Վերիֆիկացիոն մեխանիզմներ

15 ր.   |  2020-11-09

Լ եռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների սանձազերծման հարցի շուրջ միջազգային արձագանքներն, ընդհանուր առմամբ, միջնորդավորված են։ Որոշ բացառություններով՝ Արցախի դեմ ռազմական գործողությունների վերսկսման անմիջական նախաձեռնող կամ պատասխանատու նշվում է ոչ թե Ադրբեջանը, այլ՝ Թուրքիան։ Այդ հանգամանքն ունի իր օբյեկտիվ բացատրությունը․ միջազգային գնահատականներում՝ լինեն քաղաքական, պաշտոնական հայտարարություններ, թե մեդիա-փորձագիտական անդրադարձներ, դրսևորվում են միջազգային ու տարածաշրջանային մակարդակով քաղաքական ու հանրային բացասական ընկալումները Թուրքիայի նկատմամբ։

Այդ բացասական ընկալումներն իրենց հերթին արտացոլում են միջազգային ու տարածաշրջանային տարբեր առաջատար դերակատարների հետ Թուրքիայի լարված հարաբերությունների ընդհանուր բնույթն ու տրամաբանությունը։ Հասկանալի է, որ միջազգային հարաբերություններում և հատկապես արևմուտքում Անկարան դարձել է անվստահելի գործընկեր․ Էրդողանի անձնական փառասիրական ու քաղաքական-գաղափարական նեոօսմանյան հավակնություները լուրջ սպառնալիք են ստեղծում տարբեր տարածաշրջաններում՝ սկսած Հյուսիսային Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից, վերջացրած Արևելյան Միջերկրածովով ու Հարավային Կովկասով։  

Տարբեր փորձագիտական գնահատականներով, վերջին տարիներին Թուրքիան զգալիորեն ընդլայնել է իր ազդեցությունը միջազգային ու տարածաշրջանային մակարդակներում։ Այդուհանդերձ, այդ ճանապարհին Էրդողանն առաջնորդվում է ապակառուցողական քաղաքականությամբ, որը էապես վտանգում է ոչ միայն այդ տարածաշրջանների ու երկրների կայունությանը, այլև լուրջ մարտահրավեր է նետում ողջ միջազգային հանրությանը, միջազգային անվտանգային հակամարգին։ Դա է այն գլխավոր պատճառներից մեկը, որ Արցախի դեմ ագրեսիայի նախաձեռնման այս ողջ պատկերում միջազգային հանրությունը հասցեագրում է Անկարային և ոչ թե Ադրբեջանին։

Ռազմական գործողությունների վերսկսման հարցում պատասխանատու համարելով Անկարային, ըստ էության, միջազգային հանրությունն անուղղակիորեն վերահաստատում է, որ պատերազմը վերսկսել է ադրբեջանական կողմը։ Նման մոտեցման համար հիմք է ծառայում երկու երկրների միջև սերտ գործակցությունը և մասնավորապես՝ Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած անվերապահ ու բազմակողմանի աջակցությունը։

Մյուս կողմից, անհրաժեշտ է նշել, որ նման միջնորդավորված գնահատականները պայմանավորված են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների զգուշավոր դիրքորոշմամբ։ Խնդիրն այն է, որ առայսօր Մինսկի խմբի համանախագահության հայտարարությունները հասցեական չեն և չեն նշում, թե, ի վերջո, ո՞վ է սկսել ռազմական գործողությունները, ո՞վ է պատերազմի անմիջական պատասխանատուն։

Հիմնական պատճառներից մեկն այն է, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այդպես էլ չի հաջողվել ներդնել սահմանային միջադեպերի ու լարվածության արձանագրման հետաքննական մեխանիզմներ, որոնք թույլ կտան բացահայտել լարվածությունը հրահրող կողմին։ Հետաքննական մեխանիզմների ներդրման հարցը եղել է վերջին տարիներին Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի կարևորագույն կետերից մեկը։ Ինչպես գիտենք, ադրբեջանական կողմը շարունակաբար հրաժարվել է ընդառաջ գնալ սահմանին հետաքննական մեխանիզմների նեդրման գործընացի իրականացմանը։

Ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, հայկական կողմը մշտապես բարձրաձայնել է հետաքննող մեխանիզմների ներդրման, սահմանին փոխվստահության մթնոլորտի ամրապնդման անհրաժեշտությունն ու կարևորությունը, ինչը հնարավորություն կտա թուլացնել սահմանային լարվածութունը, նվազեցնել սահմանային միջադեպերը։ 

Հասկանալի է, որ հետաքննող մեխանիզմների ներդրումը հետագայում կարող է բարձրացնել արդեն հրադադարի ռեժիմը խախտող կողմի համար իրավաքաղաքական որոշակի պատասխանատվությունը։ Տարիներ շարունակ հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է հետ քաշել դիպուկահարներին։

Մինսկի խմբի համանախագահները նույնպես կարևորում են լրացուցիչ մեխանիզմների ներդրումը, մոնիթորինգային կարողությունների ընդլայնումը, սակայն դրանց իրագործման համար անհրաժեշտ է ունենալ բանակցող կողմերի համաձայնությունը։ Հոկտեմբերի կեսին հարցին կրկին անդրադարձավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը․ «Կրակի դադարեցման ռեժիմի պահպանման ուղղությամբ վերահսկման հարցերը սկզբունքային են։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններում նշվում է, որ հրադադարի պահպանման ուղղությամբ վերահսկողության մեխանիզմների մշակման հարցերը կդիտարկվեն հավելյալ, սակայն հարցը չի կարելի հետաձգել․ այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն կատարվում են»։ Ռազմական գործողությունների ընթացքում այդ վերիֆիկացիոն մեխանիզմների խնդիրը եղել է Ռուսաստանի և մյուս կողմից՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող քաղաքական խորհրդակցությունների կարևորագույն հարցերից մեկը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ «կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ»։

Նոյեմբերի սկզբին հրադադարի ռեժիմի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմներին կրկին անդրադարձավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրապ Մնացականայանը։ Նոյեմբերի 1-ին «Sputnik International»-ին տված հարցազրույցում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց․ «Հայաստանը մշտապես աջակցել է հրադադարի կայուն մշտադիտարկման գաղափարին, որը խաղաղ գործընթացում ներդրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի ընդլայնման և հրադադարի հետաքննության մեխանիզմի հաստատման վերաբերյալ, սակայն հետագայում Ադրբեջանը հրաժարվեց իրագործել այս պայմանավորվածությունը: Սա ի ցույց է դնում, որ ո՛չ երեկ և ո՛չ էլ այսօր Ադրբեջանը հետաքրքրված չէ կայուն և վերահսկելի հրադադարի հաստատմամբ։ Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումից՝ միաժամանակ առաջ տանելով կայուն հրադադարից հրաժարվելու և փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու հնարավորություն ընձեռնելու իր վաղեմի դիրքորոշումը»:

Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունների կապակցությամբ հայտարարություն տարածեց նաև ՀՀ ՊՆ-ը՝ վերահաստատելով պատրաստակամությունը պահպանելու հումանիտար հրադադարը․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները։ Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից»:

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարը կրկին անդրադարձավ վերիֆիկացիոն մեխանիզմների հարցին․ «Հրադադարի ռեժիմի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման ախատանքները շարունակվում են։ Վերիֆիկացիոն համակարգի ներդրումը թույլ կտա առավել արդյունավետությամբ իրականացնել այդ գործառույթը։ Այդ իմաստով, աշխատանքներն այսօր էլ ընթանում են, և մեզ անհրաժեշտ է դա իրագործել։ Դա ներկայում գերակա հարցերից մեկն է, քանի որ Ադրբեջանը, ուղղորդվելով Թուրքիայի կողմից, երիցս խախտել է ձեռքբերված պայմանավորվածությունները»։ Նշենք նաև, որ հրադադարի պահպանման կարևորության հարցին անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2020-ի հուլիսյան լարվածության ընթացքում․ «Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմամյա ռազմական հռետորաբանությունը սրվել է և նա ավելի ագրեսիվ կերպով սպառնում է Ղարաբաղի հարցը լուծել ուժային մեթոդներով, բացահայտ կերպով ի ցույց դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացը վիժեցնելու իր մտադրությունը: Մենք բոլորս պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից և պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը պետք է շարունակվի և Ադրբեջանն ի վերջո պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի»:

Ե վ այսպես, ներկայացնենք միջազգային հանրության հիմնական արձագանքները, որտեղ ուղղակի կամ անուղղակի հասցեական նշում են ռազմական գործողությունների պատասխանատու կողմին։

Արաբական աշխարհում Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների շուրջ արձագանքները նույնպես գլխավորապես միջնորդավորված են, և հաճախակի են նշում, որ արաբական համերաշխության համար առաջին սպառնալիքն այլևս ոչ թե Իսրայելն է, այլ՝ Թուրքիան։ Հետևապես, Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունների վերաբերյալ արաբական տարբեր երկրների արձագանքներն ու հայտարարությունները, որպես կանոն, ուղղված են գլխավորապես Թուրքիայի դեմ։ Մյուս կողմից, արաբական երկրները, ըստ էության, չունեն ուղղակի ներգրավվածություն կամ ուղիղ շահեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ գործընթացներում, և այս ուղղությամբ արաբական երկրների դիրքորոշումը պայմանավորված է ստեղծված իրավիճակում Թուրքիայի ներքաշման իրողությունով։

Սիրիան առաջին և առայժմ միակ պետությունն էր, որն իրերը կոչեց իրենց անունով․ Սիրիայի նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ Անկարան է պատասխանատու Արցախի դեմ ռազմական գործողությունների համար։ Հոկտեմբերի սկզբին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հարցազրույցներից մեկում անդրադարձավ տարբեր տարածաշրջաններում Թուրքիայի ահաբեկչական գործունեությանը, այդ թվում՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային. «Էրդողանն աջակցել է ահաբեկիչներին Սիրիայում, Լիբիայում։ Նա է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին բախումների գլխավոր հրահրողն ու նախաձեռնողը։ Էրդողանի վարքագիծը վտանգավոր է տարբեր պատճառներով․ առաջին հերթին այն արտացոլում է «Մուսուլման եղբայրներ» ծայրահեղ ահաբեկչական խմբավորման մոտեցումը, երկրորդ՝ Էրդողանը պատերազմներ է հրահրում տարբեր տարածաշրջաններում՝ շեղելու հանրության ուշադրությունը Թուրքիայի ներքին խնդիրներից, և առաջին հերթին՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ իր՝ մեծ աղմուկ բարձրացրած կապերից։ Սա է Էրդողանի նպատակը, ինչը և վտանգավոր է։ Թուրքիան օգտագործում է տարբեր երկրներից Սիրիա եկած ահաբեկիչներին, այդ թվում՝ Լիբիայում։ Կարող ենք վստահաբար ասել, որ Թուրքիան սիրիացի և այլ ազգության ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղում»։

Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ Արաբական պետությունների լիգան։ Լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը հայտարարեց, որ Կովկասյան և Միջերկրածովյան տարածաշրջաններում լարվածությունը խորացնելու գործում Թուրքիայի դերակատարությունը վատ հետևանքներ է ունենալու այդ երկրի համար․ «Թուրքիան բախվում է տարածաշրջանային խաղացողների ու գերտերությունների հետ, ինչը վատ է վերջանալու Թուրքիայի և նրա ղեկավարության համար։ Թուրքիայի նախագահ Էրդողանը ռազմական տեսանկյունից միջամտում է Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի ներքին գործերին։ Էրդողանը նաև միջամտել է Կովկասում Ադրբեջանի ու Հայաստանի միջև բախումներում։ Անկարան առճակատվել է Հունաստանի ու Կիպրոսի հետ և ագրեսիա իրականացրել Արևելյան Միջերկրածովի գազային հանքավայրերի ուղղությամբ, ինչը ստիպեց Ֆրանսիայի պես խոշոր ու ազդեցիկ պետությանը կործանիչներ ու ավիակիր ուղարկել Կիպրոս»։

Այդ հասցեականությունն ընդգծվում է նաև Վաշինգտոնի և մասնավորապես՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայատարարություններում։ Հոկտեմբերի 14-ին պետքարտուղար Պոմպեոն հայտարարեց․ «Այդ մասին զրուցել եմ նախագահ Թրամփի հետ.․․։ Տեսնում ենք, որ կան քաղաքացիական զոհեր։ Տեսնում ենք, որ Թուրքիան սկսել է ուժեղացնել Ադրբեջանին․ մենք կոչ ենք արել բոլոր միջազգային խաղացողներին չներքաշվել տարածաշրջան, չշարունակել խորացնել խնդիրը»։ Հոկտեմբերի 15-ի հարցազրույցում Պոմպեոն կրկին անդրադարձավ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին․ «Այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանում ու Հայաստանում, վտանգավոր է։ Թուրքերը ներքաշվել են և ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը, մեծացնելով կրակը Լեռնային Ղարաբաղ կոչվող այս տարածքի համար պատմական մարտում․ այն փոքր տարածք է, 150 հազար բնակչությամբ։ Այս հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների և խաղաղության շուրջ երկխոսության ճանապարհով, և ոչ թե զինված հակամարտությամբ, և հաստատապես՝ առանց երրորդ երկրների, որոնք իրենց կրակային ուժը տրամադրում են մի վայրում, որն արդեն վառոդի տակառ է։ Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ որ անում են ադրբեջանցիները, և հետո նրանք բոլորը հրադադար կունենան, այնուհետև կնստեն բանակցային սեղանի շուրջ ու կփորձեն լուծել այդ իսկապես պատմական ու բարդ խնդիրները»։  

Հետևելով ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություններին՝ կարող ենք արձանագրել մի քանի իրողություն․

  • առաջին իսկ արձագանքներից կոչ է արվում արտաքին ուժերին չմիջամտել հակամարտությանը․ կարծում ենք, որ այս ուղերձի հասցեատերը Անկարան է, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր չէ, հետևաբար համարվում է արտաքին ուժ։ Հայտարարությունում «արտաքին ուժեր» ձևակերպման ներքո, իհարկե, կարելի է հասկանալ նաև Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը։  
  • պետքարտուղար Պոմպեոյի հետագա հայտարարություններում, սակայն, արդեն բացահայտ ընդգծվում է «արտաքին ուժեր» ձևակերպման հասցեատերը։ Հոկտեմբերի 14-ին տված հարցազրույցում Պոմպեոն հասցեական նշեց, թե որ կողմն է ներքաշվել տարածաշրջան ու խորացնում խնդիրը, որ կողմն է ուժեղացնում Ադրբեջանին։
  • ռազմական գործողություններին Թուրքիայի ներքաշման փաստը վերահաստատվեց Պոմպեոյի՝ հոկտեմբերի 15-ին արված հայտարարությունում՝ բաց տեքստով ընդգծելով, որ «Թուրքիան ռեսուրսներ է տրամադրում» Բաքվին։
  • հետաքրքիր ուղերձ ու ենթատեքստ կար պետքարտուղարի վերջին հայտարարությունում․ «Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ որ անում են ադրբեջանցիները»։ Ըստ էության, ԱՄՆ պետքարտուղարն ընդունում է, որ ռազմական գործողությունները նախաձեռնել է Ադրբեջանը, Ադրբեջանն է հարձակվող կողմը, իսկ արցախյան կողմը պաշտպանվում է։

Հոկտեմբերի վերջին Սենատոր Բոբ Մենենդեսն երկու բանաձև ներկայացրեց ԱՄՆ կոնգրես՝ կոչ անելով դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը, որտեղ դարձյալ անդրադարձ կար Թուրքիային. «Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան՝ Թուրքիայի լիակատար աջակցությամբ, արդեն հանգեցրել է տարածաշրջանում քաղաքացիական բնակչության շրջանում ցավալի զոհերի և մարդու իրավունքների սարսափելի խախտումների։ Միացյալ Նահանգները չի կարող շարունակել օգնություն տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային անվտանգության և սպառազինության ոլորտում, քանի որ նրանք գնալով ավելի ու ավելի են հեռացնում տարածաշրջանը խաղաղությունից»:

Հոկտեմբերի վերջին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն Ներկայացուցիչների պալատ ներկայացրեց բանաձև՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը․ «Արցախի պատմությունը շատ նման է Ամերիկայի պատմությանը՝ ազատ ժողովրդի հաղթանակ օտար տիրապետության հանդեպ: Այդ հանրապետության քաղաքացիները մարմնավորում են մեր Անկախության հռչակագրի բառերը, որոնք հաստատվել են ամերիկացիների և ամբողջ աշխարհի համար՝ կառավարության իշխանությունը բխում է ժողովրդից․․․: Այսօր ամենակարևորն այն է, որ, Արցախի քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց՝ Իսլամական պետության դաշնակիցների կողմից հրթիռների և ռումբերի անձրևի պարագայում, ազատությունը չի նշանակում միայն պատմությունը պատվել կամ կիրառել օրենքները: Ազատությունն Արցախի գոյատևման միակ պատասխանն է: Անջատում՝ հանուն փրկության, որը հիմնված է պատմության, օրենքների և գոյատևման վրա: Արցախը չպետք է վերադառնա Ադրբեջանի կազմ: Կոչ եմ անում, որպեսզի ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը»։

Ռ ազմական գործողությունների ընթացքում հնչեցին նաև տարածաշրջանային ու միջազգային որոշ հայտարարություններ՝ հստակ նշելով, որ ագրեսիան իրականացրել է Ադրբեջանը։ Հոկտեմբերի 9-ին Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև․ «Ներկայացուցիչների պալատը դատապարտել է նաև Թուրքիայի լիակատար աջակցությունն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու խաղաղ բանակցություններ վարել»: Հոկտեմբերի 12-ին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը  հայտարարեց, որ առիթ է ունեցել ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի իր գործընկերներին տեղեկացնել Թուրքիայի նոր ապօրինի գործողությունների մասին: «Բացատրեցի նաև ակնհայտը՝ թե ով է տարածաշրջանում բոլոր խնդրահարույց իրավիճակների հրահրողը՝ Լեռնային Ղարաբաղ, Սիրիա, Իրաք, Կիպրոս, Միջերկրական ծովի հարավ-արևելքում։ Այդ բոլորի հրահրողը Թուրքիան է։ Թուրքիան հանդես է գալիս որպես տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարող գործոն։ Ընդդեմ միջազգային իրավունքի, ընդդեմ Եվրոպական խորհրդի եզրակացությունների»։ Հոկտեմբերի 16-ին Երևանում Մնացականյան-Դենդիաս համատեղ ասուլիսին Հունաստանի արտգործնախարարը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, ընդգծեց, որ Անկարայի միջամտությունը ևս մեկ հակամարտությունում շատ մտահոգիչ է:

Հունաստանի 5 քաղաքների քաղաքապետարանների խորհուրդները Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունները դատապարտող բանաձևեր ընդունեցին։ Նեապոլի-Սիկիես քաղաքապետարանի քաղաքային խորհրդի բանաձևում ասված է, որ այս անգամ ադրբեջանական բանակի հարձակումները հատում են սահմանային գծերն ու այժմ թիրախավորում են բնակելի քաղաքներն ու գյուղերը, դպրոցներն ու խաղաղ բնակչությունը: Սալոնիկի քաղաքային խորհուրդն իր հերթին բանաձև ընդունեց՝ դատապարտելով Ադրբեջանի անառարկելի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, հայ ժողովրդի դեմ։ Քաղաքային խորհուրդը դիմել է երկրի կառավարությանը․ «Որպես Սալոնիկի քաղաքապետարան ու քաղաքային խորհուրդ, կոչ ենք անում Հունաստանի կառավարությանը, ԵՄ-ին ու միջազգային հանրությանը ստանձնել ցանկացած նախաձեռնություն` քաղաքական և դիվանագիտական մակարդակներով, դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի տարածք Ադրբեջանի անընդունելի ռազմական ներխուժումը»։

Նոյեմբերի սկզբին Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև ընդունեց՝ ի աջակցություն և ի համերաշխություն հայ ժողովրդին․ «Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումն ԱՀ և ՀՀ վրա»։

Նոյեմբերի սկզբին ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահներ Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ) և Ալբերտ Վայլերը (Քրիստոնա-դեմոկրատական միություն) բաց նամակով դիմեցին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական այլ պատասխանատուների դեմ. «Մենք վկայակոչում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումները, որ հանգեցրել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի: Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի վերջին գերմանական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ իր կողմից սանձազերծված պատերազմի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերին տեղահանելն է: Սա էթնիկ զտում է, ինչը, որպես ռազմական հանցագործություն, պետք է դատապարտել: Որպես պատժամիջոցներ պետք է կիրառվեն հաշվեհամարների սառեցումը, ԵՄ մուտքի արգելքը, եվրոպական ավիաընկերություններից օգտվելու արգելքը, ինչպես նաև գերմանական և եվրոպական բանկերի հետ գործարքների խզումը»:

Հոկտեմբերի կեսերին Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի անկախությունը և դատապարտեց Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: Միջնորդությամբ քաղաքային խորհուրդը հանձնարարեց Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին՝ խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձև․ «Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը, ․․․արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ. սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռանային Ղարաբաղը, կոչ է անում կառավարությանը` հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին, դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցության, աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994. մայիսին կնքված զինադադարի սկզբունքները»:

Ա րցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող կոչերով հայկական կողմը օպերատիվ աշխատանքներ սկսեց միջազգային հանրության, միջազգային տարբեր կառույցների ու կազմակերպությունների հետ՝ ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից։ Սեպտեմբերի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Ալբանական նախագահության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը մանրամասն ներկայացրեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով նախաձեռնած լայնածավալ հարձակումների մասին։ Դեսպանը շեշտեց, որ Ադրբեջանի ագրեսիան նախապես ծրագրված էր՝ ներկայացնելով բազմաթիվ փաստեր, և որ Ադրբեջանը պատրաստվում էր ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։ Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ դեսպան Պապիկյանը վերահաստատեց Հայաստանի անվերապահ աջակցությունը համանախագահների մանդատին ու գործունեությանը։

Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հեռահար ձևաչափով հանդիպմանը միացել էր նաև ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում  օպերատիվ իրադրությունը: Նախարար Մնացականյանը ընդգծեց, որ չնայած հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով համատեղ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում իր հանձնառությունը և շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքերի դիտավորյալ թիրախավորումը։ Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց տեղում վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց:

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր կոմիտեի 71-րդ նստաշրջանին հանդես եկավ ելույթով։ Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձավ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին․ «Ադրբեջանի ագրեսիան, որը վայելում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը, սպառնալիք է գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը, իսկ դրա արդյունքը կարող է հանգեցնել տարածաշրջանային հումանիտար ճգնաժամի»:

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը հաղորդել էր, որ Երևանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության ֆոնին Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու հետ։ Դատարանը ՀՀ դիմումի հիման վրա կայացրեց միջանկյալ միջոցի կիրառման որոշումն առ այն, որ Թուրքիան պետք է զերծ մնա քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։

Թուրքիան իր հերթին դիմել էր ՄԻԵԴ-ին՝ իր նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ, ինչը ՄԻԵԴ-ը մերժել էր՝ ուժի մեջ թողնելով ՀՀ դիմումի հիման վրա կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումը։

Նոյեմբերի 6-ին Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակեցին համատեղ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ:  «Համատեղ ուսումնասիրությունները հաստատել են, որ հրկիզող զինատեսակն օգտագործվել է Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ՝ առաջացնելով երկարաժամկետ ծանր հետևանքներ խաղաղ բնակչության և շրջակա միջավայրի համար: