Իսրայելի և Պարսից Ծոցի արաբական երկրների հարաբերությունները
28 ր. | 2020-06-241 948-ին հրեական պետականության հիմնադրումից հետո Իսրայելն արաբական աշխարհի հակազդման նպատակով սկսեց կապեր հաստատել նախևառաջ տարածաշրջանի ոչ արաբական երկրների ու քաղաքական, ազգային շարժումների հետ։ Զուգահեռաբար Թել Ավիվը ետկուլիսային շփումներ ձևավորեց արաբական տարբեր երկրների գործող և նախկին ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ, ինչը թույլ կտար հակասություններ առաջացնել արաբական համերաշխությունում և նվազեցնել արաբական աշխարհի ճնշումներն Իսրայելի նկատմամբ։ Նման ռազմավարությունը կնպաստեր նաև արաբական աշխարհում պաղեստինյան հիմնահարցի դերի ու նշանակության թուլացմանը, ինչը հետագայում կհանգեցներ Իսրայելի և արաբական երկրների նոր բովանդակությամբ քաղաքական օրակարգի ձևավորմանը։
Կարող ենք ասել, որ թերևս մինչ 1980-ականները պաղեստինյան հիմնահարցը շարունակում էր մնալ արաբական համերաշխության շարժիչ ուժը։ 1980-1990-ականներից, սակայն, արաբական համերաշխության քաղաքական օրակարգում փոփոխություններ նկատվեցին, ինչին նպաստեցին մի շարք հանգամանքներ․ 1979-ին Իրանի հեղափոխությամբ դադարեց գործել Թել Ավիվի ու Թեհրանի ռազմավարական դաշինքը, որը 1950-1970-ականներին զգալիորեն հակազդում էր արաբական աշխարհին․ արդյունքում Իսրայելն ակտիվացրեց հարաբերություններն արաբական երկրների հետ։ Խորհրդային կարգերի փլուզմամբ զգալիորեն թուլացավ ԽՍՀՄ ազդեցությունը․ տարածաշրջանի էներգակիրների արդյունահանման, մատակարարման ուղիների զարգացման և դրանց անվտանգության ապահովման հարցում զգացվում էր ֆինանսական ու քաղաքական արտաքին հովանավորչության անհրաժեշտությունը։
Արաբական աշխարհի քաղաքական օրակարգում փոփոխություններն ակնհայտ դարձան հատկապես 2001-ի ահաբեկչությունից և 2011-ի «արաբական գարնան» հեղափոխական ալիքից հետո։ Այդ գործընթացներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում աճում էր Իրանի ազդեցությունը, որը դարձավ Իսրայելի գլխավոր մրցակիցը։
Տարածաշրջանում շիական Իրանի դերակատարման ընդլայնման հարցում Իսրայելի մտահոգությունը կիսում էին նաև Պարսից ծոցի սուննի արաբական պետությունները։ Իրանից եկող մարտահրավերները մասամբ համատեղեցին Իսրայելի և Ծոցի արաբական երկրների շահերը՝ նվազեցնելով պաղեստինյան հիմնահարցի նշանակությունը։
Պ արսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) 6 պետություններից որևէ մեկը պաշտոնապես չի ճանաչել Իսրայելը։ ՊԾԱՊՀԽ-ի (Cooperation Council for the Arab States of the Gulf Gulf) երկրներն են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և Օմանը։ Առհասարակ, արաբական աշխարհում Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել են միայն Եգիպտոսն ու Հորդանանը։ Եգիպտոսը Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր ստորագրեց 1979-ին, Հորդանանը՝ 1994-ին։
Իսրայելի և Ծոցի արաբական երկրների համագործակցությունը փոխշահավետ էր նաև արտաքին քաղաքականության ասպարեզում․ թե՛ Թել Ավիվը, թե՛ Ծոցի արաբական երկրները մեծ կարևորություն են տալիս Արևմուտքի և առաջին հերթին՝ Վաշինգտոնի հետ հարաբերություններին։ Այդ առումով Իսրայել-Ծոցի երկրներ ձևաչափը թույլ է տալիս կողմերին սերտացնել գործակցությունը արտաքին վեկտորում ևս[1]։ Արաբական երկրները հավատացած էին, որ Վաշինգտոնի հետ իրենց համագործակցության զարգացման գործընթացում մեծապես կարևորվում էր Իսրայելի հետ երկխոսությունը։
Նախորդ դարի 90-ականներին Իսրայելի հետ հարաբերությունների անթաքույց բարելավման առաջամարտիկներից էին Օմանն ու Կատարը։ 1996-ին Օմանը և Կատարը համաձայնեցին իրենց մայրաքաղաքներում հիմնել Իսրայելի առևտրային ներկայացուցչություններ։ 1996-ի տարեվերջին առաջին անգամ Օման այցելեց Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը[2]։
2013-ի հուլիսին Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարեց Պարսից ծոցի երկրներում, այսպես կոչված, վիրտուալ դեսպանության բացման՝ «Իսրայելը Պարսից ծոցում» (Israel in the Gulf) անվանումը կրող թվիթերյան էջի գործարկման մասին։ Էջի աշխատանքները դադարեցվեցին 2014-ին[3] (վերջին գրառումը կատարվել էր 2014-ի դեկտեմբերին)։ Ըստ փորձագետների՝ թվիթերյան էջի գործունեության դադարեցումը կարող էր պայմանավորված լինել 2014-ի ամռանը Գազայի հատվածում Համաս խմբավորման դեմ Իսրայելի նախաձեռնած խոշոր ռազմական գործողությունով, ինչի արդյունքում Ծոցի երկրների մեծ մասի հետ Թել Ավիվի կապերն ու շփումները ժամանակավորապես սառեցվեցին։ 2019-ի փետրվարից թվիթերյան էջը վերագործարկվեց, և փետրվարի 5-ի գրառման մեջ ասվում էր․ «Ուրախ ենք տեղեկացնել «Իսրայելը Պարսից ծոցում» էջի վերագործարկման մասին՝ Իսրայելի և Ծոցի ժողովուրդների միջև երկխոսության ամրապնդման նպատակով: Հուսով ենք, որ այս վիրտուալ դեսպանատունը կնպաստի Իսրայելի և Պարսից ծոցի երկրների ժողովուրդների միջև փոխըմբռնման խորացմանը տարբեր ոլորտներում»[4]։ Նշենք, որ 2013-2014թթ․ թվիթերյան էջը անգլալեզու էր, վերագործարկումից հետո այն արաբալեզու է։
2000-ականներին ակտիվացան նաև Իսրայելի և ԱՄԷ-ի ետկուլիսային շփումները։ 2009-ին ԱՄՆ նախագահ Օբամայի երդմնակալությունից կարճ ժամանակ անց Իսրայելի և ԱՄԷ-ի կառավարություններն առաջին անգամ համատեղեցին ջանքերը Իրանից եկող սպառնալիքի հակազդման ուղղությամբ՝ ճնշում գործադրելով ԱՄՆ նորընտիր նախագահի վարչակազմի վրա։ ԱՄՆ-ում ԱՄԷ-ի և Իսրայելի դեսպաններ Յուսեֆ ալ Օթայբան (Yousef al Otaiba) և Սալայ Մերիդորը (Sallai Meridor) Իրանի հարցով համատեղ կոչով դիմեցին ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Պարսից ծոցի և Հարավարևելյան Ասիայի հարցերով հատուկ խոհրդական Դենիս Ռոսին (Dennis Ross)[5]։
2012-ի սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցավ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և ԱՄԷ-ի արտգործնախարար Աբդուլահ բին Զայեդ ալ Նահյանի (Abdullah bin Zayed Al Nahyan) գաղտնի հանդիպումը, որտեղ կողմերը վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Իրանի հարցում[6]։
2011-ի արաբական գարնան հետևանքով տարաշարջանային անկայունության դրսևորումները նշանակում էին, որ պաշտպանությունն ու անվտանգությունն առաջնակարգ նշանակություն են ունենալու Իսրայելի և Ծոցի երկրների հարաբերություններում։ Որոշ տվյալներով, 2008-ին Աբու Դաբիի Critical national infrastructure authority (CNIA) ընկերությունը $ 816 մլն արժողությամբ պայմանագիր ստորագրեց AGT international ընկերության հետ․ վերջինս գրանցված էր Ժնևում, սեփականատերը իսրայելցի գործարար Մաթի Քոչավին էր (Mati Kochavi)։ Պայմանագրով ԱՄԷ-ն ձեռք էր բերում երկրի կրիտիկական ենթակառուցվածքների, ներառյալ՝ նավթի ու գազի հանքավայրերի համար վերահսկման սարքավորումներ (surveillance equipment)[7],[8]։
2011-ին AGT international-ը սկսեց գործակցել ԱՄԷ-ի ևս երկու ընկերությունների՝ Advanced integrated systems (AIS), Advanced Technical solutions (ATS)-ի հետ՝ ԱՄԷ-ի խոշոր Falcon eye կոչվող վերահսկողության նախագծի շրջանակում։ AIS-ATS-AGT եռակողմ գործարար գործակցությունը հայտարարվեց 2011-ի փետրվարին՝ $600 մլն ընդհանուր արժողությամբ, որով նախատեսվում էր ԱՄԷ-ի իրավապահ մարմիններին մատակարարել վերահսկողության ժամանակակից համակարգեր։ 2015-ի տարեվերջին կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել Աբու Դաբիում Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (International Renewable Energy Agency-IRENA) ենթակայության ներքո Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության բացման հարցի շուրջ։ Սա Իսրայելի առաջին դիվանագիտական ներկայացուցչությունն էր ԱՄԷ-ում[9],[10]։ Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությունը տեղակայվում է Աբու Դաբիում։ 2015-ի նոյեմբերին Իսրայելի արտգործնախարարության գլխավոր տնօրեն Դորի Գոլդը (Dore Gold, director-general of Israel's Foreign Ministry) այցելեց Աբու Դաբի՝ մասնակցելու գործակալության խորհրդի հանդիպմանը։ Հանդիպումը կազմակերպվել էր կազմակերպության հետագա գործունեության ու բյուջետային հարցերի քննարկման նպատակով, սակայն այցելության իրական նպատակը իսրայելական ներկայացուցչության բացման հարցն էր։ Այցելության ընթացքում Գոլդը հանդիպեց գործակալության գլխավոր տնօրեն Ադնան Ամինի (Adnan Amin) հետ և քննարկեց ներկայացուցչության բացման հարցը[11]։ Փորձագետները նշում են, որ ներկայացուցչության բացման պատճառներից մեկը կարող է լինել Իսրայելի և սուննի արաբական երկրների ընդհանուր շահն ու դիրքորոշումը Իրանի հետ միջուկային համաձայնագրի հարցում[12]։
2020-ի մայիսին Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում պատմության մեջ առաջին անգամ վայրէջք կատարեց ԱՄԷ-ի ազգային Etihad airways ավիանկերության ինքնաթիռը, որն ուղիղ չվերթով ժամանել էր Աբու Դաբիից։ Սա ԱՄԷ-ի պետական սեփականություն հանդիսացող ավիաուղիների առաջին թռիչքն էր Իսրայել[13]։ Թռիչքն իրականացվել էր Իսրայելի տարածքով՝ Պաղեստինում ու Գազայում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար հումանիտար օգնության առաքման նպատակով[14]։
Ը ստ տարբեր աղբյուրների, 2015-ին Բահրեյնի ու Պարսից ծոցի համագործակցության խորհրդի այլ անդամ-երկրները իրանական հրթիռներից պաշտպանության նպատակով բանակցություններ էին վարում Իսրայելի հետ՝ իսրայելական արտադրության հակահրթիռային պաշտպանության «Երկաթյա գմբեթ» համակարգերի ձեռքբերման շուրջ[15]։ Համակարգերը ձեռք էին բերվելու Raytheon և այլ ամերիկյան ընկերությունների միջոցով, որոնք իսրայելական Rafael ընկերության հետ համատեղ ՀՕՊ համակարգեր են արտադրում[16]։ ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը նախատեսված էր Պարսից ծոցի համագործակցության խորհրդի բոլոր անդամ-երկրների համար։ Գործարքը, բացի «Երկաթյա գմբեթ»-ից, ներառում էր նաև David’s sling, Arrow 1, Arrow 2 տեսակի երկար հեռահարության հրթիռային համակարգեր, որոնք կարող են խոցել գերձայնային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։ Աղբյուրի փոխանցմամբ, Ծոցի սուննի արաբական երկրներին իսրայելական արտադրության այդ համակարգերի վաճառքը մի քանի տարի հետո կարող է հակասական նշանակություն ունենալ ինչպես Իսրայելի, այնպես էլ գնորդ երկրների համար․ սակայն ներկայում երկու կողմերն էլ գործարքի անհրաժեշտությունը դիտարկում են շիական Իրանի աճող ռազմական պոտենցիալի ու նկրտումների համատեքստում։
Փորձագետները նշում են, որ վերջին տարիներին Թել Ավիվը սկսել է Ծոցի երկրներին տրամադրել տեխնոլոգիաներ ու համագործակցել անվտանգության ոլորտում՝ Իրանի դեմ օղակը սեղմելու նպատակով։ 2017-ին Իսրայելը հավանություն էր տվել Սաուդյան Արաբիային NSO Group Technologies ընկերության Pegasus լրտեսական ծրագրի վաճառքի հարցում, որը, ըստ որոշ տվյալների, Էր Ռիադը կարող էր օգտագործել սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների գաղտնալսման համար[17]։ Որոշ տվյալներով NSO Group Technologies ընկերությունն իր ծրագրերը վաճառել է նաև ԱՄԷ-ին[18]։
Ա ՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի հակաիրանական քաղաքականության ուժեղացումն աշխուժացրեց Ծոցի սուննի արաբական երկրների հարաբերություններն Իսրայելի հետ[19]։ Նշենք, որ հակաիրանական առանցքում հիմնական դեկատարությունը վերապահվում է Իսրայելին ու Պարսից ծոցի երկրներին, առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին։ Վերջին մի քանի տարում նկատվում է Իսրայելի և Պարսից ծոցի երկրների հարաբերությունների բարելավման նոր, ավելի հրապարակային փուլ։ Վաշինգտոնում Իսրայել-Ծոցի արաբական երկրներ համագործակցային ձևաչափի զարգացման հարցում առանձնակի կարևորում են Թել Ավիվ-Էր Ռիադ առանցքը, որի հիման վրա կառուցվում է նաև ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականության ռազմավարության զգալի մասը։ Այդ ուղղությամբ կողմերի միջև երկխոսության հնարավորությունը մեծացավ, երբ 2017-ի մայիսին նախագահ Թրամփն առաջին անգամ Սաուդյան Արաբիայից ուղիղ թռիչքով ժամանեց Իսրայել[20]: Իսրայելի և Ծոցի արաբական երկրների համագործակցության կարևորությունը Վաշինգտոնում ավելի ընդգծվեց՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սառեցման գործընթացի համատեքստում։
Ո րոշ աղբյուրներ հաղորդում են, որ 2018-ի հունիսին Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Կիպրոս այցելության ընթացքում գաղտնի հանդիպել է Գազայի հատվածում Կատարի բանագնաց Մուհամադ ալ Ամադիին (Muhammad al-Amadi)։ Ըստ իսրայելական աղբյուրների՝ ալ Ամադին ներկայացրել է Կատարի առաջարկներն Իսրայելի և Համաս խմբավորման միջև հրադադարի հաստատման շուրջ[21]։ Այդուհանդերձ, պաղեստինյան ուղղությամբ Եգիպտոսի ազդեցության սահմանափակման նպատակով Իսրայելն ու ԱՄՆ-ն դիտարկում են Կատարի ներգրավվածությունը հիմնահարցում, մասամբ որպես Պաղեստինում Համասի հետ ձեռքբերված համաձայնագրերից բխող հումանիտար նախագծերի հիմնական ֆինանսավորող։
2018-ի հոկտեմբերին, 22 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ Իսրայելի վարչապետն այցելեց Օմանի սուլթանություն։ Նեթանյահուն պաշտոնական այցելությամբ Օմանում էր այդ երկրի նախկին ղեկավար սուլթան Քաբուս բին Սաիդի (Sultan Qaboos Bin Said) հրավերով։ Այցելությունից հետո նա նշել էր․ «Մեր երկարատև հանդիպման ընթացքում մանրամասն քննարկեցինք այն մարտահրավերները, որոնց հետ բախվում է Մերձավոր Արևելքը։ Դրանք կարևոր բանակցություններ են մեր երկրի, համար, այդ թվում՝ անվտանգության հարցերի տեսանկյունից»[22]։ Օման այցելության առիթով Իսրայելի վարչապետի գրասենյակը նույնպես թվիթերյան էջում գրառում կատարեց․ «Այցելությունը կարևոր քայլ էր վարչապետ Նեթանյահուի՝ տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների խորացմանն ուղղված քաղաքականության համար, որտեղ շեշտադրվում են Իսրայելի առավելությունները անվտանգության, տեխնոլոգիաների ու տնտեսական ոլորտներում»[23]։
Աղբյուրը՝ https://twitter.com/IsraeliPM/status/1055820014018793473/photo/3
Նեթանյահու-Քաբուս հանդիպումը
Նեթանյահուի այցելությունից մեկ օր անց Օմանի արտգործնախարար Յուսուֆ բին Ալավի բին Աբդուլահը (Yusuf bin Alawi bin Abdullah) Բահրեյնի անվտանգության հարցերով գիտաժողովում հայտարարեց․ «Օմանը կիսվում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման շուրջ իր պատկերացումներով, սակայն հանդես չի գալիս որպես միջնորդ։ Իսրայելը պետություն է և մեձավորարևելյան տարածաշրջանի մի մասն է, և մենք բոլորս էլ դա հասկանում ենք։ Այդ փաստը գիտակցում է նաև միջազգային ողջ հանրությունը։ Հավանաբար, եկել է ժամանակը, որպեսզի Իսրայելին վերաբերվեն համապատասխանաբար (ինչպես այլ երկրների)՝ միևնույն պարտավորություններով»[24],[25]։ Բին Ալավին նաև իր աջակցությունը հայտնեց նախագահ Թրամփի խաղաղասիրական ջանքերին և մասնավորապես՝ «Դարի գործարք»-ին[26]։ 2018-ի նոյեմբերին Հռոմի Միջերկրածովի երկխոսություն ֆորումին (Mediterranean dialogues․ Rome) մասնակցում էր նաև Օմանի ԱԳՆ գլխավոր քարտուղար (Foreign affairs ministry secretary-general) Սաիդ Բադր բին Համադ ալ Բուսաիդին (Sayyid Badr bin Hamad bin Hamood Albusaidi)․ վերջինս ասել էր, որ «արաբական երկրները պետք է առերեսվեն տարածաշրջանում Իսրայելի գոյության փաստի հետ, որն ունի իրավունքներ ու պարտավորություններ»[27]։ 2018-ի տարեվերջին Նեթանյահուն Իսրայելի դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Օմանը թույլ է տվել իսրայելական ազգային EL Al ավիաընկերությանը օգտագործել Օմանի օդային տարածքը[28]։
Ի սրայելի վարչապետի այցելությունից մի քանի օր անց Օման այցելեց նաև Իսրայելի հետախուզության և տրանսպորտի նախկին նախարար Իսրայել Կացը (Israel Katz)։ Օմանում կայացած միջազգային տրանսպորտային գիտաժողովի ընթացքում վերջինս ներկայացրեց երկաթուղային ճանապարհի կառուցման «Տարածաշրջանային խաղաղության ուղիները» իսրայելական նախագիծը, որը Միջերկրական ծովը միավորելու է Պարսից ծոցի տարածաշրջանին։ Ներկայում սա ավելի շուտ տնտեսական նախագիծ է, որին աջակցում է նաև Վաշինգտոնը։
Աղբյուրը՝ https://www.middleeasteye.net/news/israel
Իսրայել Կացը Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության համաշխարհային կոնգրեսում (International Road Transport Union World Congress), Մասկատ
Այսպես, Մերձավոր Արևելքում տրանսպորտային համագործակցության նախաձեռնությունը՝ «Տարածաշրջանային խաղաղության ուղիները» նախագիծը (Tracks for Regional Peace) 2019-ի կեսերին առաջ քաշեցին Նեթանյահուն և Կացը[29]։ Նախաձեռնությունը հնարավորություն կտա արևելքի ու արևմուտքի միջև կառուցել այլընտրանքային առևտրային ուղիներ, որոնք կլինեն ավելի կարճ, արագ, քիչ ծախսատար և անվտանգ։ Նախագիծը հիմնվում է երկու առանցքային գաղափարի վրա․ Իսրայելը՝ որպես ցամաքային կամուրջ Եվրոպայի, Միջերկրածովի, Մերձավոր Արևելքի և մասնավորապես, Հորդանանի միջև․ երկրորդ՝ Հորդանանը՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց, որը երկաթուղային ճյուղավորմամբ միավորելու է Իսրայելն ու Միջերկրածովի ավազանի երկրները Սաուդյան Արաբիայի, Ծոցի երկրների, Իրաքի, ինչպես նաև Կարմիր ծովի (Հորդանանի Աքաբա և Իսրայելի Էյլատ քաղաքներով) հետ։ Այն նպաստելու է Իսրայելի, Պաղեստինի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի ու Ծոցի երկրների, հետագայում նաև՝ Իրաքի տնտեսությունների զարգացմանը[30]։
Իսրայել Կացի գնահատմամբ, երկաթուղային ճանապարհի կառուցումը կարևոր տնտեսական քայլ է[31], որը թույլ կտա ստեղծել այլընտրանքյաին անվտանգ հաղորդակցական ճանապարհներ՝ հաշվի առնելով Պարսից ծոցում և Կարմիր ծովում ծովային առևտրային ճանապարհների ուղղությամբ (Հորմուզի և Բաբ էլ Մանդեբ նեղուցները) Իրանից եկող սպառնալիքները։ Ծովային ճանապարհը ձգվում է շուրջ 6100 կմ, այն դեպքում, երբ այս այլընտրանքային երկաթուղային ցանցը էապես կրճատում է այդ տարածությունը։ Երկաթուղային ճանապարհը շրջանցում է Սիրիան, որը գտնվում է քաղաքացիական ճգնաժամում, և դեպի Եվրոպա բեռնափոխադրումներն իրականացնում է Իսրայելի Հայֆա քաղաքով։
«Տարածաշրջանային խաղաղության ուղիները» նախագիծը
Աղբյուրը՝ https://www.youtube.com/watch?v=JTVybDX8nAM
2019-ի հուլիսին Իսրայել Կացը Երուսաղեմում հանդիպեց ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերիի հետ (US Secretary of Energy Rick Perry)։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների շարունակման կարևորությունը, Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունն ու իսրայելա-ամերիկյան համագործակցությունը՝ «Տարածաշրջանային խաղաղության նախաձեռնության ուղիները» նախագծում[32]։
Ծ ոցի արաբական երկրների հետ Իսրայելի երկխոսության կարևորագույն ուղղություններից մեկն էլ չհարձակման մասին պայմանագրի (non-aggression pact) ստորագրման հարցն է։ 2019-ի հոկտեմբերի 6-ին ԱԳ նախկին նախարար Իսրայել Կացն իր թվիթերյան էջում գրում էր․ «Վերջերս վարչապետի աջակցությամբ խթանում եմ Արաբական ծոցի երկրների հետ «չհարձակման պայմանագրեր» ստորագրելու դիվանագիտական նախաձեռնությունը: Պատմական քայլը վերջ կդնի հակամարտությանը և թույլ կտա հաստատել քաղաքացիական համագործակցություն: ՄԱԿ կատարած այցելությանս ընթացքում ծրագիրը ներկայացրեցի արաբական երկրների արտաքին գործերի նախարարներին և ԱՄՆ դեսպան Գրինբլատին: Կշարունակեմ աշխատել տարածաշրջանում և ամբողջ աշխարհում Իսրայելի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ»[33]։
Պայմանագրերի ստորագրման գործում զգալի է Վաշինգտոնի միջնորդությունը։ 2019-ի վերջին միջնորդական առաքելությամբ էր հանդես գալիս նախագահ Թրամփի վարչակազմի ազգային անգտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Վիկտորիա Քոաթսը (Victoria Coates), ով հանդիպել էր Մարոկոյի, Օմանի, Բահրեյնի ու ԱՄԷ-ի դեսպանների հետ[34]։ 2019-ի հուլիսին Իսրայել Կացն ԱՄՆ-ում հանդիպեց Բահրեյնի ԱԳ նախարար Խալիդ բին Ահմեդ ալ Խալիֆային (Sheikh Khalid bin Ahmed Al Khalifa)[35]։ Իսրայելի ու Բահրեյնի արտգործնախարարները հանդիպում էին առաջին անգամ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարճ առանձնազրույց ունեցան, որի ընթացքում քննարկեցին Իրանն ու տարածաշրջանային մարտահրավերները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները։ Կողմերը պայմանավորվեցին շարունակել հետագա շփումները։
Աղբյուրը՝ https://twitter.com/Israel_katz/status/1151914054954508288/photo/1
Իսրայել Կացի և ալ Խալիֆայի հանդիպումը
Իրաքի, Սիրիայի և Լիբանանի իրանական հենակետերի ու ռազմական օբյեկտների ուղղությամբ իսրայելական հարվածների առիթով Բահրեյնի արտգործնախարարը նշել էր․ «Իրանը պատերազմ է հայտարարել մեզ՝ իր Հեղափոխության պահապանների կորպուսով, լիբանանյան իր կուսակցությամբ (Հեզբոլլահ), Իրաքի Ժողովրդական մոբիլիզացման ուժերով, Եմենում հութի զինված ուժերով և այլն։ Եվ եթե որևէ մեկը հարվածում է և ոչնչացնում նրանց զինամթերքները, մեղավոր չէ․ դա ինքնապաշտպանություն է»[36]։ Իսրայելական Times of Israel պարբերականին տված հարցազրույցում ալ Խալիֆան փաստացի ընդունում էր Իսրայելի գոյության իրավունքը[37]։
2019-ի հունվարին Հորդանանում կայացավ արաբական երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որտեղ օրակարգի հարցերից մեկը Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումն էր։ 2019-ի մարտին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Եգիպտոսը ձգտում էին Արաբական երկրների լիգայի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի հիմնարար փաստաթղթից հանել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման դեմ դրույթը, սակայն նախագահող Հորդանանը մերժեց առաջարկը[38]։
2019-ի հունիսին Կացը պաշտոնական այցով մեկնեց Աբու Դաբի` մասնակցելու շրջակա միջավայրի պահպանության հարցերով ՄԱԿ գիտաժողովին։ Նա հանդիպեց ՄԱԿ գլխավոր քարտուղարի, ԱՄԷ-ի պաշտոնատար անձանց հետ, քննարկվեցին երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ միջուկային Իրանի սպառնալիքը, բալիստիկ հրթիռների զարգացումը[39],[40]։
ԱՄԷ-ի պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ համագործակցությանը բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում։ Կացը նշում էր, որ «շարունակելու է վարչապետ Նեթանյահուի հետ աջակցել հարաբերությունների բարելավման քաղաքականությանը ուժի դիրքերից, հիմնված Իսրայելի կարողությունների վրա ինչպես անվտանգության ու հետախուզության, այնպես էլ քաղաքացիական տարբեր ոլորտներում»[41]։ 2019-ի հուլիսին անվտանգության հարցերի շուրջ Հերցլիա գիտաժողովում (Herzliya conference) ունեցած ելույթի ժամանակ Իսրայելի Մոսադ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Յոսի Քոհենը (Yossi Cohen) հայտարարեց, որ Իրանից եկող սպառնալիքը կարող է Իսրայելի համար դառնալ հնարավորություն՝ արաբական երկրների հետ ընդհանուր խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։
Քոհենի խոսքով, բացի Հորդանանից ու Եգիպտոսից, որոնց հետ Իսրայելը ստորագրել է խաղաղության համաձայնագրեր, Իսրայելի հետ համագործակցող երկրների ցանկը զգալիորեն ընդլայնվել է[42]։ Քոհենի խոսքով, իր ղեկավարած գործակալությունը ձևավորել է թիրախային խումբ (task force)` տարածաշրջանում խաղաղասիրական հնարավորությունները վերհանելու նպատակով։ «Այսօր Մոսադը բացառիկ հնարավորություն ունի, հավանաբար՝ առաջին անգամ Մերձավոր Արևելքի պատմության մեջ, հասնելու տարածաշրջանային փոխըմբռնման, որը կհանգեցնի խաղաղության համապարփակ համաձայնության։ Ընդհանուր շահերը, հակառակորդների դեմ պայքարը, ինչպիսիք են Իրանն ու ջիհադական ահաբեկչությունը, սերտ հարաբերությունները Սպիտակ Տան հետ և Կրեմլի հետ հաղորդակցության խողովակները, այդ ամենը միավորվում են՝ ստեղծելու այն, ինչ կարող է լինել հնարավորության մեկանգամյա պատուհան»,- ասել էր նա[43]։
Որոշ տվյալներով, 2019-ի փետրվարի կեսերին վարչապետ Նեթանյահուն Վարշավայում մերձավորարևելյան հարցերին նվիրված ֆորումում, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի միջնորդությամբ, հանդիպեց Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Օմանի ու Բահրեյնի արտգործնախարարների հետ։ Ըստ աղբյուրի, հանդիպման օրակարգային գլխավոր թեման Իրանն էր․ հանդիպմանը պաղեստինցիները ներկա չէին[44],[45]։ 2019-ի մարտին Guardian պարբերականում հրապարակված հոդվածում այդ քննարկման վերաբերյալ տեսակադրեր ներկայացվեցին։ Ըստ աղբյուրի, տեսանյութը ոչ պաշտոնապես տարածել էր Նեթանյահուի գրասենյակը[46],[47]։ Քննարկման մոդերատորն էր ԱՄՆ մերձավորարևելյան խաղաղության հարցերով նախկին բանագնաց Դենիս Ռոսը (Dennis Ross)։
Ի սրայել-Ծոցի արաբական երկրներ երկխոսությունը ընթանում է նաև առևտրատնտեսական բնագավառում։ 2018-ի օգոստոսին Թոնի Բլերի Գլոբալ փոփոխությունների ինստիտուտը պատրաստեց Իսրայելի և Ծոցի արաբական երկրների միջև առևտրաշրջանառության վերաբերյալ զեկույց, ըստ որի, 2016-ին Իսրայելի և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի 6 անդամ-երկրների միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է Իսրայելի առևտրաշրջանառության ծավալին այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը և Ճապոնիան։ Իսրայելի առևտուրը Սաուդյան Արաբիայի, Օմանի, Բահրեյնի, ԱՄԷ-ի, Կատարի և Քուվեյթի հետ իրականացվում է երրորդ երկրների տարածքով, ինչը էապես նվազեցնում է դրա ներուժը։ Ինստիտուտի փորձագետների կարծիքով, այդ երկրների միջև պաշտոնական հարաբերությունների հաստատման դեպքում առևտրաշրջանառությունը կաճի տարեկան մինչև $15-25 մլրդ[48]։
Հետազոտության համաձայն, 2016-ին Իսրայելի արտահանումը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներ $1 մլրդ էր․ իսրայելական ապրանքների արտահանումը Ծոցի համագործակցության խորհրդի երկրների շուկա, որպես կանոն, իրականացվում է անուղղակի՝ երրորդ երկրների միջոցով, երբեմն՝ Հորդանանի կամ Թուրքիայի տարածքով, իսկ հիմնականում՝ եվրոպական և այլ պետությունների տարածքով։ Կողմերի միջև առևտրաշրջանառությունն ավելանում է, սակայն այդ շուկաների ողջ ներուժը օգտագործելու համար անհրաժեշտ է տարածաշրջանային մոտեցում ցուցաբերել խաղաղության գործընթացին, ինչը կկարգավորի պաղեստինյան հիմնահարցը[49]։ Ըստ զեկույցի, Ծոցի համագործակցության խորհրդի երկրներից Իսրայել արտահանվող ապրանքների մի զգալի հատված գրանցվում է որպես ներմուծում Հորդանանից, մնացած հատվածը, այդուհանդերձ, արտահանվում է երրորդ երկրների տարածքով և արտաքին առևտրի վիճակագրությունում պաշտոնապես գրանցվում որպես այդ իսկ երկրներից արտահանված ապրանքներ[50]։
Հետազոտության տվյալներով, Իսրայելի առևտուրը Մերձավոր արևելքի շուկաներում զգալի է․ 2016-ին ՄԱՀԱ/MENA երկրների, այդ թվում՝ Թուրքիայի շուկան հաշվվում էր Իսրայելի արտահանման ողջ ծավալի 10%-ը։ 2016-ին ՄԱՀԱ երկրների շուկա Իսրայելի ապրանքների ու ծառայությունների արտահանումը շուրջ $7 մլրդ էր, մոտավորապես նույնքան էր նաև ներմուծումը ՄԱՀԱ-ի երկրներից[51]։ 2016-ին ՄԱՀԱ-ի երկրների շուկան Իսրայելի ապրանքների ու ծառայությունների արտահանման ողջ ծավալի 7% էր[52]։
Աղբյուրը՝ https://institute.global/sites/default/files/articles
Աղբյուրը՝ https://institute.global/sites/default/files/articles
Ինչպես նկատում են փորձագետները, Պարսից ծոցի տարածաշրջանում առկա քաղաքական սահմանափակումները զգալի ազդեցություն են թողնում տարածաշրջանի տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման համար, որոնց վերացումից հետո Պարսից ծոցի արաբական երկրները կդառնան Իսրայելի առևտրատնտեսական կարևոր գործընկերները[53]։
Մ իջազգայնագետ Սամուել Ռամանիի կարծիքով (Samuel Ramani), Ծոցի համագործակցության խորհրդի հետ Իսրայելի տնտեսական ու անվտանգային համագործակցության զարգացումը զգալիորեն պայմանավորված է այդ բլոկի՝ Պաղեստինում տիրող իրավիճակի նկատմամբ աճող անտարբերությամբ, և Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցությունը զսպելու Էր Ռիադի ձգտումով։ Եվ չնայած Ծոցի համագործակցության խորհրդի երկրները դժվար թե ճանաչեն Իսրայելի գոյության իրավունքը, Իսրայելի ու Սաուդյան Արաբիա ոչ պաշտոնական համագործակցությունը կարծեք թե կշարունակվի տեսանելի ապագայում[54]։
Ֆրանսիայի արտաքին հետախուզության պաշտոնաթող սպա, Ալեն Ռոդիեի (Alain Rodier) կարծիքով, ներկայում Իրանը Իսրայելի գլխավոր թշնամին է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ «արաբական գարունից» հետո հրեական պետության համար ռազմական սպառնալիքի բնույթը փոխվեց․ ներկայում տարածաշրջանի ոչ մի պետություն Իսրայելի համար չի ներկայացնում նախկին սպառնալիքը։ Առաջին հերթին դա վերաբերում է Իրաքին, Սիրիային ու Եգիպտոսին։ Պարսից ծոցի երկրներն իրենց հերթին մեղադրում են Թեհրանին շիական առանցքի ձևավորման համար, որը բացի Իրանից ներառում է Սիրիան, Իրաքը, Լիբանանում ամուր դիրքավորված Հեզբոլահը, մասամբ Բահրեյնն ու Եմենը։ Ծոցի բոլոր սուննի երկրները կիսում են այն տեսակետը, որ Թեհրանն ունի տարածաշրջանում գերիշխելու ծրագրեր։ Այդպիսով, Իսրայելն ու Ծոցի երկրները միավորվում են ընդհանուր թշնամու դեմ[55]։
Ըստ Ռոդիեի՝ Wikileaks-ի շնորհիվ պարզվեց, որ Իսրայելը հստակ կապեր է ձևավորել Պարսից ծոցի երկրների հետ, իրականացրել ոչ պաշտոնական հանդիպումներ, որտեղ առանձնանում է Կատարը։ Երկու երկրների միջև ակտիվորեն զարգանում են տնտեսական կապերը, մասնավորապես՝ Իսրայելում Կատարի ներդրումների շնորհիվ[56]։ Իսրայելն ու Ծոցի երկրները տարածաշրջանում այլ շահեր ևս ունեն․ «Պարսից ծոցի բոլոր երկրները ձգտում են պահպանել գործող իշխանությունը և մեծ անվստահություն ունեն այն ամենի նկատմամբ, ինչը կարող է հարցականի տակ դնել իշխանության կայունությունը։ Իսրայելը նախընտրում է հարաբերություններ հաստատել ծանոթ գործընկերների հետ, այլ ոչ թե այն պետությունների, որոնք ընկնում են հեղափոխական արկածախնդրության մեջ։ Բացի այդ, Իսրայելն ու Ծոցի երկրները շահագրգռված չեն, որ ինչ-որ տեղ իշխանության գան արմատական իսլամիստներ, ինչպիսիք են Իսլմական պետություն խմբավորումն ու ալ Քաիդան։ Բացի այդ, ըստ Ռոդիեի, ամերիկացիները գնալով ավելի են հեռանում Մերձավոր Արևելքից, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնեն Հեռավոր Արևելքին։ ԱՄՆ-ի նման դիրքորոշումն անհանգստացնում է Իսրայելին ու արաբական երկրներին»[57]։
Անդրադառնալով Իսրայելի ու Ծոցի երկրների հետագա համագործակցությանը՝ Ռոդիեն հստակեցնում է․ քանի դեռ պաղեստինյան հարցը չի կարգավորվել, Իսրայելի ու արաբական երկրների միջև բացահայտ դիվանագիտական կապեր չեն ձևավորվի։ Ավելի շուտ, հենց պաղեստինյան հարցը թույլ չի տալիս, որպեսզի այդ դաշինքը դառնա պաշտոնական։ Բացի այդ, «Իսրայելի նվաճողական քաղաքականությունը, մասնավորապես Երուսաղեմի շուրջ, սրերով է ընկալվում արաբական պետությունների հանրային կարծիքում։ Թեև այդ հանրությունը ղեկավարում են դիկտատորներ, այդուհանդերձ, նրանք ձգտում են պաղեստինյան պայքարի հարցում հաշվի նստել բնակչության վերաբերմունքի հետ։ Խնդիրն այն է, որ Իսրայելի նկատմամբ չափից ավելի բարյացակամ դիրքորոշումը կհրահրի ներքին բողոքի շարժումներ»[58]։
Իսրայելի արտգործնախարարության նախկին գլխավոր փոխտնօրեն Ալեքսանդր բեն Ցվիի (Alexander Ben Zvi) կարծիքով, «Սաուդյան Արաբիան կարևոր խաղացող է ոչ միայն Իսրայելի համար։ Պարսից ծոցի փոքր երկրների նկատմամբ Իրանի ճնշումը բավական զգայուն է։ Այդ երկրների համար հիմնական խաղացողը Իսրայելը չէ, այլ՝ Սաուդյան Արաբիան։ Ամեն դեպքում, եթե մենք ասում ենք, որ Իսրայելի գլխավոր ռազմավարական սպառնալիքը Իրանն է, ապա անկասկած, Սաուդյան Արաբիան, որը հակազդում է Իրանին, նույնպես կարևոր խաղացող է այդ համակարգում»[59]։
Քնեսեթի արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախկին անդամ Քսենիա Սվետլովան (Ksenia Svetlova) նշում էր․ «Հայտնի է, որ Իսրայելի շփումները Պարսից ծոցի երկրների հետ մեկնարկել են Իրանի հետ գործարքից դեռ շատ առաջ։ Հիմա պարզ է, որ Պարսից ծոցում Իսրայելի հետ հակամարտելու հարցում շահագրգռվածություն չկա։ Հակառակը՝ կա ըմբռնում, որ անհրաժեշտ է ինչ-որ կերպ դուրս գալ հակադրությունից, քանի որ դա շահավետ չէ ո՛չ Իսրայելին, ո՛չ էլ արաբական երկրներին»[60]։
Փորձագետները գտնում են, որ վերջին շրջանում Պարսից ծոցում Վաշինգտոն-Թեհրան միջնորդավորված ռազմական գործողությունների ակտիվացումն աշխուժացրեց Իսրայելի և Ծոցի երկրների համագործակցությունը։ 2019-ի մայիսին, ԱՄՆ-Իրան հակամարտությունը սրվեց, և Թեհրանին մեղադրեցին Ծոցում նավթային տանկերների վրա հարձակումների համար, խոցվեց ամերիկյան ԱԹՍ-ն, հարձակման ենթարկվեցին Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման օբյեկտները։ Այդ ամենը համալիր խնդիրներ է առաջացնում Ծոցի երկրների և մասնավորապես՝ ԱՄԷ-ի, Բահրեյնի ու Սաուդյան Արաբիայի համար, քանի որ հակամարտության սրացումը ազդեցություն է թողնում նավթային բեռնափոխադրումների վրա[61]։
2019-ի վերջին ԱՄՆ զինված ուժերի շտաբների հրամանատարական միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին (Mark Milley) այցելեց Իսրայել և Ծոցի տարածաշրջան (Հորդանան, Բահրեյն, Քուվեյթ, Իրաք և Սաուդյան Արաբիա)՝ տարածաշրջանային դաշնակիցներին «հանդարտեցնելու»[62], հանդիպեց ռազմաքաղաքական ղեկավարության հետ[63]։ Միլին անդրադարձավ նաև Իրանի զսպման անհրաժեշտությանը․ «Բոլոր առաջնորդներին հայտնեցի, որ Միացյալ Նահանգները շարունակում է գնահատել իրենց գործընկերությունը, և մենք ունենք ընդհանուր պատճառ ընդհանուր սպառնալիքների դեմ ու պետք է հավատարիմ մնանք այդ գործին։ Բոլոր առաջնորդներն արտահայտեցին հստակ, միանշանակ անհանգստություն Իրանի ագրեսիվ վարքագծի հարցում․ նրանք բոլորը խոսում էին Իրանի գործադրած ջանքերի մասին՝ սահմանափակելու Հորմուզի նեղուցով և Օմանի ծոցով նավագնացության ազատությունը»[64]։
Rice University’s Baker Institute for Public Policy-ի 2016-ին հրապարակած «Իսրայելը և Ծոցի արաբական երկրները» զեկույցում նշվում էր․ «2016-ի հուլիսին սաուդցի ակադեմիական և գործարար շրջանակներից բաղկացած պատվիրակության այցը Իսրայել լույս սփռեց Պարսից ծոցի համագործակցության խորհրդի 6 պետությունների և Իսրայելի զուսպ հարաբերությունների վրա։ 2011-ի արաբական ապստամբությունների, 2015-ի Իրանի միջուկային համաձայնագրի արդյունքում ընդհանուր շահեր առաջացան․ Երուսաղեմում և Ծոցի համագործակցության խորհրդի երկրների մայրաքաղաքներում շփոթմունք կար՝ կապված Մերձավոր Արևելքում Օբամայի վարչակազմի քաղաքականության հետ»[65]։ Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսին սաուդցի պաշտոնաթող գեներալ Անվար Էշքին (Anwar Eshki) այցելեց Իսրայել, որտեղ Էր Ռիադի խաղաղության նախաձեռնության շուրջ Իսրայելի հետ երկխոսության զարգացման նպատակով հանդիպումներ ունեցավ Քնեսետի անդամների հետ. գեներալի գլխավորած պատվիրակության կազմում էին նաև սաուդցի գիտահետազոտական, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչները։ Գեներալը հանդիպեց նաև ԱԳՆ գլխավոր տնօրեն Դորի Գոլդի (Dore Gold) հետ[66]։
2016-ին Իսրայելի ԱԳՆ քաղաքականության պլանավորման նախկին ղեկավար Էրան Էցիոնի (Eran Etzion) գնահատմամբ դեռևս 2009-ին արդեն պարզ էր, որ Իսրայելի և Ծոցի երկրների հետախուզության ու անվտանգության ոլորտի ավագ պրոֆեսիոնալները համագործակցում էին, սակայն դա չէր նշանակում, որ դիվանագիտական ոլորտում որևէ առաջխաղացում կար»[67]։
Դոհայի ինստիտուտի հակամարտությունների և հումանիտար հետազոտությունների կենտրոնի (Centre for conflict and humanitarian studies at the Doha institute) տնօրեն Սուլթան Բարաքաթի (Sultan Barakat) կարծիքով, «Թրամփի համարձակ ու անզիջում աջակցությունը Իսրայելին, Իրանի հակազդման նպատակով կոալիցիայի մոբիլիզացման հարցում Թրամփի շահագրգռվածությունը Պարսից ծոցի երկրներին երկմտելու հիմք գրեթե չէին տալիս, երբ գործը հասնում էր Իսրայելի հետ հարաբերությունների մակարդակը ընդունելու մասին։ 2018-ին Էր Ռիադն իր հերթին ճնշումներ բանեցրեց Ծոցի երկրների նկատմամբ՝ Իսրայելի հետ վերջիններիս հարաբերությունների բարելավման նպատակով․ այդ ժամանակ Սաուդյան Արաբիան Վաշինգտոնի ու Թել Ավիվի հետ ձևավորեց դիվանագիտական դաշինք՝ պաշտպանելու Հաշոգիի գործով քննադատությունում հայտնված Մուհամադ բին Սալմանին։ Ինչ վերաբերում է Օմանին, ապա վերջինս դժվար թե տեղի տա Իսրայելի ու ԱՄՆ-ի ճնշումներին՝ անվերահապորեն բարելավելու հարաբերությունները Իսրայելի հետ»[68]։
Konrad Adenauer stiftung-ի 2020թ․ «Ծոցի երկրների հարաբերությունները Իսրայելի հետ» զեկույցում նշվում էր․ «Ծոցի երկրների արձագանքը Թրամփի խաղաղության ծրագրին կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ՝ Ծոցի երկրները աջակցում են խաղաղությանը պաղեստինցիների ու իսրայելցիների միջև, սակայն՝ ոչ առաջարկված Խաղաղության ծրագրին»[69]։ Նշենք, որ Սպիտակ Տանը տեղի ունեցած Ծրագրի հռչակման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ԱՄԷ-ի, Բահրեյնի և Օմանի դեսպանները։ Դա թույլ էր տալիս որոշ փորձագետների ասել, որ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Կատարը չեն աջակցում Ծրագրին։ Սակայն, հնարավոր չէ նաև պնդել, որ արարողությանը ներկա երկրները միանշանակ աջակցում են Ծրագրին․ 2020-ի փետրվարին Արաբական երկրների լիգայի նիստին Ծոցի երկրների արտգործնախարարները մերժեցին Ծրագիրը՝ համարելով այն միջազգային իրավունքի խախտում[70]։
Զեկույցի համաձայն, «2003-ին Իրաք ԱՄՆ ներխուժումից հետո Իրանի ազդեցությունը տարածաշրջանում աճեց։ Գիտնականներից ու քաղաքական գործիչներից շատերը հաստատում էին, որ աշխարհաքաղաքական, տեխնոլոգիական և ժողովրդագրական նոր գործոնները ստեղծել են նոր դինամիկա արաբական աշխարհում, որոնք նվազեցրել են պաղեստինյան հիմնահարցի կարևորությունը, և այսպիսով ճանապարհ են բացում Իսրայելի և Ծոցի երկրների միջև հարաբերությունների բարելավման համար»[71]։ Այդ գործոններից առանձնացվում էին՝
- Ծոցի երկրները, գլխավորապես՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Բահրեյնը պատրաստ են զոհաբերել իրենց աջակցությունը պաղեստինցիներին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դաշինքի դիմաց՝ արաբական աշխարհում Իրանի աճող ազդեցության հակազդման և Իրանի միջուկային ու բալիստիկ հրթիռների ծրագրերը դադարեցնելու նպատակով։
- Մուհամադ բին Սալմանի Vision 2030 նախագիծը և հատկապես՝ Կարմիր ծովում Նեոմ քաղաքի ստեղծման նախաձեռնությունն Իսրայելի հետ խաղաղություն են պահանջում։
- Քաղաքացիների վերահսկողության նպատակով Ծոցի երկրներին անհրաժեշտ է ձեռք բերել Իսրայելի տեխնոլոգիաները, ինչպես և գերճշգրիտ հրթիռները, որոնք ԱՄՆ-ն և արևմտյան այլ երկրները չեն ցանկանում վաճառել։
- Եվ վերջապես, երիտասարդ սերունդը, որը Ծոցի երկրների բնակչության ավելի քան 60%-ն է, ավելի քիչ է մտահոգված պաղեստինյան հիմնահարցով, քան ավագ սերունդը, ինչը կարող է դյուրացնել Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումը»[72]։
Ըստ զեկույցի՝ «Ծոցի երկրներին դրդեց Իսրայելի հետ հարաբերություններ զարգացնել Օբամայի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության փոփոխությունը։ ԱՄԷ-ն, իսկ հետո նաև Սաուդյան Արաբիան եկան այն համոզման, որ 2011-ի արաբական ապստամբությունների ընթացքում Օբամայի վարչակազմը դեմ չէ ԱՄՆ տարածաշրջանային ավանդական դաշնակիցներին փոխարինել նոր վարչակարգերով, նույնիսկ եթե նրանք աջակցում էին Մուսուլման եղբայրների գաղափարախոսությանը։ Այլ կերպ ասած՝ եթե նախկինում Ծոցի երկրները զգալի ռեսուրս էին ծախսում ԱՄՆ աջակցությամբ կանխելու Իրանի իսլամական հեղափոխության տարածումը իրենց երկրներում, ապա 2011-ին այդ երկրները ստիպված էին հակազդել սուննի մուսուլմանական հեղափոխություններին արդեն միայնակ՝ համարելով դրանք իրենց պետությունների համար ավելի մեծ սպառնալիք, քան շիական Իրանն էր[73]։ Եվ երկրորդ՝ Ծոցի երկրների առաջնորդները գտնում էին, որ Օբամայի վարչակազմը գաղտնի բանակցություններ է վարում Իրանի հետ՝ միջուկային ծրագրի շուրջ՝ առանց այդ մասին տեղեկացնելու Ծոցի երկրներին․․․։ Վերջապես, Ծոցի երկրները հավատացած էին, որ ԱՄՆ-ն նվազեցնել ռազմական ներկայությունը տարածաշրջանում, հատկապես, երբ նվազեց նրա կախվածությունը Ծոցի երկրների նավթից։ Բացի այդ, նրանք համոզված էին, որ ԱՄՆ-ն ծրագրում էր Ծոցի տարածաշրջանի համար մի նոր անվտանգային համակարգ, որում ներառվելու էր Իրանը[74]։
Իրավիճակը, սակայն փոխվեց Թրամփի ընտրությունից հետո․ ԱՄՆ նախագահը հրաժարվեց Իրանի հետ միջուկային պայմանագրից, խստացրեց վերջինիս տնտեսական պատժամիջոցները և իր աջակցությունը հայտնեց արաբական վարչակարգերին։ Մերձավոր Արևելքում Օբամայի քաղաքականության վերափոխման Թրամփի առաջարկած գինն այնքան բարձր էր, որ Ծոցի երկրները միգուցե չկամենային վճարել։ Իրանի միջուկային գործարքի դադարեցման դիմաց Թրամփի վարչակազմը առաջարկեց շահավետ պայմանագրեր Ծոցի երկրների հետ՝ 100 մլրդ դոլար արժողությամբ․ փոխարենն անհրաժեշտ էր անվերապահ աջակցել Թրամփի ծրագրին՝ լուծելու պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, Իսրայելի հետ ստորագրել չհարձակման համաձայնագիր և վերջինիս հետ դաշինք կազմել։ Ըստ զեկույցի, առկա է 5 պատճառ, որոնք կարող են Ծոցի երկրներին ետ պահել ընդունելու այդ բարձր գինը․
- ԱՄՆ-ում նախընտրական տարի է․ մինչև Թրամփը չվերընտրվի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի համար Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումը հրատապ չէ։ Սպիտակ տան դեմոկրատական նոր վարչակազմը կարող է այլ քաղաքականություն որդեգրել, ինչը կարող է նվազեցնել Իսրայելի կարևորությունը։
- Թրամփի վարչակազմն ապացուցել է, որ ի վիճակի չէ գործ ունենալ Ծոցի տարածաշրջանում Իրանի սադրանքների հետ, ինչը պարզ դարձավ 2019-ի սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի արևելքում նավթավերամշակման օբյեկտների ուղղությամբ Իրանի կամ նրա հովանավորյալ սուբյեկտների հարձակումից հետո։
- Տպավորությունն է ստեղծվում, որ Թրամփի վարչակազմը փորձում է նվազեցնել ԱՄՆ ներկայությունը Մերձավոր Արևելքում. Թրամփը ընտրությունների ընթացքում խոստացել էր դուրս բերել ԱՄՆ զորքերը Մերձավոր Արևելքից։
- Այն կարծիքը, որ Սաուդյան Արաբիայի երիտասարդ սերունդը ավելի քիչ հետևողական է իր երկրի պատմության կամ ավագ սերնդի համոզմունքներում ընդամենը հիպոթեզ է։ Իրականում, պաղեստինյան հիմնահարցն ապացուցեց, որ բավական զգայուն է։ Օրինակ՝ Իսրայելը հարաբերություններ է հաստատել Եգիպտոսի հետ 1978-ին, սակայն պաղեստինյան հիմնահարցում եգիպտացիների աջակցությունը դեռևս զգալի է։
- Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումը անպայման կդրդի արաբ սուննի մուսուլմանների մի մասին աջակցել Իրանի քաղաքականությանը տարածաշրջանում՝ ուժեղացնելով Իրանին և ստեղծելով լարվածություն Ծոցի երկրներում[75]։
Յոել Գուզանսկու (Yoel Guzansky) հեղինակած «Ծոցի արաբական երկրները և Մերձավոր Արևելքի վերափոխումը» գրքում նշվում է․ «Ծոցի երկրները քաղաքականապես չափավոր են, երբեք չեն պատերազմել Իսրայելի հետ․ Սաուդյան Արաբիան զորք ուղարկեց 1967-ի հունիսին՝ վեցօրյա պատերազմում, Քուվեյթը՝ 1973-ի հոկտեմբերին, սակայն երբեք ներգրավված չեն եղել Իսրայելի զինված ուժերի դեմ մարտական գործողություններին։ Երկրորդ՝ կողմերը չունեն տարածքային վեճեր, երրորդ՝ այդ երկրները համարվում են ամերիկյան կողմնորոշմամբ պետություններ։ Դա թույլ է տալիս շատերին Իսրայելում՝ Ծոցի երկրներին գործընկեր դիտել։ Ծոցի երկրները փաստացի կարծեք թե խթանում են Իսրայելի ու պաղեստինցիների միջև խաղաղության համաձայնագիրը, և երբ նման համաձայնություն ձեռք բերվի, նրանք նույնիսկ կարող են այն ֆինանսավորել»[76],[77]։
[1] https://besacenter.org/perspectives-papers
[2] https://www.washingtonpost.com/archive
[3] https://twitter.com/IsraelintheGulf
[4] https://twitter.com/IsraelintheGulf/status
[5] https://www.newyorker.com/magazine/
[6] https://www.haaretz.com/israel-news
[7] https://www.middleeasteye.net/news
[8] https://www.bakerinstitute.org/media
[9] https://www.haaretz.com/israel-news
[10] https://www.washingtonpost.com/news
[11] https://www.haaretz.com/israel-news
[12] https://www.washingtonpost.com/news
[13] https://business.financialpost.com/pmn
[14] https://business.financialpost.com/pmn
[15] https://news.sky.com/story/gulf-states
[16] https://news.sky.com/story/gulf-states
[17] https://orbeli.am/hy/post/442/2020-05-06/
[18] https://www.kommersant.ru/doc/3812385
[19] https://www.kommersant.ru/doc/3875192
[20] https://orbeli.am/hy/post/442/2020-05-06
[21] https://www.timesofisrael.com/liberman
[22] https://www.kommersant.ru/doc/3812385
[23] https://twitter.com/IsraeliPM/status
[24] https://www.aljazeera.com/news/2018
[25] http://newsru.co.il/mideast/28oct2018
[26] https://www.aljazeera.com/news/2018
[27] https://www.jpost.com/Israel-News/
[28] https://www.jpost.com/israel-news/
[29] https://www.timesofisrael.com/israel
[30] https://www.youtube.com/watch?v
[31] https://mfa.gov.il/MFARUS/ForeignRelations
[32] https://twitter.com/Israel_katz/status/11
[33] https://twitter.com/Israel_katz/status/11
[34] https://www.middleeasteye.net/opinion
[35] https://twitter.com/Israel_katz/status
[36] https://www.timesofisrael.com/appearing
[37] https://www.timesofisrael.com/bahrains
[38] https://orbeli.am/hy/post/442/2020-05-06
[39] https://www.jpost.com/israel-news/minist
[40] https://www.jpost.com/israel-news/minis
[41] https://www.jpost.com/israel-news/mini
[42] https://www.reuters.com/article/us-israe
[43] https://www.reuters.com/article/us-israe
[44] https://www.theguardian.com/news
[45] https://www.timesofisrael.com/in-clip
[46] https://www.theguardian.com/news/
[47] https://www.timesofisrael.com/in-clip
[48] http://newsru.co.il/israel/26oct2018
[49] https://institute.global/sites/default/files
[50] https://institute.global/sites/default/files
[51] https://institute.global/sites/default/files/
[52] https://institute.global/sites/default
[53] http://www.iimes.ru/?p=45582
[54] https://www.huffpost.com/entry/why
[55] https://inosmi.ru/politic/20160304/2
[56] https://inosmi.ru/politic/20160304/235
[57] https://inosmi.ru/politic/20160304/23
[58] https://inosmi.ru/politic/20160304/23
[59] http://www.ng.ru/world/2018-11-06/1
[60] http://www.ng.ru/world/2018-11-06/1
[61] https://www.atlanticcouncil.org/blogs
[62] https://www.atlanticcouncil.org/blogs
[63] https://www.defense.gov/Explore/News
[64] https://www.defense.gov/Explore/News
[65] https://www.bakerinstitute.org/media/files
[66] https://orbeli.am/hy/post/442/2020-05-06
[67] https://www.bakerinstitute.org/media
[68] https://www.aljazeera.com/indepth
[69]https://www.kas.de/documents/286298
[70]https://www.kas.de/documents/286298
[71]https://www.kas.de/documents/286298
[72]https://www.kas.de/documents/286298
[73]https://www.kas.de/documents/286298
[74]https://www.kas.de/documents/286298
[75]https://www.kas.de/documents/2862
[76] https://link.springer.com/book/10
[77] https://link.springer.com/content/pdf
-
Narek2020-06-26
Շատ խորը և մասնագիտական հետազոտություն, խորին շնորհակալություն