Հայաստանը ավանդական և աշխարհիկ արժեքների համատեքստում
13 ր. | 2023-04-27Արժեքներն աշխարհում հետազոտությունը
Հ ամաշխարհային արժեքների հետազոտությունը (World Values Survey) միջազգային հետազոտական ծրագիր է, որը հետազոտում է աշխարհի տարբեր երկրներում մարդկանց սոցիալական, քաղաքական, տնտեսական, կրոնական և մշակութային արժեքները։ Ծրագրի հիմնական նպատակն է գնահատել, թե ինչ ազդեցություն ունի արժեքների փոփոխությունը կամ կայունությունը երկրների և հասարակությունների սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացման վրա:
Ծրագիրը նախաձեռնել է Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ռոնալդ Ինգլհարթը։ Այն Եվրոպայում իրականացվող Եվրոպական արժեքների ուսումնասիրություն (European Values Study) ծրագրի ընդլայնումն է, որտեղ ընդգրկվել են աշխարհի տարբեր երկրներ։
Համաշխարհային արժեքների հետազոտությունն իրականացվում է 1981 թ.-ից մինչ օրս։ Այն արդեն իրականացվել է 120 երկրում, որպես կանոն յուրաքանչյուրում մեկից ավելի անգամ։ Հայաստանում հետազոտությունն իրականացվել է երեք անգամ՝ 1997, 2011 և 2020 թվականներին։ Հետազոտությամբ ընդգրկված երկրներում բնակվում է աշխարհի բնակչության 94.5%-ը։ Հետազոտությունն իրականացվում է 5-ամյա ալիքներով։ Արդեն իրականացվել է 7 ալիք` 1981-1984, 1990-1994, 1995-1998, 1999-2004, 2005-2009, 2010-2014, 2017-2020 թթ.։ Հետազոտության 8-րդ ալիքը նախատեսվում է իրականացնել 2023-2026 թվականներին։ Հարցաշարը պարունակում է 600-ից ավելի ինդիկատորներ, որոնք թույլ են տալիս բազմակողմանիորեն ուսումնասիրել տարաբնույթ արժեքներ և արժեքային համակարգեր կոնկրետ երկրում, երկրների խմբերում և ամբողջ աշխարհում։ Հետազոտության տվյալների շտեմարանները օգտագործման համար բաց են և անվճար։[1]
Ինգլհարտ-Վենզելի մշակութային քարտեզը
Տ արբեր երկրներում և տարբեր տարիներին իրականացված հետազոտությունների համախմբված տվյալների շտեմարանի բազմաչափ մաթեմատիկական մշակման միջոցով Ինգլհարթը և Վենզելը պարբերաբար կառուցում են աշխարհի երկրների արտապատկերումը երկչափ տարածությունում, որի ուղղահայաց առանցքը արտապատկերում է երկրների դիրքը «Ավանդական - Աշխարհիկ» արժեքների սանդղակում, իսկ հորիզոնական առանցքը՝ «Գոյատևման – Ինքնարտահայտման» արժեքների սանդղակում։ Այդ արտապատկերումն ընդունված է անվանել Ինգլհարթ-Վելզելի մշակութային քարտեզ։
Ավանդական արժեքներ են համարվում այն արժեքները, որոնք կարևորում են կրոնական հավատքը, ծնող-երեխա կապերը, հարգանքը քաղաքական, կրոնական, մտավոր, հասարակական հեղինակության և այն կրող անձանց նկատմամբ, ինչպես նաև ավանդական ընտանեկան[2] արժեքները: Որպես կանոն, այն մարդիկ, ովքեր ընդունում են նշված արժեքները, միաժամանակ մերժում են ամուսնալուծությունը, աբորտը, էվթանազիան, համասեռամոլությունը և ինքնասպանությունը: Ավանդական արժեքների գերակայությամբ հասարակություններում բարձր է ազգային հպարտության զգացողությունը և տարածված են ազգայնական հայացքները:
Աշխարհիկ-ռացիոնալ արժեքներ կրող հասարակություններն ունեն ավանդական արժեքների համեմատ հակադիր նախապատվություններ։ Այս հասարակություններում ավելի ցածր են կարևորում կրոնը, ավանդական ընտանեկան արժեքները, ավելի ցածր է հարգանքը տարբեր ոլորտների հեղինակությունների կատմամբ։ Այստեղ համեմատաբար ավելի բարձր է ամուսնալուծությունների, աբորտների, էվթանազիայի և ինքնասպանության նկատմամբ հանդուրժողականությունը։
Գոյատևման արժեքներ են համարվում այն դիրքորոշումները, որտեղ բարձր գերակայություն ունեն տնտեսական և ֆիզիկական անվտանգությանը: Այս արժեքները շաղկապված են ազգակենտրոն (էթնոկենտրոն) հայացքների հետ։ Այս հասարակություններում համեմատաբար ավելի ցածր են վստահությունը մարդկանց («օտարների») և հանդուրժողականությունը նորմայից շեղվող հայացքների և վարքագծի նկատմամբ։
Ինքնարտահայտման արժեքները բարձր գերակայություն են տալիս շրջակա միջավայրի պաշտպանությանը, ավելի հանդուրժող են օտարերկրացիների և համասեռամալոների նկատմամբ, շեշտադրում են սեռերի հավասարությունը։ Այս հասարակություններում ավելի բարձր է երկրի տնտեսական և քաղաքական կյանքում որոշումների կայացմանը մարդկանց մասնակցության պահանջը:
Համաշխարհային արժեքների հետազոտությունում առկա են ավանդական, աշխարհիկ, գոյատևման և ինքնարտահայտման արժեքներն արտապատկերող բազմաթիվ հարցեր։ Ինգլհարթը և Վենցելը հարցերի այդ բազմությունից ընտրել են 10 փոփոխական, որոնցից հինգն արտապատկերում են ավանդական և գոյատևման արժեքները, իսկ մյուս հինգը՝ աշխարհիկ և ինքնարտահայտման արժեքները, որոնց համատեղ գործոնային վերլուծության միջոցով կառուցել են «Ավանդական - Աշխարհիկ» և «Գոյատևման - ինքնաիրականացման» արժեքային սանդղակները, որոնք մշակութային քարտեզի վրա վերածվում են առանցքների։
«Ավանդական – աշխարհիկ» սանդղակի կառուցման համար կիրառվել են հետևյալ դրույթներն արտապատկերող հարցերը (փոփոխականները)․
- «Որքանո՞վ է կարևոր Աստված Ձեր կյանքում». որքան ավելի բարձր է մարդու կյանքում Աստծո կարևորությունը, այնքան ավելի բարձր է ավանդականությունը։
- Ավտոնոմության ինդեքս՝ այս ինդեքսն ավելի բարձր է այն դեպքում, երբ մարդը ցանկանում է իր երեխաների մոտ դաստիարակել ավելի շուտ հնազանդություն և կրոնական հավատք, քան անկախություն և վճռականություն։
- Հղիության արհեստական ընդհատումը՝ ավանդական արժեհամակարգում այն նվազ հանդուրժելի է։
- Հպարտությունն իր ազգային պատկանելությամբ՝ ավանդական արժեհամակարգում այն ավելի բարձր է։
- Իշխանությունների նկատմամբ հարգանքը՝ ավանդական արժեհամակարգում այն ավելի բարձր է։
«Գոյատևման – Ինքնարտահայտման» սանդղակի կառուցման համար կիրառվել են հետևյալ դրույթները․
- Գոյատևման արժեհամակարգում տնտեսական աճը գերակա է բնապահպանության նկատմամբ։ Տնտեսության և բնապահպանության նկատմամբ հարցերի միջոցով կառուցվում է մատերալիստական/պոստմատերիալիստական արժեքների 4-աստիճան ինդեքս:
- Երջանկության զգացողություն՝ գոյատևման արժեհամակարգի անձինք իրենց պակաս երջանիկ են զգում։
- Համասեռամոլության ընդունելիությունը՝ ինքնարտահայտման արժեհամակարգ կրող անձինք հանդուրժողական են համասեռամոլների նկատմամբ։
- Կոլեկտիվ հայցադիմումի ստորագրում՝ ինքնարտահայտման արժեհամակարգ կրող անձինք ավելի հաճախ են մասնակցում ստորագրահավաքներին։
- Վստահություն մարդկանց նկատմամբ՝ ինքնարտահայտման արժեհամակարգ կրող անձանց շրջանում այն ավելի բարձր է։
«Ինգլհարթ – Վելզելի աշխարհի մշակութային քարտեզի» 2023 թ. տարբերակը տրված է ստորև (Նկար 1):
Քարտեզի վրա կետերը ներկայացնում են աշխարհի երկրները: Որքան ավելի ձախակողմյան տիրույթում է գտնվում երկիրը, այնքան ավելի ավանդական է դրա հասարակության արժեհամակարգը, որքան ավելի աջակողմյան տիրույթում՝ այնքան ավելի աշխարհիկ։ Քարտեզի վրա որքան ավելի վերևում է դիրքավորված երկիրը, այնքան դրանում ավելի զարգացած է ինքնարտահայտման արժեհամակարգը, իսկ որքան ավելի ներևում է դիրքավորված երկիրը, այնքան դրան ավելի հատկանշական է գոյատևման արժեհամակարգը։
Քարտեզի վրա գույներով և փակ կորերով տարանջատված են տարբեր քաղաքակրթություններին պատկանող երկրների խմբերը։ Մասնավորապես, տրված են Աֆրո-իսլամական, Լատինամերիկյան, Ուղղափառ եվրոպական, Հարավային և հարավարևելյան ասիական, Կաթոլիկ եվրոպական, Կոնֆուցիական, Անգլիախոս և Բողոքական եվրոպական երկրների խմբերը։ Քարտեզի տվյալների ընկալման դյուրության նպատակով Աֆրո-իսլամական երկրների տարածքում իսլամական երկրների անունները նշված են շեղագիր։ Առանձնացված խմբերն ակնհայտորեն արտապատկերում են տարբեր քաղաքակրթություններ։
Նկար 1․ «Ինգլհարտ – Վելզելի աշխարհի մշակութային քարտեզը»։, 2023 թ.: Աղբյուրը՝ https://www.worldvaluessurvey.org/images/MAP20232.png
Եթե քարտեզը դիտենք նեքևից վերև, ապա երևում է, որ Աֆրո-իսլամական երկրների խումբն ամենաավանդականն է։ Այդ խմբին ըստ ավանդականության նվազման և աշխարհիկության աճի հետևում են Լատինամերիկյան, Հարավ և հարավարևելյան ասիական, Ուղղափառ եվրոպական, Անգլիախոս, Կաթոլիկ եվրոպական, Կոնֆուցիանական և Բողոքական եվրոպական խմբերը։ Այդուհանդերձ երևում է նաև, որ ընդհանուր առմամբ ավելի ավանդական քաղաքակրթական տարածքների որոշ երկրներ կարող են լինել ավելի աշխարհիկ, քան ավելի աշխարհիկ տարածքների որոշ երկրներ։ Օրինակ, Կոնֆուցիական քաղաքակրթական տարածքին պատկանող Չինաստանն ավելի ավանդական է, քան Ուղղափառ եվրոպական տարածքին պատկանող Բուլղարիան։ Իսկ Կոնֆուցիական տարածքին պատկանող Ճապոնիան ավելի աշխարհիկ է, քան Կաթոլիկ եվրոկապան տարածքին պատկանող Ավստրիան կամ Բողոքական եվրոպական տարածքին պատկանող Գերմանիան։
Եթե քարտեզը դիտենք ձախից՝ աջ, այսինքն «Գոյատևման – Ինքնարտահայտման» առանցքի վրա, ապա, գոյատևման արժեքների ամենաբարձր գերակայությունը Աֆրո-իսլամական քաղաքակրթության տարածքում է։ Առանցքով ձախից՝ աջ շարժվելով տեսնում ենք, որ գոյատևման արժեհամակարգի գերակայությունը նվազումը և ինքնարտահայտման արժեհամակարգի գերակայության աճը տեղի են ունենում քաղաքակրթությունների հետևյալ հաջորդականությամբ՝ Ուղղափառ եվրոպական, Կոնֆուցիական, Հարավային և հարավարևելյան ասիական, Լատինամերիկյան, Կաթոլիկ եվրոպական, Անգլիախոս և Բողոքական եվրոպական։
Այդ քարտեզների և դրանց հիմքում գտնվող մաթեմատիկական արդյունքների ուսումնասիրությունը սոցիոլոգիական, մշակութաբանական, կրոնագիտական, պատմագիտական և քաղաքագիտական համատեքստերում տվել է մի շարք կարևոր արդյունքներ։ Այդուհանդերձ հետազոտության ընդհանրացված արդյունքները երբեմն քննադատվում են արդյունքների խիստ ընդհանրացվածության և դրա հետևանքով պարզունակացման համար։ Հատկապես, երբ անհրաժեշտություն է առաջանում ավելի մանրամասն ուսումնասիրել որևէ երկիր կամ երկրների խումբ։
Որպես այդ քննադատության լուսաբանում նկատենք, որ քարտեզի վրա միմյանց շատ մոտ են գտնվում Լիտվան, Լատվիան, Հունգարիան (Կաթոլիկ եվրոպական տարածք) և Մոնղոլիան ու Թայվանը (Կոնֆուցիանական տարածք)։ Ակնհայտ է, որ համանման փաստերն ունեն ավելի մանրամասն և բովանդակային բացատրության անհրաժեշտություն։
Ինգլհարթ-Վելզելի 2023 թ. քարտեզի վրա Վրաստանը, որն Ուղղափառ եվրոպական տարածքի երկիր է, «Ավանդական – աշխարհիկ» առանցքի վրա տեղադրված է նշանակալիորեն ավելի ցածր (ավելի ավանդական է), քան Հայաստանը, որը քարտեզի հեղինակները նույնպես տեղադրել են Ուղղափառ եվրոպական տարածքում, և Ադրբեջանը, որը տեղադրված է Աֆրո-իսլամական երկրների տարածքում։ Սակայն, «Գոյատևման – Ինքնարտահայտման» առանցքի վրա Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն ունեն մոտավորապես նույն դիրքը։
Մյուս կողմից, նկատենք, որ Տաջիկստանը, Ուզբեկստանը և Կիրգիզիան պատկանելով Աֆրո-իսլամական երկրների խմբին, մի կողմից, «Ավանդական – Աշխարհիկ» առանցքի վրա գտնվում են Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից շատ ավելի ներքև՝ ավանդականության տիրույթում, սակայն, մյուս կողմից, «Գոյատևման – Ինքնարտահայտման» առանցքի վրա դրանք գտնվում են ինքնարտահայտման արժեքների ավելի բարձր տիրույթում։
Հետևաբար, Ինգլհարթ – Վելզելի մշակութային քարտեզի վրա քաղաքակրթական տարածքների բաժանումը միարժեք չէ՝ այն կարող է կատարվել տարբեր հիմքերով, մասնավորապես, եթե դասակարգման համար կիրառվեն արժեքների տարբեր համախմբություններ։
Բարոյական արժեքներ և նորմեր
Վ երոնշյալ ենթատեքստում մեր համար հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի դիրքավորվածությունը տարբեր երկրների նկատմամբ արժեքային ավելի մասնավոր համակարգերի տեսակետից։ Ուշադրության է արժանի Հայաստանի հասարակությունում Համաշխարհային արժեքները հետազոտության «Բարոյական արժեքներ և նորմեր» հատվածում դիտարկվող արժեքների և նորմերի դիրքավորվածությունը և այդ տեսակետից Հայաստանի դիրքավորվածությունը մի շարք երկրների համատեքստում։ Համաշխարհային արժեքները հետազոտության այդ հատվածում մարդկանց հարց է տրվում․ «Որքանո՞վ է Ձեր համար ընդունելի [տվյալ վարքագծը]»։ Ընդունելիության աստիճանը չափվել է 1-10 սանդղակով, որտեղ 1-ը նշանակում էր՝ «Բոլորովին ընդունելի չէ», իսկ 10-ը՝ «Լիովին ընդունելի է»։
Հոդվածում ներկայացված է բարոյական արժեքների և նորմերի տեսակետից Հայաստանի դիրքավորվածությունը հարավկովկասյան հարևանների՝ Վրաստան, Ադրբեջան, միջինարևելյան հարևանների՝ Թուրքիա, Իրան, Իրաք, Կենտրոնական Ասիայի այն երկրների, որոնք Հայաստանի հետ գտնվում են ԵԱՀԿ-ում և ՀԱՊԿ-ում՝ Ղազախստան, Կիրգիզիա, եվրոպական երկրների՝ Չեխիա, Իսպանիա, Ավստրիա, Նիդերլանդներ, նկատմամբ։
«Բարոյական արժեքներ և նորմեր» խումբը պարունակում է 20 հարց, սակայն մեզ համար կարևոր երկրներից՝ Իրանում և Թուրքիայում, ինչպես նաև Իրաքում իրականացված հետազոտություններում այդ հարցերից 10-ը չեն տրվել։ Դրա հետևանքով մեր հետաքրքրության շրջանակում գտնվող երկրների խմբում ամբողջ հարցախմբի միասնական բազմաչափ հետազոտությունը հնարավոր չէր։ Այդ պատճառով հետազոտությունում կիրառվել է 20 արժեքների և նորմերի ցանկից 10-ը, որոնք տրված են Աղյուսակ 1-ում։
Աղյուսակ 1. Համաշխարհային արժեքները հետազոտության Բարոյական արժեքներ և նորմեր հարցախումբը։
Աղյուսակում ներկայացված արժեքների և նորմերի դիտարկումից ակնհայտ է, որ այդ հարցախմբում կա առնվազն երկու միմյանցից տարբերվող խումբ։ Առաջինը հասարակական նորմերի ենթախումբն է՝ «Պետական նպաստ պահանջելը, որի իրավունքը Դուք չունեք, «Հասարակական տրանսպորտի վճարից խուսափելը», «Հարկերից խուսափելը, եթե ունեք այդպիսի հնարավորություն» և «Կաշառք վերցնելը` օգտվելով ծառայողական դիրքից»։ Իսկ երկրորդը՝ մարդու անհատական վարքին և կյանքին վերաբերվող արժեքներն ու նորմերն են՝ որքանո՞վ է ընդունելի հարցվողի համար՝ համասեռամոլությունը, աբորտը/հղիության արհեստական ընդհատումը, ամուսնալուծությունը, ինքնասպանությունը, էֆթանազիան՝ կյանքի բժշկական ընդհատումը և մահապատիժը։
Աղյուսակ 2-ում տրված են ուսումնասիրվող յուրաքանչյուր երկրում յուրաքանչյուր դիտարկված նորմի ընդունելիության աստիճանի միջին արժեքները։ Աղյուսակի վանդակները գունավորված են։ Որքան ավելի մեծ է վանդակում գրված թիվը, այնքան ավելի մուգ կարմիր է այն գունավորված։ Որքան ավելի փոքր է վանդակում գրված թիվը, այնքան ավելի մուգ կապույտ է այն գունավորված։ Չնայած վանդակների գունավորումը թույլ է տալիս արագորեն տեսնել ամենամեծ և ամենափոքր թվեր պարունակող վանդակները և ընկալել, թե դրանք ո՞ր երկրում ո՞ր արժեքի ընդունելիության մակարդակն են ներկայացնում, սակայն թվերի առատությունը դժվարություններ է առաջացնում ամբողջ աղյուսակի միասնական ընկալման, վերլուծության, մեկնաբանության և ընդհանրացման տեսակետերից։
Աղյուսակ 2․ Արժեքների և նորմերի ընդունելիության աստիճանների միջին արժեքները դիտարկված երկրներում։
Մասնավորապես, եթե դիտարկում ենք անհատական վարքի նորմերը (համասեռամոլությունը, աբորտ, ամուսնալուծություն), ապա միանգամից տեսանելի է, որ դրանց միջին արժեքները եվրոպական երկրներում մնացած երկրների համեմատ նշանակալիորեն ավելի բարձր են։ Սակայն, այլ երկրների (սյուներ) և նորմերի (տողեր) համեմատությունը, նույնիսկ գույների առկայության դեպքում, հստակ ընկալելի չեն, իսկ եզրակացությունները՝ ակնհայտ չեն։
Դյուրացնելու համար աղյուսակի տվյալների վերլուծությունը կիրառվել է համապատասխանությունների վերլուծություն (Corresponding Analysis) բազմաչափ մեթոդը։ Այդ մեթոդի համար մուտքային տվյալներ են հանդիսացել Աղյուսակ 1-ի տվյալները։ Գծապատկեր 1-ում տրված է համապատասխանությունների վերլուծության մեթոդի կիրառմամբ կառուցված դիտարկված 10 արժեքների և նորմերի ընդհանրացված երկչափ տարածությունը։ Գծապատկերի վրա նորմերի դիրքավորման պատկերը ցույց է տալիս, որ միջին արժեքների համեմատության դեպքում դրանք հստակորեն բաժանվում են երկու խմբի՝ անհատական վարքագծային նորմեր, որոնք գտնվում են գծապատկերի ձախ կիսահարթությունում և սոցիալական վարքի նորմեր, որոնք գտնվում են աջ կիսահարթությունում։ Այդ պատկերը սահմանում է գծապատկերի հորիզոնական առանցքը, որը դիտարկված օրինաչափության պատճառով անվանվել է «Անհատական – Սոցիալական» նորմերի առանցք[3]։
Մյուս կողմից, Գծապատկեր 1-ի ուղղահայաց առանցքը տարրաբաժանում է մի կողմից սոցիալական նորմերը, օրինակ, հարկերից խուսափելու նկատմամբ հանդուրժողականությունը, իսկ մյուս կողմից՝ կյանքի նկատմամբ դիրքորոշումները, օրինակ, մահապատժի ընդունելիության թույլատրելիությունը։ Այդ պատճառով առանցքն անվանվել է «Կենսական - սոցիալական» նորմերի առանցք։[4]
Գծապատկեր 1․
Համանման արդյունքներ է տվել դիտարկվող նորմերի կլաստերային վերլուծությունը դիտարկվող երկրների շրջանում։ Այդ վերլուծության դենդրոգրամը տրված է Գծապատկեր 2-ում։ Այստեղ նույնպես առանձնացել են անհատական նորմերը՝ հանդուրժողականությունը աբորտի, համասեռամոլության և էֆթանազիայի նկատմամբ, որոնց մոտ է գտնվում նաև հանդուրժողականությունը ամուսնալուծության նկատմամբ։ Իսկ մյուս կողմից, միավորվել է հանդուրժողականությունը սոցիալական նորմերի նկատմամբ՝ պետական նպաստ պահանջելը, որի իրավունքն անձը չունի, հարկերից խուսափելը, դրա հնարավորության դեպքում, հասարակական տրանսպորտի վճարից խուսափելը, որոնց հետ միավորվում է նաև կաշառք վերցնելը` օգտվելով ծառայողական դիրքից։
Գծապատկեր 2․
Գծապատկեր 3-ում տրված է երկրների դիրքավորվածությունը նույն հարթության վրա, ինչ արժեքներն ու նորմերը։ Գծապատկերը ցույց է տալիս, որ դիտարկված երկրները՝ արժեքներին և նորմերին համանման, հստակորեն ստորաբաժանվել են երկու խմբի՝ եվրոպական (Նիդերլանդներ, Ավստրիա, Չեխիա, Իսպանիա) և ասիական (Հայաստան, Վրաստան, Կիրգիզիա, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Իրաք, Իրան) երկրներ։ Այսինքն՝ գծապատկերի հորիզոնական առանցքը կարող էր անվանվել նաև՝ «Եվրոպա – Ասիա» առանցք։
Գծապատկերի հաջորդ առանձնահատկությունն այն է, որ ուղղահայաց առանցքով ասիական երկրները բաժանվել են երկու խմբի՝ նախկին ԽՍՀՄ (կամ՝ ԱՊՀ) կազմում գտնվող երկրներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Կիրգիզիա, Ղազախստան, որոնք գտնվում են միմյանց բավական մոտ) և միջինարևելյան երկրներ` Իրան, Իրաք, Թուրքիա։
Գծապատկեր 3․
Երկրների դասակարգումը կլաստերային վերլուծության կիրառմամբ նորից տվել է համանման արդյունքներ, այն տարբերությամբ, որ Թուրքիան և Ղազախստանը փոխել են իրենց տեղերը (Գծապատկեր 4)։
Գծապատկեր 4․
Համապատասխանությունների վերլուծության մեթոդում տողերի (մեր դեպքում՝ արժեքների և նորմերի) և սյուների (մեր դեպքում երկրների) կիրառմամբ կառուցված հարթությունները համադրելի են։ Այդ պատճառով կարելի է այդ երկու հարթությունները վերադրել։ Վերադրման արդյունքում ստացվում է Գծապատկեր 5-ում տրված պատկերը։ Քանի որ նախորդ երկու գծապատկերները թույլ են տվել ընդհանրացված պատկերացում կազմել երկրների և արժեքների խմբավորման հարցերի վերաբերյալ, ապա Գծապատկեր 5-ի ավելի բարդ պատկերը ավելի դյուրությամբ է ընկալվում և ակնառու են արտապատկերվում երկրների դիրքավորման առանձնահատկությունները արժեքների և նորմերի տիրույթում։
Գծապատկեր 5․
Հիմնական եզրակացություններ
Ս տացված արդյունքները թույլ են տալիս կատարել մի քանի եզրակացություններ։ Առաջին եզրակացությունը նորույթ չէ՝ եվրոպական և ասիական երկրները միմյանցից տարբերվում են անձի իրավունքների հետ կապված յուրահատուկ նորմերի տեսակետից, որոնք վերաբերվում են ընտանիքին և սեռական հարաբերություններին։ Սակայն, պարզվում է, որ այդ տարբերությունները տարածվում են նաև մարդու կյանքի հետ կապված արժեքների հետ։ Չնայած այն հանգամանքին, որ եվրոպական արժեհամակարգում, որտեղ անձի իրավունքները հայտարարված են գերակա հասարակության իրավունքների նկատմամբ, դիտարկված եվրոպական երկրներում ավելի հանդուրժող են մարդուն կյանքից զրկելու կամ հեռանալու նորմերի նկատմամբ, մասնավորապես ավելի ընդունելի են աբորտը, որը խախտում է դեռ չծնված երեխայի կյանքի իրավունքը, ինքնասպանությունը, էֆթանազիան՝ անբուժելի հիվանդ և անտանելի տառապանքներ կրող անձանց կյանքից հեռանալու օգնությունը։
Հաջորդ եզրակացությունն այն է, որ ստացված տվյալների հիման վրա եվրոպական և ասիական երկրների միջև չեն հայտնաբերվել էական տարբերություններ հակա-հասարակական նորմերի, մասնավորապես՝ անօրինական պետական նպաստի ստացումը, հասարակական տրանսպորտի վճարից խուսափելը, հարկերից խուսափելը և կաշառքը։ Դրանք հավասարապես անընդունելի են բոլոր դիտարկված երկրներում անկախ նրանից դրանք պատկանում են բողոքական եվրոպական, կաթոլիկ եվրոպական, ասիական, կամ իսլամական քաղաքակրթական տարածքներին։ Այդուհանդերձ, հանդուրժողականությունը նշված հակահասարակական վարքագծի նկատմամբ մի փոքր ավելի բարձր է Չեխիայում, Իսպանիայում և Ղազախստանում։
Բազմանշանակ է դիրքորոշումը մահապատժի ընդունելիության նկատմամբ։ Դրա ընդունելիության ամենաբարձր միջին արժեքն Իրանում է, իսկ երկրորդը՝ Իրաքում։ Սակայն մահապատժի ընդունելիությունը Նիդերլանդներում, Չեխիայում և Իսպանիայում նշանակալիորեն գերազանցում է դրա ընդունելիությանը ԱՊՀ ասիական երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Կիրգիզիայում և Ղազախստանում։
Բազմանշանակ է նաև դիրքորոշումն ամուսնալուծության նկատմամբ։ Այն շատ բարձր է Նիդերլանդներում՝ մարդու իրավունքների եվրոպական ընկալման առաջատար երկրում: Հաջորդը՝ Իսպանիան է, ինչը բավական անսպասելի է կաթոլիկ երկրի համար։ Սակայն, տվյալները ցույց են տալիս, որ Ֆրանսիսկո Ֆրանկոյի կառավարման ավարտից հետո (1975 թ.) Իսպանիայում շատ արագ սկսեցին տարածվել ազատական բարքերը։ Մյուս կողմից, կարող է տարօրինակ թվալ, սակայն Իրանում և Իրաքում ամուսնալուծության ընդունելիության մակարդակն ավելի բարձր է, քան ԱՊՀ երկրներում, բացառությամբ՝ Ղազախստանի։
Կարելի է ենթադրել, որ դիտարկված շեղումները օրինաչափություններից բացատրվում են մի կողմից կրոնական արժեքների տարածվածությամբ Իրանում և Իրաքում, իսկ մյուս կողմից՝ ԽՍՀՄ կազմում գտնվելու տարիներին աշխարհիկ արժեքների ունիվերսալ տարածմամբ հարավկովկասյան և Կենտրոնական Ասիայի խորհրդային հանրապետություններում։
Այդ հիպոթեզը կարող է ստուգվել Համաշխարհային արժեքները հետազոտության տվյալների շտեմարանի համապատասխան վերլուծության միջոցով։
[1] https://www.worldvaluessurvey.org/WVSContents.jsp
[2] Ավանդական ընտանիք է համարվում տղամարդու և կնոջ սոցիալապես ընդունելի համակեցությունը, որի հիմնական ֆունկցիան է սերնդի շարունակությունը։
[3] Այդ առանցքը բացատրում է Աղյուսակ 2-ի տողերի ընդհանուր դիսպերսիայի 68%-ը։
[4] Այդ առանցքը բացատրում է Աղյուսակ 2-ի տողերի ընդհանուր դիսպերսիայի 13%-ը։