Հասարակական կարծիքը Վրաստանում. 2022 սեպտեմբեր
7 ր. | 2022-11-242 022 թ. նոյեմբերի 7-ին ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI, International Republican Institute) հրապարակեց 2022 թ. սեպտեմբերին Վրաստանում իրականացված հերթական սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։[1]
Հոդվածում փորձ է կատարվել այդ հետազոտության արդյունքների հիման վրա գնահատել Վրաստանում տեղի ունեցող պրոցեսները և դրանց հնարավոր արդյունքները։ Հոդվածում ներկայացված բոլոր տվյալները վերցված են IRI նշված հետազոտությունից։
Վրաստանում ներքաղաքական պայքարի հասարակական կոնտեքստը
Վ րաստանում հասարակության լոյալությունը երկրի քաղաքական կուրսին 2016-2019 թթ. համեմատ աճել է, սակայն մնում է բավական ցածր՝ 30%-ի կարգի։ Լոյալության այդպիսի մակարդակը, համապատասխան այլ պայմանների առկայության դեպքում, կարող է իշխանափոխության հիմք հանդիսանալ։
Գծապատկեր 1. «Ձեր կարծիքով երկիրն ընթանում է ճի՞շտ ուղղով, թե՞ սխալ ուղղով» (Հասարակության լոյալությունը երկրի քաղաքական կուրսին)
Մյուս կողմից, հասարակության այն սեգմենտը, որը համարում է, որ Վրաստանում գերիշխող տրամադրությունները հիմնականում լավատեսական են մոտ 3 անգամ գերազանցում է այն սեգմենտին, որը համարում է, որ Վրաստանում գերիշխող տրամադրությունները վատատեսական են և գտնվում է մոտ 50% մակարդակի վրա։ Հատկանշական է, որ 2019-2022 թթ. ընթացքում աճել է հասարակական տրամադրությունները «չեզոք» գնահատող մարդկանց քանակը։
Գծապատկեր 2. «Ինչպես կգնահատեիք Վրաստանի բնակչության գերիշխող տրամադրությունները»
Վերջին մեկ տարվա ընթացքում սկսել է աճել Վրաստանի բնակչության կողմից իր ընտանիքի տնտեսական վիճակի ինքնագնահատականը՝ մարդկանց մոտ 50%-ն իր ընտանիքի բարեկեցությունը գնահատել է «լավ» կամ «շատ լավ» ։
Գծապատկեր 3. «Ինչպե՞ս կգնահատեիք Ձեր ընտանիքի տնտեսական վիճակը»
Չնայած բնակչության կողմից Վրաստանի տնտեսական վիճակի գնահատականը մնում է ցածր, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում բնակչությունը տնտեսական վիճակի բարելավում է նկատել նաև ամբողջ Վրաստանում։
Գծապատկեր 4. «Ինչպես է փոխվել տնտեսական վիճակը Վրաստանում վերջին 12 ամիսների ընթացքում»
Վրաստանի ամենալուրջ խնդիրները հանրային կարծիքում մնում են գործազրկությունը (58%), գնաճը (48%) և աղքատությունը (16%), իսկ Վրաստանի ապագայի ամենալուրջ սպառնալիքներն են տնտեսական զարգացման խնդիրը (76%), գործազրկությունը (55) և կորսված տարածքների վերադարձը (52%)։
Ընտրություններ
Հ ետազոտական տվյալները ցույց են տալիս, որ արտահերթ ընտրությունների պահանջվածության տեսակետից Վրաստանի հասարակությունը մոտավորապես կիսված է։ Մի փոքր գերակշռում են նրանք, ովքեր կողմ են արտահերթ ընտրություններին՝ 52%, իսկ արտահերթ ընտրություններին դեմ է բնակչության 42%։ Ընդ որում, ինչպես և սպասելի է, արտահերթ ընտրություններին կողմ է հիմնականում ընդդիմադիր կուսակցությունների հետևորդների սեգմենտը։ Մասնավորապես, «Ազգային միացյալ շարժման» ընտրազանգվածի 88%-ը կողմ է արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին։ Արտահերթ ընտրություններին դեմ է հիմնականում իշխանամետ կուսակցության ընտրազանգվածը։ Հասարակության այդ սեգմենտում արտահերթ ընտրությունների գաղափարին դեմ է 88 %-ը։
Հարկ է նշել, որ Վրաստանում ցածր է վստահությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ՝ բնակչության 32%-ը բոլորովին չի հավատում, որ այն կարող է կազմակերպել և վերահսկել արդարացի ընտրություններ, իսկ 16%-ը քիչ է հավատում դրա հնարավորությանը։ Դա նշանակում է, որ պառլամենտական ընտրությունների իրականացումը պարունակում է կոնֆլիկտային շատ բարձր պոտենցիալ, որն ունակ է վերածվելու հասարակական բողոքի արտահայտությունների ընտրությունների ցանկացած ելքի դեպքում։
Կուսակցական համակարգ
Վ րաստանում ցածր է և շարունակում է նվազել հասարակության վստահությունը երկրի կուսակցական համակարգի նկատմամբ։ Եթե 2022 թ. մարտին քաղաքական կուսակցություններին վստահում էր հասարակության 23%-ը, ապա սեպտեմբերին այդ ցուցանիշը նվազել է մինչև 15%։ Այդուհանդերձ, բնակչության 56%-ն է համարում, որ գոյություն ունի կուսակցություն, որն ամբողջությամբ, կամ ինչ-որ չափով պաշտպանում է իր շահերը։
Կուսակցական համակարգի նկատմամբ անվստահությունը հասարակությունում առաջացրել է նոր կուսակցությունների պահանջարկ։ Վրաստանում շատ մեծ է և շարունակում է աճել հասարակության այն հատվածը, որը ցանկանում է Վրաստանում տեսնել նոր քաղաքական ուժեր։ Եթե 2021 թ. հունիսին այդ հատվածը կազմում էր հասարակության 61%-ը, ապա 2022 թ. նոյեմբերին՝ 72%-ը։
Կուսակցությունների ռեյտինգներ
Ա յս պայմաններում իշխող կուսակցության ռեյտինգը (25%) շարունակում է մոտ կրկնակի գերազանցել հիմնական ընդդիմադիր կուսակցության ռեյտինգին (12%): Մնացած կուսակցությունների ռեյտինգները խիստ ցածր են և չեն գերազանցում՝ 3%-ը։
Գծապատկեր 5. Կուսակցությունների ռեյտինգները Վրաստանում, 2022, սեպտեմբեր
Նկատենք, որ Վրաստանում շարունակում է պահպանվել պառլամենտական ընտրություններին չմասնակցող բնակչության մեծ հատված՝ 40%:
Եթե կուսակցությունների ռեյտինգները վերահաշվարկվեն կիրառելով միայն կուսակցությունների օգտին տրված ձայները (այնպես՝ ինչպես ընտրությունների արդյունքները հաշվարկելիս), ապա կստացվի, որ «Վրացական երազանքը» կստանա ձայների 42%, իսկ «Ազգային միացյալ շարժումը»՝ միայն 20%։ Ակնհայտ է, որ նման առավելությունը նշանակում է իշխող կուսակցության երաշխավորված հաղթանակ։
Գծապատկեր 6․ Կուսակցությունների ռեյտինգները միայն կուսակցություններին տրված ձայներով, 2022 սեպտեմբեր։
Նշենք, որ Վրաստանի պառլամենտական վերջին երկու ընտրություններում գրանցվել էր ձայների բաշխման մոտավորապես համանման համամասնություն՝ 2016 թ. պառլամենտական ընտրություններում իշխող «Վրացական երազանքը» ստացել է 48.8%, իսկ հիմնական ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ազգային միացյալ շարժումը» 27.1%: Նույնպիսի համամասնություն էր գրանցվել նաև 2020 թ.-ի պառլամենտական ընտրություններում՝ «Վրացական երազանքը» ստացել էր ձայների 48.2%-ը, իսկ «Ազգային միացյալ շարժման շուրջը կազմավորված «Միությունը ուժ է» նախընտրական բլոկը՝ 27.1%:
Մյուս կողմից բավական բարձր են և միմյանց մոտավորապես հավասար՝ իշխող և հիմնական ընդդիմադիր կուսակցությունների հակառեյտինգները, այսինքն՝ այն անձանց թիվը, ովքեր ոչ մի դեպքում իրենց ձայնը չէին տա տվյալ կուսակցությանը։ «Ազգային միացյալ ազգային շարժման» դեպքում այն կազմել է 33%, իսկ «Վրացական երազանքի» հակառեյտինգը՝ 30%։
Գծապատկեր 7. Ո՞ր կուսակցության օգտին դուր ոչ մի դեպքում չեք քվեարկի (Կուսակցությունների հակա-ռեյտինգները)
Սա նշանակում է, որ երկու հիմնական կուսակցությունների ընտրազանգվածների աճը բավական խնդրահարույց է։ Պետք է ենթադրել, որ, եթե տեղի չունենա ընդդիմադիր կուսակցությունների կոնսոլիդացում, ապա արտահերթ ընտրություններում իշխող կուսակցությունը կպահպանի իր դիրքերը։
Հետևաբար, արտահերթ ընտրությունների հավանականությունը ցածր է։
Վստահությունը հանրային դեմքերի նկատմամբ
Ք աղաքական պրոցեսների վրա ազդեցություն ունեն ոչ միայն կուսակցությունները, այլև ազդեցիկ քաղաքական և հասարակական գործիչները։ Այդ պատճառով հարցումների ընթացքում սիստեմատիկ կերպով գնահատվում են տարբեր գործիչների նկատմամբ հասարակության վստահության մակարդակները։
Ստորև աղյուսակում տրված են Վրաստանի քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ վստահության մակարդակները 2022 թ. սեպտեմբերին։
Գծապատկեր 8. Վստահությունը հասարակական և քաղաքական գործիչներին
Վրաստանի ամենահեղինակավոր անձը մնում է Եղիա II կաթողիկոսը, նրան վստահում է բնակչության 88%-ը։ Քանի որ Վրաստանի Կաթողիկոսը ավանդական արժեքների պաշտպան է, հետևաբար, ընդդիմադիր եվրոպամետ ուժերը չեն կարող հավակնել նրա աջակցությանը։ Եվ Կաթողիկոսի անուղղակի աջակցությունը կարող է նշանակալիորեն ամրապնդել «Վրացական երազանքի» դիրքերը։
Կաթողիկոսին նշանակալի զիջում, սակայն մնացած գործիչներին նշանակալիորեն գերազանցում է Թբիլիսիի քաղաքապետ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն՝ 51% («Վրացական երազանք»)։ Նա 2021 թ. հոկտեմբերի 30-ին Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում հաղթեց ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիային («Ազգային միացյալ շարժում»)՝ հավաքելով 55.6%-ը։ Նիկա Մելիան ստացել էր ձայների 44․4%-ը։
Երրորդ տեղում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ 44% («Վրացական երազանք»)։
Չորրորդ տեղում է Աննա Դոլիձեն՝ 40%։ Նա «Հանուն ժողովրդի» կենտրոնամետ կուսակցության հիմնադիր նախագահն է։
Հինգերորդը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին է՝ 38% է։ Ս. Զուրաբիշվիլին խիստ ընդդիմադիր է վարչապետին և իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։
Դիտելով Վրաստանի քաղաքական գործիչների ռեյտինգները պարզ է դառնում, որ ինչպես կուսակցական ռեյտինգների տեսակետից, այնպես էլ քաղաքական դեմքերի նկատմամբ վստահության տեսակետից «Վրացական երազանքը» նշանակալիորեն գերազանցում է «Ազգային միացյալ շարժմանը»։ Ցուցակում «Ազգային միացյալ շարժման» անդամներից առաջինն է բանտում գտնվող Մ.Սահակաշվիլին, ով ցուցակում 13-րդն է՝ վստահության 33% մակարդակով։ Կուսակցության ներկայիս առաջնորդը՝ Նիկա Մելիան, ցուցակում 15-րդն է՝ 32% վստահության մակարդակով։ Նա այդպես էլ չկարողացավ իր համար ստեղծել վստահելի քաղաքական գործչի կերպար, մնալով՝ «աղմկարարի» դերում։
Մյուս կողմից, ցուցակի վերևի հատվածում բավական շատ են այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։ Այսինքն, առանց ընդդիմության միավորման հաղթանակը «Վրացական երազանքի նկատմամբ» հնարավոր չէ։
Այստեղից էլ անհրաժեշտաբար բխում են Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ ջանքերը Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունների դաշինք կազմավորելու, ինչպես նաև Մ. Սահակաշվիլիին բանտից դուրս բերելու ուղղությամբ։
(շարունակելի)
[1] https://www.iri.org/resources/public-opinion-survey-residents-of-georgia-september-2022/