Տարածքային ինքնությունն աշխարհի 25 երկրներում

18 ր.   |  2023-05-24

«Օրբելի վերլուծական կենտրոնը» մի քանի անգամ անդրադարձել է Հայաստանի հասարակության ինքնության հարցերին։ Մասնավորապես դիտարկվել են՝ Հայաստանի հասարակության քաղաքակրթական ինքնության կառուցվածքը հինգ քաղաքակրթական տարածքների կոնտեքստում, Հայաստանի հայերի էթնիկ ինքնության կառուցվածքի միջուկը և Հայաստանի հայերի ընկալումները և սոցիալական տարածությունները հայերի ենթա-էթնիկ խմբերի նկատմամբ։ Առանձին դիտարկվել է նաև այն հարցը, թե ինչպե՞ս է ազդում ինքնության կառուցվածքը Հայաստանի հասարակությունում երեխաների պահանջմունքի վրա, որը երկարատև հեռանկարում Հայաստանի ժողովրդագրական վիճակի բարելավման կարևորագույն գործոններից մեկն է։  

Հ այաստանի հասարակությունում ազգային ինքնությանը վերաբերվող վերջին՝ Տեղային, ազգային և վերազգային ինքնությունը Հայաստանի հասարակությունում հոդվածում Արժեքային համակարգերն աշխարհում միջազգային հետազոտության տվյալներով ներկայացվել է Հայաստանի հայերի տարածքային ինքնության կառուցվածքը, այսինքն՝ որքանով են Հայաստանի հասարակությունում մարդիկ իրենց մոտ զգում իրենց համայնքին՝ գյուղին կամ քաղաքին (տեղային ինքնություն), շրջանին կամ մարզին (ենթաազգային ինքնություն), երկրին  կամ՝ պետությանը (ազգային ինքնություն), և աշխարհին (համամարդկային ինքնություն)։ Արժեքային համակարգերն աշխարհում հետազոտության համառոտ նկարագիրը տրված է Հայաստանը ավանդական և աշխարհիկ արժեքների համատեքստում հոդվածում։ 

Այս հոդվածում, Արժեքային համակարգերն աշխարհում հետազոտության միացյալ շտեմարանի կիրառմամբ ներկայացված է աշխարհի 24 երկրներում և Հայաստանում, մարդկանց տարածքային ինքնության կառուցվածքների համեմատական նկարագիրը, ինչը թույլ է տալիս Հայաստանի հասարակության ազգային ինքնության հարցը դիտարկել ավելի լայն համատեքստում։  

Մարդու տարածքային ինքնությունը դիրքորոշումների համակարգ է, որը նկարագրում է, թե որքանով է մարդն իրեն ինքնանույնականացնում  տարբեր մասշտաբի տարածական համակարգերի հետ։ Արժեքային համակարգերն աշխարհում հետազոտության տվյալների շտեմարանում առկա է հարցախումբ, որը թույլ է տալիս դիտարկել տարածքի մասշտաբի հինգ մակարդակ։ Այդ հարցախումբն է․ 

«Մարդիկ տարբեր տեսակետներ ունեն իրենց մասին և թե ինչպես են առնչվում աշխարհի հետ: Օգտագործելով այս քարտը, խնդրում եմ նշեք, թե որքանո՞վ եք Դուք մոտ զգում Ձեզ հետևյալին ...»i 

Տարածքային ինքնության բաղադրիչ 

Շատ մոտ 

Մոտ 

Ոչ այնքան մոտ 

Շատ հեռու 

Ձեր (գյուղին, քաղաքին) 

1 

2 

3 

4 

Ձեր (մարզին, շրջանին) 

1 

2 

3 

4 

Ձեր երկրին  

1 

2 

3 

4 

Ձեր աշխարհամասին [օրինակ՝ Եվրոպա, ԵՄ, Ասիա, Կովկաս] 

1 

2 

3 

4 

Աշխարհին 

1 

2 

3 

4 

Այն, թե որքանո՞վ է մարդն իրեն մոտ զգում իր գյուղին կամ քաղաքին արտապատկերում է  նրա համայնքային ինքնությունը, մոտ զգալը մարզին, շրջանին, նահանգին՝ մարզային ինքնությունը, մոտ զգալը երկրին կամ պետությանը՝ ազգային ինքնությունը, մոտ զգալը որևէ վերազգային տարածքին՝ տարածաշրջանային ինքնություն և մոտ զգալը ամբողջ աշխարհին՝ համաշխարհային ինքնությունը։ 

Մարդու տարածքային ինքնության համայնքային և մարզային ինքնության բաղադրիչների մակարդակները կազմում են նրա ենթաազգային ինքնությունը, երրորդ բաղադրիչը՝ ազգային ինքնությունը, իսկ վերջին երկու բաղադրիչները՝ վերազգային ինքնությունը։ 

Որքան տվյալ երկրում ավելի մեծ թիվ են կազմում մարդիկ, ովքեր իրենց մոտ են զգում իրենց գյուղին կամ քաղաքին, այնքան այդ երկրում ավելի զարգացած է համայնքային ինքնությունը։ Նույնը վերաբերվում է նաև տարածքային ինքնության մնացած բաղադրիչներին։ Տվյալ հոդվածում մեզ առավելապես հետաքրքրում է ենթաազգային, ազգային և վերազգային ինքնությունների հարաբերակցությունը։  

Տարածքային ինքնության բաղադրիչները մարդկանց աշխարհագրական մոբիլությունը պայմանավորող գործոնների շարքում են։ Օրինակ՝ ցածր տեղական ինքնության և բարձր ազգային ինքնության դեպքում, մնացած հավասար պայմաններում, տվյալ հասարակությունում ավելի ինտենսիվ կլինի ներազգային մոբիլությունը՝ մարդկանց աշխարհագրական տեղաշարժը տվյալ երկրի շրջանակում։ Ազգային և ենթաազգային ինքնության ցածր մակարդակների և վերազգային ինքնության բարձր մակարդակի դեպքում, մնացած հավասար պայմաններում, ավելի բարձր կլինի միջազգային մոբիլությունը՝ տվյալ երկրից միգրացիան դեպի այլ երկրներ։  

Տեղական ինքնության բաղադրիչները կարող են լինել միջազգային էթնիկ ցանցերի կազմավորման գործոններ։ Որքան ավելի բարձր լինի համայնքային ինքնության բաղադրիչը, այնքան ավելի հավանական է էթնիկ ցանցերի կազմավորումը տվյալ էթնոսի սփյուռքի և հայրենիքի միջև։ 

Տարածքային ինքնության բաղադրիչները տվյալ երկրի հասարակության քաղաքական մշակույթի բաղադրիչներ են։ Մնացած հավասար պայմաններում, ազգային ինքնության բարձր և ենթաազգային ինքնության ցածր բաղադրիչների դեպքում ազգային համախմբվածության կայացումն ու զարգացումն ավելի հավանական է: Ենթաազգային ինքնության բարձր մակարդակները և ազգային ինքնության ցածր մակարդակը կարող են խոչընդոտել ազգային մակարդակում հասարակության համախմբմանը։  

Յուրաքանչյուր երկրի տարածքային ինքնության բաղադրիչների արժեքներն իրենցից ներկայացնում են այդ երկրի տարածքային ինքնության պրոֆիլը։ 

Հարկ է հիշել, որ տարածական ինքնության բոլոր բաղադրիչները մշակութային բարդ համակարգեր են։ Դրանք կազմավորվում և վերարտադրվում են հասարակության արժեքային համակարգի ազդեցությամբ և փոփոխվում են այդ արժեքային համակարգի փոփոխության դեպքում։ Վերը ներկայացված հարցախմբի հինգ հարցերին տրված պատասխանների միջոցով կազմավորվում են հինգ թվային փոփոխականներ, որոնց միջոցով, կիրառելով համապատասխան մաթեմատիկական մեթոդներ, ուսումնասիրվում են տարածական ինքնության բաղադրիչների ընդհանրացված բնութագրերը, որոնք հնարավոր չէ ուսումնասիրել այլ մեթոդներով։ Սակայն տարածքային ինքնության համապարփակ ուսումնասիրությունը պահանջում է բարդ միջառարկայական մոտեցում, ինչպես նաև հետազոտության տարբեր մեթոդների կիրառում։  

Ներկայացվող ուսումնասիրությունում պետությունների համախումբը ընտրված է այնպես, որպեսզի դրանում ընդգրկված լինեն Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանների երկրներ, մասնավորապես՝ Հարավային Կովկասի մեր հարևանները՝ Վրաստանը, Ադրբեջանը, Միջին Արևելքի երկրները՝ Իրանը, Թուրքիան, Իրաքը, Լիբանանը, ԱՊՀ սլավոնական երկրները՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, ԱՊՀ Կենտրոնական Ասիայի երկրները՝ Տաջիկստանը, Կիրգիզիան, Ղազախստանը, Մերձբալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բալկանյան երկրները՝ Սերբիան, Չեռնոգորիան, Մակեդոնիան, Բոսնիան, Ալբանիան, Կենտրոնական Եվրոպայից՝ Չեխիան և Հյուսիսային Եվրոպայից՝ Շվեդիան, Նորվեգիան, Դանիան։ 

Կարելի է ենթադրել (հիպոթեզացնել), որ քաղաքակրթական (կրոնական) կամ մշակութային տեսակետից միմյանց նման երկրների տարածքային ինքնության պրոֆիլները ավելի «նման» են միմյանց, քան քաղաքակրթական (կրոնական) կամ մշակութային տեսակետից միմյանցից տարբերվող երկրներինը։ Պրոֆիլների նմանության գնահատման համար կարելի է կիրառել տարբեր չափեր (մետրիկաներ)։ Մեր դեպքում առավել համապատասխան է էվկլիդեսյան հեռավորությունը։ 

Դիտարկված երկրներում տարածքային ինքնության բաղադրիչների արժեքները տրված են Աղյուսակ 1-ում։ Յուրաքանչյուր բաղադրիչի համար տրված է դրան «շատ մոտ» զգացող անձանց տոկոսըii։ Աղյուսակի տողերը դասավորված են այնպես, որ երկրները հաջորդեն իրենց տարածաշրջանային հաջորդականությամբ։ Աղյուսակի վանդակները գունավորված են։ Որքան ավելի մեծ է վանդակի թիվը, այնքան այն ավելի մուգ կարմիր է գունավորված։ Եվ, որքան ավելի փոքր թիվ է պարունակում վանդակը, այնքան այն ավելի մուգ կապույտ է։ 


Աղյուսակ 1 Տեղական, ազգային և վերազգային ինքնության բաղադրիչները տարբեր երկրներում։ Տրված է «Շատ մոտ» պատասխանների տոկոսը։ 

Աղյուսակի վանդակների գունային պատկերների վրա հիմնված տեսողական վերլուծությունը հուշում է, որ մեր նախնական ենթադրությունը մասամբ համապատասխանում է իրականությանը։ Մասնավորապես, աղյուսակում ակնհայտորեն առանձնանում է միջինարևելյան իսլամական երկրների խումբը՝ Իրան, Իրաք, Լիբանան, որտեղ ինքնության բոլոր բաղադրիչներն ունեն ակնհայտորեն ավելի բարձր արժեքներ, քան այլ երկրներում։ Սակայն միջինարևելյան երկրների շարքում Թուրքիայի պրոֆիլը բավական տարբերվում է նշված երեք երկրների պրոֆիլներից։ Միջինարևելյան երկրների պրոֆիլներին բավական նման են Կենտրոնական Ասիայի երկու իսլամական երկրների՝ Տաջիկստանի ու Կիրգիզիայի պրոֆիլները։ Սակայն Կենտրոնական Ասիայի երկրներից Ղազախստանի պրոֆիլը բավական տարբերվում է այդ երկու երկրների պրոֆիլներից։ Կարելի է ենթադրել, որ միջինարևելյան և Կենտրոնական Ասիայի երկրների նմանության պատճառների շարքում կարևոր է այն, որ դրանք իսլամական երկրներ են։ Այս դրույթը վկայում է մեր նախնական ենթադրության հաստատման օգտին՝ մշակութային տեսակետից միմյանց մոտ երկրների պրոֆիլները համեմատաբար ավելի մոտ են միմյանց։ 

Մեր հիպոթեզի հետ հաղորդակցվում է նաև այն, որ Ղազախստանի և Բոսնիա - Հերցեգովինայի պրոֆիլներն այնուամենայնիվ «որոշ չափով» նման են իսլամական երկրների պրոֆիլներին։ Չի բացառվում, որ դրա պատճառը այդ երկրների բնակչության կրոնական խառը պատկանելություն է որում գերակայում է իսլամական բնակչությունը։ Սակայն, այդ երկրներում առկա է նաև նշանակալի չափով քրիստոնյա բնակչություն, որի պատճառով այդ նմանությունը բավարար ակնառու չէ։ Մասնավորապես 2021 թ.-ին Ղազախստանի բնակչության կազմում 15%-ը ռուսներ էին, իսկ քրիստոնյա ազգերի ընդհանուր թվաքանակը կազմում էր 20%։ , 2021 թ.։ Բոսնիա-Հերցեգովինայում 2021 թ.-ին բոսնիացիները կազմել են բնակչության 50%-ը, սերբերը՝ 31%-ը, իսկ խորվաթները՝ 17%-ը։  

Սակայն, աղյուսակի մնացած տողերի դիտարկումը ցույց է տալիս, որ իսլամական երկրների խմբի գունային կերպարին (թվային պրոֆիլին) շատ նման է Նորվեգիայի պրոֆիլը, ինչը շատ անսպասելի է և չի տեղավորվում քաղաքակրթական կամ մշակութային գործոններով բացատրության շրջանակում։ Հետևաբար, Նորվեգիայի դեպքում այդ անհամապատասխանությունը բացատրելու համար անհրաժեշտ է իրականացնել խորը բովանդակային ուսումնասիրություն։ 

Հարցի վերաբերյալ տեսողական պատկերացում կազմելու համար կառուցվել է երկրների դիրքավորվածության գծապատկերը «Վերազգային» x «Ազգային» ինքնությունների հարթությունում (Գծապատկեր 1), որտեղ որպես հորիզոնական «Վերազգային ինքնության» առանցք կիրառվել է յուրաքանչյուր երկրում «աշխարհին» իրենց «շատ մոտ զգացող» բնակչության տոկոսը, իսկ որպես ուղղահայաց «Ազգային ինքնության» առանցք՝ «իրենց երկրին» «շատ մոտ զգացող» բնակչության տոկոսը։  


Գծապատկեր 1 Երկրների դիրքավորվածությունը «վերազգային» x «տեղական» ինքնությունների տարածությունում 

