ՀՀ անշարժ գույքի շուկա. զարգացումներ և դրանց հիմքում ընկած գործոններ

4 ր.   |  2025-02-28

Հ ոդվածը հրապարակվել է «Օրբելի» կենտրոնի և Iran Daily պարբերականի միջև համագործակցության շրջանակում։

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Կովկասյան տարածաշրջանի երկրներում տեղի ունեցած գլոբալ կառուցվածքային փոփոխությունները, ի հայտ եկած սոցիալ-տնտեսական բնույթի հիմնախնդիրներն իրենց ուղղակի ազդեցությունն են ունեցել նաև անշարժ գույքի շուկայի վրա: Այս համատեքստում կարևորում ենք ՀՀ անշարժ գույքի շուկայի վերլուծության իրականացումը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ամենաթարմ հրապարակված տվյալներից պարզ է դարձել, որ 2024թ. դեկտեմբերին ՀՀ անշարժ գույքի շուկայում կատարված գործարքների թվաքանակը, տարեկան կտրվածքով աճել է 6.6%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ ավելի բարձր՝ 9.9%-ով՝ կազմելով 23 հազ. 103: Միաժամանակ, վերջին 10 տարվա դեկտեմբեր ամսվա տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ գործարքների ամենամեծ ծավալն արձանագրվել է հենց 2024թ., ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ ՀՀ անշարժ գույքի շուկայում երկարաժամկետում գործարքների թվաքանակն ունեցել է աճի միտում: 

Դեկտեմբերին անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները ևս զգալի աճ են արձանագրել, մասնավորապես 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 21.3%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 14%-ով՝ կազմելով 5 հազ. 909: 2024թ. դեկտեմբերի առքուվաճառքի ցուցանիշը ևս առավելագույնն է վերջին 10 տարվա ընթացքում: Ամենաշատ գործարքներն իրականացվել են մայրաքաղաքում (2193), իսկ մարզերի կտրվածքով՝ մայրաքաղաքին հարակից՝ Կոտայքի (984), Արմավիրի (482) և Արարատի (474) մարզերում: Ըստ գույքի տեսակի՝ ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել հողերի (39.1%), այնուհետև բնակարանների (31.6%) և բնակելի տների (10.8%) վաճառքին:

Անշարժ գույքի շուկայում ակտիվության մասին են վկայում նաև հատկապես վերջին տարիներին ՀՀ-ում շինարարության ծավալների շարունակական աճը, որը ՀՀ տնտեսական աճն ապահովող հիմնական ճյուղերից մեկն է: 2024թ. նոյեմբերին շինարարության ծավալն աճել է 11.6%-ով, իսկ հունվար-նոյեմբերին՝ շուրջ 15%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Զուգահեռաբար, ավելացել է նաև Երևանում կառուցապատման թույլտվությունների քանակը: Միայն նոյեմբեր ամսին տրվել է 162 նախագծման և 303 շինարարության թույլտվություն, իսկ ավարտական ակտերի քանակը համեմատաբար ցածր է եղել՝ 113: Տարեկան ամփոփված տվյալներից պարզ է դարձել, որ առավել մեծ տեմպով աճել են Երևանում շինարարության թույլտվությունների ստացման քանակը, մասնավորապես՝ 2023թ. դրանք եղել են 4 հազ. 448-ը՝ նախորդ տարվա 4 հազ. 14-ի համեմատ: 

2024թ. դեկտեմբերին անշարժ գույքի 368 առքուվաճառքի գործարքների կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները, որն ընդհանուր գործարքների 6.2%-ն է կազմել: Գործարքներն ըստ պետությունների և տարածաշրջանների դիտարկելիս, նկատել ենք, որ առավել բարձր մասնաբաժին են կազմում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ, 63.1%), այնուհետև Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ, 11.4%) քաղաքացիների կողմից ՀՀ-ում ձեռք բերված անշարժ գույքի քանակը: Այս համատեքստում, ՀՀ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) միջև առկա են որոշակի համագործակցային հարաբերություններ, սակայն դրանք ընդհանուր գործարքների համեմատաբար փոքր մաս են կազմում: Գործընկերների ցանկում ԻԻՀ-ն թվով 3-րդն է, ինչպես անշարժ գույքի գնման (մասնաբաժինը՝ 4.8%), այնպես էլ վաճառքի (2.8%) դեպքում: Մասնավորապես՝ 2024թ. դեկտեմբերին ԻԻՀ քաղաքացիների կողմից ՀՀ-ում գնվել է 8, վաճառվել՝ 6 անշարժ գույք: Այնուհանդերձ, ինչպես գնման, այնպես էլ վաճառման գործարքները տարեկան կտրվածքով ավելացել են՝ համապատասխանաբար 2.7 և 2 անգամ:

Հատկանշական պատկեր է ստացվում գների դինամիկայի ուսումնասիրության արդյունքում, ըստ որի` դեկտեմբերին բնակարանների գները, 1ք/մ-ի հաշվարկով, տարեկան կտրվածքով աճել են 4%-ով, մինչդեռ նախորդ ամսվա համեմատ՝ նվազել 0.1%-ով: Վերջին տարիներին գների բարձրացման վրա իր ուղղակի ազդեցությունն է ունեցել անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի զգալի ավելացումը, որը մեծամասամբ պայմանավորված է եղել ՀՀ կառավարության կողմից իրականացվող եկամտային հարկի հետվերադարձի ծրագրով: 2025թ. հունվարի 1-ից օրենքը Երևանի ամբողջ տարածքում չեղարկվել է, այսուհետ գործում է միայն ՀՀ մարզերում, որի հիմնական նպատակը մարզերում ևս բնակարաշինությանը զարկ տալն է: Անշարժ գույքի գների վրա որոշ չափով իրենց ազդեցությունն են ունեցել ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով այցելուների ներհոսքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայրենակիցների բռնի տեղահանումը, որի արդյունքում ևս շուկայում զգալիորեն ավելացել է պահանջարկը: 

Անդրադառնալով անշարժ գույքի վարձակալության գործարքներին՝ նշենք, որ դեկտեմբերին դրանք կազմել են 1040, ինչն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների ընդհանուր քանակի 4.5%-ն է: Ըստ վիճակագրության՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գործարքները նվազել են 21.5%-ով՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ոլորտը որոշակի կանոնակարգման կարիք ունի, գործարքների զգալի մասը չի արտացոլվում վիճակագրական ցուցանիշներում: Ներկայում իրականացվում են գործողություններ տվյալ ուղղությամբ, որի արդյունքում ակնկալվում է գործարքների թվաքանակի առավել ճշգրիտ արտացոլում:

Այսպիսով, տարեկան ամփոփված տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ անշարժ գույքի շուկայում շարունակում է պահպանվել ակտիվությունը. առքուվաճառքի գործարքներն աճել են՝ 2024թ. դեկտեմբերին հասնելով առավելագույն բարձր մակարդակին վերջին 10 տարվա ընթացքում: Գործարքների աճին զուգընթաց, շուկայում աճել են նաև անշարժ գույքի գները, չնայած ամսական համեմատությամբ որոշակի անկումներին, անշարժ գույքի գները ՀՀ-ում երկարաժամկետում ունեցել են աճի միտում: Զուգահեռաբար, ՀՀ-ում աճել են շինարարության ծավալները, ինչպես նաև կառուցապատման թույլտվությունները, որոնք ևս մեկ անգամ փաստում են անշարժ գույքի շուկայում առկա ակտիվությունը: