Արգելված զինամթերք` Արցախի դեմ

10 ր.   |  2020-11-05

2 008 թվականի մայիսին Դուբլինում ընդունվեց Կասետային զինամթերքի համաձայնագիրը (Convention on Cluster Munitions), որն արգելում է կասետային ռումբերի կիրառումը։ Այն ուժի մեջ մտավ 2010 թվականի օգոստոսի 1-ին։

Այսօր համաձայնագիրը ստորագրել է 108 պետություն․ 14 պետություն թեև ստորագրել է, սակայն առայսօր չի վավերացրել։ Կոնվենցիային չեն միացել կասետային զինամթերքի խոշորագույն մշակող, արտադրող ու տիրապետող պետություններ, այդ թվում՝ Բրազիլիան, Իսրայելը, Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները։

Կասետային զինամթերքի Կոնվենցիայի Հոդված 2-ի 2-րդ կետի համաձայն, «կասետային զինամթերք» նշանակում է այն սովորական զինամթերքը, որը նախատեսված է պայթուցիկ ենթառազմամթերքի արտանետման կամ տարածման համար, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մինչև 20 կգ և ներառում է այդ պայթուցիկ ենթառազմամթերքներ»։ Կոնվենցիայի Հոդված 1-ի համաձայն, կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է երբեք և ոչ մի հանգամանքում ՝

ա/ չկիրառել կասետային զինամթերք,

բ/ չմշակել, չարտադրել, այլ ճանապարհով ձեռք չբերել, չկուտակել, չպահպանել և ուղղակի կամ անուղղակի ճանապարհով չփոխանցել կասետային զինամթերք որևէ այլ կողմի։

Կոնվենցիայի մասնակիցները պարտավորվում են փաստաթղթի ուժի մտնելուց հետո 8 տարվա ընթացքում ոչնչացնել կասետային զինամթերքի ազգային ողջ զինանոցն ու պաշարները, իսկ 10 տարվա ընթացքում՝ այդ զինամթերքն ամբողջությամբ դուրս բերել երկրի տարածքից։  

Հոդված 3-ի 6-րդ կետում նշվում է․ «Չնայած սույն կոնվենցիայի Հոդված 1-ով նախատեսված դրույթների, թույլատրվում է կասետային զինամթերքի ու պայթուցիկ ենթառազմամթերքների սահմանափակ քանակությամբ պահպանումն ու ձեռքբերումը՝ կասետային զինամթերքի ու պայթուցիկ ենթառազմամթերքի հայտնաբերման մեթոդների մշակման, դրանց ոչնչացման, այդ մեթոդների ուսուցման կամ դրանց հակազդման միջոցների մշակման նպատակներով»։

Ռ Դ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, կոնվենցիայով նախատեսված արգելքն ամբողջությամբ չի տարածվում կասետային զինամթերքների վրա։ Մասնավորապես թույլատրվում է կիրառել այնպիսի կասետային ռումբեր, որոնք համալրված են 10 և ավելի քիչ ենթառազմամթերքով, եթե յուրաքանչյուր ռազմամթերքի քաշը գերազանցում է 4 կգ-ը, ինչպես նաև այն ռումբերը, որոնք նախատեսված են մեկանգամյա թիրախների խոցման համար և հագեցած են ինքնաոչնչացման էլեկտրոնային մեխանիզմներով։ 

2008-ի դեկտեմբերին Կասետային զինամթերքի կոնվենցիայի ստորագրման կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ռուսաստանը չի կարող հրաժարվել կասետային զինամթերքի կիրառումից, սակայն պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ զինատեսակի կիրառման բացասական հետևանքների հաղթահարման գործում․ «Մենք ելնում ենք այն սկզբունքային գծից, որ կասետային զինամթերքը օրինական զինատեսակ է, որը չի արգելվում միջազգային հումանիտար իրավունքով և այն էական դեր ունի Ռուսաստանի պաշտպանական շահերի համար»։ ՌԴ ԱԳՆ-ն նաև հստակեցրեց, որ չնայած այդ տեսակի զինամթերքի նկատմամբ արգելքին, Կոնվենցիան այնուամենայնիվ թույլատրում է որոշ տեսակի, այսպես կոչվող, «բարձրտեխնոլոգիական» կասետային ռումբերի կիրառումը, որոնք գտնվում են մշակման փուլում կամ արդեն իսկ արտադրվել են ոլորտի առաջատար երկրներում․ «Ընդ որում, դա կատարվում է այդ զինատեսակների «հումանիտար տեսանկյունից պակաս վտանգավորության» պատրվակով»։ Կարծում ենք, որ այս հարցում Մոսկվայի դիրքորոշումը պայմանավորված է Վաշինգտոնի հետ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային հակասություններով, որը նույնպես չի միացել Կոնվենցիային։

Փաստացի, մի շարք պետություններ չեն միանում կոնվենցիային, քանի որ ռազմական գործողություններին արգելված զինամթերքի կիրառման օգտակար գործողության գործակիցը բարձր է։ Երկրորդ՝ միանալով Կոնվենցիային, առանձնացված երկրները կզրկվեն արգելված զինամթերքի արտադրությունից, մատակարարումներից։ Տարբեր հակամարտություններում կասետային (ֆոսֆորային) զինամթերքի կիրառումը վերահաստատում է, որ ըստ էության, գործում է արգելված զինամթերքների սև շուկա․ կամ էլ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ինչպես Կոնվենցիային միացած, այնպես էլ չմիացած երկրներում արգելված զինամթերքների ազգային պաշարների հաշվառման վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմներ չկան։

Անշուշտ, միանալով համապատասխան կոնվենցիաներին, պետությունները հանձնառություն են ստանում հաշվետու լինել կասետային, ինչպես նաև ֆոսֆորային զինանոցի ազգային պաշարների վերաբերյալ, ինչը հավելյալ իրավաքաղաքական խնդիրներ է առաջացնում։

Ըստ էության, արգելված զինամթերքի կիրառության ուղղությամբ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու ինստիտուտները, որպես կանոն, սահմանափակվում են դատապարտող հայտարարություններով․ արգելված զինամթերքի կիրառության վերաբերյալ ապացույցները շարունակում են մնալ փաստահավաք առաքելության շրջանակում։

Կ ասետային զինամթերք կիրառվել է տարբեր հակամարտություններում, այդ թվում՝ 20-րդ դարի վերջին տասնամյակներում։ Human Rights Watch կազմակերպության տվյալներով, 1991-ին  Պարսից ծոցի պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը արձակել են 60-80 հազ․ կաստերային ռումբ։ ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական տվյալներով, 2001-2002թթ․ Պենտագոնը Աֆղանստանում կիրառել է 1,2 հազ․ կասետային ռումբ, որոնք պարունակել են շուրջ 248 հազ․ ենթառազմամթերք։ 2006-ի պատերազմի ընթացքում Իսրայելը Լիբանանի հարավային շրջաններում կիրառել է մի քանի հազար կասետային զինամթերք։ Human Rights Watch-ը 2008-ին մեղադրեց Վրաստանին ու Ռուսաստանին Հարավային Օսեթիայի հակամարտությունում կասետային զինամթերք կիրառելու համար, սակայն Ռուսաստանը չընդունեց այդ մեղադրանքները։

Նշենք, որ կասետային ռումբը պարունակում է հարյուրավոր ենթառազմամթերք, որոնք հիմնական ռումբի պայթյունի ժամանակ տարածվում են մեծ հեռավորությամբ։ ՄԱԿ փորձագիտական տվյալներով, ենթառազմամթերքի շուրջ 40%-ը անմիջապես չի պայթում՝ այդպիսով դառնալով հետևակի ու խաղաղ բնակչության համար ականներ։

2014-ին ՌԴ ՊՆ-ն հրապարակեց փաստեր՝ Ուկրաինայի իշխանությունների կողմից այդ երկրի հարավարևելյան շրջանների բնակչության նկատմամբ կասետային ու ֆոսֆորային զինամթերքի կիրառման մասին։ 2016-ին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին մեղադրեց Սիրիայում կասետային ռումբեր օգտագործելու համար։

Կասետային զինամթերքից բացի, արգելվում է նաև ֆոսֆորային զինամթերքի կիրառումը, որը նույնպես սահմանվում է ՄԱԿ-ի, Ժնևյան կոնվենցիաներով։

Կասետային զինամթերքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, Ժնևյան կոնվենցիաները սահմանափակում են պատերազմական մեթոդների ու միջոցների ընտրության իրավունքը՝ չթույլատրելով արգելված զինատեսակների կիրառումը՝ համարելով դրանք մահաբեր: Այդ զինատեսակներն ունեն ոչ ընտրողական ազդեցություն (indiscriminate effect) և վտանգում են խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, պատճառում լրացուցիչ վնասներ ու տառապանքներ: 

Որոշ տվյալներով, 2004-ին ֆոսֆորային զինամթերք կիրառել է Պենտագոնը Իրաքում ռազմական գործողություններից մեկի ժամանակ։ Այս արգելված զինատեսակը կիրառվել է Իսրայելի կողմից 2006-ին Լիբանանում՝ Հեզբոլլահ խմբավորման դեմ գործողությունների ժամանակ։

2009-ին ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը, Amnesty international ևHiman rights watch իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրեցին Իսրայելին Գազայի հատվածի խիտ բնակեցված շրջաններում 2008-ին «Թափվող արճիճ» օպերացիայի ընթացքում ֆոսֆորային զինամթերքի կիրառման մեջ։ Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարեց, որ երկրի զինված ուժերը կիրառել է ծխացող զինամթերք, որը պարունակում է սպիտակ ֆոսֆոր․ ըստ Թել Ավիվի, ռազմական օբյեկտների նկատմամբ կիրառության ժամանակ դրանք թույլատրելի են միջազգային իրավունքի տեսակյունից։ Նշենք նաև, որ ֆոսֆորային զինամթերք կրում են տարբեր նշանակության զինատեսակները՝ հրթիռային, հրետանային միջոցները, օդուժը և այլն։

Հ ոկտեմբերի 7-ին Կասետային զինամթերքի կոնվենցիայի նախագահող Շվեյցարիան հայտարարություն տարածեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կասետային զինամթերքի ենթադրյալ կիրառման մասին։ Հայատարարությունում մասնավորապես նշվում էր․ «Շվեյցարիան, որպես կասետային զինամթերքի կոնվենցիայի նախագահող երկիր, խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կասետային զինամթերքի ենթադրյալ կիրառման մասին հաղորդագրություններով։ Շվեյցարիան կոչ է անում կողմերին ամբողջությամբ հարգել միջազգային հումանիտար իրավունքը և զերծ մնալ կասետային զինամթերք կիրառելուց, որոնք անխտիր ու անհամաչափ ազդեցություն են թողնում քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական օբյեկտների վրա։ Շվեյցարիան ցավում է, որ կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց 10 տարի անց կասետային զինամթերքը շարունակում է կիրառվել։ Մտահոգված լինելով հումանիտար հետևանքներով, Շվեյցարիան դատապարտում է որևէ կողմից կասետային զինամթեքրի ցանկացած կիրառում։ Շվեյցարիան կոչ է անում պետություններին միանալ կոնվենցիային»։

Նշենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը չեն միացել Կասետային զինամթերքի կոնվենցիային։ Կոնվենցիային չմիանալը չի նշանակում, որ տվյալ պետությունը կարող է կիրառել կասետային զինամթերք․ դրա կիրառումն արգելված է բոլոր դեպքերում։ 

Հոկտեմբերի սկզբին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ արեց պահպանել մարդասիրական իրավունքը, զերծ մնալ քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին վնաս հասցնելուց։ Նա խորը մտահոգություն հայտնեց ռազմական գործողությունների ընթացքում կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ․ «Նման զինամթերքի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի»։ Հանձնակատարը կոչ արեց Հայաստանին եւ Ադրբեջանին միանալ ավելի քան 100 պետություններին, որոնք վավերացրել են կասետային զինամթերքի մասին կոնվենցիան:

Հոկտեմբերի սկզբին Amnesty International կազմակերպությունը հաստատեց, որ իսրայելական արտադրության կասետային զինամթերք է հայտնաբերվել Ստեփանակերտ քաղաքի մոտակայքում, որն ընկել էր բնակելի շրջանում և կիրառվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Կազմակերպության Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գրասենյակի  ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևի խոսքով, «կասետային ռումբերի օգտագործումը ցանկացած դեպքում արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով, հատկապես վտանգավոր է դրանց կիրառումը քաղաքացիական տարածքների ուղղությամբ․․․»։

Հոկտեմբերի 22-ին հարցին անդրադարձավ իսրայելական Haaretz պարբեկարանը, ըստ որի Իսրայելը կիրառել է կասետային ռումբեր դեռևս 1973-ի «Ահեղ դատաստան» և 1982-ի լիբանանյան առաջին պատերազմների ընթացքում։ Հրապարակման մեջ նշվում էր, որ Իսրայելում կասետային զինամթերքի արտադրությամբ զբաղվում է գլխավորապես երկու ռազմարդյունաբերական ընկերություն՝ Israel military Industries և Rafael advanced defense systems-ը։ Համաձայն մի շարք զեկույցների՝ նախկինում Իսրայելը կասետային զինամթերք է մատակարարել Միացյալ Նահանգներին, Գերմանիային, Հնդկաստանին, Ռումինային, Շվեյցարիային, Թուրքիային, Մեծ Բրիտանիային, Դանիային, Նորվեգիային և այլն։ Որոշ զեկույցների համաձայն, սակայն, Israel military Industries-ի կողմից արտադրված կասետային զինամթերքի վաճառքի արտերկրի շուկայի ամենախոշոր հասցեատերը Ադրբեջանն է։ Ընդ որում, այդ մակատարարումների զգալի մասը, եթե ոչ բոլորը, իրականացվել են մինչ Կասետային զինամթերքի կոնվենցիայի ուժի մեջ մտնելը։

Հոկտեմբերի 23-ին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց հրապարակեց, ըստ որի ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի շրջաններում: 2020թ․-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում իրականացված հետաքննության ընթացքում Human Rights Watch-ը փաստագրել է չորս դեպք, երբ Ադրբեջանը կասետային զինամթերք է օգտագործել․ «Կասետային զենքի օգտագործումը հատկապես բնակեցված վայրերում ցույց է տալիս, որ բացահայտորեն անտեսվում է քաղաքացիական անձանց անվտանգությունը։ Կասետային զենքը երբեք չպետք է որևէ մեկի կողմից օգտագործվի ոչ մի պարագայում, առավել ևս քաղաքներում, քաղաքացիական անձանց նկատմամբ` կանխատեսելի ու անընդունելի վնասներ հասցնելու պատճառով»։

Հոկտեմբերի ընթացքում HRW-ի մասնագետները Լեռնային Ղարաբաղում ուսումնասիրել են Ստեփանակերտի ու Հադրութի դեմ կիրառված կասետային հրթիռների ու ռումբերի հարվածների հետևանքները, պայթած զենքի մնացորդները, լուսանկարներն ու տեսանյութերը։ Կազմակերպությունը փաստագրել է նաև իսրայելական արտադրության LAR-160 հրթիռի, Mo95 ռումբի մնացորդները, վերջինիս վարդագույն ժապավեններ, չպայթած մասեր։ Այդ հարձակումների հետևանքով վնասվել են բնակելի շատ տներ, մասնավոր շենք-շինություններ:


Աղբյուրը՝ https://www.hrw.org/hy/news/2020/10/23/376836
Ստեփանակերտ․ Mo95 երկակի նշանակության հրթիռի հարվածի բնորոշ հետքը գետնին՝ իր վարդագույն գույնի ժապավենով

Վերջերս Ադրբեջանը հայտարարեց, որ, իբր թե, հայկական կողմը կասետային զինամթերք է կիրառել Ադրբեջանի Բարդա քաղաքի ուղությամբ։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատեց, որ «Հայաստանը երբևէ չի դիտարկվել կասետային զինատեսակներ կուտակող երկիր․ կասետային զինատեսակների արտադրության հետ կապված առաջնային դերակատարություն մեր տարածաշրջանում ունի Թուրքիան, որտեղից Ադրբեջանը ստանում է իր զենքը»։  

ՀՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 2-ին «Ադրբեջանը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով երկու անգամ հրթիռակոծել է Արցախի Հադրութ քաղաքը: Կասետային մարտագլխիկներով հրթիռակոծության արդյունքում վնաս է հասցվել քաղաքացիական բնակչությանը։ Այսպիսի հարձակումները անթույլատրելի ռազմական ագրեսիա է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Եվ՛ Ժնևյան կոնվենցիաները, և՛ Կասետային զինամթերքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան հստակ սահմանափակում են պատերազմելու մեթոդների ու միջոցների ընտրության իրավունքը՝ չթույլատրելով նման վտանգավոր զինատեսակների կիրառումը: Միջազգային իրավական փաստաթղթերը և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքն արգելում են կասետային զինատեսակների կիրառումը՝ դրանք համարելով մահաբեր և անմարդկային (inhuman): Նշված զինատեսակներն ունեն ոչ ընտրողական ազդեցություն (indiscriminate effect) և վտանգում են խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, պատճառում լրացուցիչ վնասներ ու տառապանքներ: Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է շահագրգիռ միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքներով զբաղվող բոլոր միջազգային կազմակերպություններին՝ արձագանքելու և հանդես գալու հստակ և աներկբա կոչերով ադրբեջանական կողմի նման ագրեսիվ ու անմարդկային վարքագիծը դադարեցնելու համար: Կասետային զինատեսակների կիրառումը ոչ միայն անթույլատրելի է հասցված անմիջական վնասների տեսանկյունից, այլ նաև լրջորեն վտանգավոր ապագա սերունդների առողջության համար»:

ԱՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, ադրբեջանական զինված ուժերը, հոկտեմբերի 2-ին դիտավորյալ և թիրախային հարվածել են Ստեփանակերտի քաղաքացիական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Նախքան միջադեպը, Ադրբեջանը կիրառել է կասետային հրթիռներով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Հադրութ քաղաքի քաղաքացիական նշանակության օբյեկտների վրա, որի հետևանքով վիրավորվել է երեք անձ: Սա այս օրերին քաղաքացիական նշանակության օբյեկտների դեմ կասետային զենքի կիրառման առաջին դեպքը չէր, ինչը նույնպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:

Վ երջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը Արցախի ուղղությամբ քանիցս կիրառում են նաև ֆոսֆորային զինամթերք, որը հաստատում են մի շարք ապացույցներ։ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հաղորդեց, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի,  սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է, և բացի հայկական ուժերին վնասներ պատճառելուց, առաջացնում է մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում բնապահպանական աղետի իրական վտանգ ստեղծում:

ՀՀ ՄԻՊ գրասենյակը նոյեմբերի 2-ին հայտարարեց, որ «Ադրբեջանի զինված ուժերն Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման, 
քիմիական տարրեր պարունակող զինատեսակ։ Հրապարակվեցին տվյալներ ֆոսֆոր պարունակող զինատեսակի մասին։ Մի շարք հրապարակումներ նշվեց, որ խոսքը կարող է լինել այլ քիմիական նյութեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի մասին։ Ցանկացած պարագայում պետք է արձանագրել առնվազն հետևյալը.

1) կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ,

2) այն պարունակում է քիմիական տարրեր,

3) զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է 
զանգվածային հրդեհներ ու ավերածություններ․․․

Այս զինատեսակի օգտագործումը ու այն էլ նման պայմաններով արգելված է 
միջազգային իրավունքով»: