. - 256 с.

[2] Հայաստանում բնական վերարտադրության դինամիկան ժողովրդագրական անցման փուլերի կոնտեքստում նախատեսվում է դիտարկել հաջորդ հրապարակումներում։

[3] Ходжабекян В. Е. Демография и проблемы занятости в Армении с начала XIX века до середины XXI века. (Институт экономики им. М. Котаняана НАН РА, Е.: Изд.-во «Гитутюн» НАН РА, 2006, 505 ст.

[4] Մեր ենթադրում ենք, որ միգրացիոն մնացորդի համեմատաբար ավելի ճշգրիտ գնահատական է տարվա ընթացքում բոլոր սահմանահատումների՝ մեկնումների և ժամանումների տարբերությունը։

[5] Այս փուլին վերաբերվող տվյալները ներկայացված են ըստ ակադ. Խոջաբեկյանի նշված աշխատության՝ էջ 28-56։

[6] Նույն տեղը՝ էջ 56:

[7] Բնական աճի գործոնները կդիտարկվեն հաջորդ հոդվածներում։

[8] Նույն տեղը՝ էջ 34։

[9] Նույն տեղը՝ էջ 44։

[10] Նույն տեղը՝ էջ 79։

[11] Նույն տեղը, էջ 101։

[12] Նույն տեղը, էջ 101։

[13] 1917-1991թթ․ այդ սպառնալիքի հավանականությունը միշտ եղել է շատ բարձր։ Այն լայնամասշտաբ կերպով իրականացվել է՝ 1918-1921թթ․ և 1941-1945թթ․։ Եղել են նաև մի շարք փոքր մասշտաբի, ինչպես նաև լատենտ և միջնորդավորված ընդհարումներ։

1919-1940թթ․ զարգացած կապիտալիստական երկրների հատուկ ծառայությունները, սոցիալիստական հասարակարգին թշնամաբար վերաբերվող խմբերի միջոցով, կազմակերպում էին դիվերսիաներ, սպանություններ, տնտեսության հանգուցային ճյուղերի և ձեռնարկությունների կազմալուծման բազմաթիվ հաջողված և չհաջողված փորձեր, հրահրում և բորբոքում էին ԽՍՀՄ-ում օբյեկտիվորեն առկա սոցիալական, դասակարգային և ազգամիջյան կոնֆլիկտները։ ԽՍՀՄ ներսում իրականացվում էր այդ խմբերի ֆինանսավորում, զենքի մատակարարում և կազմակերպչական աջակցություն, իսկ դրսում՝ քաղաքական, գաղափարախոսական և քարոզչական աջակցություն։

Վերը նշվածը, ինչպես նաև խորհրդային պետության այլ՝ սոցիալական և կառավարչական պրոբլեմները (կաշառակերությունը, գանձագողությունը, հովանավորչությունը, բյուրոկրատացումը), այդ թվում՝ պետության և հասարակարգի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման հարցում անհատական մոտեցում ցուցաբերելու անկարողությունը, ԽՍՀՄ-ում առաջացրեցին 1930-ական թվականների զանգվածային բռնաճնշումներն ու տեղահանությունները, որոնք տեղի են ունեցել և՛ հանցագործների, և՛ բազմաթիվ անմեղ մարդկանց, ամբողջական էթնիկ խմբերի նկատմամբ, այդ թվում նաև հայերի։ Իսկ անարդար բռնաճնշումները դրական հակադարձ կապով սրում էին նշված պրոբլեմները։

[14] Տես՝ Джон Кеннет Гелбрейт. Экономика невинного обмана: правда нашего времени. - М.: Издательство «Европа», 2009. - 88 с.

[15] Эрлихман В. В. Потери народонаселения в XX веке. Справочник. М.: Русская панорама, 2004.

[16] F. Krimgold. Economic and social impacts of Armenia earthquake. Earthquake Engineering, Tenth World Conference, 1994, 7011-7015 http://www.iitk.ac.in

[17] Демоскоп Weekly, http://www.demoscope.ru

[18] Ադամյան, Թորգոմ (2016) 1926 թ. Լենինականի և 1988թ. Սպիտակի երկրաշարժերի համեմատական վերլուծության փորձ. Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ, № 19. pp. 164-172. ISSN 1829-4316: http://shirak.asj-oa.am/573/1/164.pdf, էջ 170։