Ճանաչում հանուն փրկության

4 ր.   |  2020-10-22

Շ ուտով կլրանա մեկ ամիսը, ինչ Ադրբեջանը Թուրքիայի ռազմական աջակցությամբ և Սիրիայից մատակարարված վարձկաններով փորձում է գրավել Արցախը: Թեժ մարտերին զուգահեռ՝ օրակարգ է վերադարձել թե՛ Հայաստանի, թե՛ այլ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը։

 Վերջերս վարչապետ Փաշինյանը միջազգային տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում առանձնացնում է «անջատում հանուն փրկության» բանաձևը, համաձայն որի՝ կարևորագույն պայման է տվյալ տարածքում՝ անկլավում, մարդկանց որևէ խմբի մեծամասնություն լինելը։ Անջատումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ խախտվել են տվյալ խմբի իրավունքները, վտանգի տակ է դրվել նրանց գոյության իրավունքը և որևէ հույս չկա դրանց վերականգնման համար: Արցախի դեպքում այս մեխանիզմը որոշ նրբություններ ունի, այստեղ ավելի ճիշտ է անջատում բառի փոխարեն օգտագործել ճանաչումը, քանի որ դեռևս 1988թ.-ին Արցախը անջատվել է Ադրբեջանից և որպես այդպիսին անջատման խնդիր չկա:

Ո՞վքեր կարող են ճանաչել Արցախի անկախությունը։

Ամենաակտիվ խոսակցությունները Հայաստանի կողմից ճանաչման մասին են։ Պատերազմի հենց առաջին օրը վարչապետը շեշտեց, որ Արցախի ճանաչման հարցը օրակարգում է և ակտիվ քննարկվում է,  իսկ արդեն հոկտեմբերին նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը, եթե Ադրբեջանը հրաժարվի երկխոսությունից: Այս թեման շատ ցավոտ է տանում Ադրբեջանը, որն արդեն նույնիսկ հայտարարել է, որ Արցախի ճանաչման դեպքում կճանաչի Զանգեզուրի անկախությունը: Ալիևը նաև սպառնացել է խզել բոլոր տեսակի հարաբերություններմ այն երկրների հետ, ովքեր կճանաչեն Արցախի անկախությունը:

 Ընդհանրապես, Արցախի ճանաչումը միշտ եղել է Հայաստանի բոլոր իշխանությունների օրակարգում, սակայն նրանք զերծ են մնացել դրանից, քանի որ այն կարող է ի չիք դարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և զրոյացնել բանակցությունները, բացի այդ՝ Երևանի կողմից Արցախի ճանաչումը այժմ կարող է լինել պայթյունավտանգ՝ մինչև անգամ վերաճելով տարածաշրջանային պատերազմի։ Արցախի ճանաչումով Հայաստանը փաստացի պատերազմը կտեղափոխի իր սահմաններ, ինչը նշանակում է, որ  Ռուսաստանը ՀԱՊԿ-ի պայմանավորվածության արդյունքում ստիպված կլինի կատարելու Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները, որն էլ, ամենայն հավանականությամբ, կգրգռի Թուրքիային: Անկարան գուցե հենց դրան էլ սպասում է, որպեսզի Մոսկվայից  Մերձավոր Արևելքի համար վրեժ լուծի, ինչպես նաև մոտենա իր  պանթյուրքական չիրականացած երազանքին: Այս համատեքստում խոսվում է անգամ նրա մասին, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի խառնվելու պատասխան գործողություններ կիրականացնի, չնայած որ Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ անդամներ, մեղմ ասած, չեն ցանկանա Թուրքիային տեսնել Հարավային Կովկասում:

Այնուամենայնիվ, Արցախին ավելի ձեռնտու է այլ երկրների կողմից ճանաչումը, որի համար ակտիվ աշխատանքներ են տարվում: Հոկտեմբերի 12-ին վարչապետը հանդիպեց դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, որտեղ շեշտեց, որ «Հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը», որից հետո աշխարհի տարբեր կետերում ակտիվացավ հայկական սփյուռքը՝ պահանջելով իրենց երկրներից Արցախի ճանաչում:

Ներկայումս Արցախի ճանաչմանը ամենամոտը Ֆրանսիան է: Շատ քաղաքական գործիչների և անգամ Փարիզի քաղաքապետի կողմից հնչեցին ճանաչման կոչեր, իսկ երկրի սենատոր Վալերի Բուայեն հայտարարեց, որ այս շաբաթ Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ փաստաթղթի նախագիծ կներկայացնի վերին պալատ:

Սա ինչ-որ չափով առաջընթաց է, քանի որ 30 տարվա մեջ առաջին անգամ այս հարցը կքննարկի ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ երկրի խորհրդարանում: Այս միջոցով գուցե Փարիզը, որը չկարողացավ ԵՄ-ին համոզել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել Միջերկրական ծովում ակտիվանալու համար, փորձում է հարվածել Ադրբեջանին, ասել է թե՝ Թուրքիային, սակայն մի կողմից էլ հավանականությունը քիչ է, որ Ֆրանսիան կճանաչի Արցախի անկախությունը, քանի որ այդ դեպքում կկորցնի Մինսկի խմբում իր չեզոքությունը, հատկապես, երբ փորձում է դիրքավորվել որպես Մեծ Մերձավոր Արևելքում՝ որպես խաղաղ գործընթացների հիմնական կամ գլխավոր վարող:

Շատ ակտիվ է նաև ԱՄՆ-ում հայկական սփյուռքը, որի ջանքերի շնորհիվ Միացյալ Նահանգների Կոնգրեսում առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձև, սակայն կարծում ենք, որ ԱՄՆ-ին նույնպես ձեռնտու չէ կորցնել Մինսկի խմբի համանախագահի դիրքերը: Ընդհանրապես ԱՄՆ-ի դիրքորոշումը այս հարցում այլ է:

Ավելի հավանական է այլ «չեզոք» երկրների ճանաչումը, որոնք կապված չեն այս հակամարտությանը և չունեն կոնֆլիկտներ հակամարտության կողմերի հետ: Չնայած մեկ երկրի ճանաչումը մեծ նշանակություն չի կարող ունենալ, սակայն այն կարող է շղթայական ռեակացիա հիմք լինել: Այս օրերին Արցախի անկախությունը ճանաչել են ֆրանսիական Լիմոնե քաղաքը, ինչպես նաև իտալական խոշորագույն քաղաք Միլանը։ Ի դեպ, ադրբեջանական նավթը եվրոպական երկրներից ամենաշատը սպառում է Իտալիան։