Հայաստան-Ճապոնիա․ գործընկերության 33 տարիներ՝ ընդհանուր արժեքների հենքով
8 ր. | 2025-06-10Հարցազրույց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտակայի հետ
Հ այաստանն ու Ճապոնիան այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակը։ Երկկողմ կապերը զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում։ Այս բացառիկ հարցազրույցում մենք խոսել ենք Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, Ն․Գ․ Աոկի Յուտակայի հետ։ Անդրադարձել ենք երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին, Ճապոնիայի հարավկովկասյան քաղաքականությանը, Հայաստանի և հայ ժողովրդի մասին այդ երկրում քաղաքական և հանրային ընկալումներին և հետագա համագործակցության հնարավորություններին։
– Ձերդ գերազանցություն, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ճապոնիայի հարաբերությունների ներկա մակարդակը՝ հաշվի առնելով վերջին բարձրաստիճան փոխայցելությունները, մասնավորապես՝ Հայաստանի ԱԽ քարտուղարի, ԱԺ փոխնախագահի, նախկին նախագահների այցերը Ճապոնիա, և նաև 2018 թվականին Ճապոնիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան։ Ինչպիսի՞ ազդեցություն են ունեցել այս շփումները երկկողմ հարաբերությունների ամրապնդման վրա։
– Ճապոնիայի և Հայաստանի հարաբերություններն այս պահին զարգացման փուլում են։ Ճապոնիան գնահատում է այն ջանքերը, որ Հայաստանը գործադրում է ժողովրդավարության և թափանցիկության ամրապնդման ուղղությամբ։ Մենք հասկանում և աջակցում ենք Հայաստանի որդեգրած ուղղությունն ու անկեղծորեն ցանկանում ենք աջակցել թե՛ Հայաստանի կառավարությանը, և թե՛ նրա ժողովրդին։
Ամենակարևորը՝ մեր երկու երկրները կիսում են այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այսօր, երբ որոշ ավտորիտար երկրներ անտեսում են միջազգային նորմերն ու օրենքները, այս ընդհանուր հանձնառությունը հատկապես կարևոր է։ Այս համատեքստում էական է համերաշխությունը նման մտածողությամբ երկրների միջև, ինչպիսիք են Ճապոնիան և Հայաստանը։
Ճապոնիան հանձնառու է երկկողմ համագործակցության խորացմանը, իսկ բարձրաստիճան փոխայցելությունները նշանակալի դեր են խաղում կապերի ամրապնդման գործում։ Օրինակ՝ հենց անցած շաբաթ ՀՀ ԱԺ փոխնախագահն այցելել էր Ճապոնիա, որտեղ նա մասնակցել էր «Էքսպո 2025, Օսակա» ցուցահանդեսին և հանդիպումներ ունեցել ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Դուք հիշատակեցիք նաև ՀՀ ԱԽ քարտուղարի այցը Ճապոնիա, կարծեք՝ նախորդ տարի սեպտեմբերին էր։ Ինչևէ, նա հանդիպեց կարևոր անձանց, այդ թվում՝ իր գործընկերոջը՝ Ճապոնիայի ազգային անվտանգության քարտուղարության գլխավոր քարտուղարին։ Դա շատ հաջողված այց էր, որը նշանավորվեց մի շարք կարևոր հանդիպումներով: Այսօրինակ երկխոսությունը խիստ կարևոր է փոխըմբռնման համար։
Միաժամանակ մենք ակնկալում ենք, որ այս տարվա «Էքսպո 2025, Օսակա» ցուցահանդեսի շրջանակում, որը տեղի է ունենում ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, Հայաստանից բարձրագույն մակարդակով պաշտոնական այց կլինի Ճապոնիա։
– Որքա՞ն կարևոր են Հայաստանի հետ հարաբերությունները Ճապոնիայի հարավկովկասյան քաղաքականության համատեքստում։ Ինչպիսի՞ մարտահրավերներ ու հնարավորություններ է տեսնում Ճապոնիան տարածաշրջանում, և ի՞նչ ռազմավարական շահեր ունի այստեղ։
– Նախ թույլ տվեք համառոտ բացատրել, թե ինչպես է Ճապոնիան ընդհանուր առմամբ ընկալում Հարավային Կովկասի երեք երկրները։ Կարծում եմ՝ դա կարող է օգնել ավելի պարզ դարձնելու իմ մեկնաբանությունը։
Աշխարհաքաղաքական առումով Հայաստանը շրջապատված է երեք մեծ ուժերով՝ Ռուսաստան, Իրան և Թուրքիա։ Ճապոնիան հասկանում է, որ այդ երկրներն ունեն շատ բարդ պատմական անցյալ։ Այս համատեքստում մենք իրատեսական և հասկանալի ենք համարում Հայաստանի՝ որպես անկախ պետություն կայանալու որոշումը՝ կայացված 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, և անվտանգության հարցում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ջանքերը։
2018 թվականին հայ ժողովուրդն իրականացրեց այն, ինչ հայտնի է որպես թավշյա հեղափոխություն։ Այդուհետ նոր կառավարությունն աշխատում է ավելի ժողովրդավարական և թափանցիկ պետություն դառնալու ուղղությամբ։ 2020 և 2023 թվականների Լեռնային Ղարաբաղի հակամարտություններից հետո Հայաստանը նաև փորձում է դիվերսիֆիկացնել իր անվտանգային կապերն ու փնտրում է նոր գործընկերներ։ Սա է իրավիճակի մեր հիմնական ըմբռնումը։
Մենք նաև գիտակցում ենք, որ Հայաստանն այժմ գտնվում է պատմական շրջադարձային փուլում՝ միաժամանակ բախվելով բազմաթիվ լուրջ մարտահրավերների։
Այս համատեքստում, Ճապոնիան, ինչպես շատ արևմտյան երկրներ, ընդլայնում է իր աջակցությունը Հայաստանին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականներին: Օրինակ՝ 2023 թվականին, իր մարդասիրական օգնության առաջին փուլի շրջանակներում, Ճապոնիան 1 միլիոն ԱՄՆ դոլար հատկացրեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ փախստականների առաջնահերթ կարիքները բավարարելու համար, ինչպիսիք են կացարանը և սնունդը։
Այժմ, որպես երկրորդ փուլ, Ճապոնիան ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ աշխատում է մոտավորապես 3 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ նախագծի վրա, որի նպատակն է զարգացնել սոցիալական ենթակառուցվածքներն ինչպես փախստականների, այնպես էլ ընդունող համայնքների համար:
– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Ճապոնիայի տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը։ Կարո՞ղ եք առանձնացնել տնտեսական համագործակցության առանցքային ոլորտներից մի քանիսը։
– Նախ պետք է նշեմ, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա աշխարհագրական էական հեռավորությունը որոշակի սահմանափակումներ է ստեղծում երկու երկրների տնտեսական հարաբերությունների համար։ Ճապոնիան Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական համագործակցության (APEC) անդամ է և նրա հիմնական առևտրային գործընկերներն են Չինաստանը, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Հարավային Կորեան և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) երկրները, որոնք կազմում են ընդհանուրի 65%-ը, մինչդեռ ԵՄ երկրները միասին՝ ընդամենը 10%-ը։
Այդուհանդերձ, ցանկանում եմ ընդգծել, որ Ճապոնիան աջակցում է ՀՀ վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Ճապոնիայի տեսանկյունից, Հայաստանի գլխավոր աշխարհաքաղաքական առավելություններից է նրա ռազմավարական դիրքը՝ Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում։
Սա հատկապես արդիական է այժմ, երբ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո Ճապոնիան կիրառեց տնտեսական պատժամիջոցներ։ Դրա հետևանքով մենք այլևս չենք կարողանում որոշակի տրանսպորտային երթուղիների համար օգտագործել Ռուսաստանի տարածքը։
Նույն կերպ, Սուեզի ջրանցքի և Կարմիր ծովի մերձակայքում անվտանգային ռիսկերն էլ ազդել են ավանդական ծովային փոխադրումների վրա։ Այս ամենը գնալով կարևոր է դարձնում Միջին միջանցքը կամ Արևելք - Արևմուտք միջանցքը։
Օրինակ՝ միայն մի քանի ամիս առաջ Չինաստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով ու Վրաստանով անցնող տարանցիկ ուղիով Toyota ընկերության պահեստամասեր ուղարկվեցին Ճապոնիայից Թուրքիայում գտնվող Toyota-ի նոր գործարան։
Եթե Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացվի, կարծում եմ, որ Հայաստանը ներուժ կունենա ամրապնդելու իր տնտեսական կապերը ոչ միայն Թուրքիայի, այլև ԵՄ-ի և անգամ Ճապոնիայի հետ։
– Հաշվի առնելով Հայաստանի ՏՏ և նորարարության էկոհամակարգի արագ զարգացումը՝ տեսնո՞ւմ եք ավելի խորը համագործակցության ներուժ հայկական և ճապոնական տեխնոլոգիական ոլորտների միջև։
– Դուք հարցրել էիք ներկայիս համագործակցության կարևոր ոլորտների մասին։ Այո՛, ՏՏ-ն իսկապես կարող է լինել այդ ոլորտներից մեկը։ Այս բնագավառում, տարածությունն էական խոչընդոտ չէ, այդպես չէ՞։
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) վերջերս սկսել է Հայաստանի և Ճապոնիայի ՏՏ ընկերությունների միջև կապեր հաստատելու մի նախագիծ։ Առաջին փուլում կազմակերպվել է առցանց սեմինար՝ ճապոնական ՏՏ ընկերությունները ներկայացնելու նպատակով։ Իմ տեղեկություններով՝ JICA-ն նաև փորձագետներ է ուղարկել Հայաստան, որոնք ներկայացրել են Ճապոնիայի ՏՏ ոլորտը և սեմինարներ անցկացրել հայկական ընկերությունների համար։ Ծրագրի վերջնանպատակը հայկական և ճապոնական ՏՏ ընկերությունների միջև իրական բիզնես համագործակցություն ստեղծելն է։
– Պրն․ դեսպան, Հայաստանը և Ճապոնիան ունեն մշակութային, կրթական, պատմական կապեր, որոնք, թեև ընդարձակ չեն, սակայն խորքային են ու արժեքավոր։ Հայ-ճապոնական փոխառնչությունների պատմությունն ուսումնասիրելիս կարելի է հանդիպել այնպիսի նշանավոր հայ գործիչների անուններ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը, Գոհար Գասպարյանը, Սիլվա Կապուտիկյանը։ Այս կապերը նպաստել են մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման խորացմանը․․․
– Այո՛, այո՛՝ «Դիմակահանդեսը»։ Ես իսկապես շատ եմ սիրում Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»։
Գիտե՞ք, 2009 թվականին հայտնի ճապոնացի գեղասահորդ Ասադա Մաոն գլխավոր մրցանակի արժանացավ գեղասահքի Գրան պրիի եզրափակչում՝ ելույթ ունենալով Խաչատրյանի «Դիմակահանդես» ստեղծագործության ներքո։
— Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել Հայաստանի և Ճապոնիայի ժողովուրդներին ավելի մերձեցնելու համար։ Մշակութային և կրթական կապերն ակնհայտորեն զարգանում են՝ այնպիսի հրաշալի նախաձեռնություններով, ինչպիսիք են Գունմայում ԹՈՒՄՈ կենտրոնը և Հայաստանում ճապոներենի և ճապոնական մշակույթի ծրագրերը։ Կա՞ն ջանքերն ընդլայնելու ծրագրեր։
— Դեսպանատունն ամեն տարի խթանում է ճապոնական մշակույթը Հայաստանում՝ կինոփառատոների, շրջիկ ցուցահանդեսների և մշակութային ծրագրերի միջոցով։ Այս տարի սեպտեբերին նախատեսում ենք մանգայի և Հոկուսայի ցուցահանդես անցկացնել, հոկտեմբեր-նոյեմբերին՝ ճապոնական ֆիլմերի փառատոն կլինի, իսկ նոյեմբերին՝ օրիգամիի ցուցահանդես։ Մենք կազմակերպել ենք նաև ճապոնական և հայկական ավանդական երաժշտական գործիքների կատարումով համերգ։ Դեսպանատունը զարգացնում է նաև փոխշփումը սոցիալական մեդիայով։ Մենք գրեթե ամեն օր Ֆեյսբուքում հրապարակումներ ենք կատարում՝ կապված ճապոնական մշակույթի հետ և ունենք հետևոդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Կրթության հետ կապված՝ հայերի համար կան տարբեր հնարավորություններ Ճապոնիայում ուսանելու համար։ Դեսպանատունն ամեն տարի անցկացնում է կառավարության կրթաթոշակի մրցույթ՝ դեսպանատան կողմից առաջադրվող թեկնածուների համար։
Ճապոնիայի ԱԳՆ-ն Հայաստանի կառավարությանը տրամադրում է դիվանագետների և քաղծառայողների համար ճապոներենի վերապատրաստման հնարավորություն։
Ներկայումս ճապոներենի ծրագրեր են առաջարկվում Հայ-ռուսական համալսարանում և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում, իսկ ճապոնական մշակույթը կարելի է ուսումնասիրել Երևանի պետական համալսարանում։ Մեր երկրների միջև գործում է նաև բազմամյա համագործակցություն մշակութային ժառանգության պահպանման ոլորտում։
Եվ այո՛, ես ամեն ջանք կգործադրեմ՝ այս և այլ բազմաթիվ նախաձեռնություններ էլ ավելի ընդլայնելու համար։
—Երբ հայացք ենք նետում առաջիկա տասնամյակին, ի՞նչ հիմնական ուղղություններ կամ ռազմավարական նպատակներ եք տեսնում Հայաստան–Ճապոնիա հարաբերությունների համար։
– Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ Հայաստանը և Ճապոնիան ունեն ընդհանուր արժեքներ։ Միանման մտածող երկրների համերաշխությունը մեր օրերում ավելի ու ավելի մեծ կարևորություն է ստանում։ Այս համատեքստում Ճապոնիան հանձնառու է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացմանը։
Ճապոնիայի կառավարությունն այժմ ընդլայնում է իր աջակցությունը Հայաստանին։ Անցած շաբաթ ես մասնակցեցի երկու համայնքային միջոցառման։ Մեկը նշանավորեց Մարմաշեն գյուղում նոր ՏՏ դպրոցի հիմնադրումը, իսկ մյուսը՝ գյուղատնտեսական ուսումնական կենտրոնի բացումը։
Բացի այդ, երեկ ես մասնակցեցի Կոտայքի մարզում հրշեջ փրկարարական նոր հենակետի բացման արարողությանը, որին ներկա էին ներքին գործերի փոխնախարարը և Կոտայքի մարզպետը։
Դրանից մեկ օր առաջ Արարատի մարզում մասնակցեցի երեք բուժհաստատությունների բացման արարողությունների, որ կյանքի էր կոչվել ՄԱԿ-ի ԶԱԾ-ի (UNDP) հետ համատեղ նախագծի շրջանակում։
– Ձերդ գերազանցություն, Ձեր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում սկսել եք 2023 թվականին։ Ի՞նչ տպավորություններ ունեք մեր երկրի և ժողովրդի մասին։
– Այո՛։ Իմ հայ և ճապոնացի ընկերներն ու գործընկերները՝ հատկապես նրանք, ովքեր քաջատեղյակ են մեր երկրներից, հաճախ ասում են, որ մեր երկու ազգերը բազմաթիվ ընդհանրություններ ունեն։ Սա առանցքային կետ է։ Օրինակ՝ մեր երկու երկրներն էլ ունեն շատ յուրահատուկ մշակույթ, ավանդույթներ և լեզու՝ բավականին տարբեր հարևան երկրներից։ Նաև կարծում եմ, որ հայերն ու ճապոնացիները առատաձեռն, բարեսիրտ և քաղաքավարի են։ Մեր քաղաքներն ու փողոցները մաքուր են և շատ ապահով։ Համաձայն չե՞ք ինձ հետ։
Հաճախ ասում են, որ ճապոնացիները սիրում են Ֆուձի լեռն այնպես, ինչպես հայերը՝ Արարատը։
Թե՛ Ճապոնիան, և թե՛ Հայաստանը բնական ռեսուրսներով հարուստ չեն, բայց չափազանց հարուստ են մարդկային տաղանդով։ Այս նմանությունները և դրանից բխող համակրանքը ամուր հիմք են ստեղծում բարեկամական հարաբերությունների համար։
Ես իսկապես վայելում եմ իմ աշխատանքը որպես Ճապոնիայի դեսպան Հայաստանում։ Եվ ինչպես արդեն նշեցի, ամեն ինչ կանեմ, որ ավելի շատ ճապոնացիներ իմանան Հայաստանի մասին, և միևնույն ժամանակ՝ հայերն էլ ավելի լավ ճանաչեն Ճապոնիան։ Սա չափազանց կարևոր է մեր բարեկամական հարաբերությունները խորացնելու համար։
– Ի՞նչ ուղերձ կցանկանաք հղել հայ ժողովրդին։
– Ես իսկապես կցանկանամ, որ հայ ժողովուրդն ավելի լավ ճանաչի Ճապոնիան, ինչպես նաև ավելի լավ հասկանա Ճապոնիայի կառավարության քաղաքականությունը։
– Ձերդ գերազանցություն, շնորհակալություն այս կարևոր հարցազրույցի համար։