Թուրքիայի դեմ արաբական հակաքայլերը

6 ր.   |  2020-10-29

Ա րաբական աշխարհում Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների շուրջ արձագանքները գլխավորապես ունեն միջնորդավորված բնույթ։ Վերջին շրջանում արաբական աշխարհում հաճախակի են նշում, որ արաբական համերաշխության համար առաջին սպառնալիքն այլևս ոչ թե Իսրայելն է, այլ՝ Թուրքիան։ Հետևապես, Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունների վերաբերյալ արաբական տարբեր երկրների արձագանքներն ու հայտարարությունները, որպես կանոն, ուղղված են գլխավորապես Թուրքիայի դեմ։  
Մյուս կողմից՝ նկատենք նաև, որ մեծ հաշվով արաբական պետությունների արձագանքներն այնքան էլ շատ չեն, և թերևս դա ունի իր օբյեկտիվ բացատրությունը․ արաբական երկրները, ըստ էության, չունեն ուղղակի ներգրավվածություն կամ ուղիղ շահեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ գործընթացներում, և այս ուղղությամբ արաբական երկրների դիրքորոշումները պայմանավորված են ստեղծված իրավիճակում Թուրքիայի ներքաշման իրողությունով։

Արաբական աշխարհում լուրջ մտահոգություն կա Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և այլ տարածաշրջաններում Թուրքիայի և անձամբ Էրդողանի նեոօսմանյան հավակնությունների վերաբերյալ։ Արաբական աշխարհի առաջատար դերակատարները՝ ի դեմս Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի ակտիվ քաղաքական, տնտեսական ջանքեր են համախմբում՝ զսպելու Էրդողանի ախորժակը, հակազդելու տարբեր տարածաշրջաններում ապակայունացման Անկարայի փորձերին։

Արաբական աշխարհում շարունակում են հնչել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային Թուրքիայի մասնակցությունը դատապարտող հայտարարությունները։ Արաբական աշխարհում Սիրիան առաջին և առայժմ միակ պետությունն էր, որն իրերը կոչեց իրենց անունով․ Սիրիայի նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ Անկարան է պատասխանատու Արցախի դեմ ռազմական գործողությունների համար։  

Հոկտեմբերի սկզբին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հարցազրույցներից մեկում անդրադարձավ տարբեր տարածաշրջաններում Թուրքիայի ահաբեկչական գործունեությանը, այդ թվում և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային. «Էրդողանը աջակցել է ահաբեկիչներին Սիրիայում, Լիբիայում։ Նա է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին բախումների գլխավոր հրահրողն ու նախաձեռնողը։ Էրդողանի վարքագիծը վտանգավոր է տարբեր պատճառներով․ առաջին հերթին այն արտացոլում է «Մուսուլման եղբայրներ» ծայրահեղ ահաբեկչական խմբավորման մոտեցումը, երկրորդ՝ Էրդողանը պատերազմներ է հրահրում տարբեր տարածաշրջաններում՝ շեղելու հանրության ուշադրությունը Թուրքիայի ներքին խնդիրներից, և առաջին հերթին՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ իր՝ մեծ աղմուկ բարձրացրած կապերից։ Սա է Էրդողանի նպատակը, ինչը և վտանգավոր է։ Թուրքիան օգտագործում է տարբեր երկրներից Սիրիա եկած ահաբեկիչներին, այդ թվում՝ Լիբիայում։ Կարող ենք վստահաբար ասել, որ Թուրքիան սիրիացի և այլ ազգության ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղում»[1]։

Հոկտեմբերի 5-ին տարբեր տարածաշրջաններում Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ Արաբական պետությունների լիգան։ Լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը հայտարարեց, որ Կովկասյան և Միջերկրածովյան տարածաշրջաններում լարվածությունը խորացնելու գործում Թուրքիայի դերակատարությունը վատ հետևանքներ է ունենալու այդ երկրի համար․ «Թուրքիան բախվում է տարածաշրջանային խաղացողների ու գերտերությունների հետ, ինչը վատ է վերջանալու Թուրքիայի և նրա ղեկավարության համար։ Թուրքիայի նախագահ Էրդողանը ռազմական տեսանկյունից միջամտում է Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի ներքին գործերին։ Էրդողանը նաև միջամտել է Կովկասում Ադրբեջանի ու Հայաստանի միջև բախումներում։ Անկարան առճակատվել է Հունաստանի ու Կիպրոսի հետ և ագրեսիա իրականացրել Արևելյան Միջերկրածովի գազային հանքավայրերի ուղղությամբ, ինչը ստիպեց Ֆրանսիայի պես խոշոր ու ազդեցիկ պետությանը կործանիչներ ու ավիակիր ուղարկել Կիպրոս»[2]։

Ա դրբեջանի ագրեսիայի առաջին օրերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակներ է հղել արաբական աշխարհի մի շարք երկրների ղեկավարների: Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդալ Ֆաթթահ Ալ Սիսիին ուղղված նամակում նա նշում էր․ «Ցավով և մեծ դժգոհությամբ պետք է Ձեզ տեղեկացնեմ, որ Ադրբեջանը հերթական հարձակումն է սկսել Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: Մինչ ես գրում եմ այս նամակը, երկու կողմերում էլ տասնյակ քաղաքացիական անձինք և զինվորականներ արդեն սպանվել են կամ վիրավորվել»[3]։

Հանրապետության նախագահը դիմել է Եգիպտոսի գործընկերոջը՝ օգտագործելու միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի րոպե առաջ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները․ «Հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այն չունի ռազմական կարգավորում: Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապակցուցենք կրկին»[4]:

ՀՀ նախագահի՝ Բահրեյնի Թագավորության թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆային ուղղված նամակում ասվում էր․ «Ցավոք, Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրումն Արցախի և Հայաստանի դեմ նոր երևույթ չէ. ավելի քան երեք տասնամյակ Ադրբեջանը փորձում է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական միջոցներով և արմատախիլ անել հայ բնակչությանը սեփական հայրենիքից»[5]: ՀՀ նախագահը հատկապես մտահոգություն է հայտնել Թուրքիայի ղեկավարության ռազմական հռետորաբանության առնչությամբ, որը փորձում է հակամարտությունը ծառայեցնել սեփական նպատակները կյանքի կոչելու համար: Արմեն Սարգսյանը դիմել է Բահրեյնի թագավորին՝ օգտագործելու միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի րոպե առաջ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները․ «Հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այն չունի ռազմական կարգավորում: Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին»[6]

Հոկտեմբերի 27-ին արաբական մի շարք երկրներին ուղղված նամակին ի պատասխան արձագանքեց Բահրեյնի թագավորը՝ նշելով. «Երախտագիտություն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանն առ այն, որ կոչ արեցիք մեզ առավելագույն ճիգեր գործադրել և միանալ միջազգային հանրության ջանքերին՝ հրադադար սահմանելու և երկու երկրների միջև և Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխարգելելու համար: Կիսում ենք նաև այն մտավախությունը, որ այդ ցավալի հակամարտությունը կարող է վերածվել ավերիչ երկարաժամկետ պատերազմի այս կարևոր և զգայուն տարածաշրջանում, որին զոհ կգնան քաղաքացիական անձինք, և սպառնալիք կստեղծվի ամբողջ միջազգային անվտանգության համար: Մենք կիսում ենք Ձերդ Գերազանցության կարծիքը, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, և բանակցություններն ու քաղաքական կարգավորումն առավել ընդունելի են՝ հասնելու համատեղ փոխըմբռնման, կանխելու կորուստները, ինչպես նաև խուսափելու հումանիտար աղետից»[7]:

Թագավորը նշել է, որ Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը համատեղում է ջանքերը Ծոցի երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարության հետ, որը Ծոցի համագործակցության խորհրդի երկրների անունից հրապարակել է հայտարարություն՝ կարևորելով հրադադարի շուտափույթ հաստատումը և կոչ անելով Անվտանգության խորհրդին, որպեսզի ստանձնի միջազգային անվտանգության և խաղաղության հաստատման իր պարտավորությունները․ «Արտաքին գործերի նախարարությունն աշխատում է նաև միջազգային անվտանգությամբ և խաղաղությամբ մտահոգ երկրների հետ՝ կոչ անելով միավորել միջազգային հանրության ջանքերը՝ անհապաղ հրադադար հաստատելու և ավերիչ պատերազմը կանխարգելելու նպատակով»[8]։

Արաբական աշխարհում Արցախի դեմ ռազմական գործողությունների համատեքստում Թուրքիային ուղղված մեղադրանքները չեն սահմանափակվում միայն հայտարարություններով։ Սեպտեմբերի վերջին Սաուդյան Արաբիան արգելք սահմանեց թուրքական ապրանքների ներմուծման վրա։ Սա տեղավորվում է իսլամական, սունի աշխարհում և առհասարակ Մերձավոր Արևելքում ու հարակից տարածաշրջաններում Էր Ռիադ-Անկարա մրցակցության ու դիմակայության տրամաբանության մեջ։

Որոշ փորձագետներ, սակայն, գտնում են, որ Թուրքիայի նկատմամբ Սաուդյան Արաբիայի տնտեսական սահմանափակումների սահմանումը կարող է անուղղակի կապ ունենալ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության հետ։ Հասկանալի է, որ Սաուդյան Արաբիան օգտագործում է ցանկացած հնարավորություն՝ զսպելու ու հակազդելու Թուրքիայի ծավալապաշտական հավակնությունները։

Ավելին՝ Էր Ռիադը ճնշումներ է բանեցնում սաուդական առևտրային ընկերությունների նկատմամբ, որպեսզի վերջիններս դադարեցնեն թուրքական գործընկեր կազմակերպությունների հետ առևտրատնտեսական կապերը։ Ըստ թուրքական Dunya պարբերականի, Սաուդյան Արաբիան արշավ է սկսել, այդ թվում՝ տեղական տուրիստական կազմակերպությունների ու քաղաքացիների ուղղությամբ՝ հորդորելով վերջիններիս հրաժարվել դեպի Թուրքիա ուղևորություններից[9]:

Որոշ տվյալներով, թուրքական ապրանքների ներկրման արգելքին միացել են նաև ԱՄԷ-ն ու Մարոկոն։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանը որոշումով ժամանակավոր արգելվել է Հայաստան թուրքական ծագման ապրանքների ներմուծումը․ որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 31-ից և գործում է վեց ամիս ժամկետով[10]:


[1] https://orbeli.am/hy/post/607/2020-10-07/%D4

[2] https://orbeli.am/hy/post/607/2020-10-07/%D4

[3] https://www.president.am/hy/press-release/item

[4] https://www.president.am/hy/press-release/item

[5] https://www.president.am/hy/press-release/item

[6] https://www.president.am/hy/press-release/item

[7] https://www.president.am/hy/press-release/item

[8] https://www.president.am/hy/press-release/item

[9] https://armtimes.com/hy/article/199161

[10] https://armtimes.com/hy/article/199161