Ռուսական մասնավոր ռազմական ընկերությունները

16 ր.   |  2020-05-01

Վերջին տարիներին աշխարհում մասնավոր ռազմական ընկերությունների թիվն արագորեն աճում է, իսկ պատերազմական գործողություններին նրանց մասնակցությունը հասնում մեծ ծավալների: Այս միջոցով պետությունները հակամարտություններում իրենց զինված ուժերի մասնակցությունը հասցնում են նվազագույնի՝ թողնելով բոլոր «ոչ մաքուր» գործերը վարձկաններին և խուսափելով քաղաքական լուրջ ռիսկերերից։

Ժամանակակից մասնավոր ռազմական ընկերությունները սկսել են գործել 1960-ականներից։ Նրանց ստեղծման հիմնական նպատակը տնտեսական ոլորտում անվտանգության ապահովումն էր, օրինակ, ամերիկյան առաջին ՄՌԸ-ն՝ «Vinnell Corp.»-ը, ստեղծվել էր Սաուդյան Արաբիայի նավթային պաշարները պաշտպանելու համար։ Սակայն նրանց գործառույթները շուտով փոխվեցին. այժմ այս կառույցները կարելի է սահմանել որպես առևտրային ձեռնարկություններ, որոնք առաջարկում են ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան պաշտպանելու մասնագիտացված ծառայություններ։ Որոշ հաշվարկներկներով ՄՌԸ-ների ծառայությունների շուկայում տարեկան շրջանառվում է 100-ից 400 մլրդ ԱՄՆ դոլար։


1.Vinnell corp.-ը Սաուդյան Արաբիայում

Ամենատարածվածը ռազմական խորհրդատվություն տրամադրող ընկերություններն են, որոնք վերապատրաստում են ուժային ստորաբաժանումների մարտիկներին, բարձրացնում սպաների և տեխնիկական անձնակազմի մարտական պատրաստվածությունը և իրականացնում ռազմավարական պլանավորում: Մասնավոր ռազմական ընկերությունները մատուցում են նաև լոգիստիկ ծառայություններ՝ ռազմական տեխնիկայի նորոգում, պահեստամասերի մատակարարում, ցանցային և կապի համակարգերի պահպանում, ականազերծում և այլն։ Այս ամենին գումարվում է ռազմական հակամարտություններին մասնակցությունը։

Մինչ օրս չկա որևէ միջազգային օրենք, որը հստակ կկարգավորի մասնավոր ռազմական ընկերությունների գործունեությունը։ Վարձկանների մասին հիշատակվում է միայն Ժնևյան և 1989թ.-ին ընդունված Միջազգային կոնվենցիաներում: Այստեղ ներկայացվում է, թե ովքեր են վարձկանները և շեշտվում, որ նրանց հավաքագրումը և  օգտագործումը հակաօրինական է։ Սակայն այս կոնվենցիաները չեն սահմանում ժամանակակից ռազմական ընկերությունների էությունը, գործառույթները, ինչպես նաև նրանց հակասությունները մարդու իրավունքների հետ։

Նման փորձ արվեց 2008թ.-ին, երբ Շվեյցարիայի կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ընդունվեց Մոնտրոյի փաստաթուղթը, որն ունի դեկլարատիվ բնույթ՝ առանց որևէ  իրավական ուժի։ Այստեղ ներկայացվում է ռազմական ընկերությունների գործողություններն ինչպես անհատի կամ կառույցի պաշտպանության, այնպես էլ պատերազմներում։ Խոսք կա նաև պետություն-ռազմական ընկերություններ տարատեսակ հարաբերությունների մասին։

«Մոնտրոյի փաստաթուղթը» ստորագրել է 17 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ուկրաինան և այլն։ Այս երկրների հիմնական մասում կան օրենքներ ընկերությունների օրինական գործունեության մասին։  Փաստաթուղթը դրական լույսի ներքո է ներկայացնում ռազմական ընկերությունները,  ուստի մի շարք երկրներ չստորագրեցին այն, քանի որ այդ երկրներում նման կազմակերպությունները համարվում են հակաօրինական։ Այդպիսի երկրներ են, օրինակ,  Ավստրալիան, Կանադան, Հունաստանն, Իտալիան, Նիդերլանդներ, Ռուսաստանը։ Վերջինիս թույլ չի տրվում ստեղծել մասնավոր ռազմական ընկերություններ, քանի որ ռազմական գործողություններ վարելու գործառույթը բացառապես պետությանն է, ինչը սակայն չի խանգարում, որ Ռուսաստանում այլ անվան տակ գործեն մի շարք մասնավոր ռազմական ընկերություններ։

Ռուսաստանում մասնավոր ռազմական ընկերությունների իրավական կարգավորումները

Ռ ուսաստանում մասնավոր ռազմական ընկերությունները սկսեցին ձևավորվել 1990-ականներին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո,  երբ գործազուրկ դարձան տասնյակ հազարավոր հմուտ զինվորականներ, որոնց մեծ մասը մասնակցել էր տարբեր մարտական գործողությունների։

Անդրադառնալով այս կազմակերպությունների իրավական կարգավիճակին՝ նշենք, որ երկրում նրանց գործունեությունը համարվում է ապօրինի. Քրեական օրենսգրքի 208–րդ հոդվածով այն պատժվում է 3-ից 7 տարի ազատազրկմամբ։ Ուստի շատ ընկերություններ գրանցվում են այլ երկրներում կամ ոչ որպես մասնավոր ռազմական ընկերություն։ Մի քանի անգամ եղել է նրանց գործունեությունն օրինականացնելու առաջարկ, սակայն կառավարությունը չի ընդունել։

2012-2020թթ. 4 անգամ ներկայացվել է ռազմական ընկերությունների գործունեության օրինականացման օրինագիծ՝ բոլորն էլ «Արդար Ռուսաստան» կուսակցության կողմից։ Առաջին անգամ օրինականացման մասին խոսք է եղել 2012թ.-ի ապրիլի 11-ին, երբ այդ ժամանակ վարչապետ Վլադիմիր Պուտինն իր զեկույցում սատարեց մասնավոր ռազմական ընկերությունների ստեղծման գաղափարը, սակայն առանց պետության ներգրավման։ Այս հայտարարությունից անմիջապես հետո «Արդար Ռուսաստանի» անդամ Ալեքսեյ Միտրոֆոնը Դումայի պաշտպանության հանձնաժողովին ներկայացրեց «Մասնավոր ռազմական ընկերությունների ստեղծման և գործունեության պետական կարգավորման մասին» օրինագիծը: Սա համեմատաբար  խաղաղ շրջան էր Ռուսաստանի համար, ուստի տրամաբանական էր օրինագծի բովանդակությունը՝ ստեղծել ընկերություններ, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություններ կմատուցեն այլ պետություններում գործող օտարերկրյա իրավաբանական անձանց։ Այն ուղարկվեց վերանայման և 2 տարի ձգձգումից հետո չեղարկվեց։ 2014թ.-ին և 2016թ.-ին ներկայացվեց օրինագծի փոփոխված տարբերակները։ Առաջինի դեպքում նշվում էր, որ բացի այլ երկրներում ծառայություն մատուցելուց մասնավոր ընկերությունները կարող են գործունեություն ծավալել Ռուսաստանում, իսկ 2016թ.-ի օրինագծում նախատեսվում էր օտարերկրյա կազմակերպությունների կողմից մասնավոր ռազմական անվտանգության գործողություններ իրականացնել միայն Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի շրջանակում։ Երկու դեպքում էլ օրինագծերը չհասան Պետդումա։

Մասնավոր ռազմական ընկերությունների գործունեության օրինականացման վերջին օրինագիծը ներկայացվեց 2018թ.-ին, երբ ակտիվացել էին ՄՌԸ-ների մասին խոսակցությունները, քանի որ ԻԼԻՊ-ում Ռուսաստանի երկու քաղաքացիներ, որոնց կասկածում էին «Վագներ» ՄՌԸ-ի անդամ լինելու մեջ, գերի էին ընկել։ Այս դեպքից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով հարցին, կարևորեց «նման մարդկանց» պաշտպանող օրենք ունենալու անհրաժեշտությունը, ինչպես մնացած երկրներում։

Այս հայտարարությունից անմիջապես հետո Սերգեյ Միրոնովն իր գործընկների հետ մշակեց ռազմական ընկերությունների մասին նոր օրինագիծ, որն միանգամից ուղարկվեց կառավարություն։ Սակայն 2 ամիս անց այն նույնպես չընդունվեց, քանի որ հակասում էր Սահմանադրության 2 կետերի. 13-րդ հոդվածի 5-րդ կետին, որով արգելվում է  ստեղծել զինված խմբավորումներ՝ հրահրելով սոցիալական, ռասայական, ազգային և կրոնական ատելություն և 71-րդ հոդվածին, որտեղ նշվում է, որ պետության բացառիկ պատասխանատվության շրջանակում են պաշտպանության և անվտանգության հարցերը։

Ռուսական ամենահայտնի ընկերությունները

Ի նչպես արդեն նշել ենք, չնայած օրենքի արգելքին, Ռուսաստանում գործում են մի շարք ընկերություններ, որոնք մասնակցում են ռազմական հակամարտությունների, պատերազմական գոտիներ են հասցնում հումանիտար օգնություն, մարզում մարտիկների, ինչպես նաև պաշտպանում պատերազմական գոտիներում մի շարք կառույցներ։  Հակամարտություններին չմասնակցող ռուսական ընկերություններ են, օրինակ,  «Антитеррор-Орел»-ը, «Tiger Top Rent Security» -ը, «RSB group»-ը, «МАР»-ը, որոնք ուղղակիորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին։ Նրանք ավելի հին են, քան ռազմական հակամարտություններին մասնակցող ընկերությունները, որոնք 2013թ.-ից սկսած ավելի ակտիվացան։ Ռազմական գործողություններին մասնակցել կամ մինչև այժմ մասնակցում են «Սլավոնական կորպուսը», «Վագները», «E.N.O.T»-ը։

Հակամարտություններին չմասնակցող ընկերություններ

«Антитеррор-Орел»

Կ ազմակերպությունը ստեղծվել է 1998թ.-ին, որի անդամները նախկին զինվորականներ են, Դաշնային անվտանգության ծառայության և ԳՀՎ-ի վետերաններ։ «Антитеррор-Орел» կազմված է  24 հիմնական և 300 պահեստային անդամներից, ովքեր ունեն տարբեր մասնագիտություններ։ Ընկերությունն աշխատել է Հնդկաստանում, Նիգերիայում, Սիերա Լեոնեում, Անգոլայում:

2004թ.-ին Իրաքի ներքին գործերի նախարարությունը և «Антитеррор-Орел»-ի ղեկավար Սերգեյ Իսակովը համաձայնության են գալիս, որով Հորդանանով և Իսրայելով ռազմական տեխնիկա էին տեղափոխում Իրաք, երկրի հյուսիսում պաշտպանում պաշտոնյաների պատվիրակությանը, մարզում մարտիկներին։ Նրա անդամներից մեկի փոխանցմամբ՝ ավելի ուշ՝ ռուս-վրացական պատերազմի ժամանակ, Աբխազիայում ռազմական խորհրդատվությամբ են զբաղվել։

Կազմակերպության 8 անդամ 2008թ.-ին Սերբիայի Նիշ քաղաքի մերձակայքում մասնակցել են ականազերծմանը։ Վերջին տվյալներով՝ ընկերությունը 20 մլն դոլարով պատրաստվում է Բասրայի ջրերում 23 խորտակված նավ դուրս բերել։

«Tiger Top Rent Security»

Ա յս ընկերությունը  2005թ.-ին գրանցվել է բրիտանական Վիրջինիա կղզում։ Նրա ստեղծման հիմնական շարժառիթ Իրաքում խաղաղապահ առաքելություն իրականացնելն էր, իսկ ավելի հստակ՝ «Մայրուղի 2005» գործողությունը, որի նպատակն էր Բասրա նահանգի «Նաջիբիա» էլեկտրակայանի վերականգնումը: Ընկերությունը պետք է հետախուզական աշխատանքներ իրականացներ մինչև էլեկտրակայանն ընկած ճանապարհին և տրանսպորտային միջոցներ հասցներ: Արդեն 2005թ.-ին նրանք բարեհաջող ավարտեցին իրենց առաքելությունը՝ «Նաջիբիա» հասցնելով 120 մեքենա:

Չնայած կազմակերպությունը կարճ ժամանակում լուծարվեց՝ այնուամենայնիվ հասցրեց իրականացնել այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են պահակախմբի ուղեկցումը, ռազմական կառույցների պահպանությունը: «Tiger Top»-ը Լիբանանում, Իսրայելում, Պաղեստինում և Աֆղանստանում տարբեր առաքելությունների ժամանակ զբաղվել է նաև նավթային ընկերությունների ղեկավարների և ռուս դիվանագետների պաշտպանությամբ: Ընկերության հիման վրա ստեղծեցին անվտանգության այնպիսի խմբերի ինչպիսին են «Редут-антитеррор», «Феракс», «Редут-секьюрити». 

 «МАР»-ը

Մ ասնավոր զինվորական կազմակերպություն համարվող «MAP» ընկերության ծառայությունների մեջ մտնում է տեխնիկական պաշտպանությունը, հետաքննությունները, ինչպես նաև անհատների, նավթագազային համակարգերի, բեռնափոխադրումների պաշտպանությունը։ «MAP»-ը պատերազմական գոտիներից՝ Լիբիայից, Սիրիայից տարհանել է խաղաղ բնակչությանը, պատերազմական տարիներին հումանիտար օգնություն հասցրել Ուկրաինա։ Ըստ ուկրաինական աղբյուրների՝ դրանք եղել են ռազմամթերք և համազգեստ։


Ալեքսեյ Մարուշենկոն ՈՒկրաինայում

Ընկերության սեփականատեր Ալեքսեյ Մարուշենկոն նշել է, որ օգնություն է հասցրել գիշերօթիկների սաներին, ծերերին և հաշմանդամներին։ Նա նաև պատմել է, որ նրանց օգնել է Սանկտ Պետերբուրգի հայակական համայնքը՝ տրամադրելով սնունդ։ Ղեկավարը շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում կմասնակցեն ռազմական գործողությունների։ «MAP»-ը բաղկացած է եղել 70 հոգուց, իսկ 2018թ.-ին լուծարվել է։

«RSB-group»

«RSB-group» (Ռուսական անվտանգության համակարգ) մասնավոր ընկերությունը ծառայություններ է մատուցում այնպիսի երկրներում, որտեղ ավելի շատ են ահաբեկչական և հանցավոր գործողությունները, օրինակ՝ Եգիպտոսում, Կոլումբիայում, Չինաստանում, Լիբիայում։ Կազմակերպության գործունեությունը համապատասխանում է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի համաձայնագրերին։ Բացի այդ, ընկերությունը գրանցված է որպես ՄԱԿ-ի պաշտոնական գործընկեր և անվտանգության ծառայություն մատուցող: Ընկերությունը հաճախ է ստպված լինում հերքել պնդումները, թե իրենք մասնավոր զինվորական ընկերություն են։ Հերքում է նաև «RSB-group»-ի ղեկավար, Դաշնային անվտանգության խորհրդի նախկին անդամ Օլեգ Կրինցինը՝ շեշտելով, որ իրենց գործունեության ամբողջ ընթացքում չեն ունեցել և չեն մասնակցել ռազմական որևէ գործողության։

Ընկերությունը զբաղվում է տեխնիկական պաշտպանությամբ և անվտանգությամբ, ծովահեններից նավերի պաշտպանությամբ, հետախուզությամբ, ռազմական և իրավական խորհրդատվությամբ։ Ընկերությունը ծովահեններից պաշտպանում է Հնդկական և Ատլանտյան օվկիանոսների նավերը։ Ընկերության անդամները ամսական ստանում են շուրջ 250 հազար ռուբլի, և հիմնականում 25-40 տարեկան փորձառու զինվորականներ են։



Ընկերության մասին խոսակցությունները ծավալվեցին, երբ 2016թ.-ին նրա անդամները մեկնեցին Բենգազի։ Կազմակերպության ղեկավարի խոսքով, նրանց դիմել են «LLC» ցեմենտի արտադրության ընկերությունից և առաջարկել 2016թ.-ին Խալիֆա Խավթարի կողմից ազատագրած տարածքներում ականազերծման աշխատանքներ անել, իսկ ռազմական գործողությունների նրանք չեն մասնակցել։ Ի դեպ, ականազերծման ընդհանուր տարածքը եղել է 750 հազար մ2, որի դիմաց բրիտանական ընկերությունը յուրաքանչյուր մ2 համար պահանջել է 50$, սակայն ռուսական «RSB-group»-ը համաձայնել է անել 10-15 ԱՄՆ դոլարով, իսկ պայմանագրի ընդհանուր արժեքը եղել է 7.5-11.2 մլն. դոլար։

Զինված հակամարտություններին մասնակցող ՄՌԸ-ներ

E.N.O.T. corp

«E.N.O.T. Corp»-ը (Единые народные общинные товарищества) իրեն համարում է  Ռուսաստանի ուղղափառ համայնք և ունի պաշտոնական կարգավիճակ: 2016թ.-ին գրանցվել է Արդարադատության նախարարությունում որպես երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության խթանման հասարակական կազմակերպություն։ Գրանցման տարիներին երբեք չի ներկայացրել հաշվետվություն՝ որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, իրեն երբեք չի համարել մասնավոր ռազմական ընկերություն, իսկ Դոնբասում և Լուգանսկում իրենց գործունեությունը համարել է մարդասիրական, անգամ շքանշաններ ստացել։ Սակայն որոշ աղբյուրներ նշում են, որ մարդասիրական օգնության քողի տակ նրանք ռազմամթերք են տեղափոխել և հաճախ հայտնվել մարտական գործողություններում։

Ա յս ընկերության հիմքում ընկած է Եգոր Մանգուշևի «Պայծառ ռուս» ազգայնական շարժումը, ով նշում է, որ կապ է ունեցել «Ազգային տաճար» կազմակերպության ղեկավար Ռոման Տելենկևիչի հետ, որի հետ էլ որոշել են ստեղծել ազգայնական կազմակերպություն, քանի որ Լուգանսկում հավաքվել էր բավականաչափ ռազմական տեխնիկա, ինչպես նաև մարտական փորձ, ուստի որոշեցին այն վերածել բիզնեսի։ 

Այս ռազմական ընկերությունը հայտնի է 12-18 տարեկան երեխաների ռազմական վերապատրաստման դասընթացներով։ Համացանցում կան մի շարք տեսանյութեր, որտեղ անչափահասները կրակել և ձեռնամարտ են սովորում։ Առաջին նման միջոցառումը կազմակերպել են Բելառուսում, որին մասնակցել են Ռուսաստանը, Չեռնոգորիան, Սերբիան, Բելառուսը և չճանաչված Մերձդնեստրն ու Հարավային Օսիան։ Հետագայում նման ռազմահայրենսաիրական միջոցառում անցկացվեց նաև Մոսկվայում։

2018-ի օգոստոսին հայտնի դարձավ Սերբիայի E.N.O.T մանկական ճամբարները փակվել է՝ երեխաների դեմ հնարավոր բռնության և հասարակական անհանգստության պատճառով։ Սերբիայում այն ղեկավարում էին սերբ վետերանները: Նույն տարում սկսեցին ձերբակալվել նաև E.N.O.T-ի որոշ անդամներ Ռուսաստանում՝ անչափահասներին հանցագործության մեջ ներգրավելու և ատելության և թշնամանքի հրահրման համար։ Ձերբակալությունները նոր թափ ստացան 2019թ.-ին, երբ նրա գլխավոր անդամներ, Դաշնային խորհրդի ծառայության սպաներ Ալեքսանդր Մրիշչուկը և Անտոն Բարյակաշևը մեղադրվել են 4.8մլն ռուբլի գողության մեջ։ Բացի այդ, քննչական կոմիտեն այս կազմակերպությունը ճանաչել է որպես ՄՌԸ, իսկ նրա գլխավոր անդամներին մեղադրել ավազակության և այլ շորթումների մեջ։

 «Սլավոնական կորպուս»

«Սլավոնական կորպուսն» առաջին ռուսական ՄՌԸ-ն էր, որը պաշտոնապես հայտնվեց Սիրիայում։ Ընկերությունը ստեղծվել է 2013թ.-ի հոկտմբերին և գրանցվել է Հոնկ Կոնգում։ Նրա ղեկավարները «Moran Security Group» միջազգային մասնավոր ռազմական ընկերության նախկին ղեկավարներ Վադիմ Գուսեևը և Եվգենի Սիդորովն են, ովքեր նույն թվականին դուրս են եկել «Moran»-ից, իրենց սեփական ընկերությունը ստեղծելու համար և որևէ կապ չունեն նրա հետ։

Ը ստ «Սլավոնական կորպուսի» անդամների՝ նրանց հավաքել էին Սիրիայում «էներգետիկ համակարգերը» պաշտպանելու համար, որի դիմաց վճարելու էին ամսական 5000$։ Սակայն տեղ հասնելով՝ հասկացել են, որ մարտական գործողությունների պետք է մասնակցեն։ Զինվորականները սկզբում մտածել են, որ կռվելու են Բաշար ալ-Ասադի դեմ, սակայն պարզվել է, որ կռվելու են Սիրիայի կառավարության համար։ Ընդհանուր հավաքվել էր 267 մարտիկ։ Ըստ «RSB-group»-ի ղեկավարի, այնտեղ եղել են նաև իր ընկերության նախկին անդամները, որոնք հեռացվել են «RSB-group»-ից՝ վատ վարքագծի համար։

Հոկտեմբերի 15-ին նրանք շարժվեցին դեպի Դեր-Էլ-Զոր վատ զրահատեխնիկայով և Hyundai և JMC ամենագնացներով, որոնք ծածկված էին Բաշար Ասադի դիմանկարով ու սիրիական դրոշներով։ Սակայն Ալ-Սուխնա քաղաքի մերձակայքում նրանց վրա հարձակվում են, իսկ մարտիկները հետ են նահանջում։ Նրանց է մնում Ալեքսեյ Մալյուտայի պայուսակը, որտեղ անձնակազմի լուսանկարներն էին։ Ռուսաստան վերադառնալուց հետո, Վնուկովո օդանավակայանում նրանց դիմավորեցին Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, ձերբակալեցին և հարցաքննեցին, որտեղ նա պատմեց, թե ովքեր են նրան ուղարկում արտերկիր, իսկ ղեկավարներ Սիդորովին և Գուսեևին 3 տարով ազատազրկեցին։

Վերադառնալով հայրենիք՝ «Սլավոնական կորպուսի» անդամները պահանջեցին իրենց աշխատավարձը «Moran group»-ից, սակայն նրանց հայտնեցին, որ որևէ կապ չունեն այդ ընկերության հետ: Մինչ այժմ «Սլավոնական կորպուսի» անդամները չեն ստացել իրենց գումարները:

Վագներ

«Վագներ» մասնավոր զինվորական կազմակերպությունը համարվում է վերոնշյալ «Սլավոնական կորպուս» ՄՌԸ-ի իրավահաջորդը։ «Սլավոնական կորպուս»-ում աշխատավարձը 5 հազար ԱՄՆ դոլար էր, իսկ «Վագներ»-ում վճարում են ռուբլով՝ 180 հազար Լուգանսկում, եթե մարտական գործողությունների են մասնակցում՝ ավելանում է ևս 60 հազար։ Սիրիայում գինն ավելի բարձր է, մարտիկի զոհվելու դեպքում ընտանիքին փոխանցվում է 3 մլն ռուբլի։

Ա յն ամենահայտնի ռուսական մասնավոր ռազմական ընկերությունն է, որի գործունեությունը սկսվել է 2014թ.-ից։ Առաջին ռազմական գործողությունը եղել է Ղրիմում, երբ նրա մարտիկները զինաթափեցին ուկրաինական բանակը և սկսեցին վերահսկել մի շարք  օբյեկտներ։ Այս գործողություններում իրենց «լավ վարքագծի» համար նրանք ստացան «քաղաքավարի մարդիկ» անվանումը։



Այնուհետև նրանք ուղևորվեցին Ուկրաինայի արևելք՝ Դոնբաս, որտեղ բախում սկսվեց Ուկրաինայի կառավարության և ռուսամետ ուժերի միջև: Նրանց անվան հետ է կապվում «Իլ -76» ինքնաթիռի գնդակոծումը և 4 քաղաքական սպանություններ, որի վերաբերյալ հետագայում հայտնվեց ձայնագրություն «Վագների» ղեկավար Դմիտրի Ուտկինի և Լուգանսկի ներքին գործերի նախարար Իգոր Կորնետի միջև, ով անձամբ էր ղեկավարել այլախոհ հրամանատարներին վերացնելու գործողությունը: Նրանք զինաթափել են Օդեսայի բրիգադը, ինչպես նաև ռուս կազակներին։ «Վագները» հեռացավ Ուկրաինայից 2015թ.-ին, իսկ այդ դեպքերից հետո «Վագներ» ՄՌԸ-ի և նրա ղեկավար Դմիտրի Ուտկինի դեմ պատժամիջոցներ սահմանվեցին։

Սիրիա

Վ ագների զինվորներին առաջին անգամ նկատել են Սիրիայում 2015-ին, երբ Լաթաքիայում նրանց մարտիկներից 9-ը զոհվեց։ Այս ժամանակ նրանց գործողությունները կապվեցին ՌԴ պաշտպանության նախարարության հետ, սակայն ռուսական կողմը հերքեց՝ կոչելով այն «տեղեկատվական հարձակում»։ Հետագայում «RBTH»-ի հետ զրույցում ՌԴ Դաշնային խորհրդի անդամները և ՊՆ-ի անանուն ներկայացուցիչները հաղորդեցին, որ «Վագները» կապված է ռուսական ԳՀՎ-ի հետ։ Հայտատարվեց նաև, որ «Վագներ»-ի մի քանի մարտիկներ Ռուսաստանի ռազմական ինքնաթիռներով տեղափոխվել են Սիրիա։ 2017թ.-ի օգոստոսին «Վագների» աշխատակազմը Սիրիայում հասել է 5000-ի՝ ներառյալ չեչեններն ու ինգուշները: Անանուն բարձրաստիճան հրամանատարը պատմել է, որ Սիրիայում գործում է «Վագներ»-ի հինգ ընկերություն, ինչպես նաև նրանց կցված «Կարպատներ» ընկերությունը, որի անդամներում կան նաև ուկրաինացիներ: Նրանք մասնակցել 2017թ.-ին Դեյր-էլ-Զորի մարտին, որպես խորհրդականներ և համակարգողներ՝ օգնելով գրավել Ուքայիբադ քաղաքը։

«Վագներ»-ի մյուս խոշոր մարտական գործողությունը եղել է Դեյր-էլ-Զորի Խաշամ շրջանում. Սիրիայի կառավարական զորքերի կողմից նրանք կռվել են քրդական ուժերի դեմ, որին սատարում էր ԱՄՆ-ն: Արդյունքում զոհվել է ավելի քան 200 ռուսաստանցի։ 2018թ.-ին «Վագներ» խումբը մասնակցել է Դամասկոսում մարտական գործողություններին՝ հետ գրավելով Մեսրաբան քաղաքը։

Մոզամբիկ, Վենեսուելա, Մադագասկար, Լիբիա, Կենտրոնական աֆրիկյան հանրապետություն, Սուդան

Վագներ խումբը համագործակցել է Մոզամբիկի ՊՆ-ի հետ։ 2019թ.-ի հոկտեմբերին ՄԶԿ-ն Մոզամբիկի զինված ուժերի հետ մի քանի հաջող գործողություն է կատարել ապստամբների դեմ՝ ռմբակոծելով նրանց բազաները։ Մինչ այդ Մոզամբիկի իշխանությունը հաստատեց Ռուսաստանի ռազմական նավերի ազգային նավահանգիստներ մուտք գործելու մասին համաձայնագիրը, որից հետո ռուսական նավը մտավ Նակալա նավահանգիստ՝ փոխադրելով տարբեր զինատեսակներ։ Ռուսաստանը, սակայն, հերքեց, որ զորք ունի Մոզամբիկում։

«Վագներ»-ի անդամները նաև հայտնվել են Վենեսուելայում։ 2019թ.-ի նախագահական ճգնաժամի ժամանակ նրանք ապահովում էին Նիկոլաս Մադուրոյի անվտանգությունը։ Ըստ խմբին մոտ կանգնած աղբյուրի, նրանք ժամանել են Վենեսուելա դեռ 2018թ.-ի նախագահական ընտրություններից առաջ, նրանց նպատակն էր ապահովել ռուսական բիզնեսի շահերը, ինչպիսին է «Ռոսնեֆտ» ընկերության անվտանգությունը: 2018թ.-ին «Վագներ» խումբը եղել է Մադագասկարում, որտեղ նախագահական քարոզարշավը կազմակերպում էր Եվգենի Պրիգոժինը:

2018 թվականի հոկտեմբերին բրիտանական «The Sun» թերթը, վկայակոչելով բրիտանական հետախուզության պաշտոնյաներին, հայտնել է, որ Լիբիայի արևելքում գտնվող Բենգազիում և Տոբրուկում ստեղծվել են երկու ռուսական ռազմական բազա՝ ի պաշտպանություն մարշալ  Խալիֆա Հաֆթարի, ով քաղաքացիական պատերազմում ղեկավարում է Լիբիայի ազգային բանակը:

2018թ.-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ «քաղաքացիական 170 հրահանգիչ» է ուղարկում Կենտրոնաֆրիկյան հանրապետություն: Ավելի ուշ հաստատվեց, որ հրահանգիչները «Վագներ»-ի անդամներ են և  ուղարկվել են Աֆրիկա՝ հանքերը պաշտպանելու:

Սուդանում 2018-ի դեկտեմբերի կեսերին բռնկված բողոքի ցույցերից հետո բրիտանական մամուլը պնդում էր, որ «Վագներն» օգնում է Սուդանի իշխանություններին:

Աղմկահարույց դեպքեր

Վ ագների շուրջ իրադարձությունները թեժացան, երբ 2019թ.-ին համացանցում հայտնվեց 2017թ.-ին Սիրիայում դաժան սպանության տեսանյութի շարունակությունը:


Լուսանկար սպանության տեսանյութից, որտեղ երևում է մարտիկի դեմքը

2017թ.-ի հունիսի 30-ին հրապարակված տեսանյութում դիմակավոր մարտիկները, ովքեր անթերի ռուսերեն էին խոսում, սիրիական անապատում արդյունաբերական օբյեկտ հիշեցնող վայրում խոշտանգում էին քաղաքացիական հագուստով մեկին։ Նյութից անմիջապես հետո սկսեցին կարծիքներ շրջանառվել, որ մարտիկները «Վագներ» ՄԶԿ-ի անդամներ են, սակայն ոչ մի հստակ փաստ չգտնվեց։ Միայն 2019թ.-ի նոյեմբերին՝ տեսանյութի շարունակությունում հաստատվեց այս վարկածը։ Այստեղ, ուր զոհին շարունակում են տանջել, երևում է նաև մարտիկների դեմքերը։ «Новая газета»-ն «FindClone»[1] ծրագրով պարզել է նրանցից մեկի ինքնությունը, որը Ստանիսլավ Դ.-ն է, ում անունը որպես հետախույզ կա «Վագներ»-ի վարձկանների ցուցակում 2016թ.-ից։ Արաբական աղբյուրների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Շայիրի մերձակայքում, որտեղ 2017-ի գարնանը հենց այդ ստորաբաժանումն է եղել։ Մեկ այլ մարտիկի ինքնություն ճշտել է «Фонтанка» պարբերականը։ Ըստ պարբերականի՝ նա Չեչնիայի պատերազմի մասնակից 39-ամյա Ռուսլանն է, ով կայքի հետ զրույցում հերքել է փաստը։ Կրեմլը տեսանյութը որակավորել էր շոկային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շեշտել էր, որ ոչ մի կապ չունեն այս մարդկանց հետ։ 

Կրեմլի ու «Վագների» կապը՝ ըստ Fontanka.ru-ի

«Fontanka.ru» կայքը հետաքննություն է անցկացրել «Վագներ» խմբի վերաբերյալ, որտեղ ներկայացրել է Կրեմլի հետ կապը: Կայքը նշում է, որ Սիրիայում նրանց հայտնվելը կապվում է 2016թ.-ի դեկտեմբերին Սիրիայի գազի և նավթի նախարար Ալի Գանեմի Ռուսաստան այցի հետ։ Գանեմը «SANA» գործակալության հետ զրույցում նշել էր, որ հանդիպել ոչ միայն էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, այլև՝ Սիրիայում գործող ռուսական նավթային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Էներգետիկայի նախարարությունը «Fontanka»-ին փոխանցել է, որ ընկերություններից մեկը եղել է  «Евро Полис»-ՍՊԸ-ն, որի հետ կնքվել է հուշագիր՝ արդյունքում Բաշար Ասադի կառավարության կողմից  պարտավորվել է ազատագրել Սիրիայի տարածքները, որտեղ տեղակայված են նավթային և գազի հանքերը, որի դիմաց ստանալու է այնտեղ արդյունահանված ածխաջրածնի արժեքի 25%-ը:

Ու սումնասիրությունները ցույց են տվել, որ «Евро Полис» ՍՊԸ-ն գրանցվել է 2016 թ. հուլիսի 13-ին Կրասնոգորսկ քաղաքում, միակ աշխատողը եղել է գլխավոր տնօրենը: Ստեղծման պահից մինչև 2016-ի դեկտեմբեր ընկերությունը որևէ տեսանելի գործունեություն չի իրականացրել: Այն սկսել է գործել 2017թ.-ին, երբ նրա ղեկավար է դառնում Օլեգ Էրոխինը, ում կարելի էր տեսնել Եվգենի Պրիգոժինի, Ռուսաստանի հերոս Անդրեյ Տրոշևի և «Վագներ»-ի անդամների հետ։ 

 2017թ.-ին ընկերության միակ սեփականատերը դառնում է «Նևա» ՓԲԸ-ն, որի գրանցման վայրում այն հնարավոր չի գտնել, սակայն նրա սեփականատեր Վալերի Չկանովի նաև «Հավաքական ծառայություններ» ՍՊԸ-ի տնօրենն է, որի հեռախոսահամարները համընկնում են Եվգենի Պրիգոժինի հետ կապված երկու տասնյակ ընկերությունների հետ։

Fontanka.ru-ն Սանկտ Պետերբուրգի ամենահայտնի կայքերից է: Այն առավել հայտնի դարձավ Եվգենի Պրիգոժինի և «Վագներ»-ի մասին հետաքննական հոդվածներով, որից հետո նրան մեղադրեցին Արևմուտքից հովանավորվելու համար: Կայքը պատկանում է «АЖУР-медиа» հոլդինգին, որի ղեկավարը Անդրեյ Կոնստանտինովն է, ով «19/29 Հետաքննող լրագրության աջակցման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի ղեկավարն է: Այս խորհուրդը զգալի գումար է ստացել ԱՄՆ-ից և ԵՄ-ից, որի համար հայտնվել է ՌԴ Արդարարության նախարարության «սև ցուցակում»:


[1] Որոնողական ծրագիր, որով Vkontakte սոցիալական ցանցում որոնում և գտնում է մարդկանց դեմքը։