Հանրային տրամադրությունները Վրաստանում ուկրաինական ճգնաժամի համատեքստում
9 ր. | 2022-05-02Ըստ NDI-ի 2022 թ. մարտի հետազոտության
2 022 թ. ապրիլի 21-ին հրապարակվեցին ամերիկյան NDI (National Democratic Institute) կազմակերպության Վրաստանում իրականացված երկու հետազոտությունների համեմատական արդյունքները։ Դրանցից առաջինն իրականացվել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունից առաջ՝ 2022 թ. փետրվարի 3-15-ը, իսկ երկրորդը՝ մարտի 9-20-ի ժամանակամիջոցում։ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը սկսվել է 2022 թ. փետրվարի 24-ին։ Հետազոտությունները հեռախոսային էին։ Հետազոտությունների ընտրանքները՝ պարզ պատահական, համավրացական, ներկայացուցչական ըստ բնակավայրի տիպի (Թբիլիսի, քաղաքներ, գյուղեր)։ Ներկայացուցչականության այլ բնութագրերի, մասնավորապես՝ սեռատարիքային կառուցվածքի մասին տեղեկություններ չեն հրապարակվել։ Արձագանքման մակարդակը՝ 18% (այսինքն՝ 100 բարեհաջող հեռախոսազանգից հարցմանը համաձայնել է մասնակցել 18 մարդ)։ Առաջին հետազոտության ընտրանքի ծավալն էր 2036 հարցվող, իսկ երկրորդին՝ 2024 հարցվող։
Զեկույցում համադրված են երկու հետազոտությունների արդյունքներ, որոնք թույլ են տալիս գնահատել հատուկ ռազմական գործողության ազդեցությունը Վրաստանի հասարակությունում Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումների վրա։ Սակայն ավելի կարևոր է, որ զեկույցում ներկայացված են տվյալներ Վրաստանում իշխանությունների, իշխող և ընդդիմադիր կուսակցությունների և Վրաստանի քաղաքական զարգացումների նկատմամբ հասարակական ընդհանուր դիրքորոշումների վերաբերյալ, որոնք ստացվել են NDI-ի Վրաստանում իրականացված հետազոտություններում՝ սկսած 2012 թ. հունիսից։ Դա թույլ է տալիս իրավիճակը Վրաստանում մեկնաբանել ավելի լայն ժամանակային կոնտեքստում և պատկերացում կազմել Վրաստանում հետագա զարգացումների վերաբերյալ։
Հոդվածում տրված են NDI-ի հետազոտությունների թվային տվյալները և դրանց համառոտ մեկնաբանությունները։
Վրաստանի հասարակության դիրքորոշումների փոփոխությունը ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո
- Գծապատկեր 1-ում արտապատկերված են փետրվարին և մարտին հետևյալ հարցին տրված պատասխանները․ «Ո՞ր երկրների և միությունների հետ Վրաստանը պետք է ունենա առավել սերտ քաղաքական/տնտեսական համագործակցություն (ընդունվել է մինչև 3 պատասխան)»։
Գծապատկեր 1
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո Վրաստանում նվազել են Ռուսաստանի՝ որպես Վրաստանի քաղաքական և տնտեսական գործընկեր, կարևորության գնահատականները։ Եթե այդ տեսակետերից Ռուսաստանը փետրվարին երրորդ տեղում էր, ապա մարտին՝ հինգերորդ։
- Գծապատկեր 2-ում արտապատկերված են փետրվարին և մարտին հետևյալ հարցին տրված պատասխանները․ «Վերջին 5 տարիների ընթացքում, հետևյալ երկրների ազդեցությունը Վրաստանի վրա աճե՞լ է, նվազե՞լ է, թե՞ չի փոխվել»։
Գծապատկեր 2
Վրաստանի հասարակությունում և՛ մարտին, և՛ փետրվարին համարում էին, որ Ռուսաստանն ավելի մեծ ազդեցություն ունի Վրաստանի վրա, քան Եվրոպական Միությունը, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։ Ընդ որում, մարտին Ռուսաստանի ազդեցության գնահատականն աճել է, իսկ ԵՄ, ԱՄՆ և ՆԱՏՕ-ի ազդեցության գնահատականները նվազել են։ Վրաստանում քաղաքական զարգացումների կանխատեսման տեսակետից այս արդյունքը կարևոր դրույթների շարքում է։
- Գծապատկեր 3-ում արտապատկերված են սկսած 2012 թ.-ից, հետևյալ հարցին տրված պատասխանները․ «Դուք հավանություն տալի՞ս եք, թե հավանություն չեք տալիս Վրաստանի Կառավարության ԵՄ-ին անդամակցելու նպատակին»։
Գծապատկեր 3
ԵՄ-ին անդամակցելու դիրքորոշումները Վրաստանում միշտ եղել են և շարունակում են մնալ շատ բարձր, դրանք տատանվում են 80%-ի շրջակայքում։
- Գծապատկեր 4-ում արտապատկերված են սկսած 2012 թ.-ից հետևյալ հարցին տրված պատասխանները․ «Դուք հավանություն տալի՞ս եք, թե հավանություն չեք տալիս Վրաստանի Կառավարության ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակին»։
Գծապատկեր 4
Վրաստանում ՆԱՏՕ-ին անդամակցելու դիրքորոշումները չնայած զիջում են ԵՄ-ին անդամակցելու դիրքորոշումների տարածվածությանը, սակայն նույնպես բավական բարձր են։ Գծապատկերից երևում է, որ այդ դիրքորոշումներն ունեն կտրուկ աճի և աստիճանական նվազման պարբերականություն։ Ընդ որում՝ 2021 թ. մարտից սկսվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու դիրքորոշման նվազման փուլը, իսկ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը հավանաբար խթանել է այդ պրոցեսը։
- Հետազոտությունում (Գծապատկեր 5) տրվել է հետևյալ հարցը․ «Տարբեր կարծիքներ կան Վրաստանը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին միանալու վերաբերյալ։ Դուք համաձա՞յն եք, թե համաձայն չեք հետևյալ կարծիքներին․
- Միանալով ԵՄ-ին Վրաստանը կկորցնի իր ազգային ինքնությունը,
- ՆԱՏՕ-ին անդամակցումը կնպաստի Վրաստանի տարածքային ամբողջականության վերահաստատմանը,
- Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին կբարձրացնի Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի ռիսկը։»
Գծապատկեր 5
Երկրորդ տարբերակին համաձայն են հարցվածների 58, իսկ երրորդ տարբերակին՝ 69 տոկոսը։ Դա նշանակում է, որ Վրաստանի հասարակությունում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առկա է կոգնիտիվ դիսոնանս։ Մի կողմից Վրաստանի հասարակությունը համարում է, որ անդամակցումը ՆԱՏՕ-ին կարող է նպաստել Վրաստանի տարածքային ամբողջականության վերահաստատմանը։ Սակայն Վրաստանում նշանակալիորեն ավելի մեծ քանակով մարդիկ են համարում, որ դա կմեծացնի Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ռիսկը։
Այս տարակարծության դինամիկան հիմնարար նշանակություն ունի ներկա իշխանությունների և ընդդիմության միջև քաղաքական պայքարի կոնտեքստում։ Վախը ռուսական ագրեսիայի նկատմամբ դեռևս ավելի հզոր է, քան երկրի տարածքային ամբողջականության վերահաստատման ձգտումը։
- Գծապատկեր 6-ում արտապատկերված են հետևյալ հարցին տրված պատասխանները․ «Դուք հավանություն տալի՞ս եք, թե հավանություն չեք տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմասնակցելու Վրաստանի Կառավարության որոշմանը»։
Գծապատկեր 6
Վրաստանում հասարակության մեծամասնությունը ճիշտ է համարում Կառավարության որոշումը՝ չմիանալ հակառուսական պատժամիջոցներին։ Սա, հաղորդակցվում է նախորդ կետի հիմնական արդյունքի հետ՝ ողջախոհությունը պահանջում է գերադասել ազգային շահը։
Վրաստանի հասարակությունում լոյալությունը երկրի քաղաքական կուրսի նկատմամբ
Հ ետազոտության արդյունքների կոնտեքստում կարևոր «Արդյո՞ք ռուս-ուկրաինական կոնֆլիկտն ազդել է երկրի քաղաքական կուրսի նկատմամբ Վրաստանի հասարակության ընդհանուր լոյալության և իշխող քաղաքական ուժի նկատմամբ վստահության վրա» հարցը։
- Գծապատկեր 7-ում ներկայացված են հետևյալ հարցին տրված պատասխանները․ «Տարբեր կարծիքներ կան, թե ինչ ուղղությամբ է ընթանում Վրաստանը։ Հետևյալ կարծիքներից որի՞ հետ եք համաձայն՝ Վրաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ, Վրաստանում ոչինչ չի փոխվում, Վրաստանն ընթանում է սխալ ուղղությամբ»։
Գծապատկեր 7
Վրաստանում 2020 թ. պառլամենտական ընտրություններից հետո երկրի ընթացքի նկատմամբ հասարակության լոյալության սկսել էր նվազել, սակայն 2021 թ. հուլիսից լոյալությունը սկսեց աճել։ 2022 թ. մարտի հետազոտական արդյունքները հիմքեր չեն տալիս ենթադրելու, որ ռուսական սահմանափակ ռազմական գործողության արդյունքում այն կդադարի։
- Գծապատկեր 8-ում ներկայացված է «Ո՞ր կուսակցությունն է Ձեզ առավել մոտ» հարցին տրված պատասխանները վերջին 10 տարում։ Արտապատկերված են դիրքորոշումները իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի», նախկին իշխող կուսակցության՝ «Ազգային միացյալ շարժում» և «մնացած այլ կուսակցությունների» նկատմամբ, ինչպես նաև այն մարդկանց քանակը, ովքեր չեն վստահում ոչ մի կուսակցության կամ խուսափել են այդ հարցին պատասխանելուց։
Գծապատկեր 8
Ընդհանուր առմամբ 2017-2022 թթ. ընթացքում իշխող կուսակցությունն իրենց ամենամոտը համարողների քանակը որպես կանոն մի քանի անգամ գերազանցել է հիմնական ընդդիմադիր կուսակցության հետևորդների քանակին։ Ընդ որում այդ հարաբերակցությունը առկա է եղել կուսակցական համակարգի նկատմամբ շատ բարձր անվստահության կոնտեքստում։ 2022 թ. մարտի հետազոտության տվյալներով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն «իրենց առավել մոտ» է համարել Վրաստանի չափահաս բնակչության 22%-ը, հիմնական ընդդիմադիր կուսակցությանը՝ («Ազգային միացյալ շարժում») 7%, մնացած բոլոր կուսակցություններին՝ ընդամենը 6%-ը, իսկ 64%-ը չուներ որևէ կուսակցական նախընտրություն։
Տվյալների դինամիկան ցույց է տալիս, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պահպանում է իր ճնշող առավելությունը հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» նկատմամբ։
Հիմնական եզրակացություններ և մեկնաբանություններ
Ա յսպիսով, NDI կազմակերպության Վրաստանում իրականացված 32, այդ թվում՝ 2022 թ. փետրվարի և մարտի հետազոտությունների արդյունքների ընդհանրացված դիտարկումից բխում են հետևյալ հիմնական եզրակացությունները, որոնք կարևոր են քաղաքական զարգացումները Վրաստանում կանխատեսելու տեսակետից։
Վրաստանի հասարակության մեծամասնության կարծիքով․
- Ռուսաստանն ավելի մեծ ազդեցություն ունի Վրաստանի վրա, քան ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն և ԵՄ-ն։
- ՆԱՏՕ-ին անդամակցումը կմեծացնի Վրաստանի համար Ռուսաստանից բխող վտանգը։
- Վրաստանի իշխանությունները ճիշտ են վարվում, որ չեն մասնակցում Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին։
- Չնայած Վրաստանում հասարակության լոյալությունը երկրի քաղաքական կուրսի նկատմամբ ցածր է, սակայն այն ունի աճի միտում։
- Վրաստանում իշխող կուսակցության նկատմամբ լոյալ հատվածի ծավալը եռակի գերազանցում է հիմնական ընդդիմադիր կուսակցության «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը լոյալ հատվածին։
- Վրաստանի հասարակության 64%-ը չունի վստահություն որևէ կուսակցության նկատմամբ։ Վրաստանում առկա է նոր քաղաքական ուժերի զարգացման նշանակալի ներուժ։ Խնդրո առարկա է, թե ի՞նչ ուժեր և ի՞նչ չափով կկարողանան իրացնել այդ ներուժը
Դիտարկենք այս դրույթների ավելի լայն կոնտեքստը։ 2008 թ. օգոստոսին վրաց-օսական պատերազմի հետևանքով, որին միջամտեց Ռուսաստանը, Վրաստանում Ռուսաստանի նկատմամբ վախեր են առաջացել։ Դրանք 15 տարի շարունակ Վրաստանում տարվող սիստեմատիկ հակառուսական քարոզչության արդյունքում պահպանվել և աճել են։ Ամերիկյան մեկ այլ կազմակերպության՝ IRI (International Republican Institute) հետազոտությունների տվյալներով, Վրաստանի հասարակության այն հատվածը, որը համարում է, որ «Վրաստանի դեմ Ռուսական ագրեսիան շարունակվում է» (ձևակերպումը պատկանում է Միջազգային հանրապետական ինստիտուտին) 2015 թ.-ից մինչև 2021 թ. հուլիս ամիսն աճել է 67%-ից մինչև 80%:
Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը Վրաստանում ուղեկցվում է ինտենսիվ քարոզչությամբ, որի հիմնական թեմաների շարքում են՝ «մարդկային զոհերը», «մարդկային զրկանքները» և «քաղաքացիական կառույցների ավերածությունները», է՛լ ավելի են ուժեղացնում այդ վախերը։
Վրաստանի հասարակությունը ՆԱՏՕ-ին անդամակցելը համարել է ռուսական վտանգից պաշտպանվելու հիմնական գործոն։ Սակայն, Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն սիստեմատիկ կերպով ուղղակի հայտարարում են, որ իրենց զորքերը չեն մասնակցելու Ուկրաինայում ընթացող մարտական գործողություններին։ Այս հայտարարությունները վրաց հասարակության հիշողությունում թարմացնում են 2008 թ. իրադարձությունները, երբ ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ ԱՄՆ-ն զորքով չօգնեց Վրաստանին։ Այդ պատճառով Վրաստանում ՆԱՏՕ-ին անդամակցելու դիրքորոշման ներկայիս նվազման միտում, հավանաբար կշարունակվի։
Վերոնշյալի հետևանքով, Վրաստանի հասարակությունը պաշտպանում է Վրաստանի կառավարության դիրքորոշումը՝ չմիանալ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին։ Այդ դիրքորոշումը հստակ ներգծված է Վրաստանի հասարակությունում առկա վախի կոնտեքստում։
Մյուս կողմից, առկա է նաև զուտ գործնական ողջախոհության գործոն։ Ե՛վ Վրաստանի իշխանությունները, և՛ Վրաստանի հասարակությունը գիտակցում են Ռուսաստանի հույժ կարևորությունը որպես տնտեսական գործընկեր, որի նկատմամբ պատժամիջոցներին միանալը կհանգեցնի Վրաստանի համար շատ ծանր տնտեսական հետևանքների։ Վրաստանի արտահանումը Ռուսաստան 2021 թ.-ին կազմել է Վրաստանի արտահանման ամբողջ ծավալի 16.1%-ը, իսկ ներկրումը Ռուսաստանից՝ ամբողջ ներկրման 14.3%-ը։
ՌԴ զինվորական ղեկավարությունը հայտարարել է, որ սահմանափակ ռազմական գործողության երկրորդ փուլի նպատակն է ազատագրել Ուկրաինայի ռուսալեզու նահանգները Խարկովից մինչ Օդեսա՝ կտրելով Ուկրաինան Սև ծովից և ցամաքային սահման հաստատելով Մերձդնեստրյան Հանրապետության հետ։ Դրա իրականացումը կփակի Վրաստանի և Ուկրաինայի միջև ծովային հաղորդակցությունը։ Վրաստանի արտահանումը Ուկրաինա կազմում է Վրաստանի ամբողջ արտահանման 5.1%-ը, ներկրման 5․5%-ը և ռեէքսպորտի 10%-ը։
Վերոնշյալից հիմնական եզրակացությունն այն է, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության դիրքերը մեծ հավանականությամբ կամրանան։
Մյուս կողմից, հարկ է հաշվի առնել, որ աստիճանաբար ուժեղանում է ԱՄՆ և ԵՄ ճնշումը Վրաստանի նկատմամբ՝ որպեսզի այն միանա հակառուսական պատժամիջոցներին։ Այս երկու հակադիր գործոնները կարող են Վրաստանում հանգեցնել քաղաքական ճգնաժամի։
NDI-ի հետազոտությունում և զեկույցում սոցիոլոգիական հետազոտությունների էթիկայից և մեթոդիկայից շեղումների մասին
Ս ակայն, սոցիոլոգիական հետազոտությունների էթիկան պահանջում է հետազոտության նախագծման, արդյունքների մեկնաբանության և ներկայացման ընթացքում պահպանել գիտական անաչառությունը։ Արգելում է քաղաքական և քարոզչական խորհրդանիշների և դիրքորոշումների արտահայտությունը։ Քարոզչական բաղադրիչների առկայությունը, բացի էթիկական նկատառումներից, կասկածներ է առաջացնում ներկայացվող տվյալների նկատմամբ՝ իրականությանը համապատասխանելու տեսակետից։
NDI-ի հետազոտությունում և զեկույցում խախտվել են անաչառության սկզբունքները և առկա է բացահայտ քարոզչություն։
Մասնավորապես, հետազոտության զեկույցի տեքստում՝ 9, 29 և 34 սլայդներում, առկա է #SlavaUkraini հեշթեգը (Hashtag), որն ինտերնետ տարածքում խորհրդանշում է պրոուկրաինական դիրքորոշումները և դրա ներքո են հավաքագրվում պրոուկրաինական և հակառուսական գրառումները։ Ստորև տրված են զեկույցի այդ էջերի նկարները։
Զեկույցում ներկայացված հարցերի կառուցվածքի քննությունը ցույց տվեց, որ դրանց շարքում կան այնպիսի ձևակերպումներ, որոնք հարցվողների պատասխաններում առաջացնում են պրոուկրաինական սիստեմատիկ շեղումներ։ Սակայն, այդ հարցը զուտ մասնագիտական խնդիր է։ Արդյո՞ք պլանավորված սիստեմատիկ շեղումներ առաջացնող տարրեր առկա են եղել հետազոտության այլ փուլերում հարցի պատասխանը խնդրո առարկա է։