ՆԱՏՕ-ԹՈՒՐՔԻԱ

3 ր.   |  2020-10-06

Ի նչպես հայտնի է, հոկտեմբերի 5-ին, պաշտոնական այցով Անկարայում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը: Ըստ հաղորդագրության, Էրդողանն ու Ստոլտենբերգը քննարկել են տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես, Միջերկրական ծովում, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը[1]: Քննարկվել է նաև Թուրքիայում Ս-400 ՀՕՊ համակարգերի տեղակայման հարցը:

Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլուին, և հայտարարել, որ ինքն ակնկալում է, որ Թուրքիան կօգտագործի իր ազդեցությունը տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար: Միաժամանակ, նա կոչ է արեց, որպեսզի կողմերը անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները և գտնեն հակամարտության խաղաղ լուծման ուղիներ:

Ուշագրավ է, որ անմիջապես այդ հայտարարությունից ոգևորված, Ալիևը թուրքական TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում նշեց, որ Թուրքիան պետք է միանա հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցություններին[2]

Բացի այդ, հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը մտահոգություն հայտնեց Թուրքիայի կողմից ՌԴ-ից ավելի վաղ ձեռք բերված Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հետ կապված, նշելով, որ այժմ գործընկերները կանգնած են մի շարք «բարդ հարցերի» առջև: Նա մասնավորապես նշել է, որ այս համակարգը կարող է սպառնալիք ներկայացնել դաշնակիցների օդային միջոցների համար և հանգեցնել ԱՄՆ պատժամիջոցների կիրառմանը, հետևաբար պետք է խնդրի լուծման այլընտրանային ուղիներ փնտրել:

Նկատենք, որ Ստոլտենբերգի այս հայտարարությունը պատահական չէր, քանի որ ըստ «Turkish Minute»-ի, առաջիկա օրերին Թուրքիայի զինված ուժերը կարող են ակտիվացնել Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգը և այն փորձարկել Սինոպ քաղաքի մերձակայքում գտնվող ուսումնավարժարանում: Ըստ տեղեկությունների, փորձարկումը նախատեսված է հոկտեմբերի 5-16-ն ընկած ժամանակահատվածում:

Ի դեպ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, Վաշինգտոնը հայտարարում է ռուսական և ՆԱՏՕ-ական սպառազինության անհամատեղելիությունը, շեշտելով, որ Թուրքիայում Ս-400-ի տեղակայման դեպքում Մոսկվան կարող է տեղեկատվություն ստանալ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչների տեխնիկական տվյալների մասին, որոնք նախատեսվում էր մատակարարել Անկարա:

Ինչպես նշում է փորձագետ Սերգեյ Երմակովը, ՆԱՏՕ-ի դոկտրինում ՌԴ-ն ամրագրված է որպես գլխավոր հակառակորդ և այս տեսանկյունից դաշինքի անդամ երկրի համար տարօրինակ է գնել ռուսական սպառազինություն: Սա բացահայտում է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև առկա խորը հակասությունների մասին: Նա հիշեցնում է Ռուսաստանի շուրջ համաշխարհային հակահրթիռային պաշտպանության համակարգ կառուցելու Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի ռազմավարության մասին: Այս պարագայում, ըստ փորձագետի՝ Ս-400 գնելուց հետո կբացառվի Թուրքիայի՝ որպես համաշխարհային ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի մաս լինելը[3]:

Դրան ի պատասխան՝ Էրդողանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող ենք որոշում կայացնել փակելու Ինջիրլիք ռազմական ավիաբազան և Մալաթիայի նահանգում գտվող Քյուրեչիքի ռադիոլոկացիոն կայանը[4]:

Հիշեցնենք, որ Ս-400 ձեռք բերելուց հետո ԱՄՆ բացառեց Թուրքիայի մասնակցությունը՝ F-35 հինգերորդ սերնդի կործանիչների ծրագրից, ինչպես նաև դրանց ձեռքբերումից:


[1] Cumhurbaşkanı Erdoğan, NATO Genel Sekreteri Stoltenberg ile görüştü

[2] https://www.trthaber.com/videolar/azerbaycan

[3] «Серьёзная трещина в отношениях»: почему НАТО продолжает настаивать на отказе Турции от российских С-400

[4] Turkey may close Incirlik, Kurecik bases 'if necessary