Իրանի միջուկային թնջուկը Օբամայի պաշտոնավարման շրջանում
23 ր. | 2020-07-082 001-ի սեպտեմբերի ահաբեկչության հետևանքով Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ռազմավարության կոշտացումը նոր լարվածություն բերեց թե՛ Մերձավոր Արևելքում, և թե՛ միջազգային հարաբերություններում։ Այդ գործընթացները չէին կարող շրջանցել Վաշինգտոն-Թեհրան առանց այդ էլ լարված հարաբերությունները․ կողմերի միջև հակասությունների արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն մտան փակուղի։ 2003-ից Վաշինգտոնը ձգտում էր մեկուսացնել Թեհրանին, կիրառել բազմակողմանի տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ՝ պարբերաբար խոսելով Իրանի միջուկային հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին։
Որոշ փորձագիտական գնահատականներով, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային-դիվանագիտական փակուղին պայմանավորված էր նախևառաջ նախկին նախագահ Բուշի վարչակազմի մերձավորաևելյան քաղաքականությամբ։ Մի կողմից՝ Բուշի վարչակազմը, կարծես թե, համաձայնել էր Իրանին քաղաքական, տնտեսական որոշ ազատություն ընձեռել, մյուս կողմից՝ ստիպում էր Թեհրանին հրաժարվել միջուկային վառելիքի արտադրությունից։ Հասկանալի է, որ ԱՄՆ-ի համար, ինչպես և Իրանի, միջուկային հիմնահարցը անվտանգային հարց է, ուստի Վաշինգտոնի քաղաքականության նպատակը անվտանգային ոլորտում շահերի առավելագույն համախմբումն էր՝ միջուկային զենք ստեղծելու հարցում Թեհրանի հնարավորությունը սահմանափակելու և չեզոքացնելու նպատակով։ Սա իր հերթին խոսում էր այն մասին, որ Վաշինգտոնում չկար վստահություն Թեհրանի նկատմամբ[1]։
Պետք է նաև հասկանալ, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հայտնվել էին փակուղում ոչ միայն Վաշինգտոնի կոշտ քաղաքականության հետևանքով․ դրան զգալիորեն նպաստում էին Իրանում պահպանողական ուժերի իշխանության գալը։ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պարբերաբար հանդես էր գալիս Իրանի միջուկային ծրագրի հարցում կոշտ դիրքորոշմամբ, ինչն ավելի էր բարդացնում առանց այդ էլ փակուղում հայտնված բանակցային գործընթացը։ Սկզբնական փուլում Ահմադինեժադը ոչ միայն հրաժարվում էր ընդունել Իրանի նկատմամբ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերից բխող պարտավորությունները, այլև շրջանցում էր ուրանի հարստացման աշխատանքների դադարեցման միջազգային հանրության կոչերը[2]։
Իրանի միջուկային ծրագրի հարցում Օբամայի վարչակազմն ըստ էության վերաձևակերպեց նախորդ վարչակազմի քաղաքականությունը՝ առաջնային պլան մղելով կառուցողական երկխոսության հարթակի ձևավորման անհրաժեշտությունը։ Այդ մասին Օբաման հայտարարում էր դեռևս նախագահական ընտրապայքարում։ Հարցի ռազմավարական տեսանկյունից, Օբամայի վարչակազմը առաջնային չէր համարում Իրանում իշխանափոխությունը՝ տարանջատելով Իրանում իշխանափոխության հարցը միջուկային թեմայից[3]։ Թերևս սխալ չի լինի ասել, որ Օբամայի վարչակազմն առաջնորդվում էր «խելացի ուժի» ռազմավարությամբ[4]։
Թեհրանի համար միջուկային ծրագիրը բազմակողմանի է և ներառում է տեխնոլոգիական առաջընթացն ու տնտեսության զարգացումը։ 2003-ին նախկին նախագահ Մոհամադ Խաթամիի կառավարության 20-ամյա տնտեսական զարգացման ծրագրի համաձայն, մինչ 2024-ը Իրանն ավարտելու է շուրջ 15-20 ատոմային էլեկտրակայանների կառուցումը՝ էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունը հասցնելով 20 հազ․ ՄՎտ-ի։ Իրանում մեծ ակնկալիքներ կան ուրանի հարստացման տեխնոլոգիայի զարգացման և արտադրական հզորության ավելացման առումով[5]։ 2005-ի սեպտեմբերին նախագահ Ահմադինեժադը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում իր ելույթում նշում էր․ «Առանց միջուկային վառելիքի․․․ ատոմային էլեկտրակայանները իրապես կհայտնվեն պետություններից ու ժողովուրդներից ամբողջությամբ կախյալ վիճակում»[6]։
Օբամայի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականությունում փոփոխություններ իրականացնելու պատրաստակամությունը, Իրանի հարցում Բուշի քաղաքականության քննադատությունն ընդհանուր առմամբ դրական էին ընկալվում Իրանի ղեկավարության և հանրության շրջանում։ Թեև, նկատենք, որ նախագահական ընտրություններին Օբամայի հաղթանակը միանշանակ չընդունվեց Իրանի քաղաքական դաշտում. նրա հաղթարշավը ողջունում էր բարեփոխիչների թևը, որոնք ԱՄՆ-Իրան հարաբերություններում ակնկալում էին դրական տեղաշարժեր։ Դրական սպասելիքներ կային նաև չափավոր պահպանողականների շրջանում, որոնք կողմ էին Արևմուտքի հետ կառուցողական բանակցություններին։ Այլ էին պատկերացումները արմատական պահպանողականների ճամբարում, որոնք ունեին ամենամեծ քաղաքական իշխանությունը երկրում, ինչպես նաև հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի որոշ դաշնակիցների շրջանում[7]։
Առաջին երկու խմբերը կարծում էին, որ նախագահական ընտրությունները հնարավորություն են տալիս փոխելու Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը և առաջին հերթին դրական արդյունք արձանագրելու Վաշինգտոն-Թեհրան հարաբերություններում։ Հենց այդ տրամաբանության շարունակությունն էր նախկին նախագահ Ահմադինեժադի՝ Օբամային հասցեագրված շնորհավորական նամակը, որտեղ կոչ էր անում փոփոխություններ բերել Բուշի վարչակազմի քաղաքականությունում[8],[9]։
Իրանի նախկին առաջին փոխնախագահ Էսֆանդիար Ռահիմ Մաշայի (Esfandier Rahim Mashaei/2009-ի հուլիսի 17-հուլիսի 25) կարծիքով, «Օբամայի առջև երկու տարբերակ կա․ կամ նա դրական արդյունքներ պետք է արձանագրի խոստացված փոփոխությունների առումով, կամ նախորդ վարչակազմերի քաղաքականությունը շարունակելու դեպքում ստանալու է բացասական արդյունքներ»[10]։
Արմատական թևը և ավանդական պահպանողականների մի մասը բացասաբար էր տրամադրված Օբամայի և նրա խոստացած փոփոխությունների նկատմամբ։ Խամենեիին մոտ կանգնած արմատական այդ շրջանակները սուր քննադատության արժանացրին Ահմադինեժադին՝ Օբամային հասցեագրված շնորհավորական նամակի համար։ Ըստ նրանց, էական չէ՝ իշխանության են եկել հանրապետականները, թե դեմոկրատները․ քանի դեռ ԱՄՆ որոշումների ընդունման ետևում հրեական լոբբիստներն են կանգնած, որևէ փոփոխություն չպետք է սպասել, այդ թվում՝ Օբամայի վարչակազմից[11]։
Ըստ Իրանի հոգևոր առաջնորդի ռազմական հարցերով խորհրդական և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Յահյա (Ռահիմ) Սավաֆիի (Yahya/Rahim Savafi), Օբամայի կառավարման շրջանում մերձավորարևելյան քաղաքականությունում էական տեղաշարժեր չեն լինելու։ Սավաֆին հավատացած էր, որ եթե Օբամայի վարչակազմը նույնիսկ սահմանափակի Իրաքում ռազմական ներկայությունը կամ զորքերի մի մասը տեղափոխի Աֆղանստան, այնուհանդերձ, ամերիկյան ռազմաբազաները դեռ երկար կմնան այնտեղ[12]։
Սկզբունքային էր, թե Օբամայի վարչակազմը Իրանի ներիշխանական որ ուժերի հետ է բանակցելու․ Ահմադինեժադի հետ երկխոսությունը նախընտրելի էր, սակայն, թերևս, ոչ միակը։ Նախ՝ Վաշինգտոնին անհրաժեշտ էր երկխոսել այն շրջանակի հետ, որը վերահսկում էր Իրանի ռազմական և արտաքին քաղաքական ոլորտները․ օրակարգային կարող էր լինել, օրինակ, հոգևոր առաջնորդ Խամենեիի, ԻՀՊԿ-ի առավել չափավոր ճամբարի հետ երկխոսությունը։ Այդ տրամաբանությամբ կարելի է քննարկել 2009-ի մարտի 20-ի Նովրուզի առիթով Օբամայի շնորհավորական ուղերձը․ ԱՄՆ նախկին նախագահն իր խոսքն ուղղեց ոչ միայն Իրանի ժողովրդին, այլև՝ երկրի առաջնորդներին։ Ըստ որոշ փորձագետների՝ ուղերձում օգտագործելով «Իսլամական Հանրապետություն» եզրը, Օբամայի վարչակազմը կարծեե թե ի ցույց էր դնում երկրի հոգևոր իշխանության հետ բանակցելու իր պատրաստակամությունը[13]։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ անհամաձայնությունը կարող էր Միացյալ Նահանգների մերձավորարևելյան քաղաքականությունը դարձնել ավելի պասիվ։ ԱՄՆ նախկին պաշտոնյաներ, գիտահետազոտական շրջանակի ներկայացուցիչներ, որոնք որոշակի ազդեցություն ունեին ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղղությամբ, նշում էին, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է Թեհրանի հետ կառուցողական երկխոսություն ծավալել միջուկային հիմնահարցի շուրջ․ խոսակցություն կար ուրանի հարստացման հարցում Իրանի իրավունքի քննարկման անհրաժեշտության մասին[14]։ Արդյունքում, Իրանի հարցում կոշտ դիրքորոշումը սահմանափակել էր Բուշի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության ռազմավարության հնարավորությունը․ դա թույլ էր տալիս ենթադրել, որ Իրանը կիրառական որոշ քայլեր արդեն իսկ իրականացնում էր ուրանի հարստացման ուղղությամբ[15]։ Ուստի, ըստ այդ մոտեցման, Օբամայի վարչակազմը հարկադրված էր փոխելու Բուշի քաղաքականությունը, որը հրաժարվում էր ընդունելու խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման Թեհրանի իրավունքը։
Որոշ փորձագետներ հակադիր կարծիքն էին պաշտպանում, ըստ որի նման քաղաքականությունը խոսում էր միակողմանի զիջումների գնալու Վաշինգտոնի պատրաստակամության մասին[16]։ Ըստ New York Times-ի սյունակագիր Ռոջեր Քոհենի (Roger Cohen), Օբամայի վարչակազմին անհրաժեշտ էր հասնել վստահության այնպիսի մակարդակի, որը կբացառեր Իրանի միջուկային վառելիքի արտադրությունը միջուկային զենքի ստեղծման նպատակով օգտագործելու հնարավորությունը[17]։ Հնչում էին նաև այլ գնահատականներ, որոնք հիմնվում էին Օբամայի որոշ հայտարարությունների, ամերիկյան վերլուծական առաջատար կենտրոնների վերլուծությունների վրա․ ըստ այդ մոտեցման, Օբամայի վարչակազմը մտադիր չէր արմատապես փոխելու նախորդ կառավարության ռազմավարությունը, և խոսքը ռազմավարական որոշ ճշգրտումների մասին էր։
Ըստ Օբամայի, քաղաքական, տնտեսական և ռազմական ուժի վրա հիմնված կոշտ քաղաքականությունը կարող էր արդյունավետ օգտագործվել այնպիսի հակառակորդների դեմ, ինչպիսիք են Իրանն ու Սիրիան։ Ըստ այդմ, մեծ կարևորություն էր տրվում ամերիկյան տնտեսական պատժամիջոցներին, ինչը կարող էր դրական անդրադառնալ երկխոսության հարթակի ձևավորման համար[18]։ Տնտեսական ճնշումներ նախատեսվում էին նաև Թեհրանի առևտրային հիմնական գործընկերների նկատմամբ․ սա էր, թերևս, Օբամայի վարչակազմի «մտրակի ու բլիթի» քաղաքականության փիլիսոփայությունը։
Փորձագետների զգալի մասը համակարծիք էր, որ մեծ իմաստով, Իրանի դիվանագիտական մեկուսացումը շարունակելու էր մնալ Օբամայի վարչակազմի հիմնական քաղաքականությունը։ Օբաման խոստացել էր, որ վերակառուցելու է անհրաժեշտ դաշինքները, գործընկերությունը և համապատասխան մեխանիզմները՝ համընդհանուր սպառնալիքների չեզոքացման ու անվտանգության ամրապնդման նպատակով[19]։
Օբամայի նախագահության սկզբում գնահատականներ էին հնչում, որ միջազգային մակարդակում Միացյալ Նահանգները շարունակելու է ամրապնդել հարաբերությունները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ ավանդական դաշնակիցների հետ՝ միաժամանակ փորձելով ստանալ նաև Ռուսաստանի, Չինաստանի և այլ պետությունների աջակցությունը։ Բուշի վարչակազմի հետ համեմատ, Օբաման կարող էր թերևս առավել մեծ ուշադրություն դարձնել դաշնակիցների ու այլ ուժերի կարծիքներին[20]։ 2009-ի փետրվարին Օբաման անձնական նամակ գրեց ՌԴ նախագահին՝ առաջարկով, որ եթե Կրեմլն աջակցի Վաշինգտոնին կանխելու Իրանի միջուկային հեռահար սպառազինության արտադրության ծրագիրը, ապա Սպիտակ Տունը կհրաժարվի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում հակահրթիռային համակարգերի տեղակայման մտադրությունից[21]։
Տարածաշրջանային մակարդակով, Օբամայի վարչակազմը համախմբում էր համագործակցությունը Եգիպտոսի, Պարսից ծոցի երկրների, Հորդանանի և ավանդաբար ամերիկյան կողմնորոշում ունեցող այլ պետությունների հետ։ Այնուամենայնիվ, Պարսից ծոցի արաբական երկրները մտահոգություն ունեին, որ Օբաման փոխում է խաղի կանոնները տարածաշրջանում՝ թուլացնելով այդ երկրների ներգրավվածությունը։ Դա ավելի ամրապնդեց Ծոցի երկրների առաջնորդների այն մոտեցումը, որ անհրաժեշտ է Իսրայելի հետ երկխոսություն սկսել։ ԱՄԷ-ն, իսկ հետո նաև Սաուդյան Արաբիան եկան այն համոզման, որ 2011-ի արաբական ապստամբությունների ընթացքում Օբամայի վարչակազմը դեմ չէ ԱՄՆ տարածաշրջանային ավանդական դաշնակիցներին փոխարինել նոր վարչակարգերով, անգամ եթե նրանք աջակցում էին Մուսուլման եղբայրների գաղափարախոսությանը։ Այլ կերպ ասած՝ եթե նախկինում Ծոցի երկրները զգալի ռեսուրս էին ծախսում ԱՄՆ աջակցությամբ կանխելու Իրանի իսլամական հեղափոխության տարածումը, ապա 2011-ին այդ երկրները ստիպված էին հակազդել սուննի մուսուլմանական հեղափոխություններին արդեն միայնակ՝ համարելով դրանք իրենց պետությունների համար ավելի մեծ սպառնալիք, քան շիական Իրանն էր[22]։ Երկրորդ՝ Ծոցի երկրների առաջնորդները գտնում էին, որ Օբամայի վարչակազմը գաղտնի բանակցություններ է վարում Իրանի հետ՝ միջուկային ծրագրի շուրջ՝ առանց իրենց տեղեկացնելու։ Երրորդ՝ Ծոցի երկրները հավատացած էին, որ Վաշինգտոնը սահմանափակելու է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում, հատկապես, երբ նվազի կախվածությունը Ծոցի երկրների նավթից․ այն համոզմունքը կար, որ Վաշինգտոնը ծրագրում էր Ծոցի տարածաշրջանի համար մի նոր անվտանգային համակարգ, որտեղ ներառվելու էր Իրանը[23]։
Ըստ որոշ աղբյուրների, 2009-ի մարտի 2-ին ԱՄԷ արտգործնախարար Աբդուլահ բին Զայեդ ալ Նահյանը (Abdullah bin Zayed al-Nahyan) ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը մտահոգություն էր հայտնել, որ Սպիտակ տունը կարող է Թեհրանի հետ ձեռք բերել համաձայնություն՝ առանց Ծոցի երկրների հետ նախապես բանակցելու։ Հ․ Քլինթոնի արձագանքը չուշացավ․ «Մենք խորհրդակցելու ենք տարածաշրջանային առաջնորդների հետ և լսելու ենք նրանց տեսակետը․․․։ Վստահ եղեք, դուք տեղեկացված եք լինելու մեր ռազմավարությանը և մենք անցկացնելու ենք համատեղ խորհրդակցություններ»[24]։
Ինչպես նկատում են մի շարք փորձագետներ, չնայած Օբամայի պրագմատիկ քաղաքականությունը որոշակի հաջողություն արձանագրեց Իրանի հետ բանակցություններում, այդուհանդերձ, միջնորդավորված հակամարտությունները, անհամատեղելի շահերը բավականին բարդացնում են ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարճ ժամանակում վերականգնելու հնարավորությունը։
Ի րանի մեկուսացման վաշինգտոնյան քաղաքականության ռազմավարության համար սկզբունքային էր սիրիական գործոնը․ Սպիտակ Տունը մտադիր էր բարելավել հարաբերությունները Դամասկոսի հետ։ Ըստ Օբամայի՝ Վաշինգտոնի դիվանագիտական ճնշումների ներքո Դամասկոսի արմատական դիրքորոշումը կփափկեր՝ նպաստելով Իրանի մեկուսացման վաշինգտոնյան քաղաքականությանը[25]։ Թերևս դրանով էին պայմանավորված 2000-ականների վերջին ԱՄՆ նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի այցելությունները Սիրիա․ 2008-ի ապրիլին ԱՄՆ նախկին նախագահ Քարթերը մեծ նշանակություն էր տալիս Սիրիային՝ մերձավորարևելյան երկրներ իր այցելությունում։ 2009-ի փետրվարին Սիրիայում էր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին։ 2009-ի հունիս-հուլիս ամիսներին ԱՄՆ մերձավորարևելյան հարցերով հատուկ բանագնաց Ջորջ Մտիչելը (George Mitchell) Սիրիա այցելեց երկու անգամ։ Իսկ 2009-ի հուլիսի վերջին Օբամայի վարչակազմը վերացրեց Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը[26]։
Այս դիվանագիտական ուղերձներն ու ջանքերը միտված էին խափանելու Սիրիա-Իրան համագործակցությունը և նվազեցնելու Թեհրանից Սիրիայի ռազմաքաղաքական կախվածությունը։ Սիրիայի հարցում Վաշինգտոնի կառուցողական երկխոսությանն ուղղված քայլերը ամենևին չէին ենթադրում նմանատիպ նախաձեռնություններ Իրանի հետ։ Իրանի հարցում Օբամայի վարած կառուցողական, բայց և կոշտ ու զգուշավոր քաղաքականությունը չէր կարող համակերպվել միջուկային զենքի տեխնոլոգիաների զարգացման հնարավորության իրողության հետ։ Ըստ այդմ, Օբամայի վարչակազմի քաղաքականությունում, որպես հոռետեսական սցենար, շարունակում էր դիտարկվել Իրանի միջուկային հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորությունը[27]։
Շեշտը դնելով Իրանի մեկուսացման, պատժամիջոցների ու կոշտ, սակայն ճկուն քաղաքականության վրա, Օբամայի վարչակազմը, ըստ փորձագետների գնահատականների, մեծ հաշվով ջարդում էր ԱՄՆ նախագահների նախորդ վարչակազմերի՝ Իրանի հետ ուղիղ երկխոսելուց հրաժարվելու կարծրատիպերը։ Խնդիրն այն էր, որ Իրանի հետ ուղիղ կապի հաստատումը ոչ միայն առնչվում էր միջուկային հիմնահարցին, այլև ուներ շատ ավելի լայն ու խորքային մերձավորարևելյան ու միջազգային նշանակություն. Թեհրանի հետ երկխոսությամբ Վաշինգտոնը կարող էր բարձրացնել ամերիկյան քաղաքականության արդյունավետությունն Իրաքում, Աֆղանստանում և այլն[28]։
ԱՄՆ նախկին դիվանագետ Ռիչարդ Հասը (Richard Hass) գտնում էր, որ Բուշի վարչակազմին անհրաժեշտ է երկխոսել հակառակորդների հետ։ Հ․ Քիսինջերը քննադատում էր Բուշի վարչակազմին Իրանի հարցում չափազանց զգուշավոր մոտեցման համար։ Ըստ նրա՝ Իրանի հետ երկխոսության համար ԱՄՆ կառավարությունը պետք է համարձակ գործի[29]։ Օբաման, իր հերթին, նշում էր․ «Միացյալ Նահանգները չի կարող հրաժարվել ռազմական ուժի կիրառումից, սակայն միևնույն ժամանակ չի հրաժարվում նաև Իրանի հետ ուղիղ շփումից»[30]։
Որոշ փորձագիտական գնահատականներով, Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում էր երկմտել, որ այնուհանդերձ, Վաշինգտոնի նպատակը Իրանում հեղաշրջում կազմակերպելն է կամ առնվազն միջազգային մակարդակով Իրանի մեկուսացումը։ Եվ դա էր պատճառներից մեկը, որ Իրանի քաղաքականությունն անզիջում էր։ Բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերելու անհրաժեշտություն կար, որտեղ օրակարգային էր Սպիտակ Տան ու միջազգային հանրության նախաձեռնողականությունը, ինչը թույլ կտար վերականգնել փոխվստահությունը և կհավաստիացներ Թեհրանին, որ խնդիրը միջուկայինէ , այլ ոչ թե՝ իշխանության[31]։
Գալով իշխանության, Օբաման նշում էր, որ առանց նախապայմանի պատրաստ է երկխոսել Իրանի հետ, ինչին դեմ էին ԱՄՆ նեոպահպանողականները, որոնք համոզված էին, որ ավանդական սկզբունքներից հրաժարվելը թուլացնելու է ԱՄՆ դիրքերը։ Քարնեգի հաստատությունում հրապարակված Քարիմ Սաջադփուրի (Karim Sadjadpour) «Խամենեի ընթերցելով» գրքում (Reading Khamenei) ասվում էր․ «Խամենեին պետք է հավաստիանար, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ճանաչել և հարգել Իրանի Իսլամական Հանրապետության լեգիտիմությունը, հավաստիանալ, որ ԱՄՆ քաղաքականությունը մտադիր է փոխել բանակցությունների տրամաբանությունը, այլ ոչ թե՝ Իրանի վարչակարգը»[32]։
Դ իվանագիտական երկխոսության ձևավորման հարցում Վաշինգտոնը սկզբունքային էր համարում միջուկային ծրագրի միջազգային, բազմակողմանի բանակցային մեխանիզմի կիրառումը։ Դա թույլ կտար հակամարտող կողմերին և հատկապես՝ Թեհրանին բանակցություններում լինել առավել անկաշկանդ ու կառուցողական, կթուլացներ լարվածությունը։ Հիշեցնենք, որ մինչ 5+1 երկրների բանակցային ձևաչափը, միջուկային հիմնահարցում գործում էր ԵՄ3-ը՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ։ Առավել ընդլայնված մեխանիզմի անհրաժեշտությունը, որտեղ ընդգրկվելու էին Ռուսաստանն ու Չինաստանը, նույնպես կարևոր է Թեհրանի վստահությունը շահելու համար։ Թեհրանի տեսանկյունից, միջազգային բանակցային այս ձևաչափը, որին մասնակցում էր Վաշինգտոնը, կարևոր էր Իրանի միջազգային կշռի բարձրացման, մեկուսացման քաղաքականության չեզոքացման և Վաշինգտոն-Թեհրան կառուցողական երկխոսության ձևավորման համար։
Ըստ Քարիմ Սաջադփուրի, «Խամենեիի համար միջուկային ծրագիրը մարմնավորում է հեղափոխության հիմնասյուները՝ պայքար հանուն անկախության ու արտաքին ուժերի անարդարության դեմ, ինքնաբավության ձեռքբերում, գիտության նկատմամբ իսլամի հարգանքը։ Նա համոզված է, որ Միացյալ Նահանգները ընդդիմանում է Իրանի միջուկային նկրտումներին ոչ թե միջուկային զենքի տարածման սպառնալիքի պատճառով, այլ որ Իրանը կունենա քաղաքական ու տնտեսական անկախություն ու լծակներ»[33]։
Այդ առիթով Խամենեին նշում էր․ «Նրանք ընդդիմանում են Իրանի ժողովրդի առաջընթացին ու զարգացմանը։ Նրանք չեն ցանկանում, որպեսզի Մերձավոր Արևելքի իսլամական, անկախ պետությունը հասնի գիտական առաջընթացի և ունենա ժամանակակից տեխնոլոգիաներ։ Նրանց անհանգստացնում է այն ամենը, ինչը կարող է տարածաշրջանի ժողովուրդներին տալ անկախություն, ինքնավստահություն և ինքնաբավություն։ Նրանք ցանկանում են, որպեսզի Իրանի էներգետիկան մշտապես կախված լինի նավթից, քանզի նավթը խոցելի է համաշխարհային քաղաքականությունում։ Նրանց նպատակն է անտեսանելի թելերով վերահսկել այլ ժողովուրդներին»[34]։
Որոշ փորձագիտական գնահատականով, քանի դեռ Իրանի հոգևոր և ռազմաքաղաքական ղեկավարությունը ներկայացնում են հեղափոխության հետևորդները, Վաշինգտոնի և Թեհրանի շահերն անհամատեղելի են։ Դա բացասաբար է անդրադառնում երկկողմ բանակցությունների վրա այնպիսի սկզբունքային հարցերում, ինչպիսին առաջին հերթին միջուկային ծրագիրն է։ Ըստ այդ գնահատականների, Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի անվտանգային շահերը կենտրոնանում են նավթագազային ռեսուրսների վերահսկման, ահաբեկչության սպառնալիքի չեզոքացման, միջուկային զենքի չտարածման և Իսրայելի անվտանգության ապահովման շուրջ․ այդ նպատակներից յուրաքանչյուրում Իրանը կարծեք թե շրջանցվում է։ Իրանի հիմնական շահերն են վարչակարգի պահպանումն ու տարածաշրջանային հեգեմոնիան․ այդ նկրտումներում ԱՄՆ-ն ու Իսրայելն ամենախոշոր սպառնալիքն են[35]։
Վաշինգտոն-Թեհրան երկխոսությանը զգալիորեն խոչընդոտում էր իսրայելական գործոնը և Իսրայելի հարցում Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականությունը։ Գալով իշխանության՝ Օբաման 2009-ին քանիցս հայտարարեց իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում իր դիրքորոշման մասին, այն է՝ անհրաժեշտ էր դադարեցնել տարածքների բռնազավթման ու վերաբնակեցման քաղաքականությունը․ Օբամայի վարչակազմը դիտարկում էր երկու անկախ՝ Պաղեստինի ու Իսրայելի պետության գոյության իրավունքը[36]։ Այդուհանդերձ, Օբամայի վարչակազմը որևէ լուրջ քաղաքական, տնտեսական կամ իրավական միջոցներ այդպես էլ չձեռնարկեց կանխելու Իսրայելի գործողությունները, ինչը մտահոգում էր Թեհրանին[37]։
2 008-ի հուլիսին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բըրնսը (William Burns) մասնակցում էր վեցնյակ+Թեհրան բանակցություններին, սակայն այդպես էլ ուղիղ շփումներ չունեցավ Իրանի ներկայացուցիչների հետ։
2009-ի հոկտեմբերի 1-ին Ժնևում Բըրնսը հանդիպեց Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաեդ Ջալիլիի (Saeed Jalili) հետ, ով նաև Իրանի միջուկային հարցերով հիմնական բանակցողն էր[38]։ Կողմերը Թեհրանի և վեցնյակի (ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) միջև բանակցությունները արդյունավետ գնահատեցին և համաձայնեցին շարունակել շփումները։ Ըստ աղբյուրի, թեև Բըրնսը բազմակողմանի ձևաչափով մասնակցել էր Իրանի պաշտոնյաների հետ հանդիպմանը դեռ 2008-ի հուլիսին, այդուհանդերձ, 2009-ի հոկտեմբերի 1-ը կողմերի միջև առաջին ավագ պաշտոնյաների բարձր մակարդակի ուղիղ հանդիպումն էր 1979-ի Իրանի հեղափոխությունից հետո[39]։
2009-ի սեպտեմբերի 2-ին Ֆրանկֆուրտում անցկացվեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գիտաժողով, որին մասնակցում էր վեցնյակը։ Գիտաժողովի կազմակերպման նպատակն Իրանի միջուկային ծրագրի շուրջ կողմերի դիրքորոշումների համաձայնեցումն էր։ Ավելի ուշ՝ 2009-ի սեպտեմբերի 9-ին, Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքին հանդիպեց Թեհրանում վեցնյակի պատվիրակների հետ՝ վերջիններիս ներկայացնելով միջազգային հիմնահարցերի շուրջ իրանական կողմի առաջարկությունների փաթեթը։
Օբաման անդրադարձավ 2009-ի հոկտեմբերի 1-ին կայացած հանդիպմանը․ «Այսօր Ժնևում ԱՄՆ-ն, ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ-երկրների՝ ՌԴ-ի, ՉԺՀ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի, ինչպես և Գերմանիայի հետ տեղի ունեցան բանակցություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս հանդիպումը տեղի ունեցավ մի քանի ամիս տևած դիվանագիտական ջանքերի արդյունքում։ Ստանձնելով նախագահի պաշտոնը՝ հստակ հայտարարեցի, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է միանալ 5+1 ձևաչափին՝ որպես Իրանի հետ բանակցությունների լիակատար մասնակից։ ԱՄՆ-ն ձեռնարկում է բազմակողմանի ջանքեր՝ ամրապնդելու Միջուկային զենքը չտարածելու պայմանագիրը, որպեսզի բոլոր ժողովուրդները ունենան խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման իրավունք՝ իրենց միջազգային պարտավորություներն իրագործելու պայմանով։ ․․․Ժնևում Իրանի կառավարությունը միջազգային հանրությունից ստացավ հստակ և միասնական ուղերձ․ Իրանը պետք է ցուցադրի, որ իրականացնելու է միջուկային ծրագրի հետ կապված պարտավորությունները։ Այդ առումով այսօրվա հանդիպումը կառուցողական էր, սակայն դրան պետք է հետևի Իրանի կառավարության կառուցողական գործողությունը։ Սույն ամսվա սկզբում, մենք հստակ ապացույցներ ներկայացրեցինք, որ Իրանը Կում քաղաքում կառուցում է գաղտնի միջուկային օբյեկտ։ Քանի որ Իրանն արդեն համաձայնել է լիարժեք և անհապաղ համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, ուստի պետք է երկու շաբաթվա ընթացքում մուտքի թույտվություն տա ԱԷՄԳ-ի տեսուչներին։ Եվ երկրորդ՝ Իրանը պետք է հստակ քայլեր անի վստահեցնելու, որ իր միջուկային ծրագիրը ծառայելու է խաղաղ նպատակների՝ ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բազմաթիվ բանաձևերով Իրանի ստանձնած պարտավորությունների համատեքստում։ Եթե Իրանը մոտ ապագայում քայլեր չձեռնարկի իրագործելու իր պարտավորությունները, ապա ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կդադարեցնի բանակցությունները, և մենք պատրաստ ենք շարժվել ուժեղացված ճնշումների ճանապարհով։ Այս պարտականությունների կատարման պատասխանատվությունը կրում է Իրանի կառավարությունը»[40]։
2009-ի առաջին կիսամյակում Օբաման Իրանի հարցում ԱՄՆ քաղաքականությունում իրականացրեց միայն որոշ նշանակալի փոփոխություններ[41], որոնց զգալի մասը վերաբերում էր հռետորաբանությանը, ինչը թերևս նույնպես կարևոր է միջազգային հարաբերություններում։ Բուշի հնչեցրած «չարի առանցքից» (axis of evil) հրաժարվելը դրական հեռանկար էր խոստանում երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար[42]։ Մեծ հաշվով, Օբամայի գործողությունները դրական էին ընդունվում Թեհրանում։ Չնայած հոգևոր առաջնորդ Խամենեին շարունակում էր հակաիսրայելական հռետորաբանությունը՝ Օբամայի վարչակազմը չէր դադարում կառուցողական ջանքեր գործադրել Թեհրանի հետ հարաբերություններում։
