ԽՍՀՄ-ը Հայաստանի և Վրաստանի հասարակական դիրքորոշումներում
19 ր. | 2020-10-26Խնդիրը
Փ ափուկ ուժը հայեցակարգերի և գործիքակազմերի համակարգ է, որի նպատակն է՝ կազմավորել, վերակազմավորել, կառավարել և վերահսկել մարդկանց մտքերը և դրանց միջոցով՝ մարդկանց վարքը։ Փափուկ ուժի կարևորագույն թիրախներից է մարդկանց գիտակցությունում աշխարհի պատկերը՝ աշխարհի հիմնական կառուցվածքային օբյեկտների, դրանց նշանակության, դրանց միջև հարաբերությունների և դրանց միջոցով կազմավորվող իմաստների համակարգը։
Աշխարհի պատկերի ձևավորման և սերունդների գիտակցությունում վերարտադրության տեսակետից կարևոր տեղ է զբաղեցնում ժողովրդի պատմական հիշողությունը, որի կարևորագույն տարրերից է, թե ո՞վ է թշնամին և ո՞վ է բարեկամը։ Այդ պատճառով՝ փափուկ ուժը կիրառողի ռազմավարությունների շարքում է ուժի կիրառման օբյեկտ հանդիսացող հասարակության պատմական հիշողության վերաձևավորումն իր նպատակներին համապատասխան։ Դա կատարվում է ժողովրդի պատմության հիմնական իրադարձությունների ընտրության, դրանց կապակցված սյուժեների կազմավորման, իրադարձությունների և ժամանակաշրջանների մեկնաբանության միջոցով։ Այդ փոխակերպումն իրականացնող հիմնական ագենտներն են կրթական համակարգը, հատկապես՝ դպրոցը և համալսարանը, ինչպես նաև՝ ինֆորմացիոն դաշտը կազմավորող սուբյեկտները։
Աշխարհամակարգում ԱՄՆ գերակայության թուլացման և 6-րդ տնտեսական կացութաձևին անցման պայմաններում, երբ սկսվել է աշխարհի ռեգիոնալացումը, ԱՄՆ կարևորագույն աշխարհաքաղաքական նպատակն է Մեծ տարածքների կազմավորման և համագործակցության արգելափակումը։ Դա վերաբերվում է նախ և առաջ Ռուսական, Չինական և Եվրոպական Մեծ տարածքներին։ Ռուսական և Եվրոպական Մեծ տարածքների միջև պատնեշ է կառուցվում Բալթիկ և Սև ծովերի միջև գտնվող հետխորհրդային պետությունների միջոցով, իսկ Ռուսական և Չինական Մեծ տարածքների միջև՝ այն ձևավորվում է Թուրքիայի, այլ թյուրքալեզու պետությունների և էթնիկ փոքրամասնությունների համախմբման միջոցով։
- Հայաստանի համար այդ պրոցեսը հույժ վտանգավոր է, քանի որ հզորացնում է Թուրքիայի ծավալապաշտական ռազմավարությունների ներուժը և Ադրբեջանի ռևանշիստական տրամադրությունները։
Ռուսական Մեծ տարածքի արգելափակման ռազմավարություններում փափուկ ուժի կիրառման նպատակներից է այդ տարածքի կազմավորման արժեքային-նորմատիվային հիմքերի խարխլումը, որի կարևորագույն խնդիրների շարքում է․
- Հետխորհրդային հասարակությունների պատմական հիշողությունում նրանց պատմության ԽՍՀՄ ժամանակահատվածի նսեմացումն ու դիվականացումը։
Հայ ժողովրդի պատմության առանձնահատկությունների պատճառով, հայ ժողովրդի պատմական հիշողությունում Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումների փոխակերպումը դժվար խնդիր է, քանի որ՝
- Ներկայիս հայերի էթնիկ աշխարհի պատկերում Ռուսաստանն իրենից ներկայացնում է «հովանավորող» էթնիկ կոնստանտի բովանդակությունը։[1]
Այդ բովանդակությունը կազմավորվել էր XVIII-XIX դարերում, երբ հայ ժողովրդի բաղձանքն էր իսլամական կայսրությունների լծից և նվաստացումներից ազատվելու համար անցնել քրիստոնյա կայսրի հովանավորության տակ։ Հայ ժողովրդի լայն զանգվածների շրջանում այդ դիրքորոշումը վերահաստատվեց 1920 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների հայ-թուրքական պատերազմի հետևանքով։ Հայաստանի բոլոր հայերը տուժել էին պատերազմներից և տեղահանություններից։ Նրանց զգալի հատվածը 1915 թ. և դրան հաջորդող տարիների ցեղասպանությունից մազապուրծ մարդիկ էին։ Ժողովրդի համար անհայտ էին Անդրկովկասում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքականությունները, միմյանց միջև քաղաքական պայմանավորվածություններն ու դրանց իրականացման ռազմավարությունները։ Ժողովրդի համար կար մեկ կենսական հարց՝ ինչպե՞ս փրկվել թուրքական վտանգից։ Իսկ այդ հարցն ուներ մեկ պատասխան՝ փրկիչը Ռուսաստանն է։
Արդի Հայաստանի հասարակությունում Ռուսաստանի՝ որպես հովանավորի դերի փոխակերպման համար առանցքային նշանակություն ունի հայերի պատմական հիշողության այն ժամանակաշրջանը, երբ Հայաստանը գտնվում էր ԽՍՀՄ կազմում՝ 1920-1991 թթ.։
1920-1930-ականներին՝ 1915 թ. ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի համար, ԽՍՀՄ-ն ուներ երկու հիմնարար իմաստ։ Առաջինը՝ ԽՍՀՄ-ը Հայաստանի և հայ ժողովրդի համար՝ ֆիզիկական ապահովության տարածք էր և, երկրորդը՝ ԽՍՀՄ-ն արդար հասարակության տարածք էր։ Այս երկու իմաստներով էր պայմանավորված ամբողջ աշխարհի հայերի զանգվածային ներհոսքը Խորհրդային Հայաստան։[2]
ԽՍՀՄ կերպարը, որպես ֆիզիկական ապահովության տարածք, նորից վերահաստատվեց Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, երբ Թուրքիան Հայաստանի սահմանի վրա էր կենտրոնացրել 50 դիվիզիա և պատրաստվում էր ներխուժել Հայաստան և, իր ծավալապաշտական նպատակների իրականացման համար, ավարտել նաև հայերի ցեղասպանությունը՝ արդեն Արևելյան Հայաստանում։[3]
ԽՍՀՄ կազմում գտնվելու շնորհիվ հայ ժողովրդի գիտակցությունում հաղթահարվեցին 1915 թ․ ցեղասպանության հետևանքները՝ վախը Թուրքիայի նկատմամբ և զոհի բարդույթը, ինչը Ղարաբաղյան շարժման հաջողություն կարևորագույն գործոններից էին։ Այս համատեքստում կարևոր է նշել այն փաստը, որ 1993 թ․-ին, երբ սկսվեց հայկական ուժերի հաղթարշավը և Թուրքիան սպառնաց միջամտել պատերազմին, Ռուսաստանը սաստեց Թուրքիային՝ կանխարգելելով նրա ռազմական միջամտությունը պատերազմին։
Հետխորհրդային ժամանակաշրջանում, երբ Թուրքիան Հայաստանի համար նորից օբյեկտիվորեն վերածվեց №1 մահացու վտանգին, Արևմտյան փափուկ ուժը հայերի էթնիկ աշխարհի կերպարում, հատկապես երիտասարդության աշխարհի պատկերում, խարխլում էր Թուրքիայի՝ որպես թշնամու կերպարը։ Դրանով հայերի աշխարհի կերպարում Մեծ տարածքի բնութագրերում նվազում էր «անվտանգ» բաղադրիչի և աճում էր «բարեկեցիկ» բաղադրիչի նշանակությունն ու ձգողականությունը։ Քանի որ աշխարհի կերպարի բաղադրիչները փոխկապակցված են, այդ համակարգված քարոզչությունը, ուժեղացնում էր Ռուսաստանի, որպես «հովանավորի» կերպարի խարխլման ռազմավարությունը։
Ռուսական Մեծ տարածքն ունի երեք ժամանակային ձևեր՝ Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնություն։ 2019 թ․-ին Հայաստանի հասարակությունում չափահաս բնակչության մոտ կեսը՝ 48%-ը, 45 և ավելի տարեկանները, ապրել են ԽՍՀՄ ժամանակաշրջանում և ունակ են անձնական փորձով դատելու ԽՍՀՄ մասին։ Մյուս՝ երիտասարդ հատվածը՝ 52%-ը, սոցիալականացվել է հետխորհրդային ժամանակաշրջանում, երբ արևմտյան փափուկ ուժը ինֆորմացիոն դաշտում և կրթական համակարգում դիվականացվում էր ԽՍՀՄ կերպարը։
Նախորդ մի քանի հրապարակումներում դիտարկվել են հայերի էթնիկ աշխարհի կերպարին և դրա փոխակերպմանը վերաբերվող մի շարք հարցեր, այդ թվում՝ սոցիալիզմի և ՀԽՍՀ, որպես արդարության տարածքի, վերաբերյալ Հայաստանի հասարակության և, մասնավորապես, Հայաստանի երիտասարդության դիրքորոշումների դինամիկան։[4]
Ներկայացվող հոդվածում դիտարկվում են հայերի աշխարհի էթնիկ կերպարում Ռուսական Մեծ տարածքի՝ որպես «հովանավորի», էթնիկ կոնստանտի փոփոխությունը վերաբերվող մի քանի մասնակի հարցեր, այդ թվում․
- Հայաստանի հասարական գիտակցությունում ԽՍՀՄ փլուզման նկատմամբ դիրքորոշումների բնույթը և դինամիկան,
- ԽՍՀՄ փլուզումը դրական և բացասական համարող դիրքորոշումների փաստարկումները և
- Հայաստանի համար հույժ կարևոր հարցի՝ երկրից ընդմիշտ արտագաղթելու դիրքորոշման շաղկապվածությունը ԽՍՀՄ փլուզման նկատմամբ դիրքորոշման փաստարկումների հետ։
Այս հարցերն անուղղակիորեն առնչվում են Հայաստանի հասարակությունում «Ռուսական Մեծ տարածքը և Հայաստանի գոյութենական անվտանգության միջավայրը» կոնցեպտի հետ։
Հետազոտությունն իրականացվել է «Կյանքի որակը Հայաստանում» 2011 և 2013 թթ․ և Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոնների (ՀՌԿԿ) «Կովկասյան Բարոմետր 2019» տվյալների շտեմարաններով։ Վերջինն իրականացվել է Հայաստանում և Վրաստանում, ինչը հնարավորություն է ընձեռել դիտարկված հարցերի շրջանակում համեմատել Հայաստանի և Վրաստանի հասարակությունները։
Արդյունքներ
Խորհրդային Միության փլուզումը դրական էր, թե՞ բացասական
Չ նայած ԽՍՀՄ-պաշտոնական քարոզչությունը՝ մարդկանց գիտակցությունում ԽՍՀՄ-ը դիրքավորում էր որպես հավասար ազգերի կամավոր միություն, մարդկանց մեծամասնության համար ակնհայտ էր, ԽՍՀՄ-ը Ռուսաստանի շուրջը կազմավորված խորհրդային պետությունների միություն է։ ԽՍՀՄ-ը որպես Ռուսաստան էին ընկալում նաև միջազգային քաղաքագիտական և դիվանագիտական շրջանակները, որոնք իրենց խոսքում ԽՍՀՄ փոխարեն հաճախ օգտագործում էին՝ «ռուսները»։
- Հետևաբար, ԽՍՀՄ փլուզման նկատմամբ մարդկանց դիրքորոշումներն իրենց բովանդակությունում ոչ բացահայտ պարունակում են նաև Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումները։
Հայաստանում ԽՍՀՄ փլուզման նկատմամբ դիրքորոշումները համապետական ներկայացուցչական զանգվածային սոցիոլոգիական հետազոտության միջոցով ուսումնասիրվել են «Կյանքի որակը Հայաստանում» 2011 և 2013 թթ․ հետազոտություններում։ Կիրառվել է հետևյալ հարցը․ «Որքանո՞վ եք համաձայն, կամ որքանո՞վ համաձայն չեք, որ «Սովետական Միության փլուզումից մենք ավելի շատ բան կորցրեցինք, քան շահեցինք»։ Պատասխանների տարբերակներն էին․ «Բոլորովին համաձայն չեմ», «Ավելի շուտ համաձայն չեմ», «Ավելի շուտ համաձայն եմ» և «Լիովին համաձայն եմ»։
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների «Կովկասյան բարոմետր 2019» հետազոտությունում[5] անդրադարձ է կատարվել նույն խնդրին, սակայն հարցի այլ ձևակերպմամբ․ «Ըստ Ձեզ՝ Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի համար դրական էր, թե՞ բացասական»։ Պատասխանների տարբերակներն էին․ «Դրական» և «Բացասական»։
Նշված երեք հետազոտությունների տվյալները թույլ են տալիս գնահատել, թե ինչպես են փոխվել այդ դիրքորոշումները յոթ տարվա ընթացքում։
Գծապատկեր 1-ում տրված է «Կյանքի որակը Հայաստանում» 2011 և 2013 թթ․ հետազոտությունում ստացված արդյունքներն ըստ տարիքային խմբերի։ Այդ արդյունքները միմյանցից համարյա չեն տարբերվում։
Գծապատկեր 1
Տվյալները ցույց են տալիս, որ․
- 2013 թ.-ին ԽՍՀՄ նկատմամբ դրական դիրքորոշումները շատ տարածված էին՝ հասարակության 79%-ը համարում էր, որ ԽՍՀՄ փլուզումից իրենք ավելի շատ բան կորցրել է, քան՝ շահել։
Այդ դիրքորոշումը համեմատաբար ավելի տարածված էր ավագ տարիքի անձանց շրջանում և համեմատաբար պակաս տարածված՝ երիտասարդ տարիքային խմբերում։
«Կովկասյան բարոմետր 2019» հետազոտության արդյունքները Հայաստանում և Վրաստանում ներկայացված են Գծապատկեր 2-ում։[6]
Գծապատկեր 2
Տվյալները ցույց են տալիս, որ․
- Հայաստանում 2020 թ.-ին 2013 թ. համեմատ ԽՍՀՄ փլուզումը բացասական համարող սեգմենտը նվազել է երկու անգամ և դարձել է 40%։
ԽՍՀՄ փլուզման նկատմամբ դիրքորոշման տեսքն ըստ տարիքային խմբերի նույնն է, ինչ 2013 թ.-ին՝ երիտասարդների շրջանում այն դրական համարողների հարաբերական քանակն ավելի մեծ է, քան ավագ տարիքային խմբերում (Գծապատկեր 2):
Բացի դրանից, ինչպես և սպասելի էր․
- ԽՍՀՄ փլուզումը դրական համարողների հարաբերական քանակն ավելի մեծ է մայրաքաղաքներում, ավելի բարձր կրթամակարդակով և ավելի բարեկեցիկ շերտերում։
Հայաստանի և Վրաստանի տվյալների համեմատությունից երևում է, որ․
- Վրաստանում ԽՍՀՄ փլուզումը դրական գնահատող սեգմենտի ծավալը՝ 40.5%, մի փոքր զիջում է բացասական գնահատող սեգմենտի ծավալին՝ 42.8%, իսկ Հայաստանում՝ ԽՍՀՄ փլուզումը դրական գնահատող սեգմենտի ծավալը՝ 45.3%, ավելի մեծ է, քան բացասական գնահատող սեգմենտի ծավալը՝ և 39.7%։
Ուշադրության է արժանի այն փաստը, որ ինչպես 2011 և 2013, այնպես էլ 2020 թվականին. արդյունքներում․
- ԽՍՀՄ փլուզման վերաբերյալ կազմավորված կարծիք չունեն մեծամասամբ երիտասարդ տարիքի մարդիկ։
- Ժամանակի ընթացքում երիտասարդների շրջանում ԽՍՀՄ փլուզման վերաբերյալ ձևավորված կարծիք չունեցող անձանց քանակն աճել է։
Եթե 2013 թ.-ին ԽՍՀՄ փլուզման վերաբերյալ ձևավորված կարծիք չուներ Հայաստանի 18-30 տարեկան անձանց 16%-ը, ապա 2020-ին՝ 23%։ Այդ երևույթը նկատելի է նաև Վրաստանում՝ 2019 թ․-ին՝ ԽՍՀՄ փլուզման վերաբերյալ ձևավորված կարծիք չուներ 60 և ավելի տարեկանների 7%-ը, իսկ 18-30 տարեկանների՝ 24%-ը։ Այսինքն՝
- Երիտասարդության շրջանում ԽՍՀՄ փլուզման նկատմամբ դրական դիրքորոշումների աճը ցույց է տալիս փափուկ ուժի կիրառման արդյունավետությունը, իսկ այդ հարցի վերաբերյալ ձևավորված դիրքորոշում չունեցողների սեգմենտի աճը՝ ցույց է տալիս, երիտասարդության շրջանում պատմական հիշողության այդ ժամանակաշրջանի մասին խարխլվածության աստիճանը։
Ինչո՞ւ էր Խորհրդային Միության փլուզումը երկրի համար դրական և ինչո՞ւ բացասական
«Կովկասյան Բարոմետր 2019» հետազոտությունում առկա են երկու հարցեր, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել ԽՍՀՄ փլուզման նկատմամաբ դիրքորոշումների փաստարկները։
Այն անձանց, ովքեր ԽՍՀՄ փլուզումը համարել են դրական, հարց է տրվել․ «Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ էր Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի/Վրաստանի համար դրական»։ Իսկ այն անձանց, ովքեր ԽՍՀՄ փլուզումը գնահատել են բացասական հարց է տրվել․ «Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ էր Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի/Վրաստանի համար բացասական»։ Պատասխանները չեն հուշվել։ Ընդունվել է ոչ ավելի, քան երկու պատասխան։[7]
ԽՍՀՄ փլուզումը դրական համարողների փաստարկների բաշխումները տրված են Գծապատկեր 3-ում։ Տոկոսները՝ հաշվարկվել են ԽՍՀՄ փլուզումը դրական համարած հարցվողների քանակից։ Իսկ ԽՍՀՄ փլուզումը բացասական համարողների փաստարկները տրված են Գծապատկեր 4-ում։ Տոկոսները հաշվարկվել են ԽՍՀՄ փլուզումը բացասական համարողների քանակից։
Գծապատկեր 3
ԽՍՀՄ փլուզումը դրական համարողների ճնշող մեծամասնության համար՝ Հայաստանում 84%, Վրաստանում 83%, այդ դիրքորոշումը հիմնավորել է՝ «երկիրն անկախացավ» փաստարկով, այսինքն․
- «ԽՍՀՄ փլուզումը դրական էր» դիրքորոշումը հիմնված է անկախության, որպես արժեքի, բարձր գերակայությամբ։
Ըստ էության, ԽՍՀՄ փլուզումը դրական համարող անձանց համար այդ դիրքորոշումը, ոչ թե միայն փաստարկ է, այլ երկրի անկախացման հոմանիշ։
ԽՍՀՄ փլուզումը դրական համարող անձանց մնացած փաստարկները հիմնականում վերաբերվում են մարդու իրավունքներին, մասնավորապես՝ քաղաքական իրավունքներին («Մենք կարող ենք ընտրել մեր իշխանությունները», «Մարդիկ կարող են ազատորեն արտահայտել իրենց կարծիքը և դրա համար չհետապնդվել»), ազատ տեղաշարժի իրավունքին («Մենք կարող ենք ճամփորդել արտասահման»), մշակութային իրավունքներին («Մեր մշակույթը հնարավորություն ունի զարգանալու», «Մենք կարող ենք ավելի լավ պահպանել մեր լեզուն և մշակութային յուրահատկությունները»), տնտեսական իրավունքին՝ (ազատ ձեռներեցությամբ զբաղվել)։ Առանձին նշվել է մարդու իրավունքների պաշտպանվածությունը և քաղաքակրթական տարածքի ազատ ընտրությունը («Այժմ մենք հնարավորություն ունենք Արևմուտքին առավել մոտ գտնվելու»)։
- ԽՍՀՄ փլուզումը բացասական էր դիրքորոշման հիմնական փաստարկն է՝ մարդկանց բարեկեցության վատացումը,
Հայաստանում այդ դիրքորոշումն ունի ԽՍՀՄ փլուզումը բացասական համարողների 80%-ը, իսկ Վրաստանում՝ 64%-ը։
Գծապատկեր 4
Այդ փաստարկը լրացվում է հասարակության լայն շրջանակների աշխատանքի իրավունքի (աշխատատեղերի կրճատում), սոցիալական իրավունքների (անհավասարության խորացում, առողջապահության և կրթության առևտրայնացում, ԽՍՀՄ այլ հանրապետություններում ընկերների և բարեկամների հետ հարաբերությունների խզում, այդ երկրներ այցելությունների դժվարացում) և կյանքի իրավունքի (պատերազմների առաջացում, տարածքների կորուստ (Վրաստանում), քաղաքացիական պատերազմ (Վրաստանում), էթնիկ և կրոնական լարվածությունների առաջացում) փաստարկներով։
ԽՍՀՄ փլուզման և ընդմիշտ արտագաղթի դիրքորոշումները
Խ ՍՀՄ փլուզման նկատմամբ հասարակական դիրքորոշումները, ինչպես նաև մարդկանց աշխարհայացքում դրանք հիմնավորող փաստարկներն ունեն գործնական կիրառություններ՝ դրանք հուշում են, թե ի՞նչ ուղղություններով է անհրաժեշտ զարգացնել պետական կառավարումը և հասարակական գործընթացները։
Հայտնի է, որ երկրից ընդմիշտ արտագաղթը Հայաստանի կարևորագույն խնդիրների շարքում է։ Հայաստանում երկրից ընդմիշտ հեռանալու դիրքորոշումները և դրանք պայմանավորող գործոնները, մանրամասն ուսումնասիրվել են և գնահատվել։ Մասնավորապես, գնահատվել են ընտանիքի տնտեսական վիճակի, քաղաքական լոյալության, քաղաքական լարվածության, դասակարգային լարվածության, իրավական զրկանքների (դեպրիվացիայի), քաղաքացիական մշակույթի զարգացման աստիճանի, քաղաքական կուսակցություններին անդամակցության, դասական մշակույթում ընդգրկվածության և ավանդական արժեքների գերակայության ազդեցությունները։[8] Պետական վիճակագրական տվյալների հիման վրա ուսումնասիրվել է նաև երկրից ընդմիշտ հեռանալու դիրքորոշման կախվածությունը երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից։[9]
«Կովկասյան բարոմետր 2019»-ը թույլ է տալիս հարստացնել երկրից արտագաղթելու դիրքորոշման վրա ազդող գործոնների վերաբերյալ գիտելիքները, մասնավորապես․
- Արդյո՞ք մարդկանց աշխարհայացքում ԽՍՀՄ փլուզման նկատմամբ դիրքորոշումը և այն հիմնավորող փաստարկները շաղկապված են (ազդում են) երկրից ընդմիշտ հեռանալու դիրքորոշման վրա։
Գծապատկեր 5-ում տրված է Հայաստանում և Վրաստանում երկրից ընդմիշտ արտագաղթելու դիրքորոշումը ԽՍՀՄ փլուզումը դրական և բացասական համարող մարդկանց շրջանում։ Չնայած տվյալները ցույց են տալիս, որ և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում ԽՍՀՄ փլուզումը բացասական համարողների շրջանում երկրից ընդմիշտ մեկնելու դիրքորոշումները մի փոքր ավելի տարածված են, այնուամենայնիվ, վիճակագրական փորձարկումը թույլ չի տալիս այդ փաստն ընդունել անվերապահորեն։ Այսինքն․
- Բավարար հիմքեր չկան պնդելու, որ Հայաստանում և Վրաստանում ԽՍՀՄ փլուզումը դրական կամ բացասական համարելն ինքնին ազդում է ընդմիշտ արտագաղթի դիրքորոշման վրա։
Գծապատկեր 5
Սակայն չի բացառվում, որ այդ ազդեցությունն այնուամենայնիվ գոյություն ունի, եթե հաշվի առնվեն մարդկանց գիտակցությունում ԽՍՀՄ փլուզման նկատմամբ դիրքորոշումը հիմնավորող փաստարկները («միջամտող» փոփոխականները)։
«Կովկասյան Բարոմետր 2019»-ում այդ փաստարկների վերաբերյալ տվյալների հավաքագրման մեթոդիկայի հետևանքով, դրանցից յուրաքանչյուրը, բացի «առաջատար» փաստարկից, հաշվարկվել է բավական փոքր ծավալ ունեցող ենթաընտրանքներով, ինչի արդյունքում այդ տվյալների ուղղակի կիրառման դեպքում հազվադեպ են ստացվել վիճակագրորեն հավաստի արդյունքներ։ Հաղթահարելու համար այդ դժվարությունը, իրականացվել է բովանդակային տեսակետից միմյանց մոտ փաստարկների խմբավորում։
ԽՍՀՄ փլուզումը դրական համարող անձանց դեպքում դիտարկվել են հետևյալ առանձին փաստարկները կամ դրանց խմբերը․
- Անկախություն փաստարկը՝ որպես արժեք։
- Անհատական և քաղաքական իրավունքներին վերաբերվող փաստարկներ․
- «Այժմ մենք հնարավորություն ունենք Արևմուտքին առավել մոտ գտնվելու»,
- «Մարդու իրավունքները պաշտպանված են»,
- «Մենք կարող ենք ընտրել մեր իշխանությանը»,
- «Մարդիկ կարող են ազատորեն արտահայտել իրենց կարծիքը և դրա համար չհետապնդվել»,
- «Մենք կարող ենք ճամփորդել արտասահման»։
- Մշակութային իրավունքներին վերաբերվող փաստարկներ․
- «Մեր մշակույթը հնարավորություն ունի զարգանալու»,
- «Մենք կարող ենք ավելի լավ պահպանել մեր լեզուն և մշակութային յուրահատկությունները»։
- Տնտեսական իրավունքին վերաբերվող փաստարկ՝ «Մարդիկ կարող են ինքնուրույն բիզնես ձեռնարկել կամ ներգրավվել առևտրային գործունեության մեջ»։
ԽՍՀՄ փլուզումը բացասական համարող անձանց դեպքում դիտարկվել են հետևյալ փաստարկները կամ դրանց խմբերը․
- Տնտեսական իրավունքին վերաբերվող փաստարկ՝ «Մարդկանց տնտեսական վիճակը վատացել է»,
- Հասարակությունում անհավասարության աճ փաստարկը՝ «Հարուստների և աղքատների միջև տարբերությունը խորացել է»,
- Աշխատանքային իրավունքին վերաբերվող փաստարկ՝ «Աշխատատեղերի սակավացում»։
- Կյանքի իրավունքին վերաբերվող փաստարկներ․
- «Բռնկվեց Ղարաբաղյան [աբխազական, օսական] կոնֆլիկտը»,
- «Երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց»,
- «Մեր երկիրը տարածքներ կորցրեց»։
- Սոցիալական իրավունքներին վերաբերվող փաստարկներ․
- «Առողջապահական և կրթական ծառայություններն այլևս անվճար չեն տրամադրվում»,
- «Ընկերների և բարեկամների հետ կապերը խզվել են»,
- «Մարդիկ սկսել են այլոց դատել՝ էթնիկ ինքնության և/կամ կրոնի հիմքով»,
- «Դժվարացել է ԽՍՀՄ նախկին պետություններ ճամփորդելը»[10]։
Խմբավորումների արդյունքում փաստարկները նշած սեգմենտների ծավալներն աճել են (Գծապատկեր 6), ինչի հետևանքով արտագաղթի դիրքորոշումների վրա ազդեցությունների գնահատականներում աճել է վիճակագրորեն հավաստի արդյունքների քանակը։
Գծապատկեր 6
Գծապատկեր 7-ում տրված է Հայաստանում և Վրաստանում ԽՍՀՄ փլուզումը դրական կամ բացասական համարող անձանց շրջանում իրենց դիրքորոշումը հիմնավորող փաստարկների ազդեցությունը երկրից ընդմիշտ հեռանալու դիրքորոշման վրա։ Գծապատկերի տվյալները ցույց են տալիս, թե որքանով է աճում կամ նվազում երկրից ընդմիշտ հեռանալու դիրքորոշումը այն անձանց շրջանում, ովքեր տվյալ փաստարկը կամ փաստարկների խումբը նշել են որպես ԽՍՀՄ փլուզման նկատմամբ իրենց դիրքորոշման հիմնավորում։
Գծապատկերում կարմիր սյուները համապատասխանում են այն փաստարկներին, որոնք նշած անձանց շրջանում երկրից ընդմիշտ մեկնելու դիրքորոշումը վիճակագրորեն նշանակալի աճում է։ Սյան տվյալը ցույց է տալիս այդ աճը։ Գծապատկերի կանաչ սյուները համապատասխանում են այն փաստարկներին, որոնք նշած անձանց շրջանում երկրից ընդմիշտ մեկնելու դիրքորոշումը վիճակագրորեն նշանակալի նվազում է։ Դրական կամ բացասական արժեքներով մոխրագույն սյուները ցույց են տալիս, թե արդյո՞ք տվյալ փաստարկը կամ փաստարկների խումբը բարձրացնում, թե իջեցնում է երկրից ընդմիշտ մեկնելու դիրքորոշումը։ Սակայն այդ տվյալներն ունեն ընդամենը կողմնորոշիչ նշանակություն (վիճակագրական հավաստիության մակարդակն անբավարար է՝ χ2 վիճակագրական թեստի նշանակալիության մակարդակը > 0.05)։
Գծապատկերում, հարմարության համար, տրված է նաև արտագաղթի դիրքորոշման տարբերությունները Հայաստանում և Վրաստանում՝ ԽՍՀՄ փլուզման նկատմամբ դրական և բացասական դիրքորոշում ունեցողների շրջանում: Այն նույնն է, ինչ Գծապատկեր 5-ի համապատասխան տվյալների տարբերությունը՝ համապատասխանաբար՝ -3.4% և -1.4%։
Գծապատկեր 7
Հայաստանում ԽՍՀՄ փլուզումը դրական համարող անձանց շրջանում վիճակագրորեն նշանակալի ազդեցությունների դիտարկումը տվել է անսպասելի արդյունք։ Կարելի էր ենթադրել, որ նրանք, ովքեր ԽՍՀՄ փլուզումը համարել են դրական, քանի որ մարդիկ անձնական և քաղաքական ազատություններ են ստացել, պետք է, որ պակաս հակված լինեին արտագաղթելու։ Սակայն, պարզվել է, որ․
- Այն անձինք, ովքեր ԽՍՀՄ փլուզումը համարել են դրական, որովհետև դրա արդյունքում մարդիկ ստացել են անձնական և քաղաքական ազատություններ, ավելի են հակված ընդմիշտ արտագաղթի, քան նրանք, ովքեր այդ փաստարկները չեն նշել։
Մյուս կողմից՝ հաջորդ արդյունքը լիովին սպասելի էր․
- Այն անձինք, ովքեր ԽՍՀՄ փլուզումը դրական են համարել, որովհետև դրա արդյունքում մարդիկ ստացել են մշակութային ազատություններ (սեփական մշակույթը պահպանելու և զարգացնելու), նվազ հակված են երկրից ընդմիշտ արտագաղթելու, քան նրանք, ովքեր մշակութային ազատության փաստարկներ չեն նշել։
Հավաստի արդյունքներ են ստացվել նաև ԽՍՀՄ փլուզումը բացասական համարող սեգմենտում։
- Հայաստանում երկիրն ընդմիշտ լքելու ավելի հակված են ԽՍՀՄ փլուզումը բացասական համարող այն անձինք, ովքեր դա հիմնավորել են նրանով, որ դա խաթարել է մարդկանց կյանքի իրավունքը (պատերազմներ, տարածքների կորուստներ),
- Ինչպես նաև նրանք, ովքեր ԽՍՀՄ փլուզումը բացասական են համարել, քանի որ դա առաջացրել է մարդկանց միջև անհավասարության աճ։
Մյուս կողմից, նրանք, ովքեր ԽՍՀՄ փլուզումը բացասական համարող դիրքորոշումը պայմանավորում են մարդկանց սոցիալական իրավունքների խաթարմամբ, ավելի են հակված ընդմիշտ արտագաղթելու, քան նրանք, ովքեր այդ փաստարկները չեն նշել։
Վրաստանում ԽՍՀՄ փլուզման փաստարկները, որոնք վիճակագրորեն հավաստի ազդում են երկրից ընդմիշտ արտագաղթելու դիրքորոշման վրա երկուսն են։ Որոնցից առաջինը նույնպես անսպասելի արդյունք է։ Կարելի էր առաջ քաշել տրամաբանորեն հիմնավորված ենթադրություն, որ նրանք, ովքեր ԽՍՀՄ փլուզումը համարել են դրական, քանի որ երկիրն անկախացել է, պետք է, որ պակաս հակված լինեին արտագաղթելու հայրենիքից։ Սակայն․
- Վրաստանում նրանք, ովքեր ԽՍՀՄ փլուզումը համարել են դրական, քանի որ դրա արդյունքում երկիրը ստացել է անկախություն, ավելի հակված են ընդմիշտ արտագաղթելու, քան նրանք, ովքեր այդ փաստարկը չեն նշել։
Մյուս կողմից՝ Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի․
- Նրանք, ովքեր ԽՍՀՄ փլուզումը համարել են դրական, քանի որ դրա արդյունքում մարդիկ ստացել են անհատական և քաղաքական իրավունքներ, պակաս հակված են ընդմիշտ երկիրը լքելու, քան նրանք, ովքեր այդ փաստարկը չեն նշել։
Վրաստանում ԽՍՀՄ փլուզումը բացասական համարողների փաստարկներից ոչ մեկը վիճակագրորեն հավաստի չէ։
Եզրակացություններ
Հ այաստանի հասարակությունում տեղի է ունենում ԽՍՀՄ նկատմամբ դիրքորոշման բնույթի փոփոխություն։ Վերջին յոթ տարիներին ԽՍՀՄ նկատմամբ դրական դիրքորոշումները կտրուկ նվազել են։ Այդ փոփոխության հիմնական գործոնը սերնդափոխությունն է՝ երիտասարդ սերունդների սոցիալականացումը տեղի է ունենում Խորհրդային Միության նկատմամբ ակտիվ բացասական ինֆորմացիոն միջավայրում։ Բացի այդ, կրթական համակարգը անարդյունավետ է կատարում պատմական հիշողության ադեկվատ վերարտադրության իր գործառույթը։ Ինֆորմացիոն դաշտն իր ազդեցությունն է թողնում նաև ավագ սերունդների դիրքորոշումների վրա։
Տեղի ունեցող փոփոխությունները մատնանշում են, որ հայերի աշխարհի էթնիկ պատկերը փոխակերպվում է։ Մասնավորապես, խարխլվում է աշխարհի էթնիկ պատկերում «հովանավորի» բովանդակությունը՝ տեղի է ունենում այդ դերում Ռուսաստանի դերի խարխլում։
- Թուրք-ադրբեջանական թշնամական շրջապատում, բնական ռազմավարական դաշնակցի կերպարի խաթարումը հայ ժողովրդի համար ստեղծում է գոյութենական սպառնալիքներ։
Աշխարհի էթնիկ պատկերի փոփոխությունն ազդում է Հայաստանի հասարակության վարքի վրա։ ԽՍՀՄ փլուզման նկատմամբ դիրքորոշումների փաստարկների ազդեցության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ․
Հասարակության այն սեկտորը, որի աշխարհայացքում ԽՍՀՄ փլուզման իրենց դրական դիրքորոշումը փաստարկվում է դրա արդյունքում մարդու անձնական և քաղաքական իրավունքների ձեռքբերմամբ և պաշտպանությամբ, ավելի հակված են Հայաստանից ընդմիշտ արտագաղթելու։ Իսկ այն սեկտորը, որն իր դրական դիրքորոշումը փաստարկում է ազգային մշակույթի պահպանման և զարգացման հնարավորությունների ընդլայնմամբ՝ պակաս հակված է արտագաղթելու։
- «ԽՍՀՄ փլուզումը մարդու իրավունքների և ժողովրդավարության հաղթանակ է» իդեոլոգեմի կիրառությունը հասարակությունում, հատկապես՝ երիտասարդության շրջանում, նպաստում է արտագաղթի դիրքորոշումների տարածմանը։
Այս արդյունքների համադրումը վերահաստատում է նախորդ հոդվածներում ստացված արդյունքները, անհատապաշտական արժեհամակարգը թուլացնում է ժողովրդի և պետության հետ կապերը, իսկ ավանդական կոլեկտիվիստական արժեհամակարգը՝ ուժեղացնում։
ԽՍՀՄ փլուզումը բացասական համարող սեկտորում արտագաղթին ավելի հակված են այն անձինք, ովքեր իրենց դիրքորոշումը փաստարկում են դրա հետևանքով սոցիալական անհավասարության աճով և կյանքի իրավունքի խաթարմամբ (պատերազմների առաջացմամբ)։
ԽՍՀՄ փլուզումը բացասական համարող սեկտորում արտագաղթի դիրքորոշումը համեմատաբար ցածր է այն անձանց շրջանում, ովքեր դա փաստարկում են մարդկանց սոցիալական իրավունքների խաթարմամբ (կրթության և առողջապահության առևտրայնացում, մարդկանց միջև կապերի խզում, մարդկանց միջև հարաբերությունների պայմանավորում նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությամբ)։
[1] Лурье С. Историческая этнология. - 2-е изд. М., Аспект Пресс, 1998. - 448 с., ст. 223, 350.
[2] Մանուկյան Ս․ Ա․ Հայաստանի բնակչության քանակի դինամիկան պատմական կոնտեքստում՝ 1827-2018 թթ.
[3] Քրիստինե Մելքոնյան, Թուրքիան երկրորդ աշխարհամարտի տարիներին․ դաշնակիցներ և հակառակորդներ։ // «21-րդ Դար», թիվ 3 (79), 2018։
[4] Մանուկյան Ս. Ա. Հետխորհրդային տարածքի բնակչության գերակշիռ մասը ԽՍՀՄ փլուզումը համարում է բացասական / Գլոբուս, թիվ 1 (46) 2014, էջ 19-27:
Մանուկյան Ս. Ա. Հայաստանում երիտասարդական շարժումների զարգացումների շուրջ / 21-րդ ԴԱՐ, N5 (63), 2015, էջ 41-52։
Մանուկյան Ս. Ա., XX դարի պատմական հիշողության վիճակը ԵՊՀ ուսանողների շրջանում //«21-րդ դար», թիվ 5 (81), 2018, էջ 25-37։
Մանուկյան Ս. Ա. Հարավային Կովկասի հասարակությունների պատմական հիշողության որոշ խնդիրներ // Գլոբուս թիվ 10 (99), 2018, էջ 31-36
Մանուկյան Ս․ Ա․ Հասարակարգի ընկալումը և դասակարգային գիտակցությունը Հայաստանում // «21-րդ ԴԱՐ», 6 (82), 2018, էջ 4-16
Մանուկյան Ս.Ա., Ուսանողների պատկերացումները հայկական 2-րդ և 3-րդ հանրապետությունների մասին //Գլոբուս, թիվ 7 (97), 2018, էջ 20-28։
Մանուկյան Ս. Ա. Սոցիալական անհավասարության ընկալումները Հայաստանում և դրանց հետևանքները // Գլոբուս, թիվ 8 (98) էջ 18-26։
[5] Այդ հետազոտությունում Հայաստանում տվյալները հավաքագրվել են 2020 թ. փերվար-մարտ ամիսներին։ Հետազոտության շտեմարանի հասցեն է՝ https://www.crrc.am/en/barometer/
[6] Մենք հնարավորություն չունենք գնահատելու, թե ինչպես է ազդել պատասխանների բաշխման վրա հարցի վերաշարադրանքը։
[7] «Կովկասյան Բարոմետր» հետազոտության «Ինչու՞ էր Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի/Վրաստան համար դրական/բացասական» պատասխանների տարբերակների հարցախմբերը մշակել է Վրաստանի հետազոտական խումբը։ Այդ հարցախմբերում, բացի երկու երկրների համար հավասարապես կարևոր դրույթներից, ընդգրկվել են նաև Վրաստանի համար յուրահատուկ առավել կարևոր դրույթներ, որոնք չեն ընդգրկվել Հայաստանյան հետազոտության հարցաթերթում։ Օրինակ, «Մեր երկիրը տարածքներ կորցրեց» (որպես բացասական դիրքորոշման փաստարկ) կամ՝ «Երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց» (որպես բացասական դիրքորոշման փաստարկ)։
Հայաստանյան հարցաթերթում բացակայում են նմանատիպ՝ Հայաստանի համար յուրահատուկ և կարևոր դրույթները։ Օրինակ՝ «Ղարաբաղն անկախացավ Ադրբեջանից» (որպես դրական դիրքորոշման փաստարկ), կամ՝ «Հայաստանի համար առաջացավ թուրքական վտանգը» (որպես բացասական դիրքորոշման փաստարկ)։
Այդուհանդերձ, նշված խնդիրն ավելի նուրբ է և բարդ։ Այն առընչվում է զանգվածային սոցիոլոգիական հետազոտություններում հետազոտական հարցի ուսումնասիրության բացահայտորեն նախասահմանված պատասխանների տարբերակների և սպոնտան (ինքնաբերական) պատասխանների հավաքագրման մեթոդաբանությանը և, դրանց վրա հիմնված հնարավոր մեկնաբանություններին, ինչպես նաև տվյալների շտեմարանի կառուցվածքի նախագծմանը։
[8] Մանուկյան Ս. Ա. Հայաստանում արտագաղթի դիրքորոշումների դինամիկան 2012-2015թթ. // «21-րդ ԴԱՐ», 5 (69), 2016, էջ 25-39։
[9] Մանուկյան Ս․ Ա․ Կնոջ նորմատիվային վարքը և դրա ազդեցությունը արտագաղթի և երեխաների պահանջմունքի վրա։ (Գտնվում է հրապարակման նախապատրաստման փուլում։)
[10] Միավորվել է սոցիալական իրավունքների խմբին, քանի որ հակառակ դեպքում այն կմնար առանձնացված։