Նախընտրական իրարանցում Բելառուսում
16 ր. | 2020-08-06Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի կունենան 6-րդ նախագահական ընտրությունները։ Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով 1994թ.-ից ղեկավարում է երկիրը, չի շտապում անցնել թոշակի, և այս ընտրություններին ևս կմասնակցի։ Այս անգամ, սակայն, Լուկաշենկոյի համար բարդ իրավիճակ է ստեղծվել. նախընտրական շրջանում նրա համար բավականին տհաճ անակնկալներ առաջացան։ Համաճարակը, տնտեսական վատ դրությունը, արտաքին բազմավեկտոր քաղաքականությունը թուլացրել են նրա դիրքերը, որից օգտվում են ուժեղ հակառակորդները։ Լուկաշենկոն ոմանց արդեն հեռացրել է իր ճանապարհից՝ տարբեր մեղադրանքներով ձերբակալելով։
Ընդդիմության խոսքերով՝ սա Բելառուսի պատմության մեջ ամենակեղտոտ ընտրարշավն է։ Լուկաշենկոն, իր դեմ իրականացվող ցույցերի ֆոնին, ամեն գնով փորձում է պահել իշխանությունը, սակայն ընդդիմությունը, ինչպես նաև բանտում գտնվող թեկնածուները չեն պատրաստվում հանձնվել։
«Եվրոպայի վերջին բռնապետից» և «Батька»-ից մինչև «Սաշա 3%». Լուկաշենկոյի ճանապարհը
Հ ետսովետական երկրներն իրենց սահմանադրություններում սահմանափակել էին նախագահի պաշտոնավարումը երկու անգամով, բայց հետագայում շատ ղեկավարներ տարբեր եղանակներով երկարաձգեցին իրենց կառավարման ժամկետները: Դրա վառ օրինակը Բելառուսն է, որտեղ անկախացումից մինչ այժմ երկիրը ղեկավարում է Լուկաշենկոն։
Ալեքսանդր Լուկաշենկոն հաճախ է մամուլում հայտնվում «Եվրոպայի վերջին բռնապետ» և «Батька» անվանումներով՝ առաջինը հիմնականում հանդիպում է արևմտյան մամուլում, իսկ երկրորդը՝ տեղական և ռուսական ԶԼՄ-ներում: Լուկաշենկոն ինքն իրեն ևս երբեմն «Батька» է անվանում՝ իբրև երկրի «հայր»:
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն երկիրը ղեկավարում է 1994թ.-ից: Նախքան նախագահի պաշտոնը նա գլխավորում էր Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը և պարբերաբար ամբիոնից քննադատում էր պաշտոնյաներին, կաշառակերներին պատժելու կոչեր անում՝ ընդունվելով հասարակության կողմից, որն այդ ժամանակ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում էր։
Ալեքսանդր Լուկաշենկո. 1994թ.
Ընտրվելով նախագահ՝ Լուկաշենկոն մի քանի անգամ Սահմանադրության մեջ փոփոխություններ է անում՝ ընդլայնելով և երկարացնելով իր իշխանությունը։ Նախ՝ 1995թ.-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում նախագահի պաշտոնակատարը հնարավորություն է ստանում վաղաժամ լուծարել Գերագույն խորհուրդը, իսկ արդեն 1996թ.-ի հանրաքվեով նախագահին լիազորություն է տրվում միանձնյա լուծարել խորհրդարանն ու անձամբ նշանակել նախարարներին։ Սակայն մի շարք պետություններ և միջազգային կառույցներ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ԵԽ-ն, չճանաչեցին հանրաքվեի արդյունքները և համարեցին այն անօրինական: Այս հանրաքվեն և դրանից հետո Բելառուսում տեղի ունեցած նախագահական բոլոր ընտրությունները միջազգային հանրության կողմից չեն ճանաչվել արդար և թափանցիկ:
1996թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո Լուկաշենկոյի պաշտոնավարման 2 տարիները զրոյանում են. սա նշանակում է, որ հաջորդ ընտրությունները 1999թ.-ի փոխարեն պետք է տեղի ունենային 2001թ.-ին, սակայն ԿԸՀ նախկին նախագահ, Լուկաշենկոյի համախոհ Վիկտոր Գոնչարը, որը չէր հաստատել 1996թ.-ի ընտրությունները, դուրս եկավ նրա դեմ: 1999թ.-ին նա և մի շարք պատգամավորներ հայտարարեցին այլընտրանքային խորհրդի և ԿԸՀ-ի ստեղծման մասին, բայց բոլոր մասնակիցները ձերբակալվեցին, իսկ Գոնչարն ու նրա ընկեր Անատոլի Կրասովսկին անհետ կորան։
Արդեն 2001թ.-ի սեպտեմբերի 9-ին ԿԸՀ-ն անցկացրեց նախագահական ընտրություններ Լիդիա Երմոշինայի ղեկավարությամբ, որը մինչ այժմ ղեկավարում է հանձնաժողովը: Հաղթող դարձավ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների 75,62%-ը: Ըստ Սահմանադրության՝ սա Լուկաշենկոյի կառավարման վերջին ժամկետն էր, սակայն այս հարցը հեշտությամբ լուծվեց։ 2004թ.-ին սահմանադրական նոր փոփոխություններով նախագահության ժամկետները սահմանափակող կետը վերացվեց։ Լուկաշենկոն հնարավորություն ստացավ «հավերժ» ղեկավարելու երկիրը:
2006թ.-ին նա կրկին ընտրվեց նախագահ՝ հավաքելով 82.6% ձայն: Երկրում սկսվեցին բողոքի ցույցեր ընդդեմ Լուկաշենկոյի, որին մասնակցում էին տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Հանրահավաքվի չորրորդ օրը ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները ուժի կիրառմամբ ցրեցին բողոքի ակցիան։ Տուժեցին տասնյակ ցուցարարներ, ավելի քան 500 մարդ ձերբակալվեց։
2010թ.-ին Լուկաշենկոն անդրադառնալով այս ընտրություններին՝ հայտարարել է, որ իրականում իր օգտին քվեարկածների թիվն ավելի մեծ է եղել. «Այդ ընտրություններին իմ օգտին քվեարկել է ընտրողների 93 %-ը, բայց մենք գրանցել ենք 83%-ը»։
2010թ.-ի և 2015թ.-ի նախագահական ընտրությունները նույն սցենարով են ընթանում: Երկու անգամ էլ բազմահազարանոց ցույցերի ֆոնին Լուկաշենկոն ընտրվում է նախագահ։
Միջազգային կառույցները և երկրները մի քանի անգամ Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցներ են կիրառել. 2006թ.-ից 2008թ.-ը Եվրամիությունը, այնուհետև ԱՄՆ-ն արգելեցին Ալեքսանդր Լուկաշենկոյին մուտք գործել իրենց տարածք: 2011թ.-ի ապրիլից մինչև նոյեմբեր կրկին ԵՄ խորհուրդը Լուկաշենկոյի և 35 այլ պաշտոնատար անձանց արգելեց մուտք գործել ԵՄ երկրներ:
Այս ամենով հանդերձ Լուկաշենկոն չի պատրաստվում իշխանությունը տալ ուրիշին: 2019թ.-ի նոյեմբերին նա հայտարարեց, որ պատրաստվում է իր թեկնածությունը նորից առաջադրել: Սակայն այս անգամ Բելառուսում իրավիճակը բավականին սրված է. COVID-19-ով պայմանավորված տնտեսական ծանր իրավիճակը, որի արդյունքում Լուկաշենկոյի վարկանիշը կտրուկ իջել է: Մի շարք հարցումների արդյունքում Լուկաշենկոյի օգտին պատրաստվում է քվեարկել ընտրողների 3%-ը, որը դարձել է Բելառուսում «Սաշա 3%» և «ПСІХО3%» հայտնի մեմերի հիմքը։ Ի դեպ, Բելառուսում չկա Ալեքսանդր Լուկաշենկոյի վարկանիշի և նրա նկատմամբ վստահության մակարդակի վերաբերյալ բաց տվյալներ: Միայն հավատարմագրված ծառայություններին թույլատրվում է անցկացնել համապատասխան հետազոտություններ: Հունիսին ԶԼՄ-ներին ևս արգելվեց որևէ հարցում իրականացնել, սակայն բելառուսական մամուլը գտավ տարբերակ։ «Tut.by» կայքը յուրաքանչյուր թեկնածուի ֆիլմի անվանում է տվել և հարցում կազմել, թե որն է ընթերոցողին ավելի հետաքրքիր։
Այս տարի իրավիճակի փոփոխությունը պայմանավորված է նաև Լուկաշենկոյի վարած արտաքին քաղաքականությամբ: Եթե նախկինում Մինսկը վարում էր բացահայտ հակաարևմտյան քաղաքականություն՝ հաճոյանալով Կրեմլին, ապա վերջին մեկ ու կես տարում Լուկաշենկոն ակտիվ քաղաքականություն է վարում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ: Բելառուսի դեպի Արևմուտք ուղղվելը կարող է վտանգ դառնալ Ռուսաստանի համար, ուստի հավանական է, որ Մոսկվան կցանկանա նախագահի պաշտոնում իրեն վստահելի անձի տեսնել։ Մյուս կողմից, չնայած լավ հարաբերություններին, երկրում քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները, ինչպես նաև ցույցերի ճնշումները առաջացրել են Ամերիկայի և ԵՄ-ի վրդովմունքը: Եվրամիությունն անգամ Բելառուսին սպառնացել է նոր պատժամիջոցներով:
Այս ամենին գումարվում են ուժեղ հակառակորդները: Լուկաշենկոյի «ամենավտանգավոր» մրցակիցները «Բելգազպրոմբանկ» խորհրդի նախկին նախագահ Վիկտոր Բաբարիկոն և հայտնի բլոգեր Սերգեյ Տիխանովսկին էին, սակայն այժմ երկուսն էլ ձերբակալված են: Հիմա Լուկաշենկոյի ամենաուժեղ հակառակորդը Տիխանովսկու կինն է՝ Սվետլանա Տիխանովսկայան է, որին աջակցելու համար փողոց է դուրս եկել ավելի քան 60 հազար մարդ:
Չնայած այս ամենին՝ Լուկաշենկոն ընտրական համակարգով մեծ հնարավորություն ունի վերընտրվելու։ Արդեն հայտարարվել է, որ ընտրատեղամասում պայմանավորված համաճարակով դիտորդների թիվը սահմանափակվելու է 5-ով, իսկ ԵԱՀԿ-ի դիտորդները առաջին անգամ չեն հետևի ընտրություններին, քանի որ շատ ուշ են հրավեր ստացել բելառուսական կողմից:
Միանշանակ է, որ Լուկաշենկոյի հաղթանակը կուղեկցվի ցույցերով, սակայն ինչպես նախորդները, այս անգամ ևս Լուկաշենկոն պատրաստ է այն ուժով ցրել: Նա արդեն խոսել է հատուկ բանակային ստորաբաժանումներ ունենալու անհրաժեշտության մասին, որոնք թույլ չեն տա երկրում «մայդան» կազմակերպել: Ի դեպ՝ Լուկաշենկոն մայդան բառի օգտագործմամբ ռեկորդակիր է: Նա բազմիցս է իր մրցակիցներին մեղադրում «մայդան» կազմակերպելու ցանկության մեջ։
Թեկնածուներ և ձերբակալություններ
Մ այիսի 8-ին ԿԸՀ-ն հայտարարեց, որ երկրում ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 9-ին, որից հետո 55 թեկնածուներ ներկայացրին հայտ, ինչը կրկնակի շատ է 2001 թ.-ից:
Թեկնածուները գրանցվելու համար պետք է հավաքեին 100 հազար ստորագրություն: Այս շեմը կարողացան հաղթահարել 5 թեկնածուներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սվետլանա Տիխանովսկայան, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան և Սերգեյ Չերեչենը:
ԿՀԸ-ն մերժեց գրանցել Լուկաշենկոյի հիմնական մրցակիցներ Վիկտոր Բաբարիկոյին և Վալերի Ցեպկալոյին: Չնայած որ Բելգազպրոմբանկի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոն հավաքել էր 100 հազարից ավելի ստորագրություն, նրան մեղադրեցին փողերի լվացման մեջ և ձերբակալեցին: Իսկ Ցեպկալոյի դեպքում ԿԸՀ-ն ճանաչեց ներկայացված 160 հազար ձայնից միայն 75,249-ը:
Մեր օրերի Ժանա դ’Արկ. Սվետլանա Տիխանովսկայա
Լ ուկաշենկոյի հիմնական մրցակիցը Սվետլանա Տիխանովսկայան է։ Բելառուսում նրան կոչում են մեր օրերի Ժանա Դ’Արկ և հեղափոխական։ Տիխանովսկայան հայտնություն էր քաղաքական դաշտում, սակայն այժմ նա գլխավորում է տասնյակ հազարանոց ցույցեր։ Ինչպես ինքն է նշում, երբեք իրեն չի համարել քաղաքական գործիչ. «Ես պարզապես ամուսնուս սիրող կին եմ, որը կամ սխալ է արել կամ հերոսություն։ Եվ այն պահին, երբ ես որոշեցի անել դա, չգիտեի, թե ինչով կավարտվի այս ամենը։ Պարզապես հանուն ամուսնուս ռիսկի դիմեցի»։
Սվետլանա Տիխանովսկայա
Ի սկզբանե թեկնածություն պետք է դներ նրա ամուսինը՝ Բելառուսում հայտնի բլոգեր Սերգեյ Տիխանովսկին, սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց: Երբ 15 օրով կալանավորեցին նրան, կինը՝ Սվետլանան որոշեց ինքն առաջադրվել։ Դուրս գալով բանտից՝ Տիխանովսկին գլխավորեց կնոջ նախաձեռնող խումբը. նա նորից հայտնվեց բանտում։ 2020 թ.-ի մայիսի 29-ին Գրոդնո քաղաքում նախագահի թեկնածու առաջադրելու համար ստորագրություններ հավաքելու ժամանակ Սերգեյ Տիխանովսկուն կրկին կալանավորվում են հանրային կարգը խախտելու մեղադրանքով: Հունիսի 4-ին էլ նրա ամառանոցում կատարված երրորդ խուզարկության ժամանակ գտնում են 900 հազար ԱՄՆ դոլար` ավելի խճճելով նրա գործը։ Սվետլանա Տիխանովսկայան, անդրադառնալով գումարին՝ հայտարարել է, որ երբեք չեն տեսել այդ փողերը։ Սերգեյ Տիխանովսկին մինչ այժմ կալանավորված է։
Սերգեյ Տիխանովսկին նույնպես նորեկ է քաղաքական ասպարեզում։ Նա քաղաքական ասպարեզ է հայտնվել 2019թ.-ին։ Նախքան այդ ղեկավարել է «Կոմպաս» ընկերությունը, որը Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում գովազդային տեսանյութեր է նկարահանել: Տիխանովսկին քաղաքական դաշտում հայտնվեց «Youtube»-ում իր հեղինակային «Երկիր՝ կյանքի համար» հաղորդմամբ, որի շրջանակներում նա խոսում էր սովորական քաղաքացիների հետ իրենց խնդիրներից ու պահանջներից։ Հաղորդումն սկսելու պատճառը եղել է «պաշտոնայնների կամայականությունները»։ Հետագայում Սվետլանան, խոսելով ամուսնու հաղորդման մասին, շեշտում է, որ հաղորդումը քաղաքական չի եղել, այդպիսին դարձել է ժամանակի ընթացքում, երբ շփվելով հասարակության հետ` տեսել է, թե ինչքան վատ է ամեն ինչ։ «Մարդկանց վաղուց ոչ ոք չէր հարցնում, թե ինչպես են նրանք ապրում։ Ոչ ոք նրանցով չէր հետաքրքրվում։ Ոչ ոք նրանց հետ չէր զրուցում...»,- ասում է Տիխանովսկայան։
Ընտրելով այս ձևաչափը՝ Սերգեյ Տիխանովսկին սոցցանցերում դառնում է հանրաճանաչ։ Նա իր իսկ խոսքերով ընտրություններին որոշել է մասնակցել իր 130 հազար բաժանորդների խնդրանքով։ Չնայած այդ ցանկությանը, բլոգերին հնարավորություն չտրվեց մասնակցել դրանց։ Նրան մեղադրում են այլ ուժերի կողմից ղեկավարվելու մեջ։ Չնայած այդ ամենին նա կարողացավ հավաքել մեծ թվով համախոհներ, որոնք այժմ աջակցում են կնոջը։
Սերգեյ Տիխանովսկի
Մայիսի վերջին Լուկաշենկոն, մեկնաբանելով Սվետլանա Տիխանովսկայայի թեկնածությունը, նշել էր, որ բելառուսի հասարակությունը կին նախագահ ընտրելու համար դեռ այդքան «հասուն» չէ։ Ըստ նրա՝ Բելառուսի Սահամանդրությունը կնոջ համար չի։ Լուկաշենկոն չէր սպասում, որ իր թիվ մեկ մրցակիցը հենց Տիխանովսկայան է լինելու։
Այժմ Տիխանովսկայան խաղաղ ցույցեր է կազմակերպում Բելառուսի տարբեր քաղաքներում և Մինսկում։ Ամենամեծ ցույցը տեղի է ունեցել հուլիսի 30-ին. տարբեր տվյալներով հավաքվել է մոտ 60 հազար մարդ, որն, ըստ որոշ աղբյուրների, անկախ Բելառուսի պատմության մեջ ամենամեծն է։
Հուլիսի 30-ի Մինսկի ցույցերը
Հաջորդ մեծ ցույցը պետք է տեղի ունենար օգոստոսի 6-ին՝ Մինսկի Ընկերության այգում, սակայն քաղաքային իշխանություններն հայտարարել են, որ այդ օրը նշվելու է Երկաթուղային զորքերի տոնը, այն դեպքում, որ երկրում չկան նման զորքեր։ Տիխանովսկայան ու իր թիմը արդեն բողոքել են այս որոշման դեմ։ Ընդհանրապես, որոշված է, որ օգոստոսի 3-ից 8-ը հրապարակում կանցկացվեն «երաժշտական երեկոներ»:
Սվետլանա Տիխանովսկայային են միացել ընտրարշավից դուրս մնացած ամենաուժեղ թեկնածուներ Վիկտոր Բաբարիկոն և Վալերի Ցեպկալոյի շտաբները։ Ընտրությանը չմասնակցող թեկնածուները կոչ են արել քվեարկել Սվետլանա Տիխանովսկայայի օգտին։
Աննա Կանոպացկայա, Սերգեյ Չերեչեն, Անդրեյ Դմիտրիև
Ն ախագահի մյուս կին թեկնածուն մասնագիտությամբ իրավաբան Աննա Կանոպացկայան է, որը իրեն համարում է Լուկաշենկոյի միակ իրական հակառակորդը։ Նա եղել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր: Պատգամավորության տարիներին մշակել է նախագահի լիազորությունների ավարտից հետո նրա անձեռնմխելիության մասին օրինագիծը:
Աննա Կանոպացկայա
Աննայի հայրը՝ Անատոլի Տրուխանովիչը Բելառուսի առաջին միլիոնատերն է: Հայտնի է, որ Տրուխանովիչը հրաժարվել է պետական կենսաթոշակից, քանի որ այն «չափազանց փոքր է եղել»: Աղջկա հաղթելու հավանականությունը նա ցածր է գնահատում:
Նախագահի թեկնածության համար Կանոպացկայան հավաքել էր 110 հազար ձայն, սակայն հունիսի 30-ին ԿԸՀ-ն հաղորդեց, որ բոլոր ստուգումներից հետո հաշվվել է 146 588 վավեր ստորագրություն: Հուլիսի 20-ին հայտնի դարձավ, որ Աննա Կանոպացկայան նախագահի միակ գրանցված թեկնածուն է, որը չի նախատեսում հանդիպումներ անցկացնել ընտրողների հետ:
Նա քննադատում է Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարման ոճը, սակայն ավելացնում է, որ միակ թեկնածուն է, որը կախվածություն չունի Ռուսաստանից:
Կանոպացկայայի քննադատները նշում են, որ նա մրցում է ոչ թե Լուկաշենկոյի, այլ Լուկաշենկոյի մրցակիցների դեմ: Նրան համարում են «սփոյլեր» թեկնածու՝ «գործը փչացնող»: Սա նշանակում է, որ թեկնածուն գիտի, որ չի հաղթելու, սակայն մասնակցում է ընտրություններին ձայներ «փախցնելու» համար: Կանոպացկայան ևս խոսել է իր ընտանիքի և երեխաների վրա ճնշման մասին` մեղադրելով «ընդդիմությանը»:
Նախագահի մյուս երկու թեկնածուները 35-ամյա Սերգեյ Չերեչենը և 41-ամյա Անդրեյ Դմիտրիևն են: Թեկնածուներն ակտիվ գործողություններով աչքի չեն ընկնում: Չերեչենը, ով գլխավորում է Բելառուսի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, նշել է, որ ցանկանում է «փորձ ձեռք բերել»:
Սերգեյ Չերեչեն
Չերչենը իր հարցազրույցներից մեկում ասել է, որ իր նպատակը «Բելառուսը հնարավորությունների երկիր դարձնելն է, չի թաքցնում իր համակրանքը Ուկրաինայի նախագահ Զելենսկու նկատմամբ: Իր քարոզարշավում նա օգտագործում է «Չե-ի ժամանակը, փոփոխությունների ժամանակը» լոզունգը: Նա նաև հայտարարեց, որ պատրաստ է դուրս գալ ընտրություններից, եթե դա բերում է որոշակի արդյունքի:
Վիլնյուսի համալսարանն ավարտած քաղաքագետ Անդրեյ Դմիտրիևը նախկին ընտրություններում եղել է մի քանի թեկնածուների շտաբների ղեկավար: Նա այժմ առաջնորդում է «Պատմեք ճշմարտությունը» քաղաքացիական շարժումը:
Անդրեյ Դմիտրիև
Նրա քարոզարշավն առանձնանում է բացահայտ պասիվությամբ: Նրան ևս մեղադրում են «սփոյլեր» թեկնածու լինելու մեջ, որին ի պատասխան նա նշում է, որ իշխանություններն իրականում խաղում են ժողովրդի հետ՝ ոչնչացնելով նրանց, ովքեր հարձակման առաջնագծում են, և թվում է, որ նրանք, ովքեր այդքան էլ հայտնի չեն, «սփոյլեր» են»: Դնիտրիևը նշել է, որ պատրաստ է աջակցել բոլոր թեկնածուներին, բացի Կանոպացկայից և Լուկաշենկոյից:
Ամենաուժեղ թեկնածուները խաղից դուրս մնացին
Լ ուկաշենկոյի հիմնական մրցակիցները «Բելգազպրոմբանկի» խորհրդի նախկին նախագահ Վիկտոր Բաբարիկոն և ԱՄՆ-ում Բելառուսի նախկին դեսպան Վալերի Ցեպկալոն էին: Սակայն ԿԸՀ-ն հրաժարվեց նրանց գրանցել։ Ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ Բաբարիկոյի ունեցվածքի և եկամուտների հայտարարագրում անհամապատասխանություններ կան, նրա եկամուտներն իրականում ներկայացվածից ավելի շատ են, բացի այդ՝ նրա նախընտրական արշավը ֆինանսավորվում է դրսից։ Իսկ Ցեպալկոյին մերժեցին գրանցել սահմանված ստորագրություն չհավաքելու պատճառով։ Նա ԿԸՀ էր ներկայացարել 160 հազար ստորագրություն, որից վավեր ճանաչվեց միայն 75 հազարը: Ցեպալկոն Մինսկից փախել է Ռուսաստան, իր հետ վերցնելով 7-ամյա երկվորյակ տղաներին։ «Այս անգամ ես ստիպված էի հեռանալ. եթե ինձ կալանավորեին, ես չէի կարող բաց խոսել, թե ինչ է կատարվում Բելառուսում։ Եթե մեր երեխաներին վերցնեին մեզանից, դա շատ ուժեղ լծակ կլիներ մեզ վրա, գործընթացի վրա ազդելու համար», - ասել է նա։ Այժմ նա Կիևում է, իսկ նրա կինը մնացել է Բելառուսում՝ Տիխանովսկայային աջակցելու համար։
Թեկնածուներին չգրանցելը Բելառուսի տարբեր քաղաքներում ցույցերի առիթ դարձավ, որի արդյունքում ձերբակալվել է մոտ 300 մարդ։
Ի տարբերություն Ցեպկալոյի՝ Բաբարիկոյի գործերն ավելի բարդ են։ Հուլիսի 18-ին նրան և որդուն ձերբակալեցին: Բաբարիկոյին մեղադրանք առաջադրվեց Բելառուսի Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացման, հարկերից խուսափելու և կաշառք տալու համար, որդուն՝ Էդվարդ Բաբարիկոյին ևս մեղադրեցին խոշոր չափերով հարկերից խուսափելու մեջ:
Վիկտոր Բաբարիկո
Բաբարիկոյի թեկնածությունը շատերի համար սկանդալային էր։ Վիկտոր Բաբարիկոն, ով 2000թ.-ից գլխավորել է ռուսական «Գազպրոմբանկի» դուստր բանկ «Բելգազպրոմբանկը», 2020թ.-ի մայիսի 12-ին հրաժարվում է պաշտոնից և հայտարարում ընտրություններին մասնակցելու մասին։ Հենց սկզբից էլ Բաբարիկոն դառնում է Լուկաշենկոյի թիվ մեկ մրցակիցը. մայիսի վերջին ինտերնետ հարցումների արդյունքում Բաբարենկոն առաջին տեղն էր զբաղեցնում՝ հավաքելով 50%-ից ավելի:
Շատ մասնագետներ նրան անմիջապես կապեցին Մոսկվայի հետ՝ անվանելով Կրեմլի թեկնածու։ Մինսկում նշեցին, որ նրան օգնում են «Գազպրոմի» «մարիոնետները»։ Նախագահ Լուկաշենոկոն նրան ոչ թե իշխանության, այլ ռուս օլիգարխների հետ կապեց։ Մեղադրանքներին Դմիտրի Պեսկովը պատասխանեց, որ Ռուսաստանում օլիգարխներ չկան և Բելառուսում ոչ մի թեկնածու չունեն։ Ռուսաստանը չեզոք արձագանքեց նաև Բաբարիկոյի ձերբակալման փաստին՝ նշելով, որ չի պատրաստվում խառնվել Բելառուսի ներքին գործերին։
Ի տարբերություն Ռուսաստանի չեզոքությանը՝ Եվրամիությունը և ԱՄՆ-ն կոչ արեցին Բելառուսին ազատ արձակել բոլոր ձերբակալված քաղաքական ակտիվիստներին և անցկացնել արդար, անկողմնակալ և թափանցիկ հետաքննություն: Բրյուսելի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի խորհուրդը ընդունել է Բելառուսում մարդու իրավունքների մասին բանաձևը։ Ռուսական կողմը սա համարել է միջամտություն Բելառուսի ներքին գործերին։
«Վագները» Բելառուսում
Հ ուլիսի 24-ին Լուկաշենկոն հայտարարեց, որ բոլոր տեսակի պատերազմները սկսվում են փողոցային բողոքի ցույցերով ու մայդաններով: Նա շեշտեց, որ մայդան կարող են կազմակերպել մասնավոր ռազմական ընկերություններում պատրաստվող զինվորները։ Հետաքրքիր պատահականությամբ, հուլիսի 29-ին Բելառուսի «Բելտան» պետական լրատվական գործակալությունը հրապարակեց նյութ, որ ոստիկանության հատուկ ստորաբաժանումները և Պետական անվտանգության կոմիտեն ձերբակալել են «Վագներ» ՄՌԸ-ի անդամ 33 Ռուսաստանի քաղաքացիների։
«Վագներ» խմբի անդամների կալանավորումը Բելառուսում
ՊԱԿ-ը հայտարարեց, որ հուլիս 24-ին Բելառուս է ժամանել 200 զինվորական՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավիճակը ապակայունացնելու համար:
«Վագների» անդամների ձերբակալությունից հետո Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զրպարտություն համարեց այն տեղեկությունները, որ Մոսկվան կարող է ինչ-որ մեկին ուղարկել Բելառուս՝ հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու համար։ Նա հույս հայտնեց, որ կստանան տեղեկություններ կալանավորվածների մասին, որը լույս կսփռի հանգամանքների վրա։
Ավելի ուշ Բելառուսում ՌԴ դեսպան Դմիտրի Մեզենցևը հայտարարել էր, որ Մինսկի մերձակայքում ձերբակալված ռուսաստանցիները մասնավոր անվտանգության ընկերության աշխատակիցներ են և պատրաստվում էին մեկնել Ստամբուլ, իսկ ՌԴ հյուպատոսը ավելացրեց, որ նրանք Ստանբուլից պետք է մեկնեին Լատինական Ամերիկա։
«Վագների» զինվորների Բելառուսում հայտնվելու վերաբերյալ շատ վարկածներ առաջ եկան։ Նրանց անունները և ձերբակալման տեսանյութը հրապարակելուց հետո գրող Զախար Պրիլեպինը իր թվիթերյան էջում գրեց, որ մի քանիսը Դոմբասում իրենց գումարտակից են եղել։ Հայտնի է, որ «Վագների» աշխատակիցերը տարբեր երկրներում այս կամ այն թեկնածուի համար նախընտրական շրջանում ձայներ են հավաքում։ Սակայն այս դեպքում դա այդքան էլ տրամաբանական չէ։ Զինվորները սովորական մարտիկներ են, նրանց մեջ չկան քաղտեխնոլոգներ, քարոզչությամբ զբաղվողներ։ Նյութեր հայտնվեցին, որ նախկինում ընտրություններում ևս երկրում հայտնվել են «վարձկաներ»՝ 2006, 2010, 2013 թթ., սակայն այդ ժամանակ «Վագներ» ՄՌԸ-ն, և անգամ «Սլավոնական կորպուսը» դեռ չէին գործում։ Ինքը՝ Լուկաշենկոն նրանց կապել էր Արևմուտքի հետ։
Հետաքրքական է WarGonzo տելեգրամյան ալիքի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի նյութը: Նա, վկայակոչելով «Ռուսաստանի հատուկ ծառայությունների աղբյուրները», գրել է, որ համաճարակի ընթացքում Բելառուսի տարածքով «Վագների» զինվորների տարանցումը սովորական բան է, որը վաղուց համաձայնեցվել է բելառուսական հատուկ ծառայությունների հետ և նրանց համար գաղտնիք չէ: Սա նշանակում է, որ «Վագների» մարտիկները չեն վախեցել բացահայտվելուց, և չեն փորձել քողարկվել, անգամ հագուկապը եղել է զինվորական: Շատ մասնագետների կարծիքով՝ Բելառուսի իշխանություններն ուզում են ցույց տալ, որ իրավիճակը երկրում ապակայունացվում է դրսից, ինչը նաև հնարավորություն կտա Լուկաշենկոյին մեծ ցույցերը ցրել՝ կապելով դրսից ուղղորդված վարձկանների հետ: Վագների գործողությունները կապվեցին նաև Տիխանվոսկայայի հետ, որը նա հերքեց:
«Ազատության» ռադիոկայանը» ձերբակալության տեսանյութում գտել է Սուդանի թղթադրամներ և հեռախոսի քարտեր, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք մեկնում են Սուդան, որտեղ է գտնվում Միխայել Պոտեպկինին պատկանող «Meroe Gold» ընկերությունը, որը կապված է Եվգենի Պրիգոժինի հետ:
Քննչական խմբի ղեկավար Ալեքսանդր Ագաֆոնովը փոխանցել է, որ մասնավոր ռազմական «Վագներ» ընկերության 33 աշխատակիցներից 11-ը հարցաքննությունների ժամանակ հայտարարել են, որ պատրաստվում էին Բելառուսից ուղևորվել Վենեսուելա, 15-ը՝ Թուրքիա, մեկը՝ Կուբա և ևս մեկը՝ Սիրիա։ «Ձերբակալվածներից ևս մեկը հայտարարել է, որ ընդհանրապես տեղյակ չէր, թե ուր է մեկնում»,- նշել է Ագաֆոնովը։