Արցախում ՌԴ խաղաղապահները` Բաքվի հռետորաբանության թիրախում
25 ր. | 2022-03-15(2020 դեկտեմբեր-2022 հունվար)
2 020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դադարեցվեցին ռազմական գործողությունները։ Լեռնային Ղարաբաղում շփման գծի, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։
Ադրբեջանի հանրությունը միանշանակ չընդունեց ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման փաստը։ Մասնավորապես, 2020թ. դեկտեմբերին Ադրբեջանի սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի 600 ադրբեջանցիների մասնակցությամբ արված հարցման արդյունքով՝ Ադրբեջանում հանրության 1% էր մտածում, որ ռուս խաղաղապահները խաղաղություն են հաստատելու տարածաշրջանում, իսկ 44,6%-ը կարծում էր, որ ռուս խաղաղապահների մուտքը բացասական հետևանքներ է առաջացնելու։ Բացի այդ, Ադրբեջանի ներքաղաքական ընդդիմադիր շրջանակները, իրենց արտաքին քաղաքական առավելապես պանթյուրքիստական գաղափարական կողմնորոշումից ելնելով, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Ի․ Ալևի իշխանությանը քննադատելու, պատերազմից հետո նրա զգալիորեն բարձրացած հեղինակությանը հակազդելու նպատակով շրջանառության մեջ դրեցին մի շարք թեզեր։ Ըստ դրանց՝ Ռուսաստանին հնարավորություն չպետք է տրվեր հասնելու իր 30 տարվա ցանկությանը՝ այն է զորք մտցնել տարածաշրջան, Ադրբեջանը պետք է նվաճեր ամբողջ Լեռնային Ղարաբաղը և «լիովին վերականգներ իր տարածքային ամբողջականությունը»՝ թույլ չտալով, որ խաղաղապահներ տեղակայվեն «իր տարածքում»։ Շուտով, սակայն, Արցախի բնակչության վերադարձի, բնականոն կյանքի վերականգնման և այլ իրադարձություններին զուգահեռ ռուս խաղաղապահների դեմ սկսեցին դժգոհություն հայտնել նաև ադրբեջանական իշխանական շրջանակները։ 2021 թ. կեսից պաշտոնական Բաքուն արդեն առավել ակտիվ և ընդգծված սկսեց շրջանառել «ՌԴ խաղաղապահ ուժերը ժամանակավորապես են տեղակայված Ադրբեջանի տարածքում» թեզը։
Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի քաղաքական, հանրային-փորձագիտական, ինչպես և լրատվական դաշտում ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեության դեմ մշտապես առկա բացասական տրամադրությունները մի քանի անգամ նաև վերածվեցին լուրջ դժգոհության, հակառուսական ալիքի։
«ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայումը միանշանակ չի ընդունվել Ադրբեջանում․․․»
Ն ոյեմբերի 9-ից հետո ռուս խաղաղապահների դեմ առաջին ալիքը բարձրացավ դեկտեմբերի 11-15-ին, երբ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ, ինչպես նաև Շուշիի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմի գրոհից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 13-ին մեկ օրով հրապարակեց նոր քարտեզ՝ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում ընդգրկելով նաև նշված շրջանները։ Ադրբեջանական այդ թվում նաև մերձիշխանական մամուլում հրապարակվեցին բազմաթիվ հոդվածներ, որտեղ դժգոհություն կար Ռուսաստանից և խաղաղապահներից։ «Ո՞վ է Ռուսաստանին իրավունք տվել կամայականորեն վերաձևել խաղաղապահ առաքելության քարտեզը Լեռնային Ղարաբաղում» (1), «Քարտեզային մանիպուլյացիաները Ռուսաստանի պարտավորությունների բացահայտ խախտում են» (1), «Ռուս խաղաղապահները՝ հայ անջատողականների փրկարարի դերում. Մոսկվան պետք է բացատրություն տա» (1) և այլ շեշտադրումներով։ Ընդ որում, վերջին հոդվածում, որը հրապարակել էր իշխանամերձ «APA» լրատվական գործակալությունը, նշվում էր, որ «Ռուսաստանը, շահարկելով նոր քարտեզները, խաղաղապահներին թույլ է տալիս անելու գործողություններ, որոնք նրանց առաքելությունից դուրս են, ուստի Ռուսաստանի պարտականությունների խախտումն ակնհայտ է, և դա Ադրբեջանը չի կարող հանդուրժել»։ Շեշտվում էր, թե «ռուս խաղաղապահների տեղակայումը ԼՂ-ում ադրբեջանական հասարակությունում բացարձակապես միանշանակ չի ընդունվել, և Ռուսաստանի նկատմամբ էլ ավելի մեծ անվստահության է հանգեցնում այն, որ խաղաղապահները հերթական անգամ քայլեր են կատարում հաջակցություն ահաբեկիչների, անջատողականների»։ Ընդգծվում էր, թե «Մոսկվան պետք է հաշվի առնի, որ ադրբեջանական բանակը 44 օրում պատմություն է կերտել և ոչ ոք այլևս չի կարող ուժ ցույց տալ իրենց»։
«Ռուս խաղաղապահները, որոնք ամեն օր նոր «քարտեզով» են հանդես գալիս, պետք է հասկանան, որ չեն եկել հանգստանալու և նոր «քարտեզներ» հրապարակելու, նրանք նույնպես վտանգի մեջ են, կարող են հայտնվել կրակի գծի մեջտեղում, և դրա մեղքն ընկնելու է հայության և բոլոր այն ուժերի վրա, որոնք խախտել են նոյեմբերի 10-ի պայմանավորվածությունը»,- նշվում էր հոդվածում և շեշտվում, թե «ռուս խաղաղապահներն այդ տարածքներում չպետք է տիրոջ նման պահեն իրենց, քանի որ այդ աշխարհագրության տերը ոչ՛ Ռուսաստանն է, ո՛չ Հայաստանը, այլ՝ Ադրբեջանը»։
Մամուլում ակտիվ տարածվեցին կուսակցական գործիչների, փորձագետների գնահատականներն ու մեկնաբանությունները (1,2,3,4), որտեղ նշվում էր, թե Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է տարածաշրջանում ամրապնդվելու համար, բացի այդ, նաև լուրջ դժգոհությամբ թվարկվում էին բոլոր այն աշխատանքները, որ խաղաղապահները կատարում էին Արցախում բնականոն կյանքը վերականգնելու համար և շեշտվում, թե տպավորություն է, որ «Ռուսաստանը մի նոր պետություն է ցանկանում այնտեղ հիմնել»։ Ընդգծվում էր, որ «եթե Ռուսաստանի խաղաղապահ ուժերը չափն անցնեն, կառերեսվեն ադրբեջանական կողմի կոշտ պատասխանին»։
Քննադատություններով հանդես եկան նաև Ադրբեջանի խորհրդարանի որոշ պատգամավորներ, ինչպիսիք են Էլման Մամադովը և Էլման Նասիրովը՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից, անկախ պատգամավոր Վյուգար Բայրամովը, «Միասնություն» կուսակցության ղեկավար Թահիր Քերիմլին և այլք։ Նրանք խաղաղապահներին մեղադրեցին «անարդար լինելու», «մանդատից դուրս և եռակողմ հայտարարության ոգուն հակասող քայլեր անելու», «հայկական զորքերին և ավազակախմբերին չզինաթափելու», «հայկական ապօրինի զինված միավորումների դեմ հակաահաբեկչական գործողություն չիրականացնելու և Ադրբեջանին ևս դա անել չթողնելու», «անջատողականներին աջակցելու», «անջատողական հանցագործ խմբի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Խոջալուի ցեղասպանության ամենադաժան հանցագործներից, ավազակներից Վիտալի Բալասանյանի հետ հանդիպելու», «մարդասիրական օգնության անվան տակ Լեռնային Ղարաբաղ զենք-զինամթերք տեղափոխելու» և նման շատ «հանցավոր» քայլերի համար։ Այդ օրերին Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ադիլ Ալիևը ֆեսյբուքում գրեց․
«․․․Ռուս խաղաղապահների կողմից հայտարարությամբ նախատեսվող սահմանները խախտող նոր քարտեզի հրապարակումը, մեր հին ու հավերժական հողերն այլ անունով ներկայացնելը և քարտեզում մանիպուլյացիաներն անհասկանալի են։
Ռուս խաղաղապահների ներկայացրած քարտեզը չունի որևէ իրավական կամ քաղաքական հիմք, ինչպես նաև նրանք չունեն այդպիսի քարտեզ կազմելու իրավասություն: Դա առաջին հերթին միջազգային իրավունքով ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում է, ինչպես նաև հակասում է 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության պայմաններին: Այդ պատճառով էլ նրանք պետք է անհապաղ վերացնեն տարածված քարտեզների բացը, առանց այն էլ Ռուսաստանի կողմից խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում միանշանակ չէր ընդունվում մեր հասարակության կողմից։
Երևում է, որ Ռուսաստանում որոշ ուժերի լրջորեն անհանգստացնում է, որ ռուսական կողմի՝ Հայաստանին տված տեխնիկան ոչնչացված, շարքից հանված կերպով ցույց է տրվել ամբողջ աշխարհին մեր փառապանծ Հաղթանակի զորահանդեսում և այն, որ էլ ավելի են սերտացել Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները․․․»։
Ադրբեջանի իշխանական շրջանակների գնահատականները, որպես սկզբնապես իր կատարած դիտարկումների ճշմարտացիության վառ օրինակ, փորձ կատարեց ներկայացնել ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին։
«Երբ ասում էինք, թե դեռևս որևէ մեկը չի տեսել, որ Ռուսաստանի բանակը խաղաղապահ լինի, որ այս բանակը դեռևս դուրս չի եկել որևէ երկրից, որտեղ մտել է խաղաղապահի անվան տակ, մեզ քննադատում էին, թե ստվեր եք նետում մեր հաղթանակի վրա։ Իսկ այսօր ստիպված լինելով՝ իրենք ևս իշխանական մեդիայում քննադատել են ռուս «խաղաղապահներին»։ Շեշտել են, թե հանրությունը, առանց այդ էլ, չի վստահում ռուս «խաղաղապահներին»»,- նշել է նա, ընդգծել, թե Ռուսաստանի կողմից քարտեզի փոփոխումը, տարածքները վերահսկողության տակ վերցնելու փորձերը դեռ միայն սկիզբն են։
«Ադրբեջանին պետք չեն նման խաղաղապահներ, թող դուրս գան ադրբեջանական հողերից․․․»
Ռ ուսաստանի և ռուս խաղաղապահների դեմ դժգոհության այս ալիքը չմարեց և ակտիվացավ դեկտեմբերի 27-28-ին, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, թե «Խոջավենդի շրջանի Աղդամ (Աքաքու) գյուղի ուղղությամբ (Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում – հեղ․) ապօրինի հայկական զինված խումբը կամ տարածքում մնացած Հայաստանի զինված ուժերի մնացորդներից կազմված վեց հոգանոց ջոկատը հարձակվել է ադրբեջանական ստորաբաժանումների վրա, ինչի հետևանքով հայկական ջոկատի վեց անդամն էլ ոչնչացվել են, ադրբեջանցի մեկ զինծառայող մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել»։ Չնայած Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը լիովին հերքվեց Հայաստանի ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի կողմից և որակվեց քարոզչական սադրանք, այնուհանդերձ, Ադրբեջանում ընդդիմությունը հայտարարված միջադեպի «սադրիչ» և «հովանավոր» կարգեց ՌԴ-ին (1,2)։ Ա․ Քերիմլին հայտարարեց, թե այս միջադեպերը տեղի են ունենում Ռուսաստանի զինված ուժերի հետ համակարգմամբ, թե այդ «սադրանքի» նպատակներից մեկն էլ այն է, որ ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղապահների թիվն ավելացնի։ «Ահա, այսպիսին է ռուսների ապահոված խաղաղությունը։ ․․․Մեզ նման խաղաղապահներ պետք չեն, թող դուրս գան մեր հողերից»,- նշեց նա իր գրառումներում։ «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Իլգար Մամեդովն էլ առաջարկեց Մոսկվայի առջև պայման դնել, որ, ադրբեջանցի զինծառայողների մահով պայմանավորված, նվազեցվի խաղաղապահների թիվը։ Օրինակ, ցանկացած 1 ադրբեջանցու մահի դիմաց նվազեցվի թվով 200, 2-ի դեպքում՝ 500, իսկ 3-ի դեպքում՝ 1000 խաղաղապահ։ Քաղաքագետ Էլխան Շահինօղլուն ռուս խաղաղապահներին անվանեց «հայ ահաբեկիչների հովանավոր» և այլն։
Դեկտեմբեր ամսին հակառուսական տարաբնույթ քննարկումների պատճառ էր դարձել նաև խաղաղապահ զորախմբի ամենօրյա ճեպազրույցում Ռուսաստանի դրոշի կողքին Արցախի Հանրապետության դրոշի առկայությունը (1,2,3), ինչպես նաև Արցախի նախագահ Ա․ Հարությունյանի ու ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռ. Մուրադովի հանդիպումն ու հայտնի լուսանկարը (1,2,3)։
«Ռուսաստանը զավթում է Ղարաբաղը․․․»
Ռ ուս խաղաղապահների դեմ հաջորդ խոշոր ալիքն արդեն նկատվեց 2021թ. փետրվար-մարտ ամիսներին։ Պատճառն Արցախի խորհրդարանում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն էր, ըստ որի Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ էր տրվելու ռուսերենին, իսկ հայերենը լինելու էր պետական լեզու։ Ադրբեջանում մտահոգություն էր առաջացնում նախագծի հիմնավորման մեջ օգտագործված «Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայություն» արտահայտությունը։ Նշվում էր, թե «երկարաժամկետ» բառով ակնարկում են, որ ռուս զինծառայողները, ինչպես Գյումրիում, այնպես էլ Ղարաբաղում մնալու են մինչև 2044 թվականը։ Բացի այդ, նկատի ունենալով Արցախի իշխանություններին՝ շեշտվում էր, թե «ահաբեկիչների մնացորդները» փորձում են հաճոյանալ Մոսկվային, քանի որ նրանք միայն խաղաղապահներին վստահելով են կարողանում ազատ քայլել Ստեփանակերտում (1,2,3)։
Ա․ Քերիմլին ընդհանրապես պնդում էր, որ Ռուստաստանը զավթում է Ղարաբաղը, և այն օրըստօրե ավելի է հեռանում Ադրբեջանից։ «Սա է Ի․ Ալիևի կողմից ռուսական բանակը մեր երկիր վերադարձնելու ծանր հետևանքը։ Լեռնային Ղարաբաղում որքան Ռուսաստանի վերահսկողությունն ուժեղանում է, այնքան աճում է պատերազմում ժողովրդին ռազմական հաղթանակ պարգևած զինծառայողների նկատմամբ անարդարությունը։ Պատահակա՞ն է։ Ըստ իս՝ ոչ։ Իմաստուն մարդիկ վաղուց են ասել՝ իրենց բանակի մասին հոգ չտանող ժողովուրդները դատապարտված են կերակրել զավթիչների բանակները» (1)։
Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը մամուլի ասուլիսում ընդգծեց, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, իսկ Ադրբեջանում պաշտոնական միակ լեզուն ադրբեջաներենն է։ Նա նաև նշեց․
- «Օտարերկրացի զինծառայողների գործունեությունն Ադրբեջանի տարածքում ժամանակավոր է։ Այդ զինվորականները հատուկ առաքելություն են իրականացնում։ Դա չունի ռազմաբազայի իմաստ․․․ Նրանց [ռուս խաղաղապահների] գործունեությունն այստեղ [Ղարաբաղում] նախատեսվում է 5 տարի։ Եթե 5 տարի հետո Ադրբեջանն այս հարցի շուրջ այլ դիրքորոշում ունենա, իհարկե, նրանց գործունեությանը վերջ կտրվի»,
- «Ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա քաղաքացիների մուտքը թույլատրելու անհասկանալի գործողությունները զարմացնում են մեզ։ Մենք ռուսական կողմի հետ համաձայնության էինք եկել, որ միայն մեր թույլտվությամբ այնտեղ կարող են օտարերկրացիներ մուտք գործել։ Բայց պայմանավորվածությունը խախտվում է»։
Ալիևը, սակայն, զգուշավորություն դրսևորելով, բավարար գնահատեց ռուս խաղաղապահների գործունեությունը, շեշտեց, որ նրանք դրական դեր են խաղալու «ազատագրված տարածքներ» Ադրբեջանի բնակչության վերադարձի համար։ Նշեց, որ խաղաղապահներն ապահովում են նաև ադրբեջանցիների անվտանգությունը։
Մարտին նախագծի ընդունումն Արցախի Ազգային ժողովում ադրբեջանական մամուլում և փորձագետների կողմից, սակայն, մեկնաբանվեց ոչ միայն որպես «Խանքենդիում հայերի հերթական սադրանք», այլև «խաղ, որ խաղում են Երևանը և Մոսկվան»։ Նշվեց, որ, ընդհանուր առմամբ, այդ որոշումը կարող է գնահատվել որպես խաղաղապահ առաքելության ձախողում, ընդգծվեց, թե «այն պահից, երբ պաշտոնական Բաքուն կասի՝ «դուրս եկեք», ռուս խաղաղապահները ստիպված կլինեն վեց ամսվա ընթացքում լքել տարածաշրջանը, ուստի միանգամայն անտեղի և հայերի համար վտանգավոր է, որ վստահելով ռուս խաղաղապահներին, ընկնում են փուչ երազանքների մեջ» (1,2)։ Շեշտվեց, թե այդպիսով Մոսկվան ցանկանում է իրականում ռուսական անձնագրեր բաժանել Ղարաբաղում բնակվող հայերին և հանրաքվե անցկացնել՝ այնտեղ դե ֆակտո պետություն ստեղծելով (1,2,3)։ Ընդդիմադիրներն ընդգծեցին, թե այդ քայլով ոչ միայն Հայաստանը, այլև Ռուսաստանը խախտում են Ադրբեջանի ինքնիշխանությունը, մարտահրավեր նետում Ադրբեջանին (1,2,3)։ Ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» դաշինքի համակարգող խորհրդի անդամ Գյուլթեքին Հաջըբեյլին հայտարարեց․ «Այսօր ռուս «խաղաղապահները» մեր Ղարաբաղում Ռուսաստանի պոտենցիալ մարզ, կամ մինի-կառավարություն ստեղծելով են զբաղված․․․ Մեր երկրում, որը Պուտինը համարում է «քվազի-պետություն», բառիս բուն իմաստով, ստեղծում են Հարավային Կովկասում Ռուսաստանի ամենավտանգավոր պլացդարմը, և ինչպես ռուս պատգամավոր Կոնստանտին Զատուլինն է խոստովանել, այդ քայլերով ընդգծում են, որ Ղարաբաղից ոչ միայն 5 տարի հետո, այլև առհասարակ, գնալու մտադրություն չունեն»։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլման Նասիրովը, նշելով, թե «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, հետևաբար այդտեղ պետական լեզու պետք է լինի ադրբեջաներենը», շեշտեց, թե Ռուսաստանը պետք է հակաքայլ ձեռնարկի։ «Ժողովրդավարական բարեփոխումների» կուսակցության նախագահ, պատգամավոր Ասիմ Մոլազադեն, իր հերթին, չբացառեց, որ «Ղարաբաղում մնացած հայ անջատողականների մնացորդների նման խաղերն աջակցություն ունեն որոշ երկրների կողմից, քանի որ նման տեխնոլոգիաներ քանիցս կիրառվել են՝ այլ երկրների բռնագրավված շրջաններում»։ Նա միաժամանակ զգուշացրեց, որ այդ քայլի նպատակն է վնասել Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները և պետք է պաշտոնական Բաքուն սառնարյունություն դրսևորի։
«Ձեռքդ քաշի՛ր Ղարաբաղից, Ռուսաստա՛ն․․․»
Ա դրբեջանական մեդիա-փորձագիտական դաշտում ևս մեկ լուրջ աղմուկ բարձրացրեց մարտի 31-ին ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովի՝ Արցախ կատարած այցը, երբ նա Ստեփանակերտում մասնակցեց խաղաղապահների համար նախատեսված հերթական մոդուլային ավանի բացման արարողությանը: «Ռուսաստանն ամրապնդվում է Ղարաբաղում - Մոսկվան Ղարաբաղում ռազմաբազա ստեղծելու իր մտադրությունն է ցուցադրում», «Մենք Ղարաբաղը պետք է Հայաստանի օկուպացիայից ազատագրեինք, հիմա պետք է Ռուսաստանից վերցնենք», «Ռուս գեներալի այցը Ղարաբաղ չի կարելի դիրտարկել որպես բարի կամքի դրսևորում» շեշտադրումներով հրապարակումներում ներկայացված փորձագետների, կուսակցական գործիչների կարծիքներում ընդգծվում էր, թե Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը ԼՂ այցելելուց առաջ պետք է նախ գնար Բաքու, հանդիպեր իր ադրբեջանցի գործընկերոջը, ներկայացներ իր այցի նպատակը։ Նշվում էր, թե պետք է բացատրվեր նրան, որ նոյեմբերի 9/10-ի հայտարարությունում ԼՂ-ում ռուս զինծառայողների թիվը 1960 հոգի է մատնանշված, հետևաբար անհասկանալի է, որ ԼՂ-ում ռազմավանների թիվն այդքան աճում է։ Շեշտվում էր, թե երբ ռուս գեներալը «Խանքենդիում» (Ստեփանակերտ) բացումներ էր անում, նրա կողքին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը պետք է կանգնած լիներ և այլն (1,2,3,4,5,6,7,8)։
Հենց նույն օրն Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալության (ANAMA) անանուն ներկայացուցիչը 2021 թվականի մարտ ամսին ստեղծված հատուկ քարոզչական ուղղվածության Caliber.az կայքի հետ հարցազրույցում հայտնեց, թե Շուշիում հայտնաբերվել են «Իսկանդեր» հրթիռային համակարգի երկու հրթիռի բեկորներ։ Այդ հայտարարությունը պատահական չէր, և նորից պաշտոնական Բաքվի կողմից ադրբեջանական քաղաքական, լրատվական և փորձագիտական դաշտում Ռուսաստանի դեմ օգտագործվեց (1,2,3,4,5,6,7,8,9,10,11)։ Թեմայի շուրջ բացատրության պահանջով ապրիլի 9-ին ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական թևը բողոքի գործողություն անցկացրեց Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց։ Այդ ակցիայի մասնակիցները բարձրաձայնեցին «Իվա՛ն, գնա՛ տուն» «Ձեռքդ քաշի՛ր Ղարաբաղից, Ռուսաստա՛ն», «Խանքենդին Ադրբեջան է», «Խոջալուն Ադրբեջան է» և նման այլ կարգախոսներ։ Նշեցին, որ «ակցիան Ռուսաստանի՝ Ղարաբաղում խաղաղապահի մանդատին չհամապատասխանող գործունեությանն ու զավթողական պահվածքի դեմ բողոք է»։ Ադրբեջանի ոստիկանությունը չմիջամտեց բողոքի գործողությանը։ Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց մեկ ուրիշ բողոքի ակցիա տեղի ունեցավ ապրիլի 28-ին՝ «Ադրբեջանի ժողովրդական շարժման» մի խումբ ակտիվիստների մասնակցությամբ, որոնք պահանջում էին, որ «ռուսական բանակը դուրս գա Ադրբեջանից», վանկարկում էին «ռուսը, պարսիկը, հայը թուրքի թշնամին են» հայտնի կարգախոսը և մեղադրանքներ հնչեցնում Ռուսաստանի և նախագահ Վ․ Պուտինի հասցեին։
Այդ օրերին Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս․ զարգացումն ու համագործակցությունը հակամարտությունից հետո» թեմայով միջազգային կոնֆերանսի մասնակիցների հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև Արցախից ռուս խաղաղապահների հեռանալուց հետո ստեղծվելիք իրավիճակին։ Ալիևը նշեց, որ երբ ռուս խաղաղապահները լքեն Ղարաբաղը, որևէ խնդիր չի առաջանա, քանի որ հիմա էլ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին կան հատվածներ, ուր խաղաղապահներ չկան, և որևէ խնդիր չի առաջացել, դեռ ավելին՝ Ադրբեջանը Հայաստանին թույլ է տալիս օգտագործել Երևան-Կապան ճանապարհի՝ «Ադրբեջանի տարածքում գտնվող հատվածը»։ «Նրանք այս ճանապարհից օգտվու՞մ են։ Այո՛։ Նրանց խաղաղապահները պաշտպանու՞մ են։ Ո՛չ։ Միայն երկու վայրում են անցակետեր կառուցվել։ Մենք կարո՞ղ ենք կտրել այս ճանապարհը։ Այո։ Դա անու՞մ ենք։ Ո՛չ»,- նշեց Ի․ Ալիևը՝ մտահոգություն հայտնելով հայկական բանակի արդիականացման հետ կապված Հայաստան-Ռուսաստան բանակցությունների վերաբերյալ։ Հետագայում, իհարկե, Գորիս-Կապան ավտոճանապարհի այդ հատվածում ստեղծված իրավիճակը, երբ Ադրբեջանը մաքսակետեր կառուցեց՝ անվտանգային և ֆինանսական խոչընդոտներ ստեղծելով հայկական ու իրականական կողմի մեքենաների երթևեկության համար, խիստ տիպական և ուշագրավ է Ադրբեջանի նախագահի կատարած այս համեմատության համատեքստում։
«Ռուսաստանի խաղաղապահ ուժերը ժամանակավորապես տեղակայված են Ադրբեջանի տարածքում»
Ա դրբեջանում ապրիլ ամսի երկրորդ կեսին որոշակի աղմուկ ստեղծվեց նաև Ստեփանակերտի օդանավակայանում ռուս խաղաղապահների կողմից մայիսի 9-ին նվիրված զորահանդեսի վարժանքների անցկացումը, որը մեկնաբանվեց որպես Ռուսաստանի կողմից սադրանք, ազդանշան Ադրբեջանին, որ Ղարաբաղը Ռուսաստանի վերահսկողության տակ է։ Նշվեց, որ ԼՂ-ում զորահանդեսի անցկացումն ուժի ցուցադրություն է, ինչն անընդունելի է, հակասում է առաքելությանը, խաղաղապահների նկատմամբ անվստահություն սերմանում ադրբեջանական հանրության շրջանում և կարող է ռուս-ադրբեջանական հարաբերություններում ավելի մեծ խնդիրների հանգեցնել (1,2,3)։ Դա դիտարկվեց որպես Ռուսաստանի կողմից անկողմնակալությունը խախտող քայլ, որին պետք է ադեկվատ պատասխան տրվեր (1,2)։ Ավելին՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ագիլ Աբասը հայտարարեց, թե նրանք ոչ թե խաղաղապահներ (sülhməramlı), այլ հայապահներ (erməniməramlı) են։ Բայց եղան նաև կարծիքներ, թե հայկական կողմը ջանք չի խնայում, որպեսզի Ադրբեջանում հակառուսական հոգեբանություն ստեղծվի, հետևաբար չպետք է ուռճացնել այդ զորահանդեսի անցկացումը և հասկանալ, որ ռուսները ոչ թե հայերի համար են անում, այլ իրենց տոնն են նշում, որը նաև Ադրբեջանի տոնն է (1,2)։ Ադրբեջանի ՊՆ-ն նույնպես մայիսի 8-ին հաղորդագրություն տարածեց՝ փորձելով ցույց տալ, որ նախ Ադրբեջանը նույնպես զգալի ներդրում է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակում, և Ադրբեջանում ևս մայիսի 9-ին անցկացվելու են միջոցառումներ նախորդ տարիների նման, իսկ հետո ակնարկելով, որ Ստեփանակերտը «իրենց տարածքն է»՝ փորձ արվեց հավաստիացնել, որ պաշտոնական Բաքուն տեղեկացված է այնտեղ ռուս խաղաղապահների զորհանադեսից։ Ըստ էության, չնայած ընդհուպ Ադրբեջանի նախագահն ադրբեջանական կողմից տարբեր մակարդակներով պարբերաբար հիշեցվում էր, թե ռուս խաղաղապահները ժամանակավորապես են Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր այս հաղորդագրությունում առաջին անգամ հստակ օգտագործեց «ժամանակավորապես Ադրբեջանի տարածքում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ ուժեր» քարացած ձևակերպումը, ինչը հետագայում դարձավ մշտական։
«Ըստ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության ժամանակավորապես Ադրբեջանի տարածքում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հանդիսավոր քայլերթն է նախատեսվում Խանքենդի քաղաքում»,- նշվում էր հաղորդագրությունում։
2021-ի հունիս և հուլիս ամիսներին Ադրբեջանում ռուս խաղաղապահների դեմ դժգոհության ալիքի պատճառ դարձավ `
- Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի այցելությունն Արցախ, ինչի առնչությամբ նշվում էր, թե Գարեգին Բ-ն «անօրինական է անցել ռուսական վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքով, ուստի ռուս խաղաղապահներն են պայմաններ ստեղծում հայերի նման կամայականությունների համար» (1,2,3,4,5,6),
- Քարվաճառի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի երկու լրագրողների մահը, երբ համարձակ պնդում առաջ քաշվեց, թե «Ռուսաստանի ՊՆ-ն, ռուս խաղաղապահները նույնպես ունեն ականադաշտերի քարտեզները, ուստի ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ռուսաստանն է քարտեզների հարցում մանիպուլյացիա անում»(1):
- Ադրբեջանի ՊՆ-ի այն պնդումը, թե «հուլիսի 6-ին ապօրինի հայկական ջոկատները կրակել են Աղդամի շրջանի Ալիաղալը գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների վրա, ինչի հետևանքով մեկ զինծառայող վիրավորվել է»։ Չնայած հրադադարի խախտման մասին այս տեղեկությունը չհաստատվեց ՌԴ ՊՆ-ի կողմից՝ Ադրբեջանում նշվեց, թե «սադրանքի» համար պատասխանատավություն են կրում Հայաստան պետությունն ու ռուս խաղաղապահները։
Վերջին կետի համատեքստում որպես հիմնավորում շրջանառվեց այն կեղծ թեզը, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ հայկական զորամիավորումներն իբրև պետք է զինաթափվեն և դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից, իսկ հրադադարի խախտումը ցույց է տալիս, որ Ռուսաստանի խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները, չեն զինաթափում և դուրս բերում նրանց, ինչն Ադրբեջանին հիմք է տալիս ոչ թե 5 տարի հետո, այլ 1 կամ 1,5 տարվա ընթացքում պահանջել, որ խաղաղապահները դուրս գան Ղարաբաղից (1,2,3)։
Ադրբեջանական մեդիա-փորձագիտական դաշտում, պաշտոնական հայտարարություններում Արցախից հայկական զորքերի (Արցախի ՊԲ ստորաբաժանումներն Ադրբեջանում հիմնականում ներկայացնում են որպես Հայաստանի զորքեր, ահաբեկչական ուժեր, ապօրինի զինված միավորումներ և այլն) «դուրսբերման անհրաժեշտության» և այդ հարցում ռուս խաղաղապահների «հայամետ դիրքորոշման» վերաբերյալ քննարկումներն սկսեցին առավել ակտիվանալ օգոստոսին (տե՛ս Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունն այդ շահարկումների վերաբերյալ): Արցախա-ադրբեջանական շփման գծի հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) ուղղությամբ ադրբեջանական կողմից հրադադարի խախտման (1,2,3) օրերին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ խաղաղապահների տեղակայման մասին 3 անգամ կիրառել էր «Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայում» արտահայտությունը։ ՊՆ-ն նշում էր, թե Հայաստանը, «խախտելով եռակողմ հայտարարությունը», իր զինուժի անձնակազմն «անօրինաբար» տեղափոխում է «Ադրբեջանի տարածք», որտեղ «ժամանակավորապես տեղակայված են ՌԴ խաղաղապահները»։ Այսպիսով, Ադրբեջանի ՊՆ-ն փաստացի ՌԴ-ին մեղադրում էր խաղաղապահ առաքելությունը չիրականացնելու մեջ, ընդգծում էր, որ տեղակայման հարցը ժամանակավոր է և կարող է նաև վերանայվել։ Մամուլում ՊՆ-ի այս հայտարարությունը բնորոշվեց որպես «Ադրբեջանի կողմից Ռուսաստանին զգուշացում և խիստ պահանջ» (1,2,3,4,5,6), իսկ պատգամավորներ Գուդրեթ Հասանգուլիևը, Քյոնուլ Նուրուլլաևան, իրենց հերթին, շեշտեցին, թե «խաղաղապահները պետք է Ադրբեջանի տարածքներում Հայաստանի զինուժի ներկայությանը վերջ տան, եթե Մոսկվան ՊՆ-ի հայտարարությունից համապատասխան հետևություններ չանի, Ադրբեջանը ստիպված կլինի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները և խաղաղապահների կարգավիճակի հարցը»։ Սակայն զարգացումներն այդքանով չավարտվեցին. դժգոհության ևս մեկ առիթ դարձավ այն, որ հաջորդ օրը Ռուսաստանի ՊՆ-ն հաստատեց Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրությունն Ադրբեջանի ԶՈւ կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ։ Մեդիա-փորձագիտական դաշտում նշվեց, թե «ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունը սադրանք և սպառնալիք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության դեմ» (1,2), շեշտվեց, թե որևէ մեկը չի կարող Ադրբեջանին խանգարել «հակաահաբեկչական գործողություն» կատարել «իր տարածքներում»։ Երկու օր անց այս իրադարձությունների ֆոնին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը «CNN Türk»-ին տված հարցազրույցում նշեց, թե «որպես Ադրբեջանի հարևան և Հայաստանի մոտ դաշնակից՝ Ռուսաստանը հատուկ դեր է խաղում տարածաշրջանում», սակայն, «իրենք ակնկալում են, որ Ռուսաստանն այլևս չի զինի Հայաստանին»։ Ռուսաստանի՝ որպես միայն «Ադրբեջանի հարևանի» ներկայացումն ուշագրավ դրվագ էր, քանի որ սովորաբար նախկինում պաշտոնական Բաքուն Ռուսաստանի համար օգտագործում էր «ռազմավարական գործընկեր» ձևակերպումը։ Ալիևի այս հայտարարությանը ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի տված պատասխանն այն շեշտադրմամբ, որ «ՌԴ-ի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է» ևս Ռուսաստանին ուղղված հեգնանքի պատճառ դարձավ ադրբեջանական ԶԼՄ-ներում (1,2,3,4)։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ այդ ժամանակահատվածում խիստ լարված էին Ադրբեջան-Իրան հարաբերությունները, և երբ Բաքուն բողոքի նոտա հղեց Թեհրանին, թե «իրանական բեռնատարներն առանց Ադրբեջանի թույլտվության իրավունք չունեն մուտք գործելու Արցախ», ռուս խաղաղապահները մեղադրվեցին Լաչինի միջանցքի «ձևական» դիտարկման մեջ (1,2,3,4)։ Ընդ որում՝ դա առաջին անգամը չէր, և ապրիլ-մայիս ամիսներին նույնպես Բաքվում հակաիրանական տրամադրությունների բարձրացման ֆոնին և «Իրանից Արցախ բեռնափոխադրումների մասին տեսանյութերի» տարածումից հետո ռուս խաղաղապահները մեղադրվել էին Իրանի հետ Ղարաբաղում ապօրինություններ, խաղաղապահ առաքելությանը հակասող գործողություններ անելու համար (1,2,3)։
«Ռուսաստանը ցույց է տալիս, որ երբեք խաղաղապահ չի եղել և չի էլ լինի․․․»
Ա դրբեջանում ՌԴ խաղաղապահների նկատմամբ առկա հիմնական ընկալումները յուրօրինակ կերպով ամփոփվեցին և արտահայտվեցին, երբ հայտնի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը սեպտեմբերի 6-ին ավարտելու է իր առաքելությունը։ Ստորև հարկ ենք համարում ներկայացնել ուղիղ մեջբերումներ ադրբեջանական մամուլից, փորձագետների և քաղաքական գործիչների որոշ դիտարկումներից, որոնք շատ տիպական են Ադրբեջանում հակառուսական և խաղաղապահների դեմ առկա տրամադրությունների բացահայտման տեսանկյունից․
- «Մուրադովը 6 ամսվա փոխարեն 10 ամիս զբաղված է եղել մեր նյարդերը ձգելով․․․ Ադրբեջանցիների հիշողության մեջ Մուրադովը կմնա որպես մեկը, որը լրիվ չի կատարել պարտավորությունները, մեր կողմից իրեն վստահված տարածքներում հայ զինյալներին «քեռիություն» է արել» (1)։
- «Երեկ Ռուստամ Մուրադովը «հրաժեշտի» հանդիպում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ․․․ Տեղեկություն չկա, որ իր պարտավորություններն ավարտին հասցնելու առիթով Մուրադովը հանդիպած լինի Ադրբեջանի պաշտպանության նախարարի կամ ուժային կառույցներից որևէ մեկի ղեկավարի հետ։ ․․․Ադրբեջանի տարածք գալու առաջին իսկ օրվանից ռուս խաղաղապահներն իրենց պահել են որպես Հայաստանի ենթակայության տակ գործող զինծառայողներ։ Նրանք միայն մեկ թիրախ և նպատակ են ունեցել․ ինչ ճանապարհով էլ լինի, ապահովել, որ Ղարաբաղում ավելի շատ հայ ապրի, թույլ չտալ, որ հայկական անջատողականությունը ոչնչանա և աջակցել Ադրբեջանի տարածքում հայկական ապօրինի զինված միավորումների գործունեությանը» (1)։
- «Խաղաղապահ զորակազմի հրամանատարի անվան տակ Ղարաբաղ գալու առաջին իսկ օրվանից հայերի նկատմամբ իր ֆանատիզմը չթաքցնող գեներալ Ռուստամ Մուրադովն ավարտում է իր «առաքելությունը» ․․․ Ռուսաստանն իր յուրաքանչյուր քայլով ցույց է տալիս, որ չի կարողանում արժանի լինել խաղաղապահի անվանը։ Ցույց է տալիս, որ երբեք խաղաղապահ չի եղել և չի էլ լինի, քանի որ կայսերական մտադրությունն ու խաղաղապահ առաքելությունն անհամատեղելի են։ Դա անհնար է դարձնում Ադրբեջանում նրա երկարաժամկետ ներկայությունը։ Դրա համար էլ Մուրադովը չէ, թող լինի Ավդեևը կամ Իվանովը, տարբերություն չկա։ Նրանք բոլորը մի օր կգնան Ադրբեջանից, ինչպես եկել են․․․ անպայման կգնան․․․» (1)։
- «Անձերի փոփոխությունը չի նշանակում, որ փոխվում է պետության քաղաքականությունը։ Ե՛վ Ռուստամ Մուրադովը, և՛ նրա հաջորդները վարում են պետության կողմից սահմանված քաղաքականություն։ Ռուսաստան պետությունը պետք է փոխի իր քաղաքականությունը։ Այս առումով խաղաղապահ առաքելության գործունեությունը պետք է վերանայվի, բաց հարցերը պետք է ամբողջությամբ հստակեցվեն։ Ներկայում ադրբեջանական կողմն արդարացիորեն դժգոհ է ռուս խաղաղապահների գործունեությունից․․․ Մենք այս առաքելության կամ ջուր տեղափոխելը, կամ էլ հայերի կենցաղային խնդիրների լուծման համար աշխատելն ենք տեսնում։ Դրա համար հայկական կողմը շատ գոհ է նրանց գործունեությունից։ Այս դեպքում «խաղաղապահների» կարգավիճակի լրիվ հստակեցման և նրանց լիազորությունների կոնկրետացման անհրաժեշտությունը մնում է արդիական։ Կա՛մ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը և չեզոքություն պահպանել, կա՛մ պետք է դադարեցվի խաղաղապահ առաքելության գործունեությունը (1)։
«Ռուսաստանի խաղաղապահ ուժերի գործունեության հարցում նյարդայնացնող հանգամանքները քիչ չեն․․․ »
Ի նչպես երևում է վերջին մեջբերումից, որը, ի դեպ, Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամ Ջեյհուն Մամեդովինն է, այդ ժամանակ խաղաղապահ զորակազմի հրամանատարի փոփոխման հարցին զուգահեռ քննարկվում էին նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորակազմի կարգավիճակի վերաբերյալ հարցեր։ Բանն այն է, որ ՌԴ պետական գնումների կայքում՝ zakupki.gov.ru, ՌԴ ՊՆ-ն հայտ էր ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար» ձևակերպմամբ։ Դրա շուրջ ադրբեջանական ԶԼՄ-ներում, տելեգրամյան ալիքներում բարձրացած բավականին մեծ աղմուկից հետո, թե «ՌԴ ՊՆ-ում կարծում են, որ իրենց խաղաղապահները ծառայում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»», Ադրբեջանի ԱԳՆ-ն իր բողքն էր փոխանցել ռուսական կողմին։ Չնայած սեպտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը հեռացվեց կայքից՝ սեպտեմբերի 5-ին դեռևս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հասցրել էր հայտարարել, թե «Ամբողջ Ղարաբաղն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է», ընդգծել էր, թե «միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, և նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն՝ խաղաղապահ ուժերը ժամանակավորապես տեղակայվել են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածում»։ Նա նշել էր, որ ՌԴ խաղաղապահների մանդատի վերաբերյալ հավելյալ իրավական մեխանիզմների հարցը դեռ քննարկվում է։ Հաջիևի հայտարարությունից հետո Ադրբեջանում կրկին սկսել էին հիշել և թվարկել իրենց դժգոհությունները խաղաղապահներից և ընդգծել, որ անհրաժեշտ է մանդատի հաստատմամբ հստակ սահմանել նրանց լիազորությունները (1,2,3,4,5,6,7,8,9,10)։
Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը նշեց, որ ընդհանուր առմամբ դրական կարող է գնահատել ՌԴ խաղաղապահ ուժերի գործունեությունը, սակայն ընդգծեց նաև, որ դժգոհություններ, առարկություններ նույնպես ունեն, որոնցից առաջինը կապված է «իրենց տարածք» օտարերկրյա քաղաքացիների այցերի հետ։ «Ղարաբաղը մեր տարածքն է, և առանց մեր թույլտվության այդ շրջաններ որևէ օտարերկրյա քաղաքացի կամ ավտոմեքենա չի կարող մուտք գործել, մեզանից պետք է թույլտվություն վերցվի․․․ Մենք, անշուշտ, կցանկանայինք, որ մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ լիարժեք, ամբողջական հարգանք ցուցաբերվի։ Առանց այդ էլ, Ռուսաաստանի պաշտոնական ներկայացուցիչները, բարձրաստիճան ներկայացուցիչներն ասում են, որ Ղարաբաղն ադրբեջանական հող է, և այդ դեպքում, տեղերում, այնտեղ ծառայող զինծառայողները նույնպես պետք է իրենց գործունեությունը ծավալեն այս հայտարարություններին համապատասխան»,-ընդգծեց Ալիևը։ Նա միևնույն մոտեցմամբ հարցին անդրադարձավ նաև հոկտեմբերի 7-ին իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում։
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ռուս խաղաղապահների գործունեությունից բողոքի ալիքներ առաջացան մի քանի պատճառներով, որոնցից կառանձնացնենք Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի այցելությունը Արցախ, երբ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը մեղադրվեցին «հայերի սադրանքների վրա աչք փակելու համար» (1,2,3), Շուշի քաղաքի անցակետի մոտ, որպես ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին պատասխան, Արցախի քաղաքացու կողմից նեռնակի նետումը, ինչը նաև համարվեց ՌԴ խաղաղապահների անգործության հետևանք, և նորից սկսեցին քննարկումներն Արցախից հայկական զորքերի «զինաթափման և դուրսբերման անհրաժեշտության» մասին (1,2,3), Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի՝ Արցախ կատարած այցը (1) և այլն։ Այս ամենին զուգահեռ հարկ ենք համարում նշել նաև, որ առհասարակ ողջ տարվա ընթացքում ադրբեջանական քարոզչական դաշտում նկատվել է այն միտումը, որ փորձեր են կատարվում ցույց տալ, թե հայկական կողմն է դժգոհ Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունից (1,2)։
Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության նկատմամբ Ադրբեջանում առկա նկարագրված բացասական տրամադրությունները որքան էլ ծպտված և բացահայտ ուղղորդվեն երկրի իշխանությունների կողմից, խորանալու դեպքում վնաս կարող են հասցնել ոչ միայն Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններին, այլև հենց Ալիևի իշխանությանը։ Ինչ-որ առումով այդ տրամադրությունները զսպելու նպատակով ոչ ուղղակիորեն դրանց նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահը 2022թ. հունվարի 12-ին ադրբեջանական տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ Ալիևը ասաց, որ ռուս խաղաղապահների աշխատանքը գնահատելու համար պետք է ավելի լայն պրիզմայով մոտենալ հարցին, սակայն, անշուշտ, այդ հարցում նյարդայնացնող կետերն էլ քիչ չեն։ Նա շեշտեց, որ խաղաղապահները նոր տարր էին Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում, որոնք կա՛մ կարող էին խնդիր հարուցել կա՛մ ամրապնդել երկկողմ կապերը։ «Ես կարող եմ ասել, որ արդեն անցյալ տարին, այս տարին վերլուծելիս խաղաղապահ առաքելության հարաբերություններն ադրբեջանցի գործընկերների հետ դրական ազդեցություն է թողել երկկողմ կապերի վրա։ Ուստի մենք պետք է դա իմանանք, Ադրբեջանի քաղաքացիները պետք է դա իմանան»։ Ալիևը միաժամանակ Վալերի Պեկրեսի՝ Արցախ այցի օրինակով նշեց, որ իրենց համար մտահոգիչ է օտարերկրյա քաղաքացիների այցը Ղարաբաղ, և այդ հարցերում ռուսական կողմից իրենց բողոքներին տրվող պատասխանը, թե «չենք տեսել», «չենք նկատել», թե ինչպես են նրանք անցել Ղարաբաղ, անլուրջ է։ Բացի այդ, նշեց, որ իրենք կարող են Լաչինի միջանցքով անցնող ցանկացած մեքենայի կանգնեցնել, և ոչ ոք իրենց ոչինչ չի կարող ասել։ Ադրբեջանի նախագահն իրենց համար որպես մյուս մտահոգիչ հանգամանք ներկայացրեց այն, որ ռուս խաղաղապահները ցանկանում են, որ մարդիկ չլքեն Ղարաբաղը։ «Մենք տեսնում ենք, որ Ղարաբաղ, Խանքենդի և Ռուսաստանի խաղաղապահների վերահսկողության տակ գնտվող մյուս վայրեր եկողների թիվը մեծապես տարբերվում է գնացողների թվից։ Ավելի շատ մարդ այնտեղից գնում է։ Մենք հետևում ենք դրան։ Մի բանի էլ ենք հետևում․ եկող մեքենաների 91 տոկոսը չի ստուգվում, տե՛ս, 91 տոկոս ասելով՝ ես նաև ցույց եմ տալիս, թե մենք որքան ստույգ գիտենք դա։ Այնտեղից դուրս եկող մեքենաների շուրջ 46 տոկոսը չի ստուգվում։ Այսինքն, սա ի՞նչ է ցույց տալիս։ Ցույց է տալիս, որ ռուսական խաղաղապահ ուժերն աշխատում են, որ մուտքն ազատ լինի, իսկ դուրս գալու ժամանակ որոշակի խնդիրներ լինեն։ Այսինքն այդ մեքենան կանգնեցնում են, հարցուփորձ են անում և այլն։ Այսինքն՝ ցանկանում են, որ մարդիկ այնտեղից չգնան։ Իսկ սա պատահական չի կարող լինել»,- շեշտեց Ալիևը՝ նշելով, որ բացառությամբ այս երկու խնդրի, խաղաղապահների գործառույթն ընդհանուր առմամբ դրական է գնահատում։
Այսպիսով, ամփոփելով կարելի է նշել, որ ադրբեջանական հասարակական և քաղաքական տարբեր շերտերում ի սկզբանե առկա բացասական մոտեցումը և դժգոհությունն Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման հարցում գնալով ավելի է խորանում։ Դա հիմնականում պայմանավորված է ադրբեջանական հասարակության «հակառուսական» բնույթով, ինչպես նաև այն հանգամանքով, որ հասարակության և քաղաքական ուժերի մեծ մասն անհիմն է համարում և այդպես էլ չի ընկալում ՌԴ զորքերի ներկայությունը ԼՂ-ում Ադրբեջանի իշխանությունների այն հայտնի հայտարարությունների համատեքստում, թե «ԼՂ հակամարտությունն ավարտված է», «Ադրբեջանը մեկընդմիշտ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը» և այլն։ Մյուս կողմից, Ադրբեջանի իշխանությունը, որը փորձում է վերին մակարդակում զսպվածություն և զգուշավորություն դրսևորել, չանել քայլեր, որոնք որևէ վնաս կարող են բերել Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններին, իրականում չի խոչընդոտում, ընդհակառակը՝ իր ստորին օղակների միջոցով նույնիսկ նպաստում է ՌԴ խաղաղապահների դեմ, հակառուսական տրամադրությունների վերահսկելի տարածմանը հանրության շրջանում՝ հիմք նախապատրաստելով ԼՂ-ից ՌԴ խաղաղապահ զորքերի դուրսբերման համար։