Հայ-ռուսական հաբերությունների տեսություն. Մաս 3

16 ր.   |  2021-03-25
Ռուսաստանի ավանդական ներքին կարգը (պետական և հանրային կազմակերպման ավանդական կերպերը)

Ներքին կարգի խնդիրը

Ո րևէ երկրի ինչ լինելը ճիշտ հասկանալու համար կարևորագույն խնդիրներից է նրա ավանդական ներքին կարգի ընկալումը: Սա ավելի բարդ սահմանելի և նկարագրելի հասկացություն է, քան նախորդ երկու հատվածում դիտարկված երկիր և ցեղ հասկացությունները: Խոսքն այստեղ նեղ իմաստով սահմանադրական կարգի մասին չէ: Դա հարցի զուտ ֆորմալ կողմն է: Մանավանդ, Ռուսաստանի պես երկրներում, ուր այսօր ընդունված սահմանադրությունը զուտ արտաքին փոխառություն է և չի արտահայտում ո՛չ երկրի պատմական զարգացումը, ո՛չ պետության քաղաքական ավանդույթը, ո՛չ ժողովրդի քաղաքական մտածողությունն ու զգացողությունը, ո՛չ էլ իրական հանրային, պետական, քաղաքական հարաբերությունները: Համարձակվենք պնդել, որ նման փոխառյալ ձևերը երբեք էլ չեն լինելու կենսունակ այնտեղ, ուր նրանք տվյալ հանրության բնականոն զարգացման արդյունք չեն:

Խոսքն ավելի լայն երևույթի մասին է, քան զուտ տվյալ պահի սահմանադրական կարգը՝ պատմականորեն ձևավորված և ամրապնդված, ընդհուպ՝ բնազդի վերածված պետական քաղաքական ավանդույթի, պետական և հանրային կազմակերպման ձևերի, մտածողության և ինքնության մասին է: Աշխարհագրական և ցեղային տվյալներից հետո, սա մեր համոզմամբ երրորդ խոշոր տարրն է, որը ձևավորում է որևէ երկրի «դեմքը»: Ի հակադրություն առաջին երկուսի, որոնք ինքնին տրված են, նախնական են, այս՝ երրորդ տարրը պատմական բարդ զարգացման արդյունք է՝ ներքին և արտաքին գործոների փոխազդեցության հետևանք: Որպես այդպիսին այն փոփոխական է, բայց անցնելով ձևավորման փուլեր, ավելի ու ավելի կարծրանում է, ի վերջո կայանալով որպես գրեթե ավտոմատացված ավանդույթ, որը նույնիսկ հաճախ չի էլ գիտակցվում կամ դժվարությամբ ու մասամբ է գիտակցվում ավանդույթը կրողների կողմից:

Բոլոր մեծ պետական ավանդույթներն այդպիսին են, բայց ռուսականը թվում է՝ առավել ամուր է: Դրա վկայությունն է, որ ո՛չ բոլշևիկյան հեղափոխությունը, ո՛չ էլ ԽՍՀՄ փլուզումը փաստացի ոչինչ չկարողացան փոխել ռուսական պետական ավանդույթում, բացի մակերեսային, կոսմետիկ որոշ շտկումներից՝ գերազանցապես ճարտասանության և խորհդանիշների մակարդակում:

Ընդ որում՝ ապշեցուցիչ է, թե ինչպես նույնիսկ իր գոյության առաջին իսկ ամիսներին ու տարիներին բոլշևիկայն կառավարությունը, ձևավորված ռուսական ամենաարմատական ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից, որը չէր վարանել 1914-17 թթ.-ին բացահայտ քարոզել սեփական երկրի պարտությունը Համաշխարհային պատերազմում, թերևս, իր կամքից ու գիտակցությունից էլ որոշ չափով անկախ, հետևում էր ռուսական ավանդական քաղաքականությանը, էլ չասած՝ ավելի ուշ՝ ստալինյան շրջանի մասին: Կարող ենք չկասկածել, որ ապագայում, որքան էլ տպավորիչ և խորքային ներքաղաքական փոփոխություններ տեղի ունենան Ռուսաստանում, անկախ գաղափարախոսական առանցքից՝ լիբերալ, ազգայնական, սոցիալիստական և այլն, ռուսական քաղաքականության հիմնագիծը չի փոխվելու: Նույնիսկ ռուսական անարխիզմի հիմնադիր հայրեր՝ Բակունինն ու Կրոպոտկինը ռուս հայրենասերներ էին, և եթե լինեին Ռուսաստանի իշխող խումբ, այս կամ այն երանգավորմամբ, շարունակելու էին միևնույն՝ դարերի փորձություն անցած քաղաքական ավանդույթը:

Իմիջայլոց, մի փոքր շեղվելով շարդրանքիս բուն ասելիքից, չեմ կարող այստեղ չնշել, թե այս իմաստով որքան անհամարժեք, եթե չասենք՝ ծիծաղելի է, երբ հայերս, ըստ վաղեմի սովորության, փորձում ենք ռուսներին քաղաքականություն սովորեցնել և բացատրել, թե որն է ռուսի իրական շահը, որը «խեղճ» ռուսն, ըստ մեզ, չի պատկերացնում: Նույնի մեկ այլ տարբերակն է, երբ կարծում ենք, թե մեր՝ հայերիս, քաղաքական վարքը՝ ավել կամ պակաս ռուսամետ (մեր չափանիշներով) կարող է էական ազդեցություն ունենալ Ռուսաստանի պես տերության՝ դարերով կայացած քաղաքականության վրա, այսինքն՝ որ ռուսը կարող է իր քաղաքականությունը տարածաշրջանում որոշել ըստ նրա, թե ինչ է անում կամ չի անում Հայաստանը: Իհարկե, որոշ ճշգրտող ազդեցության մասին չէ խոսքը, այլ՝ հիմնարար ուղղությունների:

Իսկ դառն իրականությունն այն է, որ ազգը, որն իր պատմական հայրենիքից ընդամենը 30 հազար կմ2 տարածք է պահպանել, չի կարող նույնիսկ բացառության կարգով քաղաքականություն սովորեցնել մի ազգի, որը վերահսկում է Եվրասիական մայրցամաքի մեծ մասը: Քաղաքական իմաստով մենք կարող ենք ռուսներից միայն ու միայն սովորել: Բայց, չնայած երկու հարյուր տարի է ամենասերտ հարաբերությունների մեջ ենք ռուսների հետ, ցավոք, քաղաքական իմաստով այդպես էլ ոչինչ չենք սովորել:

Ռուսական հիմնահարցը

Ո՞րն է ռուսական ավանդական քաղաքականության առանձնահատկությունը, նրա այն հատկանիշը, որը տարբերում է ռուսականն, օրինակ, արևմտաեվրոպական ավանդույթից, և ո՞րն է այդ տարբերության ծագումը:

Հ արցը շատ է քննարկվել հենց ռուսական մտքի կողմից, հատկապես 19-20-րդ դդ.-ում, դեռ մի կողմ թողած ավելի հին տեսակետները՝ սկսած դեռ Մոսկովյան թագավորության ձևավորման փուլից:

Ընդ որում՝ սա եղել է ոչ թե զուտ տեսական-ակադեմիական, այլև գործնական հարց: Այն ծագել է այն իրողության գիտակցումից, որ չնայած Պետրոս Մեծի և նրա հաջորդների եվրոպականացման փորձերի, ակնհայտ էր, որ Ռուսաստանը տարբեր է Արևմտյան Եվրոպայից, և այդ տարբերության խորքային մակարդակը հնարավոր չէր լինում փոխել: Հետևաբար, հարց է ծագել՝ ինչո՞վ է Ռուսաստանը էապես տարբերվում Արևմուտքից, ի՞նչ խորքային գործոն կամ ազդեցություն է:

Այս հարցադրման ձևակերպման վրա ազդել է նաև 19-րդ դարի սկզբի ընդհանուր մշակութային մթնոլորտը, որի գերակայող շարժումը մտքի և արվեստի մեջ ռոմանտիզմն էր՝ իր հետաքրքրությամբ դեպի ազգային ակունքները և ժողովրդականության տարերքը, և որի քաղաքական մեծ միջավայրն էր Եվրոպայի ժողովուրդների՝ գերմանացիների, իսպանացիների, ռուսների պայքարը Նապոլեոնի Ֆրանսիայի դեմ:

Եվ սա այն դեպքում, երբ ակնհայտ է նաև Ռուսաստանի և Արևմուտքի ընդհանուր արմատները, նմանությունը: Այսինքն՝ հարցի կարևոր երանգը նաև այն է, որ պարզ էր, որ Ռուսաստանն, օրինակ, Չինաստանի չափ տարբեր չէ Արևմուտքից, որի դեպքում հարց էլ չի ծագում, թե ո՞րն է տարբերությունն ու դրա պատճառը, քանի որ դա ակնհայտ է:

Ռուսական հարցի ծագման էությունը հենց այն է, որ Ռուսաստանի տարբերությունն Արևմուտքից այնքան էլ միանշանակ ու ակնհայտ չէ՝ առաջին հայացքից թվում է, որ լինելով միևնույն հռոմեա-քրիստոնեական քաղաքակրության ժառանգորդներ, երկուսն էլ՝ Ռուսաստանն ու Արևմտյան Եվրոպան, պետք է միայն մակերեսում տարբերվեն, և դրանց մի հայտարարի բերելն ընդամենը բարեփոխման խնդիր է. այսպես էին հարցը հասկանում 18-րդ դարում ռուսական միապետները՝ Պետրոս Մեծից սկսած նեոկլասիցիզմի և լուսավորչական ունիվերսալիզմի դարաշրջանում:

Սա ցայսօր ռուսական «զապադնիկների» տեսակետն է ՝ Ռուսաստանն ընդամենը «հետամնաց» կամ «փչացած» Արևմուտք է, որին պետք է մի փոքր կարգի բերել, և նա կդառնա «իսկական»: Բայց այդ ուղղությամբ արդեն 300 տարուց ավելի տևող փորձերի ձախողումը նորից ու նորից վկայում է այս տեսակետի անարդյունավետությունը:

Ո՞րն է, ուրեմն, տարբերության աղբյուրը:

Այս հարցին տրվել է երեք մեծ պատասխան՝ սլավոնական, բյուզանդական, մոնղոլական: Այսինքն՝ Արևմուտքից Ռուսաստանի տարբերության աղբյուրը փորձել են տեսնել այդ երեք գործոններից մեկի ազդեցությամբ: Անշուշտ, եղել են նաև այս տարբերակները այս կամ այն կերպ համադրելու փորձեր:

Մի փոքր ավելի մանրամասնենք:

Ռուսական հարցի պատասխանի սլավոնական տարբերակը

Կ արծես՝ բարդ չէ ապացուցելը, որ երեքից սլավոնականը, թեև թվում է առավել տրամաբանական, բայց մի քիչ խորանալու դեպքում բացահայտվում է որպես առավել թույլ պատասխան: Իրոք, ռուսներն ընդամենը մեկն են սլավոնական ժողովուրդներից: Սլավոններից՝ լեհերը, չեխերը, խորվաթները և այլ ժողովուրդներն իրենց յուրահատկություններով հանդերձ, դարեր ի վեր ինտեգրված են արևմտաեվրոպական քաղաքակրթությանը, և չի երևում, թե որևէ էական խնդիր ունենան այդ փաստի հետ: Ընդհակառակը՝ բոլոր փորձերն այդ ժողովուրդներին ներգրավելու համասլավոնական հիմքով միությունների մեջ՝ ռուսականից ու սովետականից մինչև հարավսլավական, տապալվել են:

Եթե վերցնենք սլավոնների բնիկ հին կարգը, ապա այն էապես չի տարբերվում, այսպես ասած, «ստանդարտ հնդեվրոպականից», որտեղ կենտրոնական դեր է խաղացել հեծյալ ազնվականությունը (տե՛ս, նախորդ հոդվածում): Կիևյան Ռուսիայի կարգն էլ հենց այդ՝ ընդհանուր հնդեվրոպական ավանդույթի մասն է: Սա ճիշտ նույն ազնվապետությունն է, որը գերակայել է նաև Արևմտյան Եվրոպայում կամ Հայաստանում: Մարքսիստական պատմաբանները սա անվանում էին «ֆեոդալիզմ» և համարում աշխարհի բոլոր ազգերին բնորոշ զարգացման փուլ, բայց մարքսիստական պատմագիտությունից դուրս դա շատ վիճելի հղացք է համարվում: Իրականությունն այն է, որ, օրինակ, Բյուզանդիայում կամ միջնադարյան Չինաստանում մեծ հաշվով չի եղել եվրոպական տիպի ազնվապետություն, և այդ իմաստով՝ «ֆեոդալիզմ»: Մյուս կողմից՝ ոչ միայն միջնադարյան Հայաստանում կամ Իրանում, այլև հին աշխարհում, օրինակ, խեթերի կամ նախադասական հույների շրջանում եղել են եվրոպական միջնադարյան «ֆեոդալիզմին» շատ մոտ կարգեր (խեթական հասարակարգն այդ թեմայի առավել հայտնի ուսումնասիրողներից Գերնին հենց ֆեոդալական է անվանում), բայց մարքսիստական պատմագիտությունը հին աշխարհի բոլոր երկրները խցկում է, այսպես կոչված, «ստրկատիրական հասարակություն» հասկացության մեջ: Այսինքն՝ մի կողմից եվրոպական «ֆեոդալիզմին» մոտ հասարակարգերն ունիվերսալ տարածում չեն ունեցել միջնադարում, իսկ մյուս կողմից՝ դրանք կարելի է գտնել միջնադարյան Եվրոպայից երկու-երեք հազարամյակ ավելի հին հասարակություններում՝ գերազանցապես հնդեվրոպական լեզուներով խոսող ժողովուրդների մեջ:

Ինչևէ, բավականին ակնհայտ է, որ այս հին սլավոնական, այդ թվում՝ «կիևյան-ռուսական» կարգից գրեթե ոչինչ չի մնացել «նոր»՝ Մոսկովյան Ռուսաստանում: Եվ սա հենց տարբերում է Ռուսաստանին Արևմտյան Եվրոպայից, որովհետև արևմտյան ավանդույթը ձևավորվել է մի կողմից հռոմեական՝ պետական-բյուրոկրատական և մյուս կողմից՝ գերմանական-«ֆեոդալականի» կամ ազնվապետականի սինթեզի արդյունքում, որտեղ «ֆեոդալական»՝ ազնվապետական տարրերը ցայսօր կարևոր, հիմնարար դեր են խաղում: Չնայած մեզանում շատ են սիրում «ֆեոդալիզմ» բառը որպես քաղաքական «հայհոյանք» օգտագործել, բայց իրականությունն այն է, որ արևմտյան այնպիսի հիմնարար հասկացությունները և հաստատությունները, ինչպիսիք են ազատությունը, պառլամենտը, համայնքների ինքնավարությունը և այլն՝ «ֆեոդալիզմի»՝ ազնվապետության վերաիմաստավորված ժառանգությունն են:

Ուրեմն, սլովանականը ոչ միայն այն տարրը չէ, որը ռուսականը տարբերում է եվրոպականից, այլև հակառակը՝ սլավոնական նախնական հիմքի զարմանալիորեն անհետ վերացումը ռուսական պետական ավանդույթում Ռուսաստանի և Արևմուտքի տարբերության պատճառներից մեկն է:

Իմիջայլոց, նշենք, որ Ռուսաստանի յուրահատկության բացատրության «սլավոնաֆիլ» վարկածի առավել ականավոր քննադատերից եղել է ռուսական ամենաինքնատիպ պահպանողական մտածողներից՝ Կոնստանտին Լեոնտևը, որը հատուկ աշխատություն ունի նվիրված այս թեմային՝ «Բյուզանդականությունը և սլավոնները»: Լեոնտևը մի շատ ուշագրավ կերպար է, որը զարմանալիորեն համադրում էր ուղղափառ ասկետիզմը նիցշեական էսթետիզմի հետ, և որը պահպանողականների այն հին սերնդից էր, որոնք դեռևս իրենց գաղափարական թշնամի էին ընկալում ազգայնականությունն ու ազգային զգացումն ընդհանրապես՝ որպես ունիվերսալ միապետություններին հակադիր, հեղափոխական հոսանք:

Ու նորից, մի փոքր շեղվելով, նշենք նաև այն փաստը, որ Հայաստանում շատ քիչ են տեղյակ, և չեն էլ հետաքրքրվում ռուսական մտքի վերջին երկու հարյուր տարվա պատմությունից: Հայաստանի կրթված խավի մի մասը քիչ, թե շատ ծանոթ է դասական ռուսական գրականությանը, մի որոշ չափով էլ գուցե արվեստի այլ ճյուղերին: Մեծ հաշվով այսքանով սահմանափակվում է ծանոթությունը ռուսական մշակույթին: Երբ Հայաստանում երդվում են, որ շատ սիրում են «մեծ ռուսական մշակույթը», հիմնականում հենց սա նկատի ունեն՝ մի քանի առավել հայտնի ռուս գրողի անուն տալը՝ մոտավորապես այն սահմաններով, որոնք տվել է սովետական կրությունն ու սովետական միջավայրը: Եվ սա լավագույն դեպքում: Ռուս փիլիսոփայական, կրոնական և քաղաքական մտքին, որը ռուս գրականությանը զուգահեռ լուրջ ծաղկում ապրեց, Հայաստանում եզակիներն են ծանոթ: Ընդ որում, խոսքը ոչ թե մտքի մեկ ուղղության, այլ բազմազան դրսևորումների մասին է: Մինչդեռ իրականում անհնար է իրական պատկերացում կազմել ռուսական քաղաքականության մասին, այլև համարժեք քաղաքական հարաբերություն ստեղծել Ռուսաստանի հետ, առանց նման ծանոթության:

Ռուսական հարցի պատասխանի մոնղոլական տարբերակը

Ե թե սլավանական հիմքն էլ չի ռուսական յուրահատկության պատճառը, ապա ի՞նչն է: Այս հարցին փորձելով պատասխանել՝ դեռ առնվազն 19-րդ դարից փորձել են առաջ քաշել «մոնղոլական վարկածը»: Իրոք, եթե սլավոնականը չի «աշխատում»՝ ապա էլ ինչո՞վ է Ռուսաստանի պատմությունը տարբերվում եվրոպականից, եթե ոչ մոնղոլական երկդարյա լծի փաստով: Հետևաբար, ռուսական առանձնահատկության հիմքն էլ պետք է փնտրել այդտեղ:

Այս պատասխանն առավել հեշտանում է, եթե հաշվի առնենք, որ մոնղոլները, ինչպես որ տափաստանի մյուս հին ժողովուրդները, իրանալեզու սկյութերից մինչև թյուրքեր, խորհրդանշել են արևմտյան գիտակցության մեջ քաղաքակրթությանը հակադիր, բարբարոս, բացարձակ այլության բևեռը: Այս պատկերացումն այնքան խորն է արմատավորված, այդ թվում՝ հայերիս գիտակցության մեջ, որ ցայսօր այն հաղթահարված չէ նույնիսկ գիտության մակարդակում:

Մոնղոլական վարկածն առաջինը ձևակերպեցին ռուս «զապադնիկները» 18-19-րդ դդ.-ում: Այն շատ պարզ էր՝ Ռուսաստանն իր էությամբ «լավ», եվրոպական, քաղաքակիրթ երկիր է, բայց «փչացած» է բարբարոս մոնղոլների լծով: Այս պարզմիտ բացատրությունը պահանջված մնաց 20-րդ դարի ընթացքում. մոնղոլական ազդեցությամբ, օրինակ, փորձում էին բացատրել բոլշևիզմը (այստեղ հավելյալ երանգ էր նաև Լենինի կալմիկյան արմատները), հետո «մոնղոլական»՝ սովետական, ներխուժմամբ վախեցնում էր գերմանական քարոզչությունը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, և վերջապես 1990-ականների ռուս լիբերալներն էին նույն մոնղոլական թեզով հիմնավորում իրենց արևմտականացման քաղաքականությունը:

Բայց մոնղոլոկական թեզը 20-րդ դարի առաջին կեսից ստացավ և այլ՝ հակադիր արժեքավորմամբ գնահատական, երբ 1920-ականներին ռուսական էմիգրացիայում ձևավորվեց եվրասիական շարժումը: Դրա հիմնադիրները բարձրագույն կարգի ռուս ինտելեկտուալներն էին, ինչպես օրինակ՝ իշխան Նիկոլայ Տրուբեցկոյը՝ համաշխարհային հռչակ ունեցող լեզվաբան, լեզվաբանության Պրահայի դպրոցի հիմնադիրներից, աշխարհագրագետ Պյոտր Սավիցկին, իրավագետ Նիկոլայ Ալեքսեևը և շատ ուրիշներ: Վերցնելով «զապադնիկների» հիմնական թեզը՝ ռուսական քաղաքակրության վրա մոնղոլական որոշիչ ազդեցության մասին, եվրասիացիները փոխում են դրա գնահատականը՝ բացասականից դեպի դրական: Նրանք համարում էին, որ միացնելով արևմտյան ավանդույթը տափաստանի ժողովուրդների ավանդույթների հետ, Ռուսաստանը ստեղծել է մի նոր՝ եվրասիական ինքնություն: Եվրասիական այդ ինքնությունը ոչ թե Ռուսաստանի թերությունն է կամ թուլությունը, այլ՝ ուժը: Այստեղ, իհարկե, չենք խորանում եվրասիական ուսմունքի մանրամասների մեջ, որն ի դեպ, ունեցավ նաև իր ճյուղավորումները՝ աջ և ձախ թևերը: Մեզ համար կարևոր էր ընդամենն արձանագրել եվրասիականության մոտեցումը ռուսական յուրահատկության խնդրին: Արդեն մեր ժամանակներում եվրասիական տեսությունը Ռուսաստանում վերածնունդ ապրեց շնորհիվ մի կողմից՝ Լև Գումիլյովի, մյուս կողմից՝ Ալեքսանդր Դուգինի ջանքերի, և ինչպես հայտնի է՝ որոշակի ազդեցություն ունի ռուսական քաղաքականության վրա:

Անկախ «զապադնիկական», թե եվրասիական՝ բացասական կամ դրական գնահատականից, մոնղոլական վարկածը, որքան էլ առաջին հայացքից պարզ և համոզիչ է, ունի մի կարևոր թերություն: Դրանում անորոշ է մնում մոնղոլական ազդեցության ինչ լինելը, որակը: Կարելի է որքան ուզում ես գեղեցիկ խոսել մոնղոլական ազդեցության մասին, բայց այն մնում է ճարտասանական վարժանք, եթե նախապես պարզ չի, թե ի՞նչ բան է բուն մոնղոլականը, ինչո՞վ էր առանձնահատուկ մոնղոլական կարգը, որպեսզի հասկանալի լինի նրա ազդեցության բնույթը, որակը, քանակը:

Իրականությունն այն է, որ եթե մի կողմ թողնենք մոնղոլների և տափաստանի այլ քոչվոր ժողովուրդների մասին ցայսօր գիտության մեջ գերակայող «սև լեգենդը», այլ դիմենք փաստերին, որոնք կարող ենք վերցնել նույն Գումիլյովի գիտական աշխատություններից, ապա իրականությանն ավելի մոտ պետք է թվա այն պնդումը, որ իրական որևէ էական ազդեցություն մոնղոլական կարգը ռուսականի վրա չի թողել, և չէր էլ կարող թողնել: Փոխառություններ, մասնավոր ազդեցություններ՝ որքան ուզես, բայց այնպիսի էական, հիմնարար հետք, որն իրենով սահմաներ և բացատրեր ռուսական առանձնահատկության խնդիրը՝ ոչ: Ինչո՞ւ:

Կարիք չկա այստեղ մանրամասն խորանալու մոնղոլական հանրային և պետական կազմակերպման ձևերի՝ մոնղոլական «ներքին կարգի» հարցերի մեջ: Բավական է ասել, որ ընդհանուր առմամբ այն որևէ յուրահատուկ էթնիկ, յուրահատուկ հե՛նց մոնղոլական տարր չուներ, գոնե եթե խոսենք կարևորի մասին, այլ հիմնականում տիպական էր տափաստանի ժողովուրդների դարեդար փոխանցվող ավանդույթի համար՝ իրանալեզու սկյունթերից ու սարմատներից ու ավելի վաղ՝ նրանց բրոնզեդարյա նախնիներից մինչև թյուրքալեզու այլևայլ ցեղերը, որոնք հոներից սկսած փոխարինեցին տափաստանում իրանալեզու ցեղերին:

Ավելին՝ նույնիսկ գենետիկ մակարդակում, ինչպես ակնառու երևում է ժամանակակից ուսումնասիրություններից, թյուրքալեզու և մասամբ մոնղոլալեզու ժողովուրդների զգալի մասը ժառանգել է տափաստանի քաղաքակրթության հիմնադիր՝ իրանալեզու և այլ հնդեվրոպալեզու (օրինակ՝ տոքարյան) ժողովուրդների արյունը, հատկապես հայրական գծերով: Օրինակ, հստակ իրանական ծագում ունեցող R1a հայրական գծի ճյուղավորումներից մեկը գերակայում է կամ էլ զգալի մաս է կազմում Միջին և Կենտրոնական Ասիայի շատ ժողովուրդների մեջ: Վառ օրինակ են ղրղզները, որոնց հայրական գծերի 50 տոկոսից ավելին R1a-ի այդ ճյուղից է: Գենետիկ այս տվյալն այնքան հստակ է կապվում իրանալեզու ժողովուրդների հետ, որ կարելի է անբեկանելի ապացուցված համարել, որ ղրղզների հիմնադիր հայրերի մեծ մասը եղել են իրանալեզու՝ ոչ թյուրքալեզու: Նրանք, հավանաբար, ամուսնացել են մեծամասամբ մոնղոլոիդ կանանց հետ, որտեղից էլ ղրղզների համապատասխան արտաքինը: Նույնը՝ պակաս չափով, վերաբերում է ուզբեկների հայրական գծերին և այլն:

Ինչ վերաբերում է մոնղոլներին, ապա նրանց մեջ հնդեվրոպական R1a և R1b հայրական գծերը, թեև չեն գերակայում, սակայն, որոշակի կայուն տոկոս են կազմում, որը վկայում է, որ նրանց ծագման մեջ էլ «հնդեվրոպական հայրերը» որոշ դեր են խաղացել: Ավելի կարևոր է, որ Չինգիզ խանի հայրական գիծը հնարավոր է, որ պատկանել է հնդեվրոպական R1b ճյուղին, չնայած դրա շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, և տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնց շուրջ բանավեճը բարդանում է, քանի որ հարցն ունի քաղաքական երանգավորումներ, իսկ Չինգիզի արական գծով հետնորդների ծագումնաբանությունը միշտ չէ, որ վստահելի է:

Ինչևէ, հարցն այստեղ գենետիկ ծագման մանրամասները չեն, այլ այն, որ մոնղոլական հատուկ կարգ գոյություն չի ունեցել, այլ մոնղոլականը մասն է եղել տափաստանային հին ու մեծ քաղաքակրության, որի հիմնադիրները հնդեվրոպական՝ իրանալեզու և այլ ցեղերն էին, իսկ ժառանգորդները՝ թյուրքալեզուներն ու մոնղոլները:

Այն ինչ գիտենք մոնղոլական հին կարգի մասին հիրավի հիշեցնում է հնդեվրոպական ժողովուրդների պատմության հին փուլերից հայտնի հարաբերությունները՝ հեծյալ զինվորների շուրջ կազմակերպված հանրային կառուցվածք իր համապատասխան դրսևորումներով՝ ազնվապետություն, ազնվականության մեծ ժողովներ, որոնցում որոշվում են կարևոր հարցերը, ընտրովի միապետություն, բազմիշխանություն՝ ամեն իշխան իր զորքի տերն է և ինքնիշխան է, թեև ճանաչում է թագավորի գերիշխանությունը, հերոսական, վիպական պոեզիան որպես արվեստի առավել տարածված կերպ և այլն: Այս ամենը ծանոթ է և հիշեցնում է Տակիտոսի նկարագրած Գերմանիան, Փավստոսի «Պամության» մեջ արտացոլված հին Հայաստանը, իռլանդական ավանադական պատմությունների աշխարհը, վերջապես՝ հին սլավոնների, այդ թվում՝ Կիևյան Ռուսիայի կարգերը, բայց ծայրահեղ հեռու է ավանդական ռուսական՝ մոսկովյան պետական կարգի տրամաբանությունից, կառուցվածքից, ոճից, նույնիսկ՝ տրամադրությունից և էսթետիկայից:

Կարևոր է նաև, որ պատմական դիտարկումը բավականին պարզ վկայում է, որ մոնղոլոկան կարգը չի ունեցել բավականաչափ ուժ՝ ի համեմատություն ժամանակակից այլ հանրային-պետական կարգերի և ավանդույթների: Սրա ապացույցն է, որ մոնղոլների կողմից նվաճված որևէ երկրում՝ Չինաստանից մինչև Իրան մոնղոլական տիրապետությունը, թեև սկզբնապես իրեն բնորոշ որոշ տարրեր կարողացել է հաստատել, սակայն, դրանք շատ արագ ձուլվել, տարրալուծվել և իրենց տեղը զիջել են տեղական կարգերին, ինչպես որ մոնղոլական վերնախավերն այդ երկրներում ձուլվել և տարրալուծվել են տեղականների մեջ: Ոչ թե մոնղոլներն են պարտադրել իրենց կարգերը նվաճված երկրներին, այլ վերջնարդյունքում հենց նվաճված ազգերն են պարտադրել իրենց ավանդույթը մոնղոլներին: Ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունեցել մոնղոլներից առաջ սելջուկների, որոշ չափով՝ արաբների հետ:

Հատկանշական է Իրանի հյուսիս-արևմուտքը որպես կենտրոն ունեցող մոնղոլական Հուլավյանների տերության պատմությունը, որի մասն էր նաև Արևելյան Հայաստանը (ի դեպ, հայ իշխանների մեծ մասը բավականին սերտ ու դրական հարաբերություններ ունեին Հուլավյանների հետ):  Ընդամենը 50-60 տարվա մեջ Հուլավյանների տերության մոնղոլական վերնախավը լիովին ձուլվեց և տեղի տվեց պարսկական հզոր պետական ավանդույթին: Առաջին Հուլավյան տիրակալները դեռ փորձում էին պահել իրենց ինքնությունը՝ կրոնը, սովորությունները, կառավարման մեթոդները և որոշակի հեռավորությունը տեղացիներից: Բայց երկու-երեք սերունդ անց, նրանք դարձան սովորական մահմեդական իրանական տիրակալներ:

Սա սովորական ընթացք է միջնադարում տափաստանային նվաճողների համար: Օրինակ՝ սելջուկյան Ռումի սուլթանությունում, որի հիմնական տարածքը չնայած Իրանից էլ դուրս էր՝ այսօրվա Թուրքիայում, բայց իրանական ազդեցությունն այնքան ուժեղ էր, որ սուլթանների մեծ մասը սերնդե սերունդ կրում էին իրանական էպոսի՝ Շահ Նամեից փոխառած անուններ՝ Քեյ Կավատ, Քեյ Քաբադ և այլն: Եվ սա այն դեպքում, երբ Շահ Նամեի հիմնական սյուժեն Իրանի պայքարն է Թուրանի, այսինքն՝ սելջուկների նախահայրենիքի դեմ:

Նույնն է մոնղոլական տիրապետության պատմությունը Չինաստանում, որը մոնղոլական գլխավոր խաների՝ իլխանների բաժինն էր: Այստեղ էլ մեկ-երկու սերնդի մեջ մոնղոլական տիրապետող խավն ու նրա ավանդույթները տարրալուծվեցին անհամեմատ ավելի հզոր չինական ավանդույթի մեջ: Չինաստանի համար սա նույնպես նորություն չէր՝ նրա բազմադարյա պատմության մեջ բազմաթիվ տափաստանային ներխուժողներ ու նվաճողներ են եղել, որոնք հաստատելով իրենց գերիշխանությունը երկրում՝ արագ ձուլվել են չինական քաղաքակրթության մեջ:

