Էր Ռիադի և Թել Ավիվի երկխոսությունը

22 ր.   |  2020-05-06

1 948-ին հրեական պետականության վերականգնումը վերափոխեց Մերձավոր Արևելքի առաջատար խաղացողների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի խաղաթղթերը։ Հաջորդ տասնամյակներում Էր Ռիադի մերձավորարևելյան քաղաքականությունում առանցքային հարցերից մեկը պաղեստինյան հարցի «արդարացի» կարգավորումն էր։ Իրականում Սաուդյան Արաբիային մտահոգում էր Մերձավոր Արևելքում, ի դեմս Իսրայելի, նոր հակառակորդի ի հայտ գալն ու ազդեցության գոտիների վերաբաշխման հնարավոր վտանգները։ Տարածաշրջանում Իսրայելի աճող ազդեցության զսպման ու հակազդման կարևոր գործիք էր պաղեստինյան հիմնահարցը, որը կարող էր միավորել արաբական, ինչպես և իսլամադավան աշխարհը։  

Արաբական աշխարհն իր շուրջը համախմբելու Էր Ռիադի ակնկալիքները մեծ էին հատկապես արաբա-իսրայելական պատերազմների ժամանակաշրջանում, երբ պաղեստինյան հիմնահարցի շուրջ հիմնականում դրսևորվում էր արաբ ժողովուրդների համերաշխությունը։

Իրավիճակը, սակայն, սկսեց փոխվել նախորդ դարի 90-ականներից և հատկապես 2000-ականներից․ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերություններում աստիճանաբար առաջնային էր դառնում տարածաշրջանում Թեհրանի աճող ազդեցության ու հավակնությունների զսպման խնդիրը։

Թիրախավորելով Իրանը՝ Իսրայելի նկատմամբ Սաուդյան Արաբիայի նախկին կոշտ դիրքորոշումը որոշակիորեն մեղմացավ։

Էր Ռիադի և Թել Ավիվի հակասությունների նվազեցման, հետագայում՝ շահերի համատեղման հարցում կարևոր էր նաև արտաքին՝ ամերիկյան գործոնը․ Վաշինգտոնն իր մերձավորարևելյան քաղաքականության ռազմավարությունը զգալիորեն կառուցում է իր վստահելի գործընկերների՝ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ դաշնակցային տրամաբանությամբ։ Ավելին, վերջին տարիներին Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերությունների սրացումն է՛լ ավելի ընդգծեց ինչպես Էր Ռիադի, այնպես էլ Թել Ավիվի դերակատարությունը Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականությունում։

Իհարկե, պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում Սաուդյան Արաբիան ի պաշտոնե շարունակում է պահպանել համերաշխությունն արաբական աշխարհի հետ, ինչը, թերևս, անհրաժեշտ է Սաուդյան Արաբիային արաբական աշխարհն իր շուրջը համախմբելու և առաջատար երկիր ներկայանալու տեսանկյունից։  

Մ երձավոր Արևելքում Սաուդյան Արաբիայի ազդեցության ընդլայնմանն էր ուղղված 2002-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության համապարփակ կարգավորման Էր Ռիադի խաղաղության նախաձեռնությունը (Saudi intitiative)։ Էր Ռիադի համար խաղաղության ծրագիրը նաև հնարավորություն էր Իսրայելի հետ հակասությունները հարթելու, հակաիրանական ճամբարը ձևավորելու համար։ Սկզբանական շրջանում թեև նախաձեռնությանը Թել Ավիվի արձագանքը ընդհանուր առմամբ մերժողական էր, սակայն կողմերն աստիճանաբար կարողացան երկխոսության դաշտ ձևավորել։

2002-ի կեսերին Իսրայելի նախագահ Մոշե Կացավը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Աբդալլահ իբն Աբդ ալ Ազիզին հրավիրեց Երուսաղեմ՝ քննարկելու Էր Ռիադի նախաձեռնությունը[1], իսկ 2007-ի մարտին Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթը զգուշավոր ողջույնով  (cautious welcome) ընդունեց այն[2]։

Ավելի ուշ՝ 2015-ին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նշում էր․ «Նախաձեռնությունում կան և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Նախաձեռնության առաջարկից անցել է 13 տարի, և այդ ընթացքում Մերձավոր Արևելքում իրավիճակը փոխվել է։ Սակայն արաբական առաջատար երկրների հետ փոխըմբռնման հասնելու հիմնական գաղափարը լավն է»[3]։ Հիշեցնենք, որ խաղաղության ծրագրով Իսրայելը պետք է հետ քաշվեր մինչ 1967-ի Վեցօրյա պատերազմը եղած սահմանը, որից հետո արաբական երկրները կճանաչեն Իսրայելի պետությունը և դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն[4]։

Ինչպես նկատում են որոշ փորձագետներ, պաղեստինա-իսրայելական հակամարտության համապարփակ կարգավորման և Իսրայելի ու արաբական երկրների երկխոսության Սաուդյան Արաբիայի նախաձեռնությունն անուղղակիորեն փոխկապակցված է 2001 սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ, ինչի արդյունքում Վաշինգտոնը Հյուսիսային Կորեան, Իրաքը, Իրանը հռչակեց «չարի առանցք»[5]։ Անհերքելի է, որ ԱՄՆ, ինչպես նաև Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի մերձավորարևելյան քաղաքականությունում աստիճանաբար մեծանում էր ուշադրությունը Իրանի միջուկային հավակնությունների, տարածաշրջանում իրանական ազդեցության ընդլայնման հարցերի շուրջ։

2006-ի լիբանան-իսրայելական (Հեզբոլլահ-Իսրայել) պատերազմը, 2006-ի հունվարին Պաղեստինի խորհրդարանական ընտրություններին Համաս խմբավորման հաղթանակը մեծացրեց Իսրայելի հետաքրքրությունը Էր Ռիադի խաղաղ նախաձեռնության նկատմամբ, որն էլ հնարավորություն էր Թել Ավիվ-Էր Ռիադ շահերի համատեղման առարկայացման համար[6]։ Կարող ենք ասել, որ ինչ-որ առումով Էր Ռիադի խաղաղության նախաձեռնությունը Իսրայելի հետ երկխոսելու պատրաստակամության ուղերձ էր։

2 000-ականների կեսերից արաբական, իրանական, ինչպես նաև իսրայելական լրատվականներում հաճախակիացան Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի միջև գաղտնի հանդիպումների, բանակցությունների մասին հրապարակումները։ Ըստ այդ աղբյուրների, 2006-ի սեպտեմբերին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում կայացավ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթի և Սաուդյան Արաբիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Բանդար իբն Սուլթանի հանդիպումը։ Հաղորդվում էր, որ կողմերը հանդիպեցին՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրն ու Սաուդյան Արաբիայի խաղաղության նախաձեռնությունը[7]։

Բանդար իբն Սուլթանն ալ Սաուդն առանցքային կերպար է Էր Ռիադի մերձավորարևելյան քաղաքականությունում։ 1983-2005թթ․ նա եղել է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը, 2005-ին նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար և զբաղեցրել այդ պաշտոնը մինչև 2015-ի հունվարը[8]։ 2012-2014թթ․ Սաուդյան Արաբիայի հետախուզության ծառայության գլխավոր տնօրենն էր։ 2014-ի հուլիսից 2015-ի հունվար Բանդար իբն Սուլթանն Սաուդյան Արաբիայի Աբդալլահ թագավորի հատուկ հանձնակատարն էր։

Նա կարևոր մասնակցություն է ունեցել Պաղեստինի, Լիբանանի ներքաղաքական հակասությունների կարգավորման գործում։ Զգալի է նրա միջնորդական առաքելությունը Վաշինգտոնի և Թեհրան բանակցություններում․ հատկապես շատ է խոսվում Բանդար իբն Սուլթանի և Իրանի միջուկային հարցերով բանակցող Ալի Լարիջանիի միջև հանդիպումների մասին։ Փորձագետները բարձր են գնահատում Բանդար իբն Սուլթանի դերը Էր Ռիադ-Թել Ավիվ երկխոսության հարթակի ձևավորման, կողմերի միջև շփումների ակտիվացման գործում։

Պաշտպանության ու հետախուզության նախկին բարձրաստիճան սպաների վկայությամբ, Բանդար իբն Սուլթանն Իսրայելի հետ կապեր հաստատել է դեռևս 1990-ականներից։ 1990-ականներին Թել Ավիվի հետ բանակցություններում առանցքային երկու հարցերից մեկը Իրաքից եկող սպառնալիքների չեզոքացումն էր, հետագա տարիներին՝ Իրանի գործոնը։ Որոշ աղբյուրների հաղորդմամբ, Օսլոյի պաղեստինա-իսրայելական բանակցությունների փուլում Բանդար իբն Սուլթանն ուղիղ կապի մեջ էր Վաշինգտոնում Իսրայելի դեսպանության հետ և ոչ ֆորմալ շփումներ ուներ դեսպան Իթամար Ռաբինովիչի հետ[9]։

2005-ին Սաուդյան Արաբիան Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցության առիթով պարտավորվեց վերացնել իսրայելական ապրանքների ու ծառայությունների նախկինում սահմանված արգելքը․ կազմակերպության կանոնադրությամբ, կառույցի անդամ-պետությունը չի կարող կառույցի մեկ այլ անդամ-պետության նկատմամբ ունենալ ամբողջական առևտրատնտեսական արգելք։  

Այդուհանդերձ նշենք, որ Սաուդյան Արաբիայի արգելքն այդպես էլ ամբողջապես չհանվեց․ 2006-ի հուլիսին ԱՄՆ-ում Սաուդիան Արաբիայի դեսպանը հայտարարեց, որ իր երկիրը չի դադարեցնելու Իսրայելի հետ առևտրի արգելքը[10]։ Վաշինգտոնը դիրքորոշմամբ, Իսրայելի նկատմամբ տնտեսական-առևտրային արգելքի պահպանումը չի համապատասխանում ԱՀԿ կանոնադրությանը։

Հիշեցնենք, որ դեռ 2005-ի նոյեմբերին Սաուդյան Արաբիան հայտարարել էր Իսրայելի նկատմամբ տնտեսական արգելքի վերացման պատրաստակամության մասին, սակայն այդպես էլ շարունակեց արգելել Իսրայելում արտադրված, ինչպես նաև իսրայելական արտադրական բաղադրիչ ունեցող այլ երկրների ապրանքների մուտքը Սաուդյան Արաբիա[11]։

Պետք է նկատել, որ Իսրայելի նկատմամբ Սաուդյան Արաբիայի առևտրատնտեսական արգելքի մեղմացումը դրական անդրադարձավ կողմերի միջև երկխոսության ձևավորման վրա։  

Հ ատկանշական է, որ վերջին տարիներին հաճախակիացել է արաբ սուննիական վարչակարգերի և Իսրայելի կառավարության, հատուկ ծառայություններում աշխատած նախկին զինվորականների շփումների մասին տեղեկությունները։ Տեղեկատվության մի զգալի հատված վերաբերում է Իսրայելի ժամանակակից սպառազինության մատակարարման հնարավորություններին։ 2011-ին լուրեր հայտնվեցին, որ Իսրայելը հավանություն է տվել Գերմանիայի կողմից Սաուդյան Արաբիային Leopard տեսակի (2A7+) 200 տանկերի վաճառքի գործարքին[12]։

Ըստ գերմանական Spiegel պարբերականի, Բեռլինը մտադիր էր սաուդական կողմին վաճառել ժամանակակից տանկեր[13]։ Հիշեցնենք, որ 1980-ին Գերմանիայի կառավարությունն արգելում էր երկրի հայրենական ռազմարդյունաբերական ընկերություններին տանկ մատակարարել Էր Ռիադին[14]։ Spiegel-ը հաղորդում էր․ «Վերջին տասնամյակներում Գերմանիայի կառավարությունը մերժել էր Leopard տանկերի մատակարարման Սաուդյան Արաբիայի առաջարկները՝ մտավախություն ունենալով, որ գործարքները կարող են սպառնալիք լինել Իսրայելի անվտանգությունը, սակայն Իսրայելի բարձրտեխնոլոգիական պաշտպանական համակարգն այդ գործարքում սպառնալիք այլևս չի տեսնում»[15]։  

2010-2016թթ․ Գերմանիան Սաուդյան Արաբիային մատակարարել է շուրջ $2․9 մլրդ սպառազինություն ու ռազմական տեխնիկա[16]։ 2018-ի հոկտեմբերին, սակայն, Գերմանիան ժամանակավորապես դադարեցրեց սպառազինությունների վաճառքը՝ պայմանավորված սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությամբ, իսկ հետագայում սպառազինության մատակարարման արգելքը երկարաձգվեց մինչև 2019-ի սեպտեմբեր՝ պայմանավորված Եմենի հետ ռազմական գործողություններով։

2015-ի մայիսին The Times of Israel պարբերականում հրապարակված հոդվածում նշվում էր, որ Թել Ավիվը մտադիր էր Սաուդիան Արաբիային տրամադրել Երկաթյա գմբեթ (Iron Dome) ՀՕՊ համակարգ՝ Եմենի հութիների կողմից արձակվող հրթիռների չեզոքացման նպատակով[17]։ Աղբյուրի համաձայն, սաուդական կողմը, սակայն, մերժել էր։ Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջնորդավորված պատերազմում Թեհրանը տարատեսակ աջակցություն է ցուցաբերում հութիներին ։ Այդուհանդերձ, թերևս քիչ է հավանականությունը, որ Թել Ավիվ-Էր Ռիադ հարաբերությունների ներկայիս պայմաններում Իսրայելը համաձայներ Էր Ռիադին տրամադրել ռազմավարական նշանակության Երկաթյա գմբեթ ՀՕՊ համակարգ։

2016-ին Էր Ռիադը նախատեսում էր Հարավաֆրիկյան հանրապետության (ՀԱՀ) հետ համատեղ հիմնել ԱԹՍ-երի արտադրության գործարան, որի նպատակը, ըստ աղբյուրի, սաուդական կողմ՝ ՀԱՀ-ի միջոցով իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ գնելն էր։ Տեղեկատվությունը տրամադրել էր Mujtahid ծածկանվամբ սաուդցի ռազմական հայտնի փորձագետը, ով 2000-ականների սկզբներին իր թվիթերյան էջում  հաճախակի էր տեղեկատվական արտահոսքեր տալիս Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի վերաբերյալ։ ԱԹՍ-երի գործարքի հետ կապված, վերլուծաբանը նպատակ ուներ ներկայացնել, թե ինչ մեխանիզմնով է գործում երկկողմ համագործակցությունը[18]։ Սաուդցի ռազմական փորձագետը մեղադրանքներ հնչեցրեց Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մուհամմադ իբն Սալմանի հասցեին, ըստ որի վերջինս իսրայելական արտադրության ԱԹՍ-երի ձեռքբերման գործում սպասարկում էր Իսրայելի շահերը։ Ըստ որոշ փորձագետների, Մուհամմադ իբն Սալմանը երկրի երկրորդ ազդեցիկ պաշտոնյան էր և առանցքային դերակատարություն ուներ Էր Ռիադ-Թել Ավիվ շփումներում։

Հատկանշական է, որ տարիներ շարունակ Սաուդյան Արաբիան փորձել է ուժեղացնել երկրի զինված ուժերը ԱԹՍ-երի հնարավորություններով։ 2013-ին սաուդական կողմը քննարկում էր այդ թվում ՀԱՀ-ից (Denel Dynamics ռազմարդյունաբերական ընկերությունից) հետախուզական նշանակության ԱԹՍ-եր ձեռք բերելու հնարավորությունը։ Իսրայելը ԱԹՍ-երի արտադրության համաշխարհային առաջատար երկրներից է, սակայն երկկողմ հնարավոր գործարքը, հասկանալի պատճառներով, կհանգեցներ արաբական աշխարհի սուր քննադատությանը։  

Ըստ որոշ տվյալների, 2015-ին Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը, ով գործարարությամբ էր զբաղվում, ԱՄԷ-ում գտնվող միջնորդից ստացել էր հարձակողական կիբերտեխնոլոգիաների ձեռքբերման հարցում Սաուդիան Արաբիային աջակցելու առաջարկ։ The Marker պարբերականի լրագրող Գուր Մեգիդոյի հաղորդմամբ[19], միջնորդը հավաստիացնում էր, որ իր ետևում կանգնած է սաուդական թագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանը և նրա եղբայր Խալեդ իբն Սալմանը։ Թերթի տվյալներով, միջնորդը թվարկել էր այն ընկերությունները, որոնց արտադրանքով հետաքրքրված է Էր Ռիադը։ Սակայն գործարքն այդպես էլ չիրականացվեց[20]։

2018-ի հոկտեմբերին ԱՄԷ-ում գործող Ալ–Խալիջ լրատվական կայքը հաստատում էր, որ Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները գաղտնի հանդիպել են և ստորագրել Էր-Ռիադին $250 մլն արժեքով հետախուզական ժամանակակից սարքավորումների մատակարարման գործարք[21]։ Կայքը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաստատում էր, որ սարքավորումների մի մասն արդեն մատակարարվել է։

2018-ի հունվարին շվեյցարական Basler Zeitung պարբերականը նշում էր, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել իսրայելական արտադրության Մերկավա տանկերի համար նախատեսված հակատանկային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցում[22]։

2 015-ի հունիսին Միջազգային հարաբերությունների խորհրդի վաշինգտոնյան գրասենյակում (Washington office of the Council on Foreign Relations) Մերձավոր Արևելքում Թեհրանի ազդեցության զսպման, ընդհանուր շահերի հակազդման հարցերի քննարկման նպատակով հանդիպեցին սաուդցի պաշտոնաթող գեներալ-մայոր Անվար Էշքին (Anwar Eshki) և ՄԱԿ-ում Իսրայելի նախկին դեսպան Դորի Գոլդը (Dore Gold)։ Կողմերը քննարկել են Իրանի հակազդման ընդհանուր շահերը։ Աղբյուրը նշում է, որ երկու նախկին պաշտոնյաները քանիցս են հադիպել։ Ենթադրաբար, խոսքը չհրապարակված հանդիպումների մասին է։ Հանդիպմանը Դորի Գոլդը նշում էր․ «մենք՝ երկու կողմերս, Միացյալ Նահանգների դաշնակիցներն ենք, և ես հուսով եմ, որ համընդհանուր ռազմավարական հարցերի շուրջ սա մեր քննարկումների մեկնարկն է»[23]։ Հանդիպման մասին New York times-ը նշում էր, որ թեև կողմերը չունեն դիվանագիտական հարաբերություններ, Սաուդյան Արաբիայի կառավարությունը երբեք պաշտոնապես չի ճանաչել Իսրայելի պետությունը, սակայն երկու երկրները տարիներ շարունակ համագործակցում են հետախուզական տվյալների փոխանակմամբ՝ հատկապես Իրանի վերաբերյալ[24]։


Դորի Գոլդի և Անվար Էշքիի հանդիպումը, 2015-ի հունիս։
Աղբյուրը՝ https://www.timesofisrael.com

Դորի Գոլդը զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ Իսրայելի տարբեր կառավարություններում․ 1996-1997թթ․ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի արտաքին հարցերով խորհրդականն էր, 1997-1999թթ․-ին՝ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը։ 2002-2004թթ․ նշանակվեց նախկին վարչապետ Արիել Շարոնի խորհրդական։ 2015-ի մայիսին Նեթանյահուն Գոլդին նշանակեց ԱԳՆ գլխավոր տնօրեն (Director-General of the Israeli Ministry of Foreign Affairs), պաշտոնավարեց մինչև 2016-ի հոկտեմբեր։ Դ․ Գոլդը ներկայում Jerusalem Center for Public Affairs (JCPA) հետազոտական կենտրոնի նախագահն է[25]։ Գոլդը կարևոր մասնակցություն է ունեցել Իսրայելի և արաբական երկրների բանակցություններում։ Նկատենք նաև, որ Գոլդի դոկտորական դիսերտացիան Սաուդիան Արաբիայի վերաբերյալ է։

2016-ի հուլիսին պաշտոնաթող գեներալ Անվար Էշքին այցելեց Իսրայել, որտեղ Էր Ռիադի խաղաղության նախաձեռնության շուրջ Իսրայելի հետ երկխոսության զարգացման նպատակով հանդիպումներ ունեցավ Քնեսետի անդամների հետ[26]։ Գեներալի գլխավորած պատվիրակության կազմում էին նաև սաուդցի գիտահետազոտական, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչները։ Գեներալը հանդիպում ունեցավ նաև ԱԳՆ գլխավոր տնօրեն Դորի Գոլդի հետ։ Նշենք, որ Էշքինն ավագ պաշտոններ է զբաղեցրել Սաուդյան Արաբիայի պաշտպանության և արտաքին քաղաքական գերատեսչություններում։


Անվար Էշքինի գլխավորած պատվիրակության հանդիպումը Քնեսետի անդամների հետ, 2016-ի հուլիս
Աղբյուրը՝ https://www.timesofisrael.com

2 009-2010թթ. լուրեր շրջանառվեցին, որ Սաուդյան Արաբիան թույլատրել է իսրայելական կողմին իր օդային տարածքով ավիահարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին[27]։ Ընդ որում, ասում էին, որ այդ տեղեկություւնը հաստատել էր ամերիկյան պաշտպանական աղբյուրներից մեկը և որ այն համաձայնեցված է ԱՄՆ պետդեպարտամենտի հետ[28]։ Սաուդյան Արաբիայի հյուսիային հատվածի օդային նեղ միջանցքի տրամադրումը կկրճատի Իրանին օդային հարվածներ հասցնելու տարածությունը․ թիրախներն Իսրայելից 2250 կմ հեռավորության վրա են։ Ըստ աղբյուրի, նախատեսվում էր թիրախավորել Նաթանզի և Քոմի ուրանի հարստացման օբյեկտները, Սպահանի գազապահեստարանը և Արաքի ծանր ջրով աշխատող ռեակտորը (Araks heavy-water reactor)։

Որոշ տվյալներով, Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար Մեիր Դագանը (Meir Dagan) հավաստիացրել էր վարչապետ Նեթանյահունին, որ Էր Ռիադը համաձայնել է իր օդային տարածքը տրամադրել Իսրայելին[29]։ Նշվում էր, որ 2009-ի սկզբին Դագանը գաղտնի քննարկումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ։ Այդ մասին տեղեկատվությունը հիմնվում էր բրիտանական The Sunday Times թերթում հրապարակված զեկույցի վրա[30]։ Սաուդական կողմը, սակայն, հերքեց այդ տեղեկատվությունը։

2014-ի կեսին Լոնդոնում գործող «Middle East Eye» լրատվականի խմբագիր Դեյվիդ Հիրսթը (David Hearst) հոդված հրապարակեց, ըստ որի պաղեստինա-իսրայելական հակամարտությունում Սաուդյան Արաբիան աջակցել է Իսրայելի գործողութուններին և որ երկու երկրների հետախուզության ծառայությունների պաշտոնյաները կանոնավոր հանդիպումներ են ունեցել[31]։ Հոդվածում հեղինակը վերահաստատում էր, որ Էր Ռիադը թույլատրում է Իսրայելին օգտագործել իր օդային տարածքը Իրանին հարվածելու նպատակով։ Ըստ Հիրսթի, Սաուդյան Արաբիան ֆինանսավորում է Իրանի դեմ Իսրայելի արշավը[32]․ «Սաուդյան Արաբիային և Իսրայելին միավորում են տարածաշրջանում ընդհանուր շահերը։ Կողմերը ապահովագրում են իրենց՝ ներխուժելով հարևան պետություններ (Լիբանան, Եմեն) կամ ֆինանսավորելով միջնորդավորված պատերազմներն ու հեղաշրջումները (Սիրիա, Եգիպտոս, Լիբիա), հակառակորդներ կամ մրցակիցներ են տեսնում՝ ի դեմս Իրանի, Թուրքիայի, Քաթարի, Համասի․․․։ Եվ նրանք ունեն ընդհանուր դաշնակիցներ ի դեմս ԱՄՆ-ի, բրիտանական ռազմական արդյունաբերական ինստիտուտների։ Խնդիրն այն է, որ երկու ռազմական տերությունների միջև պատմության մեջ առաջին անգամ առկա է բաց կոորդինացում»[33]։ Հիշեցնենք, որ Հիրսթի հոդվածի հրապարակվեց 2014-ի հուլիս-օգոստոսին Գազայի հատվածում Իսրայելի «Անխորտակելի ժայռ» ռազմական գործողությունների ժամանակ։

2005-2018թթ. Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դեսպան Մուհամմադ իբն Նաուաֆ իբն Աբդուլազիզը (Mohammed bin Nawaf Al Saud) Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները որակեց «մարդկության դեմ հանցագործություն», սակայն այդպես էլ չհերքեց, որ երկու երկրների ներկայացուցիչները կապեր են ունեցել․ «Սաուդյան Արաբիայի թագավորության և Իսրայելի ցանկացած շփում սահմանափակվել է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված փորձերով»[34]։

2 016-ի ապրիլին Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան ծովային սահմանի սահմանազատման համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի կողմերը համաձայնության եկան Կարմիր ծովում Տիրան և Սանաֆիր կղզիները Սաուդյան Արաբիային հանձնելու շուրջ։ Եգիպտոսը Սաուդյան Արաբիայի հետ մի շարք համաձայնագրեր է կնքել, այդ թվում՝ Սինայի թերակղզում ազատ առևտրի գոտու ստեղծման մասին: Կղզիների կարգավիճակը սահմանվում էր 1979-ին Իսրայելի ու Եգիպտոսի խաղաղության պայմանագրով, և սաուդական կողմը խոստանում էր հարգել պայմանագրի սկզբունքները[35]։ Ռազմավարական նշանակության կղզիները Կարմիր ծովում են՝ Աքաբայի ծոցի հարավային հատվածում։ Իսրայելի կառավարությունն գործարքի վերաբերյալ որևէ բողոք չարտահայտեց։ Քնեսեթի արտաքին հարաբերությունների ու պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ցախի Հանեգբիի խոսքով, «դա վերաբերում է մեզ և չի մտահոգում մեզ»։ Սաուդյան Արաբիայի նախկին արգործնախարար Ադել ալ Ջուբեյրի խոսքով, «կղզիների վերադարձի հարցում որևէ հարաբերություն չի լինելու թագավորության և Իսրայելի միջև․ կա պայմանագիր և պարտավորություններ, որոնք Եգիպտոսը ընդունել է, և թագավորությունը նույնպես պարտավորություն ունի այդ հարցում»։

Ապրիլին Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարեց, որ Սաուդիան Արաբիան ծովով ազատ ելումուտի գրավոր երաշխիք է ներկայացրել[36] և համաձայնել է հարգել խաղաղության պայմանագիրը[37]:


Տիրան և Սանաֆիր կղզիները
Աղբյուրը՝ https://www.haaretz.com

Նշենք, որ Տիրան և Սանաֆիր կղզիների վերահսկողությունը քանիցս անցել է տարբեր կողմերի․ 1967-ի 6-օրյա պատերազմից հետո դրանք անցան Իսրայելին, 1982-ից՝ Եգիպտոսին։ Կղզիների ռազմավարական նշանակությունը նաև նրանում է, որ գտնվում են դեպի Հորդանանի Աքաբա և Իսրայելի Էյլատ նավահանգիստները տանող ծովուղու անմիջական հարևանությանբ։

Ը ստ որոշ աղբյուրների, 2017-ի մարտին Հորդանանում, ամերիկյան և հորդանանյան կողմերի միջնորդությամբ, տեղի ունեցավ Մուհամմադ իբն Սալմանի և իսրայելական պաշտոնատար անձանց հանդիպումը, որտեղ կոորդինացվեցին ռազմական գործողությունները և հետախուզական ծրագրերը։ Հաղորդվում էր, որ նախորդ նման հանդիպումը կայացել էր 2015-ին Էյլատում[38]։  

Ըստ որոշ հաղորդագրումների[39], 2017-ի սեպտեմբերին գաղտնի այցելությամբ Իսրայել էր ժամանել սաուդական թագավորական ընտանիքի ներկայացուցիչներից մեկը, շրջանառվում էր Մուհամմադ իբն Սալմանի անունը։ Տեղեկատվության համաձայն, վարչապետ Նեթանյահուի և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններում սաուդցի թագաժառանգը քննարկել էր սաուդական խաղաղության նախաձեռնությունը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրին համատեղ հակազդելու հարցեր[40]։ Ըստ այդ աղբյուրների, պաշտպանության նախարար Մուհամմադ իբն Սալմանը գեներալ Անվար Էշքիի ուղեկցությամբ այցելել էր Իսրայել[41]։ 2017-ի հոկտեմբերին Էր Ռիադը հայտարարեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը[42]։

2017-ի հունիսին երկու երկրները բանակցում էին տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ․ հաղորդվում էր, որ կողմերը պայմանավորվածություն ունեն իսրայելական Էլ-Ալ ավիաընկերությանը (El Al) թույլ տալ օգտագործելու թագավորության օդային տարածքը։ 2017-ի հուլիսին Իսրայելի հաղորդակցությունների նախարար Այուբ Քարան (Ayoub Kara) բանակցում էր Էր Ռիադի հետ՝ Թել Ավիվ-Մեքքա ուղիղ թռիչքի կազմակերպման շուրջ, որը հնարավորություն կտար Իսրայելի իսլամադավան բնակչությանն այցելել Մեքքա[43],[44]։ Քարայի խոսքով, հարցի առնչությամբ նա կապի մեջ էր Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և այլ երկրների կառավարության ներկայացուցիչների հետ, և վերջիններս պատրաստ էին հարցին լուծում տալ[45]։ Այդ ուղղությամբ կողմերի միջև երկխոսության հնարավորությունը մեծացավ, երբ 2017-ի մայիսին նախագահ Թրամփը առաջին անգամ Սաուդյան Արաբիայից ուղիղ թռիչքով ժամանեց Իսրայել[46]։ Կողմերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի 2018-ի մարտից Aid India ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայի օդային տարածքով կազմակերպելու է Դելի-Թել Ավիվ ուղիղ թռիչքներ[47]։ Այդ մասին հայտարարեց նաև Իսրայելի վարչապետ Նեթանյահուն[48], և առաջին թռիչքը տեղի ունեցավ 2018-ի մարտի վերջին[49]։

2017-ի նոյեմբերին Իսրայելի գլխավոր շտաբի ղեկավար Գադի Այզենկոտն առաջին անգամ հարցազրույց տվեց Լոնդոնում գործող սաուդական Էլաֆ լրատվականին։ Այզենկոտն ընդգծում էր Իրանի դեմ նոր միջազգային կոալիցիայի ձևավորման անհրաժեշտությունը, Իրանի և աջակցող երկրների դեմ պայքարում արաբական երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ հետախուզական տվյալների փոխանակման Թել Ավիվի պատրաստակամությունը։ Նրա խոսքով, Իրանի հարցում Թել Ավիվի և Էր Ռիադի միջև առկա է «լիակատար փոխըմբռնում»․ «Սաուդյան Արաբիան երբեք չի եղել մեր թշնամին և չի մասնակցել Իսրայելի դեմ պատերազմներին»[50]։  

2017-ի դեկտեմբերին Էլաֆին հարցազրույց էր տվել նաև Իսրայելի տրանսպորտի և ճանապարհային երթևեկության անվտանգության նախարար Իսրայել Կացը՝ թագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանին հրավիրելով Իսրայել, սակայն կայքն այդ հատվածը չհրապարակեց[51]։

2018-ի մարտին Times of Israel պարբերականը, հղում անելով էմիրաթական Al Khaleej Times թերթին, նշում էր․ «Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններում նկատվում է ջերմացում, որը, այդուհանդերձ, հրապարակային չէ»[52]։ Հաղորդվում էր, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները եգիպտական կողմի միջնորդությամբ մի քանի գաղտնի հանդիպում են ունեցել Կահիրերում՝ քննարկելու Թրամփի առաջարկած մերձավորարևելյան խաղաղության ծրագիրը («Դարի գործարքը», Middle East peace plan)։ Պարբերականում ասվում էր, որ «երկու երկրների ջերմ հարաբերությունները վնասում են Պաղեստինի իշխանություններին, տպավորություն է, որ Իսրայելն այլևս տարածաշրջանում ամենախոշոր թշնամին չէ»[53]։

Բացի այդ, Լոնդոնում հրապարակվող արաբական Ալ արաբի ալ ջադիդ թերթը 2018-ի մարտին հաղորդում էր, որ Մուհամմադ իբն Սալմանը հանդիպել էր Իսրայելի կառավարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Վաշինգտոնի «Դարի գործարքը»[54]։ Ըստ աղբյուրի, Էր Ռիադը մտադիր էր Իսրայելին ներառել Կարմիր ծովի առափնյա տարածքների զարգացման նախագծում[55]։

2018-ի հունիսին Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, ով զգալի աշխատանք է տարել Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ-Իսրայել համագործակցության ամրապնդման ուղղությամբ, հանդիպել է թագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանի հետ՝ քննարկելու «Դարի գործարքը»[56]։ 2019-ի փետրվարին Քուշները Սաուդյան Արաբիայում կրկին հանդիպեց Սալմանի հետ՝ խաղաղության նախաձեռնության համար երկկողմ համագործակցության ակտիվացման նպատակով[57]։ 2018-ի վերջերին մեդիայում լուրեր շրջանառվեցին, որ Նեթանյահուն և նրա աշխակազմը ջանքեր են գործադրում Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի դիվանագիտական հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Mako պարբերականի հաղորդմամբ, բանակցություններին մասնակցում էր Մոսադի ղեկավար Յոսի Քոհենը, աջակցում էին նաև ամերիկացի դիվանագետները։ Իսրայելական կողմը ձգտում էր, որպեսզի երկու երկրների միջև շփումները դառնան բաց ու պաշտոնական [58],[59]։

2018-ի նոյեմբերին Washington Post-ին տված հարզազրույցում Թրամփը հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայի հետ դաշնակցային հարաբերութունների պահպանումը անհրաժեշտ է Իրանին հակազդելու և Իսրայելին աջակցելու համար․ «Սաուդցիները կարևոր դաշնակից են, առանց նրանց Իսրայելը ավելի շատ խնդիրներ կունենար։ Մեզ պետք է հակազդեցություն Իրանի դեմ»,– ասել էր նա [60],[61]։

2018-ի նոյեմբերին Washingtin Post-ը գրում էր, որ Նեթանյահուն բազմիցս զրուցել է Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ աջակցություն հայտնելով Մուհամմադ իբն Սալմանին՝ սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության կազմակերպման համար թագաժառանգի հասցեին հնչած մեղադրանքների հետ։ Ըստ Նեթանյահուի, թագաժառանգը կարևոր ռազմավարական գործընկեր է մերձավորարևելյան տարածաշրջանում[62]։ Աղբյուրում նշվում էր, որ Իսրայելը, Եգիպտոսը և ԱՄԷ-ն աջակցում են Թրամփի վարչակազմին՝ ընդդեմ Իրանի[63]։

Որոշ փորձագիտական գնահատականներով, Ջամալ Հաշոգիի սպանությունը միտված էր խաթարելու Էր Ռիադի և Թել Ավիվի հարաբերությունները։ Խնդիրն այն է, որ լրագրողի սպանության հետաքննության գործում ուշադրության կենտրոնում էին հայտնվել թագավորական նախկին խորհրդական Սաուդ ալ Քահթանին և Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին փոխնախարար Ահմադ Ասիրին, որոնք երկուսն էլ պատասխանատու էին Էր Ռիադ-Թել Ավիվ կուլիսային բանակցությունների ու գաղտնի հանդիպումների համար։ Նշվում էր, որ Սաուդ ալ Քահթանին պատասխանատու էր սաուդական մեդիա դաշտում Իսրայելի կերպարի բարելավման համար[64]։ Ընդ որում, շեշտվում էր, որ երկուսն էլ Մուհամմադ իբն Սալմանի մտերիմների ու վստահելի խորհրդատուների շարքում են։

Ըստ Washington post-ի, Սաուդ ալ Քահթանիի անունը շրջանառվում էր 2017-ին Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի լրտեսական ծրագրի վաճառքի գործարքում[65]․ Իսրայելը հավանություն էր տվել Սաուդյան Արաբիային NSO ընկերության Pegasus լրտեսական ծրագրի վաճառքին։ Աղբյուրի համաձայն, Էր Ռիադը կարող էր օգտագործել ծրագիրը Ջամալ Հաշոգիի հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների գաղտնալսման համար[66]։

2 019-ի հունվարին Հորդանանում կայացավ արաբական երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որտեղ օրակարգի կարևոր հարցերից մեկը Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումն էր[67],[68]։ 2019-ի մարտին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Եգիպտոսը ձգտում էին Արաբական երկրների լիգայի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի հիմնարար փաստաթղթից հանել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման դեմ դրույթը, սակայն նախագահող Հորդանանը մերժեց առաջարկը[69]։

2019-ի հուլիսին Իսրայել այցելեց արաբական երկրների լրագրողների ու բլոգերների 6 հոգանոց խումբը։ Այցը կազմակերպել էր Իսրայելի կառավարությունը՝ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Թել Ավիվի դիրքորոշմանը ծանոթացման նպատակով։ Լրագրողական խումբն այցելեց Հոլոքոստի «Յադ վա Շեմ» թանգարան, Քնեսեթ, հանդիպեց քաղաքական գործիչների, դիվանագետների, գիտական շրջանակների հետ[70]։ Առաջին անգամ լրագրողական պատվիրակությունում ընգրկվել էին ներկայացուցիչներ Սաուդյան Արաբիայից ու Իրաքից։

2019-ի սեպտեմբերին Իսրայելի ԱԳՆ-ն առաջին անգամ թվիթերյան էջում արաբերեն շնորհավորեց Սաուդյան Արաբիային՝ 1932-ին Արաբական թերակղզու Նեջդ և Հիջազ շրջանների միավորման ազգային տոնի առթիվ։ «Շնորհավորում ենք սաուդցի ժողովրդին թագավորության ազգային տոնի առթիվ։ Թող այս տոնը կրկին տեղի ունենա ապահով, անվտանգ և խաղաղության մթոնոլորտում, համագործակցության և բարիդրացիական հարաբերություններում։ Խնդրում ենք բարձրյալին, որպեսզի զարգացման,  բարգավաճման և առաջընթացի ապահովմանն ուղղված ձեր ջանքերը հաջողությամբ պսակվեն»,- ասված էր հաղորդագրության մեջ[71],[72]։ 2019-ի հոկտեմբերին ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ռիմա Բինթ Բանդար ալ Սաուդն իր հերթին շնորհավորական ուղերձ հղեց հրեական Ռոշ հա Շանա տոնի առթիվ՝ մաղթելով «երջանիկ և քաղցր նոր տարի»[73]։

2020-ի հունվարին հաղորդվում է, որ Իսրայելի ԱԳՆ-ն պաշտոնապես թույլատրել է երկրի քաղաքացիներին այցելել Սաուդյան Արաբիա։ Ի պատասխան, սակայն, Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսրայելի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել երկիր․ «իրավիճակը կարող է փոխվել այն դեպքում, երբ երկու երկրների միջև ստորագրվի խաղաղության պայմանագիր»[74]։

Մ երձավոր Արևելքում Թեհրանի ազդեցության հակազդման անհրաժեշտությունը մեծացնում է Թել Ավիվ-Էր Ռիադ շահերի համատեղման հնարավորությունը։ Վաշինգտոնի հովանու ներքո Իրանի զսպման քաղաքականությունում Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի ետկուլիսային երկխոսությունn աստիճանաբար դառնում է առավել առարկայական ու հրապարակային։ Չնայած Թեհրանի դեմ պայքարում շահերի համատեղմանը՝ Թել Ավիվն ու Էր Ռիադը շարունակում են պահպանել «զգուշավոր» մրցակցությունը Մերձավոր Արևելքում։  


[1] https://ria.ru/20020227/80201.html

[2] https://www.theguardian.com/world/2007/

[3] https://www.timesofisrael.com/netanyahu

[4] https://ria.ru/20020227/80201.html

[5] http://www.jcpa.org/text/Arab-Peace-Initiative

[6] http://www.jcpa.org/text/Arab-Peace-Initiativ

[7] http://news.bbc.co.uk/2/hi/middle_east/537

[8] https://www.upi.com/Defense-News/2005

[9] https://www.haaretz.com/1.4808822

[10] https://www.jpost.com/Business/Business

[11] https://www.newsru.com/world/07mar2006

[12] https://lenta.ru/news/2011/07/06/billigung/

[13] https://www.spiegel.de/international/germany

[14] https://www.rbc.ru/economics/03/07/2011

[15] https://www.spiegel.de/international/germany

[16] https://www.dw.com/en/germany-extends-ban

[17] https://www.timesofisrael.com/saudi-arabia

[18] https://www.rt.com/news/337831-saudis-buy

[19] https://www.themarker.com/allnews/.premium

[20] http://newsru.co.il/israel/28nov2018/barak301.html

[21] http://newsru.co.il/israel/28nov2018/barak301.html

[22] http://newsru.co.il/israel/28nov2018/barak301.html

[23] https://www.nytimes.com/2015/06/05/world

[24] https://www.nytimes.com/2015/06/05/world

[25] https://jcpa.org/

[26] https://www.haaretz.com/israel-news/.premium

[27] https://tribune.com.pk/story/20844/saudis-to

[28] https://tribune.com.pk/story/20844/saudis-to

[29] https://www.albawaba.com/news/report-

[30] https://www.thetimes.co.uk/article/two-old

[31] https://www.middleeasteye.net/opinion/saudi

[32] https://www.middleeasteye.net/opinion/saudi

[33] https://www.middleeasteye.net/opinion/saudi

[34] http://embassies.mofa.gov.sa/sites/uk/EN

[35] https://www.timesofisrael.com/saudis-pledge

[36] https://www.haaretz.com/israel-news/israel

[37] https://www.reuters.com/article/us-egypt-

[38] https://www.vesty.co.il/articles/0,7340,L-

[39] https://www.alarab.qa/story/1252615/%

[40] http://newsru.co.il/mideast/10sep2017/

[41] http://orientalexpress.info/news/saudprinis

[42] http://newsru.co.il/mideast/22oct2017

[43] https://www.haaretz.com/israel-news

[44] https://www.vesty.co.il/articles/0,7340,L

[45] https://www.haaretz.com/israel-news/

[46] https://www.haaretz.com/israel-news

[47] https://www.timesofisrael.com/air-india

[48] https://www.timesofisrael.com/netanyahu

[49] https://tass.ru/ekonomika/5058724

[50] http://newsru.co.il/mideast/16nov2017

[51] https://detaly.co.il/ministr-kats-dal-intervyu

[52] https://www.timesofisrael.com/egypt-hos

[53] https://www.timesofisrael.com/egypt-hosted

[54] http://newsru.co.il/mideast/10mar2018

[55] http://newsru.co.il/mideast/07mar2018

[56] https://www.whitehouse.gov/briefings-

[57] https://www.golos-ameriki.ru/a/kushner

[58] https://www.mako.co.il/news-military/israe

[59] http://newsru.co.il/mideast/09dec2018

[60] https://www.washingtonpost.com/politics

[61] http://newsru.co.il/mideast/09dec2018

[62] https://www.washingtonpost.com/world

[63] https://www.washingtonpost.com/world

[64] http://www.ng.ru/world/2018-12-19/7_74

[65] https://www.timesofisrael.com/israel-o

[66] https://www.timesofisrael.com/israel-o

[67] https://alqabas.com/630881/

[68] http://newsru.co.il/mideast/30jan2019/qaba

[69] http://newsru.co.il/mideast/05mar2019

[70] http://newsru.co.il/mideast/29dec2019

[71] https://www.timesofisrael.com/israel-congratulates

[72] http://newsru.co.il/mideast/23sep2019/hag

[73] http://newsru.co.il/mideast/02oct2019/

[74] http://newsru.co.il/mideast/27jan2020/