Տեղային, ազգային և վերազգային ինքնությունը Հայաստանի հասարակությունում

8 ր.   |  2022-03-14

Նախաբան

«Օրբելի վերլուծական կենտրոնը» մի քանի անգամ անդրադարձել է Հայաստանի հասարակության ինքնության հարցերին։ Մասնավորապես դիտարկվել են՝ Հայաստանի հասարակության քաղաքակրթական ինքնության կառուցվածքը հինգ քաղաքակրթական տարածքների կոնտեքստում, Հայաստանի հայերի էթնիկ ինքնության կառուցվածքի միջուկը և Հայաստանի հայերի ընկալումները և սոցիալական տարածությունները հայերի ենթա-էթնիկ խմբերի նկատմամբ։ Առանձին դիտարկվել է նաև այն հարցը, թե ինչպե՞ս է ազդում ինքնության կառուցվածքը Հայաստանի հասարակությունում երեխաների պահանջմունքի վրա, որը երկարատև հեռանկարում Հայաստանի ժողովրդագրական վիճակի բարելավման կարևորագույն գործոններից մեկն է։ 

Ներկայացվող հոդվածում դիտարկված է այն հարցը, թե ինչպիսի՞ն է Հայաստանի հայերի ինքնության կառուցվածքը՝ տեղական, ազգային և վերազգային ինքնությունների փոխհարաբերության տեսակետից։

Մեթոդաբանություն

Հ ոդվածի հիմնական հարցի ուսումնասիրության համար կիրառվել է 2021 թ.-ին Հայաստանում «Արժեքներն աշխարհում» (World Values Survey) միջազգային հետազոտական նախագծի 7-րդ ալիքի շրջանակներում իրականացված հետազոտության տվյալների շտեմարանը։ Հետազոտությունն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ – Հայաստան կազմակերպությունը։ Այն «Արժեքներն աշխարհում» ծրագրի Հայաստանում իրականացված երրորդ հետազոտությունն է։ Հետազոտության շտեմարանը հասանելի է World Values Survey կայքում։

Հետազոտությունում հարցվել է 1223 անձ։ Ընտրանքը պատահական, բազմաստիճան ստրատիֆիկացված կլաստերային, ներկայացուցչական է ըստ Հայաստանի մարզերի, բնակավայրի տիպերի (Երևան, քաղաքներ, գյուղեր) և Հայաստանի չափահաս բնակչության սեռատարիքային կառուցվածքի։ Դաշտային աշխատանքները կատարվել են 2021 թ․ մայիսի 7-ից՝ հունիսի 7-ը։

Հետազոտական հարցի ուսումնասիրության համար կիրառվել է հետևյալ հարցախումբը։ 

Մարդիկ տարբեր տեսակետներ ունեն իրենց մասին և թե ինչպես են առնչվում աշխարհի հետ: Օգտագործելով այս քարտը, խնդրում եմ նշեք, թե որքանո՞վ եք Դուք մոտ զգում Ձեզ հետևյալին ...

 

Շատ մոտ

Մոտ

Ոչ այնքան

մոտ

Ընդհան-րապես

շատ հեռու

Ձեր (գյուղին, քաղաքին)

1

2

3

4

Ձեր (վարչական տարածքին, համայնքին, մարզին)

1

2

3

4

Հայաստանին

1

2

3

4

Եվրասիա մայր ցամաքին

1

2

3

4

Աշխարհին

1

2

3

4

Հարցի, պատասխանների տարբերակների և սանդղակների ձևակերպումները տրված են այնպես, ինչպես դրանք շարադրված են հարցման հարցաթերթում։

Անձի՝ իրեն մոտ զգալը իր գյուղին կամ քաղաքին արտապատկերում է տեղական (լոկալ) ինքնության չափը (ինտենսիվությունը), մոտ զգալը Հայաստանին՝ ազգային ինքնության չափը, իսկ մոտ զգալը՝ աշխարհին՝ վերազգային ինքնության չափը։  

Ստացված արդյունքներ

Գ ծապատկեր 1-ում տրված են հարցվածների շրջանում տեղական, ազգային և վերազգային ինքնության զգացողությունների (չափերի) բաշխումն
Գծապատկեր 1.
«Մարդիկ տարբեր տեսակետներ ունեն իրենց մասին և թե ինչպես են առնչվում աշխարհի հետ: Օգտագործելով այս քարտը, խնդրում եմ նշեք, թե որքանո՞վ եք Դուք մոտ զգում Ձեր գյուղին/քաղաքին / Հայաստանին / Աշխարհին»։

Եթե համեմատենք ինքնության դիտարկվող բաղադրիչները, միավորելով մի կողմից՝ «շատ մոտ» և «մոտ», իսկ մյուս կողմից՝ «Ոչ այնքան մոտ և «Ընդհանրապես շատ հեռու» գնահատականները, ապա գծապատկերից ակնհայտ է, որ Հայաստանի հասարակությունում տեղական և ազգային ինքնության բաղադրիչների բաշխումները համարյա նույնական են և իրենց ինտենսիվությամբ էապես գերազանցում են վերազգային ինքնության բաղադրիչին։ Սակայն տեղական և ազգային ինքնության բաղադրիչների ավելի մանրամասն դիտարկումը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, Հայաստանի բնակչության շրջանում տեղական ինքնության բաղադրիչն ավելի ինտենսիվ է դիրքավորված, քան ազգային ինքնության բաղադրիչը՝ իրենց գյուղին կամ քաղաքին «շատ մոտ» են զգում բնակչության 67%-ը, իսկ Հայաստանին՝ 56%ը։ 

Վերազգային բաղադրիչն առավելագույն ինտենսիվությամբ (աշխարհին իրենց «շատ մոտ են զգում») առկա է Հայաստանի բնակչության 10%-ի շրջանում։

Տեղական, ազգային և վերազգային ինքնության դինամիկան 

Գ ծապատկեր 2-ում ներկայացված են ինքնության տեղական, ազգային և վերազգային բաղադրիչների մակարդակները տարիքային խմբերում։ Այդ մակարդակները գնահատելու  համար զգացողության ինտենսիվության գնահատականները վերակոդավորվել և նորմավորվել են այնպես, որպեսզի տվյալ օբյեկտին (գյուղին/քաղաքին, Հայաստանին, աշխարհին) «շատ մոտ զգալ» մակարդակը ստացել է 1 արժեքը, իսկ «Ընդհանրապես շատ հեռու» մակարդակը՝ 0 արժեքը։ Ըստ այդմ, գծապատկերում ինքնության տվյալ բաղադրիչի առավելագույն արժեքը կարող էր լինել 1-ը, իսկ նվազագույնը՝ 0-ն։ 


Գծապատկեր 2. Տեղական ինքնությունները տարիքային խմբերում

Գծապատկերից երևում է, որ Հայաստանի բնակչության շրջանում ինքնության տեղական և ազգային բաղադրիչները ժամանակի ընթացքում համարյա չեն փոխվել՝ դրանք տարիքային խմբերում ունեն մոտավորապես միևնույն մակարդակները։ Սակայն ինքնության վերազգային բաղադրիչը սկսած 35-44 տարիքային խմբից սկսել է աճել և 16-24 տարեկանների խմբում ստացել է իր առավելագույն արժեքը։

Այս արդյունքը հաղորդակցվում է Հայաստանի հասարակության ինքնության վերը նշված տեսակետերից ուսումնասիրությունների արդյունքներին։ Մասնավորապես՝ ժամանակի ընթացքում Հայաստանի հայերի շրջանում․ 

  • նվազում է հայկական քաղաքակրթական ինքնության ընկալումը (տես՝ 1)։ 
  • նվազում են էթնիկ ինքնության միջուկի բոլոր բաղադրիչները (տես՝ 2
Հայաստանի հասարակության սեգմենտներն ըստ տեղական, ազգային և վերազգային ինքնության բաղադրիչների զուգակցությունների

Ու սումնասիրվել է այն հարցը, թե ինչ սեգմենտներից է կազմված Հայաստանի հասարակությունը ինքնության տեղական, ազգային և վերազգային բաղադրիչների տեսակետից։ Կլաստերային վերլուծության միջոցով բացահայտվել են այդ սեգմենտները, դրանց ծավալները և կառուցվածքները։ 

Պարզվել է, որ դիտարկվող տեսակետից Հայաստանի հասարակությունը կազմված է երեք սեգմենտներից։ Կառուցված մոդելի որակը շատ բարձր է։ 


Գծապատկեր 3
Ինքնության տեղական, ազգային և վերազգային բաղադրիչների միջոցով Հայաստանի հասարակության կլաստերացման արդյունքները։ Ձախ գծապատկերի «Cluster» տողում տրված են կլաստերների համարները։ Դրանք դասավորված են ըստ կլաստերների ծավալի նվազման։ «Size» տողում տրված են կլաստերների ծավալները՝ տոկոսով Հայաստանի չափահաս բնակչության թվից։ «Inputs» տողում տրված են յուրաքանչյուր կլաստերի կառուցվածքն ըստ կլաստերացման բնութագրերի։ Աջ գծապատկերում տրված են կլաստերների կառուցվածքների տեսողական պատկերները։ Երկնագույն շրջանները արտապատկերում են 1-ին կլաստերը, կապույտ շրջանները՝ 2-րդ կլաստերը, իսկ կարմիր շրջանները՝ 3-րդ կլաստերը։ 

Առաջին կլաստերը, կազմված է այն անձանցից ովքեր ունեն տեղական և ազգային ինքնության բարձր և վերազգային ինքնության ցածր մակարդակ։ Կլաստերը կազմում է Հայաստանի չափահաս բնակչության 52.1%-ը (Գծապատկեր 3, աջ դիագրամ)։

Երրորդ կլաստերը (Գծապատկերում այն 2-րդ համարն ունեցող սյունն է) կազմված է այն անձանցից, ովքեր ունեն տեղական, ազգային և վերազգային ինքնության բարձր մակարդակ։ Կլաստերի ծավալը 40.7% է։

Երկրորդ կլաստերը (Գծապատկերում այն 3-րդ համարն ունեցող սյունն է) կազմված է այն անձանցից, ովքեր ունեն ազգային ինքնության բարձր մակարդակ, իսկ տեղական և վերազգային ինքնության մակարդակները ցածր են։ Կլաստերի ծավալն է 7.2%:

Հայաստանի հասարակության ինքնության փոխակերպման վերաբերյալ կարևոր տեղեկությունն են պարունակվում տարիքային խմբերի անդամների բաշխումները կառուցված կլաստերներիում։ Այդ բաշխումները տրված են  Գծապատկեր 4-ում։


Գծապատկեր 4
Ինքնության կլաստերների տարիքային կառուցվածքը։ 

Գծապատկերների տվյալների համադրումից բխում է, որ որքան ավելի երիտասարդ է խումբն, այնքան խմբում ավելի մեծ տոկոս են կազմում երրորդ կլաստերին պատկանող անձինք, այսինքն նրանք, ովքեր ունեն տեղական, ազգային և վերազգային ինքնության բարձր մակարդակներ։ Բացի դրանից, ամենաերիտասարդ խմբում համեմատաբար ավելի մեծ է նաև միայն ազգային ինքնության բարձր մակարդակ ունեցող անձանց քանակը։

Մյուս կողմից, որքան ավելի բարձր է տարիքը, այնքան այդտեղ ավելի մեծ տոկոս են կազմում անձինք, ովքեր ունեն միայն տեղական և ազգային ինքնության բարձր մակարդակներ։ 

Եզրակացություններ 

Հ այաստանի հասարակությունում տեղական, ազգային և վերազգային բաղադրիչների փոխհարաբերության տեսակետից տեղի են ունենում երկու պրոցեսներ։

  1. Առաջին՝ աճում է բնակչության այն սեգմենտը, որում ինտենսիվորեն առկա են և՛ տեղական, և՛ ազգային, և՛ վերազգային բաղադրիչները։ Այդ աճը տեղի է ունենում այն սեգմենտի նվազման հաշվին, որում ինտենսիվ են դիրքավորված միայն տեղական և ազգային ինքնությունները և, միաժամանակ, բացակայում է վերազգային ինքնության բաղադրիչը։ Կարևոր խնդիր է գնահատել այդ պրոցեսի ազդեցությունը Հայաստանի հասարակությունում միգրացիոն դիրքորոշումների վրա։ Մասնավորապես, արդյո՞ք այդ պրոցեսը բարձրացնում է Հայաստանից արտագաղթելու դիրքորոշումը։ Այդ հարցի պատասխանը հնարավոր չէ ստանալ առկա շտեմարանով, քանի որ դրանում բացակայում են միգրացիոն դիրքորոշումներն արտապատկերող փոփոխականները։
  2. Երկրորդը՝ աճում է բնակչության այն սեգմենտը, որում ինտենսիվ առկա է միայն ազգային ինքնության բաղադրիչը և թույլ են արտահայտված կամ բացակայում են տեղական ինքնության և վերազգային ինքնության բաղադրիչները։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք դա նպաստում է Հայաստանում քաղաքական ազգի ձևավորմանը, ինչը արդի գլոբալ պայմաններում և գլոբալ պրոցեսների կոնտեքստում կարևորագույն խնդիր է Հայաստանի տարածաշրջանային դերի փոխակերպման կանխատեսման տեսակետից։

Հոդվածին կից ֆայլեր՝