Հասարակական կարծիքը Վրաստանում․ 2022 սեպտեմբեր
10 ր. | 2022-12-26Մաս II – ենթավերնագիր
Նախորդ հոդվածում, IRI (Միջազգային հանրապետական ինստիտուտ, ԱՄՆ) 2022 թ. սեպտեմբերին Վրաստանում իրականացված հետազոտության արդյունքների հիման վրա նկարագրվել է Վրաստանի հասարակության լոյալության մակարդակը իշխանություններին, Վրաստանում գերիշխող հասարակական տրամադրությունները, բնակչության ընկալումները Վրաստանի և իրենց ընտանիքի բարեկեցության վերաբերյալ, Վրաստանի կարևորագույն խնդիրները, Վրաստանում արտահերթ պառլամենտական ընտրությունների հավանականությունը, վստահությունը կուսակցական համակարգի նկատմամբ, հիմնական կուսակցությունների ռեյտինգներն ու հակառեյտինգները, վստահության մակարդակը Վրաստանի առավել հեղինակավոր քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ։
Ներկայացվող հոդվածում դիտարկվել են հասարակական ընկալումները Վրաստանում տեղի ունեցող պետական կառավարման և հասարակական փոփոխությունների վերաբերյալ, Վրաստանի հասարակությունում արտաքին քաղաքական կողմնորոշումները, մասնավորապես Վրաստանի քաղաքական գործընկեր և քաղաքական սպառնալիք հանդիսացող երկրները, դիրքորոշումները Եվրոպական Միության, Ռուսաստանի Դաշնության, ՆԱՏՕ-ի նկատմամբ և դիրքորոշումները Ուկրաինական ճգնաժամի հետևանքով ՌԴ-ից Վրաստան ներհոսած ռուսների նկատմամբ։ Դիտարկվել են նաև Վրաստանում ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ ինֆորմացիայի տարբեր աղբյուրների տարածվածությունը, ինչպես նաև վստահության մակարդակը առավել տարածված հեռուստաալիքների նկատմամբ։
Պետական կառավարման և հասարակական փոփոխությունների ընկալումները Վրաստանում
Ը նդհանուր առմամբ Վրաստանում բնակչությունը երկրում տեղի ունեցող պետական կառավարման և հասարակական փոփոխությունների տարբեր ոլորտում ավելի շատ տեսնում է հետընթաց, քան՝ առաջընթաց (Գծապատկեր 1): Բոլոր դիտարկված ոլորտներում հետընթաց դիտարկած հարցվողների քանակը գերազանցում է առաջընթաց դիտարկած հարցվողների քանակին։
Գծապատկեր 1. «Ի՞նչ ուղղությամբ են փոխվել հետևյալ հարցերը Վրաստանում վերջին մեկ տարվա ընթացքում»
Բնակչության համար առավել նկատելի է հետընթացը երկրում տնտեսության և քաղաքական բևեռացվածության նվազման հարցերում։ Տնտեսության ոլորտում հետընթաց դիտարկած անձանց քանակը 6.5 անգամ գերազանցում է առաջընթաց դիտարկածների թվին, իսկ քաղաքական բևեռացման հաղթահարման ոլորտում 5.5 անգամ։ Հետընթաց/առաջընթաց հարաբերությունն ամենաբարվոքն է խոսքի ազատության (1.2) և մամուլի ազատության (1.5) ոլորտներում։
Քաղաքական բևեռացվածությունը մնում է Վրաստանի առավել կարևոր պրոբլեմներից մեկը։ Վրաստանի բնակչության մեծամասնությունը (72%) համարում է, որ երկրի քաղաքականությունը նպաստում է բևեռացվածության աճին, այլ ոչ թե համաձայնության հաստատմանը (19%)։ Ընդ որում, այդ դիրքորոշումը բացարձակ գերակշռող է «Միացյալ ազգային շարժման» ընտրազանգվածում (նշված հարաբերությունը՝ 90% : 5%), իսկ Վրացական երազանքում այդ դիրքորոշումը կիսված է (45% : 45%)։ Բնակչության 57%-ը անհավանական է համարում իշխող և ընդդիմադիր կուսակցությունների հաշտությունը որևէ ընդհանուր պլատֆորմի վրա։ Ընդդիմադիր ընտրազանգվածը հաշտության համար ընդհանուր պլատֆորմի ձևակերպման հավանականությունն ավելի անհավանական է համարում (65%), քան իշխող կուսակցության ընտրազանգվածը (44%):
Արտաքին կողմնորոշումներ և արտաքին քաղաքականություն
Վ րաստանի լավագույն գործընկեր երկրները. Վրաստանի բնակչության բացարձակ գերակշիռ մասը շարունակում է Վրաստանի ամենակարևոր քաղաքական գործընկեր համարել Եվրոպական Միությունը (51%) և ԱՄՆ-ը (47%) (Գծապատկեր 2)։ Նկատենք, որ նախորդող մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն ամենակարևոր քաղաքական գործընկեր համարող բնակչության հատվածը նշանակալիորեն նվազել է՝ 69%-ից մինչև 47%։ Արդյունքում Վրաստանի բնակչության ընկալումներում ԱՄՆ-ն դարձել է երկրորդ կարևորագույն քաղաքական գործընկերը ԵՄ-ից հետո։ Հաջորդ լավագույն գործընկերներն են՝ (նվազման հաջորդականությամբ) Ուկրաինան (24%), Թուրքիան (16%), Ադրբեջանը (14%) և Մեծ Բրիտանիան (11%)։ Վերջին տեղերում են՝ Ռուսաստանը (7%) և Հայաստանը (6%), Չինաստանը (3%) Իրանը (1%)։
Գծապատկեր 2, Վրաստանի ամենակարևոր քաղաքական գործընկեր երկրները։ Հարցվողները կարող էին նշել մի քանի պատասխան։
Վրաստանի համար ամենամեծ քաղաքական սպառնալիք հանդիսացող երկրները. Այդ շարքում առաջին Ռուսաստանն է (88%, Գծապատկեր 3): Այլ երկրները սպառնալիք համարողների քանակը շատ ավելի ցածր է։ Մասնավորապես, Թուրքիան քաղաքական սպառնալիք է համարում բնակչության 7%-ը, ԱՄՆ-ն՝ 5%-ը, Հայաստանը՝ 3%-ը։ Հարկ է նշել, որ արդյունքը ստացվել է հարցվողներին թույլատրելով նշել մի քանի երկրներ։
Գծապատկեր 3, Վրաստանի ամենամեծ քաղաքական սպառնալիք հանդիսացող երկրները։ Հարցվողները կարող էին նշել մի քանի պատասխան։
Արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը. Վրաստանում պահպանվում են եվրոպամետ կողմնորոշումը: Բնակչության 79%-ը արտաքին քաղաքականությունում առաջնահերթությունը տալիս է եվրոպական ուղղությանը (Գծապատկեր 4)։ Ընդ որում՝ 43%-ը համարում է, որ արտաքին քաղաքականությունը պետք է լինի բացառապես եվրոպական, 36%-ը համարում է, որ Վրաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը պետք է լինի եվրոպական, սակայն պահպանելով հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բացառապես ռուսական կողմնորոշում ունի բնակչության ընդամենը 2%-ը, իսկ ռուսամետ՝ պահպանելով եվրոպական ուղղությունը՝ 7%-ը, ընդամենը՝ ռուսական գերակայությամբ՝ 9%։
Գծապատկեր 4. «Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի Վրաստանի արտաքին քաղաքականությունը»։
Անդամակցությունը ԵՄ-ին. ԵՄ-ին անդամակցությանը կողմ է Վրաստանի բնակչության 85%-ը (այդ թվում՝ 70%-ը միանշանակ «կողմ է», իսկ 15%-ը՝ «ավելի շուտ կողմ»)։ Այդ դիրքորոշումը մնում է շատ բարձր սկսած IRI հետազոտությունների ամենավաղ հասանելի տվյալներից՝ 2013 թ. սեպտեմբերից։
Գծապատկեր 5․ «Հավանություն տալի՞ս եք Վրաստանի անդամակցությանը ԵՄ-ին»։
ԵՄ անդամակցությանը լիովին կամ ավելի շուտ հավանություն են տալիս «Ազգային միացյալ շարժման» կողմնակիցների 96%-ը, իսկ «Վրացական երազանքի» կողմնակիցների շարքում նրանց քանակը կազմում է 79%։
Հետազոտությունում գնահատվել է Վրաստանի իշխանությունների ՌԴ նկատմամբ դիրքորոշման կտրուկ փոփոխության ազդեցությունը ԵՄ-ին անդամակցության դիրքորոշման վրա։ Պարզվել է, որ, եթե ԵՄ-ին անդամակցելու հետևանքով լիովին խզվեն տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ապա ԵՄ-ին միանալու դիրքորոշում կնվազի 9%-ով (մինչև 76%), իսկ «դեմ» հատվածի ծավալը կաճի 10%-ից մինչև 16%։
ԵՄ-ին միանալու հիմնական դրդապատճառը Վրաստանի տնտեսության զարգացումն է (41%), մնացած դրդապատճառները նշանակալիորեն զիջում են՝ դրանցից յուրաքանչյուրը նշել է բնակչության ոչ ավելի, քան՝ 6%:
ԵՄ-ին միանալու հավակնորդ դառնալու ամենամեծ խոչընդոտը Վրաստանի բնակչությունը է համարում է Վրաստանի ներքին անկայունությունը (30%), երկրորդը՝ ներքին դիմադրությունը Վրաստանում (17%), երրորդը՝ ԵՄ երկրների դիմադրությունը (15%), չորրորդն է այն դրույթը, որ Վրաստանը չի բավարարում ԵՄ-ին անդամակցելու համար առաջ քաշված պահանջներին (14%):
Հետազոտությամբ ուսումնասիրվել է վերը նշված չորրորդ պատճառի («Վրաստանը չի բավարարում ԵՄ-ին անդամակցելու համար առաջ քաշված պահանջներին») կոնտեքստը։ Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու հավակնորդ դառնալու համար ԵՄ կողմից առաջադրված պայմանների վերաբերյալ տեղյակ է 37%-ը, լսել է, որ այդպիսի պայմաններ գոյություն ունեն՝ 24%-ը։ Այդ պայմանների մասին տեղյակ անձանց 55%-ը համարում է, որ Վրաստանը հավանաբար կկատարի ԵՄ առաջադրած պահանջները։
Բնակչության միայն 37%-ն է հավանական համարում, որ 2023 թ.-ին Վրաստանը կդառնա ԵՄ անդամության թեկնածու։ Ընդ որում բնակչության 51%-ը գտնում է, որ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցում ավելի մեծ դերակատարություն ունի Վրաստանի կառավարությունը, իսկ 12%-ը՝ ավելի կարևոր է համարում ԵՄ դերակատարումը։ Միայն 5%-ն է համարում, որ այդ հարցում առավել կարևոր դերակատարում ունի Ուկրաինայում ընթացող պատերազմը։
Բնակչության 64%-ը համարում է, որ, եթե Վրաստանին չհաջողվի ստանալ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, ապա դրա պատասխանատուն կլինի Վրաստանի կառավարությունը։
Անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Վրաստանի բնակչության շրջանում ՆԱՏՕ-ին անդամակցելու դիրքորոշումը շատ բարձր է՝ 78% (Գծապատկեր 6)։ Ընդ որում, միանշանակ կողմ է բնակչության 64%-ը և ավելի շուտ կողմ է՝ 14%-ը։ Սկսած 2019 թ. հունիսից Վրաստանում ՆԱՏՕ-ին անդամակցության դիրքորոշումը սկսել է աճել։
Գծապատկեր 6. «Հավանություն տալի՞ս եք արդյոք Վրաստանի անդամությանը ՆԱՏՕ-ին»։
Բնակչության 50%-ը համարում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու կարևորագույն առավելությունը երկրի անվտանգության և պաշտպանության ապահովումն է, 13%-ը՝ երկրի տնտեսական զարգացումը և 12%-ը՝ խաղաղության և կայունության ապահովումը։
ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում մեծագույն խոչընդոտը բնակչությունը համարում է կորցրած տարածքների (Աբխազիա, Հարավային Օսիա) առկայությունը, 21%-ը՝ Ռուսաստանի դիմադրությունը, 16%-ը՝ Վրաստանում ներքին անկայուն վիճակը, 13%-ը՝ Վրաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցում առկա ներքին դիմադրությունը։
Դիրքորոշումները Ռուսաստանի նկատմամբ
2 012 թվականին, չնայած Վրաստանի հասարակությունում Ռուսաստանը համարում էին Վրաստանի ամենամեծ քաղաքական սպառնալիքը, այդուհանդերձ Վրաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը հավանություն էր տալիս Ռուսաստանի հետ երկխոսությանը։ Սակայն 2013 թվականից այդ դիրքորոշումը սկսել է նվազել։ 2022 թվականի սեպտեմբերին բնակչության միայն 34%-ն էր հավանություն տալիս Ռուսաստանի հետ երկխոսությանը։
Գծապատկեր 7․ Հավանություն են տալիս ՌԴ հետ հետագա երկխոսությանը
Վրաստանի հետ միջպետական հարաբերությունների իրականացումը Վրաստանի իշխանությունների կողմից դրական է համարում Վրաստանի բնակչության 42%-ը, որոնցից 12%-ը՝ միանշանակ դրական, իսկ 30%-ը՝ ավելի շուտ դրական (Գծապատկեր 8):
Գծապատկեր 8․ «Ինչպես է կառավարությունը իրականացնում ՌԴ նկատմամբ Վրաստանի հարաբերությունները»։
IRI հետազոտություններում սիստեմատիկ կերպով գնահատվում է Վրաստանի բնակչության շրջանում ֆիզիկական ապահովության զգացողության մակարդակը՝ Ռուսաստանի հետ բացասական հարաբերությունների հետևանքով (Գծապատկեր 9)։ Այդ մակարդակը պարբերաբար ուսումնասիրվել է ․ «Հաշվի առնելով ներկայում ՌԴ հետ հարաբերությունները, որքանով եք Ձեզ ապահով զգում Վրաստանում» հարցի կիրառմամբ։
2022 թվականի սեպտեմբերին իրենց ապահով և անապահով զգացող բնակչության հարաբերակցությունը կազմել է «49։49»։ Նկատենք, որ 2016 - 2021 թվականների համեմատ ապահովության զգացողությունը նվազել է։
Գծապատկեր 9․ «Հաշվի առնելով ներկայում ՌԴ հետ հարաբերությունները, որքանով եք Ձեզ ապահով զգում Վրաստանում»
Բնակչության ապահովության զգացողությունը դիտարկվել է նաև մեկ այլ հարթությունում՝ «Ձեր կարծիքով, արդյո՞ք Ռուսաստանի ագրեսիան Վրաստանի հանդեպ դեռ շարունակվում է»։[1] Վրաստանի բնակչության 76%-ը համարում է, որ «Ռուսաստանի ագրեսիան Վրաստանի նկատմամբ» դեռ շարունակվում է։
Գծապատկեր 10․ «Ձեր կարծիքով, արդյո՞ք Ռուսաստանի ագրեսիան Վրաստանի հանդեպ դեռ շարունակվում է»:
Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ կապված զորակոչի հետևանքով Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ լքեցին երկիրը մեկնելով Ղազախստան, Վրաստան, Հայաստան և այլ երկրներ։ IRI հետազոտությունում գնահատվել է, թե ինչ տրամադրություններ են առկա Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների ներհոսքի նկատմամբ։ Այդ հարցը դիտարկվել է երկու հարթությունում։
Առաջինը՝ հարց է տրվել. «Դուք կո՞ղմ եք, երբ ռուսներին թույլ են տալիս առանց վիզայի այցելել Վրաստան / բիզնես բացել Վրաստանում / անշարժ գույք ձեռք բերել Վրաստանում»։ Պատասխանները ներկայացված են Գծապատկեր 11-ում։
Գծապատկեր 11. «Դուք կո՞ղմ եք, երբ ռուսներին թույլ են տալիս …» , թույլատրվել է մի քանի պատասխան
Վրաստանում բնակչության բացարձակ գերակշիռ մասը՝ 78%-ը հակված են ռուսներին արգելել բոլոր դիտարկված գործողությունները։
Երկրորդը վերաբերում է ռուս զբոսաշրջիկներին։ Հարց է տրվել. «Ո՞ր դիրքորոշումն է ամենից լավ բնութագրում Ձեր վերաբերմունքը ռուս զբոսաշրջիկների նկատմամբ» (Գծապատկեր 12)։
Գծապատկեր 12. «Ո՞ր դիրքորոշումն է ամենից լավ բնութագրում Ձեր վերաբերմունքը ռուսների զբոսաշրջիկների նկատմամբ»[2]։
Հաշվի առնելով պատասխանի կիրառված սանդղակին վերաբերվող վերապահումները, պետք է նշել, որ Վրաստանում ռուս տուրիստների նկատմամբ վերաբերմունքը խիստ բացասական է կամ օգտապաշտական («ուտիլիտար»)։
Ինֆորմացիայի աղբյուրներ
Վ րաստանի բնակչության շրջանում Վրաստանի ընթացիկ վիճակի վերաբերյալ տեղեկությունների հիմնական աղբյուրը վրացական հեռուստատեսությունն է (70%), երկրորդը՝ սոցիալական մեդիան (41%), երրորդը՝ վրացական ինտերնետային նորությունների կայքերը (8%): Մնացած աղբյուրների տարածվածությունը 3%-ից ցածր է։
Սոցիալական մեդիաներից առավել տարածվածը Ֆեյսբուքն է (98%՝ սոցիալական մեդիա օգտագործողների թվից), երկրորդը՝ Ինստագրամն է (10%), երրորդը՝ Յություբը (5%): Մնացած սոցիալական մեդիաների տարածվածությունը փոքր է 3%-ից։
Վրաստանում առավելապես վստահում են վրացական հեռուստաալիքներին (56%` որևէ ինֆորմացիայի աղբյուր օգտագործողների թվից, որոնք կազմում են բնակչության 92%-ը)։ Մեդիա օգտագործողների 19%-ը չի վստահում ոչ մի մեդիայի, իսկ 17%-վստահում է սոցիալական մեդիաներին։
Վրաստանում առավել դիտվող հեռուստակայաններ են․
Գծապատկեր 13. «Վրացական ո՞ր հեռուստաալիքների նորություններին և քաղաքական տեղեկատվության եք դուք ամենից շատ վստահում», թույլ է տրվել երկու պատասխան։
[1] Մենք արդեն նշել ենք, որ Վրաստանում իրականացվող հետազոտություններում երբեմն կիրառվում են քաղաքական բեռնվածք ունեցող հարցեր, որոնք նպաստում են «ցանկալի» պատասխանների քանակի աճին (տես՝ Մանուկյան Ս. Հանրային տրամադրությունները Վրաստանում ուկրաինական ճգնաժամի համատեքստում, : Այս հարցը «շեղված» է այն պատճառով, որ «ռուսական ագրեսիան» տեղի է ունեցել ի պատասխան վրաստանի ագրեսիայի վրաց-օսական սահմանում ՄԱԿ-ի մանդատով գտնվող ռուս խաղաղապահների, իսկ հետո Հարավային Օսիայի խաղաղ բնակչության նկատմամբ, ինչը փաստել է ԵՄ փորձագիտական առաքելությունը։ Հարցի ձևակերպումը հիմնված է քաղաքական միակողմանի և կեղծ դրույթի վրա։
[2] Այս հարցում շեղված է սանդղակը՝ բացակայում է «թույլ համաձայնության» աստիճանը, օրինակ՝ «Մենք նրանց վերաբերվում ենք ինչպես բոլոր տուրիստներին»։ Այդ տարբերակի բացակայությունը հարցվողներին ավելի շուտ շեղում է դեպի՝ «Ավելի լավ է նրանք գնան մեր երկրից» տարբերակը, քան՝ «Մենք շատ ուրախ ենք նրանց տեսնելու Վրաստանում» տարբերակը։