Ադրբեջանը՝ ահաբեկչության օջախ․ արաբական արձագանքներ
4 ր. | 2020-10-07Օ րերս Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հարցազրույցներից մեկում անդրադարձավ տարբեր տարածաշրջաններում Թուրքիայի ահաբեկչական գործունեությանը, այդ թվում և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային. «Էրդողանը աջակցել է ահաբեկիչներին Սիրիայում, Լիբիայում։ Նա է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին բախումների գլխավոր հրահրողն ու նախաձեռնողը։ Էրդողանի վարքագիծը վտանգավոր է տարբեր պատճառներով․ առաջին հերթին այն արտացոլում է «Մուսուլման եղբայրներ» ծայրահեղ ահաբեկչական խմբավորման մոտեցումը, երկրորդ՝ Էրդողանը պատերազմներ է հրահրում տարբեր տարածաշրջաններում՝ շեղելու հանրության ուշադրությունը Թուրքիայի ներքին խնդիրներից, և առաջին հերթին՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ իր՝ մեծ աղմուկ բարձրացրած կապերից։ Սա է Էրդողանի նպատակը, ինչը և վտանգավոր է։ Թուրքիան օգտագործում է տարբեր երկրներից Սիրիա եկած ահաբեկիչներին, այդ թվում՝ Լիբիայում։ Կարող ենք վստահաբար ասել, որ Թուրքիան սիրիացի և այլ ազգության ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղում»[1]։
Նկատենք, որ Սիրիան առաջին արաբական պետությունն էր, որը պաշտոնապես և ամենաբարձր մակարդակով հայտարարեց Արցախի դեմ սանձազերծված Թուրքիայի ահաբեկչական գործողությունների մասին։ Դա, ըստ էության, ունի իր բացատրությունը․ ավելի քան մեկ տասնամյակ Սիրիան հայտնվել է Թուրքիայի հովանու ներքո գործող տարբեր ահաբեկչական խմբավորումների թիրախում՝ երկրում քաոս ստեղծելու ու այդ երկրի պետականությունը կազմաքանդելու նպատակով։
Սիրիայի նախագահի հայտարարության վերաբերյալ մեդիա-փորձագիտական ու պաշտոնական արձագանքներն ընդհանուր առմամբ դեռևս բավական սահմանափակ են։
Թուրքիային հասցեագրված Սիրիայի նախագահի մեղադրանքներին անդրադարձավ իսրայելական Jerusalem post-ը․ «Սիրիայի նախագահ Ասադը հայտարարեց, որ Դամասկոսը կարող է վերահաստատել Թուրքիայի կողմից Ադրբեջան ահաբեկիչների տեղափոխման մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը»[2]։ Հարցի առնչությամբ իսրայելական պարբերականը մեջբերում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը․ Մոսկվան մտահոգություն է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար հարթակ՝ Ռուսաստան և այլ երկրներ ահաբեկչական գործողությունների իրականացման համար[3]։
Հոկտեմբերի 6-ին լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը մեկնաբանում Թուրքիայի կողմից Արցախ սիրիացի ահաբեկիչներ տեղափոխելու մասին նախագահ Ասադի հայտարարությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշեց միայն, որ Կրեմլում ուշադիր հետևում են բոլոր երկրների ղեկավարների հայտարարություններին[4]։
Հ ոկտեմբերի 2-ին Al-Monitor պարբերականում հրապարակված հոդվածում խոսվում էր Թուրքիայի տնտեսության վրա արաբական աշխարհի ներազդման հնարավորությունների մասին․ «Թուրքիայի տնտեսությունը բավական թուլացել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, կան լուրջ խնդիրներ՝ կապված թուրքական արժույթի արժեզրկմամբ։ Այս ամենով հանդերձ, Թուրքիան բախվում է արաբական պետությունների տնտեսական ճնշումներին՝ ի պատասխան Մերձավոր Արևելքում իր քաղաքականության»[5]։ Հոդվածում հեղինակ Մուսթաֆա Սոնմեզը (Mustafa Sonmez) նշում էր, որ Սաուդյան Արաբիան արդեն իսկ թուրքական ապրանքների ներմուծման արգելք է սահմանել։
Վերջերս Եգիպտոսը հանդես եկավ Թուրքիայի դեմ կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության հայտարարությամբ․ «Վերջին երկու տասնամյակում արաբական երկրների հետ Թուրքիայի տնտեսական կապերը աճել են ինչպես առևտրաշրջանառության, այնպես էլ ներդրումային հոսքերի ու զբոսաշրջության ոլորտներում։ Իհարկե, արաբական պետությունները Թուրքիայի հիմնական տնտեսական գործընկերը չեն, և կայունության պայմաններում պատասխան գործողությունները կարող են սահմանափակ ազդեցություն ունենալ Թուրքիայի տնտեսության վրա։ Սակայն արաբական երկրների տնտեսական արդյունավետ հակազդեցությունը, Թուրքիայի ներկայիս տնտեսական խնդիրների պայմաններում, երբ արժեզրկվում է թուրքական լիրան, Թուրքիայից հեռանում են օտարերկրյա ներդրողները, կարող է մեծ վնասներ հասցնել»[6]։
Թուրքիայի վիճակագրական տվյալներով, 2020-ի առաջին 7 ամիսների ընթացքում այդ երկրից արտահանումները կազմել են շուրջ $90 մլրդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 13․7%-ով[7]։
Հոկտեմբերի 5-ին Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը հայտարարեց, որ Կովկասյան և Միջերկրածովյան տարածաշրջաններում լարվածությունը խորացնելու գործում Թուրքիայի դերակատարությունը վատ հետևանքներ է ունենալու այդ երկրի համար․ «Թուրքիան բախվում է տարածաշրջանային խաղացողների ու գերտերությունների հետ, ինչը վատ է վերջանալու Թուրքիայի և նրա ղեկավարության համար։ Թուրքիայի նախագահ Էրդողանը ռազմական տեսանկյունից միջամտում է Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի ներքին գործերին․ Էրդողանը նաև միջամտել է Կովկասում Ադրբեջանի ու Հայաստանի միջև բախումներում։ Անկարան առճակատվել է Հունաստանի ու Կիպրոսի հետ և ագրեսիա իրականացրել Արևելյան Միջերկրածովի գազային հանքավայրերի ուղղությամբ, ինչը ստիպեց Ֆրանսիայի պես խոշոր ու ազդեցիկ պետությանը կործանիչներ ու ավիակիր ուղարկել Կիպրոս»[8]։
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը վերահաստատեց Արցախի դեմ ռազմական գործողություններին ահաբեկչական խմբերի ներքաշման մասին փաստերը․ «Ինձ զայրացնում է, որ սիրիացի գրոհայինները Ադրբեջանի հետ կռվում են Հայաստանի դեմ․ չափազանց մտահոգիչ է, որ Էրդողանը օգտագործում է սիրիացի վարձկաններին այն դեպքերում, որոնք առնչություն չունեն Թուրքիայի հետ»[9]։
[1] https://www.youtube.com/watch?v=pkgB0kIeHyc
[2] https://www.jpost.com/breaking-news/syrias-
[3] https://www.jpost.com/breaking-news/syrias-
[4] https://www.azatutyun.am/a/30878261.html
[5] https://www.al-monitor.com/pulse/originals/2020
[6] https://www.al-monitor.com/pulse/originals/2020
[7] https://www.al-monitor.com/pulse/originals/2020
[8] https://www.arabnews.com/node/1744121/middle-east
[9] https://www.arabnews.com/node/1744121/middle-east