Սոցիալական տարածությունները էթնոսների նկատմամբ Վրաստանում 2007-2009

25 ր.   |  2020-07-20

Ներածություն

Բ ազմաէթնիկ պետություններում միշտ առկա են միջէթնիկ կոնֆլիկտների ռիսկերը։ Դրանք ունեն խորքային բնույթ և պայմանավորված են էթնոսների բուն էությամբ՝ ինքնությամբ։ Էթնիկ գիտակցությունում «օտար» է նա, ով ունի ուրիշ ծագում, ուրիշ հայրենիք, ուրիշ հավատալիքներ, կրոն, սովորություններ, խոսում է ուրիշ լեզվով և, իր իսկ գիտակցությունում, ինքն իրեն «այլ» է համարում։ Այդ տարբերություններն արտապատկերվում են էթնոսների փոխադարձ ընկալումներում, որոնք ընդհանրացված անվանում են միջէթնիկ սոցիալական տարածություններ։[1]

Միջէթնիկ կոնֆլիկտների ռիսկերը վերածվում են կոնֆլիկտների, երբ մի էթնոսը՝ իրավացիորեն կամ իր ընկալումներում համարում է, որ մեկ այլ էթնոս անհարգալից է վերաբերվում, ճնշում է, կամ՝ զավթում ինքնության վերը նշված տարրերը։ Հատկապես հզոր կոնֆլիկտային ներուժ ունեն հայրենիքի կամ հողի ընկալումները։ Տվյալ երկրում միջէթնիկ կոնֆլիկտների առաջացման կարևորագույն պատճառներից են նաև այդ էթնոսների և, հատկապես, նրանց վերնախավերի միջև իշխանության և հարստության բաշխվածությունը և դրանց համար մղվող պայքարը։

Խնդիրը

X IX-XXI դարերի ընթացքում բնականորեն կամ հրահրված միջէթնիկ կոնֆլիկտները եղել և մնում են աշխարհի վերաբաժանման կարևորագույն գործիքների շարքում։ Աշխարհաքաղաքական հզոր կենտրոններն իրենց շահերից ելնելով կիրառել և կիրառում են միջէթնիկ կոնֆլիկտների առաջացման բոլոր վերը նշված տարրերը։ Այդ պատճառով բազմաէթնիկ բնակչություն ունեցող երկրների համար ներդաշնակ միջէթնիկ հարաբերությունների հաստատումն ու պահպանումը կարևորագույն խնդիրների շարքում է։

Մի էթնոսի կողմից մեկ այլ էթնոսի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունը ընդհանրացված ցուցանիշ է, որը կարելի է դիտարկել որպես այդ էթնոսների միջև կոնֆլիկտային պոտենցիալ։

Ներկայիս Հայաստանի էթնիկ կազմը համարյա միատարր է՝ էթնիկ փոքրամասնությունները կազմում են բնակչության մոտ 1-1.5%-ը։ Սակայն, բազմաէթնիկ բնակչություն և, հետևաբար, միջէթնիկ հարաբերությունների կառավարման և ներդաշնակության պահպանման խնդիր ունի հարևան Վրաստանը, որի ներքին կայունությունը խիստ կարևոր է Հայաստանի համար։

  • Հոդվածում ներկայացված են Վրաստանում վրացիների և Վրաստանի երկու հիմնական էթնիկ փոքրամասնությունների՝ վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների սոցիալական տարածությունների ընկալումները՝ հայերի, վրացահայերի, վրացիների, ադրբեջանցիների, Վրաստանի ադրբեջանցիների, աբխազների, օսերի, քրդերի/եզդիների, ռուսների, թուրքերի, իրանցիների, ամերիկացիների և մի շարք այլ էթնիկ խմբերի նկատմամբ։
  • Ուսումնասիրվել են այդ սոցիալական տարածությունների փոփոխության միտումները 2007-2019 թթ․ ընթացքում։
  • Բացահայտվել են տարբեր էթնոսների նկատմամբ վրացիների, վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների սոցիալական տարածությունների ընկալումները պայմանավորող աշխարհայացքային համալիրները։

Ստացված արդյունքները կիրառելի են ինչպես Վրաստանում միջէթնիկ հարաբերությունների, այնպես էլ նրա հարավկովկասյան և տարածաշրջանային հարևանների հետ հարաբերությունների զարգացման կանխատեսման ոլորտում։

Մեթոդաբանությունը և տվյալները

Տվյալները

Հ ոդվածի արդյունքները ստացվել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների «Կովկասյան Բարոմետր» սոցիոլոգիական տվյալների հավաքագրման հետազոտությունների 2007, 2009, 2011, 2013, 2015, 2017 և 2019 թվականների շտեմարանների վերլուծությամբ։[2]

Հետազոտված էթնոսները

«Կովկասյան Բարոմետր» հետազոտություններում ուսումնասիրված էթնոսների ցանկը տրված է Աղյուսակ 1-ում։ Հետազոտությունում առկա են եղել ոչ միայն առանձին էթնիկ խմբեր, այլ պետությունների անունները կրող ժողովուրդներ՝ իրանցիներ, ամերիկացիներ, հնդիկներ։ 2019 թ. հետազոտությունում դիտարկվել է նաև Եհովայի վկաներ կրոնական աղանդը։ Աղյուսակում դեղին վանդակներում են այն էթնոսները, որոնք ուսումնասիրվել են բոլոր յոթ հետազոտություններում, իսկ երկնագույն վանդակներում՝ որոնք ուսումնասիրվել են վեց կամ հինգ հետազոտություններում։


Աղյուսակ 1. «Կովկասյան բարոմետր» հետազոտություններում դիտարկված էթնիկ խմբերը։

Վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների դիրքորոշումների ուսումնասիրությունը հնարավոր է դարձել, քանի որ «Կովկասյան Բարոմետր» հետազոտությունների ընտրանքներում առկա էին նրանց ընկալումների մասին պատկերացում կազմելու համար բավարար քանակով հարցվածներ։ Աղյուսակ 2-ում տրված է հետազոտությունների ընտրանքների կառուցվածքն ըստ հարցվածների էթնիկ կազմի՝ բացարձակ արժեքներով և տոկոսներով։ Դրանց հիման վրա կարելի է պատկերացում կազմել վրացահայերի և Ադրբեջանի վրացիների դիրքորոշումների վիճակագրական հավաստիության մակարդակի մասին։


Աղյուսակ 2․ Էթնիկ խմբերի առկայությունը «Կովկասյան բարոմետր» հետազոտությունների շարքի Վրաստանի ընտրանքներում։ Էթնիկ պատկանելության մասին բացակայող արժեքները հաշվառված չեն։ Տոկոսները տրված են Չհամակշռված տվյալներից։

Սոցիալական տարածությունների հաշվարկը

Հ ետազոտությունում կիրառվել է սոցիալական տարածությունների Բոգարդուսի սանդղակի հատված տարբերակը[3]։ Դրա համար կիրառվել են հարցաթերթային հետևյալ հարցերը, որոնք առանց փոփոխության կիրառված են եղել «Կովկասյան Բարոմետրի» բոլոր հետազոտություններում․

  • «Այժմ ես կթվարկեմ որոշ ազգություններ: Ասեք խնդրեմ, հավանություն տալի՞ս եք, երբ Ձեր ազգակիցները բիզնես են անում [էթնոսի անուն] հետ։»
  • «Հավանություն տալի՞ս եք, երբ Ձեր ազգի կանայք ամուսնանում են [էթնոսի անուն] հետ։»

Պատասխանների տարբերակներն էին՝ «Այո» և «Ոչ»։

Յուրաքանչյուր հարցվողի դեպքում սոցիալական տարածությունների ընկալումները հաշվարկվել են որպես «այո» պատասխանների քանակ։ Ստացված փոփոխականի արժեքների բազմությունն է [0, 1, 2]:

Կատարվել է ստացված փոփոխականների շրջում և նորմալացում հետևյալ բանաձևով․

Նոր փոփոխականների արժեքների բազմությունն է՝ [0, 0.5, 1], որտեղ 0-ն նշանակում է սոցիալական տարածության նվազագույն, իսկ 1-ը՝ առավելագույն սոցիալական ընկալումը։

Հետազոտությունում կիրառվել է սոցիալական տարածությունների հետևյալ դասակարգումը․

  • [0; 0.3] – փոքր սոցիալական տարածություն,
  • (0.3; 0.6] – միջին սոցիալական տարածություն,
  • (0.6; 1] – մեծ սոցիալական տարածություն։

Արդյունքներ

Սոցիալական տարածությունների պատկերը 2007 և 2009 թվականներին

Գ ծապատկեր 1-ում տրված է Վրաստանում 2007 թ․-ին վրացիների, վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների կողմից ընկալվող սոցիալական տարածությունները տարբեր էթնոսների նկատմամբ, իսկ Գծապատկեր 2-ում՝ համանման տվյալները 2019 թ.-ին։

Այդ հետազոտություններում միաժամանակ առկա են բոլոր այն էթնիկ խմբերը, որոնց նկատմամբ սոցիալական տարածություններն էական նշանակություն ունեն ներվրացական միջէթնիկ հարաբերությունների և Վրաստանի միջազգային հարաբերությունների համար՝ հայերը, ադրբեջանցիները, վրացիները, ռուսները, թուրքերը, ամերիկացիները, իրանցիները, աբխազները, օսերը, հրեաները։ 2019 թ.-ի հետազոտությունում ավելացել են վրացահայերը, Վրաստանի ադրբեջանցիները, քրդերը/եզդիները[4], իտալացիները, ուկրաինացիները, արաբները և հնդիկները, սակայն բացակայում են հույները։ 2019 թ. հետազոտությունում առկա էր նաև Եհովայի վկաներ աղանդը։

2007 թ.-ին վրացիների ընկալումներում բոլոր էթնիկ խմբերը հստակորեն բաժանվել են երկու ենթախմբի՝ վրացիներ և «այլ էթնոսներ»։ Իր հերթին «այլ էթնոսների» խումբը ստորաբաժանվում է երեք ենթախմբի․

  1. Առաջինը՝ ռուսներ (որոնց նկատմամբ սոցիալական հեռավորությունն ամենափոքրն է), հույներ, աբխազներ և ամերիկացիներ,
  2. Երկրորդը՝ հրեաներ, հայեր, ադրբեջանցիներ, որոնք ավելի հեռու են, քան նախորդ խումբը և
  3. Երրորդը՝ թուրքեր և իրանցիներ, որոնք վրացիների ընկալումներում ամենահեռու խումբն են։

Վրացահայերի ընկալումները, բավական նման են վրացիների ընկալումներին, սակայն նույնական չեն։ Առկա են մի քանի առանձնահատկություններ։

  • Առաջինը՝ վրացահայերի ընկալումներն ավելի հավասարաչափ են բաշխված սոցիալական տարածությունների առանցքի վրա։
  • Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ վրացիները՝ վրացահայերի ընկալումներում «մոտ» էթնիկ խումբ են, իսկ հայերը՝ վրացիների ընկալումներում՝ «հեռու» խումբ։

Վրաստանի ադրբեջանցիների համար․

  • «մոտ» խմբեր են՝ թուրքերը և վրացիները։
  • Նրանց համար` «այլ էթնոսները» գտնվում են շատ ավելի հեռու տարածության վրա, քան վրացիների և վրացահայերի համար։
  • Վրաստանի ադրբեջանցիների շրջանում հայերը գտնվում են հեռու՝ 0.8 տարածության վրա, իսկ վրացահայերի համար ադրբեջանցիները՝ 0.5 տարածության վրա։


Գծապատկեր 1․ Սոցիալական տարածությունները Վրաստանում, 2007


Գծապատկեր 2, Սոցիալական տարածությունները Վրաստանում, 2019

2019 թ.-ին վրացիների և Վրաստանի ադրբեջանցիների ընկալումները սոցիալական տարածությունների առանցքով ավելի վեր են բարձրացել, այսինքն՝ «այլ» էթնիկ խմբերը սկսել են ավելի հեռու ընկալվել։ Բացի դրանից, այդ ընկալումները «խտացել են»՝ էթնոսները, հեռու տարածությունում սկսել են միմյանց ավելի մոտ ընկալվել։ Այդ երևույթը հատկապես նկատելի է Վրաստանի ադրբեջանցիների դեպքում։

Վրացահայերի ընկալումներում բոլոր սոցիալական տարածությունները նշանակալիորեն նվազել են, ինչը, մեծ հավանականությամբ, ընտրանքային շեղման հետևանք է (հիմնավորումը տես հաջորդիվ՝ «Սոցիալական տարածությունների ընկալումների փոփոխությունները Վրաստանում, 2007-2019 թթ․» պարագրաֆում)։

  • Վրաստանի ադրբեջանցիների շրջանում տեղի է ունեցել կարևոր փոփոխություն։ Եթե 2007թ.-ին նրանց ընկալումներում ամենամոտ էթնոսները թուրքերն ու վրացիներն էին, որոնք գտնվում էին մոտ տարածությունների տիրույթում, ապա 2019 թ.-ին՝ վրացիները նշանակալիորեն «հեռացել են» (0.245-ից՝ մինչև 0.475), իսկ թուրքերը «մոտեցել» (0.253-ից՝ մինչև 0.226)։
Սոցիալական տարածությունների կերպարների ընդհանրացված համեմատություն

Աղյուսակ 3-ում տրված են վրացիների, վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների շրջանում «Կովկասյան Բարոմետր» բոլոր հետազոտությունների ընթացքում բոլոր դիտարկված էթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունների միջինացված ընկալումները։ Աղյուսակում էթնոսներն ագրեգացվել են մի քանի խմբում․

  • Կովկասյան էթնոսներ՝ վրացիներ, հայեր, վրացահայեր, ադրբեջանցիներ, Վրաստանի ադրբեջանցիներ, աբխազներ, օսեր,
  • Եվրոպական էթնոսներ՝ իտալացիներ, անգլիացիներ, «եվրոպացիներ» (2013 թ. հետազոտությունում), գերմանացիներ, հույներ, շվեդներ,
  • Ասիական էթնոսներ՝ չինացիներ, հնդիկներ, իրանցիներ, արաբներ, թուրքեր, հրեաներ, քրդեր/եզդիներ։

Ամերիկացիները, ռուսները և ուկրաինացիները տրված են առանձին։

Աղյուսակի վանդակները գունավորված են ցուցադրելու համար վրացիների, վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների սոցիալական տարածությունների ընկալումների կերպարների  տարբերությունը և նմանություն։ Տվյալ դեպքում, «կերպարը»՝ սյան տվյալների ամբողջությունն է, որն արտապատկերված է սյան գունավորմամբ։


Աղյուսակ 3․ Վրաստանում միջինացված սոցիալական տարածություններn ըստ հետազոտության բոլոր տարիների (2007-2019 թթ․) և էթնոսների խմբերի:

Աղյուսակ 4-ում տրված են այդ կերպարների նմանությունը և տարբերության չափերը։ Դրանք աղյուսակի սյուների միջև զույգ առ զույգ էվկլիդեսյան հեռավորություններ են։ Աղյուսակի տվյալները ցույց են տալիս, որ՝

  • Վրացիների և վրացահայերի ընկալումների կերպարների միջև հեռավորությունը` 0.100, մոտ 6 անգամ ավելի փոքր է, քան վրացիների և Վրաստանի ադրբեջանցիների, ինչպես նաև Վրաստանի հայերի և Վրաստանի ադրբեջանցիների ընկալումների կերպարների միջև հեռավորությունները, որոնք համապատասխանաբար հավասար են 0.577-ի և 0.598-ի։
 

Վրացի

Վրացահայ

Վր ադրբեջանցի

Վրացի

0.000

0.100

0.577

Վրացահայ

0.100

0.000

0.598

Վր ադրբեջանցի

0.577

0.598

0.000

Աղյուսակ 4․ Վրացիների, վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների սոցիալական տարածությունների ընկալման կերպարների միջև էվկլիդեսյան հեռավորությունները։

Այդ համեմատությունը վերահաստատում է Գծապատկեր 1 և Գծապատկեր 2-ից բխող այն եզրակացությունը, որ՝

  • Էթնոսների նկատմամբ վրացիների և վրացահայերի կողմից ընկալվող սոցիալական տարածությունների ընկալումների կերպարները միմյանց նման են և էապես տարբերվում են Վրաստանի ադրբեջանցիների ընկալումների կերպարից։
Սոցիալական տարածությունների ընկալումների փոփոխությունները Վրաստանում, 2007-2019 թթ․

Վրաստանում սոցիալական տարածությունների ընկալումների փոփոխությունների միտումներն ուսումնասիրվել են էթնոսների երեք խմբերի համար։

  1. Վրաստանում բնակվող էթնոսներ,
  2. Հարավային Կովկասում Վրաստանի հարևան էթնոսներ՝ հայեր, ադրբեջանցիներ, աբխազներ և օսեր։
  3. Վրաստանի տարածաշրջանային հարևան էթնոսներ՝ թուրքեր, ռուսներ, իրանցիներ, եվրոպացիներ[5], ամերիկացիներ[6]։
Մեթոդաբանական ծանոթագրություն

Համարյա բոլոր գծապատկերները ցույց են տալիս, որ 2019 թ.-ին վրացահայերի կողմից ընկալվող սոցիալական տարածությունները 2017 թ.-ի համեմատ, խիստ նվազել են։ Եթե այդ պատկերն արտահայտված լիներ էթնոսների որոշակի խմբի համար, ապա այն կարելի էր համարել ընտրանքային (պատահական) սխալ, որն առաջանում է այն պատճառով, որ գործ ունենք, ոչ թե բնակչության ընդհանուր համակցության, այլ դրա մի հատվածի՝ ընտրանքի հետ։

Սակայն, երբ միևնույն ուղղությամբ այդպիսի մեծ շեղումը տեղի ունի բոլոր էթնոսների դեպքում, հատկապես, երբ 2017-2019 թթ. ընթացքում տեղի չի ունեցել դիտարկվող էթնոսի (տվյալ դեպքում՝ վրացահայերի)  խորքային բնութագրում, այդքան մեծ փոփոխություններ առաջացնելու ունակ արտառոց իրադարձություն կամ ազդեցիկ և արագընթաց գործընթաց, ապա դա կարող է բացատրվել ընտրանքում (տվյալ դեպքում՝ վրացահայերի ենթաընտրանքում) սիստեմատիկ շեղման առկայությամբ։

Այդ ենթադրության ստուգման նպատակով դիտարկվել են առանձին սոցիալական շփումների փոփոխությունները։ Որպես օրինակ՝ Գծապատկեր 3-ում ներկայացված է վրացահայերի կողմից  ադրբեջանցիների և Վրաստանի ադրբեջանցիների հետ հայ կանանց ամուսնության ընդունելիության դիրքորոշման փոփոխությունները 2009-2019 թթ․ ընթացքում։


Գծապատկեր 3․

Գծապատկերից երևում է, որ 2017 թ․-ին ադրբեջանցու հետ հայ կնոջ ամուսնությունը ընդունելի է համարել վրացահայերի 24%-ը, իսկ 2019 թ.- ին՝ 57%։ Աճը կազմել է 33%: 2017 թ․-ին Վրաստանի ադրբեջանցու հետ հայ կնոջ ամուսնությունը ընդունելի է համարել վրացահայերի 30%-ը, իսկ 2019 թ.- ին՝ 56%։ Աճը կազմել է 26%: Սակայն այդ ցուցանիշների 2009-2017 թթ․ շարքերը հուշում են, որ այդպիսի աճի հավանականությունը չնչին է։

Մեծ հավանականությամբ, տվյալ դեպքում առկա է ընտրանքային և սիստեմատիկ շեղման վերադրում, երբ այդ սխալների ուղղությունները համընկել են։ Այս ենթադրությունը հիմնված է այն փաստի վրա, որ տվյալների ուշադիր դիտարկումը ցույց է տալիս, որ 2019 թ.-ին 2017 թ․ համեմատ, սոցիալական տարածությունների ոչ մեծ նվազում է դիտվել նաև Վրաստանի ադրբեջանցիների շրջանում։ Սակայն, յուրաքանչյուր էթնոսի նկատմամբ սոցիալական տարածությունների փոփոխության միտումների ընդհանուր համատեքստում այդ նվազումը ընդունելի է որպես ընտրանքային (պատահական) սխալ։

Այդ պատճառով,

  • Բոլոր գծապատկերներում վրացահայերի կողմից ընկալվող սոցիալական տարածությունները 2019 թ.-ին ներկայացված են, սակայն,
  • Վրացահայերի ընկալումների փոփոխության միտումները (տրենդերը) ներկայացնող գծերը կառուցված են առանց 2019 թ. տվյալների։
Ներվրացական հարևանություն

Գծապատկեր 4-Ա, Բ, Գ, Դ, Ե-ում տրված են վրացիների, վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների սոցիալական տարածությունների ընկալումների փոփոխությունները 2007-2019 թթ. ընթացքում վրացահայերի, Վրաստանի ադրբեջանցիների, վրացիների, քրդերի/եզդիների և հրեաների նկատմամբ։ Գծապատկերների հիմնական բովանդակությունը պարունակում են միտումները մոտարկող գծերը։




Գծապատկեր 4․ Սոցիալական տարածությունների փոփոխությունները 2007-2019 թթ․ ընթացքում Վրաստանի էթնիկ խմբերի նկատմամբ։

Նշված հինգ գծապատկերների առավել կարևոր ընդհանրացումն այն է, որ՝

  • Վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների ընկալումներում սոցիալական տարածությունները Վրաստանի հիմնական էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ժամանակի ընթացքում աճում են։
Հարավկովկասյան հարևանություն

Գծապատկեր 5-Ա, Բ, Գ, Դ-ում տրված են վրացիների, վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների սոցիալական տարածությունների ընկալումների փոփոխությունները 2007-2019 թթ. ընթացքում Վրաստանի հարավկովկասյան հարևան երկրների հիմնական էթնոսների նկատմամբ, այդ թվում՝ [Հայաստանի] հայերի, [Ադրբեջանի] ադրբեջանցիների, աբխազների և օսերի նկատմամբ։


Գծապատկեր 5․ Սոցիալական տարածությունների փոփոխությունները 2007-2019 թթ․ ընթացքում Վրաստանի հարավկովկասյան հարևան էթնիկ խմբերի նկատմամբ։

Այստեղ հիմնական միտումները հետևյալն են․

  • Հայերի նկատմամբ տարածությունների ընկալումները համարյա անփոփոխ են։
  • Ադրբեջանցիների նկատմամբ տարածությունների ընկալումները վրացահայերի շրջանում արագորեն աճում են, իսկ վրացիների և Վրաստանի ադրբեջանցիների շրջանում՝ անփոփոխ են։
  • Աբխազների նկատմամբ տարածությունների ընկալումները վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների նկատմամբ արագորեն աճում են, իսկ վրացիների շրջանում՝ անփոփոխ են։
  • Օսերի նկատմամբ տարածությունների ընկալումները Վրաստանի ադրբեջանցիների շրջանում արագորեն աճում են, իսկ վրացիների և վրացահայերի շրջանում՝ անփոփոխ են։
Տարածաշրջանային հարևանություն

Գծապատկեր 6- Ա, Բ, Գ, Դ, Ե-ում տրված են վրացիների, վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների սոցիալական տարածությունների ընկալումների փոփոխությունները 2007-2019 թթ. ընթացքում Վրաստանի տարածաշրջանային հարևան երկրների հիմնական էթնոսների նկատմամբ, այդ թվում՝ ռուսների, թուրքերի, եվրոպացիների, ամերիկացիների և իրանցիների։

Այս տվյալների համատեքստում անհրաժեշտ է նշել կարևոր մեթոդաբանական նկատառում։ 2008 թ.-ի օգոստոսի 8-12-ին, տեղի է ունեցել վրաց-օսական պատերազմը, որին միջամտել է Ռուսաստանը և 2008 թ. օգոստոսի 26-ին ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Այս իրադարձությունները հզոր ազդեցություն են գործել ռուսների նկատմամբ վրացիների դիրքորոշումներում, ինչն արտահայտվել է Գծապատկեր 6-Ա-ի տվյալներում։ Եթե 2007 թ.-ին վրացիների ընկալումներում ռուսները գտնվում էին 0.268 տարածության վրա, ապա 2009 թ.-ին՝ 0.409 (աճել է 1.5 անգամ): Հետևաբար․

  • Ռուսների նկատմամբ վրացիների կողմից ընկալվող սոցիալական տարածության փոփոխության գծային միտումը (տրենդը) անհրաժեշտ է գնահատել ոչ թե 2007-2019, այլ՝ 2009-2019 թթ. ժամանակահատվածում։

Գծապատկեր 6-Ա-ում ռուսների նկատմամբ վրացիների սոցիալական տարածության ընկալման գծային միտումը կառուցված է 2009-2019 թթ. տվյալներով։


Գծապատկեր 6․ Սոցիալական տարածությունների փոփոխությունները 2007-2019 թթ․ ընթացքում Վրաստանի տարածաշրջանային հարևան էթնիկ խմբերի նկատմամբ։

Տարածաշրջանային հարևանների նկատմամբ սոցիալական տարածությունների փոփոխության միտումները հետևյալն են․

  • Ռուսների նկատմամբ սոցիալական տարածությունները վրացահայերի շրջանում արագ են նվազում, իսկ վրացիների շրջանում՝ նվազում են դանդաղ։ Նկատենք, որ 2019 թ.-ին ռուսների նկատմամբ վրացիների կողմից ընկալվող տարածությունն աճել է։ Վրաստանի ադրբեջանցիների շրջանում ռուսների նկատմամբ ընկալվող տարածությունները չեն փոխվում։
  • Թուրքերի նկատմամբ ընկալվող տարածությունները Վրաստանի ադրբեջանցիների շրջանում շատ արագ նվազում են, իսկ վրացիների և, հատկապես, վրացահայերի շրջանում՝ աճում են։
  • Ամերիկացիների նկատմամբ տարածությունների ընկալումները բոլոր երեք խմբերում դանդաղորեն աճում են։
  • Իրանցիների նկատմամբ տարածությունների ընկալումները նույնպես դանդաղորեն աճում են բոլոր երեք խմբերում։
Վրաստանում էթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունները կազմավորող աշխարհայացքային համալիրները

Վրացիների, վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների աշխարհայացքային համալիրները, որոնք պայմանավորում են նրանց կողմից ընկալվող սոցիալական տարածությունները էթնիկ խմբերի նկատմամբ, բացահայտվել են գործոնային վերլուծությամբ։ Գործոնների քանակը սահմանվել է տարբեր մոդելների համեմատությամբ՝ հաշվի առնելով դրանց բովանդակության ադեկվատությունը էթնոսոցիոլոգիական դրույթներին։ 

Վրացիներ

Վրացիների աշխարհայացքում հայտնաբերվել են դիտարկված 16 էթնոսների նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունները լավագույն կերպով բացատրող չորս աշխարհայացքային համալիր։ Դրանց կառուցվածքը տրված է Աղյուսակ 5-ում։

Առաջին համալիրը, որն անվանվել «Իսլամական գործոն», պայմանավորում է արաբների, իրանցիների, թուրքերի, քրդերի/եզդիների, ադրբեջանցիների և Վրաստանի ադրբեջանցիների նկատմամբ սոցիալական տարածությունները։ Այդ էթնոսները վրացիների ընկալումներում գտնվում են մեծ սոցիալական տարածությունների վրա։

Երկրորդ համալիրն անվանվել է «Ռուսական մեծ տարածքի գործոն»։ Այս աշխարհայացքային համալիրը պայմանավորում է սոցիալական տարածությունները ռուսների և ռուսական մեծ տարածքում գտնվող կամ դրան ձգտող էթնոսների՝ օսերի, աբխազների, հայերի և վրացահայերի նկատմամբ։ Այս էթնոսները վրացիների ընկալումներում գտնվում են միջին սոցիալական տարածությունների վրա։

Երրորդ համալիրը անվանվել է «Արևմտյան գործոն»։ Այն պայմանավորում է սոցիալական տարածությունները ամերիկացիների, իտալացիների և արևմտյան մեծ տարածքին հարող ուկրաինացիների նկատմամբ։ Այս էթնոսները գտնվելով միջին սոցիալական տարածությունների տիրույթում, այնուամենայնիվ, վրացիների կողմից ընկալվում են ավելի մոտ, քան «Ռուսական մեծ տարածքի գործոնի» կազմում գտնվող էթնոսները։

Չորրորդ համալիրն անվանվել է «էթնիկ ինքնության գործոն»։ Այն պայմանավորում է սոցիալական տարածությունն իրենց իսկ՝ վրացիների նկատմամբ։


Աղյուսակ 5․ Վրացիների ընկալումներում էթնոսների նկատմամբ սոցիալական տարածությունները կազմավորող աշխարհայացքային համալիրները։

Վրացահայեր

Հաշվի առնելով այն փաստը, որ վրացահայերի սոցիալական տարածությունները, որոնք հաշվարկվել են 2019 թ․ տվյալներով, մեծ հավանականությամբ պարունակում են սիստեմատիկ շեղում, նրանց աշխարհայացքային համալիրները բացահայտվել են  «Կովկասյան Բարոմետր 2017» շտեմարանի վերլուծությամբ։

Վրացահայերի աշխարհայացքում նույնպես՝ առավել ադեկվատ մոդելը պարունակում է էթնիկ խմբերի նկատմամբ սոցիալական տարածությունները պայմանավորող չորս աշխարհայացքային համալիր (Աղյուսակ 6)։

Առաջին համալիրը, որն անվանվել է «Իսլամական գործոն», ունի նույն կառուցվածքն, ինչ վրացիների աշխարհայացքում բացահայտված նույնանուն գործոնը և պայմանավորում է վրացահայերի շրջանում սոցիալական տարածությունները արաբների, իրանցիների, թուրքերի, քրդերի/եզդիների, ադրբեջանցիների և Վրաստանի ադրբեջանցիների նկատմամբ։ Այդ էթնոսները վրացահայերն ընկալում են առավել մեծ սոցիալական տարածությունների վրա։

Երկրորդ աշխարհայացքային համալիրն անվանվել է «Քրիստոնեական գործոն»։ Այն կազմավորում է վրացահայերի սոցիալական տարածությունների ընկալումները քրիստոնյա էթնոսների նկատմամբ՝ ուկրաինացիների, իտալացիների, աբխազների, օսերի, վրացիների, ամերիկացիների, հրեաների, ռուսների նկատմամբ։

Երրորդ համալիրն անվանվել է «Ռուսական մեծ տարածքի գործոն», որը պայմանավորում է սոցիալական տարածությունների ընկալումը ռուսների և իրենց իսկ՝ վրացահայերի նկատմամբ։

Չորրորդ համալիրը, որն արտահայտվել է «Էթնիկ ինքնության գործոնով», պայմանավորում է վրացահայերի ընկալումներում հայերի նկատմամբ սոցիալական տարածությունը։ Այն վրացիների նույնանուն համալիրի նմանակն է վրացահայերի աշխարհայացքում։


Աղյուսակ 6․ Վրացահայերի ընկալումներում էթնոսների նկատմամբ սոցիալական տարածությունները կազմավորող աշխարհայացքային համալիրները։

Վրաստանի ադրբեջանցիներ

Վրաստանի ադրբեջանցիների աշխարհայացքում բացահայտվել է էթնոսների նկատմամբ սոցիալական տարածությունները լավագույն կերպով նկարագրող երեք աշխարհայացքային համալիր (Աղյուսակ 7):

Առաջին համալիրն արտապատկերվել է որպես «Օտար կամ ոչ թուրք էթնոսների գործոն»։ Այդ գործոնի կազմում են իրանցիները, ուկրաինացիները, ռուսները, արաբները, վրացիները, իտալացիները, աբխազները, ամերիկացիները և օսերը, որոնք ունեն տարբեր կրոնական պատկանելություն  և մշակույթներ։ Ինչպես երևում է Գծապատկեր 2-ի «Վրաստանի ադրբեջանցի» սյան տվյալներից, այդ էթնոսներին միավորում է այն, որ Վրաստանի ադրբեջանցիների աշխարհայացքում գտնվելով բավական մեծ սոցիալական տարածությունների վրա, այնուամենայնիվ, առանցքի վրա բավական մոտ են դիրքավորված մեկը՝ մյուսին։

Երկրորդ աշխարհայացքային համալիրը, որն արտահայտվել է «Թշնամի էթնոսների գործոնով», պայմանավորում է սոցիալական տարածություններն ադրբեջանցիների աշխարհայացքում «թշնամի» էթնոսների՝ հայերի և վրացահայերի նկատմամբ։ Իսկ այն փաստը, որ Վրաստանի ադրբեջանցիների ընկալումներում մոտավորապես նույնպիսի հեռավորության վրա են նաև քրդերը/եզդիները և հրեաները, նոր բացահայտում է, այն մասին, որ՝

  • Վրաստանի ադրբեջանցիների աշխարհայացքում, մեծ հավանականությամբ, քրդերը/եզդիները և հրեաներն ընկալվում են որպես թշնամի էթնոսներ։

Երրորդ աշխարհայացքային համալիրը Վրաստանի ադրբեջանցիների աշխարհայացքում արտահայտվել է «Էթնիկ ինքնության և թրքական մեծ տարածքի գործոնով»։ Այդ գործոնը կազմավորում է Վրաստանի ադրբեջանցիների ընկալումներում սոցիալական տարածություններն իրենց՝ Վրաստանի ադրբեջանցիների, ադրբեջանցիների և թուրքերի նկատմամբ։ Հետևաբար․

  • Վրաստանի ադրբեջանցիների աշխարհայացքում քաղաքակրթական մեծ տարածքը, որի մաս են նրանք իրենց համարում, կազմավորված է ոչ թե կրոնական հիմքի՝ իսլամականության, այլ՝ էթնիկ հիմքի՝ թուրքականության վրա։


Աղյուսակ 7․ Վրաստանի ադրբեջանցիների  ընկալումներում էթնոսների նկատմամբ սոցիալական տարածությունները կազմավորող աշխարհայացքային համալիրները։

Հարկ է նշել, որ բոլոր ներկայացված գործոնային մոդելներում առկա են միջին չափի (04-0.6) գործոնային բեռնվածքներ՝ կամրջող փոփոխականներ (աղյուսակներում դրանք տրված են կանաչ գույնով), որոնք ցույց են տալիս, որ բացահայտված գործոնների միջև առկա են շաղկապվածություններ։

Այդ շաղկապվածությունները հուշում են, որ տարբեր էթնոսների նկատմամբ վրացիների, վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների ընկալվող սոցիալական տարածությունները պայմանավորող աշխարհայացքային համալիրները փոխադարձաբար կապված են միմյանց հետ։ Դա, նախ և առաջ, պայմանավորված է նրանով, որ մարդկանց մոտ, անկախ էթնիկ պատկանելությունից, առկա է «Ընդհանուր հանդուրժողականության» խորքային գործոն, որը պայմանավորում է ոչ թե էթնոսների խմբերի, այլ ընդհանրապես «այլ» էթնոսի նկատմամբ նրանց վերաբերմունքը։ «Ընդհանուր հանդուրժողականության» գործոնը սիստեմատիկ կերպով արտահայտվում է դիրքորոշումների հետազոտություններում։ Հետևաբար, պետք է ենթադրել, որ այն ոչ թե միայն էթնոմշակութային, այլ նաև՝ հոգեբանական և սոցիալ հոգեբանական հիմքեր ունեցող գործոն է։

Հիմնական արդյունքներ

Հ ոդվածում ներկայացված արդյունքներն ընդհանրացված են ստորև տրված աղյուսակներում։

Աղյուսակ 8-ում տրված են Վրաստանի ներվրացական, հարավկովկասյան և տարածաշրջանային հարևան էթնոսների նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումները։ Վրացիների և Վրաստանի ադրբեջանցիների դեպքում տրված են 2019 թ․-ի տվյալները, իսկ վրացահայերի դեպքում՝ 2017 թ․-ի։

  • Կանաչ վանդակներում են փոքր սոցիալական տարածությունները, որոնք գտնվում են [0; 0.3] միջակայքում,
  • Նարնջագույն վանդակներում են միջին սոցիալական տարածությունները, որոնք գտնվում են (0.3; 0.6) միջակայքում և
  • Կարմիր վանդակներում են մեծ սոցիալական տարածությունները, որոնք գտնվում են [0.6; 1.0] միջակայքում։

«Տրենդ» սյուներում տրված են յուրաքանչյուր էթնոսի նկատմամբ ընկալվող սոցիալական տարածության փոփոխության ուղղությունը և արագությունը։ «» - նշանակում է, որ ժամանակի ընթացքում սոցիալական տարածությունն աճում է, «↑↑» - նշանակում է արագ աճ, «â» - նշանակում է նվազում, «ââ» - նշանակում է արագ նվազում և «0» – նշանակում է փոփոխության բացակայություն։

Միայն Վրաստանի ադրբեջանցիների դեպքում առկա է «âââ» նշանը, որը նշանակում է «Թուրքերի նկատմամբ սոցիալական տարածության շատ արագ նվազում»։


Աղյուսակ 8․ Էթնոսների նկատմամբ սոցիալական տարածությունները, դրանց փոփոխության ուղղությունների և արագությունները վրացիների, վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների ընկալումներում։

Աղյուսակ 9-ում տրված են վրացիների, վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների աշխարհայացքային համալիրները, որոնք կազմավորում են նրանց ընկալումներում սոցիալական տարածությունները տարբեր էթնոսների նկատմամբ։

Վրացիներ

Վրացահայեր

Վրաստանի ադրբեջանցիներ

Իսլամական գործոն

Իսլամական գործոն

«Թշնամի» էթնոսների գործոն

Ռուսական մեծ տարածքի գործոն

Ռուսական մեծ տարածքի գործոն

«Օտար կամ՝ ոչ թուրք» էթնոսների գործոն

Արևմտյան գործոն

Քրիստոնեական գործոն

Էթնիկ ինքնության և Թյուրքական մեծ տարածքի գործոն

Էթնիկ ինքնության գործոն

Էթնիկ ինքնության գործոն

Աղյուսակ 9․ Էթնոսների նկատմամբ վրացիների, վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների ընկալումներում սոցիալական տարածությունները կազմավորող աշխարհայացքային համալիրները (գործոնները)։

Հիմնական եզրակացություններ

  • Էթնոսների նկատմամբ վրացիների և վրացահայերի կողմից ընկալվող սոցիալական տարածությունների ընկալումների կերպարները միմյանց նման են և էապես տարբերվում են Վրաստանի ադրբեջանցիների ընկալումների կերպարից։

Վ րացիների և վրացահայերի ընկալումների կերպարների միջև Էվկլիդեսյան հեռավորությունը, որը հավասար է 0.100-ի, մոտ 6 անգամ ավելի փոքր է, քան վրացիների և Վրաստանի ադրբեջանցիների, ինչպես նաև Վրաստանի հայերի և Վրաստանի ադրբեջանցիների ընկալումների կերպարների միջև հեռավորությունները, որոնք համապատասխանաբար հավասար են 0.577-ի և 0.598-ի։

Հետազոտությամբ դիտարկված 42 հիմնական սոցիալական տարածություններից 7-ը գտնվում են փոքր 20-ը՝ միջին և 15-ը՝ մեծ տարածությունների միջակայքում։ Փոքր տարածությունները վրացիների, վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների սոցիալական տարածությունների ընկալումներն են իրենց իսկ նկատմամբ։ Մյուս երկուսը՝ վրացահայերի սոցիալական տարածության ընկալումն է ռուսների (0․264) և Վրաստանի ադրբեջանցիների ընկալումը թուրքերի (0․226) նկատմամբ։

42 սոցիալական տարածություններից

  • 25-ը ժամանակի ընթացքում աճում են (այդ թվում՝ 11-ը՝ արագ են աճում),
  • 3-ը նվազում են (այդ թվում՝ վրացիների շրջանում ռուսների նկատմամբ, վրացահայերի շրջանում արագ նվազում են ռուսների նկատմամբ, և Վրաստանի ադրբեջանցիների շրջանում շատ արագ նվազում են  թուրքերի նկատմամբ,
  • 14-ը ըստ էության մնում են անփոփոխ։

Այսպիսով․

  • Վրաստանում միջէթնիկ կոնֆլիկտների ընդհանուր պոտենցիալը բարձր է և ժամանակի ընթացքում աճում է։

Ներվրաստանյան հարևանության ենթատեքստում միջէթնիկ կոնֆլիկտների պոտենցիալը հատկապես բարձր է Վրաստանի ադրբեջանցիների շրջանում։ Նրանք կրում են ներվրացական միջէթնիկ կոնֆլիկտային պոտենցիալի նշանակալի հատվածը։ Քանի, որ Վրաստանի ամենամեծ էթնիկ փոքրամասնություններն են վրացահայերը և Վրաստանի ադրբեջանցիները, որոնք փոխադարձաբար գտնվում են մեծ սոցիալական տարածությունների վրա, որոնք արագ աճում են, հետևաբար,

  • Հայ-ադրբեջանական կոնֆլիկտային պոտենցիալը Վրաստանի միջէթնիկ հարաբերությունների ամենամեծ սպառնալիքն է։
  • Երկրորդ էթնիկ խումբը, որի նկատմամբ սոցիալական տարածությունները մեծ են և աճում են ոչ միայն վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների, այլև վրացիների շրջանում՝ քրդերը/եզդիներն են։
  • Վրաստանի ադրբեջանցիների շրջանում բարձր է և աճում է կոնֆլիկտային պոտենցիալը հրեաների նկատմամբ։

Վրացիները և Վրաստանի ադրբեջանցիները միմյանց փոխադարձաբար ընկալում են համարյա միևնույն սոցիալական տարածության վրա, համապատասխանաբար՝ 0.479 և 0.475: Սակայն, եթե վրացիների ընկալումները անփոփոխ են, ապա՝

  • Վրաստանի ադրբեջանցիների ընկալումներում վրացիների նկատմամբ սոցիալական տարածությունն արագ աճում է։

Հարավկովկասյան հարևանության ենթատեքստում Վրաստանի ադրբեջանցիները շատ մեծ տարածության վրա են ընկալում ոչ միայն հայերին, այլև աբխազներին և օսերին։ Այսինքն՝

  • Հարավկովկասյան հարևանության ենթատեքստում նույնպես ամենամեծ կոնֆլիկտային պոտենցիալը կրում են Վրաստանի ադրբեջանցիները։

Հարկ է նշել, որ հարավկովկասյան հարևանության ենթատեքստում աբխազների և օսերի նկատմամբ սոցիալական տարածությունը վրացիների շրջանում ամենացածրն է, համապատասխանաբար՝ 0.401 և 0.453: Ընդ որում, այն ըստ էության մնում է անփոփոխ։

Տարածաշրջանային ենթատեքստում վրացիների, վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների շրջանում տեղի են ունենում տարամետ գործընթացներ։

Եվրոպացիներ․ Վրացիները որպես ամենամոտ տարածաշրջանային հարևաններ են ընկալում եվրոպական էթնոսներին։ Այնուամենայնիվ, նրանք գտնվում են միջին տարածությունների տիրույթում  (0.363)։ Եվրոպացիների նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունները ըստ համարյա չեն փոփոխվում։ Այսինքն․

  • Վրացիների համար ամենամոտ Մեծ տարածքը Եվրոպան է։

Վրացահայերը եվրոպացիներին ընկալում են ավելի հեռու (0.465), սակայն նույնպես միջին տարածությունների տիրույթում։ Այդ տարածությունը ժամանակի ընթացքում աճում է։ Իսկ Վրաստանի ադրբեջանցիների համար եվրոպացիները գտնվում են հեռու տարածությունների տիրույթում (0.630) և այդ տարածությունը մնում է համարյա անփոփոխ։

Թուրքեր․ Վրացիների շրջանում թուրքերի նկատմամբ սոցիալական տարածության ընկալումը (0.594) շատ մոտ է մեծ տարածությունների տիրույթին և ժամանակի ընթացքում աճում է։ Վրացահայերի շրջանում թուրքերի նկատմամբ սոցիալական տարածությունը մեծ տարածությունների տիրույթում է (0.682) և արագ աճում է։ Իսկ Վրաստանի ադրբեջանցիների շրջանում այդ տարածությունը ոչ միայն գտնվում է փոքր տարածությունների տիրույթում, այլ շատ արագ նվազում է, այսինքն՝

  • Վրաստանի ադրբեջանցիները ձգտում են դեպի թուրքական Մեծ տարածք։
  • Թուրքերի նկատմամբ դիրքորոշումներում մի կողմից՝ վրացիների և վրացահայերի, իսկ մյուս կողմից՝ Վրաստանի ադրբեջանցիների ընկալումները տարամետ են։

Ռուսներ․ Ռուսների նկատմամբ սոցիալական տարածությունների տեսակետից կարևոր է ընկալել դրա դինամիկան 2007-2019 թթ․ ընթացքում։

  • 2007 թ․-ին վրացիները ռուսներին ընկալում էին որպես ամենամոտ էթնիկ խումբ (0.268):

Բացի դրանից, ռուսների նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունը պայմանավորված էր առանձին «Ռուսական գործոնով»։ 2008 թ․ պատերազմը կտրուկ մեծացրեց այդ սոցիալական տարածությունը (2009-ին այն դարձավ 0.409)։ Սակայն, սկսած 2011 թ․-ից, վրացիների ընկալումներում ռուսների նկատմամբ սոցիալական տարածությունը աստիճանաբար նվազել է (2017-ին այն նվազել էր մինչև 0.354, այն դեպքում, երբ նույն 2017-ին եվրոպացիների նկատմամբ սոցիալական տարածությունը 0.371 էր)։ 2019 թ․-ին ռուսների նկատմամբ ընկալվող  տարածությունը մի փոքր աճեց (0.391)։ Մեծ հավանականությամբ, դա պայմանավորված է Վրաստանում 2019 թ. քաղաքական իրադարձություններով[7]։ 2019 թ․-ին «Ռուսական գործոնն» արդեն պակաս շեշտադրված էր և ընդգրկվել էր ավելի լայն՝ «Քրիստոնեական գործոնում»։ Այսինքն․

  • Վրացիների շրջանում եվրոպական և ռուսական Մեծ տարածքները մրցակցում են։

Վրացահայերը շատ մոտ են ընկալում ռուսներին (0.264), որոնց նկատմամբ տարածությունը արագորեն նվազում է, այսինքն՝

  • Վրացահայերը ձգտում են դեպի ռուսական Մեծ տարածք։

Վրաստանի ադրբեջանցիների շրջանում ռուսների նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունը (0.568) շատ մոտ է մեծ տարածությունների տիրույթին և ժամանակի ընթացքում չի փոխվում։

Ամերիկացիներ Վրացիներն ամերիկացիներին  ընկալում են ավելի հեռու (0.411), քան եվրոպացիներին և ռուսներին, և ժամանակի ընթացքում այդ տարածությունն աճում է։

Վրացահայերն ամերիկացիներին ընկալում են համարյա նույն տարածության վրա (0.452), ինչ եվրոպացիներին (0.465), ընդ որում վրացահայերի ընկալումներում և՛ ամերիկացիների, և՛ եվրոպացիների նկատմամբ տարածություններն աճում են։

Վրաստանի ադրբեջանցիներն ամերիկացիներին ընկալում են մեծ տարածությունների տիրույթում և ընկալվող տարածությունը ժամանակի ընթացքում աճում է։

Այսպիսով․

  • Վրաստանում ամերիկացիների նկատմամբ ընկալվող սոցիալական տարածություններն աճում են։

Իրանցիներ․ Իրանցիների նկատմամբ ընկալվող տարածությունները վրացիների (0.632) և հայերի (0.673) շրջանում գտնվում են մեծ տարածությունների տիրույթում, իսկ Վրաստանի ադրբեջանցիների շրջանում՝ մեծ տարածությունների տիրույթին շատ մոտ (0.583): Ընդ որում վրացիների և վրացահայերի շրջանում այդ տարածություններն աճում են, իսկ Վրաստանի ադրբեջանցիների շրջանում՝ արագ են աճում։

Աշխարհայացքային համալիրներ․ Էթնոսների նկատմամբ վրացիների, վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների շրջանում ընկալվող սոցիալական տարածությունները կազմավորող աշխարհայացքային համալիրների դիտարկումը վերահաստատում, խորացնում և ընդհանրացնում է վերոշարադրյալ եզրակացությունները։

  • Վրաստանում վրացիների, վրացահայերի և Վրաստանի ադրբեջանցիների ընկալումներում տարբեր էթնոսների նկատմամբ սոցիալական տարածությունները պայմանավորող հիմնական աշխարհայացքային համալիրը քաղաքակրթական պատկանելություն է։

Էթնոսների նկատմամբ վրացիների և վրացահայերի սոցիալական տարածությունները ձևավորող աշխարհայացքային համալիրները համարյա նույնական են։ Դրանց շարքում են համալիրները, որոնք ձևավորում են սոցիալական տարածությունները «Իսլամական» և «Ռուսական մեծ տարածքին» պատկանող էթնոսների նկատմամբ, ինչպես նաև «Էթնիկ ինքնության» աշխարհայացքային համալիրը, որը ձևավորում է սոցիալական տարածությունը իր իսկ էթնոսի նկատմամբ։ Հարկ է նշել, որ վրացիների դեպքում «Ռուսական մեծ տարածքի» գործոնն իր հիմքում ունի Ուղղափառ քրիստոնեության պատկանելությունը։ Բովանդակությամբ մոտ են նաև վրացիների և վրացահայերի չորրորդ աշխարհայացքային համալիրները, որոնք վրացիների շրջանում ձևավորում են սոցիալական տարածություններն արևմտյան, իսկ վրացահայերի շրջանում՝ քրիստոնյա էթնոսների նկատմամբ։

  • Էթնոսների նկատմամբ սոցիալական տարածությունները վրացիների և վրացահայերի աշխարհայացքում ունեն հիմնականում կրոնադավանական հիմք։

Էթնոսների նկատմամբ սոցիալական տարածությունները Վրաստանի ադրբեջանցիների շրջանում պայմանավորված են երեք աշխարհայացքային համալիրներով։ Դրանցից է «Օտար» էթնոսների նկատմամաբ սոցիալական տարածությունները ձևավորող համալիրը, որը պայմանավորում է սոցիալական տարածությունը «ոչ թուրք» էթնոսների նկատմամբ, անկախ նրանց կրոնադավանական պատկանելությունից։ Այդ էթնոսները, որպես կանոն, գտնվում են մեծ սոցիալական տարածությունների տիրույթում։

Երբ «օտար» էթնոսների հետ ֆիզիկական տարածությունը կրճատվում է, ապա Վրաստանի ադրբեջանցիների աշխարհայացքում «օտար» էթնոսների աշխարհայացքային համալիրը տեղակալվում է կամ փոխակերպվում «թշնամի» էթնոսները նույնականացնող աշխարհայացքային համալիրի։ «Թշնամի» էթնոսների շարքում են, վրացահայերը, հայերը, քրդերը/եզդիները, հրեաները։

Վրաստանի ադրբեջանցիների շրջանում էթնոսների նկատմամբ սոցիալական տարածությունները ձևավորող երրորդ գործոնը նման է վրացիների և վրացահայերի «էթնիկ ինքնության» աշխարհայացքային համալիրին։ Սակայն Վրաստանի ադրբեջանցիների շրջանում այդ համալիրը ձևավորում է նաև տարածությունը թուրքերի նկատմամբ, ըստ այդմ՝ վերածվելով «Թրքական մեծ տարածքի և էթնիկ ինքնության» գործոնի։ Այսինքն․

  • Վրաստանի ադրբեջանցիների աշխարհայացքում քաղաքակրթական մեծ տարածքը, որի մաս են նրանք՝ իրենց համարում, կազմավորված է էթնիկ հիմքի՝ թուրքականության, այլ ոչ թե կրոնական հիմքի՝ իսլամականության վրա։

Ամենաընդհանուր եզրակացությունն այն է, որ․

  • Վրաստանի հասարակությունում առկա են քաղաքակրթական խզումներ, որոնք Հարավային Կովկասով անցնող քաղաքակրթական խզումների ուղղակի արտապատկերումներն են Վրաստանում։

[1] Սոցիալական տարածությունների սահմանումը և հաշվարկը տես՝ Մանուկյան Ս․ Ա․ Սոցիալական տարածությունները Հայաստանում հոդվածում՝ «Սոցիալական տարածություններ» պարագրաֆը։

[2] https://www.crrc.am/barometer/

[3] Տես՝ Emory S. Bogardus: "Measuring Social Distances." Journal of Applied Sociology 9 (1925) : 299-308.

[4] «Կովկասյան Բարոմետրում» քրդերի և եզդիների նկատմամբ դիրքորոշումները գնահատվել են համատեղ։

[5] «Կովկասյան Բարոմետրի» տարբեր տարիների հետազոտություններում դիտարկվել են եվրոպական տարբեր էթնոսներ (տես՝ Աղյուսակ 1)։ Այդ պատճառով «եվրոպացիների» նկատմամբ սոցիալական հեռավորության միտումները կազմավորվել են միջինացնելով յուրաքանչյուր տարվա հետազոտությունում դիտարկված եվրոպական էթնոսների նկատմամբ սոցիալական տարածությունները։

[6] Քանի որ Ներկայումս ԱՄՆ-ն  համաշխարհային գերտերություն է, այդ պատճառով ամբողջ աշխարհում, պայմանականորեն, ամերիկացիներին կարելի է համարել «տարածաշրջանային հարևան»։

[7] 2019 թ. Հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցող Ուղղափառության միջխորհրդարանական 26-րդ ասամբլեայում, հյուրընկալող վրացական կողմի ներկայացուցիչը Ռուսաստանի պատվիրակության ղեկավարին, ով պետք է նախագահեր ասամբլեայում, հրավիրեց նստել Վրաստանի Խորհրդարանի նախագահի բազկաթոռին։ Ասամբլեայի նախագահողն իր խոսքը սկսեց ռուսերեն։ Ասամբլեային մասնակցող Վրաստանի «Ազգային միասնական շարժում» և «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այդ երկու փաստի առիթով ընդվզեցին և, նրանց ղեկավարությամբ, Թբիլիսիում սկսվեցին զանգվածային հակառուսական և հակակառավարական բողոքի ցույցեր: Ոստիկանության հետ ընդհարումներում տուժեց 240 անձ և մոտ 300-ը բերման ենթարկվեց։ Զանգվածային ցույցերով ուղեկցվող քաղաքական կոնֆլիկտը տևեց մինչև 2019 թ․ նոյեմբերը։ Իրադարձությունները նշանակալիորեն վատացրեցին ռուս-վրացական նուրբ հարաբերությունները։

Վրաստանում «Կովկասյան Բարոմետր 2019» հետազոտության հարցումներն իրականացվել են 2019 թ․ հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 4-ը։