Ադրբեջանը՝ ահաբեկչության հանգույց
4 ր. | 2020-10-26Վ երջին շրջանում հաճախակիացել են Ադրբեջանում և Թուրքիայում ահաբեկչական հնարավոր հարձակումների ու օտարերկրյա քաղաքացիների հնարավոր առևանգումների վերաբերյալ Միացյալ Նահանգների հաղորդագրությունները։ ԱՄՆ կառավարությունը հորդորում է իր քաղաքացիներին, ինչպես և օտարերկրացիներին խուսափել Ադրբեջան և Թուրքիա ճանապարհորդելուց։ Ադրբեջանում ահաբեկչական վտանգի վերաբերյալ հաղորդագրություն տարածեց նաև Մեծ Բրիտանիան։
Նկատենք, որ հաղորդագրությունների մի մասը տարածվեց նախքան Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմական գործողությունները։ Կարծում ենք, որ ԱՄՆ հաղորդագրությունները ուղղակիորեն փոխկապակցված են Թուրքիայի կողմից Ադրբեջան Սիրիայից ու Լիբիայից ահաբեկչական խմբերի տեղափոխման հետ։
Հավաստի տեղեկություններ կան, որ Թուրքիան սկսել է ահաբեկիչներ տեղափոխել՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից ամիսներ առաջ։ Խոսվում է մինչև 4000 ահաբեկիչների ու գրոհայինների մասին, որոնք Ադրբեջան են տեղափոխվել խմբերով։ Հասկանալի է, որ Ադրբեջան ժամանելուն պես այդ ահաբեկչական խմբերը որոշ ժամանակով տեղակայվում են Թուրքիայում, մի մասը՝ Ադրբեջանում, հավանաբար՝ Բաքվում և այլ քաղաքներում, որից հետո տեղափոխվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի՝ ռազմական գործողություններին մասնակցելու։
Ադրբեջանի քաղաքներում գտնվելու ընթացքում, ահաբեկչական խմբերը տրամաբանորեն կարող են ահաբեկչական սպառնալիք ներկայացնել նաև տեղի օտարերկրացիների համար։ Նշենք, որ ահաբեկիչները վարձատրվում են Անկարայի կողմից և անմիջապես ենթարկվում են Թուրքիայի հետախուզական ծառայություններին ու զինվորական հրամանատարությանը։ Ուստի, ահաբեկչական խմբերը Թուրքիայի ցուցումով կարող են ահաբեկչական հարձակումներ ու առևանգումներ իրականացնել Ադրբեջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ՝ ելնելով ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերություններից։ Նման վերջին դեպքը տեղի ունեցավ Թուրքիայում ամերիկացի բողոքական հովիվ Էնդրյու Բրանսոնի ձերբակալության հետ կապված։
Ադրբեջանում ահաբեկչության վտանգի առկայության պատճառով ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել խուսափել Ադրբեջան ճանապարհորդել դեռևս 2020-ի օգոստոսի 6-ին՝ նախքան Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան։
ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրությունում նշվում էր․ «Ադրբեջանում առկա է երկարաժամկետ ռիսկ ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք շարունակում են պլանավորել հնարավոր հարձակումներ Ադրբեջանում: Ահաբեկիչներն առանց նախազգուշացնելու կարող են թիրախավորել մասնավորապես զբոսաշրջային վայրեր, տրանսպորտային հանգույցներ, շուկաներ/առևտրի կենտրոններ, տեղական իշխանության կառույցներ, հյուրանոցներ, ակումբներ, ռեստորաններ, կրոնական վայրեր, այգիներ, խոշոր մարզական և մշակութային միջոցառումներ, կրթական հաստատություններ, օդանավավակայաններ և այլ հասարակական վայրեր»[1],[2]։
2020-ի հոկտեմբերի 24-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն զգուշացրեց իր քաղաքացիներին այդ երկրում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին։ Դեսպանատան կայքէջում տարածված հաղորդագրությունում նշվում էր․ «Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հավաստի տեղեկություններ է ստացել ԱՄՆ քաղաքացիների և օտարերկրացիների դեմ ահաբեկչական հնարավոր հարձակումների և առևանգումների մասին, այդ թվում՝ J.W.Mariott Absheron հյուրանոցի, ինչպես նաև՝ Բաքվի այլ տարածքների ուղղությամբ։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիները կամ օտարերկրացիները»[3],[4]։
Հոկտեմբերի կեսերին Ադրբեջանում ահաբեկչական վտանգի ու հնարավոր հարձակումների վերաբերյալ հաղորդագրություն տարածեց Մեծ Բրիտանիան։ Դեսպանատան հաղորդագրությունում ասված էր․ «Ահաբեկչական հարձակումներ կարող են իրականացվել Ադրբեջանում քաղաքացիական բնակչության նկատմամբ, ներառյալ այն վայրերում, որտեղ հաճախ են այցելում օտարերկրացիները, ինչպես օրինակ, միջազգային հյուրանոցներ, ռեստորաններ, ակումբներ, էներգետիկ ոլորտի օբյեկտներ։ Ահաբեկչության բարձր աստիճանի սպառնալիք կա ուղղված ամբողջ աշխարհում Մեծ Բրիտանիայի շահերին ու քաղաքացիներին՝ Իրաքի և Սիրիայի հակամարտություններում ներքաշված շահագրգիռ խմբերի կամ անհատների կողմից»[5]։
Ի նչպես և սպասվում էր, Ադրբեջանում ահաբեկչական վտանգի վերաբերյալ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի հայտարարությունները Ալիևը փորձեց ուղղել Հայաստանի դեմ։ Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը զգուշացրել էր երկրի քաղաքացիներին, թե իբր՝ Հայաստանի հատուկ ծառայությունները ահաբեկչություն են ծրագրում իրականացնել Բաքվում և երկրի այլ խոշոր քաղաքաներում։ Հասկանալի է, որ Ալիևը փորձում է արևմուտքին հասկացնել, որ հայկական կողմը իբր մտադիր է թիրախավորել առաջին հերթին Ադրբեջանի նավթագազային հաղորդակցական ենթակառուցվածքները։
Ահաբեկչական հնարավոր հարձակումների պատճառով ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել էր իր քաղաքացիներին խուսափել նաև Թուրքիա ճանապարհորդությունից։ Նման հաղորդագրություն տարածվել էր դեռևս 2020-ի օգոստոսի 26-ին։ Հաղորդագրությունում նշված էր․ «Ահաբեկչական խմբերը շարունակում են ծրագրել հնարավոր ահաբեկչություններ Թուրքիայում։ Ահաբեկիչները կարող են հարձակումներ իրականացնել զբոսաշրջային վայրերի, տրանսպորտային հանգույցների, շուկաների, առևտրային կենտրոնների, տեղական ինքնակառավարման մարմինների, հյուրանոցների, ակումբների, ռեստորանների, կրոնական վայրերի, այգիների, խոշոր սպորտային ու մշակութային միջոցառումների, կրթական հաստատությունների, օդանավակայանների և այլ հանրային վայրերի ուղղությամբ»[6]։
Հոկտեմբերի 23-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը կրկին զգուշացրեց իր քաղաքացիներին Թուրքիայում ահաբեկչական հնարավոր հարձակումների վտանգի մասին։ Դեսպանատան տարածած հաղորդագրությունում նշվում էր․ «Թուրքիայում ԱՄՆ առաքելությունը հավաստի հաղորդագրություններ է ստացել Ստամբուլում՝ ներառյալ ԱՄՆ Գլխավոր հյուպատոսության, ինչպես նաև Թուրքիայի այլ վայրերում ԱՄՆ քաղաքացիների և օտարերկրացիների նկատմամբ հնարավոր ահաբեկչական հարձակումների և առևանգումների վերաբերյալ: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ցուցաբերել առավելագույն զգուշություն այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներն ու օտարերկրացիները, ներառյալ խոշոր գրասենյակային շինությունները կամ առևտրի կենտրոնները»[7]։
[1] https://armenpress.am/arm/news/1030180.html
[2] https://travel.state.gov/content/travel/en/travela
[3] https://hetq.am/hy/article/123522
[4] https://az.usembassy.gov/security-alert-for-u-s
[5] https://www.gov.uk/foreign-travel-advice/azerbaijan
[6] https://travel.state.gov/content/travel/en/traveladv
[7] https://tr.usembassy.gov/security-alert-u-s-mission