Հայ-ռուսական հաբերությունների տեսություն

16 ր.   |  2020-09-18

Ռուսական ցեղը

Ց եղ ասելով այստեղ նկատի ունենք ազգային անհատականություն, այն՝ ինչ պատմականորեն և մշակութորեն առանձնացնում է տվյալ ազգը մյուսներից, նրա ինքնությունը, տարբերությունը: Կամ ա՛յն առավել տիպականը, որ բնորոշում է տվյալ ազգին, բայց որը կապված է ոչ այնքան ազգային ինքնության պատմական, քաղաքակրթական զարգացման ընթացքում ձեռք բերվածի, այլ՝ ի սկզբանե, ի բնե տրվածի հետ: Եթե համեմատենք անհատ մարդու հետ, ապա «ցեղը» բնատուր հատկանիշներն են, ի հակադրություն դաստիարակությամբ, կրթությամբ, փորձով ձեռք բերվածի:

Իհարկե, այս իմաստով «ցեղ»-ի հղացքն ընդունելու համար, պետք է նախապես ընդունենք, որ ազգը, եթե մի կողմից ընկերային, ապա մյուս կողմից էլ կենսաբանական երևույթ է: Բայց մեզ համար այստեղ վեճի առարկա չի էլ կարող լինել, քանի որ ինքնին պարզ է, որ որևէ մարդկային ֆենոմեն չի կարող չունենալ երկուսն էլ՝ ընկերայինն ու կենսաբանականը: Վիճել սրա մասին մոտավորապես նույնն է, ինչ վիճել, թե արդյո՞ք կինն ունի, թե՝ չունի հոգի, ինչպես անում էին միջնադարյան սքոլաստները, այսինքն՝ կտրվել իրականությունից: Այն, որ ցայսօր կա վեճ, թե արդյո՞ք ազգերն ունեն նաև կենսաբանական հիմք, ընդամենը հերթական վկայությունն է, որ այսօր էլ զուտ սքոլաստիկ, կրոնական կամ իդեոլոգիկ դոգմաների ազդեցությունը մեր գիտակցության վրա չափազանց ուժեղ է: Գիտականության սկզբունքի հետ սա որևէ կապ չունի: Որպեսզի ազգերը բացի ընկերայինից՝ պատմականից, մշակութայինից, չունենան նաև կենսաբանական չափում, մարդիկ, որոնից բաղկացած են ազգերը, պետք է լինեն մաքուր հոգիներ՝ զուրկ նյութից և մարմնից: Սրանով հարցը փակվում է, քանի որ մեզ դեռ հայտնի չէ հրեշտակներից կամ անմահ աստվածներից կազմված որևէ ազգ: Այնպես որ, թողնենք այս վեճերը նրանց, ովքեր հետաքրքրված են և ովքեր գիտականի անվան տակ պատրաստ են սպառել զուտ իդեոլոգիական տեսակետներ՝ որքան էլ նրանք լինեն անվանի և ընդունված:

Պոպուլյացիոն գենետիկայի մասին

Ի նչպես հայտնի է, ռուսները հնդեվրոպական լեզվով խոսող ժողովուրդ են: Բայց հնդեվրոպականը ոչ միայն լեզվական փաստ է, այլև կենսաբանական, գենետիկական: Սա հաստատվում է վերջին 20 տարում բուռն զարգացած պոպուլյացիոն գենետիկայի տվյալներով: Շատ հստակ առանձնացվում են հնդեվրոպական նախաժողովրդին բնորոշ երկու հիմնական հայրական գծերը (R1b և R1a` իրար եղբայրակից): Հնդեվրոպական լեզուներով խոսող ժողովուրդների մեծ մասի մեջ այս կամ այն չափով գերակայող են այդ հայրական գծերը, այսինքն՝ հայրական կողմից բոլորն ունեն ընդհանուր ծագում և ժառանգություն (միայն շարադրանքը չբարդացնելու պատճառով չենք ներառնում այստեղ նաև մայրական գծերը, որոնց ճյուղավորումը մի փոքր ավելի բարդ է, սակայն, նույնպես բավականաչափ ուսումնասիրված): Հնդեվրոպական ծագումը շատ կոնկրետ նյութական իրողություն է՝ մարմնավորված գեներում: Սա այլևս անժխտելի փաստ է, որն իրավունք չունեն անտեսելու պատմաբանները, հասարակագետները և այլն:

Ընդ որում՝ այսօր արդեն ուսումնասիրված են նաև այդ հայրական գծերի ենթաճյուղերը, և կարելի է նույնիսկ հստակ տարբերել, օրինակ գերմանական, կելտական, սլավոնական, իրանական և այլ առանձին եղբայրական ենթագծերը՝ սերած միևնույն հնդեվրոպական նախնուց: Եթե որևէ ոչ հնդեվրոպական լեզվով խոսող ժողովրդի մեջ գտնում են այդ հայրական գծերից, ապա հաստատվում է հնդեվրոպական խառնուրդը դրանց մեջ: Օրինակ՝ հրեաների մեջ կա հնագույն իրանական ծագման խառնուրդ՝ ոչ շատ մեծ, բայց նշանակալի քանակի: Ժողովուրդների ծագման մասին սպեկուլյացիաների դաշտը զգալիորեն կրճատվել է: Օրինակ՝ հայերի բալկանյան ծագման վարկածը, հավանաբար, կարելի է արդեն վերջնականապես արխիվ հանձնել:

Ռուսական հայրական գծերը՝ հնդեվրոպացիներ և ֆիններ

Ռ ուսների հայրական գծերի մոտ 50 տոկոսը պատկանում է իգրեկ քրոմոսոմի Ռ1ա հապլոխմբին, որը հնդեվրոպական լեզվով խոսող ժողովուդների արևելյան ճյուղի՝ հնդիրանացիների և սլավոնների հիմնական հայրական գիծն է (սլավոններն ու հնդիրանացիները դրա տարբեր ենթաճյուղերից են): Հնդեվրոպական լեզուներով խոսող մնացած ժողովուրդների մեծ մասի, այդ թվում՝ հայերի մեջ գերակայողը Ռ1բ խումբն է, որն ավելի լայն բաշխվածություն ունի՝ նրա հնագույն ճյուղավորումները հանդիպում են նաև հնդեվրոպական արեալից դուրս:

Ռուսական հայրական գծերի մյուս զգալի՝ մոտ 25 տոկոսը, ֆիննո-ուգրական ժողովուրդների մեջ գերակայող N1a1 ճյուղից են: Որոշ ազդեցություն ունեն և մեկ-երկու այլ հայրական գծերը, բայց հիմնականն այս երկուսն են, ինչը հաստատում է հին պատկերացումն այն մասին, որ ռուսները հնդեվրոպական սլավոնների և ֆիննական ցեղերի խառնուրդ են, բայց այն կարևոր ճշտմամբ, որ հնդեվրոպականը ռուսների մեջ ակնհայտորեն գերակայում է գոնե հայրական գծերում: Այսպիսով ժամանակակից գիտությունն ապացուցում է, որ այս կամ այն լեզվաընտանիքին պատկանելը պատահականություն չէ, այլ որպես կանոն (որոշ բացառություններ էլ կան) արտացոլում է ժողովուրդների գենետիկ ծագումը:

Հնդեվրոպականի հոգևոր բնութագրիչները

Հ նդեվրոպական ընտանիքի լեզուներով այժմ խոսում են իրարից շատ տարբեր պատմական և քաղաքակրթական զարգացում ունեցած ազգեր: Բնականաբար, այսօր անիմաստ է խոսել այդ բազմազանության միասնական ինքնության մասին: Սակայն սրանց բոլորի պատմության հիմքում, սկզբնակետում ընդհանրական մի ազդակ է, որը պայմանականորեն կկոչենք «հնդեվրոպականություն»: «Հնդեվրոպականության» առավել աչքի ընկնող բնութագրիչներն են՝

ա. տարածքային մեծ ծավալման ձգտումը, մեծ տարածքի զգացողությունը,

բ. գերիշխող դիրքի ստեղծումը, մեծ տարածքների կազմակերպումը, «իշխանական բնազդը»,

գ. ռազմունակությունն ու «հերոսական-ողբերգական աշխարհայացքը», որի գլխավոր արտացոլումը գրեթե բոլոր հնդեվրոպական լեզուներով ստեղծած հերոսական վեպերն են՝ էպոսները:

Շնորհիվ հատկապես առաջին երկու հատկությունների՝ տարածքի զգացողության և «իշխանական բնազդի» զուգակցման է, որ հնդեվրոպական լեզուներն այլև՝ հնդեվրոպական երկու հիմնական հայրական գծերը առավել տարածված են Եվրասիայում, նաև՝ աշխարհում:

Հնագիտորեն հնդեվրոպական ներխուժումները կամ ներկայությունը գրեթե միշտ տարբերակելի է նրանով, որ ի հայտ են գալիս իշխանական դասակարգի և ռազմական կաստայի ցայտուն հատկանիշներ՝ շքեղ թաղումներ, բարձրաճաշակ թանկարժեք զարդեր, զենքեր, ամրացված վայրերի ավելցուկ և այլն:

Բոլոր հնդեվրոպական ժողովուրդներն ի սկզբանե եղել են հեծյալ  զինվորներ (ավելի հնում՝ ռազմակառքերով), և բոլոր հնագույն հնդեվրոպական հանրությունները կազմակերպվել են կենտրոնում ունենալով հեծյալ ասպետների զորքը՝ «զորք-ժողովուրդ» սկզբունքով: Իրանի, Հայաստանի, Գերմանիայի, Հնդկաստանի, սլավոնների, կելտերի հին թագավորություններն ու իշխանությունները՝ բոլոր այս պետությունները ձևավորվել են և դարերով գոյատևել են որպես հեծյալ ռազմիկների կազմավորումներ, որտեղ հեծյալների զորքը եղել է պետության գլխավոր ոչ թե միայն հենքը, այլ բուն սուբյեկտը, իսկ թագավորը եղել է զորքի ներկայացուցիչը: Այս մոդելը հակադիր է, օրինակ, մերձավորարևելյան, չինական, հռոմեական կայսերական մոդելին, որտեղ պետությունը կազմավորվում է որպես բյուրոկրատիա՝ առանց ռազմական ազնվականության շեշտված դերի:

Հնդեվրոպական արեալի երկու կետերում՝ Հին Հունաստանում և Հռոմում հեծյալների դերը դեռ շատ վաղ շրջանի անկում ապրեց, և փոխարինվեց այլ մոդելներով, ինչն այդ երկրներում ոչ հնդեվրոպական տարրի առավել ուժեղ ազդեցության հետևանք էր:

Հեծյալների դասի աշխարհայացքի լավագույն արտացոլումն են հնագույն էպոսները՝ Իլիականը, Նիբելունգների երգը, Սասնա Ծռերը, Մահաբհարատան, Շահնամեն, Կուալնգեի ցուլի առևանգումը, Իլյա Մուրոմեցը, Արթուր արքայի լեգենդները և այլն, ինչպես նաև Ռիգվեդայի, Ավեստայի հնագույն մասերի և Մեծ Էդայի պես դիցաբանական երգերի ժողովածուները:

Ապշեցուցիչ է հսկայական տարածքում հանրային կարգի և աշխարհայացքի նույնության հասնող նմանությունը: Ցանկացած հնդեվրոպական ժողովրդի պատմական սկզբնակետի բանալին այստեղ է:

Իհարկե, նշված երեք բնութագրիչներից ոչ մեկը բնորոշ չէ միայն ու միայն հնդեվրոպական լեզուներով խոսող ժողովուրդներին, բայց դրանց համադրությունը, թերևս եզակի է:

Ի դեպ, այստեղ ասվածը հնդեվրոպականության «գովք» չէ:

Քաղաքակրթական հիմնական տարրերի մեծ մասը՝ երկրագործություն, քաղաքաշինություն, գիր, պետական ապարատ և այլն՝ ստեղծվել են առաջին անգամ ոչ հնդեվրոպական ժողովուրդների կողմից:

Իսկ հնդեվրոպական «հատուկ տաղանդն» ի սկզբանե արդեն նշյալ մեծ տարածքների զգացողության, իշխանական բնազդի, ռազմունակության և հերոսական աշխարհայացքի համադրությունն է, որոնք հանդիպելով այլ «ցեղերի» ստեղծած քաղաքակրթական արժեքներին, պատմական զարգացման արդյունքում տվել են այլևայլ սինթետիկ արդյունքներ՝ հռոմեական կայսրություն, հունական կամ հնդկական փիլիսոփայություն, իրանական կրոնական համակարգեր, միջնադարյան արևմտաեվրոպական՝ ռոմանո-գերմանական քաղաքակրություն և այլն:

