Հայ-ռուսական հարաբերությունների տեսություն
13 ր. | 2020-09-02Որևէ պետության և ժողովորդի հետ համարժեք հարաբերություններ կառուցելու համար, պետք է ունենալ հնարավորինս ստույգ պատկերացում այդ պետության և ժողովրդի «անհատականության»՝ պատմական զարգացման, աշխարհի ընկալման, քաղաքակրթության մասին: Այստեղ չեն օգնի ֆորմալ կամ իդեոլոգիական պատկերացումները՝ պետք է իրական նյութից ձևակերպած տեսություն: Այս հոդվածով, սկսում ենք մի շարք, որի հեռահար նպատակը հայ-ռուսական հարաբերությունների տեսության ուրվագծումն է, և որը սկսում ենք Ռուսաստանին նվիրված մի քանի վերլուծություններով:
Մաս 1. Ռուսաստանի աշխարհագրական քաղաքականությունը
Ի՞նչ է Ռուսաստանը:
Այս հարցը թվում է անիմաստ՝ բոլորս էլ կարող ենք բազում տվյալներ և բնութագրեր թվարկել՝ ի պատասխան այս հարցի:
Բայց մեր հարցը սա չէ: Հանրահայտ փաստերի իմացությունը դեռ գիտելիք չէ, պատասխան չէ՝ ի՞նչ է՛ հարցի:
Ի՞նչ է՛ հարցի շեշտը է՛-ի վրա է, այսինքն դա հարցում է էությունից՝ մի բանից, որն ավելի ընդհանուր է, քան պարզապես տվյալների հանրագումարը: Դա հարց է, թե ինչպիսի՞ էություն, այսինքն՝ գոյություն, «անհատականություն» է հարցի առարկան, որո՞նք են այլ «անհատականություններից տարբերվող նրա էական հատկանիշները», ո՞րն է եզակիությունը, ինչն էլ թույլ է տալիս նրան տարբերել, որպես առանձին էություն:
Մեզ պետք են ոչ թե սոսկ տվյալներ, պատկերացումներ և բնութագրումներ, այլ իմաստավորում և տեսություն: Ռուսաստանի հետ հարաբերություններն արդեն 300 տարի է, ինչ առանցքային են մեզ համար, բայց ի՞նչ է Ռուսաստանը հարցի պատասխանն այն իմաստով, որով մենք ենք այստեղ դնում՝ չունենք: Մեր մեջ ասած, դա մեծ մեղք էլ չէ, քանի որ նման հարցերի պատասխանները հեշտ չեն տրվում, պահանջում են հանրային, մտավոր կյանքի որոշակի կազմակերպվածություն, մակարդակ, և ամենակարևորը՝ ինքնուրույնություն, և բացի այդ, միշտ վտանգված են վերածվելու զուտ հայեցողական անհիմն մտավարժանքի: Մենք կփորձենք հնարավորինս խուսափել այդ վտանգից՝ առաջնորդվելով մեր սեփական մեթոդով, և հնարավորինս հիմնվելով նյութական տվյալների ընդհանրացման, այլ ոչ թե իդեալիստական և իդեոլոգիական դատարկությունների վրա:
Որևէ երկրի ի՛նչ լինելը հասկանալու համար պետք է նախևառաջ դիտարկել հետևյալ հիմնարար գործոնները՝ ա. աշխարհագրությունը, բ. «ցեղը» (նախնական էթնիկ հիմքը), գ. պատմականորեն գոյություն ունեցած ներքին կարգը/կարգերը՝ պետական և հանրային կազմակերպման ձևերը՝ ներքին հարաբերությունները, դ. երկրի դերը միջազգային հարաբերություններում։
Ռուսաստանի աշխարհագրությունը
Հաճախ միայն աշխարհագրական տվյալների վերլուծությունը կամ իմաստավորումը բավական է երկրի պատմության, գերակայող ազգային ինքնության առանձնահատկությունների զգալի մասը հասկանալու, բացատրելու համար: Առավել ևս ճիշտ է այս պնդումը Ռուսաստանի վերաբերյալ: Ռուսական ինքնությունը կարող ենք նույնիսկ կոչել առավելապես աշխարհագրական տվյալներով ձևավորված, պայմանավորված ինքնություն:
Ռուսաստանի աշխարհագրության մեջ մի քանի տվյալ կարող ենք համարել առավել կարևոր և ձևավորող գործոններ՝
ա. երկրի մեծությունը,
բ. նրա կենտրոնական դիրքը Եվրասիա մայրցամաքում,
գ. Լանդշաֆտը. Ռուսաստանը միավորում է եվրասիական մեծ տափաստանային գոտու մեծ մասը, գումարած եվրոպական անտառային գոտու մի մասը (բուն ռուսական՝ մոսկովյան հայրենիքը), հյուսիսային անտառային՝ տայգա և հյուսիսային տափաստանային՝ տունդրա գոտիները: Ահռելի տարածքի մեծ մասը հարթավայրային է, լեռները համեմատաբար քիչ են՝ հիմնականում երկրի ծայր արևելքում, և չնայած մեծությանը՝ երկիրը համեմատաբար միատարր է կամ ավելի ստույգ՝ իր չափի համեմատ ունի փոքր բազմազանություն, նվազ մասնատվածություն,
դ. խիստ կլիմայական պայմաններ երկրի մեծ մասում, գրեթե անմարդաբնակ կամ քիչ բնակեցված հսկայական տարածքներ հյուսիսում և արևելքում,
ե. շեշտված մայրցամաքային բնույթ. համեմատած մեծ տարածքի հետ՝ դեպի ծովային հաղորդակցության ելքերի սակավություն կամ անհարմարություն,
զ. պատմական աշխարհագրության իմաստով՝ օյկումենից՝ հին աշխարհին հայտնի քաղաքակիրթ տարածքից դուրս երկրների միավորում՝ մեծ տափաստան, հյուսիսային անտառներ և «անապատներ» և այլն:
Դիտարկենք սրանցից մի քանիսն ավելի մանրամասն՝ իրենց հետևանքներով:
Ռուսաստանի տարածքային մեծությունը
Առաջին իսկ հայացքը աշխարհի քարտեզին միանգամից տարբերում և հակադրում է Ռուսաստանն իր չափերով Եվրասիական մյուս բոլոր պետություններին, այդ թվում՝ դրանցից առավել մեծ չափեր ունեցող՝ Չինաստանին կամ Հնդկաստանին, էլ չասած՝ եվրոպական երկրների մասին (Ռուսաստանը մոտ երկու անգամ մեծ է Չինաստանից, մոտ 6 անգամ Հնդկաստանից, եվրոպական չափով իրենից հետո երկրորդ՝ Ուկրաինայից 28 անգամ, Ֆրանսիայից 34 անգամ և այլն): Այս տարածքային ահամաչափությունն ազդեցություն է թողնում նույնիսկ անհատի հոգեբանության մակարդակում: Հատկապես Ռուսաստանի եվրոպական ընկալումը հաճախ իր հիմքում ունի այն զարմանքն ու միաժամանակ անհագստությունը, որը միանգամայն այլ տարածքային մեծությունների սովոր եվրոպացին զգում է քարտեզի վրա Ռուսաստանը տեսնելիս: Մյուս կողմից՝ այս հայացքը ենթագիտակցաբար արթնացնում է նաև եվրոպական քաղաքակրթության խորքում ամրագրված կարևոր այնպիսի պատկերներ և փոխաբերություններ ինչպիսիք են «կավե ոտքերով հսկայի» կամ փոքր և ազատասեր Հելլադայի և հսկա ու բռնապետական Պարսկաստանի պայքարի մասին հերոդոտոսյան լեգենդար՝ եվրոպական քաղաքակրթության հիմնադիր պատումը: Սա կարող է դիտարկվել որպես մշակութային «ենթագիտակցության» մեջ արմատավորված հակադրում. ահռելի՝ եվրոպական ընկալմամբ անհամաչափ մեծ տարածք զբաղեցնող պետությունը, կարծես, ինքնին թշնամական, առնվազն՝ օտարության զգացողություն է առաջ բերում, և կապվում է բռնակալության, աստվածաշնչյան և հին հունական բացասական օրինակների հետ, և նույնիսկ զուտ գեղագիտորեն, կարծես, դեմ է եվրոպական ճաշակին, որի հիմքում «ամեն ինչ չափի մեջ» հին հունական դրույթն է:
Չենք խոսում Ռուսաստանի ասիական հարևանների ընկալումների մասին, որոնք մեզ պակաս ծանոթ են, սակայն, հավանաբար, դրանց հիմքում էլ միևնույն անհանգստությունը պետք է ընկած լինի՝ գունավորված սեփական մշակութային կաղապարներով:
Հարցն, անշուշտ, միայն հոգեբանությունը չէ: Հոգեբանությունը միայն արտացոլում և երանգավորում է, զգացմունքային ձևակերպում է տալիս նյութական այն իրողություններին, որոնք բխում են մեկ պարզ փաստից՝ Ռուսաստանի անհամաչափ տարածքային մեծությունից, նույնիսկ, եթե հաշվի ենք առնում, որ տարածքային այդ մեծությունը հավասարակշռված է խիստ կլիմայով, անմարդաբնակ տարածքների զգալի տոկոսով և այլն:
Ռուսաստանի տարածքային անհամաչափ մեծությունից բխող հետևանքները
ա. «Բացարձակ անվտանգություն»
Տ արածքն այնքան մեծ է, որ ինքնին ապահովում է երկրին «բացարձակ» անվտանգություն: Ռուսաստանը կարող է պարտվել, բայց այդ երկիրը փաստացի հնարավոր չէ նվաճել: Իհարկե, երկրի արևմտյան՝ եվրոպական մասերն առավել կարևոր են ու առավել խոցելի, սակայն անծայրածիր տարածքները հնարավորություն են տալիս շարունակել դիմադրությունը նույնիսկ այդ տարածքների կորստի և նահանջի դեպքում, ինչպես որ պատմական փորձն էլ բազմիցս ապացուցել է: Այս առումով Ռուսաստանի հետ կարող է համեմատվել միայն ԱՄՆ, այն էլ բավականին հեռավոր և պայմանական:
բ. Ինքնիշխանություն և ինքնաբավություն
Նույն տարածքային հենքն ինքնին տալիս է նաև փաստացի ինքնիշխանության բարձր աստիճան: Դրան նպաստում է հենց նույն «բացարձակ անվտանգության» գործոնը, ինչպես նաև ռեսուրսային ահռելի հենքը: Աշխարհի երեսին, թերևս, չկա ավելի ինքնամփոփ երկիր: Ռուսաստանը կատարյալ տեղ է ինքնաբավ (ավտարկիկ) քաղաքական և տնտեսական համակարգերի կառուցման փորձերի համար:
գ. Անհամաչափ ազդեցություն
Բնականաբար Ռուսաստանի ահռելի տարածքն «աշխատում է» որպես ֆիզիկական ուժեղ ձգողական կենտրոն՝ նման տիեզերքի մեծ մարմինների՝ իր շուրջը ստեղծելով անհամաչափ ազդեցություն, ընդ որում, այդ ձգողականությունը տարածվում է եվրասիական ողջ մայրցամաքի երկայնքով՝ Եվրոպայից մինչև Չինաստան և Ճապոնիա:
Պարզ է, որ այս բոլոր գործոնները կարող են դրսևորվել առավել կամ պակաս չափով՝ կախված տարբեր հանգամանքներից, սակայն, նույնիսկ համեմատաբար թույլ Ռուսաստանի դեպքում, դրանց ազդեցությունն ի սպառ վերանալ չի կարող, քանի որ հիմնված է զուտ ֆիզիկական պարզ տվյալի վրա:
Ռուսաստանի կենտրոնական դիրքը Եվրասիայում
Ռ ուսաստանը ոչ միայն ամենամեծն է Եվրասիայում, այլև՝ կենտրոնական դիրք է զբաղեցնում մայրցամաքում: Իհարկե, խոսքը երկրաչափորեն ճշգրիտ կենտրոնի մասին չէ՝ Ռուսաստնի դիրքը ստույգ կենտրոնից շեղված է դեպի հյուիսիս և արևելք, իսկ քաղաքական և պատմական կենտրոնը՝ դեպի Արևմուտք: Այնպես որ խոսում ենք հարաբերական կենտրոնի մասին: Ավելի ստույգ լինելու համար, կարող ենք Ռուսաստանի աշխահագրական դիրքը կոչել՝ կենտրոնամետ:
Ռուսաստանի համեմատ Եվրասիայի մյուս բոլոր երկրները «եզրային են»: Կարելի է ասել, որ աշխարհաքաղաքական իմաստով Եվրասիան բաժանվում է հենց այդ երկու մեծ հիմնարար հատվածների՝ կենտրոն, որը զբաղեցնում է կամ որին միտվում է Ռուսաստանը, և եզրեր, որոնք միավորում են մնացած բոլորին:
Եվրասիայի աշխարհաքաղաքականությունը մեկ նախադասությամբ՝ Ռուսաստանը և մյուսները:
Կարելի է ավելի մանրամասեցնել նկարագրությունն՝ ասելով, որ Եվրասիան բաժանվում է մի կողմից նրա կենտրոնը զբաղեցնող Ռուսաստանի, որի մեջ են առավել մայրցամաքային՝ ծովերից հեռու գոտիները, և մյուս կողմից՝ առավել «սառը ծովերը», և մնացած Եվրասիայի, որն ի համեմատություն Ռուսաստանի, կարելի է կոչել «մեծ ծովափ» կամ «մերձծովափ»՝ նույնիսկ այնպիսի երկրները, որոնք Հայաստանի պես ծովի ելք չունեն: Ի տարբերություն Ռուսաստանի, որը «սառը ծովերի» տիրակալն է, «մեծ ծովափը»՝ «տաք ծովերի»-նն է: Վերջին հաշվով հենց սրանով է պայմանավորված, որ «Ծովափում» գոյացել են բազմաթիվ միջին և փոքր, այլ ոչ թե մեկ մեծ երկրներ՝ աշխարհագրական պայմանները նպաստում են բազմաթիվ ինքնուրույն միավորների գոյությանը:
Ռուսաստանի կենտրոնամետ աշխարհագրական դիրքից բխող հետևանքները
ա. Անվերջ ծավալման ձգտումը
Մ այրցամաքի մեծ մասը զբաղեցնող, նրա կենտրոնում գտնվող հսկայական զանգվածը, գրեթե ֆիզիկայի օրենքով, ձգտում է ծավալման դեպի դեռ չզբաղեցրած արևմտյան և հարավային եզրամասեր՝ մայրցամաքի ամբողջացում մեկ «մոնստր» միավորի մեջ:
Հյուսիսի մեծ մասում և հյուսիս-արևելքում ռուսական պետական զանգվածը հասել է իր մայրցամաքային ծավալման առավելագույն սահմաններին՝ օվկիանոսային ափերին: Սակայն արևմուտքում և հարավում նա հանդիպում է ավելի ուժեղ դիմադրություն, քանզի այստեղ՝ տաք ծովերի «մեծ ծովափին», ինչպես նաև ծովերի և տափաստանի միջակայքի լեռնային մեծ գոտում (Պիրենեյներից մինչև Տիբեթ՝ լեռնակազմության, այսպես կոչված, ալպիական մեծ գոտին) հնուց ձևավորվել են եվրասիական հնագույն քաղաքակրթությունները: Այստեղից երկրորդ հետևանքը, որն առաջինի նյութականացումն է (կոնկրետացումը):
բ. Ձգտումը դեպի տաք ծովեր
Որն այլ անունով կարող ենք կոչել՝ ձգտումը դեպի քաղաքակրթության հին տարածքներ: Ռուսական պետությունը միավորել է որոշ բացառություններով այն բոլոր եվրասիական տարածքները, որոնք դուրս էին հին աշխարհի օյկումենից՝ քաղաքակիրթ (բառացի՝ բնակեցված, ավելի բառացի՝ տնավորված) տարածքից: Օյկումենը համընկնում է տաք ծովերի ծովափերի և նրանց սահմանակից լեռնային ալպիական մեծ գոտու հետ: Օյկումենը բաժանված է եղել և այսօր էլ բաժանված է մի քանի քաղաքակրությունների և բազմաթիվ երկրների, պետությունների և ազգերի, որովհետև նրա ռեսուրսային հնարավորությունները թույլ են տալիս այդ բազմազանության ապահավումը՝ ոչ միայն պարզապես ցեղային, ազգային կամ նույնիսկ պետական, այլ նաև՝ քաղաքակրթական: Ի հակադրություն՝ Եվրասիայի կենտրոնական տարածքները, որոնք միավորված են այսօր ռուսական պետության մեջ, պատմականորեն կարողացել են ապահովել միայն ցեղային բազմազանություն, բայց ոչ քաղաքակրթական և պետական՝ շնորհիվ իրենց սակավ ռեսուրսային հենքի:
Այսօր Եվրասիայում իրար հակադրված են մի կողմից՝ քաղաքականապես բազմաթիվ առանձին մասերի բաժանված նախկին օյկումենը, և մյուս կողմից՝ մեկ քաղաքական միավորի մեջ միավորված նախկին «ոչ օյկումենը»:
Բնական է՝ ռուսական պետության մեջ միավորված զանգվածի մղումը դեպի հնուց ի վեր քաղաքակրթական զարգացման հենք ապահովող օյուկեմենի տաք ծովերը, որոնց հասնելու ճանապարհին էլ ընկած է մեծ ալպիական գոտին, այդ թվում Հայկական Լեռնաշխարհն ու Կովկասը:
Եվրասիական մայրցամաքի այս անհավասարկշիռ ուժային դաշտը, մշտական՝ մե՛րթ ուժգնացող, մե՛րթ քողարկված, բայց խորքում երբեք չդադարող աշխարհաքաղաքական լարման աղբյուր է:
գ. Զսպման խնդիրը
Բնական է, որ որպես ռուսական հսկայի ծավալման ձգտման հակադարձ պետք է առաջ գա զսպման խնդիրը:
Այս խնդիրն եղել է մասնավորապես բրիտանական քաղաքականության նպատակը 19-րդ դարում, հատկապես հարավային ուղղությամբ՝ դեպի Մերձավոր Արևելք, Հնդկաստան և Հեռավոր Արելևելք: Սակայն բրիտանական քաղաքականությունը չի եղել միագիծ (ավելի մանրամասն՝ հոդվածի շարունակությունում): Այն հետապնդել է միաժամանակ երկու իրար հակադիր նպատակ՝ մի կողմից ռուսական հսկայի արդեն հիշյալ զսպումը, մյուս կողմից էլ նույն ռուսական ուժի օգտագործումը որպես գործիք եվրոպական ցանկացած միավորման դեմ: Այս ներքուստ հակասական քաղաքականությունը հնարավոր եղավ հաջողությամբ իրացնել որոշ ժամանակ, սակայն, ոչ անվերջ: Ի վերջո, այդ քաղաքականությունը պայթեց սեփական իսկ ներքին լարումից՝ երկու համաշխարհային պատերազմների արդյունքում: Գինն եղավ Եվրոպայի և մասամբ՝ բուն Մեծ Բրիտանիայի որպես աշխարհաքաղաքական առաջին կարգի սուբյեկտների ոչնչացումը, եթե չասենք ինքնասպանությունը, իսկ Ռուսաստանի զսպման դերն անցավ արտաեվրասիական ուժին՝ բրիտանական «պահուստ» ԱՄՆ-ին: Զուտ եվրասիական ներքին ուժով այլևս անհնար եղավ զսպել եվրասիական կենտրոնական զանգվածի ծավալումը դեպի եվրասիական եզրեր: Եթե չլիներ Հյուսիսային Ամերիկայի բրիտանական գաղութացումը, ռուսական համաշխարհային տիրապետությունն անխուսափելի էր դառնում, մյուս կողմից էլ, թե չլիներ բրիտանական հակաեվրոպական քաղաքականությունը՝ Միացյալ Եվրոպան սեփական ուժերով ի զորու կլիներ դիմակայելու ռուսական ծավալմանը: Իհարկե, դա արմատապես այլ Միացյալ Եվրոպա կլիներ և պետք է լիներ, քան այսօր է՛:
դ. Փլուզման վտանգը
Զսպման խնդրի հակադիր մարտահրավերն է՝ Ռուսաստանի փլուզման վտանգը: Որքան էլ մեծ մարտահրավեր է ռուսական ծավալման վտանգը, պակաս խնդրահարույց չի թվում համաշխարհային կայունության տեսակետից, նաև այդ հսկայական տարածքի քաղաքական մասնատումը, և դրանից բխող անկանխատեսելի հետևանքներն ու հնարավոր տևական քաոսը:
Ռուսաստանն աշխարհի առավել բազմազգ պետություններից է, ընդ որում, բազմազգ ասելով, այստեղ պետք է հասկանալ, որ Ռուսաստանը միավորում է ոչ միայն ռուսական, այլև բազմաթիվ այլ ազգերի բնիկ տարածքները՝ կովկասյան ժողովուրդներ, թաթարներ, սիբիրյան ժողովուրդներ: Այսինքն՝ ԱՄՆ կամ նման այլ պետության բազմազգությունից տարբերվող իրավիճակ է: Անշուշտ, Ռուսաստանի հնարավոր մասնատման սցենարում բազմազգության գործոնն առջանային է, քանի որ վերջին 200 տարում Եվրասիայում նոր պետությունների առաջացման հիմքն ազգայինն է:
Սակայն Ռուսաստանի բազմազգության դերը պետք չէ չափազանցնել: Ի տարբերություն Ռուսական Կայսրության և ԽՍՀՄ-ի՝ այսօրվա Ռուսաստանի բազմազգությունը որոշ իմաստով ձևական է:
Նախ՝ Ռուսաստանի հսկայական տարածքները արևելքում և հյուսիսում գրեթե անմարդաբնակ են, որոնք Ռուսաստանի տարածքի կեսը կամ կեսից ավելին են: Օրինակ՝ Ռուսաստանի աշխարհագրական կենտրոնում գտնվող (Ռուսաստանի աշխարգրական կենտրոնը Էվենկիայի Վիվա լճի մոտ է) նախկին Էվենկյան ինքնավար շրջանի (օկրուգ) (այժմ՝ Էվենկյան շրջան՝ Կրասնոյարսկի մարզում) տարածքը 767 հազար կմ2 էր, որը համեմատելի է Թուրքիայի տարածքին, բայց բնակչութունն ընդամենը 16 հազար մարդ, ինչը համեմատելի է Աշտարակ քաղաքի բնակչության թվի հետ, որից բուն էվենկները՝ 3 հազար 800 մարդ (2002-ի տվյալներով):
Յակուտիայի հանրապետության տարածքը 3 միլիոն կմ2 ավելին է, այսինքն՝ համեմատելի է Հնդկաստանի տարածքին (եթե Յակուտիան լիներ անկախ, նա իր տարածքի չափով կլիներ աշխարհում 7-8-րդ տեղում), իսկ բնակչությունը՝ 900 հազարից մի փոքր ավելի, այսինքն՝ Երևանից մի փոքր քիչ, որից յակուտները 460 հազարից մի փոքր ավելի (2010-ի տվյալներով), այսինքն՝ մի քիչ ավելի, քան Գանձակում (Գյանջայում) և, ի դեպ, նույն էվենկների՝ 21 հազարը, այսինքն՝ շատ ավելի քան բուն Էվենկիայում: Յակուտիայի հսկայական տարածության մեծ մասն անմարդաբնակ է՝ բնակչությունը կենտրոնացած է Լենա գետի ստորին հոսանքի և Լենայի մի քանի վտակների ափին: Մոտավորապես նույն կերպ է բաշխումը սիբիրյան այլ ժողովուրդների բնիկ տարածքներում՝ մեծ տարածքներ, սակավ բնկաչություն, ռուսական մեծամասնություն (բոլոր տվյալները չենք ստուգել, կարող են լինել առանձին բացառություններ): Ընդ որում՝ Սիբիրի հարավային՝ ավելի մարդաշատ գոտում ռուսները նույնպես մեծամասնություն են, բացի մի քանի փոքր շրջաններից, ուր ապրում են բուրյաթները, տուվացիներն ու ալթայցիները:
Այնպես որ ազգային անջատողականությամբ Ռուսաստանի փլուզումն այնքան էլ հիմնավոր հեռանկարներ չունի, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Ռուսաստանի այն բնիկ ժողովուրդներից, որոնք ունեն սեփական հանրապետություններ, համեմատաբար ուժեղ ազգային գիտակցություն, քաղաքական պայքարի կամ քաղաքական ինքնուրույնության ավանդույթ և համեմատաբար ուժեղ ազգային տարածքներ ունեն միայն մի քանիսը՝ թաթարները, բաշկիրները, չեչեները, դաղստանցիները, գուցե՝ ևս մի քանիսը: Նրանք բոլորը նույնիսկ միավորված ուժերով չեն կարող պայքարել հանուն անկախության, եթե չլինեն խիստ բարենպաստ արտաքին և ներքին հանգամանքներ:
Ամեն դեպքում ազգային անջատողականության տեսակետից Ռուսաստանի առավել խոցելի կետերն են՝ Կովկասի արևելքը, որը բարենպաստ պայմաններում կարող է կապ հաստատել Կովկասից հարավ ընկած պետոթյունների հետ, Վոլգայի վերին հոսանքը, ուր կենտրոնացած են մի քանի ազգային հանրապետություններ՝ Թաթարստանը, Բաշկորտոստանը, Ուդմուրտիան, Մորդովան, Չուվաշիան, Մարիելը, այլև՝ ծայր հյուսիս արևելքում՝ Յակուտիան: Վոլգայի հանրապետությունները մոտ են Ղազախստանին, իսկ Յակուտիան ունի ծայրամասային դիրք, ռեսուրսային ուժեղ հենք և անջատողականության որոշակի, թեկուզ թույլ ավանդույթներ:
Այդուհանդերձ Ռուսաստանի տարածքի մեծ մասը հուսալիորեն յուրացված է ռուս ազգի կողմից, որը համեմատաբար միատարր է, և ունի պետական հզոր ավանդույթ: Ռուսական պետական ավանդույթի հզորության մասին պատրանքներ ունենալը մեծ սխալ կլիներ: Պատմական փորձը ցույց է տալիս, որ ռուսական որևէ՝ նույնիսկ առավել արմատական ընդդիմություն, իշխանության գալով, գրեթե բնազդաբար, գործում է այդ պետական ավանդույթի ծիրում: Այսպես՝ ոչ միայն բոլշևիկները, այլև 1917-ի կարճ ընթացքում Ռուսաստանը փաստացի առաջնորդած էսեռները, այլև տարբեր երանգավորման սպիտակ գվարդիականները, իսկ մեր ժամանակներին ավելի մոտ՝ հետկոմունիստական Ռուսաստանի, այսպես կոչված, «դեմոկրատները»՝ Ելցինի և մյուսների գլխավորությամբ:
Ռուսաստանն ունի վերածնման մեծ կարողություն՝ փլուզումներից և անկումներից վերականգնվելու փորձ և «զորություն», որի հիմքում արդեն հիշատակված ռուսների կողմից հսկայական տարածքի մեծ մասի հաջող յուրացումն է, ոչ ռուսական ազգային նույնիսկ առավել աչքի ընկնող միավորների համեմատական թուլությունն է, ռուս ազգի քաղաքական-պետական ավանդույթի ուժը և բնազդային խորք ունենալը:
Այսքանով Ռուսաստանի ահռելի տարածքի փլուզման կամ մեծ անկայունացման մարտահրավերը, նույնիսկ, եթե դա միայն փոքր տեսական հնարավորություն է, այնպիսի սցենար է, որը չի կարող իր անկանխատեսելիությամբ ու մեծությամբ չազդել Եվրասիայի ժողովուրդների երևակայության վրա: Որքան անհանգստացնող է Ռուսաստանի պես հսկայի գոյությունն ու ծավալման հեռանկարը, նույնքան էլ անհագստացնող է այդ հսկայի փլուզման պատկերացումը:
Սա էլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքի հարակարծություններից (պարադոքսներից) ևս մեկը՝ նրա չափից ավելի ուժեղանալը սպառնալիք է Եվրասիայի բոլոր ժողովուրդների համար, բայց նրա չափից ավելի թուլանալն ու փլուզվելը նույնքան սպառնալիք է այդ նույն ժողովուրդների համար:
Շարունակելի