ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան եռանկյունին որպես տարածաշրջանային գործոն
6 ր. | 2025-06-252 024 թվականի հուլիսին ԱՄՆ նախագահական ընտրություններին դեռ կես տարի էր մնացել, սակայն Ադրբեջանի վարչակարգը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, արդեն կատարել էր իր ընտրությունը։ Հուլիսի 22-ին Ալիևը ելույթ ունեցավ Շուշիում անցկացվող «Գլոբալ մեդիաֆորումի» ժամանակ, որտեղ էլ բացահայտեց այդ ընտրությունը։ Ադրբեջանական կողմը մինչ այդ բազմիցս քննադատել էր ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին՝ մեղադրելով նրան «հայամետության» համար, սակայն այս ելույթում Ալիևը փաստացի փորձեց վերջնականապես խզել կապերը դեմոկրատական վարչակարգի հետ՝ ամբողջությամբ իր ընտրությունը կատարելով Հանրապետականների և նրանց թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին։ Հատկանշական է, որ Թրամփի ընտրվելուց հետո նրան առաջինը շնորհավորածներից մեկը հենց Ալիևն էր։
Դոնալդ Թրամփն արդեն ավելի քան վեց ամիս է ԱՄՆ նախագահն է, սակայն այդքան սպասված «ձնհալը» ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում դեռ տեսանելի չէ։ Չնայած Թրամփի հանդեպ ադրբեջանական մեդիայի ակնհայտ համակրանքին՝ ԱՄՆ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, որն արգելում է Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի կառավարությանը ուղղակի օգնություն տրամադրելը, շարունակում է գործել։ Զգալի տեղաշարժեր չկան նաև այլ ոլորտներում։ Կարելի է խոսել Ադրբեջանի՝ ԱՄՆ ուղղությամբ վարած քաղաքականության ձախողման մասին, սակայն վերջին շրջանում ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում զգալի ակտիվություն է ցուցաբերում Իսրայելը։
Թվում է, թե Իսրայելի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին վաղուց է հայտնի, սակայն նրանց համագործակցության այլ ուղղություններն այնքան հայտնի չեն։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է էներգետիկ ոլորտին, որտեղ Ադրբեջանը դարձել է Իսրայելի հիմնական գործընկերը։ Վերջերս լուրեր տարածվեցին, որ պետական նավթագազային ընկերություն SOCAR-ը մեծացնում է իր ներկայությունը իսրայելական շուկայում և առաջին անգամ պատմության ընթացքում զբաղվելու է արտերկրում հանքավայրի շահագործմամբ։
Հարաբերությունների խորացումն ունի նաև այլ դրսևորումներ, որոնց մասին բացահայտ խոսվում է ադրբեջանական և իսրայելական մեդիահարթակներում։ Նշվում է, որ Իսրայելը ստանձնել է միջնորդի դեր ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերություններում։ Մասնավորապես, իսրայելական «Jerusalem Post»-ը գրել էր, որ Իսրայելը լոբբինգ է իրականացնում, որպեսզի ԱՄՆ-ն ստորագրի ռազմավարական համագործակցության պայմանագիր Ադրբեջանի հետ։ Միաժամանակ քննարկվում է Ադրբեջանի՝ Աբրահամյան համաձայնագրերին միանալու հնարավորությունը, որոնք կնքվում են Իսրայելի և մահմեդական երկրների միջև։ Թե որքան արդյունավետ կլինի իսրայելական լոբբինգը, դեռ վաղ է ասել, սակայն այսօր արդեն նկատվում է այս ուղղությամբ ակտիվ աշխատանք, ինչը չի գոհացնում տարածաշրջանի մյուս դերակատարներին։
Թուրքիա
Թ ուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները մշտապես եղել են շատ բարձր՝ կամ, ինչպես իրենք են սիրում նշել, «եղբայրական» մակարդակի, սակայն նույնիսկ ամենամոտ դաշնակիցների միջև երբեմն խնդիրներ են ի հայտ գալիս։ Հիշարժան է անցած տարվա հեռակա բանավեճը, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսեց 44-օրյա պատերազմում Թուրքիայի բանակի դերի մասին, իսկ ադրբեջանական մեդիան կոշտ արձագանքեց։ Սակայն այժմ գլխավոր խնդիրն արդեն Իսրայելն է և Ադրբեջանի սերտ կապերը այդ երկրի հետ։ Թուրքիան առայժմ հրապարակայնորեն չի բարձրաձայնում այս հարցը, բայց որոշ դժգոհության նշաններ արդեն երևում են։ Այս տարվա մայիսին, երբ նախատեսված էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցը Ադրբեջան, կողմերը նախապես համաձայնեցրել էին թռիչքի համար Թուրքիայի օդային տարածքի օգտագործումը, սակայն վերջին պահին Թուրքիան արգելեց դա, ինչի հետևանքով այցը չկայացավ։
Թուրքիան ավելի կոշտ քայլեր չի ձեռնարկում իր «կրտսեր» դաշնակցին Իսրայելից հեռու պահելու համար, ինչը կարելի է բացատրել մի քանի գործոններով։ Նախ՝ կարծես թե «կրտսեր եղբայրը» այլևս համաձայն չէ այդ դիրքավորմանը։ Ադրբեջանը տարիներ շարունակ մեծացրել է իր ազդեցությունը Թուրքիայում՝ դառնալով վերջինիս ամենամեծ օտարերկրյա ներդրողը (SOCAR-ի միջոցով)։ Բացի այդ, Թուրքիան իր էներգետիկ ռեսուրսների զգալի մասը ստանում է հենց Ադրբեջանից։
Իրան
Ի րանի պարագայում իրավիճակն ավելի բարդ է։ Եթե Թուրքիան և Իսրայելը գոնե չեն սպառնում միմյանց գոյությանը, ապա Իրանի և Իսրայելի լարվածությունը շարունակաբար աճում է՝ հասնելով գագաթնակետին 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո։ Վերջին տարվա ընթացքում կողմերը նույնիսկ հարվածներ են հասցրել միմյանց տարածքներին, իսկ հունիսի 13-ից լայնածավալ օդային պատերազմ էր սկսվել Իրանի և Իսրայելի միջև։ Այս պահին ակտիվ ռազմական գործողություններ արդեն չկան, սակայն այս թեժ հակամարտությունը ամեն պահի կարող է կրկին պայթել։
Այս ֆոնին հետաքրքիր է դիտարկել Իրանի քաղաքականությունը Ադրբեջանի հանդեպ։ Ինչպես Թուրքիայի դեպքում, այստեղ ևս բացահայտ մեղադրանքներ Ադրբեջանի հասցեին Իսրայելի հետ համագործակցության համար գրեթե չկան, սակայն Իսրայելի և Իրանի միջև վերջին սրացումների ժամանակ մամուլում հայտնվում են որոշակի մեղադրանքներ Ադրբեջանի հասցեին, որտեղ խոսվում է այն մասին, որ Ադրբեջանն աջակցում է Իսրայելին։ Որոշ փորձագետներ նույնիսկ նշում են, որ Ադրբեջանը պատրաստ է Իսրայելին տրամադրել պլացդարմ Իրանի դեմ հարձակման համար։
Իրան-Ադրբեջան հարաբերությունների արդի էտապում ուշագրավ էր նաև Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցն Ադրբեջան և հանդիպումն Ալիևի հետ։ Հանդիպման տեքստերից ու ասուլիսից տպավորություն էր ստեղծվում, որ միջին երկրի ղեկավար Փեզեշքիանը հանդիպում է գերտերության ղեկավար Ալիևի հետ։
Այս ամենը բացատրություններ ունի։ Նախ՝ Իրանի տարածքում բնակվում է մեծաթիվ էթնիկ ադրբեջանցիներ, ինչը սպառնալիք է երկրի ազգային անվտանգության համար։ Ադրբեջանը հետևողականորեն աշխատում է այս խմբի հետ՝ ամրապնդելով նրանց ինքնությունը։
Երկրորդ պատճառը Ադրբեջանի աշխարհագրական դիրքն է և Իրանի՝ ծանր պատժամիջոցների տակ լինելը։ Քիչ երկիր է պատրաստ խորը համագործակցություն ունենալ Իրանի հետ, որոնցից է Ռուսաստանը, որի հետ ցամաքային կապը հնարավոր է միայն Ադրբեջանի միջոցով։ Իրանի հաղորդակցության գլխավոր նախագծերից «Հյուսիս-Հարավը» նույնպես անցնում է Ադրբեջանի տարածքով։ Երկրները խնդիրներ ունեն նաև Կասպից ծովի ավազանի հարցում։
Այսպիսով, առայժմ ձևավորվել է իրավիճակ, որ Ադրբեջանը կարողացել է մեղմել իր հարևանների մտահոգությունները Իսրայելի հետ հարաբերությունների կապակցությամբ։
Վերջերս սկսված Իրան-Իսրայել ռազմական գործողոթյունների պարագայում առայժմ Ադրբեջանը դրսևորում է հավասարահեռ դիրքորոշում, ինչը հենց սպասելի էր ելնելով Ադրբեջանի արտաքին քաղաքականությունից։ Չնայած Իսրայելի հետ շատ սերտ համագործակցությանը, Ադրբեջանը խուսափում է բացահայտ աջակցություն հայտնել և նույնիսկ հայտարարություններից մեկում քննադատել է իսրայելական կողմին հարձակման համար։
Վերադառնալով ԱՄՆ-ին
Ա կնհայտ է, որ ԱՄՆ-ը չէր քննարկի խոր համագործակցությունը Ադրբեջանի հետ նույնիսկ իսրայելական լոբբին հաշվի առնելով, եթե չունենար սեփական ռազմավարական շահերը տարածաշրջանում։ Այդ շահերից առաջինն Իրանի զսպումն է։ Ուժեղ Ադրբեջանը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար կարող է դիտարկվել որպես սպառնալիք, ինչը համապատասխանում է նաև ԱՄՆ շահերին։ ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան ընդհանուր շահերի համատեքստում կարող ենք նշել, որ մարտին իսրայելական հանրահայտ Jerusalem Post կայքում տեղ էր գտել մի հոդված, որտեղ նշվում էր, որ Իսրայելը պետք է սկսի աջակցել «Հարավային Ադրբեջանի» ժողովրդին, քանի որ սա Իրանի համար կարող է լուրջ խնդիր դառնալ։ Աջակցության վերջնական նպատակ էր դիտարկվում «Հարավային Ադրբեջանի» միացումը բուն Ադրբեջանին։ Հասկանալի է, որ այս թեզը, ամենայն հավանականությամբ, հրեական աղբյուրները օգտագործել են բացառապես քարոզչական նպատակներով և այն ուղիղ կապ չունի հենց ԱՄՆ-ի հետ։ Սակայն նման թեզի շահագործումը ևս մեկ անգամ հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի դերը կարող է դիտարկվել որպես Իրանին զսպելու գործիք։
Այլ համատեղ շահերի թվում հարկ է նշել Ադրբեջանի տարանցիկ դերը Միջին Ասիայի երկրների հետ կապերում։ Վերջերս աճել է միջազգային հետաքրքրությունը Միջին Ասիայի հանդեպ, և այս համատեքստում Ադրբեջանը դիտարկվում է որպես հարմար գործընկեր ԱՄՆ-ի համար։
Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց Ադրբեջանը կարող է դիտարկվել ոչ միայն որպես զսպման գործոն Իրանի, այլև Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության համար։ Վերջին ամիսներին նկատվում է, որ ադրբեջանական պաշտոնյաներն ու մեդիան հաճախ բավական կոշտ քննադատության են ենթարկում ռուսական կողմին՝ առանց էական հակազդեցության։
Այս ամենից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ թեև ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում առայժմ ակնհայտ առաջընթաց չկա, կողմերը մի շարք հարցերում ունեն համընկնող կամ մոտ դիրքորոշումներ։ Եթե այս ամենին գումարենք Իսրայելի միջնորդական դերը և Թրամփի վարչակազմի վարած քաղաքականությունը, ապա առաջիկա 2-3 տարիների ընթացքում հարաբերությունների զարգացման հավանականությունը բավականին մեծ է։