Հնդեվրոպականը՝ որպես ռուսական պատմության հիմնարար ազդակ

Հ նդեվրոպական ծագումն այն սկզբնական հիմնարար ազդակն է, որով ձևավորվել են բոլոր պետությունները, որոնցում գերակայողը հնդեվրոպական տարրն է: Հետագայում այդպիսի յուրաքանչյուր պետության պատմությունը զարգացել է տարբեր ուղղություններով՝ այլ գործոնների ազդեցությամբ, հաճախ՝ նախնական ազդակի կարևոր տարրերի ձևափոխմամբ կամ դերի նվազեցմամբ, սակայն, նախնական, կազմավորող այդ իմպուլսի ազդեցությունը երբեք ամբողջությամբ չի վերանում, և նույնիսկ հազարամյակներ անց որևէ ժողովրդի հնդեվրոպական ծագումը շարունակում է գործոն մնալ և որպես մշակութային ավանդույթների վրա կնիք դրած ազդակ, և որպես գենետիկ ներուժ:

Ռուսաստանի պատմությունն այս առումով բացառություն չէ:

Հնդեվրոպական նախնական ազդակն է, որ ձևավորել է ռուս ժողովրդին և նրա պետությունը, մղելով նրան դեպի անվերջ տարածում եվրասիական անծայրածիր տարածքներում և այդ տարածքների քաղաքական կազմակերպում, դրանցում գերիշխող դիրքի ստեղծում:

Իրենք՝ ռուսները և ռուսներին սիրողները շատ են սիրում հպարտանալ 19-րդ դարի ռուսական մշակույթով՝ գրականությամբ, արվեստով և այլն: Այդտեղ հպարտանալու տեղ, անշուշտ, կա: Բայց դա չէ ռուս ժողովրդի հիմնական ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ: Ռուսական բարձր մշակույթը համեմատաբար երիտասարդ է՝ մինչև 18-րդ դար ռուս գրականության, փիլիսոփայություն, աստվածաբանություն, գիտություն դերն ու արժեքը մեծ չէ: Ռուս ազգի իսկական՝ դարերի ձեռքբերումն ու մեծությունը նրա պետական կայուն ավանդույթն է, ռուս պետության կենսունակությունը դարերի մեջ, հսկայական տարածքների միավորման և կազմակերպման անզուգական կարողությունն ու կամքը: Այստեղ է ռուս ժողովորդի իսկական դեմքը, անհատականությունը, ոգին, որն ամենևին էլ «մութ» և «անհասկանալի» չէ, ինչպես սիրում են ասել:

Ֆիննո-ուգրական ժառանգությունը

Ռ ուսների գենետիկայի մեջ դեր ունեցող մյուս կարևոր տարրը ֆիննականն է, որն, ինչպես տեսանք, ռուսական հայրական գծերի մոտ մեկ քառորդն է (սա միջին ցուցանիշն է՝ Ռուսաստանի հյուսիսում այն բարձրանում է, իսկ հարավում՝ իջնում): Սա բարձրագույն ցուցանիշն է, որևէ սլավոնական ժողովրդի մեջ, իսկ ընդհանրապես հնդեվրոպական լեզուներով խոսող ազգերի մեջ, զիջում է միայն բալթյան ժողովուրդներին՝ լատվիացիներին և լիտվացիներին: Իհարկե, կանխատեսելի է ֆինական խառնուրդի առկայությունը ռուսների մեջ, մյուս կողմից՝ գրանցված ցուցանիշը գոնե հայրական գծերով շատ ավելի քիչ է, քան ռուսների մեջ ֆինանական արյան քանակի մասին տարածված ենթադրությունները՝ մինչև պոպուլյացիոն գենետիկ հետազոտությունների վերելքը 21-րդ դարի սկզբում:

Սա, ի դեպ, ընդհանուր օրինաչափություն է: Հնդեվրոպական գենետիկ ներդրումը միշտ ավելի չնչին է պատկերացվել, քան, ինչպես պարզվեց, իրականում կա: Նույն պատմությունը կրկնվում է հայերի դեպքում՝ հին պատկերացումներով հայերի մեջ հնդեվրոպական ներդրման տոկոսը ցածր պետք է լիներ՝ ի համեմատություն խուռիական և այլ ենթադրյալ ներդրումների, իսկ իրականում հնդեվրոպական գենետիկ ներդրումը հայերի մեջ վճռորոշ է: 

