Բաքու-Թեհրան նոր լարվածության ընթացքը
11 ր. | 2021-11-02Լուռ հակադրությունից՝ մկանների ցուցադրում
Ի րանցի վարորդներն ազատ են արձակվել, ադրբեջանական կողմն ստացել է Արցախի վերաբերյալ Բաքվի շահերից բխող իրանական հայտարարությունը։ Իրանի և Ադրբեջանի միջև մեծ լարվածության փուլն առերևույթ ավարտվել է, սակայն հակասող շահերը պահպանվել են, և ժամանակի հարց է, թե երբ դրանք նորից ջրի երես դուրս կգան։
Առհասարակ Թեհրան-Բաքու հարաբերություններում միշտ էլ եղել են խնդրահարույց հարցեր, որոնք ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացրել և երկկողմ հարաբերություններում լարված շրջափուլեր առաջացրել։ 2010-ականների սկզբին, օրինակ, հարաբերությունների սրումը հասել է դեսպանների հետկանչի մակարդակին։
Երկու հարևանների հարաբերություններում մշտական խնդրահարույց հարցերից են՝
- Բաքու-Թել Ավիվ համագործակցությունն ու Ադրբեջանի վերածումը հակաիրանական գործողությունների հարթակի,
- Շիայական գործոնի միջոցով Ադրբեջանում իր ազդեցությունը տարածելու Իրանի փորձերը,
- Բաքվի իշխանությունների կողմից շիա հավատացյալների նկատմամբ հալածանքը,
- Իրանի հյուսիսային նահանգների նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումներն ու այդ նահանգների թյուրքախոսների շրջանում անջատողականություն հրահրելու թուրք-ադրբեջանական փորձերը,
- Կասպից ծովի հիմնահարցի շուրջ հակասությունները,
- Իրանի պատմամշակութային ժառանգությունը յուրացնելու Բաքվի քաղաքականությունը,
- Հայ-իրանական համագործակցությունը:
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ավելացել են նաև հետևյալ խնդիրները՝
- ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ Բաքվի տարածքային նկրտումներն ու միջանցք ստեղծելու ցանկությունը,
- Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը տարածաշրջան,
- Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության աճը:
Այս գործոններով պայմանավորված՝ ադրբեջանական լրատվական դաշտը միշտ առանձնացել է հակաիրանական քարոզչությամբ, որը եղել է նաև թե՛ 44-օրյա պատերազմի օրերին, և թե՛ պատերազմից հետո: Հակաիրանական քարոզչական գրոհները ավելի են ակտիվացել 2021 թվականի ապրիլ ամսից սկսած:
Այդ գրոհների համար, որպես օրինակ, առիթ են հանդիսացել հայ-իրանական սահմանի փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ Թեհրանի հայտարարությունները, իրանական բեռնատարների ելումուտը Արցախ, ՀՀ-ում Իրանի դեսպանի այցը Գեղարքունիքի սահմանամերձ հատված, Իրանի հոգևոր առաջնորդի ֆաթվայի վերաբերյալ Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշյուքուր Փաշազադեի հայտարարությունը և այլն:
Սակայն հակաիրանական ալիքն սկսեց ավելի սաստկանալ և պաշտոնական հայտարարությունների ու գործողությունների մակարդակի անցնել օգոստոսից: Այդ ամենին հետևեց նաև իրանական կողմի արձագանքը, և Իրան-Ադրբեջան հարաբերություններում հերթական փուլային լարվածությունը, դրա առերևույթ դրսևորումները տևեցին գրեթե 3 ամիս։
Լարվածության ժամանակագրությունը
Օ գոստոսի 11-ին Բաքուն բողոքի նոտա է հղում Իրանին այն պատճառաբանությամբ, թե իրանական բեռնատարներն առանց Ադրբեջանի թույլտվության իրավունք չունեն մուտք գործել Արցախ։
Օգոստոսի 16-ին ադրբեջանցի պատգամավոր Սաբիր Ռյուսթամխանլըն հայտարարում է, որ Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին՝ պատճառը պատգամավորի մասնակցությունն էր մի կոնֆերանսի, որը կազմակերպել է Իրանի պետական համակարգին ընդդիմադիր, Իրանում ահաբեկչական համարվող «Մոջահեդդին է խալղ» կազմակերպությունը։ Պատգամավորն այդ կոնֆերանսին ելույթ է ունեցել արհեստածին «Հարավային Ադրբեջանի» մասին։ Սակայն բողոքի նոտայի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի եղել:
Օգոստոսի 23-ին ադրբեջանական ATV հեռուստաալիքի լրատվական բաժինը տեսանյութ է հրապարակում՝ ներկայացնելով, որ այնտեղ պատկերված է, թե ինչպես են Իրանում քաղցած մարդիկ անվճար սնունդը «ձեռքից ձեռք փախցնում», միմյանց հետ վիճում: Խնդրով զբաղվում է Իրանի դեսպանատունը: Օգոստոսի 26-ին ադրբեջանական հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում ու իր հարթակներից հեռացնում է տեսանյութը, որն իրականում ոչ մի առնչություն չուներ Իրանի հետ:
Օգոստոսի 25-27-ն Ադրբեջանը փակում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը:
Սեպտեմբերի 7-ին Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունն իրանցի փորձագետների մասնակցությամբ վեբինար է կազմակերպում, որտեղ ընդգծվում է Իրանի համար Հայաստանով անցնող երթուղու կարևորությունը, ինչպես նաև հնչում են շեշտադրումներ, որ «Ադրբեջանի հիմնական նպատակը ոչ թե Ղարաբաղը գրավելն էր, այլ Նախիջևանի հետ ցամաքային կապ ապահովելը», «միջանցք» տերմինի կիրառումը սխալ է, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսվում է, ոչ թե միջանցքի բացում, այլ հաղորդակցական ուղիների ապաշրջափակում», «Իրանը պետք է հավասարակշռություն ապահովի Կովկասում»:
Ադրբեջանական մամուլն այս առնչությամբ գրում է, որ IRNA-ի վեբինարը ցույց է տալիս, թե ինչ տրամադրություն է տիրում Թեհրանի քաղաքական շրջանակների մոտ, քանի որ «նման մտքերը, անխոս, բարձրաձայնվել են իշխանությունների թույլտվությամբ»:
Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանը անցակետ է տեղադրում Գորիս-Կապան ճանապարհին և սկսում ստուգել իրանական բեռնատարներն ու մաքսատուրք պահանջել:
Սեպտեմբերի 2-13-ն Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնում Բաքվում և Կասպից ծովում:
Սեպտեմբերի 12-20-ը համատեղ զորավարժություն են անցկացնում Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի զինված ուժերը:
Սեպտեմբերի 13-ին Իրանը հայտարարում է, որ Կասպից ծովում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունը հակասում է Կասպյան կոնվենցիային: Ադրբեջանական մամուլը հակադարձում է Իրանի ԱԳՆ հայտարարությանը՝ ընդգծելով, որ Իրանը չի կարող հղում անել մի կոնվենցիայի, որը դեռ չի վավերացրել:
Սեպտեմբերի 13-ին Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին հանդիպում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ և քննարկում «երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումներն ու ընդհանուր անհանգստություն և հետաքրքրություն ներկայացնող հարցեր»:
Սեպտեմբերի 15-ին Ադդրբեջանը Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալում է իրանցի երկու վարորդի:
Սեպտեմբերի 16-ին Աբբաս Մուսավին նորից է հանդիպում Հիքմեթ Հաջիևի հետ: Քննարկվում են «ներկա իրավիճակը, լավ հարաբերությունների ապագան և հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:
Սեպտեմբերի 17-ին Արդաբիլի ուրբաթօրյա աղոթապետ Հասան Ամելին հայտարարում է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան չեն պահպանում բարիդրացիականության սկզբունքները: Նա կոչ է անում, որ «ԻՀՊԿ-ն ցույց տա Իրանի հզորության կեսը և նրանց ասի՝ «առյուծի պոչի հետ մի խաղա»։ Ադրբեջանին ուղղված հայտարարություններով են սկսում հանդես գալ նաև Իրանի խորհրդարանի պատգամավորները:
Միաժամանակ այդ օրերին սոցցանցերում սկսում են շրջանառվել տեսանյութեր, որ զորավարժության նպատակով ԻՀՊԿ-ն զորք է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման:
Սեպտեմբերի 20-ին, ի պատասխան աղոթապետ Հասան Ամելիի ելույթի, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլման Մամեդովը հայտարարում է, որ եթե Իրանը պոչ ունի, ապա անհրաժեշտության դեպքում այն կկտրեն: Ադրբեջանցի պատգամավորի այս հայտարարություններից հետո պատասխան հայտարարություններ են հնչեցնում Իրանի պատգամավորները:
Սեպտեմբերի 19-ին՝ իրանցի վարորդների ձերբակալությունից 4 օր հետո, Իրանի ԱԳՆ խոսնակը Բաքվին կոչ է անում անմիջապես ազատել վարորդներին։
Սեպտեմբերի 21-ին Իրանի փոխարտգործնախարար, ԱԳՆ միջազգային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Քազեմ Սաջադփուրը Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետազոտական կենտրոնների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով եռօրյա այցով մեկնում է Բաքու։
Սեպտեմբերի 23-ին Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Նյու Յորքում: Աբդոլլահիանն իր գործընկերոջ հետ քննարկում է նաև իրանական բեռնատարների տարանցումը հեշտացնելու, ինչպես նաև երկու իրանցի վարորդների ձերբակալման-ազատման հարցերը:
Սեպտեմբերի 24-ին աղոթապետ Ամելին մեղմ ելույթ է ունենում՝ շեշտադրելով Իրան-Ադրբեջան հարաբերությունների կարևորությունն ու այդ հարաբերությունները երրորդ երկրների, հատկապես՝ Իսրայելի կողմից խափանելու անթույլատրելիությունը: Նա նշում է, որ ԻՀՊԿ զորավարժությունն ուղերձ է Իսրայելին:
Նույն օրը նմանատիպ շեշտադրումներով ելույթներ են ունենում նաև հյուիսարևմտյան շրջանների մի քանի ուրբաթօրյա աղոթապետեր: Իրանցի պատգամավորների հայտարարություններում ևս սկսվում է ավելի շատ շեշտադրվել, որ երկու երկրների հարաբերությունները ցանկանում են փչացնել երրորդ կողմերը, հատկապես՝ Իսրայելը:
Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին ևս նշում է, որ «երրորդ կողմերը չեն կարող վնաս հասցնել Բաքվի ու Թեհրանի հարաբերություններին»:
Սեպտեմբերի 27-ին թուրքական Anadolu-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, թե ինչու է Իրանը Ադրբեջանի սահմանին զորավարժություն անում հիմա, այլ ոչ «օկուպացիայի» տարիներին։
Սեպտեմբերի 28-ին Իրանի ԱԳՆ-ից արձագանքում են, որ զորավարժության անցկացումն ինքնիշխանության հարց է, և ամբողջ տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար է իրականացվում: Նշվում է, որ «ԻԻՀ-ն չի հանդուրժելու իր սահմանների մոտ սիոնիստական ռեժիմի անգամ ցուցադրական ներկայությունը, և այդ առումով կձեռնարկի ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար»:
Սեպտեմբերի 28-ից Ալիևի հայտարարությանն սկսում են արձագանքել նաև Իրանի ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ԻՀՊԿ փոխհրամանատարը, ցամաքային ուժերի հրամանատարը, բանակի ցամաքային ուժերի հրամանատարը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալը: Նրանք ընդգծում են աշխարհաքաղաքական փոփոխությունների, Իրանի սահմաններին ահաբեկիչների ու Իսրայելի ներկայության անթույլատրելիությունը:
Հոկտեմբերի 1-ից Նախիջևանի հետ սահմանին զորավարժություն է սկսում Իրանի բանակը:
Հոկտեմբերի 3-ին Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարում է, որ երկրի հյուսիս-արևմուտքում և հարևան որոշ երկրներում տեղի ունեցող զարգացումները պետք է կարգավորվեն օտարների ներկայությունից խուսափելու տրամաբանությամբ:
Հոկտեմբերի 3-ին Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարում է, որ պատերազմի օրերին ահաբեկիչներ են տեղափոխվել տարածաշրջան, բացի այդ «սիոնիստական ռեժիմն» օգտագործել է առիթը և Իրանի սահմաններին մոտ գտնվելու համար Ադրբեջանի որոշ հատվածներում ներկայություն է ապահովել։
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարում է, որ իրանա-ադրբեջանական սահմանին երրորդ ուժերի և ահաբեկիչների ներկայության մասին Իրանի ԱԳՆ հայտարարություններն անհիմն են:
Հոկտեմբերի 5-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարում է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ներտարածաշրջանային բազմակողմ մեխանիզմների միջոցով ապահովվի: «Մեր հարևանությամբ սիոնիստական ռեժիմի և ԻՊ-ի նման ահաբեկչական կազմակերպությունների ներկայությունը հակասում է երկրների կայունությանը, տարածաշրջանի անվտանգությանը և անհանդուրժելի է Իրանի Իսլամական Հանրապետության համար»,- ասել էր Ռայիսին:
Հոկտեմբերի 5-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իրանն Ադրբեջանից Նախիջևան մեկնող ռազմական օդանավերի համար փակել է իր օդային տարածքը:
Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածում, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ փակել են Բաքվի «Հոսեինիե» մզկիթը, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանում Իրանի հգոևոր առաջնորդի գրասենյակը:
Նույն օրը Իրանի դեսպանատունը հայտարարում է, որ Ալի Աքբար Օջախնեժադի գրասենյակը չի փակվել։ Դեսպանատունը նշել է, որ Ադրբեջանի ոստիկանները այցելել են «Հոսեինիե» մզկիթ և հայտարարել, որ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ պայմանավորված՝ մզկիթը փակում են։
Հոկտեմբերի 7-ին լուրեր են շրջանառվում, որ Օջախնեժադը մեկ ամիս է, ինչ մեկնել է Թեհրան: Այս իրադարձությունների ֆոնին ադրբեջանական մամուլում Օջախնեժադի դեմ արշավ է սկսում: Նրան մեղադրում են Ադրբեջանի դեմ գործունեություն ծավալելու, «5-րդ շարասյուն» ստեղծելու, կրոնական ծայրահեղություն հրահրելու և անգամ Հայաստանին տեղեկություններ փոխանցելու համար:
Հոկտեմբերի 6-ին Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը մեկնում է Մոսկվա, որտեղ հայտարարում է, որ Իրանը Կովկասում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն, տարածաշրջանի քարտեզի փոփոխություն չի ընդունում և լուրջ մտահոգություններ ունի տարածաշրջանում ահաբեկիչների ու «սիոնիստների» ներկայության առնչությամբ: Նա նաև ընդգծում է, որ Թեհրանն ակնկալում է, որ Մոսկվան զգայունություն կցուցաբերի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը:
Հոկտեմբերի 6-ին Աբդոլլահիանը «Россия-24»-ին տված հարցազրույցում հայտարարում է, որ Իրանին անհանգստացնում է Հարավային Կովկասում ահաբեկիչների ներկայությունը: Նա նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները խոստացել են, որ քայլեր կձեռնարկեն տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու համար: Աբդոլլահիանը նաև անթույլատրելի և սադրիչ է համարում Իսրայելի գործողությունները Ադրբեջանի տարածքից:
Հոկտեմբերի 9-ին Ամիր Աբդոլլահիանը լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարում է, որ Բաքվին զգուշացրել են, որ Ադրբեջանում «սիոնիստական ռեժիմի» ներկայությունը չի բխում տարածաշրջանի շահերից:
Հոկտեմբերի 11-ին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարում է, որ Իրանի ԱԳՆ-ն շարունակում է Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը: Նա ընդգծում է, որ Ադրբեջանում ահաբեկիչներ չկան, իսկ «ահաբեկիչներ փնտրողներին» խորհուրդ է տալիս իրենց շուրջ նայել:
Հոկտեմբերի 11-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարում է, որ Իրանը երբեք Ադրբեջանի համար չի փակել իր օդային տարածքը, և այն շարունակում է բաց մնալ:
Հոկտեմբերի 12-ին Իրանի ԱԳՆ խոսնակը ռադիոընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարում է, որ Իրանն Ադրբեջանի տարածք ահաբեկչական խմբավորումների տեղափոխման վերաբերյալ հստակ տեղեկություններ ունի: Խոսնակը նշում է, որ Իրանն ադրբեջանական կողմին ասել է, որ դա իր համար անընդունելի է, իսկ Բաքուն ամենաբարձր մակարդակով խոստացել է, որ կվերացնի այդ մտահոգությունները:
Հոկտեմբերի 12-ին Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունենում: Իրանցի նախարարն ընդգծում է, որ երկու երկրները չպետք է թույլ տան, որ երկկողմ հարաբերություններում թյուրըմբռնումներ լինեն: Աբդոլլահիանը նշում է, որ Թեհրանը բեռնատարների տարանցման խնդրի կարգավորում է ակնկալում։
Հոկտեմբերի 13-ին լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի երկու վարորդներին, սակայն թե՛ Թեհրանը, թե՛ Բաքուն հերքում են:
Հոկտեմբերի 15-ին Իլհամ Ալիևը հայտարարում է, թե Իրանն ու Հայաստանը 30 տարի «Ադրբեջանի տարածքներն» օգտագործել են Եվրոպա թմրանյութ առաքելու համար:
Հոկտեմբերի 15-ին Իրանի ԱԳՆ խոսնակը հերքում և կեղծ է անվանում Ալիևի հայտարարությունները: Նա նշում է, որ Բաքվին համապատասխան պատասխանը կտրվի:
Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի ուժայինները ձերբակալում են հայտնի շիա գործիչ, Deyerler.org կայքի ղեկավար Իլգար Իբրահիմօղլուին: Նույն օրը ձերբակալում են նաև «Ադրբեջանի հոգևոր գործիչներ» ՀԿ-ի 5 անդամի, ովքեր առնչություն են ունեցել նաև Maide.az կայքի հետ:
Հոկտեմբերի 20-ին հայտնի է դառնում, որ Իրանն իր բեռնափոխադրող ընկերություններին հորդորել է հնարավոր հետևանքներից խուսափելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու համար Հայաստանի տարածքից մուտք չգործել Լաչին և Ղարաբաղ և խուսափել Ղարաբաղի հետ որևէ առևտրային պայմանագիր կնքելուց:
Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանն ազատ է արձակում Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալված երկու իրանցի վարորդներին:
Հոկտեմբերի 22-ին հայտնի է դառնում, որ Ադրբեջանը արգելափակել է Իրանի հետ կապ ունեցող և կրոնական ուղղվածության Shia.az, Islaminsesi.az, Deyerler.az, Maide.az, Ahlibeyt.az լրատվակայքերը, ինչպես նաև իրանական Iqna լրատվական գործակալության և Sahar TV հեռուստալիքի կայքի ադրբեջաներեն բաժինները:
Հոկտեմբերի 23-ից թվիթերում սկսում է գործել Իրանի հոգևոր առաջնորդի օգտահաշվի ադրբեջաներեն տարբերակը:
Հոկտեմբերի 23-ին ԻԻՀ արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունենում։ Աբդոլլահիանը իրանցի վարորդների ազատ արձակումն անվանում է կառուցողական քայլ, որը կկարողանա թյուրըմբռնումների կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտ ստեղծել։ Իրանի ԱԳ նախարարը նաև կոչ է անում ավելի շատ դրական քայլեր ձեռնարկել և «Ադրբեջանին սահմանակից շրջաններում» դյուրացնել իրանական բեռնատարների երթևեկությունը։ Բայրամովն իր հերթին իրանցի վարորդների ազատ արձակումն ու Իրանի համապատասխան մարմինների կողմից Ղարաբաղ երթևեկության կանոնների հրապարակումը թյուրըմբռնումների վերացման ուղղությամբ երկու երկրների կողմից ուղերձ է անվանում։
Հոկտեմբերի 27-ին Ամիր Աբդոլլահիանը հայտարարում է, որ Իրանն ու Ադրբեջանը մեդիա լարվածության շրջափուլից դուրս են եկել:
* * *
Ա յս իրադարձություններին զուգահեռ ադրբեջանական մամուլում սկսում են լայնորեն շրջանառվել հակաիրանական բոլոր թեզերը, ինչպիսին են՝ «իսլամական երկիր Իրանն Ադրբեջանի նկատմամբ դավաճանություն է գործում՝ աջակցելով Հայաստանին», «Իրանը մտահոգված է, քանի որ տարածքների ազատագրման պատճառով թմրանյութերի բիզնեսին վնաս է հասցվել», «Իրանում 40 մլն ադրբեջանցի է ապրում, որոնք աջակցում են Ադրբեջանին ու Թուրքիային» և այլն:
Իսկ իրանական մամուլում շեշտադրվել են, որ Բաքվի գործողությունների նպատակը Նախիջևանի հետ ցամաքային կապ ապահովելը, Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի բոլոր երթուղիները վերահսկելը, Իրանի դեմ ճնշման մեծ լծակ ունենալն է: Այդ համատեքստում շեշտադրվել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման, հայ-իրանական սահմանի վերացման անթույլատրելիությունը: Ընդգծվել է նաև Հայաստանի հետ ռազմական համագործակցության, ինչպես նաև Սյունիքում իրանական ռազմական ներկայություն ունենալու անհրաժեշտությունը:
Ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրները ժամանակի ընթացքում ոչ միայն չեն վերացել, այլ ընդհակառակը՝ ավելացել ու նոր դրսևորումներ են ստացել։ Սա իր հերթին բարձրացնում է երկու հարևան երկրների հարաբերությունների հերթական սրման հավանականությունը։