Հարավային Կովկասի երկրների հասարակություններում աշխարհաքաղաքական կողմնորոշումների դինամիկան. ՄԱՍ 2.

11 ր.   |  2025-02-07
Մաս 2. Հարավային Կովկաս երկրների հասարակություններում աշխարհաքաղաքական կողմնորոշումների դինամիկան 2007-2024 թթ. ընթացքում 

Ն ախորդ հոդվածում դիտարկվել են, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հասարակություններում աշխարհաքաղաքական կողմնորոշումները և դրանց դինամիկան պայմանավորող գլոբալ և տարածաշրջանային գործոնները, որոնք օգնում են կոնկրետ սոցիոլոգիական հետազոտություններում ստացված տվյալներն ընկալել ավելի խորը և ավելի լայն համատեքստում։ Ներկայացվող հոդվածում տրված են հարավկովկասյան հասարակություններում արտաքին քաղաքական դիրքորոշումների դինամիկան արտապատկերող սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները, իսկ նախորդ հոդվածի դրույթները օգնում են արտահայտվել ավելի համառոտ։ 

Արտաքին քաղաքական կողմնորոշումները Հարավային Կովկասում 2007 թ.

Ա րտաքին քաղաքական կողմնորոշումները Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում 2007 թ.-ին հաշվարկվել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների «Տվյալների հավաքագրման նախաձեռնություն 2007» ծրագրի շրջանակներում հավաքագրված սոցիոլոգիական տվյալների շտեմարանի վերլուծությամբ։ Բոլոր երկրներում հետազոտությունը կատարվել է միևնույն մեթոդաբանությամբ։ Սակայն, յուրաքանչյուր երկրում տվյալները հավաքագրել է տեղական հետազոտական խումբը։ Հետազոտությունը նախագծվել և կատարվել է սոցիոլոգիական հետազոտությունների միջազգային ստանդարտների պահպանմամբ։ Հետազոտություններին մեթոդաբանական աջակցություն են ցուցաբերել ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի փորձագետները։ Հետազոտության ընտրանքների ծավալները Հայաստանում՝ 2457, Վրաստանում՝ 3306, Ադրբեջանում՝ 2146։ Ընտրանքները ներկայացուցչական են ըստ յուրաքանչյուր երկրի տարածաշրջանների, բնակավայրի տիպերի, սեռի և տարիքային խմբերի։

Հետազոտության ընթացքում հարցվողին ներկայացվել է երկրների և միությունների ցանկ և հարց է տրվել. «Ձեր կարծիքով [Ձեր երկիրը] որքանո՞վ պետք է ձգտի համագործակցել հետևյալ երկրների և միությունների հետ քաղաքական ոլորտում։ Նշեք Ձեր պատասխանը 1-ից 10 սանդղակում, որտեղ՝ 1-ը նշանակում է ոչ մի համագործակցություն, իսկ 10-ը՝ առավելագույն համագործակցություն»[1]։ Դյուրացնելու համար տվյալների ընկալումն ու մեկնաբանությունը սանդղակի 6-10 գնահատականների նշումները միավորվել են որպես հասարակությունում տվյալ երկրի հետ համագործակցությանը կողմ մարդկանց հատված։ Ստացված արդյունքները ներկայացված են Աղյուսակ 1-ում։ 

Նշենք, որ հարցումը տեղի է ունեցել վրաց-օսական պատերազմից մեկ տարի առաջ։

Աղյուսակ 1 Դրական դիրքորոշումները տարբեր երկրների հետ քաղաքական գործընկերության նկատմամբ (6-10 գնահատականների գումարային տոկոսը), «Տվյալների հավաքագրմանը նախաձեռնություն», ՀՌԿԿ 2007

Տվյալները ցույց են տալիս, որ 2007 թ.-ին Հայաստանում և Վրաստանում Ռուսաստանը որպես քաղաքական գործընկեր ստացել է ամենից շատ նշումները։ Այդուհանդերձ, արտաքին քաղաքական կողմնորոշումները Հայաստանում և Վրաստանում ունեն իրենց առանձնահատկությունները։ Եթե Հայաստանում ռուսական կողմնորոշումը (92%) նշանակալիորեն գերազանցում էր եվրոպական (70%), ամերիկյան (65%) կողմնորոշումներին, ապա Վրաստանում կողմնորոշումները դեպի Ռուսաստան (81%), Եվրոպական Միություն (81%) և ԱՄՆ (78%) գործնականում միմյանց հավասար էին։ Բացի դրանից Վրաստանում նման բարձր մակարդակում էր գտնվում դիրքորոշումն Ուկրաինայի նկատմամբ (80%):

Արտաքին կողմնորոշումների կառուցվածքն Ադրբեջանում էապես տարբերվում էր Հայաստանից և Վրաստանից։ Այստեղ քաղաքական համագործակցության համար առավել շատ նշումներ ստացել էր Թուրքիան (88%)։ Ռուսաստանի, Եվրոպական Միության և ԱՄՆ հետ համագործակցությանը կողմ անձանց քանակը զիջում էր Թուրքիային մոտ 20%-ով և համապատասխանաբար կազմել էր՝ 70%, 69%, 72%։

Տվյալների կարևոր առանձնահատկությունն այն է, որ Հարավային Կովկասի երկրների միմյանց հետ քաղաքական ոլորտում համագործակցությունը դրական համարող անձանց քանակն էապես զիջում է գերտերությունների հետ համագործակցության դիրքորոշումներին։ 

Հայաստանում ավելի հանդուրժող էին Ադրբեջանի նկատմամբ (այդ երկրի հետ քաղաքական համագործակցությանը կողմ էր բնակչության 13%-ը), քան Ադրբեջանում՝ Հայաստանի նկատմամբ (Հայաստանի հետ քաղաքական համագործակցությանը կողմ էր բնակչության  3%-ը)։ Բացառություն էր կազմում Վրաստանը, որտեղ Ադրբեջանի և Հայաստանի հետ համագործակցության ընդունելիության աստիճանը մոտավորապես նույնն էր, համապատասխանաբար՝ 71% և 69%։ Այդուհանդերձ նաև Վրաստանի հասարակական կարծիքում ներանդրկովկասյան համագործակցությունը նվազ կարևոր էր, քան գերտերությունների հետ համագործակցությունը։ 

Արտաքին քաղաքական կողմնորոշումների դինամիկան Հարավային Կովկասում 2011-2022 թթ.

Հ ետազոտության ՄԱՍ 1-ում նկարագրված գործոնների ազդեցության տակ Հարավային Կովկասի երկրներում արտաքին քաղաքական կողմնորոշումների փոփոխությունները արտապատկերվել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների «Կովկասյան բարոմետր» հետազոտությունների շարքի տվյալների վերլուծություններում[2]։ Բոլոր երկրներում բոլոր հետազոտությունները ներկայացուցչական են հանրապետական մասշտաբով ըստ երկրների բնակչության տարածաշրջանների, բնակավայրի տիպերի և սեռատարիքային կառուցվածքների։ Ընտրանքների ծավալները բոլոր տարիներին բոլոր երկրների դեպքում գերազանցել են 1500-ը, այսինքն՝ բոլոր հետազոտություններում 0.95 հավանականությամբ, առավելագույն ընտրանքային սխալը չի գերազանցել ±2.5%-ը։

2011-2022 թթ. ընթացքում «Կովկասյան բարոմետր» հետազոտություններում արտաքին քաղաքական կողմնորոշումները բացահայտելու համար կիրառվել է հետևյալ հարցը. «Ըստ Ձեզ՝ ներկայումս ո՞րն է [Ձեր երկրի] ամենաբարեկամական երկիրը» (դրանից առաջ՝ 2008, 2009, 2010 թթ. հետազոտություններում այդ՝ և նման հարցեր չեն տրվել)։ Հարցվողից ընդունվել է միայն մեկ պատասխան։ Այսինքն, եթե նույնիսկ անձը ամենաբարեկամ երկիր էր համարում մի քանի երկիր, այնուամենայնիվ նա ստիպված է նշել միայն մեկին, ինչն, իհարկե, խիստ սահմանափակում է տվյալների վերլուծական բովանդակությունը։ Եթե թույլատրվեր նշել մի քանի բարեկամ երկիր, ապա տվյալների կառուցվածքը «նման» կլիներ Աղյուսակ 1-ին։ 

Վրաստան

Վրաստանում 2011-2024 թթ.[3] ժամանակաշրջանում ամենաբարեկամ երկրի վերաբերյալ հարցին տրված պատասխանները ներկայացված են Աղյուսակ 2-ում։ 

Վ րաստանում 2008 թ. պատերազմում պարտությունից հետո հասարակական գիտակցությունում տեղի ունեցավ ֆրուստրացիա՝ չարդարացան Արևմուտքի աջակցությամբ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի վերադարձի մեծ սպասումները և առաջացավ կոգնիտիվ դիսոնանս՝ «ո՞ր երկիրն է Վրաստանի բարեկամը և որը՝ թշնամին»։ 

Սկսած 2011 թ.-ից «Ո՞րն է Վրաստանի ամենաբարեկամ երկիրը» հարցին դժվարացել է պատասխանել յուրաքանչյուր չորրորդ հարցվողը, իսկ 2013 թ.-ից խիստ աճել է այն դիրքորոշումը, որ «Վրաստանն ամենաբարեկամ երկիր չունի»։ Այդ երկու պատասխանների գումարը, սկսած 2013 թ.-ից առաջին տեղում է, իսկ 2015 թ.-ին հասել էր 50%-ի (Աղյուսակ 2, վերջին սյունը)։ 

Աղյուսակ 2 Վրաստանի ամենաբարեկամական երկիրը, «Կովկասյան բարոմետր» 2011-2024, ՀՌԿԿ

2011 թ.-ին միայն ԱՄՆ-ն որպես ամենաբարեկամ երկիր պահպանեց բավականաչափ բարձր գնահատական՝ 44%։ 2013-2015 թթ. ընթացքում այդ գնահատականը նվազեց մինչև 21%, իսկ հետո՝ 2015-2024 թթ. ընթացքում որոշակի տատանումներով աճեց մինչև 24%։ 

Մնացած երկրները, որպես Վրաստանի ամենաբարեկամ երկիր ունեն շատ ցածր գնահատականներ։ Ռուսաստանը որպես ամենաբարեկամ երկիր 2011-2024 թթ. ընթացքում ընկալել է Վրաստանի բնակչության 2-7%-ը, Թուրքիան՝ 3-6%-ը, Ադրբեջանը՝ 7-8%-ը, Հայաստանը՝ 2%-ը։ Միայն Ուկրաինայի գնահատականն աճեց 2019 և 2021 թթ.։ 

Վրաստանում արտաքին քաղաքական կողմնորոշումների ուսումնասիրության տեսակետից արժե դիտել նաև, թե որ երկրներն են այստեղ ընկալվում որպես թշնամի։ «Կովկասյան բարոմետր» հետազոտությունների շարքում դրա համար կիրառվել է «Ըստ Ձեզ՝ ներկայումս ո՞րն է [Ձեր երկրի] ամենաթշնամական երկիրը» հարցը։ 2011-2024 թթ. տվյալները տրված են Աղյուսակ 3-ում։

Աղյուսակ 3 Վրաստանի ամենաթշնամի երկիրը, «Կովկասյան բարոմետր» 2011-2024, ՀՌԿԿ

Աղյուսակի տվյալներում նորից արտահայտվել է 2008 թ.-ի պատերազմի հետևանքով առաջացած կոգնիտիվ դիսոնանսը՝ բոլոր դիտարկված տարիներում մեծ թվով անձինք դժվարացել են պատասխանել (աղյուսակում՝ ԴՊ), հրաժարվել են պատասխանել (աղյուսակում՝ ՀՊ) և պատասխանել են «Ոչ մեկը» (Վրաստանը չունի ամենաբարեկամ երկիր)։ 2011 թ.-ին այդ պատասխանների ընդհանուր թիվը կազմել է 42%, 2015 թ.-ին՝ 57%, 2017-202թ թթ. ժամանակահատվածում այդ թիվը նվազել է մինչև 22%, որը նույնպես բավական բարձր ցուցանիշ է։ Ընդ որում այդ նվազումը հիմնականում պայմանավորված է «Դժվարանում եմ պատասխանել» և որոշ չափով՝ «Ոչ մեկը» տարբերակներն ընտրած անձանց քանակի նվազմամբ։

Աղյուսակի տվյալների ադեկվատ գնահատման համար հարկ է հիշել, որ սոցիոլոգիական հետազոտություններում գոյություն ունի «նուրբ հարց» հասկացությունը։ Այդպես են անվանում այն հարցերը, որոնց տարբեր պատճառներով հասարակությունում մարդկանց նշանակալի հատվածները խուսափում են պատասխանել։ Այդպիսի հարցերի շարքում են անձի կամ ընտանիքի եկամուտների, հոգեկան հիվանդությունների, սեռավարակների, սեռական վարքի, հասարակականորեն անընդունելի վարքի վերաբերյալ հարցերը։ Քաղաքական լարված իրավիճակներում նուրբ հարցերի են վերած քաղաքականության վերաբերյալ այն հարցերը, որոնց պատասխանների որոշ տարբերակներ կարող են հարցվողի մոտ առաջացնել զգույշ լինելու կամ վախի զգացողություն։ Նման իրավիճակներում հարցվողների զգալի հատվածը հակված է ընտրելու կամ տվյալ պահին, տվյալ երկրում իշխանությունների կամ հասարակության կողմից լոյալ համարվող պատասխաններ կամ խուսափել սեփական կարծիքը բացահայտորեն արտահայտելուց, թաքնվելով՝ «Դժվարանում եմ պատասխանել» կամ «Հրաժարվում եմ պատասխանել» հարցերի հետևում։ 

2008 թ.-ից մինչև օրս, Վրաստանում նուրբ սոցիոլոգիական հարցի է վերածվել Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի ուսումնասիրությունը։ Դրա մասին են վկայում «Դժվարանում եմ պատասխանել», «Հրաժարվում եմ պատասխանել», «Ոչ մեկը» պատասխանների առատությունը։ 

Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդիկայի շրջանակներում մշակվել են նուրբ հարցերի ուսումնասիրության տարբեր մոտեցումներ, սակայն «Կովկասյան բարոմետր» հետազոտությունների շարքում դրանք կիրառված չեն։ 

Հայաստան

Հ այաստանում ամենաբարեկամական երկրների վերաբերյալ տվյալները տրված են Գծապատկեր 1-ում։ Գծապատկերում տրված են Ռուսաստանը և Ֆրանսիան ամենաբարեկամ համարող մարդկանց տոկոսային քանակը, ինչպես նաև «Հայաստանը բարեկամ երկիր չունի» պատասխանները։ Մնացած երկրների նշումները որպես «ամենաբարեկամ» շատ փոքրաթիվ են, այդ պատճառով գծապատկերի ընկալելիությունը չդժվարացնելու նպատակով տրված չեն։ 

Գծապատկեր 1 Հայաստանի ամենաբարեկամական երկիրը, «Կովկասյան բարոմետր» 2011-2022, ՀՌԿԿ

Նկատենք, որ բոլոր տարիների համար դիտարկված երեք պատասխանների տոկոսների գումարը կազմում է մոտ 90% կամ ավելի մեծ թիվ։ Սակայն, մեզ համար կարևոր է, որ այդ երեք ներկայացված տվյալների փոփոխությունը բավարար է հասկանալու և մեկնաբանելու համար Հայաստանի հասարակության կողմնորոշումների դինամիկան արտաքին քաղաքական հիմնական բևեռների նկատմամբ։

Հայաստանում մինչև 2013 թ. Ռուսաստանն ամենաբարեկամ երկիր համարողների քանակը շատ բարձր էր՝ 81-83%։ Այդ տեսակետից երկրորդ տեղում գտնվող Ֆրանսիան նշել էր հարցվածների 5%-ը։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ մարդկանց միայն 1%-ը չէր կողմնորոշվել, թե որն է Հայաստանի ամենաբարեկամ երկիրը։ 

2013 թ. հետո Ռուսաստանը, որպես ամենաբարեկամ երկիր համարողների թիվը Հայաստանում սկսեց նվազել։ Դրա պատճառների շարքում են մի շարք պրոցեսներ և իրադարձություններ։ Մասնավորապես, Ռուսաստանի՝ Ադրբեջանին մեծ ծավալներով տարիներ շարունակվող հարձակողական զենքի վաճառքը և ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը, որոնք Հայաստանի հասարակությունում ընկալվում էին որպես Հայաստանի անվտանգության  սպառնալիքներ։ Բացասական ազդեցություն են ունեցել մի քանի նշանակալի իրադարձություններ։ Մասնավորապես 2016 թ. ապրիլի 2-5 Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը ԼՂՀ վրա և 2016 թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի հարձակումը պարեկապահակային  ծառայության գնդի վրա։ Այդ իրադարձությունների պատճառների և հետևանքների տարաբնույթ մեկնաբանությունների հանրագումարը բացասաբար է ազդել Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումների վրա[4]։ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումների վրա բացասական ազդեցություն են ունեցել նաև 2018 թ. հեղափոխությունը և դրան հաջորդած ռուս-հայկական միջպետական հարաբերությունների աստիճանական վատթարացումը և, հատկապես, 2020 թ. 44-օրյա պատերազմը։ Նշենք, որ «Կովկասյան բարոմետր 2020» հետազոտության դաշտային փուլը Հայաստանում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից առաջ՝ փետրվարի 21-ից մինչև մարտի 15-ը։ Այսինքն՝ պատերազմի ազդեցությունն արտահայտվել է 2022 թ. տվյալներում։ Գծապատկերից երևում է, որ առավել նշանակալի իրադարձությունները պարունակող ժամանակահատվածներում Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումներն ավելի արագ են նվազել։ Մասնավորապես՝ ապրիլյան պատերազմն ընդգրկող ժամանակահատվածում՝ 2015-2017 թթ. նվազումը կազմել է 12%, իսկ 44-օրյա պատերազմն ընդգրկող 2020-2022 թթ. ժամանակահատվածում՝ 23%։

Ընդհանուր առմամբ Ռուսաստանը որպես ամենաբարեկամ երկիր համարողների թիվը 2011 թ.-ից, մինչև 2022 թ.-ը նվազել է 84%-ից մինչև 34%, այսինքն՝ 50%-ով։

Ռուսաստանի նկատմամբ դրական դիրքորոշումը տեղակալվել է «ամենաբարեկամական երկիրը Ֆրանսիան է» և «Հայաստանը չունի ամենաբարեկամ երկիր» դիրքորոշումներով։ Դիրքորոշումը, որ «Ֆրանսիան Հայաստանի ամենաբարեկամ երկիրն է» 2017 թ.-ին 5%-ից 2022 թ.-ին հասել է 37%-ի, այսինքն աճել է 32%-ով։ Իսկ «Հայաստանը չունի ամենաբարեկամ երկիր» դիրքորոշումը, սկսել է էապես աճել սկսած 2013 թ.-ից, այսինքն այն փուլից, երբ սկսվեց Ռուսաստանի և Ադրբեջանի, իսկ 2016 թ.-ից նաև Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը։ 2022 թ.-ին Հայաստանը «չունի ամենաբարեկամ երկիր» դիրքորոշումն ուներ արդեն Հայաստանի բնակչության մոտ 20%-ը, որը կոգնիտիվ դիսոնանսի արտահայտությունն է, սակայն ավելի թույլ արտահայտված, քան՝ Վրաստանում։

Ինչ վերաբերվում է Հայաստանում «Ըստ Ձեզ՝ ներկայումս ո՞րն է [Ձեր երկրի] ամենաթշնամական երկիրը» հարցին, ապա Հայաստանում այդ տեսակետից «մրցակցել» են Ադրբեջանը և Թուրքիան՝ «տեղ չթողնելով» այլ երկրներին (Գծապատկեր 2)։

Գծապատկեր 2 Հայաստանի ամենաթշնամական, «Կովկասյան բարոմետր» 2011-2022, ՀՌԿԿ

2022 թ. տվյալների կարևոր առանձնահատկություններն են՝ Թուրքիան և Ադրբեջանը որպես ամենաթշնամի երկիր համարողների թիվը համարյա հավասարվել է։ Հավանաբար դա հետևանք է այն փաստին, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանին Թուրքիան աջակցել է, հայկական զորամիավորումներին կորուստներ պատճառել են թուրքական անօդաչու թռչող սարքերը։ Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ պատերազմից հետո Ռուսաստանը որպես Հայաստանի ամենաթշնամի երկիր համարողների թիվը 1%-ից աճել է մինչև 5%։ 

Ադրբեջան

Ա դրբեջանը մասնակցել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների «Կովկասյան բարոմետր», իսկ դրանից առաջ՝ «Տվյալների հավաքագրման նախաձեռնություն» հետազոտություններին 2004 - 2013 թթ.: Սկսած 2015 թ.-ից Ադրբեջանը տարբեր պատրվակներով «Կովկասյան բարոմետր» հետազոտություններին չի մասնակցել։ «Ամենաբարեկամական» և «ամենաթշնամական» երկրների վերաբերյալ հարցերը տրվել են «Կովկասյան բարոմետր» 2011 և 2013 թվականներին։ 

Ադրբեջանի հասարակությունում ամենաբարեկամ երկրների վերաբերյալ հարցին տրված պատասխանները ներկայացված են Գծապատկեր 3-ում։ Ադրբեջանում որպես ամենաբարեկամական երկիր Թուրքիան նշել են 2011-ին՝ բնակչության 90%, իսկ 2013-ին՝  91%: Այդ թվերը համապատասխանում են Ադրբեջանի բնակչության ազգությամբ ադրբեջանցի բնակչության թվին։ Այդ մակարդակը հաղորդակցվում է 2007 թ. տվյալների հետ, չնայած 2007 և 2013 թթ. Հետազոտություններում գնահատման մեթոդները տարբերվել են։ Ռուսաստանը որպես Ադրբեջանի ամենաբարեկամ երկիր նշել են 2011-ին՝ 2%-ը, իսկ 2013-ին՝ 1%-ը։ 

Գծապատկեր 3 Ադրբեջանի ամենաբարեկամական երկիրը, «Կովկասյան բարոմետր» 2011 և 2013, ՀՌԿԿ

Ադրբեջանի ամենաթշնամական երկիրը Հայաստանն էր, որը 2011-ին նշել էր բնակչության 94%-ը, իսկ 2013-ին՝ 90%-ը։ Նվազումը կապված է այն հանգամանքին, որ որպես Ադրբեջանի ամենաթշնամական երկիր աճել էր Ռուսաստանի նշումները՝ 2011-ին 3%-ի՝ մինչև 2013-ը՝ 7%։ 

Գծապատկեր 4 Ադրբեջանի թշնամական երկիրը, «Կովկասյան բարոմետր» 2011 և 2013, ՀՌԿԿ

(Շարունակելի)


[1] Տեքստում հարցերի ձևակերպումները տրված են այնպես, ինչպես գրված էր հայալեզու հարցաթերթում։
[2] Հայաստանում համահանրապետական ներկայացուցչական սոցիոլոգիական հետազոտությունների շարքեր պարունակող և հետազոտողների համար բաց այլ տվյալների շտեմարաններ գոյություն չունեն։ Այդ պատճառով դինամիկ շարքերի համեմատությունը հնարավոր չէ։
[3] Վրաստանում «Կովկասյան բարոմետր 2024» հետազոտությունը կատարվել է 2024 թ. ապրիլի 16-ից մայիսի 13-ը։ Հոդվածը գրելիս Հայաստանում կատարված հետազոտության վերաբերյալ տվյալները բացակայում էին։
[4] Այդ ազդեցությունների գնահատականները տես՝ Манукян С. А. Угрозы и вызовы российско-армянскому стратегическому Союзу: состояние и динамика общественных установок. CIBERLENINKA, https://tinyurl.com/29zgyoww

 

Հոդվածին կից ֆայլեր՝