Ֆիննական այս տարրը նույնպես կարևոր պետք է համարել որպես ռուսականությունը ձևարողող ազդակ: Երբեք չպետք է թերագնահատել որևէ «ցեղի» ներդրումը համամարդկային մշակույթի մեջ, ինչպես սովոր է անել եվրոպակենտրոն կամ «քաղաքակրթակենտրոն» հայացքը: Զարմանալի է, բայց այդ հայացքը գերակայող է. այսօր էլ հաճախ հենց առավել «առաջադեմ» համարվող ուղեղներում, որոնց համար աշխարհը և, այսպես կոչված, «քաղաքակիրթ աշխարհը» (հիմնականում Արևմտյան Եվրոպան) նույնանում են: Իրականությունը, սակայն, այն է, որ աշխարհն ավելին է, քան «քաղաքակիրթ աշխարհը»:

Ֆիննա-ուգրական ժողովուրդները չեն ստեղծել քաղաքակրթության արտաքուստ տպավորիչ նմուշներ՝ մեծ քաղաքներ, մեծ պետություններ, մեծ արվեստ և այլն: Դրա համար պարզապես չի էլ եղել նպաստավոր աշխարհագրական միջավայր, և մենք չենք իմանա, թե ինչպիսին կարող էր լինել յուրահատուկ ֆիննական քաղաքակրությունը, եթե այն զարգանար ավելի նպաստավոր կլիմայական գոտիներում:

Բայց ամեն ազգային մշակույթի գնահատականը պետք է տրվի ի համեմատություն այն աշխարհագրական միջավայրի, որտեղ նա գործել է, և ի համեմատություն այդ միջավայրի և մյուս կողմից՝ միջավայրի հարմարեցմանը, մարդկայնացմանը: Արդյո՞ք այս կամ այն ժողովուրդը կարողացել է «խոսեցնել» իր զբաղեցրած տարածքը, ոգի տալ դրան, անանուն տարածքից ստեղծել երկիր և հայրենիք, յուրացնել, մարդկայնացնել և ազգայնացնել միջավայրը: Սա՛ է էական հարցը:

Այս առումով ֆիննա-ուգրական ժողովուրդների ջանքը բարձր գնահատականի է արժանի: Ֆիննա-ուգրական և նրանց ցեղակից սամոդիական ժողովուրդները, որոնց բոլորի մեջ գերակայում է Ն1 հայրական գիծը (որոշների մեջ այս հայրական գծի քանակն անցնում է 90 տոկոսը) բնակեցրել և յուրացրել են Եվրասիայի հյուսիսը՝ ընդհուպ մինչև Հյուսիսային օվկիանոս՝ մարդու կողմից երբևէ բնակեցված և յուրացրած առավել ծայրահեղ կլիմայական գոտին: Ի դեպ, նույն հայրական գիծը գերակայում է հյուսիսի, այլ ոչ ֆիննաուգրական և սամոդիական լեզուներով խոսող ժողովուրդներից շատերի՝ յակուտների, չուքչիների և այլոց մեջ: Բնականաբար, նման ծայրահեղ պայմաններով միջավայրի յուրացումը պահանջում է մարդկային խմբի ջանքերի և կարողությունների ծայրահեղ լարում, ինչը կարող ենք համարժեք համարել այն ջանքին, որը մյուս՝ ավելի բարենպաստ միջավայրում ապրող ժողովուրդները ծախսել են քաղաքներ կառուցելու, պատերազմներ վարելու, պետություններ, կրոններ, փիլիսոփայություն և արվեստ ստեղծելու վրա:

Պետք է ենթադրել, որ ֆիննաուգրական ժողովուրդների հետ վաղ շփումը և նրանց արյունը զգալիորեն նպաստել է ռուսների կողմից Հյուսիսի նվաճմանն ու յուրացմանը:

Միավորված հնդեվրոպական տարածման ձգտման և կազմակերպչական կարողության հետ ֆիննաուգրական կենսունակությունը նոր որակ է տվել և նոր ուժ ստեղծել:

Ֆիննաուգրական կախարդանքը

Խ իստ յուրահատուկ և տարբերվող են նաև ֆիննաուգրական ժողովուրդների ազգային վեպերը՝ էպոսները: Յուրաքանչյուրն, ով կարդացել է ֆիննական Կալեվալան, էստոնական Կալեվիպոեգը, կոմիների վիպական երգերը և այլն, անմիջապես զգում է մթնոլորտի, ոճի, սյուժեների տարբերությունը հատկապես հնդեվրոպական ժողովուրդների վեպերից: Եթե հնդեվրոպականն ընդգծված ռազմական է և հաճախ՝ ողբերգական, կառուցված է հերոս մարտիկների հերոսությունների և մեծ ճակատամարտերի մասին պատումների շուրջ, ապա ֆիննական պատումներն առանձնանում են «միստիկ» մթնոլորտով, ուր գլխավոր հերոսները գործում և հաղթում են ավելի շատ կախարդանքով ու մոգությամբ, քան զենքով: Հետազոտողներից մեկն այս ոճը կոչել էր՝ «ավազակա-կախարդային»: Սրանք միանգամայն այլ աշխարհ են բացում՝ սառցակալ հյուսիսը յուրացնողների մութ աշխարհը, ուր մարդու գլխավոր օգնականը ոչ թե զենքն է կամ որևէ այլ գործիք, այլ կախարդանքը:

Միգուցե այստեղ ընկնենք մեր իսկ կողմից չսիրված սպեկուլյացիաների գիրկը, բայց կարելի է զգուշորեն ենթադրել, որ ռուսական ոգու, այսպես կոչված, մութ, անհասկանալի կողմերը կապված են հենց ֆիննաուգրական այս կախարդանքի հետ: Իհարկե, իրականում դրանք ամենևին էլ մութ չեն՝ պարզապես ավելի սովորական հնդեվրոպական հայացքի համար՝ այլ աշխարհ են՝ անծանոթ ու դժվար հասկանալի: Բայց իրենք իրենցով մի ուժ են, որն ապահովում է դիմացկություն, կենսունակություն և հարմարեցնում հյուսիսի դաժան միջավայրին:

Ամփոփում

Հ նդեվրոպականն ու ֆիննաուգրականը երկու հիմանական «ցեղերն են», որոնք կազմավորել են ռուս ժողովուրդն, և այդ միությունն է տարբերել նրան իրեն ցեղակից այլ սլավոնական ազգերից, այդ թվում՝ առավել հարազատ ուկրաիններից, որոնց մեջ ֆիննական հայրական գծերը շատ ավելի քիչ են:

Գուցե շնորհիվ հենց այս սինթեզի ռուսները ծավալվել են ոչ միայն դեպի հնդեվրոպացիների համար հարազատ եվրասիական տափաստանները, այլև դեպի երբևէ որևէ մեկի կողմից, բացի Ն1 հայրական գիծը կրող ժողովուրդներից, Եվրասիական հյուսիս՝ տունդրա, տայգա և Սառցե օվկիանոս:

Հավելված

Մ ենք հասկանում ենք, որ ցեղ բառի օգտագործումը որոշակի անհարմարությունների առիթ կարող է դառնալ: Սրա փոխարեն կարող էինք օգտագործել, օրինակ, էթնոս, էթնիկ բառերը: Սակայն, ճիշտն ասած, ավելորդ ու անտեղի ենք համարում դրանք հայերենում: Ոչ թե որովհետև ընդհանրապես խուսափում ենք օտար ծագմամբ եզրերից, այլ որովհետև անտեղի ավելորդություն են համարում իմաստային որևէ իրական նորույթ չավելացնող «էթնոս» բառի հավելումը մի լեզվում, որտեղ կան բավականաչափ հին, բնիկ ու բոլորին ծանոթ բառեր՝ նույն իմաստն առանց որևէ խնդրի արտահայտելու համար՝ ազգ, ցեղ, տեսակ, տոհմ, և նույնիսկ «էթնոսի» հին հայկական փոխառություն՝ հեթանոսը: Կարելի է, իհարկե, միշտ ասել, որ այսինչ փոքրիկ նրբերանգը չի արտահայտվում հայերեն բառերում, բայց նման խոսակցությունները սքոլաստիկա են՝ կարծես բառերին փոքրիկ նրբերանգային իմաստներ հավելելը լեզվի կրողների կամքից չի կախված, կամ, կարծես բոլոր բառերը «ծնվել» են մեկընդմիշտ տրված իմաստային երանգավորումներով: Սա լեզվի էության ծայրահեղ չիմացության, չհասկացողության դրսևորում է: Միայն հանուն «գիտականակերպության»՝ իմաստ չունի փոխարինելու պարզ, հասկանալի բառերը «չինական հիերոգլիֆներով»: Հակառակը՝ գիտության, վերլուծության լեզուն պետք է ձգտի հնարավորության չափով մոտ լինել կենցաղային, առօրյա լեզվին և ականջին:

Հայերեն ցեղ բառը հին է և բազմիմաստ: Այսօրվա արևելահայերենում ցեղ ասելով առավելապես նկատի ունենք երկու իմաստ՝ 1 տոհմ, ազգատոհմ, մի նախնուց սերող մեծ ընտանիք, 2. Նախնադարյան կյանքով ապրող էթնիկ խումբ, անգլերեն՝ tribe, ռուսերեն՝ племя: Սակայն ցեղ բառի իմաստային դաշտը հայերենում ավելի լայն է, և նշանակում է նաև ընդհանրապես՝ տեսակ, ազգ, ժողովուրդ: Դասական հայերենում՝ գրաբարում ցեղ բառը կապված է եղել նաև սերել, աճել իմաստների հետ, որից՝ ցեղել՝ սերել, աճել, ցեղենալ՝ բուսնել, բայց նաև՝ պառակտում, բաժանում, որից երկցեղ՝ երկփեղկված:

Արևմտահայերենում ցեղը հաճախ օգտագործվել է որպես ազգի հոմանիշ: 20-րա դարի սկզբին այդ իմաստը մասամբ օգտագործվել է նաև արևելահայերենում: 1920-30-ականներին ցեղ բառը օգտագործվել է նաև որպես ռասայի հոմանիշ: Այդպես է, օրինակ, Նժդեհի որոշ գրվածքներում, որը սակայն ցեղին՝ ռասային, տալիս է բավականին լայն, սովորականից տարբեր մեկնաբանություն: Նժդեհյան սահմանումը՝ «ցեղը ազգայնորեն տիպականն է, այն, ինչով տարբերվում են ազգերը միմյանցից» մեզ համար էլ ընդունելի է:

Ստուգաբանորեն ցեղ արմատը ծագում է ճեղք, բաժանում նշանակող հնդեվրոպական արմատից, և բուն սկզբնական իմաստով նշանակում է հենց բաժանում: Այդու՝ այն լավագույնս արտահայտում է այն իմաստը, որն այստեղ ուզում ենք օգտագործել՝ ազգային առանձնահատկություն, տարբերություն, բաժանում:

Ազգային անհատակության քննարկման հետ կապված երկու հակադիր վտանգ կա:

Մեկը՝ «ազգային ոգու» մտացածին, հաճախ՝ կենցաղային դատողություններից բխող, անհիմն սպեկուլյացիայի վտանգը: Այդպիսի սպեկուլյատիվ տարտամություններ տարածված էին հատկապես 19-20-րդ դդ.-ում: Դրանց վառ օրինակն է «անհասկանալի ռուսական ոգու» մասին՝ այժմ արդեն «մեմի» վերածված շաբլոնը:

Մյուս՝ հակադիր վտանգը, ազգային առանձնահատկությունների ի սպառ անտեսումն է: Իբր ազգերը միայն ընկերային կոնստրուկտներ են, ոչ իրական՝ սոսկ անվանական, պայմանական գոյություններ, լավագույն դեպքում՝ միայն «քաղաքացիության» մասին կնիք են անձնագրում: Հայկական գավառամտությունը, ուզենալով երևալ չափից ավելի «առաջադեմ», շեշտված ջանասիրությամբ անգիր է անում և կրոնական մոլեռանդի պես դավանում է նման պատկերացումները: Բնականաբար, նման դատարկությունները զրո կենսունակություն ունեն, քանի որ ինքնին պարզ է, որ համաշխարհային ամբողջ պատմությունը կառուցող և պայմանավորող այնպիսի հզոր գործոնը, ինչպիսին ազգն է, չի կարող ունենալ սոսկ ֆորմալ սահմանում՝ քաղաքացիության կնիք անձնագրում:

Մենք սակայն, բնավ չենք պատրաստվում վեճի մեջ մտնել այս, ինչպես և ցանկացած այլ կրոնական տեսակետի կրողների հետ: Յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքն է հավատալ կամ չհավատալ Մոհամեդի մարգարեությանը, Մայտրեայի գալստյանը, Նիկեո ժողովի աստվածաշնչությանը, ինպես նաև նրան, որ ազգերը սոսկ սոցիալական կոնտրուկտներ են: Նրանք, որոնք կարծում են, որ ի տաբերություն առաջին երեք օրինակների, ազգերի «սոցիալական կոնստրուկտի» տեսությունը գիտական է, հիշեցնենք, որ իսլամական, բուդդիստական, քրիստոնեական աստվածաբանությունները որպես գիտություններ դարերի պատմություն ունեն, և այնպիսի նուրբ և բարդ գիտական գրականություն, որ կոնստրուկտիվիստներն իրենց երազներում իսկ չեն տեսել (խորհուրդ կտայի կասկածողներին փորձել կարդալ մի որևէ բուդդիստական տրակտատ, չեմ ասում՝ սուֆիների և քրիստոնյա միջնադարյան աստվածաբանների մասին):

Մարդը կեսնաբանական էակ է, և ենթակա է կենսաբանության բոլոր օրենքներին: Մտածել, որ ազգերը չունեն կենսաբանական, գենետիկ տարբերություններ, որոնք վերաբերում են ոչ միայն արտաքինին, այլև հոգևորին, իհարկե, շատ ինքնատիպ մոտեցում է, նույնիսկ գուցե վեհ իր ձգտումներում, ինչպես հավատը երկրորդ գալստյանը, սակայն, ավաղ «հավատում եմ, որովհետև անհեթեթ է» շարքից է:

Իհարկե, չկա հատուկ գեն, որը մարդուն դարձնում է ի ծնե հայ, բայց չկա նաև հատուկ գեն, որը մարդուն դարձնում է մարդ, այսինքն՝ այնպիսի մի գեն, որն ունենալով մեկը ծնվում է մարդ այլ ոչ թե, օրինակ, շիմպանզե: Այդուհանդերձ մարդ տեսակը կա, և հստակ տարբերում է իրեն շիմպանզեից, չնայած և շիմպանզեի մերձակա բարեկամն է՝ ընդամենը 6 միլիոն տարի առաջ մարդու, այդ թվում մարդկության այն մասին, որը կարծում է, որ գեները ոչինչ չեն որոշում և շիմպանզեների նախնինները նույնն էին: Նույն կերպ կան և ազգերը, և նրանք իրարից տարբերվում են, այդ թվում՝ գենետիկայի որոշ մասով (ոչ թե մեկ հատուկ գենով, այլ գենային յուրահատուկ համադրումներով):

Եթե մեկն աչքաչափով կարողանում է տարբերել չինացուն հայից, ապա դրա միակ պատճառը գենետիկան է: Չկա այլ հիմք, որով չինացին արտաքուստ տարբեր է հայից: Դաստիարակությամբ և մշակույթով հնարավոր չէ հային չինացու աչքեր տալ:

Ազգերն անշուշտ և ընկերային, և կենսաբանական՝ գենետիկ միավորներ են: Հատուկ ազգի գեն չկա, ինչպես չկա հատուկ մարդու գեն, բայց անշուշտ կան գենետիկ տարբերություններ ազգերի միջև: Անշուշտ գենետիկ տարբերությունները չեն վերաբերում միայն արտաքինին: Գեները շատ հին են, և տեղյակ չեն ոչ կրոններից, ոչ էլ ժամանակակից իդեոլոգիկ տեսություններից, նրանք անամոթաբար պայմանավորում են կենսաբանական էակաների ոչ միայն արտաքին՝ մարմնական, այլև ներքին՝ «հոգևոր» տարբերությունները: Եվ եթե չինացիները տարբեր են հայերից արտաքնապես, ապա նրանք անշուշտ տարբեր են նաև հոգեկերտվածքի այն մասերով, որոնք ժառանգական՝ պայմանավորված են գեներով, այլ ոչ թե մշակույթով: Անհնար է սրա հետ վիճել, եթե կանգնած են գիտական, այլ ոչ թե իդեոլոգիական հողի վրա:

Իհարկե, ազգերի միջև գենետիկ տարբերությունները չնչին են՝ գեների ճնշող մեծամասնությունն ընդհանուր է մարդկության համար: Բայց սա էլ չի փրկում հարգելի կոնստրուկտիվիստներին և «քաղաքացիական ազգի» հավատավորներին: Բանն այն է, որ գենետիկ տարբերությունները մարդու և մարդանման կապիկների՝ նույն շիմպանզեի, գորիլլայի, օրանգուտանի միջև նույնպես չնչին են՝ մի քանի տոկոսի սահմաններում: Դրանում նույնպես բարդ չէ համոզվել՝ նույնիսկ առանց հատուկ հետազոտության՝ բավական է համեմատել այդ բոլորի արտաքինը՝ հասկանալու համար, որ հիմքում նույն կենսաբանական նախագիծն է: Էլ չենք ասում, որ մարդու գեների մոտ մեկ քառորդն ընդհանուր է բոլոր ողնաշարավոր կենդանիներին: