Բնակչության բնական վերարտադրությունն ամուսնությունների ենթատեքստում

26 ր.   |  2020-08-25

Խնդիրը

Հ այաստանի ժողովրդագրական վիճակի վերաբերյալ նախորդ հոդվածներում նկարագրվել են Հայաստանում ծնելիության բարձրացման հիմնարար գործոնները՝ երեխաների պահանջմունքը և երեխաների պահանջմունքի բավարարվածության մակարդակը: Ցույց է տրվել, որ ծնելիության վրա ազդող մնացած գործոնները միջնորդող գործոններ են, որոնց ազդեցությունն արտահայտվում է նշված երկուսի միջոցով։ Նկարագրվել և գնահատվել է մշակութային ընդհանրացված գործոնի (գործոնների համախմբության) համակարգային ազդեցությունը ծնելիության մակարդակի վրա։

Ժողովրդագրություն գիտությունը փաստում է, որ երեխաների գերակշիռ մեծամասնությունը ծնվում է ընտանիքներում, ինչն հայտնի է  վիճակագրական տվյալներից և ունի իր սոցիոլոգիական բացատրությունը։ Սերնդի շարունակությունը ընտանիքի ինստիտուտի հիմնարար ֆունկցիան է։ Բնակչության վերարտադրությանը նպատակաուղղված այլ հասարակական ինստիտուտ գոյություն չունի։  Ընտանիքին առնչվող բոլոր արժեքներն ու վարքագծային նորմերն ուղղված են սերնդի շարունակությանը։ Այն ամենը, ինչ նպաստում է ընտանիք կազմելուն, ընտանիքի ամրությանը և նորմալ կենսագործունեությանը նպաստում է ծնելիության բարձրացմանը։ Ընտանիքից դուրս այդ արժեքներն ու նորմերը անմիջապես սկսում են խարխլվել կամ վերանալ։ Այդ պատճառով, բոլոր այն երկրներում և հասարակություններում, որտեղ նվազում է ամուսնության և ընտանիքի արժեքը՝ բնակչության բնական վերարտադրության մակարդակն անբավարար է։

Հայաստանում վերջին 25 տարիներին տեղի են ունենում ինտենսիվ մշակութային (արժեքանորմատիվային) փոփոխություններ, որոնց բաղկացուցիչներից է ընտանիքի և ընտանեկան արժեքների նկատմամբ փոփոխությունները, որոնց բովանդակության առանցքային բնութագիրն անձի ազատության արժևորման գերակայությունն է հասարակության արժեքների նկատմամբ։

Ներկայացվող հոդվածում դիտարկված են Հայաստանում ամուսնություններին վերաբերող մի շարք հարցեր՝ արդի Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկի՝ ժողովրդագրական բարդ իրավիճակի համատեքստում, այդ թվում՝

  1. Ինչպիսի՞ն է Հայաստանի բնակչության ամուսնական վիճակը։
  2. Ի՞նչ բնույթ ունեն ամուսնությունների և ամուսնալուծությունների պրոցեսները Հայաստանում։
  3. Ընտանիքից դուրս ծնված երեխաների քանակը և դրա փոփոխությունը։
  4. Ամուսնության և մայրանալու միջին տարիքը։
  5. Բարձրագույն կրթության ազդեցությունը ամուսնությունների վրա։
  6. Կատարված են միջազգային համեմատություններ։

Հայաստանի բնակչության ամուսնական վիճակը

Հ այաստանի բնակչության ամուսնական վիճակի վերաբերյալ ստույգ և համապարփակ տեղեկություններ են հավաքագրվում մարդահամարների ընթացքում։ Հայաստանում վերջին մարդահամարը տեղի է ունեցել 2011 թ․-ին։ Հաջորդը նախատեսված է իրականացնել 2020 թ․-ին։ 2011 թ․ մարդահամարի հրապարակված տվյալներում ներկայացված է Հայաստանի մշտական (դե յուրե) բնակչության 15 և ավելի բարձր տարիքի անձանց ամուսնական վիճակի բաշխումը բացարձակ թվերով, մեկական տարի միջակայքով, տղամարդկանց և կանանց համար առանձին-առանձին։[1] Դա թույլ է տալիս ստանալ բնակչության ամուսնական վիճակի վերաբերյալ հարաբերական թվերը տարբեր սեռատարիքային խմբերի համար։

Բնակչության ամուսնական վիճակի վերաբերյալ տեղեկություններ են ստացվում նաև սոցիոլոգիական ընտրանքային հետազոտությունների միջոցով։ Հայաստանում սոցիոլոգիական հետազոտությունների գերակշռող մեծամասնությունում ուսումնասիրվում է 18 և ավելի տարեկան բնակչությունը, իսկ 15 և ավելի տարեկան բնակչությունը, որպես կանոն, ուսումնասիրվում է առողջապահական ուղղվածությամբ հետազոտություններում և, շատ հազվադեպ, երիտասարդության վերաբերյալ հետազոտություններում։

Հայաստանում 2011 թ. մարդահամարի և Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոնների (ՀՌԿԿ)  «Կովկասյան բարոմետր» հետազոտություններում կիրառված ամուսնական վիճակի կատեգորիաները ներկայացված են Աղյուսակ 1-ում։ Դրանց միջև տարբերությունն այն է, որ «Մարդահամար 2011»-ի կատեգորիաներում բացակայում է «ամուսնացած, և՛ գրանցված, և՛ եկեղեցական ծեսով» կատեգորիան։

Մարդահամար 2011-ում «Ամուսնացած (գրանցված)» կատեգորիան իր մեջ պարունակում է պետական գրանցումով բոլոր ամուսնությունները, որոնց թվում են նաև այն ամուսնությունները, որոնք տեղի են ունեցել և՛ գրանցումով, և՛ եկեղեցական ծեսով։ Իսկ ՀՌԿԿ հետազոտություններում այդ երկու կատեգորիաները հաշվառվել են առանձին-առանձին։ Համադրելի դարձնելու համար Մարդահամար 2011-ի և ՀՌԿԿ հետազոտությունների կատեգորիաները, ՀՌԿԿ հետազոտությունների տվյալներում ավելացվել է «Ամուսնացած գրանցված՝ ընդամենը» կատեգորիան, որն իրենից ներկայացնում է «Ամուսնացած (միայն գրանցումով)» և «Ամուսնացած, և՛ գրանցված, և՛ եկեղեցական ծեսով» կատեգորիաների գումարը։

Մարդահամար 2011

ՀՌԿԿ «Կովկասյան բարոմետր» 2007-2019

Երբևէ չամուսնացած

Երբևէ չամուսնացած

Ամուսնացած (գրանցված)

Ամուսնացած գրանցված՝ ընդամենը

-

Ամուսնացած (միայն գրանցումով)

-

Ամուսնացած, և՛ գրանցված, և՛ եկեղեցական ծեսով

Ամուսնացած փաստացի (առանց գրանցման)

Ամուսնացած փաստացի (առանց գրանցման)

Ամուսնացած միայն եկեղեցական կանոնական ծեսով

Ամուսնացած միայն եկեղեցական կանոնական ծեսով

Այրի/կնակորույս

Այրի/կնակորույս

Ամուսնալուծված (գրանցված)

Ամուսնալուծված (գրանցված)

Բաժանված (առանց գրանցման)

Բաժանված (առանց գրանցման)

Ընկալման դյուրացման նպատակով «Կովկասյան բարոմետրի» կատեգորիաները խմբագրվել են մարդահամարի կատեգորիաներին համապատասխանեցնելու նպատակով։

Աղյուսակ 1․ Ամուսնական վիճակի կատեգորիաները 2011 թ․ մարդահամարում և ՀՌԿԿ «Կովկասյան բարոմետր» հետազոտություններում։


Աղյուսակ 2․ Հայաստանի 15+ բնակչության ամուսնական վիճակն ըստ 2011 թ․ մարդահամարի։


Աղյուսակ 3․ Հայաստանի 18+ բնակչության ամուսնական վիճակն ըստ ՀՌԿԿ Կովկասյան բարոմետր հետազոտությունների։

Մեր հետաքրքրության տեսակետից առավել կարևոր արդյունքները, որոնք ստացվել են Աղյուսակ 2-ի և Աղյուսակ 3-ի տվյալների համեմատությունից հետևյալն են․

  • Մարդահամար 2011-ում և ՀՌԿԿ 2011-ում, 18 և ավելի տարեկանների շրջանում «գրանցված ամուսնություն» կարգավիճակում մարդկանց ընդհանուր քանակը մոտավորապես նույնն է, մարդահամար 2011-ում այն կազմել է 60.4%, իսկ ՀՌԿԿ 2011-ում՝ 60.8%:
  • Հետևաբար, միջմարդահամարային ժամանակահատվածներում, ադեկվատ մեթոդաբանությամբ իրականացված սոցիոլոգիական հետազոտություններում, «գրանցված ամուսնություն, ընդամենը» կատեգորիայի տվյալներն ընդունելի մոտավորությամբ համապատասխանում են իրականությանը։

Մնացած կատեգորիաներում ամենամեծ տարբերությունները դիտվել են «Երբեք չամուսնացած», «Այրի/կնակորույս» և «Ամուսնացած փաստացի (առանց գրանցման)» կատեգորիաներում։ Հետևաբար, պահպանելով անհրաժեշտ զգուշություն, Աղյուսակ 3-ում տրված ամուսնական կատեգորիաների ժամանակային շարքերը կարելի է կիրառել վերլուծական նպատակներով։

Մեկ այլ կարևոր դիտարկում է այն, որ Աղյուսակ 3-ի տվյալները ցույց են տալիս, որ ՀՌԿԿ բոլոր հետազոտություններում «գրանցված միայն եկեղեցական ծեսով» կատեգորիան նշվել է 2.2%-ից (2011 թ․) մինչև 7.5% (2015 թ․) հարցվողների կողմից։ Այդ կատեգորիայի միջին արժեքը բոլոր 7 հետազոտություններում կազմում է 3.6%, որը բավական նշանակալի թիվ է։ Հետևաբար, ամուսնությունների վերաբերյալ ՀՀ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գրանցումներում առկա է հասարակական կարծիքում օրինական համարվող ամուսնությունների թվի թերգրանցում։ Սա հեշտ լուծվող խնդիր է՝ անհրաժեշտ է․

  • Կազմակերպել ՀՀ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և Հայ Առաքելական Եկեղեցու համագործակցություն՝ Եկեղեցում կատարված ամուսնությունների գրանցումները պետական մարմնում հաշվառելու ուղղությամբ։
Ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվը Հայաստանում

Գծապատկեր 1-ում տրված են Հայաստանում 1960-2019 թթ․ ընթացքում ամուսնությունների և ամուսնալուծությունների բացարձակ թվերը։

Ա մուսնությունների բացարձակ թվի փոփոխությունները 1960-2019 թթ․ ժամանակահատվածում հիմնականում պայմանավորված են երկու հիմնական գործոններով։ Առաջինը՝ Հայաստանի բնակչության քանակի փոփոխություններն են՝ որքան ավելի մեծ է բնակչության թիվը, այնքան, մնացած հավասար պայմաններում, մեծ է նաև ամուսնությունների թիվը։ Երկրորդը՝ այդ թվային շարքին վերադրվել են Հայրենական Մեծ պատերազմում բնակչության կորուստների հետևանքները։


Գծապատկեր 1

Հայաստանից Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է ավելի քան 300,000 մարդ, ԽՍՀՄ հանրապետություններից՝ ավելի քան 200,000, իսկ այլ երկրներից մոտ 100,000։ Ըստ Վ․ Էրլիխմանի, Հայրենական մեծ պատերազմում զոհվել է Հայաստանի 1940 թ․ բնակչության 13.6%-ը՝ մոտ 180,000 մարդ, որոնցից մոտ 150,000 զինծառայող և մոտ 30,000 խաղաղ բնակիչ։[2] Զոհվածների բացարձակ գերակշիռ մասը վերարտադրողական տարիքում գտնվող տղամարդիկ էին։

Վերարտադրողական տարիքի տղամարդկանց ընտանիքից բացակայելու և զոհվելու հետևանքով խիստ նվազեց նաև ծնունդների թիվը, հատկապես՝ 1942-1945 թթ․ ընթացքում։ Իսկ հետպատերազմյան տարիներին, երբ վերադարձել էին պատերազմի մասնակիցները, պատերազմի ազդեցությունը պայմանավորված էր զոհվածների չծնված երեխաների թվով։ Պատերազմի հետևանքների  ազդեցությունը Հայաստանի ժողովրդագրական բնութագրերի վրա արտահայտվում է մոտ 25 տարվա պարբերությամբ։

1960-1970 թթ․ ընթացքում ամուսնությունների բացարձակ թիվը նվազում էր, քանի որ այդ տարիներին վերարտադրողական առավել ինտենսիվ տարիքում էին Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծնվածները, որոնց թիվ նախապատերազմական տարիների համեմատ խիստ նվազել էր։ Ամուսնությունների թիվը 1970 թ․-ին հասավ իր տեղային նվազագույն արժեքին՝ 18,285։

1970 թ․-ից սկսվեց ամուսնությունների թվի աճը, որը պատերազմի ազդեցության ալիքի նվազման շրջանում ծնունդների աճի հետևանքն էր։ Այդ աճն իր գագաթնակետին հասավ 1985 թ․-ին՝ 33,173։

Դրանից հետո նորից սկսվեց ամուսնությունների բացարձակ թվի նվազումը, որն արդեն Հայաստանի ինդուստրացման հետ կապված մշակութային փոփոխությունների հետևանք էր։[3] 1992 թ․-ից դրան վերադրվեց տնտեսական փլուզման հետևանքով բնակչության ինտենսիվ արտահոսքի ազդեցությունը, իսկ 1995-ից՝ նաև Հայրենական Մեծ պատերազմի ազդեցության երկրորդ ալիքը, երբ վերարտադրության տարիքին հասան Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում ծնվածների երեխաները։ Ամուսնությունների թվի նվազումը հասավ իր նվազագույնին՝ 2000 թ․-ին՝ 10,986։

Նշենք, որ ամուսնությունների թվի կարճատև աճը՝ 1989-1992 թթ Սպիտակի երկրաշարժից հետո հասարակության բնական արձագանքն էր՝ վերականգնելու երկրաշարժի կորուստները։

2000-2011 թթ․ ընթացքում Հայաստանում, երբ ավարտվեց պատերազմի ալիքի բացասական ազդեցությունը և, միաժամանակ սկսվեց սոցիալ-տնտեսական արագ աճը, ամուսնությունների թիվը սկսեց աճել՝ 2011 թ․-ին հասնելով 19,706-ի։ Իսկ 2011 թ․-ից մինչև 2018-ը՝ ամուսնությունների քանակի նվազման հիմնական պատճառն էր այն, որ ամուսնության տարիքի էին հասնում 1990-ականներին ծնվածները, որոնց քանակն արագորեն նվազել էր 1990-ականների բնակչության արտահոսքի պատճառով։ Բացի դրանից, սկսվեց նաև Հայրենական Մեծ պատերազմի ազդեցության հերթական ալիքը։

Ամուսնալուծությունների բացարձակ թիվը 1960-2019 թթ. ընթացքում կազմված է երեք ժամանակահատվածից․

  • Առաջինը՝ 1960-1990 թթ. աճի ժամանակահատված (626-ից՝ 4,347): Այստեղ՝ 1960-1970 թթ. ամուսնալուծությունների թվի կտրուկ աճն ամուսնական օրենսգրքով դրանց դյուրացման հետևանք էր[4], իսկ 1970-1990 թթ. ընթացքում՝ առավելապես ամուսնությունների թվի աճի։
  • Երկրորդը՝ 1990-2000 թթ. նվազման ժամանակահատված (4,347-ից՝ 1,343), որը ամուսնությունների թվի նվազման հետևանք էր։
  • Երրորդը՝ 2011-2019 թթ. նոր աճի ժամանակահատված (1,343-ից՝ 3,879), որն արդեն հիմնականում հասարակությունում մշակութային փոփոխությունների հետևանք է։

Գծապատկեր 1-ի դիտարկումից պարզ դարձավ, որ չնայած տարբեր ժամանակահատվածներում թվերի էական տատանումներին, ամուսնությունների թիվը 1960-2019 թթ․ ընդհանուր առմամբ նվազել է, իսկ ամուսնալուծությունների թիվը՝ ընդհանուր առմամբ աճել։ Գնահատելու համար դրանց հարաբերակցությունը դիտենք Հայաստանում ամուսնալուծությունների թվի հարաբերությունը ամուսնությունների թվին, որը ժողովրդագրությունում  կոչվում է ամուսնալուծությունների ինդեքս (индекс разводимости, divorce ratio)։ Ինդեքսի արժեքները 1960-2019 թթ․ ընթացքում տրված են Գծապատկեր 2-ում։ Գծապատկերում ինդեքսի արժեքները ներկայացված են կանաչ գրաֆիկով։ Կարմիր կետագծով ներկայացված է ինդեքսի արժեքների գծային մոտարկումը 1960-2019 թթ. համար, իսկ կապույտ կետագծով՝ 1999-2019 թթ. համար։


Գծապատկեր 2

Գծապատկերից երևում է, որ

  • Հայաստանում ժամանակի ընթացքում ամուսնալուծությունների ինդեքսն աճում է։

Եթե 1960 թ․-ին ամուսնալուծությունների ինդեքսը կազմել է 3%, ապա 2019 թ․-ին այն արդեն հավասար էր 25%-ի։ Բացի դրանից,

  • Սկսած 1999 թ-ից ամուսնալուծությունների ինդեքսի աճը կտրուկ արագացել է։ 1999-2019 թ. ընթացքում ամուսնալուծության ինդեքսի աճի արագությունը մոտ երեք անգամ ավելի բարձր է, քան 1960-1999 թթ ընթացքում։
  • Ամուսնալուծությունների ինդեքսի աճի արագացումն արտապատկերում է Հայաստանում ամուսնության նկատմամբ արժեքանորմատիվային փոփոխությունները։
Ամուսնություններ և ամուսնալուծություններ՝ միջազգային համեմատություններ

Հ այաստանում ամուսնության և ընտանիքի հարցերում տեղի ունեցող փոփոխություններն ավելի լայն համատեքստում դիտելու համար, համեմատենք ընտանիքին վերաբերվող մի քանի ցուցանիշներ Հայաստանում և Եվրոպական երկրներում։

Աղյուսակ 4-ում տրված են ամուսնության և ամուսնալուծության ընդհանուր գործակիցները[5] և ամուսնալուծության ինդեքսները եվրոպական երկրներում 1960-2018 թթ. ընթացքում՝ 10-ական տարի միջակայքով ըստ Եվրոստատի[6]։ Աղյուսակի վերջում ավելացված են Հայաստանի համապատասխան տվյալներն ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի։


Աղյուսակ 4. Ամուսնությունների և ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցները և ամուսնալուծության ինդեքսները եվրոպական երկրներում (բացի ԱՊՀ եվրոպական երկրներից), 1960-2018։ Տես՝ Marriage and divorce statistics. Eurostat Statistics Explained.

Ամուսնությունների ընդհանուր գործակից1960 թ. Հայաստանում ամուսնությունների ընդհանուր գործակիցը հավասար էր 11.2-ի և ավելի բարձր էր, քան Եվրոպական բոլոր երկրներում: Եվրոպայում համադրելի՝ 10.0-ից ավելի բարձր գործակից ունեին չորս երկիր՝ Լատվիան, Լիտվան, Ռումինիան և Բոսնիա-Հերցեգովինան (աղյուսակում համապատասխան տվյալները նարնջագույն վանդակներում են): Իսկ 2018 թ.-ին, ամուսնությունների ընդհանուր գործակիցը Հայաստանում նվազել էր մինչև 5.0։ Նույն տարում Եվրոպական 15 երկրում այդ գործակիցն արդեն ավելի բարձր էր, քան Հայաստանում։ Այսինքն․

  • Ամուսնությունների ընդհանուր գործակցի տեսակետից, 2018 թ.-ին Հայաստանի դիրքը եվրոպական երկրների համատեքստում 1960 թ. համեմատ վատթարացել է։

Ամուսնալուծությունների ընդհանուր գործակից1960 թ․-ին ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցը Հայաստանում հավասար էր 0.3-ի։ Գործակցի հավասար կամ ավելի ցածր արժեք (ավելի բարվոք վիճակ) ունեին եվրոպական երկու երկիր՝ Հունաստանը և Պորտուգալիան։ Իսկ 2018 թ.-ին ամուսնալուծության ընդհանուր գործակիցը Հայաստանում աճել էր մինչև 1.3։ Ավելի ցածր գործակից ունեին եվրոպական չորս երկիր՝ Մալթան, Սլովենիան, Հյուսիսային Մակեդոնիան և Կոսովոն (աղյուսակում համապատասխան տվյալները կանաչ վանդակներում են)։

Սակայն, տվյալները հրապարակելիս՝ 2020 թ․ հուլիսի 20-ին, Եվրոստատը եվրոպական 10 երկրի համար 2018 թ.-ի ցուցանիշները դեռ չէր զեկուցել։ Եթե նույն համեմատությունը կատարենք 2010 թ.-ի համար, երբ Հայաստանում ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցը 1.0 էր, ապա Հայաստանից ավելի բարվոք (ցածր) գործակից ուներ եվրոպական վեց երկիր՝ Իռլանդիան, Իտալիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան և Բոսնիա-Հերցեգովինան։ Դրանցից՝ Իռլանդիայի և Բոսնիա-Հերցեգովինայի դեպքում 2018 թ․-ի տվյալները բացակայում էին։ Հետևաբար, համեմատության տվյալների լրացման դեպքում, 2018 թ.-ն եվրոպական վեց երկրում ամուսնալուծությունների վիճակն ավելի բարվոք էր, քան Հայաստանում։ Այսինքն․

  • Ամուսնալուծությունների ընդհանուր գործակցի տեսակետից, 2018 թ.-ին Հայաստանի դիրքը եվրոպական երկրների համատեքստում 1960 թ. համեմատ նույնպես վատթարացել է։

Ամուսնալուծությունների ինդեքս1960 թ․-ին ամուսնալուծությունների ինդեքսը Հայաստանում հավասար էր 2.7%-ի։ Ավելի ցածր գործակից ուներ եվրոպական միայն մեկ երկիր՝ Պորտուգալիան՝ 1.3%: 7% կամ ավելի ցածր ցուցանիշ ուներ եվրոպական վեց երկիր՝ Հունաստանը,  Ալբանիան, Լեհաստանը, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները։ Իսկ 2018 թ.-ին Հայաստանում ամուսնալուծությունների ինդեքսը աճել էր մինչև 26.0%։ Եվրոպայում ավելի բարվոք վիճակ ուներ վեց երկիր՝ Կոսովոն, Մալթան, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Ռումինիան, Թուրքիան։ Եթե 2018 թ.-ին բացակայող արժեքներ ունեցող երկրները Հայաստանի հետ համեմատենք 2010 թ. տվյալներով, ապա նշված երկրներին կմիանան՝ Իռլանդիան և Բոսնիա-Հերցեգովինան։ Այսինքն՝

  • Ամուսնալուծությունների ինդեքսի տեսակետից, 2018 թ.-ին Հայաստանի դիրքը եվրոպական երկրների համատեքստում 1960 թ. համեմատ նույնպես վատթարացել է։

Աշխարհի երկրներում ամուսնությունների և ամուսնալուծությունների վերաբերյալ համապարփակ տվյալների շարքերը բացակայում են, դրանք ցրված են տարբեր հրապարակումներում։ Ամուսնությունների և ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցների և ամուսնալուծության ինդեքսի վերաբերյալ բավական հավաք տվյալներ կան այստեղ։ Դրանց մի մասը, որոնք վերաբերվում են ոչ եվրոպական (բացի ԱՊՀ եվրոպական մասի) երկրներին, ներկայացված է Աղյուսակ 5-ում։[7]


Աղյուսակ 5. Ամուսնությունների ընդհանուր գործակիցը (CMR), ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցը (CDR) և ամուսնալուծությունների ինդեքսը տարբեր երկրներում, 2010-2017։

Ամուսնալուծությունների բարձր ինդեքս ունի Ռուսաստանը, որը համադրելի է ինդեքսի արժեքների հետ Ֆրանսիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում։ Ինդեքսի արժեքը բարձր է նաև ԱՄՆ-ում, որը համադրելի է Լիտվայի և Նորվեգիայի հետ։

Ինդեքսի ցածր արժեքներ ունեն մեր տարածաշրջանի երկրները՝ 2011 թ․-ին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ինդեքսը գտնվում էր 15.5-18.8% միջակայքում, 2016 թ․-ին Թուրքիայում այն հավասար էր 21․3%, իսկ 2017 թ.-ին Իրանում` 14.3%:

  • Հայաստանում ամուսնալուծությունների ինդեքսը համադրելի է մեր տարածաշրջանի երկրների հետ՝ Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա։

Արտաամուսնական երեխաներ

Ը նտանեկան արժեքանորմատիվային համակարգի փոփոխության հետևանքներից է նաև տարվա ընթացքում արտաամուսնական կենդանի ծնունդների քանակը։ Այդպիսիք են համարվում այն երեխաները, որոնց ծնողների միությունը գրանցված չէ որպես ամուսնություն։ Այդ երեխաների քանակը՝ հաշվարկված որպես տոկոս տարվա ընթացքում բոլոր կենդանի ծնունդներից, արտահայտում է հասարակությունում ամուսնության և ընտանիքի հարցերում հասարակությունում տեղի ունեցող փոփոխությունների միտումները։ Պարզ է, որ արտաամուսնական երեխաների հարաբերական քանակի աճը նշանակում է ամուսնական և ընտանեկան արժեքների խարխլում և կերպարանափոխում։  

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն արտաամուսնական երեխաներին հաշվառում է ըստ նրանց գրանցման տեսակի՝ ա) մոր հայտարարությամբ և բ) ծնողների համատեղ հայտարարությամբ։ Այդ վիճակագրությունը Հայաստանում հասանելի է սկսած 2000 թվականից։

Գծապատկեր 3-ում տրված է Հայաստանում ծնված երեխաների հարաբերական թիվն ըստ նրանց գրանցման տեսակի 2000-2018 թթ. ընթացքում։ Տվյալները ցույց են տալիս, այդ ժամանակահատվածում ամուսնական զույգերում ծնված երեխաների հարաբերական թիվը փոքր-ինչ աճել է 65.4%-ից, մինչև 67.5%։

Էական է այն, որ նույն ժամանակահատվածում աճել է ծնողների համատեղ հայտարարությամբ գրանցումների քանակը՝ 20.1%-ից մինչև 25.7%, և, միաժամանակ, նվազել է մոր հայտարարությամբ գրանցումների թիվը՝ 14.6%-ից մինչև 6.8%։


Գծապատկեր 3

2000 թ.-ին մոր հայտարարությամբ գրանցված երեխաների համեմատաբար բարձր թիվը բացատրվում է նրանով, որ դրանց մի մասը վերաբերվում էր փաստացի (չգրանցված) ամուսնություններում ծնված այն երեխաներին, որոնց ծնողները որոշել էին երեխային գրանցել միայն մոր հայտարարությամբ, որպեսզի այդ մայրերը համարվեն «միայնակ մայրեր» և ստանան սոցիալական աջակցություն։ Մեկ այլ մասը՝ նույն նպատակով ֆիկտիվ գրանցված ամուսնալուծությունների հետևանք են։ Այս երևույթները 1990-ականներին ընտանիքների սոցիալական դժվար պայմանների կոմպենսացմանն ուղղված մարդկանց գործողություններ էին։ Սոցիալական պայմանների բարելավմանը զուգընթաց, օրինական հոր առկայության բարոյական արժեքը նորից աստիճանաբար սկսել է գերակայել «միայնակ մորը» տրվող սոցիալական աջակցության ֆինանսական արժեքին։

Մյուս կողմից, ծնողների համատեղ հայտարարությամբ գրանցված երեխաների քանակը գրանցված ամուսնության արժեքի խարխլման հետևանք է։ Այն անձնական ազատությունը գրանցված ամուսնությունից բխող փաստացի և հնարավոր կաշկանդումից ձերբազատելու միջոց է։

Նկարագրված պատկերը ճշգրտվում է քաղաքներում և գյուղերում ծնունդներն ըստ գրանցման տեսակի դիտարկման դեպքում (Գծապատկեր 4 և Գծապատկեր 5)։ 2000-2018 թթ. ընթացքում քաղաքներում մոր հայտարարությամբ գրանցումների թիվը նվազել է նշանակալիորեն ավելի արագ (15.7%-ց մինչև 6.6%), քան գյուղերում (12.6%-ից մինչև 7.1%)։ Սակայն, ծնողների համատեղ հայտարարությամբ գրանցումների թիվը քաղաքներում աճել է աննշան՝ 21.7%-ից մինչև 23.8%, իսկ գյուղերում՝ բավական նշանակալի՝ 17.4%-ից մինչև  29.5%, այսինքն՝ 12.1%-ով։

Այս երևույթի բացատրությունը կարևոր է ամուսնական վարքում տեղի ունեցող փոփոխություններն ադեկվատ ընկալելու տեսակետից և արժանի է առանձին ուսումնասիրության։


Գծապատկեր 4


Գծապատկեր 5

Դիտենք ամուսնությունից դուրս ծնված երեխաների թիվը և փոփոխության միտումները եվրոպական երկրներում։ Այդ տվյալները 1960-2018 թթ. համար տրված են Աղյուսակ 6-ում։ Դրանք Եվրոստատի տվյալներն են, որոնցում ավելացվել են Հայաստանի արդեն վերը տրված տվյալները՝ 2000-2018 թթ․ համար։ Աղյուսակում երկրները դասավորված են ըստ արտաամուսնական երեխաների հարաբերական թվի աճի։ Մեծ աղյուսակի տվյալների ընկալումը դյուրացնելու համար հորիզոնական գծերով առանձնացված են երկրների խմբերը։


Աղյուսակ 6. Արտամուսնական կենդանի ծնունդների քանակը եվրոպական երկրներում 1960-2018։ Տոկոս՝ բոլոր կենդանի ծնունդներից։ 

Արտամուսնական երեխաների քանակն ամենափոքրն է Եվրոպայի իսլամական կամ իսլամական մեծաթիվ բնակչությամբ երկրներում՝ Թուրքիայում (2.9%), Բոսնիա-Հերցեգովինայում (10.8%, 2010), Հյուսիսային Մակեդոնիայում (12.1%), ինչպես նաև Հունաստանում (11.1%):

Արտամուսնական երեխաների ամենափոքր թվով երկրների երկրորդ խմբում են հիմնականում Եվրոպայի կաթոլիկ բնակչությամբ երկրները և Սերբիան։ Այդ խմբում արտաամուսնական երեխաների թիվը 20-30% միջակայքում է։

Հայաստանը գտնվում է արտամուսնական երեխաների թվով երրորդ խմբում, որտեղ ցուցանիշը գտնվում է 30-40% միջակայքում՝ Ռումինիայի, Գերմանիայի Իտալիայի հարևանությամբ։

Արտամուսնական երեխաների թիվը նույնիսկ եվրոպական չափանիշներով հատկապես մեծ է Իսլանդիայում (70.5%) և Ֆրանսիայում (60.4%)։ Ութ երկրում ցուցանիշը մեծ է 50%-ից, ևս ութ երկրում մեծ է 40%-ից։

Եթե հաշվի առնենք, որ համարյա բոլոր ոչ լրիվ ընտանիքներում (միայն մորից կամ հորից կազմված) կա միայն մեկ երեխա, ապա եվրոպական երկրների մեծ մասում հայր և մայր ունեցող ընտանիքների թիվն արդեն ավելի փոքր է, քան ծնողներից մեկ բացակայությամբ ընտանիքների թիվը։ Այսինքն Եվրոպայում ավանդական ամուսնությունը և ընտանիքը (որտեղ կա և՛ հայր, և՛  մայր) արդեն մեծամասնություն չէ։ Հետևաբար,

  • Հյուսիսային, Կենտրոնական (բացի Լեհաստանից) և Հարավային Եվրոպայի երկրներում բնակչության բնական վերարտադրությունն արդեն գործնականում անհնար է, բացառությամբ, այդ երկրներում իսլամադավան կամ աֆրիկյան ծագումով բնակիչների սեգմենտների։
  • Հետևաբար, միգրանտների պետականորեն կարգավորվող ներհոսքը Եվրոպա շարունակվելու է։

Եթե այս համատեքստում վերադառնանք Հայաստանյան խնդիրներին, ապա հիմնական եզրակացությունն այն է, որ

  • Ամուսնության և ընտանիքի հարցերում եվրոպական ուղով ընթացքի շարունակման դեպքում, Հայաստանում բնակչության ընդլայնված բնական վերարտադրությունը կդառնա անհնար։

Ներկայացված կանխատեսումը համահունչ է այստեղ հիմնավորված այն կանխատեսմանը, որ՝ «Երեխաների պահանջմունքի դինամիկայի և դրա իրականացվածության առկա մակարդակի պահպանման դեպքում, Հայաստանում 2029 թ.-ին կանանց պտղաբերության գործակիցը կգտնվի [1.35; 1.40] միջակայքում», ինչը խիստ անբավարար է բնակչության բնական վերարտադրության համար։

Տվյալների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ եվրոպական տարբեր երկրներում արտամուսնական երեխաների թվի կտրուկ աճը տեղի է ունեցել հետևյալ ժամանակահատվածներում․

  • 1970-ականներ՝ Դանիա և Շվեդիա,
  • 1980-ականներ՝ Նորվեգիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իսլանդիա, Ֆինլանդիա,
  • 1990-ականներին՝ Բելգիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Չեխիա, Սլովակիա, Լատվիա, Լիտվա, Բուլղարիա, Հունգարիա
  • 2000-ականներին՝ Իտալիա, Պորտուգալիա, Իսպանիա, Կիպրոս։
Առաջին ամուսնության և առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքը

Վ երարտադրողական վարքի և բնակչության բնական աճի տեսակետից կարևոր բնութագրեր են առաջին ամուսնության տարիքը և մոր տարիքը առաջին երեխայի ծննդյան ժամանակ։ Հայաստանում առաջին ամուսնության միջին տարիքը տղամարդկանց և կանանց համար 1990-2018 թթ. ժամանակահատվածում տրված է Գծապատկեր 6-Ա-ում, իսկ մոր միջին տարիքն առաջին երեխայի և երեխայի ծննդյան ժամանակ՝ Գծապատկեր 6-Բ-ում։


Գծապատկեր 6

  • 1990-2018 թթ. ընթացքում և՛ տղամարդկանց, և՛ կանանց առաջին ամուսնության տարիքը բարձրացել է միջին հաշվով 4.4 տարով։ Այդ գործընթացը բացասաբար է ազդում բնակչության բնական վերարտադրության վրա, քանի որ մեծացնում է սերունդների վերարտադրության պարբերության ժամանակը։

Նույնպիսի բացասական ազդեցություն է գործում նաև առաջին երեխայի ծննդյան ժամանակ մայրերի միջին տարիքի աճը։ Գծապատկեր 6-Բ-ի տվյալներից երևում է, որ 1970-1994 թթ. ընթացքում առաջին երեխայի ծնվելիս մոր միջին տարիքը (կարմիր գրաֆիկը) մոտավորապես նույնն էր՝ տատանվում էր մոտավորապես 22.5 տարեկանի շուրջը։ Սակայն,

  • 1995-2018 թթ. ժամանակահատվածում, երբ սկսվել են ամուսնության և ընտանիքի հետ կապված արժեքանորմատիվային փոփոխությունները, առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքը մոնոտոն աճել է և 2018-ին հասել 25.1 տարեկանի։

Գծապատկեր 6-Բ-ի կապույտ գրաֆիկն արտապատկերում մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ։ 1970-1994 թթ. ընթացքում այդ ցուցանիշը նվազում էր, քանի որ նվազում էին համեմատաբար ավելի բարձր տարիքում կանանց ծնելիության ցուցանիշները։ Իսկ 1994-2018 թթ. ընթացքում ցուցանիշը սկսեց աճել արդեն՝ կանանց առաջին ամուսնության տարիքի աճի հետևանքով։

Սոցիալական գործընթացների ցուցանիշների միջին արժեքների ժամանակային շարքերը ցուցադրում են պրոցեսների ընթացքը և դրանց փոփոխության հիմնական միտումները։ Սակայն, հաճախ դրանք քողարկում են այդ պրոցեսների սրությունը։ Գծապատկեր 7-ում տրված է տարվա ընթացքում առաջին անգամ ամուսնացած կանանց տոկոսային թվերը, տվյալ տարվա ընթացքում բոլոր առաջին անգամ ամուսնացած կանանց թվից, ըստ տարիքային խմբերի։ 


Գծապատկեր 7

Գծապատկեր 7-Ա-ի գրաֆիկները ցույց են տալիս, թե ինչպես են արագորեն նվազում երիտասարդ տարիքային խմբերում առաջին անգամ ամուսնացած կանանց հարաբերական թվերը։ Այդ գրաֆիկների արժեքները 2000 և 2018 թթ. համար տրված են Գծապատկեր 7-Բ-ում։ Եթե 2000 թ.-ին 20-24 տարեկան կանայք կազմում էին առաջին անգամ ամուսնացած կանանց մոտ 60%-ը, ապա 2018-ին՝ արդեն մոտ 40%-ը Եթե 2000 թ.-ին 16-19 տարեկան առաջին անգամ ամուսնացած կանայք կազմում էին առաջին անգամ ամուսնացած կանանց 17.4%-ը, ապա 2018 թ.-ին՝ արդեն ընդամենը 5.3%:

Մյուս կողմից արագորեն աճել են ավելի բարձր տարիքում առաջին անգամ ամուսնացած կանանց հարաբերական թվերը։  2000 թ.-ին 25-29 տարեկան կանայք կազմել են առաջին անգամ ամուսնացած կանանց մոտ 16%-ը, իսկ 2018 թ.-ին՝ արդեն մոտ 32%-ը։ 2000 թ.-ին 30-34 տարեկանում առաջին անգամ ամուսնացած կանայք կազմել են առաջին անգամ ամուսնացած կանանց 3.5%-ը, իսկ 2018 թ.-ին արդեն 13.2%-ը։

Բարձրագույն կրթության ազդեցությունը ամուսնությունների վրա

1 6-19 և 20-24 տարեկան խմբերում առաջին անգամ ամուսնացած կանանց թվի ժամանակի ընթացքում նվազման բացատրության համար, կարելի է առաջադրել հիպոթեզ, որ դրա հիմնական պատճառներից կարող է լինել Հայաստանի հասարակությունում շատ տարածված՝ բարձրագույն կրթություն ստանալու ձգտումը, որի պատճառով երիտասարդները, և՛ տղամարդիկ, և՛ աղջիկները, հետաձգում են իրենց ամուսնությունը։

Հետաձգված ամուսնությունը և դրա հետևանքով առաջին երեխայի ծննդյան հետաձգումը ոչ միայն մեծացնում է սերնդափոխության պարբերության տևողությունը՝ նվազեցնելով բնակչության բնական վերարտադրության արագությունը, այլև հանդիսանում է կանանց երկրորդային անպտղության գործոններից մեկը, որն արդեն ուղղակիորեն է նվազեցնում ծնելիությունը։ Նշենք նաև, որ անպտղության բուժումը բավական թանկարժեք ծառայություն է։

Առկա տվյալները թույլ են տալիս վիճակագրական փորձարկման ենթարկել առաջադրված հիպոթեզը։ Դրա համար կիրառվել է «Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները՝ ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում» 2011 թ.-ին կատարված սոցիոլոգիական հետազոտության տվյալների շտեմարանը։

Դիտենք ամուսնական կարգավիճակները 18-23 տարեկան ուսանող և ոչ ուսանող տղաների և աղջիկների շրջանում (Աղյուսակ 7)։ Աղյուսակից երևում է, որ 18-23 տարեկան ոչ ուսանող աղջիկներից ամուսնացած է եղել 38.2%-ը, իսկ ուսանող աղջիկներից՝ միայն 8.6%-ը։ Տարբերությունը կազմել է մոտ 30%:

Ուսանողի կարգավիճակը հետաձգում է նաև տղաների ամուսնությունը։ Նույն՝ 18-23 տարեկան ոչ ուսանող տղաներից ամուսնացած է եղել 12.4%-ը, իսկ ուսանող տղաներից՝ միայն մոտ 2%-ը։

Ամուսնական կարգավիճակ՝ 18-23 տարեկաններ

Իգական

Արական

Ոչ ուսանող

Ուսանող

Ոչ ուսանող

Ուսանող

Չամուսնացած

61.8%

91.4%

87.6%

98.1%

Ամուսնացած

38.2%

8.6%

12.4%

1.9%

Աղյուսակ 7

Բացի դրանից, նշված հետազոտության տվյալների կիրառմամբ, պարզվել է նաև, որ ամուսնական վիճակի վրա ազդում է ոչ միայն կյանքի ուսանողական ժամանակահատվածը, այլև դրա վերջնարդյունքը՝ բարձրագույն կրթություն ունենալը։ Աղյուսակ 8․-ի տվյալները ցույց են տալիս, որ վիճակագրորեն նշանակալի տարբերություն է առկա բարձրագույն կրթություն ունեցող և չունեցող, 23-30 տարեկան և՛ տղամարդկանց, և՛ կանանց ամուսնական վիճակների միջև։

Ամուսնական կարգավիճակ,

24-30 տարեկաններ

Իգական

Արական

Միջնակարգ և միջին մասնագիտական

Բակալավր և մագիստրոս

Միջնակարգ և միջին մասնագիտական

Բակալավր և մագիստրոս

Չամուսնացած

19.1%

36.3%

49.8%

55.4%

Ամուսնացած

80.9%

63.7%

50.2%

44.6%

Աղյուսակ 8

24-30 տարեկան միջնակարգ և միջնակարգ մասնագիտական կրթությամբ կանանց շրջանում ամուսնացած էր մոտ՝ 81%-ը, իսկ նույն տարիքային խմբի բարձրագույն կրթությամբ կանանց շրջանում՝ մոտ 64%-ը։ Տղամարդկանց դեպքում այդ ցուցանիշները կազմում են համապատասխանաբար՝ 50% և 45%:

Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ

  • Համալսարանն ավարտելուց հետո՝ 24-30 տարեկան բարձրագույն կրթությամբ անձանց և բարձրագույն կրթության չունեցող անձանց շրջանում, ամուսնացածների թվերի միջև մեծ տարբերությունները նշանակալիորեն նվազել են։

Այսինքն, ամուսնությունների նշանակալի մասը ոչ թե տեղի չեն ունեցել, այլ՝ հետաձգվել են։ Սակայն, այնուամենայնիվ

  • Հետաձգված ամուսնություններն ամբողջությամբ չեն կոմպենսացրել ուսանողական շրջանում առաջացած տարբերությունները։

Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հայաստանի երիտասարդների շրջանում ամուսնության հետաձգումը գիտակցված դիրքորոշում է, որն ավելի տարածված է ուսանողների և բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում։ Աղյուսակ 9․-ում տրված են նշված հետազոտությունում «Եթե երիտասարդ աղջիկն ունի կարիերայի լավ հնարավորություն, ապա իր ամուսնությունն արժե հետաձգել մինչև 30-35 տարեկան» հարցի տրված պատասխանները 18-23 տարեկան ուսանող և ոչ ուսանող տղաների և աղջիկների կողմից։

«Եթե երիտասարդ աղջիկն ունի կարիերայի լավ հնարավորություն, ապա իր ամուսնությունն արժե հետաձգել մինչև 30-35 տարեկան:»

18-23 տարեկան երիտասարդներ

Իգական

Արական

Ոչ ուսանող

Ուսանող

Ոչ ուսանող

Ուսանող

Ոչ

72.4%

65.6%

78.3%

75.9%

Այո

27.6%

34.4%

21.7%

24.1%

Աղյուսակ 9

Տվյալները ցույց են տալիս, որ և՛ ուսանող տղաները, և՛ ուսանող աղջիկներն ավելի են հակված համաձայնելու, որ կարիերան հիմնավոր պատճառ է աղջկա ամուսնությունը հետաձգելու համար, քան ոչ ուսանող տղաներն ու ոչ ուսանող աղջիկները։

Պարզ է, որ ստացված արդյունքները չեն նշանակում, որ խնդիրը լուծելու համար պետք է արհեստականորեն սահմանափակել երիտասարդների, մասնավորապես աղջիկների բարձրագույն կրթության և կարիերայի հնարավորությունները։

  • Դա անթույլատրելի է նախ՝ որովհետև անբարո է, իսկ երկրորդը, որովհետև որակյալ բարձրագույն կրթությամբ անձինք Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ նախապայման են։

Ստացված տվյալները հուշում են, որ

  • Մի կողմից անհրաժեշտ է դաստիարակության միջոցով երեխաների, պատանիների և երիտասարդների աշխարհընկալումներում բարձրացնել ընտանիքի գերակայությունը, իսկ մյուս կողմից, ուսանողների շրջանում խթանել ամուսնությունները և երեխաներ ունենալը՝ ավելացնելով ամուսնացած ուսանողների արտոնությունները։

Սակայն, իրականում, խնդիրն ավելի ընդգրկուն է, հիմնարար։ Անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ, հատկապես՝ մտավորական և կառավարչական վերնախավերը խորապես ընկալեն, որ

  • Ժամանակակից տնտեսակարգի և հասարակարգի բնույթն այնպիսին է, որ «պատժում են» երեխա, առավել ևս՝ շատ երեխա ունեցող մարդուն։

Ընդ որում, որքան ավելի երիտասարդ է ընտանիքը և որքան ավելի շատ երեխաներ է այդտեղ ծնվում, այնքան ավելի խիստ է այդ «պատիժը»։

Եզրակացություններ և առաջարկներ

Ամուսնություններ և ամուսնալուծություններ

  • Հայաստանում 2011-2019 թթ․ ընթացքում ամուսնությունների բացարձակ թվի փոփոխության ընդհանուր միտումը՝ նվազումն էր, իսկ ամուսնալուծությունների բացարձակ թվի ընդհանուր միտումը՝ աճը։
  • Ամուսնալուծությունների ինդեքսը, որը տարվա ընթացքում ամուսնալուծությունների և ամուսնությունների քանակի հարաբերությունն է, Հայաստանում 2019 թ․-ին կազմել է 25%։ Ինդեքսը ժամանակի ընթացքում աճում է։ Ինդեքսի աճը կտրուկ արագացել է սկսած 1999 թ․-ից։ 1999-2019 թ. ընթացքում ամուսնալուծության ինդեքսի աճի արագությունը մոտ երեք անգամ ավելի բարձր է, քան 1960-1999 թթ․ ընթացքում։ Ամուսնալուծությունների ինդեքսի աճի արագացումն արտապատկերում է Հայաստանում ամուսնության նկատմամբ արժեքանորմատիվային փոփոխությունները։
  • Ամուսնությունների ընդհանուր գործակցի տեսակետից, 2018 թ.-ին Հայաստանի դիրքը եվրոպական երկրների համատեքստում 1960 թ. համեմատ վատթարացել է։
  • Ամուսնալուծությունների ընդհանուր գործակցի տեսակետից 2018 թ.-ին Հայաստանի դիրքը եվրոպական երկրների համատեքստում 1960 թ. համեմատ նույնպես վատթարացել է։
  • Ամուսնալուծությունների ինդեքսի տեսակետից, 2018 թ.-ին Հայաստանի դիրքը եվրոպական երկրների համատեքստում 1960 թ. համեմատ նույնպես վատթարացել է։
  • Հայաստանում ամուսնալուծությունների ինդեքսը համադրելի է Մեր տարածաշրջանի երկրների հետ՝ Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա։

Առաջին ամուսնության միջին տարիք և առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքը

  • 1990-2018 թթ. ընթացքում և՛ տղամարդկանց, և՛ կանանց առաջին ամուսնության տարիքը բարձրացել է միջին հաշվով 4.4 տարով։
  • 1995-2018 թթ. ժամանակահատվածում, կանանց առաջին ամուսնության տարիքի աճի և հասարակությունում ամուսնության և ընտանիքի հետ կապված արժեքանորմատիվային փոփոխությունների հետևանքով մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ մոնոտոն աճել է և 2018-ին հասել 25.1 տարեկանի։

Արտամուսնական երեխաներ

  • Հայաստանում 2000-2018 թթ. ընթացքում ամուսնական զույգերում ծնված երեխաների հարաբերական թիվը փոքր-ինչ աճել է՝ 65.4%-ից, մինչև 67.5%։
  • Էական է այն, որ նույն ժամանակահատվածում աճել է ծնողների համատեղ հայտարարությամբ գրանցումների քանակը՝ 20.1%-ից մինչև 25.7%, և, միաժամանակ, նվազել է մոր հայտարարությամբ գրանցումների թիվը՝ 14.6%-ից մինչև 6.8%։

Արժեհամակարգային զարգացում և բնակչության բնական աճ

  • Արտամուսնական երեխաների թվով Հայաստանը՝ Եվրոպական երկրների շարքում, գտնվում է Ռումինիայի, Գերմանիայի Իտալիայի հարևանությամբ, որտեղ այդ ցուցանիշը գտնվում է 30-40% միջակայքում։
  • Հյուսիսային, Կենտրոնական (բացի Լեհաստանից) և Հարավային Եվրոպայի երկրներում բնակչության բնական վերարտադրությունն արդեն գործնականում անհնար է, բացառությամբ, այդ երկրներում իսլամադավան կամ աֆրիկյան ծագումով բնակիչների սեգմենտների։
  • Հետևաբար, միգրանտների պետականորեն կարգավորվող ներհոսքը Եվրոպա շարունակվելու է։
  • Ամուսնության և ընտանիքի հարցերում եվրոպական ուղով ընթացքի շարունակման դեպքում, Հայաստանում բնակչության ընդլայնված բնական վերարտադրությունը կդառնա անհնար։

Առաջարկներ

  • Կազմակերպել ՀՀ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և Հայ Առաքելական Եկեղեցու համագործակցություն՝ Եկեղեցում կատարված ամուսնությունների գրանցումները հաշվառելու ուղղությամբ։
  • Խթանել ամուսնությունները և առաջին երեխայի ծնունդը ուսանողության շրջանում։ Հարկ է նշել, որ միայն ամուսնության խթանումը կարող է հանգեցնել ֆիկտիվ ամուսնությունների։
  • Իրականացնել ամուսնության և ընտանիքի արժեքի գերակայության բարձրացման կրթական, դաստիարակչական, մշակութային և ինֆորմացիոն համակարգային քաղաքականություն։

Ռազմավարական դրույթներ

Ամուսնությունների և ամուսնալուծությունների թվի, առաջին ամուսնության միջին տարիքի, առաջին երեխան ծնվելիս մոր միջին տարիքի և արտաամուսնական երեխաների թվի հետ կապված խնդիրները շատ ավելի խորն են և պայմանավորված են ինչպես արդի հասարակարգին, այնպես էլ տնտեսակարգին առնչվող հիմնարար դրույթներով։

  • Անհրաժեշտ է խորությամբ ընկալել, որ ժամանակակից տնտեսակարգը և հասարակարգը, այնպիսին են, որ «պատժում են» երեխա ունեցողներին։
  • Որքան ավելի երիտասարդ են ամուսնացող զույգերը և որքան ավելի շատ երեխաներ նրանք ունեն, այնքան ավելի խիստ է այդ «պատիժը»։

Վեցերորդ տեխնոլոգիական հեղափոխությունը ենթադրում է նաև հասարակարգային և տնտեսակարգային փոփոխություններ։ Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի մտավորական և կառավարչական վերնախավը միանա այդ փոփոխությունների վերաբերյալ խորհրդածություններին։


[1] Մեկական տարի միջակայքով հրապարակված են տվյալները 15-39 տարեկանների համար։ Տրված են նաև համախմբված տվյալները՝ 40-44, 45-49, 50-54, 55-59, 60-60 և 70 և ավելի տարիքային խմբերի համար։

[2] Эрлихман В. В. Потери народонаселения в XX веке. Справочник. М.: Русская панорама, 2004.

[3] Մանրամասն տես՝ Մանուկյան Ս․ Ա․ Ժողովրդագրական անցման փուլերը Հայաստանում։

[4] А. Вишневский. Демографические последствия Великой Отечественной войны. // Демографическое обозрение. 2016. Том 3, №2: 3-42.

[5] Ամուսնության ընդհանուր գործակիցը՝ տվյալ տարվա ընթացքում գրանցված ամուսնությունների թվի հարաբերությունն է բնակչության թվին՝ հազար բնակչի հաշվով։

Ամուսնալուծության ընդհանուր գործակիցը՝ տվյալ տարվա ընթացքում գրանցված ամուսնալուծությունների թվի հարաբերությունն է բնակչության թվին՝ հազար բնակչի հաշվով։

Ամուսնալուծության ընդհանուր գործակիցը և ամուսնալուծության ինդեքսը դիտարկելիս, հարկ է հաշվի առնել, որ դրանք գերագնահատված են, քանի որ հաշվարկային տարվա ամուսնալուծությունների թիվը և ամուսնալուծությունների ինդեքսի համարիչը կազմավորվում են նախորդ տարիներին տեղի ունեցած ամուսնությունների կուտակային թվից։ Իսկ ամուսնությունների թիվը՝ միայն հաշվարկային տարվա ընթացքում տեղի ունեցած ամուսնություններ են։ Այդուհանդերձ, ամուսնալուծությունների ինդեքսը կիրառելի է ժամանակային շարքերի վերլուծության և միջազգային համեմատությունների համար։

[6] Եվրոստատ՝ Եվրոպական Միության վիճակագրական ծառայություն։

[7] Չնայած տվյալները վերաբերվում են տարբեր տարիների, սակայն այնուամենայնիվ թույլ են տալիս մոտավոր համեմատություն կատարել Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների միջև։ Աղյուսակում մեր համար առավել կարևոր են ամուսնալուծությունների ինդեքսների համեմատությունները։