Ֆրանսիայում Արցախի ճանաչում են պահանջում
3 ր. | 2020-10-16Կ արո՞ղ է արդյոք Ֆրանսիան դառնալ առաջին պետությունը, որը կճանաչի Արցախի ինքնիշխանությունը: Վերջին օրերին Ֆրանսիայի հայկական համայնքը տարբեր միջոցներով փորձում է իրականացնել այս նպատակը:
Հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի (CCAF) ջանքերով երկրի ազգային ժողովի դիմաց տեղի ունեցավ Արցախի Հանրապետության ճանաչման համար մեծ ցույցեր, որին մասնակցել են մոտ 6000 հայ և ֆրանսիացի, այդ թվում՝ մի շարք պաշտոնյաներ: Ցույցի ընթացքում ելույթ է ունեցել խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, որը շնորհակալություն է հայտնել Մակրոնին իր հայտարարությունների և Մինսկի խմբում ակտիվ աշխատանքների համար, սակայն կոչ է արել չդադարեցնել հայանպաստ գործողությունները: Ելույթով է հանդես եկել նաև Վալ դը Ուազի պատգամավոր, սոցիալիստ Ֆրանսուա Պուպոնին՝ առաջարկելով Ֆրանսիային դառնալ առաջին եվրոպական երկիրը, որը կճանաչի Արցախը և, անհրաժեշտության դեպքում, դուրս կգա Մինսկի խմբից՝ հրաժարվելով չեզոքությունից:
Հոկտեմբերի 13, Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց
Պուպոնին այս հայտարարությունից հետո Ազգային ժողով է ներկայացրել բանաձև, որտեղ կոչ է արվում անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել տեղի իշխանությունների հետ: Հոկտեմբերի 16-ի տվյալներով՝ տարբեր կուսակցություններից մոտ 20 պատգամավոր կոչ է արել ճանաչել Արցախը:
Կարելի է համարել, որ սա Արցախի ճանաչման առաջին քայլն է, սակայն այն երկար գործընթաց է: Որպեսզի այն դառնա խորհրդարանի քննարկման առարկա, դեռ պետք է խմբակցություններից մեկն առաջարկի, ինչը խմբակցությունները կարող են անել ամսվա մեջ մեկ անգամ։
Նախքան այդ՝ հոկտեմբերի 4-ին մոտ 170 ֆրանսիացի քաղաքական գործիչներ, այդ թվում Փարիզի քաղաքապետ սոցիալիստ Անն Հիդալգոն և Օվերն-Ռոն-Ալպերի շրջանի նախագահ Լորան Վոքիենը կոչ էին արել Ֆրանսիային «հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի» պատճառով դուրս գալ չեզոք դիրքորոշումից, սակայն արտգործնախարար Ժան-Իվ լը Դրյանը պատասխանել էր, որ Ֆրանսիան, որպես հակամարտության միջնորդ, պետք է պահպանի անկողմնակալությունը։
Այս ելույթներին ու ստորագրություններին զուգահեռ Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ցույցերն ու երթերը: Արդեն հայտնի է, որ կիրակի օրը տեղի կունենա երթ դեպի Ելիսեյան պալատ, որտեղ խնդիրը կներկայացվի նախագահ Մակրոնին: Ցուցարարների մի մասն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, նոր նախաձեռնություն է սկսել՝ փակելով Ֆրանսիա-Բելգիա, Ֆրանսիա-Գերմանիա ճանապարհները: Խցանումներ են ստեղծվել նաև դեպի Լյուքսեմբուրգ տանող ճանապարհներին՝ մոտ 100 մեքենա հավաքվել է՝ պահանջելով Արցախի ճանաչումը: Ոստիկանությունը սպառնացել է կոշտ միջոցների դիմել, որից հետո նրանք համաձայնվել են բացել միջպետական ճանապարհները: Խաղաղ ցույցերը սակայն շարունակվում են:
Ֆրանսիայում Արցախի ճանաչման հարցում իրենց ներդրումն են ունենում նաև անհատները: Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, նամակով դիմել է նախագահ Մակրոնին՝ խնդրելով ճանաչել Արցախի Հանրապետությունը, ինչպես նաև հանցագործությունների համար տնտեսապես պատժել Ադրբեջանին և Թուրքիային: Նա Մակրոնին խնդրել է ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Այն փաստը, որ Ֆրանսիան հայանպաստ քաղաքականություն է վարել ու վարում է, ակնհայտ է, ինչը երևում է նաև Ադրբեջանի արձագանքներից: Բաքուն, որը շատ ծանր է տանում իր հասցեին բացահայտ մեղադրանքները, Մակրոնից անգամ պահանջել է ներողություն խնդրել:
Ֆրանսիայի նման վերաբերմունքը Արցախյան պատերազմին կարելի է պայմանավորել նաև Թուրքիայի ակտիվությամբ, որի հետ Փարիզը երկար ժամանակ լարված հարաբերություններ ունի: Սակայն դժվար է ասել, թե արդյո՞ք մոտ ապագայում հայամետ հայտարարությունները կհանգեցնեն Արցախի ճանաչմանը: