Ռուսաստան-Բելառուս հարաբերություններ

20 ր.   |  2020-06-17

Ռ ուսաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. հունիսի 25-ին։ Մինչ օրս երկու երկրների միջև կնքվել է ավելի քան 220 պայմանագիր։

Դեռևս 1995թ. հունվարից երկու երկրները մաքսային միության մեջ են։ Նույն թվականին է ստորագրվել «Բարեկամության, բարիդրացիության և համագործակցության մասին» երկկողմ պայմանագիրը։ 1999թ. օգոստոսի 8-ին երկու երկրների միջև ստորագրվեց Միասնական պետության (Союзное государство) ձևավորման մասին պայմանագիրը։ Բելառուսն ու Ռուսաստանը նաև ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամներ են։

Բելառուսում Ռուսաստանի դեսպանության կայքը երկու երկրների հարաբերությունները բնորոշում է «դաշնակցային համագործակցություն» արտահայտությամբ[1]։ Երկու երկրների բարձրագույն ղեկավարները մշտական շփումների մեջ են։ 2018թ. ՌԴ և Բելառուսի նախագահներ Վ. Պուտինն ու Ալ. Լուկաշենկոն 13 անգամ հանդիպել են ու հեռախոսով զրուցել[2]։ 2019թ. նախագահները հանդիպել են 10 անգամ[3]։

Տնտեսական կապեր

Տ նտեսական առումով Բելառուսը Ռուսաստանի հետ համարկումից կամ համագործակցությունից ակնկալում է հետևյալ շահաբաժինները.

  • ռուսական հանքահումքային պաշարների (հիմնականում՝ էներգակիրների) էժան հասանելիություն,
  • ռուսական ընդարձակ շուկայի հասանելիություն բելառուսական արտադրանիքի համար, հատկապես, որ եվրոպական (ԵՄ) շուկան սահմանված բարձր չափանիշների արդյունքում անհասանելի է շատ հետխորհրդային երկրների համար,
  • ռուսական կապիտալ ներդրումներ,
  • ուղղակի և անուղղակի տնտեսական աջակցություն՝ վարկավորման, նպաստների հատկացման (սուբսիդավորման, դոտացիաների) տեսքով։

Բելառուսը գլխավորապես արդյունաբերական երկիր է՝ արտահանմանը միտված տնտեսությամբ և քաղաքային բնակչության բացարձակ գերակայությամբ (86%): Նրա՝ բարձր արտադրականությամբ օժտված արդյունաբերությունը սերտորեն կապված է Ռուսասանի՝ որպես էներգակիրների և պահեստամասերի հիմնական մատակարարի հետ: Հետևաբար, վառելիքաէներգետիկ համագործակցությունը գրեթե կենսական նշանակություն ունի երկրի տնտեսության համար: Այն ներառում է էներգակիրների փոխադարձ մատակարարումը, արտահանումը երրորդ երկրներ և այլն:

Ռուսաստանը Բելառուսի նավթի և գազի հիմնական մատակարարն է. վերջին տարիներին ներմուծվել է մոտ 21 մլն. տոննա նավթ և 20 մլրդ. մ3 գազ[4]։

Բելառուսը ձգտում է նաև ԵԱՏՄ շրջանակներում հասնել ռուսասկան գազը գնի նվազեցմանը։ Այս խնդիրը Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալ. Լուկաշենկոն բարձրացրին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ 2020թ. մայիսին՝ առաջարկելով ԵԱՏՄ շրջանակներում ստեղծել գազի տարանցման և փոխադրման ծառայությունների համար միասնական սակագին։ Սակայն ՌԴ նախագահ Վ. Պուտինն ասաց, որ ԵԱՏՄ շրջանակներում անդամ երկրները դեռևս չեն հասել համարկման այդպիսի մակարդակի. միասնական սակագնի համար անհրաժեշտ է էներգակիրների միասնական շուկա, միասնական բյուջե, միասնական հարկային քաղաքականություն[5]։

Երկրորդ խնդրի առնչությամբ՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների շնորհիվ Բելառուսը հասանելիություն ունի ոչ միայն դեպի ռուսական, այլև ԵԱՏՄ բավականին մեծ՝ շուրջ 180 մլն. շուկա։

Ինչ վերաբերում է երրորդ խնդրին, Ռուսաստանը ամենամեծ արտաքին ներդրողն է Բելառուսի տնտեսության մեջ։ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ ռուսական ընդհանուր ներդրումները կազմել են $3.9 մլրդ., մինչդեռ բելառուսականները Ռուսաստանի տնտեսության մեջ՝ $623.87 մլն.[6]։

Համատեղ խոշորագույն ներդրումային նախագիծ է Բելառուսական ատոմակայանի կառուցումը, որի մասին գլխավոր պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2012թ. հուլիսի 18-ին։ Այն բաղկացած է լինելու ВВЭР-1200 տիպի երկու էներգաբլոկից՝ մինչև 2400 մեգավատտ ընդհանուր հզորությամբ[7]։ Առաջին էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է 2020թ., իսկ երկրորդինը՝ 2021թ.[8]։


Բելառուսական ատոմակայանի մանրակերտը

Չորրորդ խնդրի կապակցությամբ՝ Մոսկվան մշտապես օժանդակում է բելառուսական տնտեսությանը վարկերով, փոխառություններով և այլ միջոցներով։ 2019թ. ապրիլի սկզբին ՌԴ առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է Բելառուսին տրամադրել $600 մլն. վարկ։ Բացի այդ, Մինսկը մինչև ապրիլի վերջ կարող է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից[9] ստանալ $7 մլրդ. վարկի[10] վերջին՝ յոթերորդ փոխանցումը ($200 մլն.)[11]։

Բելառուսի տնտեսական կարևորությունը Ռուսաստանի համար պայմանավորված է աշխարհագրական դիրքով։ Այն Եվրոպա ռուսական էներգակիրների արտահանման համար տարանցիկ երկիր է։

Ռուսաստանը Բելառուսի թիվ մեկ առևտրային գործընկերն է։ Հաստատուն կերպով նրան է բաժին ընկնում Մինսկի արտաքին առևտրաշրջանառության մոտ կեսը։ 2018թ. այդ ցուցանիշը 49.2% էր[12]։ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով 2018թ. երկու երկրների առևտրաշրջանառությունը եղել է ավելի քան $34.4 մլրդ. (Ռուսաստանի արտահանումը՝ ավելի քան $22մլրդ., իսկ Բելառուսինը՝ ավելի քան $12.4 մլրդ), իսկ 2019թ.՝ $33.3 մլրդ. (Ռուսաստանի արտահանումը՝ ավելի քան $20.5 մլրդ., իսկ Բելառուսինը՝ ավելի քան $12.8 մլրդ.)[13]։

Բելառուս ներկրվող ապրանքները հիմնականում Ռուսաստանից են։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը Բելառուսին ապրանքներ մատակարող երկրների շարքում առաջին տեղում է։ 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի արտահնումը Բելառուս ունեցել է հետևյալ կառուցվածը. հանքամթերք[14] (47,74%), մեքենաներ, սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ (15,70%), մետաղներ և մետաղական իրեր (11,66%), քիմիական արդյունաբերության ապրանքներ (10,89%), սննդամթերք և գյուղատնտեսական հումք (6,44%), փայտանյութ (2,03%), հագուստ և կոշիկ (2,00)[15]։


Գծապատկեր 1. Ռուսաստանից Բելառուս արտահանման կառուցվածքը (2019թ. հունվար-սեպտեմբեր)

Նույն ժամանակահատվածի համար Բելառուսի արտահանումը Ռուսաստան ունեցել է հետևյալ կառուցվածքը. սննդամթերք և գյուղատնտեսական հումք (32,94%), մեքենաներ, սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ (29,83%), քիմիական արդյունաբերության ապրանքներ (12,65%), հագուստ և կոշիկ (7,15%), մետաղներ և մետաղական առարկաներ (7,01%), փայտանյութ (2,73%), հանքամթերք (1,88%)[16]։


Գծապատկեր 2. Բելառուսից Ռուսաստան արտահանման կառուցվածքը (2019թ. հունվար-սեպտեմբեր)

Ռազմաքաղաքական կապեր

Ռ ուսաստանը և Բելառուսը նաև ռազմաքաղաքական դաշնակիցներ են։ Երկուսն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հիմնադիր անդամ են։ Հերթափոխային (ռոտացիոն) սկզբունքով ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը։

Խոսելով Ռուսաստան-Բելառուս ռազմական համագործակցության մասին՝ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը 2020թ. մայիսի 26-ին, նշեց, որ երկու երկրները դաշնակիցներ են և ավելացրեց. «... մենք ունենք շատ սերտ ռազմական փոխգործակցություն, ընդհանուր ռազմական պլանավորում, բազմաթիվ համատեղ նախագծեր ռազմատեխնիկական ոլորտում ...»[17]։

Ռուսաստանն ու Բելառուսն ունեն ՀՕՊ միասնական համակարգ, միասնական զորախմբավորում, անցկացնում են ամենամյա համատեղ զորավարժություններ։ Ռուսաստանը Բելառուսին նորագույն սպառազինություններ ու զինտեխնիկա մատակարարող հիմնական երկիրն է։

Այնուամենայնիվ, Բելառուսի համար ռազմական ոլորտում համագործակցությունը Ռուսաստանի հետ ունի ավելի շատ տնտեսական, քան անվտանգային նշանակություն։ Անվտանգության առումով այդ երկիրը մեծ հաշվով չի գտնվում այնպիսի թշնամական միջավայրում, որ անմիջական ռազմական սպառնալիք զգա իր որևէ հարևանի կողմից։

Բացի Ռուսաստանից, Բելառուսը սահմանակից է նաև Լատվիային, Լիտվային, Լեհաստանին և Ուկրաինային։ Առաջին երեքը ՆԱՏՕ-ի անդամ են, իսկ Ուկրաինան ձգտում է դրան։ Չնայած տարբեր ռազմաքաղաքական դաշինքներում լինելու և կողմնորոշում ունենալու հանգամանքին, Բելառուսը հիշյալ չորս հարևանների հետ էլ ունի բնականոն հարաբերություններ։ Թեև Լիտվայի հետ պատմականորեն կան որոշակի տարածքային խնդիրներ, սակայն դրանք որևէ կերպ չեն ազդում երկու երկրների ներկայի հարաբերությունների վրա։

Նման իրավիճակը թելադրված է երկրի որդեգրած արտաքին քաղաքականության սկզբունքներով, որոնցից այս համատեքստում հիշատակելի են երկուսը[18].

ա) բարիդրացիություն, երբ առաջնահերթությունը տրվում է հարևանների հետ համագործակցությանը և

բ) գործնապաշտություն (պրագմատիզմ), երբ բացառվում են քաղաքական և գաղափարախոսական խնդիրներն երկկողմ հարաբերությունների օրակարգում

Կարճ ասած՝ Բելառուսի անվտանգային միջավայրը համեմատելի չէ ՀԱՊԿ մեկ այլ երկրի՝ Հայաստանի անվտանգային միջավայրին, որը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ իր երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, շրջափակված լինելով նրանց կողմից և գտնվելով փաստացի պատերազմական իրավիճակում, մշտապես գտնվում է ռազմական գործողությունների ծավալման (հակառակորդների կողմից հարձակման) վտանգի ներքո։

Այստեղ կարևորը ոչ այնքան ռազմաքաղաքական այս կամ այն դաշինքին (ՀԱՊԿ կամ ՆԱՏՕ) անդամակցությունն է կամ հարելը, այլ հարաբերություններն առանձին հարևանների հետ։ Հայաստանը նույնպես խնդիր չունի և չի էլ ունեցել ՆԱՏՕ-ի հետ։ Ավելին, առկա է համագործակցության որոշակի մակարդակ՝ այնքանով, որքանով դա չի հակասում ՀԱՊԿ շրջանակներում նրա դաշնակցային պարտավորություններին։ Խնդիրը հարաբերություններն են երկու անմիջական հարևանների հետ, ինչպիսի խնդիր չունի Բելառուսը։

Այդ պատճառով ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները Բելառուսը երբեմն ընկալում է որպես բեռ։ 2016թ. ապրիլին պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը հայտարարեց, որ իր երկրի բանակն այլևս չի մասնակցի արտասահմանյան զինված գործողություններին[19]։ Նման հայտարարությունն ուղղակիորեն հակասում է ՀԱՊԿ-ի ոգուն, որի էությունն անհրաժեշտության դեպքում դաշնակիցների փոխօգնությունն է։ Բելառուսի համար անվտանգային առումով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքը կարևորվում է թերևս առաջին հերթին ահաբեկչության սպառնալիքի կանխման համատեքստում։

Մինչդեռ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքը տնտեսական առումով լուրջ շահաբաժին է ապահովում այդ երկրի համար՝ պայմանավորված դեռևս խորհրդային ժամանակներից սկիզբ առած համատեղ ռազմական արդյունաբերությամբ։ Բելառուսն ունի Ռուսաստանի հետ համատեղ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններ։ Ռուսաստանում արտադրվող բազմաթիվ զինատեսակաների առանձին պահեստամասեր և ամբողջական սարքեր արտադրվում են Բելառուսում և հակառակը։

Այսպիսով, Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում ապահովում է Բելառուսի գիտատար արդյունաբերության, ինչպես նաև արտահանման մի կարևոր հատվածը։ Հետևաբար, ՌԴ հետ ռազմաքաղաքական դաշինքից հրաժարումը (հօգուտ այլ դաշինքների) կարող է հանգեցնել այդ ամենի կորստի։

Ռուսաստան-Բելառուս ռազմաքաղաքական դաշինքն անվտանգային առումով ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ դրանով կանխվում է ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և էլ ավելի մերձեցումը Ռուսաստանի սահմաններին։ Իսկ հետխորհրդային տարածքը կամ, ինչպես ընդունված է ասել, մերձավոր արտասահմանը, Ռուսաստանում հռչակված է կենսական շահերի[20] գոտի։

Բացի այդ, Բելառուսում են գտնվում ռուսական կարևորագույն ռազմական ենթակառուցվածքներից երկուսը՝ «Վոլգա» ռադիոտեղորոշիչ կայանը Բարանովիչիում և Ռազմածովային նավատորմի 43-րդ կապի հանգույցը Վիլեյկայում։

Խնդիրներ. Միասնական պետության նախագծի ձախողումը

Ռ ուսաստանի և Բելառուսի դաշնակցային հարաբերությունները, այնուամենայնիվ, զերծ չեն  խնդիրներից, որոնց մի մասը պայմանավորված է Բելառուսի արտաքին քաղաքականությամբ։

Նրա աշխարհագրական դիրքը, ինչպես բնորոշ է ընդհանարպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին, թույլ է տալիս իրեն զգալ որպես Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկ, յուրահատուկ «կամուրջ» արևմտյան և արևելյան քաղաքակրթությունների միջև։ Սրանով պայմանավորված է Բելառուսի արտաքին քաղաքականության մեկ այլ սկզբունք՝ բազմակողմությունը (բազմավեկտորություն), որը թույլ է տալիս նրան հարաբերությունները զարգացնել ոչ միայն Ռուսաստանի, այլև աշխարհաքաղաքական այլ ուժի կենտրոնների հետ ևս։

Հատկապես վերջին տարիներին զգալիորեն մեծացել է Արևմուտքի (ԱՄՆ, ԵՄ) ազդեցությունը Բելառուսում, որը զուգակցվում է ռուս-բելառուսական հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջացող լարվածությանը և չհասկացվածությանը։ Եթե նախկինում նախագահ Լուկաշենկոն ուներ ընդգծված հակաարևմտյան դիրքորոշում, ապա ներկայում փորձում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները համադրել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Սա է պատճառը, որ գիտական հանրությունը երբեմն դժվարանում է հասկանալ, թե որն է Բելառուսի «համարկման ուղին»՝ եվրասիական Արևելքն ու հետխորհրդային աշխարհը ներկայացնող Ռուսաստա՞նը, թե՞ եվրատլանտականությունն ու արևմտյան աշխարհը ներկայացնող Եվրոպան[21]։

ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հետ հարաբերությունների զարգացումը Բելառուսի համար կարևոր է, մասնավորապես, տնտեսության և ենթակառուցվածքների արդիականացման տեսանկյունից, ինչի համար գրեթե կենսական է հասանելիությունն արևմտյան տեխնոլոգիաներին։

Պատահական չէ, որ բելառուսական քաղաքական ընտրանու մի զգալի հատված հակված է երկրի արտաքին քաղաքականությանը տալ արևմտամետ կողմնորոշում, այսինքն՝ դրա գլխավոր խնդիր դարձնել համարկումը Արևմուտքի հետ։ Այս հարցում իրենց դերն ունեն նաև արևմտյան հիմնադրամները և դրանցից սնվող հասարակական կազմակերպությունները, որոնք տեղեկատվական, կրթական, հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն են ծավալում Բելառուսում, հատկապես, երիտասարդության շրջանում։

Քանի որ Բելառուսը քաղաքական խնդիրներ չունի իր հարևանների հետ, իսկ նրա արտաքին քաղաքականությունը զերծ է գաղափարախոսական ազդեցությունից, ապա արտաքին քաղաքականության թիվ մեկ նպատակ է դառնում երկրի տնտեսական զարգացումը՝ արտաքին տնտեսական հարաբերությունների և համագործակցության ընդլայնման ու խորացման միջոցով։ Այս երևույթն ընդունված է անվանել «տնտեսական դիվանագիտություն»։ Երկրի արտաքին գործերի նախարարության և դեսպանատների աշխատանքը հիմնված է այդ գլխավոր խնդրի լուծման վրա։

Այս համատեքստում 2008թ. Բելառուսը հրաժարվեց ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը այն հիմնավորմամբ, որ Մոսկվան չէր առաջարկում համարժեք փոխհատուցում այն կորուստների դիմաց, որոնք այդ քայլի հետևանքով կարող էին առաջանալ Արևմուտքի հետ հարաբերությունների լարումից։

Ռուս-բելառուսական հարաբերություններում խնդիրների առաջացման պատճառ դարձավ նաև 2000-ականների կեսից հետխորհրդային երկրների նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության փոփոխությունը։ Այս համատեքստում վերջինս հրաժարվեց նախկին ծավալներով բելառուսական տնտեսությանը նպաստներ հատկացնելուց (սուբսիդավորումից)՝ աստիճանաբար հարաբերությունները տեղափոխելով շուկայական հուն։

Դա առաջին հերթին անդրադարձավ էներգակիրների առևտրի ու տարանցման վրա՝ առաջացնելով «նավթագազային պատերազմ», որը պարբերական «բռնկումներով» շարունակվում է մինչ օրս։ «Նավթային պատերազմի» առաջին սուր դրսևորումը նկատվեց 2007թ.։ Հունվարի 1-ից Ռուսաստանը մաքսատուրքեր սահմանեց նավթի արտահանման վրա, այն դեպքում, երբ, համաձայն Մաքսային միության մասին 1995թ. մայիսի 12-ի համաձայնագրի՝ Բելառուս արտահանվող նավթը ազատված էր մաքսատուրքից։ Արդյունքում, ռուսական նավթի մատակարարումը բելառուսական նավթավերամշակող ձեռնարկություններին դարձավ ոչ շահավետ։ Բելառուսն ի պատասխան հունվարի 3-ին սահմանեց նավթի տարանցման վարձ՝ 1 տոննայի դիմաց $45, միաժամանակ նավթ վերցնելով «Դրուժբա» («Дружба») նավթատարից։ Հունվարի 8-ին «Տրանսնեֆթ» («Транснефть») ընկերությունը դադարեցրեց նավթի մատակարարումն այդ խողովակով, և Ռուսաստանը հայտարարեց մի շարք պատասխան այլ քայլերի մշակման մասին։ Հունվարի 10-ին Բելառուսը չեղարկեց նավթի տարանցման մաքսատուրքը։ Հունվարի 12-ին ստորագրվեց համաձայնագիր, որով նավթի արտահանման վրա Ռուսատանի սահմանած մաքսատուրքը էապես նվազում էր` $180-ից հասնելով $53-ի 1 տոննայի դիմաց[22]։

2016թ. երկրոդ կիսամյակից նոր խնդիր ծագեց երկու երկրների հարաբերություններում. նվազեցվեց Բելառուսին մատակարավող նավթի ծավալը, ինչը ՌԴ էներգետիկայի նախարար Ալ. Նովակը բացատրում էր բելառուսական կողմից նավթի և գազի համար թերվճարումներով[23]։ Այս խնդիրը հաջողվեց հաղթահարել հաջորդ տարվա ապրիլին։

2019թ. ապրիլին Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմեշկոն հայտարարեց, որ Մինսկի և Մոսկվայի հիմնական հակասությունները պայմանավորված են 2019թ.-ից հետո սահմանվելիք գազի գնով, հարկային շարժով (մանևր)[24], ռուսական շուկա բելառուսական մթերային ապրանքների և սարքավորումների արտահանման դժվարություններով[25]։

2019թ. ապրիլին նոր նավթային աղմկոտ պատմություն ծագեց՝ կապված «Դրուժբա» («Дружба») նավթատարում քլորիդով աղտոտված նավթ հայտնվելու հետ։ Նավթատարը տարանցիկ է, այսինքն՝ դրանով «հեղուկ քարածուխը» մատակարավում է ոչ միայն Բելառուսին, այլև Եվրոպային, ինչը նշանակում էր, որ խնդիրը ոչ միայն Ռուսատանի ու Բելառուսի, այլև Ռուսաստանի և Եվրոպայի միջև էր։ Ռուսաստանն ընդունեց իր մեղքը, և մայիսի 2-ին վերականգնվեց մաքուր նավթի մատակարարումը։

Տարաձայնությունները փոխհատուցվելիք վնասի գնահատման հարցում էին։ Եթե Լուկաշենկոն համարում էր, որ վնասը մի քանի հարյուր միլիոն դոլարի է, ապա ՌԴ էներգետիկայի նախարար Նովակը գտնում էր, որ այն քիչ է $100 մլն.-ից[26]։ Ի վերջո, «Տրանսնեֆթ» («Транснефть») ընկերությունը նույն թվականի նոյեմբերի 29-ին հայտարարեց, որ առանձնացրել է 23 մլրդ. ռուբլի (մոտ $330 մլն.)՝ վնասի փոխհատուցման համար[27]։

«Նավթային պատերազմի» մերօրյա դրսևորում է Ռուսաստանի մտցրած հարկային շարժի (մանևր) հետևանքով Բելառուսի կրած վնասների փոխհատուցման հարցը։ Համաձայն տարբեր գնահատականների՝ դրա հետևանքով մինչև 2024թ. Բելառուսի կորուստները կլինեն մոտ $10 մլրդ.[28]։ Ըստ նախագահ Լուկաշենկոյի՝ 2015-2019թթ. բելառուսական տնտեսությունն արդեն իսկ կրել է $3.4 մլրդ.-ի վնաս։ Սակայն փոխհատուցման խնդիրն այդպես էլ չի լուծում։ Բելառուսի նախագահ հայտարարեց, որ Մինսկը այլև չի բարձրացնի այդ հարցը, եթե «դա դժվար է Ռուսաստանի համար»[29]։ Միաժամանակ նա բազմիցս հայտարարել է, որ իր երկիրն ակտիվորեն որոնում է նավթի մատակարարման այլ աղբյուրներ։ Իսկ Բելառուս այցելած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ իր հերթին է հայտարարել, որ ԱՄՆ-ն պատրաստ է լիովին բավարարել Բելառուսի նավթի պահանջարկը[30]։

Միևնույն ժամանակ, Մինսկն էլ իր լծակներն ունի «նավթային պատերազմում»՝ ի դեմս տարանցման վճարների բարձրացման։ 2019թ. ապրիլի սկզբին բելառուսական կողմը պաշտոնապես տեղեկացրեց «Տրանսնեֆթ» («Транснефть») ընկերությանը նավթի տարանցման վճարը 23%-ով բարձրացնելու մտադրության մասին[31]։ Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության եկան 3.7%-ով տարանցման սակագինը բարձրացնելու շուրջ[32]։

Առևտրային հակասությունների մեկ այլ դրսևորում են Ռուսաստանի մեղադրանքները Մինսկի հասցեին, թե Բելառուսի տարածքով ԵՄ-ից Ռուսաստան են մտնում արգելված (սանկցիոն)[33] ապրանքներ[34]։

«Առևտրային պատերազմը», որի բաղկացուցիչն է «նավթագազային պատերազմը» և որը հանգեցնում է բելառուսական բյուջեի եկամուտների էական նվազման, իր ակնհայտ բացասական ազդեցությունն է թողնում երկու երկրների քաղաքական հարաբերությունների վրա։ 2000-ականների կեսին նավթամթերքի մաքսատուրքերի գանձման համար Մինսկը Ռուսատանի դեմ հայց էր ներկայացրել ԱՊՀ Տնտեսական դատարան, որը ետ կանչեց միայն 2011թ. ապրիլին։ Իսկ 2009թ. հունիսի 6-ին սկսված «կաթնային պատերազմի» հետևանքով, երբ ռուսական կողմն արգելեց կաթնամթերքի որոշ տեսակների ներմուծումը Բելառուսից, Լուկաշենկոն չմասնակցեց հունիսի 14-ին Մոսկվայում կայացած ՀԱԿՊ նստաշրջանին։

Էներգակիրների հարցում Ռուսաստանի կողմից բացառապես շուկայական հարաբերություններին անցնելու ձգտումն էապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վերջին տասնամյակում մի շարք շրջանցող (ծովային) նավթատարերի և գազատարերի  կառուցման արդյունքում թուլանում է Ռուսատանի կախվածությունը տարանցիկ երկրներից։ Այդպիսի ենթակառուցվածքներ են «Հյուսիսային հոսք 1», Հյուսիսային հոսք 2», «Երկնագույն հոսք», «Թուրքական հոսք» գազատարերը, «Բալթյան խողովակաշարային համակարգ 2 (ԲԽՀ 2)» նավթատարը։

Էներգակիրների փոխադրման այլընտրանքային ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպես նաև այդ ոլորտում անցումը շուկայական հարաբերությունների զգալի վնաս է հասցնում հետխորհրդային տարանցիկ երկրների տնտեսություններին։ Օրինակ՝ ԲԽՀ 2-ի  գործարկումից հետո Բելառուսի տարածքով ռուսական նավթի արտահանման ծավալներն էապես կրճատվեցին՝ 2005-2010թթ. 70 մլն. տոննայից հասնելով 53 մլն. տոննայի։

Ռուս-բելառուսական հակասությունների մեկ այլ պատճառ է ռուսական խոշոր դրամագլխի (կապիտալ) ակտիվ մասնակցությունը բելառուսական խոշոր ձեռնարկությունների մասնավորեցմանը, ինչից զգուշանում է Մինսկը։ Խոսքն այնպիսի ձեռնարկությունների մասին է, որոնց գործունեությունն անգամ կենսական նշանակություն ունի պետության համար (կրիտիկական ենթակառուցվածք)։ Բելառուսում անհանգստանում են, որ ռուսական խոշոր դրամագլխի ծավալումը կարող է հանգեցնել երկրի սոցիալ-տնտեսական համակարգի փոփոխության և Ռուսաստանից ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կախվածության մեծացման։

Այդ հողի վրա սուր ճգնաժամ առաջացավ 2000-ականների կեսին։ Ռուսական «Գազարդ» («Газпром») ընկերությունը, որին է պատկանում Յամալ-Եվրոպա գազատարը, ձգտում էր գնել նաև «Բելտրանսգազ» («Белтрансгаз») գազափոխադրման համակարգը: 2006թ. ընկերությունը հայտարարեց Բելառուսին մատակարարվող գազի գնի կտրուկ բարձրացման մտադրության մասին, ինչը, Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Օ. Նեմենսկու կարծիքով, պայմանավորված էր «Բելտրանսգազի» բաժնետոմսերի 50%-ը նրան փոխանցելուց Մինսկի հարաժարվելով։ Գազի գնի շուրջ համաձայնագիրը հաջողվեց կնքել 2006թ. դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան՝ Ամանորից 2 րոպե առաջ։ Համաձայնագրով գազի գինը սահմանվում էր $100 1000 մ3-ի դիմաց, իսկ «Գազարդն» իրավունք էր ստանում գնել «Բելտրանսգազի» բաժնետոմսերի 50%-ը, բայց Բելառուսի սահմանած գնով՝ ($2.5 մլրդ.)[35]։

Բելառուսը մեծ վնասներ կրեց նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի միանալուց, ինչի հետևանքով ռուսական շուկայում բելառուսական ապրանքների միցունակությունը նվազեց, կրճատվեցին արտահանման ծավալները։

Վերջապես, Բելառուսի տնտեսության վրա ծանր անդրադարձան նաև Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները, որոնց հետևանքով «բելառուսական տնտեսության բարձր կախվածությունը ռուսականից ապահովեց ճգնաժամային գործընթացների «հոսքը» Ռուսաստանից Բելառուս»[36]։

Հիշյալ խնդիրների համախումբը ձախողեց հետխորհրդային տարածքում ամենահավակնոտ համարկման նախագիծը՝ Ռուսաստանի և Բելառուսի Միասնական պետությունը։ Նախագիծն ի սկզբանե բավականին անորոշ էր և առաջին իսկ տարիներին դոփում էր տեղում՝ 2000-ական թթ. կեսին հանգեցնելով ճգնաժամի։ Հակասությունները բավական խորն էին և կրում էին ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնույթ։

Քաղաքական հակասություններն առնչվում էին Միասնական պետության ղեկավար մարմինների ձևավորմանը։ Ռուսաստանն առաջարկում էր այդ խնդիրը լուծել հիմնվելով երկրների տնտեսական կշռի ու բնակչության թվի վրա։ Մինչդեռ Բելառուսը դա ընկալում էր որպես իր ինքնիշխանությունը չեզոքացնող մոտեցում՝ առաջնորդվելով հավասարության սկզբունքով (հավասարը հավասարի իրավունքով)։

Քաղաքական տարաձայնությունների առաջացման մեկ այլ հարց էր Միասնական պետության հիմնադիր Սահմանադրական ակտը, որը քննարկվում էր 2000-2004թթ.։ Բելառուսի իշխանությունները պնդում էին, որ սկզբում պետք է ստեղծել համամիութենական մարմին (խորհրդարան), ապա մշակել Սահմանադրական ակտը։ Մինչդեռ Ռուսաստանի դիրքորոշումը խնդրի առնչությամբ հակառակն էր՝ սկզբում ընդունել Սահմանադրական ակտը, որի հիման վրա էլ կձևավորվեին վերազգային իշխանության մարմինները։ Անհաղթահարելի հակասությունների հետևանքով Սահմանադրական ակտի նախագիծն այդպես էլ չներկայացվեց Միասնական պետության Բարձրագույն խորհրդի քննարկմանը։

Տնտեսական հակասությունները միասնական արժույթի շուրջ էին, որը նախատեսվում էր ներմուծել 2005թ. հունվարի 1-ից։ Այս նպատակի համար անհրաժեշտ է խորը համարկում, որի գլխավոր խոչընդոտը երկու երկրների տնտեսակարգերի էական տարբերություններն են։ Բելառուսի տնտեսության բնորոշ առանձնահատկությունն է պետական սեփականության գերակայությունը։ Երկրի ՀՆԱ-ի գրեթե 70%-ը ապահովում է պետական հատվածը, որտեղ էլ զբաղված է աշխատունակ բնակչության 50%-ը։

Դեռևս 1990-ականների վերջին տնտեսության կառուցվածքով երկու երկրներն արդեն էական տարբերություններ ունեին։ Բելառուսի նախագահն այդ առնչությամբ 2003թ. ասել է. «Ռուսական քաղաքական և տնտեսական ընտրանու մի մասը փորձում է Միության հեռանկարը կախվածության մեջ դնել մեր երկրի կողմից ռուսական նորազատական (նեոլիբերալ) տնտեսական մոդելի ընդունումից, որի համար բնորոշ են, այսպես կոչված, «օլիգարխների» փոքր խմբի կողմից ազգային հարստության հիմնական մասի յուրացումը, անընդունելի է հասարակության գերհարուստ և ամենաաղքատ շերտերի միջև բարձր խզումը։ Բելառուսում ձևավորված սոցիալական կողմնորոշմամբ շուկայական տնտեսության մոդելն այդ շրջանակաների կողմից դիտվում է որպես ռուս-բելառուսական տնտեսական համարկման խոչընդոտ։ Տնտեսական կյանքի կարգավորման մոտեցումներում տարբերություն իրականում առկա է, և սխալ կլիներ այն արհամարհել կամ լռության մատնել»[37]։

Պատմաբան Յու. Վերևկինան խնդրի առնչությամբ գրում է. «Միավորվող երկրների բարձրագույն ղեկավարությունը քննարկվող ժամանակահատվածում այդպես էլ չկարողացավ որոշել միասնական դրամական քաղաքականությանն անցման փոխադարձ ընդունելի սկզբունքները, արդյունքում պարզվեց, որ շահերի բախումն անհաղթահարելի է։ Ռուսատանի ղեկավարությունը միության կառուցման գործընթացի համար առավել նպատակահարմար էր համարում Ռուսաստանի տնտեսական փորձի կիրառումը, իսկ Բելառուսի սոցիալ-տնտեսական կարգի մոդելն առաջարկվում էր բարեփոխել, համապատասխանեցնել ռուսականին։ Գործնականում դա նշանակում էր, որ Բելառուսը պետք է իրականացներ զանգվածային սեփականաշնորհում, գների ազատականացում, հրաժարվեր հիմնական արտադրական հիմնադրամների աջակցությունից, վերանայեր իր սոցիալական քաղաքականությունը»[38]։ 2003թ. հոկտեմբերին Լուկաշենկոն վերջնականապես հրաժարվեց միասնական արժույթի գաղափարից։

Միասնական պետության թերևս գլխավոր դրական արդյունք կարելի է համարել Բելառուսի անմիջական համագործակցությունը ռուսական տարածաշրջանների հետ։ «Այնուամենայնիվ, Միասնական պետության շնորհիվ ակտիվորեն զարգանում է Բելառուսի համագործակցությունը ռուսական տարածաշրջանների հետ, ընդ որում, Լուկաշենկոն կարողացավ պնդել Մինսկի իրավունքը՝ զարգացնելու դրանք ուղղակիորեն, առանց Մոսկվայի միջնորդության»,- գրում է Օ. Նեմենսկին[39]։ Բազմաթիվ ռուսական տարածաշրջաններ ներկայացուցչություն ունեն Բելառուսում։

Առհասարակ, երկու երկրների տնտեսական համագործակցությունը զարգանում է ոչ միայն համապետական, այլև տարածաշրջանների մակարդակով։ 2019թ. հուլիսի 16-18-ը Սանկտ Պետերբուրգում կայացավ Ռուսաստանի և Բելառուսի տարածաշրջանների 6-րդ համաժողովը[40]։

Հետխորհրդային տարածքում Բելառուսի և Ռուսաստանի մասնակցությամբ այնպիսի կառույցների գործունեությունը, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը, Միասնական պետության նախագիծն ավելորդ են դարձնում, քանի որ այդ կառույցները հիմնված են ավելի խորը համարկման սկզբունքի վրա։ Հատկապես, այն դեպքում, որ Միասնական պետության շրջանակներում նախատեսված շատ սկզբունքներ, օրինակ՝ արտաքին և պաշտպանական քաղաքականության համակարգումը, այդպես էլ կյանքի չեն կոչվում։

Կարելի է ասել, որ Միասնական պետությունը գոնե տնտեսապես սպառել է իրեն։ Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական կողմին, չնայած այդ կառույցի շրջանակներում ստեղծվել է միասնական ՀՕՊ համակարգ, միասնական զորամիավորում, այնուամենայնիվ, այդ բաղադրիչն էլ է աստիճանաբար սպառում իրեն, քանի որ ա) ՀԱՊԿ-ի զարգացումն իրենով ծածկում է այդ բնագավառը, բ) Բելառուսի համար արտաքին ռազմական մարտահրավերներ մեծ հաշվով չկան, գ) երկու երկրների արտաքին քաղաքականություն միշտ չէ, որ համադրելի է։

Ներկայում, Միասնական պետությունը, թեև ձևական առումով կա, բայց գործնականում գրեթե սառեցված է։


[1] https://belarus.mid.ru/ru/countries/bilateral

[2] Комментарий Департамента информации и печати МИД России в связи с рабочим визитом в Российскую Федерацию Министра иностранных дел Республики Беларусь В.В.Макея

[3] Межгосударственные отношения РФ и Белоруссии

[4] Նույն տեղում։

[5] Заседание Высшего Евразийского экономического совета

[6] Комментарий Департамента информации и печати МИД России в связи с рабочим визитом в Российскую Федерацию Министра иностранных дел Республики Беларусь В.В.Макея

[7] Поставка топлива для первого энергоблока БелАЭС намечена на 2018 год

[8] Литва считает, что необходимо расширить контакты с Белоруссией

[9] Միջազգային դրամական հաստատություն է։ Հիմնել են Ռուսաստանն ու Ղազախստանը 2006թ. հունվարին։ Ունի $7 մլրդ. կանոնադրական դրամագլուխ (կապիտալ)։ Հաստատության աշատանքներին մասնակցում են նաև Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

[10] Վարկի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016թ. մարտին։

[11] Россия предоставит Белоруссии госкредит в размере до $600 млн

[12] Межгосударственные отношения РФ и Белоруссии

[13] Итоги внешней торговли с основными странами

[14] Հիմնականում՝ էներգակիրներ (նավթ, գազ)։

[15] Товарооборот России с Беларусью

[16] Նույն տեղում։

[17] Выступление и ответы на вопросы СМИ Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова в ходе совместной пресс-конференции с Генеральным секретарем ОДКБ С.В.Засем по итогам заседания СМИД ОДКБ в формате видеоконференции, Москва, 26 мая 2020 года

[18] Неменский О., «Последний союзник: Российско-белорусские отношения на современном этапе», Контуры глобальных трансформаций, выпуск 5, том 9, 2016, с. 24.

[19] Նույն տեղում, էջ 29-30։

[20] Կենսական են համարվում այն շահերը, որոնց ոտնահարումը հենց կարճաժամկետ հեռանկարում անմիջականորեն վտանգում է պետության կենսագործունեությունը։

[21] Зверев Р., Российско-белорусские отношения (1991–2016 гг.): Обзор союзной историографии, часть I, Научные ведомости, Серия История. Политология, 2017, № 8 (257), Выпуск 42, с. 169.

[22] Неменский О., նշվ. աշխ., էջ 33։

[23] "Роснефть" поставит в Белоруссию до 10,2 млн тонн нефти в 2017 году

[24] Վերաբերում է նավթային ոլորտին և նշանակում նավթի արտահանման մաքսատուրքի աստիճանական չեղարկում և նավթարդյունահանման հարկի բարձրացում։

[25] Посол Белоруссии: Россия нарушила договор о Евразийском союзе

[26] Эксперт не исключил взаимозачета претензий России и Белоруссии по "Дружбе"

[27] "Роснефть" учтет интересы акционеров при компенсации за ЧП на "Дружбе"

[28] Российско-белорусские отношения: затишье перед бурей? 

[29] Лукашенко заявляет, что Россия не идет на переговоры по газу

[30] Лукашенко назвал дату планируемой встречи с Путиным

[31] Белоруссия заявила о намерении повысить тариф на транзит российской нефти на 23%

[32] Белоруссия и Россия согласовали повышение тарифа на транзит нефти на 3,7% с сентября

[33] Երբ ուկրաինական ճգնաժամի առաջացման հետևանքով Եվրոպական Միությունը տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի նկատմամբ, վերջինս գնաց պատասան քայլի՝ արգելք դնելով ԵՄ-ից մի շարք մթերքների ներմուծման վրա։

[34] Տե՛ս Медведев представил доказательства поставок санкционки через Беларусь в РФ

[35] Неменский О., նշվ. աշխ., էջ 34։

[36] Четверикова А., Российско-белорусские отношения в новых политико-экономических реалиях, Российский внешнеэкономический вестник, 2016, №5, с. 17.

[37] Послание Президента Республики Беларусь Александра Лукашенко к белорусскому народу и Парламенту Республики Беларусь 2003 г. Հղումը ըստ՝ Неменский О., նշվ. աշխ., էջ 32։

[38] Веревкина Ю.И. Белорусско-российские отношения 1992-2004 гг. Автореф. дисс…к.и.н. Курск, 2011, с. 21.

[39] Неменский О., նշվ. աշխ., էջ 32։

[40] Տե՛ս VI Форум регионов России и Белоруссии