2009-ի մարտի 20-ին Նովրուզի առիթով Օբաման Իրանին հասցեագրեց իր շնորհավորական տեսաուղերձը, որտեղ բարձր էր գնահատում իրանական մշակույթը, մեջբերեց պարսիկ բանաստեղծից[43]․ «Դիմում եմ Իրանի իսլամական հեղափոխության ժողովրդին ու առաջնորդներին։ Նովրուզը ձեր մեծ և նշանավոր մշակույթի մի մասն է։ Դարեր շարունակ ձեր արվեստը, երաժշտությունը, գրականությունը և նորարարությունը աշխարհը դարձրել են է՛լ ավելի լավը և գեղեցիկ։ Մենք գիտենք, որ դուք մեծ քաղաքակրթություն ունեք, և ձեր ձեռքբերումները արժանացել են Միացյալ Նահանգների և ողջ աշխարհի հարգանքին։ ․․․ Մենք լուրջ հակասություններ ենք ունեցել, որոնք դրսևորվել են ժամանակ առ ժամանակ։ Իմ վարչակազմն այժմ դիտարկում է մեր առջև կանգնած բոլոր հարցերը, աջակցում Միացյալ Նահանգների, Իրանի և միջազգային հանրության միջև կառուցողական շփումներին»[44]։
2009-ի դեկտեմբերին Չինաստանի արտգործնախախար Յան Ցզեչիի (Yang Jiechi) հետ հանդիպմանը Բըրնսը նշում էր, որ «վերջին 30 տարում Իրանին բանակցություններին ներգրավելու հարցում ԱՄՆ որևէ նախագահ այսչափ ջանք չի գործադրել, որքան նախագահ Օբաման։ Միացյալ Նահանգները հիասթափված էր, որ Իրանը ետքայլ է կատարել Ժնևում ձեռքբերված միջուկային վառելիքի փոխանակման համաձայնագրից»[45]։ Խոսքը թերևս վերաբերում է 2010-ի մայիսին Իրանի հետ Բրազիլիայի և Թուրքիայի հետ պայմանավորվածությանը, ըստ որի Իրանը հրաժարվում էր ուրանի հարստացումից, որը հետագա վերամշակման համար տեղափոխվելու էր Թուրքիա՝ պատրաստի վառելիքը Իրան մատակարարելու դիմաց։ Այս համաձայնությամբ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները պետք է չեղարկվեին, սակայն հետագայում Թեհրանը հայտարարեց, որ շարունակելու է ուրանի 20% հարստացումը[46]։ Բանակցությունները վերականգնվեցին միայն 2013-ից։ Այդ շրջանում Օմանի իշխանությունները կարևոր միջնորդական առաքելություն էին ստանձնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև, և ուղերձներ էին հղում Վաշինգտոն, որ Թեհրանը պատրաստ է բանակցել[47]։ 2013-ի մարտին Օմանում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը և Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանը (Jake Sullivan) հանդիպեցին Իրանի եվրոպական և ամերիկյան հարցերով փոխարտգործնախարար Ալի Ասգար Խաջին (Ali Ashgar Khaji)[48]։ Հետագայում ամերիկյան և իրանական աղբյուրները նշում էին, որ այս բանակցություններն առավել անմիջական էին, քան 5+1 ձևաչափինը[49]։
2013-ի օգոստոսին Հասան Ռոհանիի՝ Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Վաշինգտոնն ու Թեհրանը առնվազն 5 անգամ բանակցեցին (Օման, Նյու Յորք, Ժնև), որին մասնակցում էր Բըրնսը և Խաջիին փոխարինած Մաջիդ Ռավանչին։ Վերջինիս երբեմն միանում էր իրավական ու միջազգային հարցերով փոխարտգործնախարար Աբաս Արագչին, որոնք ընդգրկված էին արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի գլխավորած միջուկային բանակցային խմբում[50]։
Բըրնսի և Ռավանչիի հանդիպումները հող նախապատրաստեցին Օբամա-Ռոհանի պատմական հեռախոսազրույցի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և արտգործնախարար Զարիֆի հանդիպման համար՝ ՄԱԿ-ի հովանու ներքո[51]։ Կողմերը ևս մի քանի բանակցություններ ունեցան՝ մինչ 2013-ի նոյեմբերին Ժնևում Իրանի ու վեցնյակի միջև Գործողությունների համատեղ ծրագրի ստորագրումը։ Գործողությունների համատեղ ծրագիրն (ԳՀԾ) ուներ 2 փուլ։ Առաջին փուլում կողմերը պետք է կառուցողական բանակցային միջավայրի ապահովեին, որի 6 ամիսների ընթացքում Իրանը պարտավորվում էր չգերազանցել ուրանի հարստացման 5% շեմը։ ԵՄ+3 բանակցային ձևաչափը նախատեսում էր դադարեցնել Իրանի հում նավթի վաճառքի հետագա սահմանափակումը, դադարեցվում էին Իրանի նավթաքիմիական ապրանքների արտահանման, ոսկու և թանկարժեք մետաղների, Իրանի ավտոարդյունաբերության ոլորտի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները[52]։
ԳՀԾ-ի երկրորդ փուլով նախատեսվում էր 1 տարում ավարտել բանակցությունները։ Ըստ էության, սա միջանկյալ, անցումային համաձայնություն էր, որի վերջնական արդյունքը լինելու էր համապարփակ պայմանագրի ստորագրումը։ 2013-ի օգոստոսին, երդմնակալությունից օրեր անց, առավել չափավոր քաղաքական հայացքներով Հասան Ռոհանին հայտարարեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ բանակցությունների վերականգնումը[53]։ 2013-ի սեպտեմբերին Օբամայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Օբամա-Ռոհանի պատմական հեռախոսազրույցը, որը ԱՄՆ և Իրանի առաջնորդների առաջին շփումն էր 1979-ից ի վեր[54]։ Հեռախոսազրույցը, ինչպես նաև դրան նախորդած Քերի-Զարիֆ հանդիպումը վկայում էին, որ շրջանակային համապարփակ համաձայնագրի ստորագումը բավականին իրատեսական էր։
Հեռախոսազրույցի վերաբերյալ Օբաման պարզաբանեց, որ Ռոհանիի հետ քննարկումը ցույց տվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ հիմնախնդրի «լուծման հիմքը»[55]։ Ռոհանին թվիթերյան էջում մեկնաբանեց Օբամայի հետ զրույցը․ «հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Ռոհանին և նախագահ Օբաման իրենց փոխադարձ քաղաքական կամքն արտահայտեցին միջուկային հիմնահարցն արագ կարգավորման հարցում»[56]։
In phone convo, President #Rouhani and President @BarackObama expressed their mutual political #will to rapidly solve the #nuclear issue.
