Ժողովրդագրական անցման փուլերը Հայաստանում

29 ր.   |  2019-06-19

Իրավիճակը

Հ այաստանի ժողովրդագրական վիճակի մասին տարբեր հրապարակումներում հիմնականում ներկայացվում և մեկնաբանվում են այդ վիճակը նկարագրող ցուցանիշները և դրանց փոփոխությունները։ Ժողովրդագրական վիճակի փոփոխությունների փուլայնացումը կատարվում է առանց հաշվի առնելու տեսական շրջանակը, ինչը դժվարացնում է Հայաստանում ժողովրդագրական միտումների կառավարման հարցում գիտական մոտեցումների կիրառումը։

Խնդիրը

Հ ոդվածում փորձ է կատարված առկա տվյալների շրջանակում.

  1. Ժողովրդագրական անցման տեսության շրջանակներում նույնականացնել Հայաստանում ժողովրդագրական անցման փուլերի ժամանակահատվածները,
  2. Նույնականացնել, թե Հայաստանի հասարակությունը ժողովրդագրական անցման ո՞ր փուլում է,
  3. Վեր հանել Հայաստանում ժողովրդագրական անցման փուլերի յուրահատկությունները։

Ժողովրդագրական անցման տեսական մոտեցումները

Ժ ողովրդագրական անցումը պրոցես է, երբ հասարակությունը բարձր ծնելիությամբ և բարձր մահացությամբ բնութագրվող ժողովրդագրական վիճակից անցնում է ցածր ծնելիությամբ և ցածր մահացությամբ վիճակին։

Ժողովրդագրական անցումը բացատրող բոլոր տեսություններն այն դիտում են որպես հասարակության զարգացման պատմական երկարատև դարաշրջանների (նախնադարյան, ագրարային և արդյունաբերական) միմյանց հաջորդող գործընթացի բաղկացուցիչ մաս։ Տեսությունները հիմնավորել են, որ յուրաքանչյուր դարաշրջան ունի բնակչության վերարտադրության իր յուրահատուկ սկզբունքը։ Այս միասնական հայեցակարգի շրջանակում ժողովրդագրական անցումը բացատրող տեսությունները բաժանվում են երկու խմբի։

Առաջին խմբի հիմնական կանխադրույթն այն է, որ ագրարային և արդյունաբերական հասարակություններում ծնելիության կարգավորման մեխանիզմները էապես տարբերվում են։ Ագրարային հասարակություններում այն ունի իռացիոնալ, իսկ ինդուստրիալ հասարակություններում՝ ռացիոնալ բնույթ։ Ագրարային հասարակությունում ծնելիության կարգավորման մեխանիզմն անվանվել է իռացիոնալ, քանի որ շատ բարձր մահացության պայմաններում, հասարակությունն իր անդամների թվաքանակը պահպանելու և ավելացնելու համար չունի այլ տարբերակ՝ բացի նույնքան բարձր ծնելիությունը։ Իսկ եթե տարբերակներ չկան, ապա մարդիկ չունեն ռացիոնալ ընտրության հնարավորություն։

Ի տարբերություն՝ ինդուստրիալ հասարակությունում, որտեղ մահացության մակարդակը նշանակալիորեն ավելի ցածր է, իրենց վերարտադրողական վարքում մարդիկ ձերբազատված են բարձր մահացության պատճառով շատ երեխաներ ունենալու «պարտադրանքից»։ Վերարտադրողական վարքում նրանք ունեն ընտրության հնարավորություն, օրինակ՝ քանի՞ երեխա ունենալ կամ ե՞րբ երեխա ունենալ։ Իսկ եթե կա ընտրության հնարավորություն, ապա առաջանում են նաև դրա վրա ազդող գործոններ, այդ թվում՝ տնտեսական, սոցիալական, արժեքային և բարոյական։ Հետևաբար, ինդուստրիալ հասարակություններում մարդկանց վերարտադրողական վարքում առկա է «ռացիոնալ» ընտրության հնարավորություն։ Այս մոտեցումը մշակվել է XX դարի կեսերին։

Դիտարկվող մոտեցման կողմնակիցները, ուսումնասիրելով տարբեր հասարակություններում ժողովրդագրական անցման պրոցեսները, դուրս են բերել երկու տեսական եզրակացություն։

Առաջինը՝ ծնելիության մակարդակը պայմանավորված է մահացության մակարդակով, ընդ որում՝ այդ փոխկապվածության մեխանիզմն ունի հոմեոստատիկ բնույթ՝ միտված է ծնելիության և մահացության մակարդակները հավասարակշռելու այնպես, որ դրանք, ի վերջո, կայունացնեն հասարակության անդամների քանակը։ Հետևաբար, պատմական ժամանակաշրջաններում բազմիցս դիտարկված մահացության առաջանցիկ նվազումը, որին հետևում է ծնելիության համապատասխան նվազումը, վերջին հաշվով հանգեցնելու է մահացության և ծնելիության մոտավորապես հավասար և ցածր մակարդակներով բնութագրվող ժողովրդագրական կայուն վիճակի։ Այս մոտեցման կողմնակիցները նկարագրված մոդելը համարում էին ունիվերսալ։

Չնայած ժամանակի ընթացքում տարբեր երկրներում և հասարակություններում ժողովրդագրական անցման պրոցեսի ուսումնասիրությունները բացահայտել են այս մոդելից բազմաթիվ շեղումներ, սակայն, այնուամենայնիվ, ներկայումս, այն ՄԱԿ-ի ժողովրդագրական կանխատեսումների հիմքն է։

Նկարագրված մոտեցման շրջանակում ժողովրդագրական անցման մոդելը կազմված է 4 փուլից, որոնք ներկայացված են Գծապատկեր 1-ում։ Քանի որ մոդելը կազմավորված է եվրոպական երկրների համար հավաքագրված էմպիրիկ տվյալների հիման վրա, իսկ IV փուլը դեռևս չի ավարտվել, ժողովրդագիրները հակված չեն այդ մոդելի հիման վրա միարժեք կանխատեսումներ կատարել այն մասին, թե ինչպե՞ս կարող են ընթանալ ժողովրդագրական պրոցեսները, եթե պարզվի, որ IV (հոմեոստատիկ) փուլը նույնպես վերջավոր է։


Գծապատկեր 1. Ժողովրդագրական անցման 4 փուլային մոդելը։

Մոդելի փուլերն ունեն հետևյալ հիմնական բնութագրերը։

I-ին փուլը տևել է մ.թ.ա. մոտ 8-րդ հազարամյակից մինչև արդյունաբերական հեղափոխության սկիզբը (պայմանականորեն՝ Անգլիայում 1750թ.)։ Համապատասխանում է նախնադարյան (որսորդական, հավաքչական) և վաղ ագրարային դարաշրջաններին։ Այս փուլում՝ մանկական և երեխաների մահացության շատ բարձր մակարդակի, հաճախակի համաճարակների, սովի և բնական աղետների հետևանքով, մահացության մակարդակը շատ բարձր է (~ 40-45‰, տես՝ Աղյուսակ 1): Մոտավորապես նույն մակարդակի վրա է նաև ծնելիությունը (~ 40-45‰)։ Այդ պատճառով երկարատև ժամանակահատվածում բնական աճը բացակայում է՝ այն տատանվում է 0%-ի շուրջը (Գծապատկեր 1-ում տես՝ աջ կողմի ուղղահայաց առանցքի մասշտաբը)։ Ենթադրվում է, որ այս փուլում պտղաբերության գործակիցը կազմել է 6-8 երեխա, իսկ կյանքի միջին տևողությունը՝ 30-35 տարի։

Հաջորդ՝ II փուլին անցումը պայմանավորվել է արդյունաբերական հեղափոխությամբ և ավելի բարձր արտադրողական գյուղատնտեսության զարգացմամբ։

 Ժողովրդագրական անցման փուլեր

 Ծնելիություն, % 

 Մահացություն, % 

 Բնական աճ, % 

 Պտղաբերության գործակից

 Կյանքի միջին տևողությունը, տարի

  I փուլ

  45-50

  40-45

  5

  6-8

  30-35

  II փուլ

  30-40

  15-20

  15-20

  4-5

  50-55

  III փուլ

  12-15

  8-10

  4-5

  2-3

  65-70

  IV փուլ

  8-10

  7-9

  1-2

  1-2

  75-80

Աղյուսակ 1. Բնական վերարտադրության բնութագրերն ըստ ժողովրդագրական անցման փուլերի (միջինացված արժեքներ) Աղբյուրը՝ [2, էջ 72]։