Ինչպես տեսնում ենք՝ մոնղոլական բնիկ կարգը չուներ անհրաժեշտ ներուժ և ազդեցություն՝ հաստատվելու նվաճված հսկայական տարածքներում, այլ ընդհակառակը՝ արագ տարրալուծվում էր ավելի հզոր քաղաքակրթությունների մեջ:

Ճիշտ է՝ մոնղոլների կողմից նվաճված Ռուսիան չուներ այն հզոր ավանդույթն, ինչ ունեին Իրանն ու Չինաստանը, և միգուցե ենթադրենք, որ այստեղ մոնղոլական ազդեցությունն ավելի ուժեղ կարող էր լինել, բայց իրականում նման բան չկա: Խնդիրն նաև այն է, որ մոնղոլներն անմիջապես չեն կառավարել Ռուսիան: Ինչպես որ Հայաստանում կամ Վրաստանում, Ռուսիայում նույնպես մոնղոլները չեն խառնվել երկրի ներքին կարգին, ներքին ինքնավարությանը, այլ բավարարվել են ընդհանուր վերահսկողությամբ և գերակայությամբ: Եվ ինչպես որ Հայաստանն ու Վրաստանը, չնայած մոնղոլական տիրապետության, իրենց ներքին հարաբերություններում որևէ զգալի մոնղոլական ազդեցություն չեն կրել, նույն կերպ չի կրել և Ռուսիան, որը մոնղոլական գերակայության տակ լինելով, պահպանել է իր ներքին ինքնակառավարումն ու զարգացումը: Ավելին՝ Ռուսիայում գերակայող մոնղոլական՝ Ոսկե Հորդա պետությունը (ուլուսը կամ բաժինը, որոնց բաժանվել էր Չինգիզ խանի մեծ տերությունը), չնայած ավելի ավանդապահ, քան Իրանի և Չինաստանի մոնղոլական պետությունները, բայց ի վերջո նույնպես իր զարգացման մեջ ավելի ու ավելի հեռանում է բուն մոնղոլական տափաստանային ավանդույթից և ընկնում իսլամական քաղաքակրթության ազդեցության տակ:

Մոնղոլական ազդեցությունը, որպես ռուսական յուրահատկության բացատրություն, ուրեմն, որքան էլ առաջին հայացքից համոզիչ է թվում, բայց մի քիչ ավելի մոտ դիտարկման արդյունքում վերածվում է աննյութական, չհիմնավորված խոսակցության: Այդ վարկածի կենսունակության պատճառը ոչ թե դրա հիմքում ընկած փաստերն են, այլ ավելի շատ՝ իդեոլոգիական և քաղաքական պատճառները:

Իհարկե, մոնղոլական Ոսկե հորդայի և Ռուսաստանի միջև կարևոր կապեր կան: Բայց դրանք վերաբերում են աշխարհաքաղաքական ժառանգությանը, այլ ոչ թե՝ ներքին հարցերին: Այն հսկայական եվրասիական տարածքները, որոնք առաջին անգամ պետական մեկ կազմավորման մեջ միավորեց Ոսկե հորդան, հետագայում անցան ռուսական տիրապետության տակ: Եվ այս իմաստով Ռուսաստանն, իհարկե, մոնղոլական մեծ քաղաքականության, Չինգիզ խանի և Բաթու խանի գործի ժառանգորդն է: Բայց հենց ա՛յն փաստը, որ մոնղոլներին չհաջողվեց տևական ժամանակով կայուն, ամուր ու կենտրոնական պետական միավորում ստեղծել Եվրասիայի «հարթլանդ»-ում, ինչը հաջողվեց ռուսներին, վկայում է, որ էական տարբերություն կա ռուսական և մոնղոլական պետական ավանդույթում: Ռուսականն, ի տարբերություն մոնղոլականի, ավելի ամուր է և հարմարեցված հսկայական տարածքները ոչ միայն նվաճելու, այլև ամուր պահելու, իր պետության մեջ ինտեգրելու: Ռուսները չէին կարող մոնղոլներից ստանալ այդ ներուժը: Ռուսական այդ ներուժի իրական արմատները բյուզանդական են, որն էլ, հենց այն հիմքն է, որը ռուսականը տարբերում է արևմտյան մյուս պետություններից, ռուսական յուրահատկության բուն պատճառն է: Սրա ավելի մանրամասն դիտարկումը՝ կանենք հաջորդիվ:

  • David
    2023-01-24

    Վերջին նախադասությունն ասում է․ "Սրա ավելի մանրամասն դիտարկումը՝ կանենք հաջորդիվ:" Բայց այդպես էլ շարունակությունը չեղավ։ Շատ հետաքրքիր ու օգտակար վերլուծություն է, ափսոս չի շարունակվում։