— Hassan Rouhani (@HassanRouhani) September 27, 2013
Աղբյուրը՝ https://twitter.com/HassanRouhani
2013-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի հովանու ներքո Նյու Յորքում կայացավ Քերի-Զարիֆ հանդիպումը՝ վեցնյակ+1 բանակցային ձևաչափով[57], և պետքարտուղար Քերիի առաջարկությամբ հանդիպմանը հաջորդեց Քերի-Զարիֆ 20-30 րոպե տևողությամբ առանձնազրույցը։ Ընդհանուր առմամբ, կողմերը դրական գնահատեցին հանդիպումը՝ համապարփակ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ հետագա բանակցություններում առավել առարկայական քայլեր անելու ակնկալիքով։ Ըստ արտգործնախարար Զարիֆի․ «քննարկումը առարկայական էր, գործնական[58],[59]։ Հուսով ենք, որ ի վիճակի ենք հիմնահարցի լուծման ուղղությամբ կարճ ժամանակահատվածում առաջընթաց արձանագրել՝ հիմնվելով Իրանի ժողովրդի՝ խաղաղ նպատակներով միջուկային, ներառյալ՝ հարստացման տեխնոլոգիաներ ունենալու իրավունքի հարգանքի վրա։ Միևնույն ժամանակ վստահեցնում ենք, որ միջազգային մակարդակում որևէ մտահոգություն չպետք է լինի, որ Իրանի միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակներ»[60]։
Քերի-Զարիֆ հանդիպումը
Աղբյուրը՝ https://www.golos-ameriki.ru
2015-ի հուլիսի 14-ին Վիեննայում ստորագրվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնագիրը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը[61], որտեղ նշված է․ «ԵՄ+3 (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիան և ՉԺՀ, ՌԴ, ԱՄՆ) և Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում են այս պատմական ծրագիրը։ Այն երաշխավորում է, որ Իրանի միջուկային ծրագիրը լինելու է բացառապես խաղաղ նպատակներով։ Կողմերն ակնկալում են, որ ԳՀՀԾ-ի ամբողջական իրականացումը դրական կանրադառնա տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության վրա։ Իրանը հավաստիացնում է, որ ոչ մի հանգամանքում չի զարգացնելու կամ ձեռք բերելու որևէ միջուկային զենք»[62]։
Համաձայնագրում նշվում էր, որ «Իրանը պարտավորվում է 15 տարում ուրանի հարստացման աշխատանքները չգերազանցել 3․67% շեմը, հարստացված ուրանի պաշարները չեն անցնելու 300կգ-ը։ Իրանը պարտավորվում է վերասարքավորել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանը միջուկային, ֆիզիկական և տեխնոլոգիական կենտրոնի, իսկ Արաքի ծանր ջրով աշխատող միջուկային ռեակտորը վերակառուցել խաղաղ նպատակներով միջուկային հետազոտություններ իրականացնելու, բժշկական ու արդյունաբերական ռադիոակտիվ իզոտոպների արտադրության համար։ Միջուկային նյութերի ավելցուկը Իրանը պետք է փոխանակի բնական ուրանով, իսկ վերամշակված միջուկային վառելիքը՝ դուրս բերի երկրի սահմաններից։ Համաձայնագրով, ԱՄԷԳ-ի փորձագետները պետք է Իրանի միջուկային օբյեկտներում իրականացնեն համապատասխան մոնիթորինգ 25 տարիների ընթացքում»[63]։
Իրանի պարտավորությունների կատարման դեպքում, փաստաթղթով նախատեսվում էր ՄԱԿ, ԵՄ, առանձին պետությունների կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների փուլային վերացում[64]։ ՄԱԿ ԱԽ որոշմամբ Իրանի նկատմամբ սահմանված սպառազինության մատակարարման արգելքը շարունակվելու էր 5 տարի, բալիստիկ հրթիռների մատակարարման արգելքը՝ 8 տարի[65]։
ԳՀՀԾ-ի ստորագրումը, 2015-ի հուլիս
Աղբյուրը՝ https://tass.ru/mezhdunarodnaya
Թեև Իրանի և ԱՄՆ-ի կառավարություններում լուրջ դիմադրություն կար համաձայնագրի ընդունմանը, այդուհանդերձ, ԱՄՆ Կոնգրեսը, ինչպես նաև Իրանի խորհրդարանը վավերացրեցին այն[66]։ Հիշեցնենք, որ 2015-ի մայիսին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Իրանի միջուկային ծրագրի վերանայման մասին որոշումը (Iran Nuclear Agreement Review Act of 2015-INARA), որով Կոնգրեսին հնարավորություն էր տրվում վերանայել ցանկացած համաձայնագիր, որը կստորագրվեր Իրանի հետ բանակցություններում[67]։ Օրենքի համաձայն, 90 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահը պետք է Կոնգրեսին վստահեցներ, որ Իրանը հավատարիմ է համաձայնագրի սկզբունքներին։
Համաձայնագրի արդյունավետության ու ազդեցության հարցում փորձագիտական կարծիքները հակասական էին․ ոմանք գտնում էին, որ ԳՀՀԾ-ն ընդամենը 15 տարով հետաձգում է Իրանի՝ միջուկային զենք ստեղծելու հնարավորությունը։ Այլոց գնահատմամբ, համաձայնագրով ձեռք բերված արդյունքն, այդուհանդերձ, առավել շահավետ էր, քան նախորդող իրավիճակը, երբ Իրանը կարող էր արդեն ամիսներ անց ունենալ միջուկային զենք[68]։
Համաձայնագրի ամենակարևոր առանձնահատկություններից էր Իրանի վերաինտեգրումը միջազգային հարաբերություններում։ ԳՀՀԾ-ով աստիճանաբար չեղարկվում էին պատժամիջոցները, որոնք տասնամյակներ շարունակ բացասական ազդեցություն էին թողնում Իրանի տնտեսության վրա[69]։
Ըստ որոշ փորձագետների, համաձայնագիրն ուներ մի քանի բացասական կողմ․ նախ՝ սահմանում էր բավական կարճ ժամկետ՝ 15 տարի անց Իրանը կարող էր ետդարձ կատարել միջուկային ծրագրի զարգացմանը[70]։ Երկրորդ՝ «ԳՀՀԾ-ը թույլ է տալիս Իրանին շարունակել ուրանի հարստացման աշխատանքները խաղաղ նպատակներով» դրույթը Թեհրանում կարող էին մեկնաբանել որպես փոքր ծավալի միջուկային ծրագիր զարգացնելու թույլտվություն։ Երրորդ՝ համաձայնագիրն ամբողջությամբ չէր վերացնում Իրանի միջուկային ծրագիրը[71]։
[1] https://www.tandfonline.com/doi/pdf/10.1080
[2] https://www.tandfonline.com/doi/pdf/10.1080
[3] https://www.tandfonline.com/doi/pdf/10.1080
[4] https://www.ie-ei.eu/Ressources/FCK/image
[5] https://www.tandfonline.com/doi/pdf/10.1080
[6] https://www.un.org/webcast/ga/60/statement
[7] https://www.academia.edu/352878/US-Iranian_Relations_under_the_Obama_Presidency_and_the_Possibility_of_Change_
[8] https://www.academia.edu/352878/US-Iranian_Relations_under_the_Obama_Presidency_and_the_Possibility_of_Change_
[9] https://www.abc.net.au/news/2008-11-07/ahmadinejad-congratulates-obama/197792
[10] https://www.academia.edu/352878/US-Iranian_Relations_under_the_Obama_Presidency_and_the_Possibility_of_Change_
[11] https://www.academia.edu/352878/US-Iranian_Relations_under_the_Obama_Presidency_and_the_Possibility_of_Change_
[12] https://www.academia.edu/352878/US-Iranian_Relations_under_the_Obama_Presidency_and_the_Possibility_of_Change_
[13] https://www.files.ethz.ch/isn/101207/WP_43-web_0.pdf
[14] https://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/19370679.2010.12023153
[15] https://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/19370679.2010.12023153
[16] https://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/19370679.2010.12023153
[17] https://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/19370679.2010.12023153
[18] https://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/19370679.2010.12023153
[19]https://books.google.am/books?id=ZnCLAg
[20] https://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/19370679.2010.12023153
[21] https://www.nytimes.com/2009/03/03/washington/03prexy.html
[22] https://orbeli.am/hy/post/480/2020-06-24
[23] https://orbeli.am/hy/post/480/2020-06-24
[24] https://www.reuters.com/article/us-iran
[25] https://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/19370679.2010.12023153
[26] https://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/19370679.2010.12023153
[27] https://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/19370679.2010.12023153
[28] http://www.ysu.am/files/03G_Iskandaryan.pdf
[29] https://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/19370679.2010.12023153
[30] https://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/19370679.2010.12023153
[31] https://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/19370679.2010.12023153
[32] https://carnegieendowment.org/files/sadjadpour_iran_final2.pdf
[33] https://carnegieendowment.org/files/sadjadpour_iran_final2.pdf
[34] https://carnegieendowment.org/files/sadjadpour_iran_final2.pdf
[35] https://www.ispionline.it/sites/default/files/pubblicazioni/sharp_0.pdf
[36] https://www.reuters.com/article/us-israel
[37] https://studies.aljazeera.net/en/reports/2015/08/201583110912302893.html
[38] https://www.swissinfo.ch/eng/iranian-and-us-officials-meet-face-to-face/1011506
[39] https://www.swissinfo.ch/eng/iranian-and-us-officials-meet-face-to-face/1011506
[40] https://obamawhitehouse.archives.gov/the-press-office/remarks-president-meeting-p5-plus-1-regarding-iran
[41] https://orbeli.am/hy/post/262/2019-08-12
[42] https://www.ispionline.it/sites/default/files/pubblicazioni/sharp_0.pdf
[43] https://www.ispionline.it/sites/default/files/pubblicazioni/sharp_0.pdf
[44] https://www.youtube.com/watch?v=6MDklneATBI
[45] http://backchannel.al-monitor.com/index.php/2014/01/7484/three-days-in-march-new-details-on-the-u-s-iran-backchannel/
[46] https://www.gazeta.ru/politics/2010/05/17_a_3369098.shtml
[47] http://backchannel.al-monitor.com/index.php/2014/01/7484/three-days-in-march-new-details-on-the-u-s-iran-backchannel/
[48] http://backchannel.al-monitor.com/index.php/2014/01/7484/three-days-in-march-new-details-on-the-u-s-iran-backchannel/
[49] http://backchannel.al-monitor.com/index.php/2014/01/7484/three-days-in-march-new-details-on-the-u-s-iran-backchannel/
[50] http://backchannel.al-monitor.com/index.php/2014/01/7484/three-days-in-march-new-details-on-the-u-s-iran-backchannel/
[51] http://backchannel.al-monitor.com/index.php/2014/01/7484/three-days-in-march-new-details-on-the-u-s-iran-backchannel/
[52] http://backchannel.al-monitor.com/index.php/2013/11/7163/text-joint-plan-of-action-signed-by-iran-p51-in-geneva/
[53] https://engagedscholarship.csuohio.edu/cgi/viewcontent.cgi?article=1873&context=fac_articles
[54] https://www.theguardian.com/world/2013/sep/27/obama-phone-call-iranian-president-rouhani
[55] https://www.theguardian.com/world/2013/sep/27/obama-phone-call-iranian-president-rouhani
[56] https://twitter.com/HassanRouhani/status/383680262539722752
[57] https://www.theguardian.com/world/2013/sep/27/us-iran-nuclear-deal-discussion
[58] https://www.theguardian.com/world/2013/sep/27/us-iran-nuclear-deal-discussion
[59] https://www.youtube.com/watch?v=KSnnLKyZHzE
[60] https://www.theguardian.com/world/2013/sep/27/us-iran-nuclear-deal-discussion
[61] https://www.youtube.com/watch?v=QySeQSg-Bhs
[62] https://www.europarl.europa.eu/cmsdata/122460/full-text-of-the-iran-nuclear-deal.pdf
[63] https://www.europarl.europa.eu/cmsdata/122460/full-text-of-the-iran-nuclear-deal.pdf
[64] https://tass.ru/info/6638814
[65] https://tass.ru/info/6638814
[66] https://www.nti.org/learn/countries/iran/nuclear/
[67] https://www.congress.gov/bill/114th-congress/house-bill/1191/text
[68] https://engagedscholarship.csuohio.edu/cgi/viewcontent.cgi?article=1873&context=fac_articles
[69] https://engagedscholarship.csuohio.edu/cgi/viewcontent.cgi?article=1873&context=fac_articles
[70] https://engagedscholarship.csuohio.edu/cgi/viewcontent.cgi?article=1873&context=fac_articles
[71] https://engagedscholarship.csuohio.edu/cgi/viewcontent.cgi?article=1873&context=fac_articles