II փուլ. պայմանականորեն սկսվել է 1750թ.-ից։ Ներկայում աշխարհի բոլոր երկրներում ժողովրդագրական անցման պրոցեսները գտնվում են առնվազն այս փուլում։ II փուլում գյուղատնտեսությունն ունի ֆերմերային բնույթ՝ կայուն և հուսալի պարենի արտադրությամբ։ Որպես հետևանք՝ նվազել է զանգվածային սովի հավանականությունը։ Մյուս կողմից, գիտության զարգացումը հանգեցրել է «բժշկական հեղափոխության»՝ աստիճանաբար հաղթահարվել են համաճարակները։ Նշված երկու հիմնական գործոնների հետևանքով, մահացությունը սկսել է [պատմական դարաշրջանների տևողության համեմատ] արագ նվազել՝ 40-45‰-ց հասնելով մինչև 15-20‰։ Սակայն, ծնելիության մակարդակը շարունակել է մնալ շատ բարձր՝ ~ 40-45‰։ Արդյունքում սկսվել է բնակչության շատ կտրուկ աճ, որը չնայած հետագայում նվազել է, սակայն, այնուամենայնիվ, մնացել է շատ բարձր մակարդակի վրա։ Ենթադրվում է, որ այս փուլում կնոջ պտղաբերության գործակիցը կազմել է մոտ 4-5 երեխա, իսկ կյանքի միջին տևողությունը՝ 50-55 տարի։

III փուլի սկիզբն ընդունված է համարել XX դարի սկիզբը։ Շատ երկրներում այդ փուլը շարունակվում է մինչև օրս։ III փուլում հասարակության ժողովրդագրական վիճակի վրա առավել հզոր ազդեցություն ունեցող բնութագրերն են՝ ուրբանիզացման բարձր մակարդակը, տնտեսությունում երկրորդային (մշակող) և երրորդային (ծառայությունների) սեկտորների գերակշռումը։ Տնտեսության այդպիսի կառուցվածքի դեպքում ընդլայնված ընտանիքի պահանջը նվազում է: Առողջապահության զարգացումն առաջացնում է բնական աճի վրա ազդող մեկ այլ կարևոր գործոն՝ սկսում է նվազել մանկական մահացությունը։ Չնայած ընդհանուր մահացության շարունակում է նվազել, սակայն՝ ավելի դանդաղ տեմպով՝ 15‰-ից մինչև 5‰։ Մյուս կողմից, սկսվում է ծնելիության արագ նվազումը՝ 40-45‰-ից մինչև 12-15‰։ Արդյունքում՝ նվազում է բնական աճի տեմպը՝ ձգտելով 0% մակարդակին։ Կնոջ պտղաբերության մակարդակը միջինում կազմում է 2-3 երեխա, իսկ կյանքի միջին տևողությունը՝ 60-75 տարի։

IV փուլ. համարվում է, որ այն սկսվել է 1990-ականներից և շարունակվում է մինչ օրս։ Այս փուլում խիստ աճում է ուրբանիզացման մակարդակը, սկսում է փոփոխվել ընտանիքի կառուցվածքը՝ առաջանում են ավանդական և ինդուստրիալ հասարակություններում գոյություն չունեցող ընտանիքի տեսակներ։ Կնոջ էմանսիպացիայի բարձր մակարդակը արմատապես փոխում է նրա դերը հասարակությունում։ Առաջանում են ծնունդների վերահսկման (հղիությունների կանխարգելման) արդյունավետ միջոցներ։ Ինչպես մահացության, այնպես էլ ծնելիության մակարդակը շատ ցածր է՝ 10‰-ի կարգի։ Սկսում է հաստատվել բնակչության 0% աճը։ Կնոջ պտղաբերության գործակիցը նվազում է մինչև 1-2 երեխա, ինչն ավելի ցածր է, քան անհրաժեշտ է երկարատև ժամանակահատվածում (20 և ավելի տարի) բնակչության բնական վերարտադրության համար՝ 2.1։

Անդրադառնանք ժողովրդագրական անցման տեսությունների երկրորդ խմբին։

Տեսությունների երկրորդ խմբի առանձնահատկությունն այն է, որ դրա կողմնակիցները հրաժարվել են այն գաղափարից, որ ժողովրդագրական անցման պրոցեսը ձգտում է հոմեոստազի։ Նրանք հակված են ծնելիության և մահացության պրոցեսները դիտարկել միմյանցից հարաբերականորեն անկախ՝ համարելով, որ ժողովրդագրական անցման տարբեր փուլերում գոյություն չունեն ծնելիությունը պայմանավորող ունիվերսալ գործոններ։ Տարբեր հասարակություններում, երկրներում և դրանց պատմական ժամանակաշրջաններում կարող են լինել գործոնների տարբեր ենթաբազմություններ։

Այս մոտեցման շրջանակներում դուրս են բերվել մի քանի եզրակացություն.

  1. Բոլոր հասարակություններում (և՛ ագրարային, և՛ ինդուստրիալ, և՛ հետինդուստրիալ) ծնելիության մակարդակը ռացիոնալ է և պայմանավորված է ընտանիքի կառուցվածքով և ընտանիքում տնտեսական հարաբերություններով, մասնավորապես՝ տնտեսական արդյունքների հոսքի ուղղություններով։
  2. Ագրարային հասարակության հիմնական բնութագրերից է այն, որ տնտեսության հիմքը միասնական տնտեսություն վարող ընդլայնված ընտանիքն է։ Այդ ընտանիքներում տնտեսական արդյունքները հոսում են ընտանիքի կրտսեր անդամներից դեպի ավագ անդամները, որի պատճառով երեխաների մեծ թիվը տնտեսապես շահավետ է։ Բացի դրանից, մեծ և հարուստ ընտանիքը բարձրացնում է ընտանիքի գլխավորի սոցիալական կարգավիճակը։
  3. Ինդուստրիալ հասարակությունում ընտանիքի անդամների մեծ մասն աշխատում է ընտանիքից դուրս, որի հետևանքով ավանդական ընդլայնված ընտանիքի՝ որպես տնտեսական միավորի, հիմքերը խարխլվում են։ Արդյունքում, ծնելիության բարձր մակարդակը դառնում է տնտեսապես աննպատակահարմար։ Ընտանիքում երեխաների ցանկալի թվաքանակը նվազում է, իսկ սահմանային դեպքում՝ տնտեսապես առավել նպատակահարմար է դառնում երեխա չունենալը։
  4. Ինդուստրիալ հասարակությունում ավանդական ընտանիքը կարող է պահպանվել (ինչը դիտվել է մի շարք ասիական երկրներում), եթե պահպանվեն սերունդների միջև ավանդական հիերարխիան, այդ թվում՝ տնտեսական արդյունքների հոսքը՝ երիտասարդ սերունդներից դեպի ավագ սերունդը։

Հետևաբար.

  • Ժողովրդագրական անցումը (որը տրված է Գծապատկեր 1-ում) ունիվերսալ մոդել չէ, այն պայմանավորված է ոչ միայն հասարակության արդյունաբերականացման մակարդակով և արագությամբ, այլև հասարակության արևմտականացման (վեստերնիզացման) աստիճանով՝ արևմտյան արժեքային և վարքագծային նորմերի, կրթության և կանանց էմանսիպացիայի տարածմամբ։

Երկրորդ մոտեցման եզրակացություններից հետևում է, որ միարժեքորեն պարզ չէ, թե ժողովրդագրական անցման դասական մոդելի իրականացումից հետո ինչ կարող է տեղի ունենալ, հատկապես՝ ոչ եվրոպական երկրներում։ Հնարավոր են և՛ բնակչության բնական աճը և՛ նվազումը։

Հայաստանում ժողովրդագրական անցման փուլերի նույնականացումը և առանձնահատկությունները

Փ որձենք նույնականացնել Հայաստանում ժողովրդագրական անցման փուլերը Հայաստանի ժողովրդագրական առկա տվյալների համադրումով Գծապատկեր 1-ում տրված ժողովրդագրական անցման մոդելի բնութագրերի հետ։ Հարկ է նշել, որ այդ մոդելի բնութագրերը պայմանական են` նկարագրում են հիմնականում եվրոպական երկրներում ժողովրդագրական անցման պրոցեսի միջինացված պատկերը, իսկ մեր տրամադրության տակ եղած տվյալները՝ սահմանափակ։ Հետևաբար, հոդվածում ներկայացվող փուլայնացումը չի կարող դիտվել որպես միակ հնարավորը։ Ինչպես Հայաստանի հավաստի ժողովրդագրական տվյալների ժամանակային ընդլայնման և վերլուծության, այնպես էլ ավելի սպեցիֆիկ տեսական մոդելների համադրման արդյունքում կարող են իրականացվել Հայաստանում ժողովրդագրական անցման այլընտրանքային փուլայնացումներ։

Հարկ է նաև նշել, որ Հայաստանում ժողովրդագրական անցման փուլերի նույնականացումը և դրանց առանձնահատկությունների բացահայտումը հնարավոր է այդ երկու խնդիրների համաժամանակյա դիտարկման դեպքում, որոնց անալիտիկ առանձնացումը կհանգեցներ և՛ առաջին, և՛ երկրորդ խնդիրների ոչ ադեկվատ լուծումների։

Ժողովրդագրական անցման II փուլի առանձնահատկությունները Հայաստանում

Փ որձենք նույնականացնել Հայաստանում ժողովրդագրական անցման փուլերը՝ համադրելով Հայաստանի ուրբանիզացման (ինդուստրացման) դինամիկան 1897-2017թթ. (Գծապատկեր 2) և ծնելիության և մահացության ընդհանուր գործակիցների դինամիկան՝ 1913-2017թթ. (Գծապատկեր 3)։

Նախ՝ պարզ է, որ.

  • 1897 թ.-ին Հայաստանն արդեն գտնվում էր ժողովրդագրական անցման II փուլում։

Այստեղ արդեն կային և՛ արդյունաբերություն (պղնձաձուլարաններ, գինու և կոնյակի արտադրություններ) և՛ ագարակային խոշոր հողատարածքներ, և՛ առողջապահական հիմնարկներ։ Հարցն այն է, թե II փուլի ո՞ր հատվածում էր Հայաստանը։

Հայաստանի ուրբանիզացման դինամիկան

1 897-1913թթ. Հայաստանն ագրարային երկիր էր՝ քաղաքային բնակչությունը 1897-ին՝ 12% էր, իսկ 1913-ին՝ 10% (Գծապատկեր 2):

1920թ.-ին քաղաքային բնակչությունն արդեն 17% էր: Պետք է ենթադրել, որ այդ աճը հետևանք էր ոչ թե արդյունաբերական զարգացման, այլ՝ տեղի էր ունեցել Առաջին Համաշխարհային և անդրկովկասյան պատերազմների հետևանքով՝ փախստականների ներհոսքի և նրանց առավելապես քաղաքներում բնակեցնելու պատճառով։

Խորհրդային շրջանում Հայաստանում տեղի է ունեցել քաղաքային բնակչության անընդհատ աճ։ Դրա տեմպերը (Գծապատկեր 2, կապույտ գիծը) կազմել են.

  • 1920-1940թթ. ընթացքում՝ տարեկան միջինը 0.6%,
  • 1940-1960թթ.՝ 1.1%,
  • 1960-1980թթ.՝ 0.8%,
  • 1980-1991թթ.՝ 0.2%։

Իսկ Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին 10 տարիների ընթացքում՝

  • 1991-2000թթ. տեղի է ունեցել Հայաստանի ապաուրբանիզացում՝ քաղաքային բնակչությունն այդ տարիներին նվազել է տարեկան միջինը՝ 0.6%-ով,
  • 2001-2017թթ. քաղաքային բնակչության մակարդակը չի փոխվել։


Գծապատկեր 2.
Հայաստանի ուրբանիզացման դինամիկան։ Հայաստանի քաղաքային բնակչությունը 1897-2017թթ. և քաղաքային բնակչության տարեկան միջին աճը։ (Տարեկան միջին աճը հաշվարկվել է որպես երկու հաջորդական առկա տվյալներ ունեցող տարիներին քաղաքային բնակչության տոկոսների տարբերությունը բաժանած անդ կետերի միջև տարիների քանակին)։

Հայաստանում ծնելիության պրոցեսի առանձնահատկությունները 1913-1960թթ.

1 913թ.-ին Հայաստանում ծնելիության մակարդակը կազմել է 46.3‰, իսկ մահացության մակարդակը՝ 17.0‰։

  • Այս ցուցանիշները համապատասխանում են ժողովրդագրական անցման պրոցեսի II փուլին։

Գծապատկեր 3-ի տվյալների ուշադիր դիտարկումը թույլ տալիս ենթադրել, որ 1913-1960թթ. կամ 47 տարում Հայաստանում ծնելիության մակարդակը կարող է բացատրվել մեկ ստացիոնար պրոցեսով (Գծապատկեր 3-ի վրա կապույտ գիծը), որին վերադրվել են մի քանի ավելի կարճ ժամանակահատվածների «յուրահատուկ» ազդեցությունները:


Գծապատկեր 3. Ծնելիության, մահացության և բնական աճի ընդհանուր գործակիցները Հայաստանում, 1913թ., 1923-2017թթ.։ 1923-1935 թթ. Ходжабекян В. Е. Демография и проблемы занятости в Армении с начала XIX века до середины XXI века. (Институт экономики им. М. Котаняана НАН РА, Е.: Изд.-во «Гитутюн» НАН РА, 2006, 505 ст., Մենագրությունից, էջ՝ 101։ 1940-2017թթ. տվյալները վերցված են ՀՀ ԱՎԾ «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու» 2000-2018թթ. հրապարակումներից։

Ստացիոնար պրոցեսը կարելի է դիտել, եթե 1913 (46.3‰), 1935 (42.4‰), 1940 (41.2‰) և 1960 (40.1‰) թվականներին ծնելիության մակարդակները ընդունենք, որպես այդ պրոցեսը բնութագրող «խարիսխային» արժեքներ։ Ծնելիության ստացիոնար պրոցեսը նկարագրվում է ուղիղ գծով, որն անցնում է 1913 և 1960թ. արժեքների վրայով և մոնոտոն նվազում է՝ տարեկան միջինը՝ -0.13‰-ով։

Փորձենք բացատրել Հայաստանում 1913-1960թթ. ընթացքում ծնելիության նվազման ստացիոնար պրոցեսին վերադրված յուրահատուկ ժամանակահատվածները, դրանց ազդեցությունը և ազդեցության պատճառները։

Առաջին «յուրահատուկ» ժամանակահատվածը 1913-1923թթ-ն է, որտեղ արտահայտվել է Առաջին Համաշխարհային և Անդրկովկասյան պատերազմների ազդեցությունը՝ ծնելիությունը նվազել է։ Ըստ երևույթին, առավելագույն անկման կետը 1920-ին էր, որի վերաբերյալ մենք տեղեկություններ չունենք։

Երկրորդ «յուրահատուկ» ժամանակահատվածը 1920 (1923)–1926թթ-ն էր. խաղաղության, ապահովության և բարեկեցության աճին զուգահեռ ծնելիությունն աճել է՝ նույնիսկ գերազանցելով 1913թ. մակարդակը։

Երրորդ «յուրահատուկ» ժամանակահատվածը սկսվել է հավանաբար 1926-ից հետո՝ արդյունաբերականացմանը զուգահեռ՝ 2-3 տարի ժամանակային լագով՝ սկսվել է ծնելիության անկումը, որը տևել է մինչև 1940թ.։ Չի բացառվում, որ ազդեցությունն է գործել նաև այդ տարիներին տեղի ունեցած կոլեկտիվացումը և բռնաճնշումները, որոնք առաջացրել են ապագայի նկատմամբ անորոշության զգացողություն։

Չորրորդ «յուրահատուկ» ժամանակահատվածը 1941-1945թթ.՝ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակահատվածն էր՝ մեծ թվով տղամարդկանց պատերազմին մասնակցելու պատճառով տեղի է ունեցել ծնելիության նշանակալի անկում, որի ցածրակետը 1944-ին էր։

Հինգերորդ «յուրահատուկ» ժամանակահատվածն էր 1948-1953-ն է, երբ հետպատերազմյան շրջանում սկսվել է բնակչության կենսամակարդակի աննախադեպ արագ վերականգնումը, ինչպես նաև խաղաղության պայմաններում լուսավոր սոցիալիստական ապագային սպասումները։ Դրա մասին են վկայում Աղյուսակ 2-ի տվյալները՝ 1952թ.-ին 1947թ. համեմատ սպառողական ապրանքների գների ինդեքսը նվազել է 2 անգամ։ Հատկապես արագ իջնում էր պարենամթերքի գինը։ Արդյունքում տեղի է ունեցել ծնելիության մակարդակի վերականգնում մինչև 38.1‰ (1952թ.)։

  Ապրանքատեսակներ

1947, IV եռ. (մինչև դեկ. 16)

1947, դեկտ. 16

1949, մարտի 1

1950, մարտի 1

1951, մարտի 1

1952, ապրիլի 1

  Բոլոր ապրանքատեսակները

100

83

71

57

53

50

  Պարենային ապրանքներ

100

82

68

53

48

43

  Հաց և հացամթերք

100

81

73

53

45

39

  Միս և թռչնի միս

100

88

79

59

50

42

  Երշիկեղեն

100

85

76

57

49

41

  Ձուկ և տառեխի տեսակներ

100

80

72

60

54

54

  Կենդանական յուղ

100

80

72

48

41

37

  Բուսական յուղ

100

84

84

76

76

60

  Շաքար

100

63

63

55

55

49

  Ոչ պարենային ապրանքներ

100

86

78

65

63

62

  Բամբակյա կտորեղեն

100

78

78

66

66

66

  Բրդյա կտորեղեն

100

127

115

95

95

95

  Մետաքս

100

88

79

73

73

73

  Հագուստ

100

111

104

89

89

89

  Տրիկոտաժ

100

83

83

76

76

76

  Գուլպաներ

100

89

85

71

71

71

  Կաշվե կոշկեղեն

100

73

70

59

59

59

  Ռետինե կոշկեղեն

100

29

29

26

26

26

Աղյուսակ 2. ԽՍՀՄ հասարակության բարեկեցության աճը հետպատերազմական 1947-1953թթ. շրջանում։ Պետական մանրածախ գների ինդեքսները ԽՍՀՄ-ում 1947-1952թթ., տոկոսներով՝ 1947թ. IV եռամսյակի համեմատ։

Վեցերորդ «յուրահատուկ» ժամանակահատվածը՝ 1952-1960թթ. նախորդ ժամանակահատվածի շարունակությունն էր, սակայն բարեկեցության աճի փոքր-ինչ ավելի դանդաղ տեմպով։ Արդյունքում 1960թ. Հայաստանում ծնելիության մակարդակը հասավ 40.1‰։

Այժմ, եթե անդրադառնանք Գծապատկեր 3-ում Հայաստանում ծնելիության պատկերին 1960թ.-ից հետո, ապա պարզ է դառնում, որ ծնելիության իրական անկումը, որը պայմանավորված է ժողովրդագրական անցման փուլերի առանձնահատկություններով, սկսվել է 1960թ.-ից հետո։

Այսպիսով, Հայաստանում 1913-1960թթ. ծնելիության պրոցեսի ստացիոնար և յուրահատուկ փուլերի, ինչպես նաև ծնելիության պրոցեսի 1960թ.-ից հետո պատկերի դիտարկումը թույլ է տալիս բավարար հիմնավոր կերպով պնդել, որ.

  • Ծնելիության պրոցեսի տեսակետից, Հայաստանում ժողովրդագրական անցման II և III փուլերի միջև սահմանագիծն անցնում է մոտավորապես 1960թ.-ով։
Հայաստանում մահացության առանձնահատկությունները 1913-1962թթ.

Ն ախ քննենք Հայաստանում մահացության դինամիկան 1913-2017թթ. (Գծապատկեր 3), որը կարելի է բաժանել երկու կամ երեք ժամանակահատվածների։ Առաջին բաժանման դեպքում ստանում ենք.

  1. 1913-1971թթ.՝ մահացության վարընթաց ժամանակահատված՝ 46.3‰-ից մինչև 4.9‰ և
  2. 1971-2017թթ.՝ մահացության վերընթաց ժամանակահատված՝ 4.9‰-ից մինչև 9.1‰։

Երկրորդ դեպքում ստանում ենք.

  1. 1913-1963թթ.՝ մահացության արագ նվազման ժամանակահատված՝ 46.3‰-ից մինչև 5.8‰, կամ՝ տարեկան միջինը 0.37‰,
  2. 1963-1987թթ.՝ մահացության համարյա անփոփոխ ժամանակահատված՝ մոտ 5.7-5.8‰,
  3. 1987-2017թթ.՝ մահացության աճի ժամանակահատված՝ 5.7‰-ից՝ 9.1‰։

Երկու դեպքում էլ՝ մահացության 1913-1963թթ., ծնելիության պրոցեսին համանման, մոտարկվում է ուղիղ վարընթաց գծով (Գծապատկեր 2, մահացության գրաֆիկի վրա կարմիր ուղիղը)։ Եվ, այդ ուղիղ գծի վրա դիտվում են մի քանի յուրահատուկ ժամանակահատվածներ։

Առաջին յուրահատկությունը վերաբերվում է 1913-1926 թթ.-ին։ Այստեղ, 1923թ. դեպքում՝ 1913թ. համեմատ, տեղի է ունեցել մահացության մակարդակի մեծ և «անբացատրելի» անկում։ Որպես բացատրություն կարելի է առաջ քաշել հետևյալ վարկածը.

  • 1913-1923թթ. առողջապահական համակարգի ցածր զարգացման և պատերազմական տարիներին փաստացի անհասանելիության պայմաններում, մանկական (մինչև 1 տարեկան) և երեխաների (մինչև 5 տարեկան) խիստ բարձր մահացությունը պատճառով, ծնելիության անկումը հանգեցրել է մահացության մակարդակի անկման։

Դիտարկվող տարիների համար մենք չունենք տվյալներ ստուգելու համար առաջ քաշված վարկածը։ Սակայն, որպես անուղղակի հիմնավորում կարելի է ընդունել Գծապատկեր 4-ի տվյալները, որոնք կդիտարկենք հաջորդիվ։

1923-1926թթ. ընթացքում, Հայկական ԽՍՀ-ում առողջապահական համակարգի զարգացման արդյունքում սկսել է նվազել մահացությունը (եթե 1919թ.-ին Հայաստանում կար 6 հիվանդանոց և 212 մահճակալ, ապա 1925-ին՝ 22), որի հետևանքով, ծնելիության անկման ցուցանիշը «վերադարձել» է մահացության նվազման ստացիոնար պրոցեսը ներկայացնող գիծը։

Հաշվի առնելով այն դրույթը, որ ժողովրդագրական անցման II փուլում մահացությունը նվազում է մինչև 15-20‰, կարող ենք եզրակացնել, որ.

  • 1923թ.-ին (երբ Հայաստանում մահացությունը կազմել է 12.8‰) Հայաստանի բնակչությունը գտնվում էր առնվազն ժողովրդագրական անցման II փուլի միջին հատվածում (տես՝ Գծապատկեր 1, մահացության գծի վրա կարմիր կետը)։

Երկրորդ յուրահատկությունը՝  1935թ.-ին մահացության մակարդակի խիստ անկումն է՝ 1930թ.-ին 17.7‰-ից մինչև 12.9‰։ Մեր ունեցած տվյալների շրջանակում, այդ փաստը մնում է անբացատրելի։

Երրորդ յուրահատկությունը՝ 1941-1944թթ. մահացության աճը Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների մեծ քանակի հետևանք է։

Չորրորդ յուրահատկությունը՝ 1945-1946թթ. մահացության նվազումը կարող է բացատրվել մեծ թվով երիտասարդ տղամարդկանց բանակից վերադարձով, ինչը փոխել է բնակչության տարիքային կառուցվածքը։ Քանի որ երիտասարդների մահացության տարիքային գործակիցը ամենափոքրն է բոլոր տարիքային մնացած խմբերի համեմատ, նվազել է նաև մահացության ընդհանուր գործակիցը (որը կախված է բնակչության տարիքային կառուցվածքից)։

Հինգերորդ յուրահատկությունը՝ 1946-1948թթ. մահացության աճը կարող է բացատրվել նույն տարիներին ծնունդների աճով և մանկական մահացության բարձր մակարդակով, ինչն ակնհայտորեն երևում է Գծապատկեր 4-ի վրա՝ մանկական և ընդհանուր մահացության գործակիցների տատանումները համընկնում են։


Գծապատկեր 4.
Մանկական մահացությունը, ՀՀ, 1940-2062, Հայաստանի Ժողովրդագրական Ժողովածու, 2018, էջ 77

Այսպիսով, Հայաստանում մահացության պրոցեսի դիտարկման արդյունքների համադրումը ժողովրդագրական անցման տեսական մոդելի հետ, թույլ է տալիս ենթադրել, որ.

  • Մահացության տեսակետից՝ Հայաստանի հասարակությունը հատել է ժողովրդագրական անցման II և III փուլերի սահմանագիծը՝ մոտավորապես 1962թ.-ին, քանի որ այդ տարին մահացության գործակցի կայունացման ժամանակաշրջանի սկիզբն էր՝ իր նվազագույն արժեքի մոտակայքում։
Հայաստանի բնակչության տարիքային կառուցվածքը 1950-1980թթ.

Ժ ողովրդագրական անցման փուլերն ունեն նաև իրենց յուրահատուկ բնակչության սեռատարիքային կառուցվածքները, որոնք կոչվում են սեռատարիքային բուրգեր՝ բուրգի հետ դիագրամների նմանության պատճառով։ Երբեմն սեռատարիքային բուրգերի փոխարեն դիտվում են տարիքային կառուցվածքները։

Գծապատկեր 5-ում տրված են ժողովրդագրական անցման տարբեր փուլերում բնակչության տարիքային կառուցվածքների տիպիկ պատկերները։ Հայաստանի բնակչության տարիքային կառուցվածքի ուսումնասիրությունը նույնպես կարող է հուշել, թե ժողովրդագրական անցման որ փուլում է գտնվում Հայաստանի բնակչությունը։

Գծապատկեր 5. Ժողովրդագրական անցման փուլերում սեռատարիքային բուրգերի տիպիկ պատկերները։

Գծապատկեր 6-ում տրված են Հայաստանում 1950-1980թթ. բնակչության տարիքային կառուցվածքները՝ հիմնված՝ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի բաժանմունքի Բնակչության բաժնի տվյալների վրա։ Ընդ որում՝ 1955-1965թթ. դեպքում՝ 1-ական տարի միջակայքով՝ ավելի ճշգրիտ կերպով նույնականացնելու համար ժողովրդագրական անցման II և III փուլերի սահմանագիծը։





Գծապատկեր 6.
Հայաստանի բնակչության տարիքային կառուցվածք 1950-2025թթ.։ Դիագրամները կառուցված են ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ United Nations DESA/Population Division, World Population Prospects։ 2015թ.-ից հետո տրված են կանխատեսումները։

Նախ՝ այդ գծապատկերների դիտարկումը և համեմատությունը Գծապատկեր 5-ի տիպական պատկերների հետ, ցույց է տալիս, որ Հայաստանի բնակչությունը գտնվում է ժողովրդագրական անցման կամ II կամ III փուլում։ Մասնավորապես, Հայաստանի բնակչության 1980թ. կառուցվածքն ակնհայտորեն նման է ժողովրդագրական անցման III փուլին համապատասխանող կառուցվածքին։ Սակայն, Հայաստանի բնակչության 1950թ. կառուցվածքից դժվար է կատարել միարժեք նույնականացում, քանի որ ավելի վաղ շրջանին վերաբերվող կառուցվածքների վերաբերյալ մենք տեղեկություններ չունենք։

Խնդրի լուծումը, ինչպես ծնելիության և մահացության պրոցեսների ուսումնասիրության դեպքում, ակնհայտ չէ, քանի որ այդ կառուցվածքներն իրենց վրա կրում են ոչ միայն բնակչության բնական աճի, այլև միգրացիայի, Առաջին Համաշխարհային, Անդրկովկասյան և, հատկապես՝ Հայրենական Մեծ Պատերազմի ուղղակի և անուղղակի հետևանքները։

Մասնավորապես, դրանց մասին են վկայում տարիքային խմբերի միջև առկա «փոսերը»։ Օրինակ, Հայաստանի բնակչության 1950թ. կառուցվածքում 25-29 և 30-34 տարեկանների թվաքանակն ակնհայտորեն ավելի փոքր է, քան կարելի էր սպասել։ Պատճառն այն է, որ դրանք այն սերունդներն են, ովքեր մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին և ունեցել են շատ մեծ կորուստներ։ Ընդ որում, այդ կորուստները փոքր-ինչ «մեղմացված» են, քանի որ կառուցվածքը տարիքային է, այլ ոչ թե սեռատարիքային, որի դեպքում ակնհայտ կլիներ տղամարդկանց շատ մեծ դեֆիցիտը։ Այդ դեֆիցիտը երևում է նաև մնացած բոլոր տարիների գրաֆիկներում։

Այդուհանդերձ, փորձենք այդ պատկերների միջոցով նույնականացնել ժողովրդագրական անցման II և III փուլերը սահմանազատող տարին, պայմանով, որ այդպիսի տարի գոյություն ունի։ Դիտենք Գծապատկեր 6-ում 0-4 տարեկանների թվաքանակը։ Այդ տվյալներն ավելի հեշտությամբ ընկալելու համար տրված են առանձին Գծապատկեր 7-ում։


Գծապատկեր 7․ Հայաստանի բնակչության կազմում 0-4 տարեկանների տոկոսը, 1950-2000թթ.։

Գծապատկեր 6-ի տվյալներից երևում է, որ.

  • Հայաստանի բնակչության կառուցվածքում 0-4 տարեկանները կազմել են ամենամեծ տոկոսը 1961թ.-ին՝ 17.3%:

Հետազոտողի «հաջողակություն» կարելի է համարել այն, որ 1961թ.-ին ծնվածների վրա աննշան են ազդել Հայրենական Մեծ պատերազմի հետևանքները։ Այդ սերնդի ծնողները ծնվել են 1935թ. «շուրջը»։ Եվ, քանի որ 1961թ.-ից հետո Հայաստանում ծնելիությունը սկսել է նվազել, ինչը երևում է նաև Գծապատկեր 3-ից, հետևաբար.

  • Բնակչության տարիքային կառուցվածքը հուշում է, որ Հայաստանում ժողովրդագրական անցման II և III փուլերի սահմանը գտնվում է 1959-1962թթ. միջակայքում։

Այսպիսով, 1926-1961թթ. Հայաստանի ինտենսիվ արդյունաբերացման կուտակային ազդեցությունը 1959-1961թթ. հասավ իր կրիտիկական՝ II փուլից III-ին անցնելու կետին։ Այդ 35 տարում տեղի ունեցող տնտեսության կազմակերպման առանձնահատկությունները և մշակութային փոփոխությունները՝ գյուղերում կոլեկտիվացումը և դրա հետ շաղկապված ագրոտեխնիկայի զարգացումն ու կոլեկտիվ աշխատանքի կազմակերպումը, բնակչության ներքին միգրացիան գյուղից՝ քաղաք, քաղաքներում խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների կառուցումը և արդյունաբերական աշխատանքային և կենցաղային մշակույթի զարգացումը, կանանց ընդգրկումը ակտիվ տնտեսական կյանքում, որը զուգորդվեց սոցիալական ենթակառուցվածքների՝ մանկամսուրների, մանկապարտեզների և կենցաղային սպասարկման կենտրոնների ցանցերի սրընթաց զարգացմամբ, Հայաստանի հասարակության ժողովրդագրական անցման III փուլին անցնելու նախադրյալներն են։

Ժողովրդագրական անցման III փուլի առանձնահատկությունները Հայաստանում  և IV փուլին անցման նույնականացման խնդիրը
Ծնելիությունը 1961-2017թթ.

Բնակչության բնական աճի և, մասնավորապես, ժողովրդագրական անցման առանձնահատկությունների առավել ճշգրիտ և հիմնավոր ուսումնասիրության համար առանձնահատուկ կարևորություն ունի կնոջ պտղաբերության գործակիցը։ Պտղաբերության գործակիցը ցույց է տալիս երեխաների միջին թվաքանակը, որ կծնի մեկ կինն իր ծնունակ տարիքում (ծնունակ տարիք է համարվում 15-49 տարեկանը) իր ողջ կյանքի ընթացքում` ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում։ Պտղաբերության գործակցի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ ցուցանիշը զերծ է բնակչության կառուցվածքի ազդեցությունից։ Այդ ցուցանիշը Հայաստանի համար հասանելի է 1958-2017թթ. համար։ Ավելի վաղ տարիների ցուցանիշի արժեքները բացակայում են, ինչի պատճառով վերլուծության նախորդ հատվածներում դրանք չեն կիրառվել։

Գծապատկեր 8-ում տրված են Հայաստանում ծնելիության ընդհանուր գործակցի և պտղաբերության գործակցի դինամիկան 1958-2017թթ.։ Ծնելիության գրաֆիկում (Գծապատկեր 8, կապույտ գիծը) 1961-2017թթ․ հատվածի վրա ակնառու նշված են ծնելիության ընդհանուր գործակցի երեք լոկալ բարձրակետ՝ 1960թ․(40.1‰), 1984թ․ (24.2‰) և 2010թ. (14.7‰), իսկ դրանց միջև՝ երկու լոկալ ցածրակետ՝ 1970թ․(21.9‰) և 2001թ․ (10.0‰): Նույն Գծապատկեր 8-ի վրա կարմիր գծով տրված է Հայաստանում պտղաբերության գործակիցը 1958-2017թթ․։ Այդ գծի վրա նշած են ցուցանիշի երկու լոկալ ցածրակետ՝ 1980թ․(2.310), 2002թ․(1.207) և չորս  պայմանական բարձրակետ՝ 1985թ․ (2.553), 1990թ․ (2.619), 1996թ․(1.834) և 2014թ․(1.651)։


Գծապատկեր 8․
Ծնելիության ընդհանուր գործակիցը (‰) և պտղաբերության գործակիցը Հայաստանում, 1958-2017թթ․

Արդեն դիտարկված Գծապատկեր 3-ի և Գծապատկեր 6-ի դիագրամների դիտարկումից պարզ է դառնում, որ Հայաստանում ծնելիության ընդհանուր գործակցի ցածրակետերը՝ Հայրենական Մեծ պատերազմի հետևանքներն են։ 1944թ․-ին եղել է ծնելիության ցածրակետը պատերազմի տարիներին։ Ծնելիության հաջորդ լոկալ ցածրակետերը 25-28 տարվա [միջսերնդային] պարբերությամբ կրկնվել են՝ պայմանականորեն 1974թ. և 2001թ․-ին։ Գծապատկեր 6-ում 2000թ․ տարիքային կառուցվածքի դիագրամի վրա դեղին գույնով նշված են այդ տարիները պարունակող հնգամյակները՝ 75-79 տարեկանների խումբը պատերազմի մասնակիցներն են, 55-59 տարեկանները՝ պայմանականորեն նրանց զավակների սերունդը, 30-34 տարեկանները՝ թոռների, իսկ 0-4 տարեկանները՝ ծոռների։

Մյուս կողմից, Գծապատկեր 3-ի և Գծապատկեր 8-ի տվյալների համադրումը 1960-2017թթ․ ժամանակահատվածի պատմասոցիոլոգիական պրոցեսների հետ, թույլ է տալիս ենթադրել, որ ծնելիության պրոցեսի գրաֆիկի վրա, բացի Հայրենական Մեծ պատերազմի հետևանքներից, առկա են նաև այդ տարիներին Հայաստանում տեղի ունեցած սոցիալական փոփոխությունների ազդեցությունները։ Փորձենք տալ դրանց մեկնաբանությունը։

Նախ՝ տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում պտղաբերության գործակիցը նվազել է 1958-1980թթ., իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը 10 տարվա՝ 1961-1970թթ. նվազումից հետո՝ 1970-1984թթ․ աճել է։ Սա նշանակում է, որ 1960-1984թթ․ ընթացքում Հայաստանում ինտենսիվորեն ընթացել են ինդուստրիալ հասարակությանը բնորոշ մշակութային փոփոխությունները, իսկ ծնելիության աճը 1970-1984թթ․՝ պատերազմի պատճառով առաջացած ժողովրդագրական «փոսից» դուրս գալու գործընթացի հետևանքն է։

Այժմ քննենք Հայաստանում ժողովրդագրական անցման III փուլի առանձնահատկությունները։

Առաջին առանձնահատկությունը պտղաբերության գործակցի աճն է 1980-1985 թթ․ ընթացքում։ Այս երևույթը կարող է բացատրվել նրանով, որ 1950-1960-ական թթ․ խորհրդային հասարակության ինդուստրիալ զարգացման դինամիկան, որը երիտասարդության սոցիալական էներգիան ուղղորդում էր դեպի համահասարակական և անձնական նվաճումները, ինչը շաղկապված էր նաև մշակութային ինտենսիվ փոփոխությունների հետ, 1970-ականներին սկսեց թուլանալ, իսկ 1980-ականների սկզբում սպառվեց։

  • 1980-ականներին հասարակության, հատկապես երիտասարդության նպատակները սոցիումի մակարդակից իջել են ընտանեկան մակարդակ, ինչն էլ հանգեցրել է պտղաբերության գործակցի աճին։  

1986թ.-ին «լճացումից» դուրս գալու նպատակով,  ԽՍՀՄ-ում՝ սկսվեց տնտեսության [գորբաչովյան] վերակառուցման պրոցեսը։ Ոչ ադեկվատ նպատակադրման և ռազմավարության հետևանքով, ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ Հայաստանում բնակչության սոցիալական վիճակը սկսեց էապես վատթարանալ։ 1992-ից ԽՍՀՄ տնտեսական միասնական տարածքի կազմալուծման և շրջափակման հետևանքով, փլուզվեց և՛  Հայաստանի տնտեսությունը, և՛ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը։ Արդյունքում՝ պտղաբերության և ծնելիության գործակիցները սկսեցին նվազել՝ 1986-1989թթ. դանդաղ, իսկ հետո՝ 1992-2001թթ. շատ արագ տեմպով։

Այդ պրոցեսին վերադրվել է 1988-ի Սպիտակի երկրաշարժի  ժողովրդագրական հետևանքը՝ մեծ զոհեր պատճառած աղետներին հետևում է ծնելիության կարճատև աճ։ Այդ երևույթը արտապատկերվել է Գծապատկեր 8-ի վրա՝ 1990-1991թթ․ աճել են ինչպես ծնելիության, այնպես էլ պտղաբերության գործակիցները։ Սակայն, 1992-ից հետո տնտեսական փլուզման ազդեցությունը ժողովրդագրական պրոցեսի վրա արտահայտվեց ամբողջ ուժով։

Նկարագրված համատեքստում հարց է առաջանում, եթե 1986-2001թթ․ Հայաստանում ընթանում էր ժողովրդագրական անցման III փուլը, ապա, ո՞րն էր այդ ժամանակահատվածում ծնելիության նվազման հիմնական գործոնը՝ տնտեսական վիճակի վատթարացու՞մը, թե՞ մշակութային փոփոխությունները։

Այս հարցի պատասխանը բավարար հիմնավորված կարելի է ստանալ վերադառնալով Հայաստանի ուրբանիզացման դինամիկայի գրաֆիկին (Գծապատկեր 2)։ Գծապատկեր 2-ի տվյալները ցույց են տալիս, որ նախ՝ Հայաստանի ուրբանիզացման տեմպերը 1980-ականներին խիստ նվազել էին (միջին տարեկան տեմպը՝ 0.2%), իսկ 1991-ից սկսվել է Հայաստանի ապաուրբանիզացումը (տարեկան միջին տեմպը՝ -0.6%): Հետևաբար, պետք է ենթադրել, որ

  • 1986-2001թթ. Հայաստանում ուրբանիզացման հետ շաղկապված մշակութային պրոցեսների ազդեցությունը ծնելիության մակարդակի վրա «արգելակվել» էր։

Դրա մասին է վկայում այն, որ 1991-ից Հայաստանի տնտեսական և սոցիալական հարաբերությունները սկսեցին վերադառնալ արխայիկ ձևերին՝ տնտեսական հարաբերություններում առաջացավ ապրանքափոխանակությունը, սոցիալական ոլորտում, իրավական համակարգի խարխլման արդյունքում, սկսեցին գերակայել բռնության վրա հիմնված հարաբերությունները, «շոկային թերապիայի» սկզբունքով իրականացված սեփականաշնորհման պրոցեսը հասարակությունում զանգվածաբար թողարկեց անբարո վարքագծային մոդելներ, որի հետևանքները առկա են մինչև օրս։ Բարձր մշակույթը համարյա վերացավ, առաջացան մարգինալ, պարզունակ, մարդու ստորին բնազդներին ուղղված մշակութային ձևեր։ Հետևաբար, բավարար հիմնավոր է այն դրույթը, որ․

  • Հայաստանում 1986-2001թթ. ժողովրդագրական վիճակի վատթարացման հիմնական գործոնը եղել է սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը, իսկ ինդուստրիալ հասարակությանը բնորոշ հարաբերությունների զարգացումն արգելակվել էր։

Հայաստանում ժողովրդագրական անցման III փուլի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ 1986-2001թթ. ծնելիության նվազման երկար ժամանակահատվածից հետո՝ 2001-2010թթ. ծնելիությունը նորից սկսեց աճել։

Նախ հիշենք, որ 2001թ. Հայրենական Մեծ պատերազմի հետևանքով առաջացած ժողովրդագրական փոսի ցածրակետն էր։ Սակայն, այս դեպքում նույնպես, բացի ժողովրդագրական «փոսից» դուրս գալու ժամանակահատվածի ազդեցությունից, առկա է նաև այլ գործոն։ Կարելի է ենթադրել, որ

  • 2001-2009թթ Հայաստանում ծնելիության մակարդակի աճի հիմնական գործոնը այդ տարիներին բնակչության կենսամակարդակի հարատև աճն էր, որը հասարակությունում ծնելիությունը վերադարձրեց իր «բնականոն» մակարդակին։

Հիմնավորելու համար այս վարկածը դիտենք Գծապատկեր 9-Ա, Բ, Գ-ն։ Գծապատկերներում, տվյալների համադրման դյուրացման նպատակով, 2001-2009թթ․ արժեքները տրված են կապույտ գույնով, որոնք գծապատկերները բաժանում են երեք հատվածների։

Գծապատկեր 9-Ա-ից, որտեղ պատկերված է 1990-2017թթ․ Հայաստանում 1 շնչի հաշվով ՀՆԱ դինամիկան ԱՄՆ դոլարով, երևում է, որ 2002-ին այդ ցուցանիշը վերականգնվել է համարյա մինչև 1990թ մակարդակը։ Մյուս կողմից, Գծապատկեր 9-Բ-ից, որում պատկերված է Հայաստանի ՀՆԱ տարեկան հավելաճի դինամիկան, երևում է, որ այն դարձել էր երկնիշ՝ 10% և մնացել մոտավորապես նույն մակարդակի վրա մինչև 2007թ․։

Գծապատկեր 9-Ա-ից, որտեղ պատկերված է Հայաստանում ծնելիության ընդհանուր գործակիցը և պտղաբերության գործակիցը 1990-2017թթ․, երևում է, որ Հայաստանի տնտեսության վերականգնումը (նույնիսկ դոլարային արտահայտությամբ, այլ ոչ թե կառուցվածքային կամ բնամթերային), որը բարելավեց հասարակության սոցիալ-տնտեսական վիճակը և տնտեսության երկարատև բուռն աճը (2001-2007թթ․ այն կազմել է տարեկան միջինը 12.6%), որը հասարակությունում առաջացրեց լավատեսություն ապագային նկատմամբ, երկու տարվա լագով՝ սկսած 2003-ից, հանգեցրեց պտղաբերության գործակցի աճին, որը շարունակվեց մինչև 2010թ․-ը։



Գծապատկեր 9. Ծնելիությունը Հայաստանում 1990-2017 (‰), Հայաստանում ՀՆԱ աճը նախորդ տարվա համեմատ 1991-2017 (%), և Հայաստանի ՀՆԱ-ն 1 շնչի հաշվով 1990-2017թթ. (%):

Նույն գրաֆիկներից երևում է, որ չնայած 2009-ին 14% անկումից հետո, տնտեսությունը նորից սկսեց մոնոտոն աճել (Գծապատկեր 9-Գ), սակայն այդ աճը 2010-2017թթ․ ընթացքում եղել է տարեկան միջինը 4.0%։ Այդ տնտեսական պայմաններում Հայաստանում պտղաբերության գործակիցը մնացել է մոտավորապես նույն մակարդակի վրա, իսկ ծնելիությունը նվազել է, 2009-2017թթ․ բնակչության մեծ արտահոսքի հետևանքով, քանի որ մեկնողների գերակշիռ մասը եղել է բնակչության միջին տարիքի շերտից։

Վերը նշված համատեքստում բացահայտվում է Հայաստանում ժողովրդագրական անցման III փուլի երրորդ առանձնահատկությունը՝ չնայած Ժողովրդագրական անցման տեսությունները կանխատեսում են, որ ուրբանիզացումը բացասական է կորելացված ծնելիության ընդհանուր գործակցի հետ։ Սակայն

  • Հայաստանում 1991-2000թթ ուրբանիզացման մակարդակի և ծնելիության միջև կորելյացիան դարձել է դրական, իսկ 2001-ից հետո վերացել է։

Ինդուստրիալ հասարակության զարգացմանը զուգահեռ գյուղի և քաղաքի կենսաձևերի միջև տարբերությունները նվազում են, ինչի հետևանքով ծնելիությունը նկարագրող ցուցանիշների արժեքները աստիճանաբար մոտենում են միմյանց։ Այդ պրոցեսը դիտվել է նաև Հայաստանում (Գծապատկեր 10)։


Գծապատկեր 10. Պտղաբերության գործակիցը Հայաստանում, ՀԺԺ, 2017, էջ 67 և ՀԺԺ 2018 էջ 67։

Հայաստանում ժողովրդագրական անցման III փուլի չորրորդ առանձնահատկությունն այն է, որ պտղաբերության գործակցի արժեքները քաղաքներում և գյուղերում սկսած 1996-ից սկսել են արագորեն մոտենալ, 2006-ին մոտավորապես հավասարվել են, իսկ 2009-ից գյուղերում այն դարձել է ավելի փոքր, քան քաղաքներում։ Ընդ որում, եթե 1958-1995թթ․քաղաքային և գյուղական բնակչության շրջանում պտղաբերության գործակիցների միջև տարբերությունը կրճատվում էր տարեկան միջինը 0.5%-ով, ապա 1996-2017թթ․՝ երեք անգամ ավելի արագ, տարեկան միջինը՝ 1.5%-ով (Գծապատկեր 11)։


Գծապատկեր 11․ Բնակավայրի տիպի ազդեցությունը պտղաբերության գործակցի վրա։

Հայաստանի գյուղերում բնական աճի հիմնական ցուցանիշի՝ քաղաքների ցուցանիշից ավելի ցածր լինելը պահանջում է հավելյալ բացատրություններ։ Դրանց շարքում է Հայաստանից ամեն տարի արտագնա աշխատանքների մեկնողների մեծ քանակը, որոնց նշանակալի մասը Հայաստանից բացակայում է մեկից ավելի տարի։ Ընտրանքային հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանից արտագնա աշխատանքների է մեկնում տարեկան մոտավորապես 200000 մարդ։ Քանի որ արտագնա աշխատանքների մեկնողների  99%-ը երիտասարդ և միջին տարիքի տղամարդիկ են։ Դրա հետևանքով խաթարվում է բնակչության բնական վերարտադրության բնականոն պրոցեսը։

Այդ խաթարումը գյուղական բնակավայրերում ավելի ուժեղ է արտահայտվում, քանի որ Հայաստանից արտագնա աշխատանքների մեկնողների թվում նշանակալիորեն գերակշռում են գյուղաբնակները։ Այսպես՝ «Կյանքի որակը Հայաստանում 2014» հետազոտության արդյունքներով, եթե քաղաքաբնակ (ներառյալ Երևանը) ընտանիքների 12.5%-ն ուներ արտագնա աշխատող, ապա գյուղերում՝ ընտանիքների 30%-ը։ Նշենք նաև, որ 2014-ին գյուղաբնակ են եղել արտագնա աշխատանքի մեկնած անձանց 49%-ը, այն դեպքում, երբ Հայաստանում գյուղական բնակչությունը 36% է: Հաշվարկները ցույց են տալիս, որ արտագնա աշխատանքների մեկնողների մեծ քանակի ազդեցությունը Հայաստանի գյուղական բնակչության վրա 1.7 անգամ ավելի հզոր է, քան քաղաքային բնակչության վրա։

Այսպիսով, եթե ընդհանրացնենք ստացված արդյունքները և համադրենք դրանք Աղյուսակ 1-ի տվյալների հետ, ապա կարելի է ենթադրել, որ

  • Ծնելիության ընդհանուր գործակցի տեսակետից Հայաստանում ժողովրդագրական անցման III փուլը դեռ չի ավարտվել։ 2014-2017թթ. ծնելիության նվազման միտումները հուշում են, որ 4-5 տարի հետո Հայաստանում ծնելիության գործակիցը կիջնի 10‰-ից ներքև։
  • Պտղաբերության գործակցի տեսակետից Հայաստանի հասարակությունն արդեն գտնվում է ժողովրդագրական անցման IV փուլում։
Մահացությունը 1961-2017թթ.

Վ երհիշենք մահացության միջինացված ցուցանիշները ժողովրդագրական անցման III և IV փուլերում կազմում են համապատասխանաբար 8-10‰ և 7-9‰ (Աղյուսակ 1)։ Հայաստանում ժողովրդագրական անցման III և IV փուլերի սահմանագծին՝ պայմանականորեն 1961-ին, մահացության ընդհանուր գործակիցը կազմել է 6.4‰։ Այս փաստը չպետք է շփոթություն առաջացնի և կասկածի տակ դնի միջփուլային անցման ժամանակը,  քանի որ հայտնի է, որ ԽՍՀՄ պետական կենտրոնացված առողջապահական համակարգը, որը կազմավորվել է 1920-1940-ականներին ակադեմիկոս Ն. Սեմաշկոյի հայեցակարգով և ղեկավարությամբ, աշխարհում լավագույնն էր։

Այն համընդգրկուն էր՝ հասանելի և մատչելի ցանկացած անձի համար։ Կազմավորման առաջին իսկ տարիներից ԽՍՀՄ առողջապահական համակարգը հատուկ ուշադրություն էր դարձնում երկրի սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական վիճակին, հիվանդությունների կանխարգելմանը, մոր և մանկան առողջությանը, սանիտարաառողջարանային համակարգի կազմավորմանը և բժշկական բարձրորակ կադրերի պատրաստմանը, ինչն արագորեն հանգեցրեց բնակչության լայն զանգվածների առողջության պահպանմանը, հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և բուժմանը, և, հետևաբար, մահացության նվազմանը։

Մահացության գործակցի դինամիկան դիտարկվող ժամանակահատվածում՝ 1961-2017թթ. հետևյալն էր. 1961-1971թթ. մահացության ընդհանուր գործակիցը նվազել է 6.4‰-ի մինչև 4.9‰, որից հետո՝ 1971-2017թթ. աստիճանաբար աճել է մինչև 9.1‰, ընդամենը՝ 5.2‰, կամ տարեկան միջինը 0.12‰ (եթե հաշվի չառնենք 1988թ. երկրաշարժի և 1992-1994թթ. ղարաբաղյան պատերազմի ինտենսիվ փուլի տարիները)։ Մահացության այդ աճը ակնհայտորեն պայմանավորված է բնակչության տարիքային կառուցվածքի փոփոխությամբ, տվյալ դեպքում՝ բնակչության ծերացմամբ։

Այսպիսով.

  • Մահացության տեսակետից Հայաստանի բնակչության ժողովրդագրական անցման փուլի նույնականացումն ադեկվատ չի կարող իրականացվել, քանի որ Խորհրդային Հայաստանի առողջապահական համակարգի գերզարգացածության հետևանքով մահացության գործակիցը ժողովրդագրական անցման III փուլի սկզբում արդեն նվազել էր մինչև IV փուլին համապատասխանող արժեքին։
Հայաստանի բնակչության տարիքային կառուցվածքը 1980-ից հետո

Փ որձենք նույնականացնել Հայաստանում ժողովրդագրական անցման III-ից IV փուլին անցման ժամանակահատվածը։ Դրա համար Գծապատկեր 6-ի դիագրամների շարքում գտնենք Գծապատկեր 5-ում տրված IV փուլին համապատասխանող առաջին տարիքային կառուցվածքը։ Ընդ որում, հարկ է հաշվի առնել, որ այդ կառուցվածքները կրում են Հայրենական Մեծ պատերազմի հետևանքների ազդեցությունները։

Մինչև 1990թ. կառուցվածքը ներառյալ կառուցվածքների հիմքը՝ 0-4 տարեկանների հարաբերական քանակն ավելի մեծ է, քան մնացած տարիքային խմբերինը։ 1995-ի կառուցվածքը կրում է 1990-ականների տնտեսական անկման ժողովրդագրական հետևանքների ազդեցությունը, իսկ 2000թ. կառուցվածքը՝ Հայրենական Մեծ պատերազմի ժողովրդագրական «փոսի» ցածրակետին։ Սկսած 2005-ից Հայաստանի բնակչության տարիքային կառուցվածքում 0-4 տարեկանների խմբի հարաբերական չափը, զերծ լինելով առանձնահատուկ ազդեցություններից, դարձավ ամենափոքրը և հետագա տարիներին մնաց ամենափոքրը։ Այսինքն, 2005-ից սկսած Հայաստանի բնակչության տարիքային կառուցվածքն ընդունեց ժողովրդագրական անցման IV փուլին հատուկ տեսքը։

Հետևաբար՝

  • Բնակչության տարիքային կառուցվածքի տեսակետից Հայաստանի բնակչությունը ժողովրդագրական անցման III փուլից IV փուլ է անցել պայմանականորեն 2005-ից։

Եզրակացություններ

Ա յսպիսով, Հայաստանի ժողովրդագրական հասանելի տվյալների վերլուծության արդյունքում հոդվածում դիտարկված խնդիրներն ունեն հետևյալ պատասխանները։

  • Հայաստանում ժողովրդագրական անցման II փուլը սկսվել է 1897-ից առաջ և տևել է պայմանականորեն մինչև 1961-ը։
  • Հայաստանում ժողովրդագրական անցման III փուլը սկսվել է պայմանականորեն 1961թ., իսկ IV փուլին անցումը շերտավորված է.
    • Ծնելիության ընդհանուր գործակցի տեսակետից III փուլը դեռևս չի ավարտվել, այն հավանաբար կավարտվի 2022-2023թթ.։
    • Պտղաբերության գործակցի տեսակետից, IV փուլը սկսվել է 2002թ.-ից, երբ վերացել են 1990-ականների տնտեսական փլուզման հետևանքները։
    • Բնակչության տարիքային կառուցվածքի տեսակետից IV փուլը սկսվել է 2005-ից։
    • Մահացության ընդհանուր գործակցի տեսակետից IV փուլի սկզբի նույնականացումն ադեկվատ չէ՝ Հայաստանում առողջապահական համակարգի խիստ զարգացածության հետևանքով։

Հայաստանում ժողովրդագրական անցման պրոցեսի ուսումնասիրության հիմնական եզրակացությունն այն է, որ այդ պրոցեսը Հայաստանում ունեցել է մեծ թվով առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են եղել Հայաստանի պատմության իրադարձություններով, այդ թվում՝ Առաջին Համաշխարհային, 1918-1920թթ. Անդրկովկասյան, ապա՝ Հայրենական Մեծ պատերազմներ, 1986-1990 վերակառուցման գործընթացը ԽՍՀՄ-ում, 1992-2001թթ. տնտեսական փլուզման և 1990-ին համարժեք վերականգնման տարիներ։  

Հայաստանում ժողովրդագրական անցման գործընթացի առանձնահատկությունների ուսումնասիրությունը հանգեցնում է հոդվածի շրջանակներում առավել կարևոր այն եզրակացությանը, որ

  • Հայաստանում բնական աճի հետ կապված ներկայիս վատ վիճակը և վատթարացման պրոցեսը լիովին կանխորոշված չէ որևէ տեսական մոդելով։ Պրոցեսը հնարավոր է կառավարել։

Ընդ որում, ժողովրդագրական անցման պրոցեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունը հուշում է, որ Հայաստանում պրոցեսը կառավարելի է և՛ սոցիալ-տնտեսական, և՛ մշակութային գործոնների միջոցով։ Ակնհայտ է, որ այդ գործոնների բովանդակությունը, բնույթը և ազդեցության ուժը ժամանակի ընթացքում փոխվում են։ Հետևաբար, անհրաժեշտ է դրանց բազմակողմանի ուսումնասիրությունը և ազդեցության ուժի պարբերական գնահատումը։

Այդ գնահատումների հիման վրա հնարավոր կլինի մշակել ինչպես Հայաստանի ժողովրդագրական վիճակի բարելավման գիտականորեն հիմնավորված ռազմավարություններ, այնպես էլ հրաժարվել և/կամ մոդիֆիկացնել ներկայում Հայաստանում իրականացվող այն ռազմավարությունները, որոնք վատթարացնում են Հայաստանի բնակչության բնական աճի միտումները՝ նվազեցնելով պտղաբերության գործակիցը և ծնելիությունը։

Հաջորդ հոդվածներում կներկայացվեն այդ գործոնների գնահատականները, որոնք դուրս են բերվել սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքում։


[1] О. Захарова, А. Судоплатов Демографический переход // Демографический понятийный словарь / Под ред. проф. Л.Л. Рыбаковского. – М.: ЦСП, 2003. – 352 с., էջ 80-83: 

[2] Рунова Т.Г. Демография: Учебное пособие. 3-е изд. Стереотип. – М.:МГИУ, 2007. – 136 ст., էջ 72, Таблица 10. Уровни воспроизводства населения по фазам демографического перехода.։

[3] Ավելի վաղ շրջանի հավաստի տվյալներ հեղինակը չուներ։

[4] Ծնելիություն կամ ծնելիության մակարդակ տերմիններով նկատի ունենք ծնելիության ընդհանուր գործակիցը՝ տարվա ընթացքում կենդանի ծնվածների թվաքանակի հարաբերությունը մշտական բնակչության տարեկան միջին թվաքանակին, որպես կանոն հաշվարկվում է 1,000 բնակչի հաշվով (‰):

Մահացություն կամ մահացության մակարդակ տերմիններով նկատի ունենք մահացության ընդհանուր գործակիցը՝ տարվա ընթացքում մահացածների թվաքանակի հարաբերությունը մշտական բնակչության տարեկան միջին թվաքանակին, որպես կանոն հաշվարկվում է 1,000 բնակչի հաշվով (‰)։

[5] Н.В. Кузнецова Снижение розничных цен и материальный уровень жизни населения СССР в 1947-1952 гг. Вестник ВолГУ, Серия 4. 2008. ¹ 1 (13), ст. 32-42.

[6] Большая советская энциклопедия

[7] Հայկական Սովետական Հանրագիտարան, Սովետական Հայաստան, էջ 317։

[8] 2008 թ.-ին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա բավական թույլ էր։ Իր ամբողջ ուժով այն արտահայտվեց 2009 թ․-ին։