Գծապատկերում երևում է, որ արդեն նշված իսլամական երկրները՝ Իրանը, Իրաքը, Լիբանանը, Տաջիկստանը, Կիրգիզիան, ինչպես նաև Նորվեգիան՝ ակնհայտորեն խումբ են կազմել գծապատկերի վերին աջ հատվածում։ Իսկ այդ խմբից անջատված է մնացած երկրների խումբը։ Ընդ որում, երկրորդ  խմբում գտնվող Ղազախստանը  ու  Բոսնիա և Հերցեգովինան այդ խմբի այն երկրներն են, որոնք ամենից մոտ են առաջին՝ իսլամական խմբի երկրներին։ Նշենք նաև, որ երկրորդ խմբում են նաև իսլամական երկրներ Թուրքիան (98% իսլամական բնակչությամբ, որոնցից 20%-ը ալևիներ են), Ադրբեջանը (99% իսլամական բնակչությամբ) և Ալբանիան (մոտ 65% իսլամական բնակչությամբ)։ 

Քանի որ երկրների երկրորդ մեծ խմբի ավելի մանրամասն սեգմենտավորումը տեսողական վերլուծության մեթոդով բավական դժվար է, այդ պատճառով իրականացվել է 25 երկրների խմբի կլաստերային վերլուծություն, որի արդյունքի դենդրոգրամը («ծառի» տեսքով գծապատկերը) ներկայացված է Գծապատկեր 2-ում։ Կլաստերացումը կատարվել է Աղյուսակ 1-ի տվյալներով, այսինքն, ի տարբերություն Գծապատկեր 1-ի այդ դենդրոգրամը կազմավորվել է տարածքային ինքնության ոչ թե ընդամենը երկու, այլ բոլոր հինգ բաղադրիչներին վերաբերվող թվային տվյալների կիրառմամբ։ Որպես երկրների տվյալ զույգերի միջև հեռավորություն սահմանվել է տվյալ զույգի երկրների ինքնության հինգ գնահատականներից կազմված վեկտորների (Աղյուսակ 1-ի համապատասխան տողերի) միջև էվկլիդեսյան հեռավորությունը։  


Գծապատկեր 2 24 երկրների ինքնությունների պրոֆիլների հիման վրա կատարված կլաստերային վերլուծության դենդրոգրամը։ 

Կլաստերացման դենդրոգրամի վրա երևում են երկրների երկու մեծ խմբեր, որոնք իրենցից ներկայացնում են տեսողական վերլուծությամբ բացահայտված երկու խմբերը, որոնցից մեկում ընդգծված իսլամական երկրներն են և Նորվեգիան, իսկ մյուսում՝ մնացած երկրները։  

Քանի որ կլաստերացման ընթացքում կիրառվել են տարածական ինքնության հինգ բաղադրիչները, խմբերի միավորման հաջորդականությունը բացահայտում է խմբավորվող երկրների միջև տարբերությունները։ Մասնավորապես, նկատենք, որ դենդրոգրամում առաջին խմբում այդուհանդերձ նախ միավորվել են Իրանը և Տաջիկստանը, Իրաքը և Լիբանանը, հետո՝ Կիրգիզիան: Հաջորդ մակարդակում միավորվել են իսլամական ենթախմբերը և միայն դրանից հետո, ստացված իսլամական մեծ խմբին է «միացել» Նորվեգիան։ 

Երկրորդ մեծ խումբը նույնպես կազմված է մի քանի ենթախմբերից։ Սակայն այդ ենթախմբերի երկրների համար դժվար է տեսնել կամ բացահայտել դրանց միավորման հիմքերը։ Օրինակ, գծապատկերում երկրորդ մեծ խմբի վերևում գտնվող ենթախմբում են Ռուսաստանը, Սերբիան, Մակեդոնիան, Ուկրաինան, Լատվիան, որոնց միացել են Վրաստանը, Ադրբեջանը և Շվեդիան։ Գծապատկերը չի տալիս նաև այն հարցի պատասխանը, թե ի՞նչ պատճառով են միմյանց մոտ գտնվում Լիտվայի, Ալբանիայի և Բելառուսի, ինչպես նաև Թուրքիայի, Էստոնիայի և Հայաստանի, կամ՝ Ղազախստանի, Չեխիայի, Բոսնիա Հերցեգովինայի և Չեռնոգորիայի, տարածքային ինքնության պրոֆիլները։  

Այդ հարցերի պատասխանները ըստ երևույթին պետք է փնտրել առանձին երկրների ազգաբանական և քաղաքական մշակույթի առանձնահատկություններում։ Կարելի է ենթադրել, որ երկրորդ խմբում քրիստոնյա և իսլամական երկրների «միավորումը» բացատրվում է նրանով, որ այդ երկրներում աշխարհիկ արժեքների զարգացման աստիճանը համահարթեցնում է կրոնական գործոնի զատող (դիֆերենցող) ուժը։  

Երկրների երկրորդ խմբում տարածքային ինքնությունների պրոֆիլների միջև նմանությունների քաղաքակրթական-մշակութային գործոնի միջոցով բացատրության անբավարարությունը դրդում է փնտրել տարածքային ինքնության տեսակետից դրանց դասակարգման այլ մեթոդաբանության կիրառություն։  

Հիշենք, որ տարածքային ինքնությունների պրոֆիլների բաղադրիչներն իրենցից ներկայացնում են տվյալ երկրում տվյալ տարածքային միավորի հետ իրենց մոտ կամ հեռու զգացող մարդկանց հարաբերական քանակը։ Ուսումնասիրությունում փորձ կատարվեց դասակարգել դիտարկվող երկրները ոչ միայն ըստ պրոֆիլների («արտաքին» բնութագրերի) նմանության, այլև տարածքային ինքնության պրոֆիլների կառուցվածքների (ներքին բնութագրերի) տարբերության միջոցով։  

Երկրների տարածքային ինքնության պրոֆիլները բացահայտելու համար իրականացվեց 25 երկրներից յուրաքանչյուրի տարածքային ինքնության պրոֆիլների գործոնային վերլուծություն։  Դա թույլ տվեց բացահայտել այդ երկրների բնակչության ինքնության և քաղաքական գիտակցության մի քանի առանձնահատկություններ։ Մասնավորապես, տարբեր երկրների տարածքային ինքնության պրոֆիլների գործոնային վերլուծության ընթացքում կառուցված երկգործոն մոդելների վերլուծությունը թույլ տվեց առանձնացնել այդ մոդելների երեք տիպ։  

Առաջինը տիպը՝ երբ ենթաազգային երկու ինքնությունները (մոտ զգալը սեփական բնակավայրին և մոտ զգալը շրջանին) և ազգային ինքնությունը (մոտ զգալը երկրին) սերտորեն շաղկապված են մեկ գործոնում, իսկ վերազգային ինքնության երկու բաղադրիչները միավորված են մեկ այլ՝ առանձնացված գործոնում։  

Երկրորդ տիպը՝ երբ ենթաազգային երկու ինքնությունները շաղկապված են մեկ գործոնում, վերազգային ինքնության բաղադրիչները միավորված են առանձնացված գործոնում, իսկ ազգային ինքնությունը (մոտ զգալը երկրին) ակնհայտորեն չի պատկանում նշված երկու գործոններից ոչ մեկին (վերածվել է կամրջող փոփոխականի)։  

Երրորդ տիպը՝ երբ ենթաազգային երկու ինքնությունները և ազգային ինքնությունը շաղկապված են մեկ գործոնում, սակայն այդ կապը այնքան սերտ չէ, որքան առաջին տիպի գործոնային մոդելներում։ Այսինքն երրորդ տիպի մոդելները կարելի է համարել անցումային տիպ՝ առաջինից դեպի երկրորդ տիպերը (կամ՝ հակառակը)։ 

Գծապատկեր 3-ի ձախ կողմի գծապատկերներում տրված են առաջին խմբին պատկանող երկրների հասարակություններում տարածքային ինքնության կառուցվածքի գործոնային մոդելները, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի և Սերբիայի։ Գծապատկերներում երևում է, որ այդ երկրների հասարակությունների տարածքային ինքնության կառուցվածքում հստակ առանձնացված են երկու գործոն՝ հորիզոնական առանցքի վրա «Ազգային ինքնության գործոնը», որը միավորում է այն փոփոխականները, որոնք արտապատկերում են մարդկանց մոտ զգալը իրենց համայնքին, իրենց մարզին (շրջանին, նահանգին) և իրենց երկրին։ Իսկ ուղղահայաց առանցքն իրենից ներկայացնում է «Վերազգային ինքնության գործոնը», որը կազմված է միայն երկու վերազգային փոփոխականներից՝ մարդկանց մոտ զգալը անդրազգային տարածքին և աշխարհին։  

Գծապատկեր 3-ի ձախ կողմում տրված են երկրորդ խմբին պատկանող երկրների հասարակություններում տարածքային ինքնության կառուցվածքի գործոնային մոդելները, այդ թվում՝ Ադրբեջանի, Իրաքի և Բոսնիա – Հերցեգովինայի։ Այդ գործոնային մոդելներից երևում է, որ դիտարկված երկրներում «Ազգային ինքնության գործոնը» «ճեղքված» է։ Այսինքն՝ այդ գործոնային առանցքին մոտ են գտնվում ենթաազգային ինքնության տեղային և շրջանային բաղադրիչներն արտապատկերող փոփոխականները (մոտ զգալը բնակավայրին և մոտ զգալը շրջանին)։ Իսկ բուն ազգային ինքնության բաղադրիչը՝ մոտ զգալը երկրին (պետությանը), որն իր բովանդակությամբ առավել համապատասխանում է «Ազգային ինքնության» գործոնի բովանդակությանը, բավական հեռու է «Ազգային ինքնության» առանցքից։ Մասնավորապես, Ադրբեջանի դեպքում այն նույնիսկ ավելի մոտ է «Վերազգային ինքնության» առանցքին։ Նույնպիսի պատկեր է նաև Իրաքի և Բոսնիա - Հերցեգովինային գործոնային մոդելներում։ Ընդ որում Իրաքում «Վերազգային ինքնության գործոնն» իր փոփոխականների դիսպերսիան բացատրող ունակությամբ ավելի ուժեղ է, քան՝ «Ազգային ինքնության գործոնը», ինչի հետևանքով այն տեղադրվել է հորիզոնական առանցքի վրա։  




Գծապատկեր
3
Երկրների տարածքային ինքնությունների գործոնային կառուցվածքների տիպերը։ Ձախ սյունում տրված են այն երկրները, որոնց տարածքային ինքնության կառուցվածքում սերտորեն միավորված են տեղային, շրջանային և ազգային ինքնությունները (Հայաստան, Իրան, Սերբիա)։ Աջ սյունում տրված են այն երկրները, որոնց տարածքային ինքնության կառուցվածքում ազգային ինքնության բաղադրիչը հեռու է գտնվում տեղային և շրջանային բաղադրիչներից (Ադրբեջան, Իրաք, Բոսնիա և Հերցեգովինա)։ 

Կարելի է ենթադրել, որ երկրորդ տիպի մոդելներում՝ Իրաք և Բոսնիա-Հերցեգովինա, ազգային ինքնության բաղադրիչի «հեռանալը» ենթաազգային ինքնության բաղադրիչներից կապված է այդ երկրների բնակչության էթնիկ և կրոնական կազմից։ Այդ երկու երկրների բնակչության կազմում առկա են երկու կամ ավելի համադրելի ծավալներով էթնիկ և կրոնական խմբեր։ 

Իրաք․ 2003-2011 թթ. ընթացքում ԱՄՆ-ը և եվրոպական երկրները՝ Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության պատրվակով սկսեցին Իրաքյան երկրորդ պատերազմը։ Պատերազմի հետևանքով Իրաքը փաստացի դադարել է լինել միասնական պետություն։ Իրաքի դե յուրե միասնականությունը գլոբալ և տարածաշրջանային պետությունների կամքի և ուժերի բալանսի արդյունք է։ Ներկայում Իրաքը կազմված է փաստացի անկախ Իրաքյան Քրդստանից, շիա բնակչությամբ հատվածից, սունի բնակչությամբ հատվածից և մի քանի խառը կրոնական պատկանելություն ունեցող բնակչությամբ տարածքներից։ Ըստ երևույթին քաղաքական այդ իրավիճակը Իրաքի բնակչության շրջանում դժվարություններ է առաջացնում երկրի՝ Իրաք պետության հետ իրենց ինքնանույնականացման հարցերում։ Այսինքն՝ մարդիկ հավանաբար տարբեր կերպ են ընկալում, թե ինչ է իրենից ներկայանում «իր երկիրը» հասկացությունը, որը կիրառվել է Համաշխարհային արժեքների հետազոտությունում։ Մասնավորապես չի բացառվում, որ Իրաքյան Քրդստանում մարդիկ Իրաքը չեն համարում «իրենց երկիրը»։ Սակայն առկա տվյալների շտեմարանով հնարավոր չէ ստուգելու այդ հիպոթեզը։  

2022 թ.-ին Իրաքի Քրդստանի բնակչությունը գնահատվել է 10.2 միլիոն մարդ։ Ըստ Արաբական Բարոմետր 2021 թ. հետազոտության Իրաքի բնակչության 26.1%-ը դավանում էր սունի իսլամ, 26.8%-ը` շիա իսլամ, 19%-ը հետազոտության ընթացքում իրեն անվանել է իսլամ հավատացյալ՝ առանց նշելու շիա կամ սունի պատկանելության մասին, 11.5%-ը՝ մարոնիտ էր, 4.1%-ը՝ ուղղափառ քրիստոնյա, 3.4%-ը՝ կաթոլիկ քրիստոնյաiii։  

Բոսնիա և Հերցեգովինա․ Հարավսլավիայի կազմալուծման պրոցեսում՝ 1992-1995 թթ. ընթացքում, Բոսնիա և Հերցեգովինայում պատերազմ էր ընթանում սերբերի, բոսնիացի մահմեդականների և խորվաթների միջև։ Պատերազմին մասնակցում էր նաև Հարավսլավական բանակը, իսկ հետո նաև՝ Խորվաթական բանակը։ 1995 թ. Դեյտոնյան համաձայնագրերով Բոսնիա և Հերցեգովինան պահպանվեց որպես միասնական պետություն, որը կազմված է երկու ինքնավար տարածաշրջաններից՝ Մուսուլմանական-խորվաթական ֆեդերացիայից և Սերբական հանրապետությունից։ Մինչ օրս սերբերի և բոսնիացիների միջև հարաբերությունները մնում են լարված։ Սերբերը չեն դադարեցնում իրենց փորձերը Բոսնիա և Հերցեգովինայի կազմից դուրս գալու ուղղությամբ։ 

2013 թ. մարդահամարի արդյունքներով Բոսնիա և Հերցեգովինայի բնակչության 50%-ն իրեն անվանել է բոսնիացի, 31%-ը՝ սերբ և 15%-ը՝ խորվաթ։ Ըստ կրոնական պատկանելության՝ 51%-ը՝ իսլամ հավատացյալ, 31%-ը՝ ուղղափառ քրիստոնյա և 15%-ը՝ կաթոլիկ։ 

Գործոնային մոդելների դիտարկումը ցույց տվեց, որ ազգային ինքնության բաղադրիչը բավական առանձնացված է ներազգային ինքնության բաղադրիչներից նաև Նորվեգիայում, Շվեդիայում և Դանիայում (Գծապատկեր 4)։ 



Գծապատկեր 4 Տարածքային ինքնությունների գործոնային կառուցվածքները Հյուսիսային Եվրոպայում» 

Այս երկրներում նույնպես առկա են էթնիկ և կրոնական մեծ խմբեր։ Սակայն, եթե Իրաքում և Բոսնիա-Հերցեգովինայում էթնիկ և կրոնական խոշոր խմբերը տեղաբնիկ են, ապա Նորվեգիայում, Շվեդիայում և Դանիայում առկա է տարբեր երկրներից մեծաքանակ իսլամ ներգաղթյալ բնակչություն։ 2023 թ.-ին Նորվեգիայի բնակչության 20%-ը կազմել են կամ առաջին սերնդի իմիգրանտները կամ այն քաղաքացիները, որոնց մեկ կամ երկու ծնողները իմիգրանտներ ենiv։ Համանման վիճակ է նաև Շվեդիայում։ 2019թ.-ին Շվեդիայի 10.3 միլիոն բնակչությունից 2.6 միլիոնը (25%) կամ առաջին սերնդի իմիգրանտներ էին, կամ՝ այն քաղաքացիները, ում ծնողները ծնվել են այլ երկրներում։ Դանիայում 2021 թ.-ին բնակչության 14%-ը կազմել են իմիգրանտները կամ նրանց սերունդները։ 

Դիտարկված տեսակետից հետաքրքրական է դիտել Ռուսաստանի գործոնային մոդելը։ Ըստ 2021 թ. մարդահամարի Ռուսաստանում ռուսները կազմում են բնակչության 71.7%-ը, ոչ ռուս բնակչությունը՝ 17.0%-ը, իսկ 11.3%-ը չեն նշել իրենց ազգային պատկանելությունը։ Այսինքն՝ Ռուսաստանում ռուս և ոչ ռուս բնակչության հարաբերակցությունը մոտ է Շվեդիայում շվեդ և ոչ շվեդ բնակչության հարաբերակցությանը Ռուսների տոկոսային քանակը Ռուսաստանում զիջում է նորվեգացիների տոկոսային քանակին Նորվեգիայում և դանիացիների տոկոսային քանակին  Դանիայում։ Սակայն Ռուսաստանի, Նորվեգիայի, Շվեդիայի և Դանիայի գործոնային մոդելների դիտարկումից երևում է, որ Ռուսաստանում ազգային ինքնության փոփոխականը ավելի սերտ է կապված համայնքային և մարզային ինքնությունների փոփոխականների հետ, քան Հյուսիսային Եվրոպայի երկրներում։ Նշենք նաև Ռուսաստանում ոչ ռուս բնակչության մեծամասնությունը բնակվում է իր պատմական տարածքներում։  

Այսպիսով, այն երկրները, որոնց տարածքային ինքնության երկգործոն գործոնային մոդելներում ազգային ինքնության բաղադրիչը «առանձնացել է» ենթաազգային գործոններից, առկա են կրոնական կամ էթնիկ բնակչության մի քանի միմյանցից տարբերվող հատվածներ։  

Սակայն, Ադրբեջանի դեպքում այս բացատրությունն ակնհայտ չէ։ Ադրբեջանի վերջին պաշտոնական տվյալները երկրի բնակչության էթնիկ կազմի վերաբերյալ վերաբերվում են 2009 թ. մարդահամարին։ Ըստ այդ տվյալների Ադրբեջանում ադրբեջանցիները կազմել են բնակչության 91.6%-ը (8,172,800 մարդ), լեզգիները՝ 2.0%-ը (180,300), հայերը՝ 1.4%-ը (120,300 մարդ, մարդահամարում որպես Ադրբեջանի քաղաքացի են համարվել Արցախի հանրապետության հայերը), ռուսները՝ 1.3% (119,300), թալիշները՝ 1.3% (112,000), ավարները՝ 0.6% (49,800)։ Եթե հիմնվենք Գծապատկեր 3 և Գծապատկեր 4-ի տվյալների վրա, ապա Ադրբեջանի գործոնային մոդելում ազգային ինքնության բաղադրիչը չպետք է առանձնանար ներազգային ինքնության բաղադրիչներից։ Ադրբեջանում Արժեքներն աշխարհում հետազոտությունը կատարվել է 2018 թ.-ին։ 

Մյուս կողմից, Սվանտե Կոռնելն իր «Փոքր ազգերը և գերտերությունները․ Էթնոքաղաքական կոնֆլիկտներն Կովկասում» աշխատանքում գրում է, որ չնայած Ադրբեջանի պաշտոնական տվյալներով դաղստանյան ժողովուրդների թիվն Ադրբեջանում կազմում է 3%-ից ավելի, իսկ ռուսներինը՝ 2.5%, սակայն լեզգիական աղբյուրները (Կոռնելը չի նշում այդ աղբյուրները) պնդում են, որ Ադրբեջանում լեզգիների թիվը ոչ թե 200,000 է (Կոռնելի աշխատությունը տպագրվել է 2003 թ.-ին), այլ «նշանակալիորեն ավելի շատ», քրդերի թիվը ըստ «որոշ աղբյուրների» (Կոռնելը չի նշում այդ աղբյուրները) կազմում է Ադրբեջանի ամբողջ բնակչության ավելի քան 10%-ը, իսկ թալիշների թիվը՝ 200,000-400,00 մարդ։v Եթե այդ տվյալները համապատասխանում են իրականությանը, ապա Ադրբեջանի տարածքային ինքնության երկգործոն մոդելի կառուցվածքը համապատասխանում է մեր ենթադրությանը՝ Ազգային ինքնության գործոնը «ճեղքված է», քանի որ Ադրբեջանի բնակչության կազմում կան բավական մեծ թվով այլ էթնոսների ներկայացուցիչներ։ 

Եզրակացություններ 

Տ արածքային ինքնության բաղադրիչներն ունեն համեմատաբար ավելի բարձր արժեքներ այն իսլամական երկրներում, որտեղ մարդկանց կյանքում համեմատաբար ավելի բարձր է կրոնի նշանակությունը։ Կրոնի նշանակության նվազման և աշխարհիկ արժեքների աճի դեպքում իսլամական և քրիստոնեական երկրների միջև տարածական ինքնության բաղադրիչների տեսակետից տարբերությունները նվազում են։ Այդ դեպքում երկրների միջև տարածական ինքնությունների բացատրության համար անհրաժեշտ է փնտրել այլ գործոններ։ 

Տվյալ երկրում տարածական ինքնության բաղադրիչների կառուցվածքները՝ փոխադարձ շաղկապվածությունը պայմանավորված է երկրի բնակչության էթնիկ և կրոնական համասեռությամբ։ Որքան ավելի համասեռ է երկրի բնակչության էթնիկ և կրոնական կազմը, այնքան, մնացած հավասար պայմաններում, այդ երկրներում ավելի սերտ է շաղկապվածությունը տարածական ինքնության ազգային և ենթաազգային ինքնությունների միջև։ Երկրի բնակչության Էթնիկ և կրոնական անհամասեռության աճի դեպքում տարածական ինքնության ազգային բաղադրիչի և ենթաազգային բաղադրիչների միջև շաղկապվածությունը նվազում է՝ ազգային ինքնության բաղադրիչը սկսում է «հեռանալ» մարզային և համայնքային բաղադրիչներից։ Որոշ դեպքերում այն կարող է նույնիսկ մոտենալ տարածական ինքնության վերազգային բաղադրիչներին։ 

Բացահայտված օրինաչափությունը հստակ արտահայտված է Բոսնիա և Հերցեգովինայում և Իրաքում։ Բոսնիա և Հերցեգովինայում առկա է երեք նշանակալի ծավալով էթնիկ խումբ՝ բոսնիացիներ, սերբեր և խորվաթներ, իսկ կրոնական տեսակետից՝ մեկ սունի իսլամական և քրիստոնեական երկու դավանաբանական ճյուղ՝ ուղղափառ և կաթոլիկ բնակչություն։ Իրաքում առկա է երկու մեծ ծավալով էթնիկ խումբ՝ արաբներ և քրդեր, իսկ արաբներն իրենց հերթին կիսված են ըստ շիա և սունի դավանանքների։ 

Նշված օրինաչափություն առկա է, սակայն ավելի թույլ է արտահայտված այն եվրոպական երկրներում, որտեղ առկա է առաջին և երկրորդ սերնդի իսլամադավան քաղաքացիների նշանակալի հատված, մասնավորապես՝ Շվեդիայում, որտեղ բնակչության այդ սեգմենտը կազմում է ամբողջ բնակչության 25%-ը, Նորվեգիայում, որտեղ առաջին և երկրորդ սերնդի իսլամադավան իմիգրանտները կազմում են ամբողջ բնակչության 20%-ը և Դանիայում՝ 14%: 

Նշված օրինաչափությունից նշանակալիորեն տարբերվում է Ադրբեջանը, որտեղ չնայած ոչ ադրբեջանցի բնակչությունը ըստ պաշտոնական տվյալների նշանակալիորեն ավելի փոքր է, քան Շվեդիայում, Նորվեգիայում և Դանիայում, սակայն տեղային ինքնության կառուցվածքում ազգային ինքնության բաղադրիչը շատ հեռու է ենթաազգային ինքնության բաղադրիչներից և մոտ է վերազգային ինքնության բաղադրիչներին։ Այս փաստը հուշում է, որ հարկ է ավելի խորն ուսումնասիրել Ադրբեջանի բնակչության էթնիկ կազմը, որի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները կասկածի տակ են դրվում անգլիացի, լեզգի և թալիշ փորձագետները։  

Հոդվածին կից ֆայլեր՝