Թուրքիա․ ԵՄ պատժամիջոցներ
8 ր. | 2020-11-122 019-ի հուլիսին ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում քննարկեցին Թուրքիայի և Կիպրոսի միջև Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական նավերի հորատման անօրինական աշխատանքների շուրջ ծագած լարվածությունը: ԵՄ անդամ երկրների նախարարները լուրջ մտահոգություն հայտնեցին Թուրքիայի կողմից Կիպրոսի Բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) հորատման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Նախարարները կոչ արեցին Եվրահանձնաժողովին անհապաղ քննարկել կոնկրետ գործողություններ, որոնք կանխարգելիչ նշանակություն կունենան զսպելու Թուրքիայի գործողությունները:
Արդյունքում, Եվրամիությունը Թուրքիայի նկատմամբ սահմանեց ֆինանսական սահմանափակող միջոցառումներ, որոնցով նախատեսվում էր կրճատել 2020-ին Թուրքիային ուղղված աջակցությունը։ ԵՄ-ն առաջարկեց Եվրոպական ներդրումային բանկին վերանայել իր վարկային գործունեությունը Թուրքիայում, մասնավորապես՝ վարկավորման ու ֆինանսավորման ծրագրերը։ ԵՄ խորհուրդը նաև որոշում կայացրեց դադարեցնել օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագրի ստորագրման բանակցությունները, ինչպես նաև ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակի երկխոսությունների անցկացումը։
2019-ի հուլիսի 10-ին Կիպրոսի ԲՏԳ-ում Թուրքիայի հորատման աշխատանքների վերաբերյալ դատապարտող հայտարարություն տարածեց նաև ՀՀ ԱԳՆ-ն․ «Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին և կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և Կիպրոսի ժողովրդի իրավունքները` հետամուտ լինելու իրենց քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացմանն` առանց արտաքին ճնշման»:
ԵՄ-ն նոր թիրախային պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ 2019-ի նոյեմբերի 11-ին՝ ի պատասխան Արևելյան Միջերկրածովում հորատման ապօրինի աշխատանքներ իրականացման։ Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում էր․ «Այսօր Խորհուրդը ընդունեց սահմանափակող միջոցառումների շրջանակը՝ Արևելյան Միջերկրածովում Թուրքիայի ապօրինի հորատման գործունեությանն ի պատասխան։ Միջոցառումների շրջանակը թույլ կտա պատժամիջոցներ սահմանել ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են կամ մասնակցում են Արևելյան Միջերկրածովում հորատման ապօրինի աշխատանքներին»։ Հաղորդագրության համաձայն, պատժամիջոցներն արգելում են ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններին այցելել Եվրամիության երկրներ, սառեցվում են ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների ակտիվները։ Ի հավելումն դրա, ԵՄ քաղաքացիներին ու իրավաբանական կազմակերպություններին արգելված է վերոնշյալ անձանց ու կազմակերպություններին տրամադրել ֆինանսական միջոցներ։
2020-ի նոյեմբերի 6-ին Եվրոպական Միությունը մեկ տարով երկարաձգեց Թուրքիայի նկատմամբ գործող պատժամիջոցները` Արևելյան Միջերկրածովում հորատման անօրինական գործունեության համար: ԵՄ Խորհրդի տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է․ «Այսօր Խորհուրդը որոշել է մեկ տարով` մինչև 2021թ. նոյեմբերի 12-ը, երկարաձգել սահմանափակող միջոցառումների գործող ռեժիմը՝ Միջերկրական ծովում Թուրքիայի հորատման անթույլատրելի գործունեությանն ի պատասխան։ Ուստի, Եվրամիությունը կշարունակի սահմանել նպատակային սահմանափակող միջոցառումներ այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են Արևելյան Միջերկրածովում հորատման ապօրինի աշխատանքների իրականացման համար կամ մասնակցում են այդ աշխատանքներին»:
Ուժի մեջ է մնում ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների՝ Եվրամիության տարածք մուտք գործելու, ԵՄ քաղաքացիների ու իրավաբանական կազմակերպությունների կողմից վերոնշյալ անձանց ու կազմակերպություններին ֆինանսական միջոցների տրամադրման արգելքը, ինչպես նաև սառեցվում են ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների ակտիվները։ Հաղորդագրության համաձայն, ներկայում պատժամիջոցներ գործում են երկու ֆիզիկական անձանց նկատմամբ. ԵՄ պատժամիջոցները տարածվում են թուրքական նավթային TPAO ընկերության փոխնախագահ Մեհմեթ Ֆերրուհ Ակալընի, ով նաև ընկերության հետախուզման, հետազոտությունների վարչության ղեկավարն է, ինչպես նաև այդ վարչության փոխտնօրեն Ալի Ջոշկուն Նամօղլուի նկատմամբ։ Վերջիններիս արգելված է այցելել Եվրամիության երկրներ, իսկ նրանց ակտիվները սառեցվել են։
2020-ի հոկտեմբերի կեսերին Լյուքսեմբուրգի Քրիստոնյա-սոցիալական-ժողովրդական կուսակցության նախագահ Ֆրանկ Էնգելը կուսակցության համաժողովի ընթացքում ունեցած ելույթում հայտարարեց, որ Թուրքիան խնդիրներ ունի իր բոլոր հարևանների հետ, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ սառեցված բանակցություններն ընդհանրապես պետք է դադարեցվեն: Էնգելն ընդգծեց, որ հնարավոր չէ ԵՄ-ին անդամակցության հարցը քննարկել ամբողջատիրական բռնապետության հետ․ «Թուրքիան այսօր խնդիրներ ունի իր բոլոր հարևանների հետ: Թուրքիան օկուպացրել է իր հարևաններից երկուսին՝ Սիրիան և ԵՄ անդամ Կիպրոսը: Կովկասում այն ագրեսիվ պատերազմ է մղում հայերի դեմ թուրքական կործանիչներով, այդ թվում՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այն հազարավոր ջիհադիստ ահաբեկիչներ է ուղարկում Լիբիայից և Սիրիայից դեպի Արցախյան ռազմաճակատ։ Նրանք այնտեղ զոհվում են Ադրբեջանի զինվորների փոխարեն, որը սանձազերծել է այս պատերազմը և շարունակում է այն անմարդկային դաժանությամբ: Թուրքիայի գործող նախագահին և նրա երկրին չպետք է առաջարկվի որևէ այլ պայմանագիր ԵՄ-ի հետ: Մինչև Թուրքիան չդառնա նորմալ պետություն, (և ես դա մաղթում եմ Թուրքիայի տասնյակ միլիոնավոր քաղաքացիներին), պետք է պարզ լինի, որ Եվրոպան չի ուզում ընդունել նրան․․․»:
2020-ի հոկտեմբերի կեսերին Հունաստանը դիմեց ԵՄ անդամ պետություններին՝ կոչ անելով զերծ մնալ Թուրքիային ռազմական նշանակության սարքավորումներ վաճառելուց։ Ըստ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի․ «Առերեսվելով Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը՝ մենք խնդրում ենք եվրոպական պետություններին, որպեսզի նրանք Թուրքիային այլևս ռազմական նշանակության ապրանքներ և սարքավորումներ չվաճառեն։ Անթույլատրելի է, երբ խաղաղության հակված կողմը ինքն է փամփուշտներ մատակարարում ագրեսոր պետությանը՝ փամփուշտներ, որոնք կարող են օգտագործվել ԵՄ անդամ պետությունների դեմ»։
Հունաստանի առաջարկությունը, սակայն, տապալվեց, քանի որ Եվրամիության ներսում նույնպես կան ակնհայտ հակասություններ՝ այդ թվում Թուրքիայի հարցում։ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան ու Մալթան արգելափակեցին Թուրքիայի դեմ ԵՄ-ի հնարավոր պատժամիջոցները․ որոշ գնահատականներով պատճառը անօրինական ներգաղթի հարցն ու տնտեսական խնդիրներն են։ Գագաթաժողովին Հունաստանին աջակցեցին Ֆրանսիան, Ավստրիան ու Սլովենիան:
Պ ետք է դրական գնահատել և ողջունել Արևելյան Միջերկրածովում Թուրքիայի ապօրինի գործողություններին ի պատասխան սահմանափակող միջոցառումների սահմանման ու կիրառման հարցում ԵՄ վճռականությունը։ Այդուհանդերձ, չենք կարող չնշել, որ դրանք ունեն հատվածային բնույթ և թերևս ավելի շուտ ուղղված են Անկարայի ապօրինի գործողությունների հետևանքների հաղթահարմանը․ այն դեպքում, երբ անհրաժեշտ է այնպիսի սահմանափակող միջոցառումներ ու զսպման մեխանիզմներ կիրառել, որոնք ուղղված կլինեն կանխելու Թուրքիայի իշխանությունների ու մասնավորապես նախագահ Էրդողանի ապակառուցողական հավակնությունները այս կամ այն տարածաշրջանի նկատմամբ։
Բացի այդ, ԵՄ տնտեսական սահմանափակող միջոցառումները կարող են ունենալ համաչափ՝ հատվածային ազդեցություն Թուրքիայի տնտեսության վրա։ Հետևաբար, այդ սահմանափակող միջոցառումները, անշուշտ ունենալով կարևոր նշանակություն, այնուհանդերձ, չեն կարող էապես զսպել Էրդողանի ախորժակը։
Ավելին, Թուրքիայի նկատմամբ ԵՄ-ի տնտեսական սահմանափակումները կիրառվում են առանձին դեպքերում, առանձին տարածաշրջանների ու գործընթացների համատեքստում, որտեղ ԵՄ-ն ունի շատ ավելի ընդգծված ու շոշափելի շահեր։ Այլ տարածաշրջանների ու հակամարտությունների ուղղությամբ, ինչպես օրինակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակում Թուրքիայի անօրինական գործողությունների հարցում միջազգային հանրությունը, ըստ էության, շարունակում է սահմանափակվել հայտարարություններով։ Սա չափազանց կարևոր խնդիր է, որը թույլ է տալիս Էրդողանին լինել ավելի անկաշկանդ ու ինքնաբավ՝ իր ապակառուցողական գործողություններում ինչպես հարավկովկասյան, այնպես էլ այլ տարածաշրջաններում։
Վ ստահաբար պետք է նշել, որ տնտեսական լծակները թերևս ամենաարդյունավետ զսպող մեխանիզմն է առայսօր, որը հնարավորություն կտա կանխել ու հակազդել Թուրքիայի ապակառուցողական գործունեությունը միջազգային հարաբերություններում առհասարակ։ Տնտեսական առավել լայն ու խորքային սահմանափակող միջոցառումների սահմանման հարցում միջազգային հանրության պատրաստակամությունն ու վճռականությունը անհամեմատ ավելի երկարաժամկետ ներազդեցություն կունենա Էրդողանի արկածախնդրությունը կանխելու ու հակազդելու գործում։
Եվ դա այն պայմաններում, երբ ինչպես փաստում են փորձագիտական տարբեր գնահատականները, համավարակի հետևանքով Թուրքիան բախվում է ֆինանսատնտեսական լուրջ խնդիրների։ Թուրքիայի տնտեսությանը զգալի վնասներ են հասցնում երկրի ռազմաքաղաքական ղեկավարության և անձամբ Էրդողանի աշխարհաքաղաքական հավակնություններն ու ներքաշումը տարբեր տարածաշրջանային հակամարտություններում՝ սիրիական ու լիբիական ճգնաժամ, Հունաստանի հետ դիմակայություն, պատերազմի հրահրում Արցախի ուղղությամբ և այլն։ Դրան գումարվում են Անկարայի աշխարհաքաղաքական հակասությունների խորացումը Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների հետ։ Այս և այլ գործոնները մեծ ռիսկեր են պարունակում Թուրքիայում օտարերկրյա ներդրողների համար, որոնք ըստ Bloomberg գործակալության գնահատականների, 2020-ի ընթացքում հրաժարվել են շուրջ $13․3 մլրդ ընդհանուր արժողությամբ թուրքական բաժնետոմսերից ու պարտատոմսերից․ սա 2005-ից ի վեր բաժնետոմսերի ու արժեթղթերի խոշորագույն վաճառքն է։
Դեռևս 2020-ի հուլիսին Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի ղեկավարության որոշմանն ի պատասխան Հունաստանում առաջարկեցին տեղի հույն գործարարներին արգելք սահմանել Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերին, իսկ սպառողներին՝ բոյկոտել թուրքական ապրանքները: Նման հայտարարությամբ հանդես եկավ Հունաստանի Պիրեյոս քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, գործարար Վասիլիս Կորկիդիսը․ «Ես առաջարկում եմ պալատների Կենտրոնական միությանն ընդունել բողոքի բանաձև, որի համաձայն մենք՝ որպես գործարարներ, Թուրքիա չենք ներմուծի և այնտեղից չենք արտահանի ապրանքներ, ինչպես նաև որպես սպառողներ՝ չենք գնի 868 և 869 գծակոդերով ապրանքները»։ Նա հունական իշխանություններին նաև առաջարկեց դիմել ԵՄ-ին՝ Թուրքիայի դեմ առևտրային պատժամիջոցներ սահմանելու նպատակով:
Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի վերջին Սաուդյան Արաբիան արգելք սահմանեց թուրքական ապրանքների ներմուծման վրա։ Սա տեղավորվում է իսլամական, սունի աշխարհում և առհասարակ Մերձավոր Արևելքում ու հարակից տարածաշրջաններում Էր Ռիադ-Անկարա մրցակցության ու դիմակայության տրամաբանության մեջ։ Որոշ տվյալներով, թուրքական ապրանքների ներկրման արգելքին միացել են նաև ԱՄԷ-ն ու Մարոկոն։ Վերջերս ՀՀ կառավարության որոշումով ժամանակավորապես արգելվեց Հայաստան թուրքական ծագման ապրանքների ներմուծումը․ որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 31-ից և գործում է վեց ամիս ժամկետով։
Որոշ փորձագետներ գտնում են, որ որպես երկրի տնտեսական ու սոցիալական լուրջ խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու միջոց, Թուրքիայի ղեկավարությունն ընտրել է արտաքին ճակատում ու հակամարտություններում ներքաշման ուղին։ Ըստ փորձագիտական գնահատականների, ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո նորընտիր նախագահ դեմոկրատ Բայդենը կարող է խստացնել Անկարայի նկատմամբ քաղաքական ու տնտեսական ճնշումները։
Պետք է փաստել նաև, տարբեր տարածաշրջաններում հակամարտություններում ներքաշման Էրդողանի արկածախնդրությունն ու անձնական հավակնությունները, Թուրքիայում ներդրումների ու գործարարության համար անվտանգ միջավայրի ակնհայտ ռիսկերն ինքնին արդեն օտարում են օտարերկրյա ներդրողներին։ Թուրքիայից օտարերկրյա ներդրումների արտահոսքի պատճառ կարող է լինել նաև այն, որ երկիրը ձեռք է բերում ահաբեկչություն կուտակող ու արտահանող պետության բրենդ:
Ահաբեկչական հնարավոր հարձակումների պատճառով ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել էր իր քաղաքացիներին խուսափել նաև Թուրքիա ճանապարհորդությունից։ Նման հաղորդագրություն տարածվել էր դեռևս 2020-ի օգոստոսի 26-ին։ Հաղորդագրությունում նշված էր․ «Ահաբեկչական խմբերը շարունակում են ծրագրել հնարավոր ահաբեկչություններ Թուրքիայում։ Ահաբեկիչները կարող են հարձակումներ իրականացնել զբոսաշրջային վայրերի, տրանսպորտային հանգույցների, շուկաների, առևտրային կենտրոնների, տեղական ինքնակառավարման մարմինների, հյուրանոցների, ակումբների, ռեստորանների, կրոնական վայրերի, այգիների, խոշոր սպորտային ու մշակութային միջոցառումների, կրթական հաստատությունների, օդանավակայանների և այլ հանրային վայրերի ուղղությամբ»։
Հոկտեմբերի 23-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը կրկին զգուշացրեց իր քաղաքացիներին Թուրքիայում ահաբեկչական հնարավոր հարձակումների վտանգի մասին․ «Թուրքիայում ԱՄՆ առաքելությունը հավաստի հաղորդագրություններ է ստացել Ստամբուլում՝ ներառյալ ԱՄՆ Գլխավոր հյուպատոսության, ինչպես նաև Թուրքիայի այլ վայրերում ԱՄՆ քաղաքացիների և օտարերկրացիների նկատմամբ հնարավոր ահաբեկչական հարձակումների և առևանգումների վերաբերյալ: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ցուցաբերել առավելագույն զգուշություն այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներն ու օտարերկրացիները, ներառյալ խոշոր գրասենյակային շինությունները կամ առևտրի կենտրոնները»: