Արցախյան գոյամարտ. «Ինքնորոշում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը
7 ր. | 2020-10-19Ս եպտեմբերի 27-ին սկսված թուրք-ադրբեջանական հակահայկական ագրեսիան ակտիվորեն շրջանառության մեջ դրեց Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտության հարցը։ Որպես դրա հիմնավորում ներկայացվում է արցախահայության գոյութենական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում հղում է կատարվում «ինքնորոշում հանուն փրկության» սկզբունքին, համաձայն որի՝ եթե ազգային փոքրամասնության գոյությունը վտանգված է որևէ պետության կազմում, ապա որպես նրա փրկության միակ ելքը մնում է նրա բնակության տարածքի անջատումը տվյալ պետությունից։
Խնդիրը պարզաբանելու նպատակով փորձենք մի փոքր ավելի հանգամանալի անդրադառնալ՝ իրավական և քաղաքական դիտանկյուններից։
Ազգերի ինքնորոշման իրավունքն առհասարակ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է։ Այն ամրագրված է ինչպես ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, այնպես էլ ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտում։ Ազգերի ինքնորոշման իրավունքը սահմանափակված չէ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքով։ Հաճախ փորձ է արվում հակադրել միմյանց այս երկու սկզբունքները, սակայն այդ հակադրությունը կամ մոլորության կամ էլ մոլորեցնելու ցանկության արդյունք է։
Իրականում տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառվում է պետությունների միջև տարածքային վեճերի դեպքում, երբ մի պետությունը ձգտում է նվաճել կամ բռնակցել մեկ այլ պետության տարածք։ Մինչդեռ դա չի վերաբերում որևէ պետության կազմում գտնվող և համախումբ բնակվող ազգային ընդհանրության՝ իր կարգավիճակը որոշելուն։ Այս հարցին առնչվում է ազգերի ինքնորոշման սկզբունքը։
Ա՛րդ, միջազգային իրավունքի վերոհիշյալ սկզբունքների միջև հակասություն չկա, քանի որ դրանք վերաբերում են տարբեր խնդիրների և ունեն տարբեր նշանակություն։ Տարածքային ամբողջականության սկզբունքի նշանակությունը հարևան պետության նկատմամբ ագրեսիայի և տարածքային հավակնությունների զսպումն է։
Զուտ իրավական առումով ազգերի ինքնորոշման իրավունքը բացարձակ իրավունք է և կաշկանդված չէ որևէ բանով։ Շոտլանդական հանրաքվեն Մեծ Բրիտանիայում, Քվեբեկի ինքնավարությունը Կանադայի կազմում[1], Չեխոսլովակիայի բաժանումը Չեխիայի և Սլովակիայի դրա վառ ապացույցն են։ Նշենք, որ ինքնորոշման իրավունքը չի նշանակում որևէ կարգավիճակ (դիցուկ՝ անկախություն)։ Այն նշանակում է սեփական կարգավիճակը որոշելու և ճակատագիրը տնօրինելու իրավունք։ Շոտլանդիայի բնակիչներն, օրինակ, 2014թ. սեպտեմբերին հանրաքվեով որոշել են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում (55%)[2] և այդ կերպ իրականացրել ինքնորշման իրենց իրավունքը։
Սակայն քաղաքական առումով ինքնորոշման իրավունքի իրականացումը կապված է մի շարք բարդությունների հետ։ Ամենագլխավորը թերևս այն է, որ աշխարհում էթնիկ ընդհանրությունների թվաքանակը տարբեր հաշվարկներով 5000-8000 է։ Եթե բոլոր ազգերն իրականացնեն ինքնորշման իրավունքն անկախության տեսքով, ապա աշխարհում կձևավորվի նույնքան պետություն։ Դա կհանգեցնի քաոսի և անկառավարելիության, կնվազեցնի համաշխարհային անվտանգության մակարդակը։ Այդ պատճառով է, որ ժամանակակից միջազգային հանրությունը այնքան էլ չի ողջունում նոր պետությունների ձևավորումը աշխարհում՝ գերադասելով, որ ազգային ընդհանրությունները մնան համեմատաբար խոշոր պետությունների կազմում՝ պահպանելով իրենց ինքնությունը։
Հետևաբար, միայն հատուկ պայմանների առկայության դեպքում է հնարավոր համարվում ինքնորոշումը՝ անկախության տեսքով, իսկ այդ հատուկ պայմանը գոյութենական սպառնալիքն է, որը կախված է տվյալ ազգի գլխին մեծ պետության կազմում։ Գոյութենական սպառնալիքը նույնպես բազմաբովանդակ հասկացություն է և իր մեջ ներառում է խտրականությունից, էթնիկ զտումներից, ձուլման քաղաքականությունից, ընդհուպ մինչև ֆիզիկական բնաջնջում։ Այս հիմքով է, որ անկախություն են ձեռք բերել Արևելյան Թիմորը 2000-ականների սկզբին[3], Հարավային Սուդանը 2011թ.[4]։ Գոյութենական անվտանգության սպառնալիքները վկայակոչելով են արևմտյան երկրները ճանաչել նաև Կոսովոյի անկախությունը, իսկ Ռուսաստանը՝ Աբխազիայինը և Հարավային Օսիայինը։ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիան և Աբխազիան 2008 թվականի օգոստոսյան հնգօրյա պատերազմից[5] հետո։
Ա րցախի հարցում գոյութենական սպառնալիքներն Ադրբեջանի կազմում առավել քան իրական են։ Դրանք ունեն ոչ միայն ժամանակակից, այլև պատմական դրսևորումներ։ Հետևաբար, Արցախի անկախության միջազգային ճանաչումը «ինքնորոշում հանուն փրկության» բանաձևի կիրառման ամենադասական օրինակներից մեկը կարող է լինել։ Ի դեպ, գոյութենական սպառնալիքները արցախահայության պարագայում իրենց մեջ ընդգրկել ու ընդգրկում են նրանց դեմ թշնամական քաղաքականության ողջ ներկապնակը՝ պարզ խտրականությունից մինչև ֆիզիկական բնաջնջում։
«Ինքնորոշում հանուն փրկության» բանաձևի իրականացման նպատակով անհարժեշտ է համահայկական (ՀՀ, Արցախի Հանրապետություն, Սփյուռք) ջանքերը նպատակաուղղել արցախահայության գոյութենական սպառնալիքների համակողմանի ներկայացմանը միջազգային հանրությանը՝ տարբեր միջազգային կազմակերպություններին և առանձին պետություններին։ Ընդ որում, խնդիրն անհրաժեշտ է ներկայացնել պատմական կտրվածքով, այլ ոչ թե միայն նորագույն (1988թ.-ից հետո) պատմության իրողությունները հաշվի առնելով։ Անհարժեշտ է ցույց տալ, որ Ադրբեջանի բոլոր վարչակարգերը սկսած 1918թ.-ից ոչ միայն ի վիճակի չեն եղել ապահովել այդ պետության կազմում հայերի անվտանգությունը, այլև կարծես դիտավորյալ արել են ամեն ինչ հակառակն ապացուցելու համար՝ ցույց տալով, որ Ադրբեջանի կազմում հայերը պետք է ենթարկվեն ցեղասպանության։ Հետևաբար, խնդիրը ոչ թե Ադրբեջանի ներկայի վարչակարգն է, որի փոփոխության դեպքում արցախահայության գոյութեանական անվտագության խնդիրը կարելի կլիներ հաղթահարել, այլ ունի շատ ավելի խորը և պատմական արմատներ։ Ադրբեջանի բոլոր ժամանակների (թե՛ մուսավաթական, թե՛ խորհրդային, թե հետխորհրդային) բոլոր իշխանությունները վարել ու վարում են հայաջինջ քաղաքականություն։
Պատմական կտրվածքով Ադրբեջանի կազմում հայության գոյութենական սպառնալիքները բովանդակային ներկայացնելու համար անհարժեշտ է մասնավորապես կենտրոնանալ հետևյալ պատմական իրողությունների վրա.
- Շուշիի 1920թ. հայկական կոտորածը։
- Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանները որոշելիս այնպիսի քաղաքականության իրականացումը, որ ա) մարզի տարածքը էականորեն փոքրանա և բ) մարզը ցամաքային սահման չունենա Հայաստանի հետ, այսինքն՝ հայտնվի անկլավային դրության մեջ (ամբողջությամբ շրջապատված Ադրբեջանով)։ Նման քաղաքականությունը Արցախն ավելի խոցելի ու անպաշտպան դարձնելու նպատակ էր հետապնդում։
- Խորհրդային տարիների մեկ այլ հայկական ինքնավարության՝ Նախիջևանի հայաթափումը։
- Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ժողովրդագրական իրավիճակը նպատակաուղղված փոխելու Ադրբեջանական ԽՍՀ քաղաքականությունը, որը նույնպես ցեղասպանության դրսևորման ձև է, այսինքն՝ ազգի գոյութենական սպառնալիք։ Եթե նախքան Խորհրդային Ադրբեջանի կազմում հայտնվելը Արցախի բնակչության ավելի քան 90%-ը հայերի էին, ապա Խորհրդային Միության վերջալույսին (1989թ. դրությամբ) նրանց տեսակարար կշիռը մոտ 75% էր։ Այս համատեքստում արժե հատուկ ծանրանալ Մեսխեթի թուրքերին Արցախում, մասնավորապես՝ Խոջալուում բնակեցնելու Ադրբեջանական ԽՍՀ քաղաքականության վրա։
- Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի (Գանձակ) և Խորհրդային Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերում իրականացված հայերի կոտորածները 1980-ականների վերջին և 90-ականների սկզբին։
- Նախկին ԼՂԻՄ-ին սահմանակից հայաբնակ Շահումյանի շրջանի բռնագրավումն ու հայաթափումը 1992թ. ամռանը[6]։
- Արծվաշենի բռնագրավումն ու հայաթափումը 1992թ. օգոստոսին[7], որը բուն ՀՀ տարածք է, այլ ոչ թե ԼՂԻՄ-ի մաս կամ հայաշատ բնակավայր Ադրբեջանի տարածքում, և գտնվում է արցախյան պատերազմական գործողությունների գոտուց բավական հեռու[8]։
- Հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից և վերջինիս հերոսացումը Ադրբեջանում։
- Հայկական պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը Ադրբեջանում, որի ամենավառ դրսևորումը Ջուղայի հայկական գերեզմանաքարերի ոչնչացումն էր Նախիջևանում 2000-ականների կեսին[9]։
- Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները ինչպես 1990-ականների առաջին արցախյան պատերազմի տարիներին, այնպես էլ 2016թ. Ապրիլյան քառօրյայի և ներկա պատերազմի ժամանակ։
- Նախկին ԼՂԻՄ-ի այն բնակավայրերը, որոնք հայտնվել են Ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո, հայաթափվել են։
- Ադրբեջանի ներկա ղեկավարության հակագիտական հայտարարությունները «Արևմտյան Ադրբեջանի» մասին, որի տակ նկատի ունեն ՀՀ տարածքները։
Հակահայկական քաղաքականության վերոհիշյալ դրսևորումների խորը և համակողմանի ներկայացումը լիովին բավարար հիմք է ցույց տալու, որ.
- Արցախյան պայքարը հայկական կողմի համար տարածքային վեճ կամ ազգային հավակնությունների իրականացման հարց չէ։
- Այն մարդու իրավունքների (հավաքական իմաստով) խնդիր է, մասնավորապես, Արցախի 150 հազար հայ բնակչության կյանքի իրավունքի խնդիր։
- Ավելին, Արցախյան գոյամարտը ոչ միայն արցախահայության, այլև ՀՀ տարածքի հայության գոյության իրավունքի խնդիրն է, քանի որ թուրք-ադրբեջանական կողմը Արցախը նվաճելուց հետո անցնելու է նաև ՀՀ տարածքների բռնազավթմանը։ Վկան՝ Արծվաշենի բռնազավթումը 1992թ., ՀՀ տարածքների վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակումները ինչպես Արցախյան առաջին պատերազմի տարիներին, այնպես էլ հիմա (Գորիս, Կապան, Վարդենիս, անգամ՝ Մարտունի, Կապան և Աբովյան)։
- Նկատի ունենալով, որ ներկա պատերազմում ադրբեջանական զորքերի կազմում ներգարվված են նաև վարձկան ահաբեկիչներ[10] Մերձավոր Արևելքից՝ Սիրիայից և Լիբիայից, հայկական կողմի համար Արցախյան գոյամարտը նաև պայքար է ահաբեկչության դեմ, որը սպառնալիք է համայն մարդկությանը։
Վերոնշյալը ավելի քան բավարար հիմք է Արցախյան հակամարտության դեպքում «ինքնորոշում (անկախություն) հանուն փրկության» սկզբունքի՝ կիրառելիությունն ապացուցելու համար։ Այդ ուղղությամբ էլ պահանջվում է համահայկական ջանքերի կենտրոնացում։
Այս հարցում անհրաժեշտ է ճշգրիտ լինել նաև արտահատությունների ընտրության հարցում։ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը միանգամայն դիպուկ է կիրառում «ճանաչում հանուն փրկության»[11] եզրը «անջատում հանուն փրկության» եզրի փոխարեն, քանի որ Արցախի անջատումն Ադրբեջանից կամ նրա անկախությունը կատարված փաստ է, մնում է այդ իրողության միջազգային իրավական ամրագրումը։
[1] Տե՛ս Քվեբե՞կն էլ անջատողական
[2] Շոտլանդիայում անկախության հանրաքվե կանցկացվի
[3] Տե՛ս East Timor
[4] Տե՛ս Սուդանը ռմբակոծում է Հարավային Սուդանը
[5] Այդ պատերազմը հայտնի է տարբեր անուներով՝ վրաց-օսական, ռուս-վրացական և այլն։
[6] Շահումյանի անկումը, օրհասական վիճակ Մարտակերտում. հունիս 12-15, 1992թ.
[7] Թաթուլ Հակոբյան, Արծվաշեն. Ադրբեջանի գրաված միակ գյուղը Հայաստանում
[8] Անհասկանալի պատճառներով Արծվաշենի անկումը Արցախյան հակամարտության համատեքստում մի տեսակ մղվել է երկրորդական պլան, կարելի է ասել՝ նույնիսկ մոռացվել։ Այդ խնդրին մեզանում կամ չեն անդրադառնում, կամ անդրադառնում են միայն փախստականների խնդիրների լուծման համատեքստում, ինչն անթույլատրելի է։
[9] Տե՛ս Հին Ջուղա: Ոչնչացման ժամանակագրություն
[10] Արցախյան առաջին պատերազմի տարիներին էլ ադրբեջանական բանակի կազմում կռվել են վարձկան ահաբեկիչներ, մասնավորապես, չեչեն գրոհայիններ, աֆղանական մոջահեդներ։
[11] Տե՛ս Այս իրավիճակում Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ ճանաչում հանուն փրկության. Վարչապետի հարցազրույցը Libération-ի