Կայացավ թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը

2 ր.   |  2025-03-13

Հ Հ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգմամբ մարտի 10-12-ը կայացավ թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը։ Միջոցառման նպատակն էր Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, ինչպես նաև՝ ստեղծել գործընկերային կապեր թուրքական առաջատար լրատվամիջոցների հետ։

Մեդիատուրի ծրագրի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ և քննարկումներ են ունեցել ՀՀ վարչապետի, մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև` փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ։ 

Մեդիատուրի մասնակիցներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ, որտեղ ծանոթացել են գործարկման ենթակա անցակետի հնարավորություններին։ 

Ծրագիրն ունեցել է նաև մշակութային բաղադրիչ, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Մատենադարանի հայկական ձեռագրերին,  հայկական գորգագործության ժառանգությանը, գինեգործության և կոնյակագործության ավանդույթներին։